ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2841-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2841-Ա

«17» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Տիգրան Եսայանի 2025 թվականի հունիսի 27-ի թիվ Դ-69331-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Տիգրան Եսայանի 2025 թվականի հունիսի 27-ի թիվ Դ-69331-25 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ու վարչարարության շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի հունիսի 27-ի թիվ Դ-69331-25 դիմումով Տիգրան Եսայանը խնդրել է փոխհատուցել 2025 թվականի մայիսի 11-ին ժամը 16:40-ի սահմաններում Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 35 շենքի բակում կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Mazda CX-5» մակնիշի «10 CX 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած՝ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 25-2300 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությամբ գնահատված վնասը:

2022 թվականի ապրիլի 22-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YB486005 վկայագրի համաձայն՝ «Mazda CX-5» մակնիշի «10 CX 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Տիգրան Եսայանի սեփականությունը:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հունիսի 26-ին տրված թիվ 25-2300 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննության տրամադրված «Mazda CX-5» մակնիշի «10 CX 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք առաջացել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի պետ Ե.Նիկոյանի կողմից տրամադրված նյութերում ամրագրված պատահարի հետևանքով, համապատասխան կառուցվածքներ ու արտացցված եզրեր ունեցող կոշտ առարկաների հետ, որպիսիք հանդիսանում են դեպքի վայրի լուսանկարներում պատկերված, կոտրված ծառի ճյուղերը, անմիջական, վերևից ներքև ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցությունների արդյունքում: Ընդ որում՝ փոխազդեցությունները տեղ են գտել ավտոմեքենան անշարժ վիճակում գտնվելու պայմաններում՝ նշված ծառի բունը չորացած ու քայքայված լինելու պատճառով կոտրվելու և անշարժ վիճակում գտնվող ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 25-2300 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Mazda CX-5» մակնիշի «10 CX 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 255.000 (երկու հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամ:

«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցով կատարված «Փոխանցում հաշվին N 000021» գործարքի արդյունքում 2025 թվականի հունիսի 27-ին Տիգրան Եսայանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ԱՓ/56-25 պայմանագրով նախատեսված փորձաքննությունների վճար:

«Բիբլոս Բանկ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության միջոցով կատարված «Փոխանցում հաշվին N 000012» գործարքի արդյունքում 2025 թվականի մայիսի 20-ին Տիգրան Եսայանի կողմից «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության բանկային հաշվին փոխանցվել է 8,340 (ութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ՝ որպես հիդրոօդերևութաբանական տվյալների տրամադրման դիմաց վճար:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին հասցեագրված՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի թիվ Ն/35972-25 գրությամբ «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունիսի 26-ին տրված թիվ 25-2300 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության վերաբերյալ հայցվել է կարծիք, իսկ անհամաձայնության դեպքում՝ հայցվել է տրամադրել փորձագետի՝ ծառի բունը չորացած ու քայքայված լինելու մասին հետևությունը հերքող՝ փաստարկված և պատճառաբանված եզրակացություն:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենը 2025 թվականի հուլիսի 4-ի թիվ Ն/35972-25 գրությամբ հայտնել է, որ կազմակերպության աշխատակիցները Կենտրոն վարչական շրջանի Սարյան փողոցի թիվ 35 հասցեում կենսունակ թեղու՝ կոտրված կենսունակ ճյուղը մասնատել և դուրս են բերել տարածքից, որի ընթացքում տարածքում որևէ վնասված մեքենա չի եղել: Նույն գրությամբ նաև նշվել է, որ կազմակերպությունը չի ընդունում այն եզրակացությունը, որ տարերային աղետի՝ ծառի ճյուղը կոտրվելու հիմնական պատճառը հանդիսանում է ծառի բնի չորացած և քայքայված լինելը:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի 2025 թվականի մայիսի 30-ի թիվ 44/95/5/140673-25 գրությամբ տեղեկացվել է, Երևան քաղաքի Սարյան փողոցի թիվ 35 հասցեի մոտակայքում ծառը կոտրվելու և կայանված ավտոմեքենաների վրա ընկնելու վերաբերյալ 2025 թվականի մայիսի 11-ին գրանցված ահազանգի սպասարկման արդյունքում պարզվել է, որ ծառը կոտրվել և ընկել է «Mazda» մակնիշի «10 CX 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի կողային հատվածի վրա և «Nissan Juke 1.6 T» մակնիշի «71 TA 171» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի տանիքին:

Ինչ վերաբերում է «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 25-2300 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության մեջ նշված՝ ծառի բունը չորացած ու քայքայված լինելու մասին փորձագետի հետևությանը, ապա քննվող վարույթի շրջանակներում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից չեն ներկայացվել նշված հետևությունը հերքող, նշված փորձագիտական եզրակացության արժանահավատությունը կասկածի տակ դնող և փորձագիտական եզրակացությանը համարժեք ապացուցողական նշանակություն ունեցող գրավոր ապացույցներ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2025 թվականի հունիսի 27-ի թիվ Դ-69331-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Տիգրան Եսայանի սեփականությունը հանդիսացող «Mazda CX-5» մակնիշի «10 CX 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի պարտականությունները ժամանակավոր կատարողի 2025 թվականի մայիսի 30-ի թիվ 44/95/5/140673-25 գրությունը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի հուլիսի 4-ի թիվ Ն/35972-25 գրությունը, «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 25-2300 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Տիգրան Եսայանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի հունիսի 27-ի թիվ Դ-69331-25 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին`

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունիսի 26-ի թիվ 25-2300 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Mazda CX-5» մակնիշի «10 CX 077» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 255.000 (երկու հարյուր հիսունհինգ հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ և 8,340 (ութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ գումարներ, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախսեր, փոխհատուցել Տիգրան Եսայանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան