ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«23» հուլիս 2025 թվականի N 80-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել մանկական վերականգնողաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
23.07.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության 2025 թվականի հուլիս «23»-ի թիվ 80-Ն հրամանի |
ՄԱՆԿԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. Ընդհանուր դրույթներ
1. Մանկական վերականգնողաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն մանկական վերականգնողաբանություն մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Մանկական վերականգնողաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն մանկական վերականգնողաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Մանկական վերականգնողաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ
4. Մանկական վերականգնողաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության մանկական վերականգնողաբան.
2) Հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպության մանկական վերականգնողաբան.
3) Վերականգնողական բաժանմունքի կամ ծառայության մանկական վերականգնողաբան.
4) Մանկական վերականգնողաբանական բաժանմունքի վարիչ կամ ծառայության ղեկավար.
5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ
5. Բժշկական գիտելիքներ. մանկական վերականգնողաբանը պետք է ունենա գիտելիքներ և հմտություններ բժշկական հետևյալ ոլորտներում.
1) Անատոմիա և ֆիզիոլոգիա`
ա. կենտրոնական և պերիֆերիկ նյարդային համակարգ.
բ. ոսկրաբանություն և հոդաբանություն.
գ. մկանաբանություն.
դ. քայլքի և հենաշարժողական համակարգի կենսամեխանիկա.
ե. սրտանոթային համակարգ.
զ. շնչառական համակարգ.
2) Էմբրիոլոգիա`
ա. պտղի զարգացման փուլեր.
բ. նորմալ և պաթոլոգիական զարգացումների հիմունքներ.
գ. պաթոֆիզիոլոգիա. տարբեր հիվանդությունների և վնասվածքների ազդեցությունը ֆունկցիայի և շարժունակության վրա.
դ. նյարդաբանություն. ինսուլտի, ողնուղեղի վնասվածքներ, ուղեղի վնասվածքներ և նյարդամկանային խանգարումներ.
ե. օրթոպեդիա. հոդերի շարժման ծավալի խանգարումներ (կոնտրակտուրաներ), կոտրվածքներ և հետվիրահատական ապաքինման փուլեր.
զ. ցավի կառավարում. դեղագիտական բուժում և ոչ դեղորայքային մոտեցումներ.
3) Մանկական հիվանդություններ, տարբեր համախտանիշներ, որոնք հանգեցնում են անձի ֆունկցիոնալության սահմանափակմանը և ենթակա են վերականգնողական բուժման, որն ընդգրկում է.
ա. կենտրոնական նյարդային համակարգի սուր և քրոնիկական հիվանդություններ. մանկական ուղեղային պարալիզ, մենինգիտ, էնցեֆալիտ, էպիլեպսիայից առաջացած բարդություններ, գլխուղեղի տրավմատիկ վնասվածք, գլխուղեղի ուռուցք, ատաքսիա, ցրված սկլերոզ. գլխուղեղի դեգեներատիվ հիվանդություններ, ողնուղեղային ճողվածք (Սպինա Բիֆիդա), ողնուղեղային շոկ, ավտոնոմ դիսռեֆլեքսիա.
բ. պերիֆերիկ նյարդային համակարգի սուր և քրոնիկական հիվանդություններ` սուր և քրոնիկական բորբոքային դեմիելինիզացնող պոլինեյրոպաթիա, ընդհանուր պերոնեալ նյարդի, աքսիլյար և ծղիկային նյարդի վնասում, բազկային և գոտկա-սրբանային հյուսակի վնասում.
գ. ոսկրամկանային համակարգի բնածին արատներ (անոմալիաներ), սուր և քրոնիկական հիվանդություններ` կոնտրակտուրաներ, տրավմատիկ և ոչ տրավմատիկ կոտրվածքներ, անկատար օստեոգենեզ, սարկոպենիա, օստեոարթրոզ, հետերոտոպիկ օսսիֆիկացիա, համակարգային (սիստեմային) հիվանդություններ, կեցվածքի շեղումներ, մեջքի ցավ, բնածին արատներ` ծուռթաթություն, ծուռվզություն, ամպուտացիաներ (բնածին և ձեռքբերովի), հետվիրահատական վիճակներ պահանջող վերականգնողական բուժում.
դ. նյարդամկանային պրոգրեսիվող հիվանդություններ նյարդային ծագմամբ` ամիոտրոֆիկ կողմնային սկլերոզ, սպինալ մկանային ատրոֆիա, ժառանգական հիվանդություն՝ շարժողական նեյրոնների կորուստով, Դյուշենի մկանային դիստրոֆիա, Բեկեռի մկանային դիստրոֆիա, Շարկո–Մարի–Տութ հիվանդություն, Ֆրիդրիխի ատաքսիա.
ե. ռևմատոլոգիական հիվանդություններ` ռևմատոիդ արթրիտ, պոլիմիոզիտ և դերմատոմիոզիտ, բորբոքային միոպաթիաներ.
զ. շնչառական համակարգի հիվանդություններ` ասթմա, բրոնխաթոքային դիսպլազիա, ցիստիկ ֆիբրոզ, թոքային խնդիրներ` կապված նյարդամկանային հիվանդությանների հետ.
է. մաշկային հիվանդություններ. պառկելախոցեր և այլ վերքերի մշակման և բուժման եղանակներ, այրվածքներ.
4) Վարչական և առաջնորդական ունակություններ․
ա. խնամքի համակարգում. երկարաժամկետ վերականգնողական ծրագրերի կառավարում և առողջապահական համակարգերի կառավարում.
բ. փաստաթղթեր և հաշվետվություններ. մանրամասն բժշկական գրառումներ և փաստաթղթավարում: Հիվանդությունների միջազգային դասակարգիչներին համապատասխան ախտորոշումների հստակեցում (ՀՄԴ).
գ. շահերի պաշտպանություն. աջակցել պացիենտներին մատչելի հասանելիություն՝ տարբեր հասարակական տարածքներ մուտք գործելու համար, օժանդակ ծառայությունների և սարքավորումների միջոցով.
5) Հետազոտություններ և շարունակական կրթություն.
ա. ապացույցների վրա հիմնված պրակտիկա՝ հետևել արդիական հետազոտություններին արդյունավետ բուժում իրականացնելու համար.
բ. կլինիկական փորձարկումներ և ուսումնասիրություններ. ներգրավել կամ նպաստել վերականգնողական մեթոդների կամ տեխնոլոգիաների ուսումնասիրություններին.
6) Կլինիկական և ախտորոշիչ հմտություններ․
ա. պացիենտի գործառույթների գնահատում, հաշմանդամության և ֆիզիկական սահմանափակումները գնահատելու ունակություն, ախտորոշում.
բ. ԷՆՄԳ (էլեկտրոնեյրոմիոգրաֆիա և նյարդային հաղորդման ուսումնասիրություններ). նյարդային և մկանային խանգարումների վերլուծություն, բուժում.
գ. պատկերների մեկնաբանություն. ռենտգեն, մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ), համակարգչային շերտագրություն (ՀՇ), սկանավորումների ուլտրաձայնային հետազոտության հիմնական գիտելիքներ, արդյունքների վերլուծություն.
դ. լաբորատոր հետազոտություններ. հետազոտության արդյունքների վերլուծություն և գնահատում` բուժումը կազմակերպելու կամ ճիշտ նեղ մասնագիտական ուղղորդում իրականացնելու համար.
ե. ֆունկցիոնալ գնահատում. հիվանդության կամ վիճակի վերլուծություն՝ ըստ հիվանդի ամենօրյա գործունեություն կատարելու ունակության.
7) Բուժման և կառավարման հմտություններ.
ա. վերականգնողական աշխատանքների պլանավորում. անհատական վերականգնողական ծրագրերի մշակում: Պացիենտների և հիվանդությունների վարման տարբերակված պլանի կազմում համաձայն ընդունված ընթացակարգերի ու գործելակարգերի:
բ. թերապևտիկ մեթոդներ. Ֆիզիոթերապիա (կինեզիոթերապիա), էրգոթերապիա, խոսքի արտաբերման և ընկալման, կլման ակտի վերականգնման թերապիաների տիրապետում, ինչպես նաև տարբեր ֆիզիկական գործոններ (ուլտրաձայն, էլեկտրաթերապիա, ջերմաթերապիա և այլն) կիրառության ու նշանակման հմտություններ.
գ. պրոթեզավորում և օրթեզավորում. աջակցող սարքերի տեսակների տարանջատում, ճիշտ նշանակում, հարմարեցում և ֆունկցիոնալ օգտագործման իմացություն.
դ. դեղամիջոցներ. սպաստիկության, նեյրոպաթիկ ցավի, հակաբորբոքային և այլ դեղերի նշանակում.
8) Հաղորդակցման և միջանձնային շփման հմտություններ
ա. պացիենտի և ընտանիքի ուսուցում. հիվանդի և ընտանիքի հետ հստակ աշխատանք՝ խնամքի առանձնահատկությունների և բուժման ծրագրերի ներկայացում.
բ. թիմային համագործակցություն. սերտ աշխատանք ֆիզիկական թերապիստների, էրգոթերապիստների, լոգոպեդների, հոգեբանների, սոցիալական աշխատողների և այլ բժիշկների հետ.
գ. կարեկցանք և հոգատարություն. աջակցել հիվանդներին երկարաժամկետ վերականգնման ընթացքում և հուզական մարտահրավերները հեշտ հաղթահարման հարցում.
9) Մանկական վերականգնողաբանը պետք է տիրապետի մանկական հիվանդությունների, զարգացման արատների և տարբեր հիվանդագին վիճակների ախտորոշմանը, վերականգնողական բուժման կազմակերպմանը, բարդությունների կանխարգելմանը և առողջության վերականգնմանը, վերականգնողական բուժման պլանավորմանը, երկրորդային բարդությունների կանխարգելմանը, առողջության վերականգնմանը.
10) Մանկական վերականգնողաբանը նաև որպես ֆիզիկական բժշկության և վերականգնողական մասնագետ (PM&R) պետք է ունենա հմտությունների և գիտելիքների լայն շրջանակ՝ ֆիզիկական արատներով, զարգացման հապաղումներով կամ հաշմանդամություն ունեցող հիվանդներին արդյունավետ ախտորոշման, կառավարման և բուման համար.
6. Բժշկական hատուկ գիտելիքներ. մանկական վերականգնողաբանը պետք է.
1) Իրականացնի երեխայի զարգացման ոլորտների (շարժողական, խոսք (լեզու), սոցիալ-էմոցիոնալ, իմացական) գնահատում, հապաղումների վաղ հայտնաբերում, ախտորոշում, վերականգնողական բուժման պլանավորում, բարդությունների կանխարգելում, առողջության վերականգնում և պարբերաբար վերագնահատում.
2) Տիրապետի երեխայի տարիքային զարգացման առանձնահատկություններին.
ա. մկանային սպաստիկության կառավարման եղանակներին` բոտոքսի և ֆենոլի կիրառմանը.
բ. Իմանա ֆունկցիոնալության միջազգային դասակարգումը (ՖՄԴ)՝ անցում առողջական մոդելից կենսաբանա-հոգեբանա-սոցիալական մոդելի ճանաչման և գնահատման համակարգին:
4. Այլ հմտություններ
7. Մանկական վերականգնողաբանը պետք է ունենա.
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. Ընդհանուր ունակություններ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն․ մանկական վերականգնողաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. մանկական վերականգնողաբանը պետք է կարողանա.
1) տիրապետել տեղակատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն
10. Մանկական վերականգնողաբանը պետք է.
1) իրականացնի թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցի ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ Մանկական վերականգնողաբանի իրավունքները և պարտականությունները
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են մանկական վերականգնողաբանի վրա։
8. Կոմպետենտությունների մակարդակները` մանկական վերականգնողաբանություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում
12․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):
|
Աղյուսակ |
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|