ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՇԿԱՍԵՌԱՎԱՐԱԿԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 81-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
24.07.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
24.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«24» հուլիս 2025 թ.

N 81-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՇԿԱՍԵՌԱՎԱՐԱԿԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել մաշկասեռավարակաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

24.07.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիս «24»-ի 

թիվ 81-Ն հրամանի

 

ՄԱՇԿԱՍԵՌԱՎԱՐԱԿԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Մաշկասեռավարակաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն մաշկաբանության և սեռավարակաբանության մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Մաշկասեռավարակաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն մաշկաբանություն և սեռավարակաբանության մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։

3. Մաշկասեռավարակաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

4. Մաշկասեռավարակաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մաշկասեռավարակաբան.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության մաշկասեռավարակաբան.

3) Մաշկասեռավարակաբանական բաժանմունքի վարիչ.

4) Մաշկաբանական և սեռավարակաբանական ազգային կենտրոնի մասնագետ.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3. ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ, ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

5. Բժշկական գիտելիքներ.

1) Մաշկասեռավարակաբանը պետք է ունենա գիտելիքներ`

ա. մաշկի, մազերի և եղունգների կառուցվածքի և ֆիզիոլոգիայի մասին.

բ. մաշկի իմունոլոգիական համակարգի մասին.

գ. մաշկի միկրոբիոմի մասին.

դ. մաշկի նյարդային և անոթային համակարգերի մասին.

ե. մաշկի ախտաբանական պրոցեսների զարգացման մեխանիզմների մասին.

զ. մաշկի ռեգեներացիայի և վերականգնման մեխանիզմների մասին.

է. մաշկի տարիքային փոփոխությունների մասին.

2) Մաշկասեռավարակաբանը պետք է կարողանա ախտորոշել և անհրաժեշտ բուժում նշանակել հետևյալ հիվանդությունների ժամանակ.

ա. ինֆեկցիոն դերմատոզներ. մանրէային՝ ստաֆիլոդերմիաներ և ստրեպտոդերմիաներ, մաշկի տուբերկուլոզ, իմպետիգո, ֆոլիկուլիտ, հիդրադենիտ, էրիզիպելոիդ. վիրուսային` հասարակ հերպես, գոտևորող որքին, պապիլոմավիրուսային վարակ, կարմրախտ, հպավարակիչ մոլյուսկ, հասարակ գորտնուկներ՝ թելանման, հարեղնգային, ներբանային, տափակ պատանեկան, անոգենիտալ գորտնուկներ, Բուշկե-Լևենշտեյնի հսկա կոնդիլոմաներ, օջախային էպիթելային դիսպլազիա, գորտնուկային էպիդերմոդիսպլազիա. սնկային` դերմատոֆիտիաներ, կանդիդոզ, մալասեզիոզ, տարբեր տեսակի մաշկի միկոզներ, օնիխոմիկոզներ. մակաբուծային` քոս, դեմոդեկոզ, պեդիկուլոզ, լեյշմանիոզ.

բ. ալերգիկ և իմունային դերմատոզներ. Էկզեմա, ատոպիկ մաշկաբորբ, կոնտակտային մաշկաբորբ, դեղորայքային ալերգիա, եղնջացան, անգիոնևրոտիկ այտուց, տոքսիկոդերմիա, սերումային հիվանդություն.

գ. աուտոիմուն հիվանդություններ. համակարգային կարմիր գայլախտ, սկլերոդերմիա, դերմատոմիոզիտ, բշտախտ (Պեմֆիգուս), Պեմֆիգոիդ, կարմիր տափակ որքին, շերտավոր գայլախտ, մաշկային վասկուլիտներ.

դ. մաշկի ուռուցքներ. բարորակ նորագոյացություններ` պապիլոմաներ, ֆիբրոմաներ, լիպոմաներ, հեմանգիոմաներ, դերմատոֆիբրոմաներ. չարորակ նորագոյացություններ` բազալ բջջային կարցինոմա, սքուամոզ բջջային կարցինոմա, մելանոմա, Կապոշիի սարկոմա, մաշկի լիմֆոմաներ. նախաուռուցքային վիճակներ` ակտինիկ կերատոզներ, Բոուենի հիվանդություն, լեյկոպլակիա, Էրիթրոպլազիա.

ե. ճարպագեղձերի հիվանդություններ. ակնե, ռոզացեա, սեբորեային մաշկաբորբ, պերիօրալ մաշկաբորբ, հիդրադենիտ.

զ. մազերի հիվանդություններ. անդրոգենային ալոպեցիա, բծային ալոպեցիա, սպիական ալոպեցիա, հիրսուտիզմ, մազերի կառուցվածքային անոմալիաներ, տելոգեն էֆլյուվիում, անագեն էֆլյուվիում.

է. եղունգների հիվանդություններ. օնիխոմիկոզներ, եղունգների դիստրոֆիաներ, եղունգների բորբոքային հիվանդություններ, պարոնիխիա, օնիխոլիզիս, օնիխոգրիֆոզ.

ը. հանգուցիկային հիվանդություններ. պսորիազ, կարմիր տափակ որքին, պարապսորիազներ, պիտիրիազ ռոզեա, լիխեն սկլերոզուս.

թ. պիգմենտային խանգարումներ. վիտիլիգո, մելազմա, հիպերպիգմենտացիա, հիպոպիգմենտացիա, խալեր, էֆելիդներ (պեպեններ), լենտիգո.

ժ. կոլագենոզներ և շարակցական հյուսվածքի հիվանդություններ. շերտավոր գայլախտ, մաշկային միոզիտ, վասկուլիտներ, պանիկուլիտ, մորֆեա, սահմանափակ սկլերոդերմիա.

ժա. գենոդերմատոզներ. իխթիոզ, էպիդերմոլիզիս բուլյոզա, նեյրոֆիբրոմատոզ, քսերոդերմա պիգմենտոզում, Էկտոդերմալ դիսպլազիա.

ժբ. հիդրոզի խանգարումներ. հիպերհիդրոզ, հիպոհիդրոզ, բրոմհիդրոզ, քրոմհիդրոզ.

ժգ. լորձաթաղանթների հիվանդություններ. բերանի խոռոչի կանդիդոզ, ստոմատիտներ, խեյլիտներ, գլոսիտներ, լեյկոպլակիա, աֆթոզ ստոմատիտ.

ժդ. մանկական մաշկային հիվանդություններ. ատոպիկ մաշկաբորբ, սեբորեային մաշկաբորբ, պելենկային մաշկաբորբ, իմպետիգո, մոլյուսկ կոնտագիոզում.

ժե. ֆոտոդերմատոզներ. ֆոտոդերմատիտ, արևային եղնջացան, պորֆիրիա, քսերոդերմա պիգմենտոզում, ֆոտոալերգիկ ռեակցիաներ.

ժզ. հատուկ լոկալիզացիայի դերմատոզներ. սեռական օրգանների դերմատոզներ, ափերի և ներբանների հիվանդություններ, դեմքի դերմատոզներ, գլխամաշկի հիվանդություններ.

ժէ. մաշկի մետաբոլիկ խանգարումներ. ամիլոիդոզ, քսանթոմատոզ, լիպոիդոզներ, մուցինոզներ.

ժը. հետվնասվածքային և հետվիրահատական վիճակներ. հիպերտրոֆիկ սպիներ, կելոիդներ, խոցեր, ֆիստուլաներ, մաշկի ատրոֆիա.

ժթ. քրոնիկական խոցեր և վերքեր. շաքարային դիաբետի խոցեր, երակային խոցեր, պառկելախոցեր, տրոֆիկ խոցեր, գանգրենա.

ի. էկզանթեմաներ. վիրուսային էկզանթեմաներ, դեղորայքային էկզանթեմաներ, տոքսիկ էկզանթեմաներ, մանկական էկզանթեմատոզ հիվանդություններ.

իա. մասնագիտական մաշկային հիվանդություններ. մասնագիտական դերմատիտներ, քիմիական այրվածքներ, մասնագիտական էկզեմաներ, ճառագայթային դերմատիտներ.

իբ. ներքին օրգանների հիվանդությունների մաշկային դրսևորումներ. Էնդոկրին հիվանդությունների մաշկային նշաններ, լյարդային հիվանդությունների մաշկային դրսևորումներ, երիկամային հիվանդությունների մաշկային նշաններ, ստամոքս-աղիքային հիվանդությունների մաշկային դրսևորումներ, արյունաբանական հիվանդությունների մաշկային նշաններ.

իգ. կոսմետիկ խնդիրներ. մաշկի ծերացման նշաններ, սպիական փոփոխություններ, ստրիաներ, տելեանգիէկտազիաներ, կոսմետիկ դեֆեկտներ.

3) Մաշկասեռավարակաբանը պետք է գիտելիքներ ունենա հետևյալ սեռավարակների վերաբերյալ`

ա. սիֆիլիս՝ առաջնային սիֆիլիս, երկրորդային սիֆիլիս, բնածին սիֆիլիս, նեյրոսիֆիլիս, վիսցերալ սիֆիլիս, լատենտ սիֆիլիս.

բ. գոնոկոկային վարակ՝ սուր գոնորեա, քրոնիկական գոնորեա, բարդացած ձևեր, էքստրագենիտալ ձևեր.

գ. վիրուսային սեռավարակներ՝ գենիտալ հերպես, սրածայր կոնդիլոմաներ, մոլյուսկ կոնտագիոզում.

դ. խլամիդիոզ՝ ուրոգենիտալ խլամիդիոզ, էքստրագենիտալ ձևեր, խլամիդիային արթրիտ, ռեյտերի հիվանդություն.

ե. այլ սեռավարակներ՝ տրիխոմոնիազ, միկոպլազմոզ, ուրեապլազմոզ, գարդներելոզ, բակտերիալ վագինոզ.

զ. ՄԻԱՎ վարակ՝ ՄԻԱՎ-ի մաշկային դրսևորումներ, ՄԻԱՎ-ասոցացված ուռուցքներ, օպորտունիստական վարակներ.

է. հազվադեպ հանդիպող սեռավարակներ՝ փափուկ շանկր, վեներական լիմֆոգրանուլեմատոզ, դոնովանոզ.

6. Բժշկական հատուկ գիտելիքներ. մաշկասեռավարակաբանը պետք է`

1) Տիրապետի որակի կառավարման համակարգի ներդրման հիմունքներին.

2) Իմանա որակի կառավարման միջազգային չափորոշիչները.

3) Կիրառի որակի հսկման մեթոդներ.

4) Մշակի և ներդնի որակի բարելավման ծրագրեր.

5) Իրականացնի որակի ցուցանիշների մոնիտորինգ.

6) Տիրապետի հետևյալ փաստաթղթերի վարման կանոններին.

ա. բժշկական քարտեր և պատմագրեր.

բ. ամբուլատոր քարտեր.

գ. հաշվետվություններ և վիճակագրական ձևեր.

դ. ուղեգրեր և եզրակացություններ.

ե. աշխատանքային ընթացակարգեր.

զ. բուժման սխեմաներ և ալգորիթմներ.

է. դեղորայքի հաշվառման փաստաթղթեր.

ը. լաբորատոր հետազոտությունների արձանագրություններ.

7) Իմանա սանիտարահամաճարակային անվտանգության կաննոները, այդ թվում.

ա. տիրապետի վարակիչ հիվանդությունների կանխարգելման սկզբունքներին.

բ. իմանա ախտահանման և մանրէազերծման կանոնները.

գ. կիրառի անձնական պաշտպանության միջոցներ.

դ. տիրապետի բժշկական թափոնների կառավարման կանոններին.

ե. իրականացնել հակահամաճարակային միջոցառումներ.

8) Տիրապետի սարքավորումների շահագործման կանոններին, այդ թվում.

ա. իմանա սարքավորումների տեխնիկական անվտանգության կանոնները.

բ. կատարի սարքավորումների ամենօրյա խնամք.

գ. իրականացնի սարքավորումների պարբերական ստուգումներ.

դ.ուղղ. վարի սարքավորումների տեխնիկական փաստաթղթերը.

9) Իրականացնի հետազոտական գործունեություն` կիրառելով ապացուցողական բժշկության սկզբունքները.

10) Իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և առողջապահության ոլորտի օրենսդրությունը.

11) Տիրապետի արտակարգ իրավիճակներում գործելու հմտություններին, այդ թվում.

ա. տիրապետի առաջին բուժօգնության սկզբունքներին.

բ. իմանա արտակարգ իրավիճակներում գործելու ալգորիթմները

գ. կարողանա կազմակերպել բժշկական օգնություն արտակարգ պայմաններում.

դ. տիրապետի աղետների բժշկության հիմունքներին.

ե. իմանա էվակուացիայի կանոնները:

 

4. ԱՅԼ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

7. Մաշկասեռավարակաբանը պետք է ունենա.

1) Հաղորդակցման հմտություններ.

2) Վեճերի լուծման հմտություններ.

3) Բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների իմացություն. մաշկասեռավարակաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. մաշկասեռավարակաբանը պետք է կարողանա.

1) Տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) Պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) Իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) Կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) Տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) Աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. ՄԻՋԴԻՍՑԻՊԼԻՆԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ, ԹԻՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ

 

10. Մաշկասեռավարակաբանը պետք է կարողանա.

1) Իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.

2) Համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ ՄԱՇԿԱՍԵՌԱՎԱՐԱԿԱԲԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են մաշկասեռավարակաբանի վրա։

 

8. ԿՈՄՊԵՏԵՆՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԵՌԱՎԱՐԱԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՀԵՏԲՈՒՀԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ (ԿԼԻՆԻԿԱԿԱՆ ՕՐԴԻՆԱՏՈՒՐԱ, ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ) ԸՆԹԱՑՔՈՒՄ

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից նաև, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական
միջամտություն

Կոմպետենտության
աստիճան

Կոմպետենտության մակարդակ

1․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք
 կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական: