ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2842-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2025

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2842-Ա

«17» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Հովիկ Մամիկոնյանի լիազորված անձ Հրայր Դավթյանի 2025 թվականի հունիսի 16-ի թիվ Դ-63849-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:

2025 թվականի հունիսի 16-ի թիվ Դ-63849-25 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 3-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Հովիկ Մամիկոնյանի լիազորված անձ Հրայր Դավթյանը:

Ուսումնասիրելով Հովիկ Մամիկոնյանի լիազորված անձ Հրայր Դավթյանի 2025 թվականի հունիսի 16-ի թիվ Դ-63849-25 դիմումը, գնահատելով նշված դիմումին, ինչպես նաև 2025 թվականի մայիսի 27-ի թիվ Դ-56587-25 դիմումի կից ներկայացված, լսումների ընթացքում տրամադրված ու վարչարարության շրջանակներում ստացված ապացույցները, վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ 2025 թվականի հուլիսի 3-ի արձանագրությունն ու գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի հունիսի 16-ի թիվ Դ-63849-25 դիմումով և լսումների ընթացքում ներկայացված դիրքորոշմամբ՝ Հովիկ Մամիկոնյանի լիազորված անձ Հրայր Դավթյանը խնդրել է փոխհատուցել 2025 թվականի ապրիլի 26-ին Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 2 հասցեի տարածքում կայանված՝ Հովիկ Մամիկոնյանի սեփականությունը հանդիսացող «Nissan Leaf» մակնիշի «84 HH 848» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 2025 թվականի հուլիսի 3-ի թիվ 11042510 ապրանքագիտական եզրակացությամբ գնահատված վնասը, ինչպես նաև փորձաքննությունների նպատակով կատարված ծախսերը:

2022 թվականի հունվարի 11-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ XJ548047 վկայագրի համաձայն՝ «Nissan Leaf» մակնիշի «84 HH 848» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Հովիկ Մամիկոնյանի սեփականությունը:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հունիսի 27-ին տրված թիվ 25-2360 հետքաբանական եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննության տրամադրված «Nissan Leaf» մակնիշի «84 HH 848» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք առաջացել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ Ե.Նիկոյանի կողմից տրամադրված նյութերում ամրագրված պատահարի հետևանքով, համապատասխան կառուցվածքներ ու արտացցված եզրեր ունեցող կոշտ առարկաների հետ, որպիսիք հանդիսանում են դեպքի վայրի լուսանկարներում պատկերված, կոտրված ծառի ճյուղերը, անմիջական, վերևից ներքև ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցությունների արդյունքում: Ընդ որում՝ փոխազդեցությունները տեղ են գտել ավտոմեքենան անշարժ վիճակում գտնվելու պայմաններում՝ նշված ծառի ճյուղը չորացած ու քայքայված լինելու պատճառով կոտրվելու և անշարժ վիճակում գտնվող ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում: Փորձագետը նաև նշել է, որ «Nissan Leaf» մակնիշի «84 HH 848» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի առջևի թափարգելի ձախ անկյունում, ձախ կողմի դռների վրա, աջ կողմի դռների ու հետևի աջ անվաթևի վրա, ինչպես նաև դիմապակու վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ, որոնք չէին կարող առաջանալ տվյալ պատահարի արդյունքում:

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետը 2025 թվականի հուլիսի 3-ին տրված թիվ 11042510 ապրանքագիտական եզրակացությամբ հետազոտման է ենթարկել «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունիսի 27-ի թիվ 25-2360 հետքաբանական եզրակացությամբ արձանագրված՝ «Nissan Leaf» մակնիշի «84 HH 848» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու հետևանքները և գնահատել է դրա արդյունքում պատճառված նյութական (գույքային) վնասի չափը, որը փորձաքննության կատարման ժամանակահատվածի դրությամբ կազմում է 215. 000 (երկու հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամ:

2025 թվականի հուլիսի 3-ին տրված թիվ A 5400606087 հարկային հաշվի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը Հրայր Դավթյանի կողմից վճարվել է 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ 11042510 եզրակացության տրամադրման վճար:

«Ակբա բանկ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով կատարված գործարքի վերաբերյալ 2025 թվականի հունիսի 28-ին տրված վճարման հանձնարարագրի համաձայն՝ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 50,000 (հիսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ԱՓ/58-25 պայմանագրով նախատեսված փորձաքննության վճար:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին հասցեագրված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի թիվ Ն/37486-25 գրությամբ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունիսի 27-ի թիվ 25-2360 հետքաբանական եզրակացության վերաբերյալ հայցվել է կարծիք, իսկ անհամաձայնության դեպքում՝ հայցվել է տրամադրել փորձագետի՝ ծառի ճյուղը չորացած ու քայքայված լինելու պատճառով կոտրվելու և անշարժ վիճակում գտնվող ավտոմեքենայի վրա ընկնելու վերաբերյալ հետևությունը հերքող՝ փաստարկված և պատճառաբանված եզրակացություն:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենը 2025 թվականի հուլիսի 4-ի թիվ Ն/37486-25 գրությամբ հայտնել է, որ կազմակերպության աշխատակիցները Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցի թիվ 2 հասցեում կենսունակ թեղու՝ կոտրված կենսունակ ճյուղը մասնատել և դուրս են բերել տարածքից, որի ընթացքում տարածքում որևէ վնասված մեքենա չի եղել: Նույն գրությամբ նաև նշվել է, որ կազմակերպությունը չի ընդունում փորձագետի այն եզրակացությունը, որ տարերային աղետի՝ ծառի ճյուղի կոտրվելու հիմնական պատճառը հանդիսանում է ծառի բնի չորացած և քայքայված լինելը, քանի որ կազմակերպության աշխատակիցները նշված վայրում մասնատել և տարածքից դուրս են բերել բացառապես կենսունակ ցողուն և ճյուղեր:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնի պետին ուղղված 2025 թվականի մայիսի 1-ի զեկուցագրի համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 26-ին ստացվել է հաղորդում այն մասին, որ «Nissan Leaf» մակնիշի «84 HH 848» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում ծառ է ընկնել, ինչին տրվել է ընթացք, այն է՝ ոստիկանության աշխատակիցը մեկնել է նշված հասցե և պատահարի կապակցությամբ կազմել է արձանագրություն և լուսանկարչական հավելված:

Ինչ վերաբերում է «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունիսի 27-ի թիվ 25-2360 հետքաբանական եզրակացության մեջ նշված՝ ծառի ճյուղը չորացած ու քայքայված լինելու մասին փորձագետի հետևությանը, ապա քննվող վարույթի շրջանակներում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից չեն ներկայացվել նշված հետևությունը հերքող, նշված փորձագիտական եզրակացության արժանահավատությունը կասկածի տակ դնող և փորձագիտական եզրակացությանը համարժեք ապացուցողական նշանակություն ունեցող գրավոր ապացույցներ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2025 թվականի հունիսի 16-ի թիվ Դ-63849-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Հովիկ Մամիկոնյանի սեփականությունը հանդիսացող «Nissan Leaf» մակնիշի «84 HH 848» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

 Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնում 2025 թվականի ապրիլի 26-ին ստացված թիվ 3579 ահազանգով կազմված նյութերը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հուլիսի 4-ի թիվ Ն/37486-25 գրությունը, «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հունիսի 27-ի թիվ 25-2360 հետքաբանական եզրակացությունը, «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 2025 թվականի հուլիսի 3-ի թիվ 11042510 ապրանքագիտական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Հովիկ Մամիկոնյանի լիազորված անձ՝ Հրայր Դավթյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի հունիսի 16-ի թիվ Դ-63849-25 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին.

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության փորձագետի 2025 թվականի հուլիսի 3-ի թիվ 11042510 ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Nissan Leaf» մակնիշի «84 HH 848» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 215.000 (երկու հարյուր տասնհինգ հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 100,000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախսեր, փոխհատուցել Հովիկ Մամիկոնյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան