ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2840-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 22.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2840-Ա

«17» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արուսյակ Եսայանի 2025 թվականի հուլիսի 3-ի թիվ Դ-71475-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Արուսյակ Եսայանի 2025 թվականի հուլիսի 3-ի թիվ Դ-71475-25 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ու վարչարարության շրջանակներում ստացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող բոլոր փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի հունիսի 3-ի թիվ Դ-71475-25 դիմումով Արուսյակ Եսայանը խնդրել է փոխհատուցել 2025 թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքի Տերյան փողոցի թիվ 54 հասցեի դիմաց կայանված՝ իր սեփականությունը հանդիսացող «Nissan Sentra 1.8» մակնիշի «66 AK 696» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած՝ «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ ՎՊ-25-207-ԱՊ ապրանքագիտական եզրակացությամբ գնահատված վնասը:

2023 թվականի մայիսի 29-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ YE248530 վկայագրի համաձայն՝ «Nissan Sentra 1.8» մակնիշի «66 AK 696» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Արուսյակ Եսայանի սեփականությունը:

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հունիսի 30-ին տրված թիվ ՎՊ-25-206-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) եզրակացության համաձայն՝ «Nissan Sentra 1.8» մակնիշի «66 AK 696» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նույն եզրակացության մեջ նկարագրված հետքերն ու վնասվածքներն իրենց բնույթով, տեղակայումներով, առաջացման ուղղվածություններով և հատկանիշներով համապատասխանում են փորձաքննությանը ներկայացված պատահարի վայրի էլեկտրոնային լուսանկարներում առկա՝ նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով առաջացած հետքերին ու վնասվածքներին և այդպիսիք կարող էին առաջանալ «Պատահարի հանգամանքները» բաժնում նշված ժամանակ և հանգամանքներում նշված ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկնելու հետևանքով: Նույն եզրակացությամբ փորձագետը հանգել է այն հետևության, որ տեղի ունեցած պատահարի ու «Nissan Sentra 1.8» մակնիշի «66 AK 696» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի՝ նույն եզրակացությամբ նկարագրված հետքերի և վնասվածքների միջև առկա է պատճառահետևանքային կապ (պատճառը ծառի ճյուղի ընկնել է, հետևանքը՝ դրանից առաջացած հետքերն ու վնասվածքները):

«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հունիսի 30-ին տրված թիվ ՎՊ-25-207-ԱՊ ապրանքագիտական եզրակացության «Հետևություն» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված «Nissan Sentra 1.8» մակնիշի «66 AK 696» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա՝ նկարագրված վնասվածքների հետևանքով պատճառված նյութական վնասի չափը, 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ, կազմել է շուրջ 397.000 (երեք հարյուր իննսունյոթ հազար) ՀՀ դրամ:

2025 թվականի հուլիսի 3-ի թիվ Դ-71475-25 դիմումին կից ներկայացված թիվ 8822271 վճարման անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով 2025 թվականի հունիսի 18-ին Արուսյակ Եսայանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԾՊ/206 պայմանագրով փորձաքննության վճար:

2025 թվականի հուլիսի 3-ի թիվ Դ-71475-25 դիմումին կից ներկայացված թիվ 8822358 վճարման անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով 2025 թվականի հունիսի 18-ին Արուսյակ Եսայանի կողմից «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ՓԾՊ/207 պայմանագրով փորձաքննության վճար:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 10-ին ժամը 13:00-ի սահմաններում Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Տերյան փողոցի թիվ 54 հասցեում կենսունակ բարդու չորացած հաստ ճյուղն ընկել է քաղաքացի Արուսյակ Եսայանին պատկանող «Nissan Sentra 1.8» մակնիշի «66 AK 696» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա, որը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից մասնատվել և դուրս է բերվել տարածքից:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2025 թվականի հուլիսի 3-ի թիվ Դ-71475-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Արուսյակ Եսայանի սեփականությունը հանդիսացող «Nissan Sentra 1.8» մակնիշի «66 AK 696» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնի աշխատակցի կողմից 2025 թվականի ապրիլի 10-ին կազմված՝ «Հասցե այցելելու մասին» արձանագրությունը, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից 2025 թվականի մայիսի 20-ին տրամադրված տեղեկատվությունը (հանձնարարական թիվ Դ-51563-25), «Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետների 2025 թվականի հունիսի 30-ի թիվ ՎՊ-25-206-ՀՓ հետքաբանական (տրանսպորտային հետքաբանական) և թիվ ՎՊ-25-207-ԱՊ ապրանքագիտական եզրակացությունները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Արուսյակ Եսայանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի հուլիսի 3-ի թիվ Դ-71475-25 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին`«Վարորդի պաշտպան խորհրդատվական և փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հունիսի 30-ի թիվ ՎՊ-25-207-ԱՊ ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Nissan Sentra 1.8» մակնիշի «66 AK 696» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 397.000 (երեք հարյուր իննսունյոթ հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 160,000 (մեկ հարյուր վաթսուն հազար) ՀՀ դրամ գումարը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Արուսյակ Եսայանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան