ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 171
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.06.1996-մինչ օրս)
Սկզբնաղբյուր
ՀՀԿՈ 1996/6, հունիս 1996
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.06.1996
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթիվ
15.06.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.1996

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

նախագահ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

«15» հունիսի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հունիսի 1996 թ. N 171

Քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան և դրա կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեն կատարման ընդունել եկամուտների գծով` 98091836,0 հազ. դրամ, ծախսերի գծով` 133599836,0 հազ. դրամ` համաձայն NN 1-3 հավելվածների, բյուջեի դեֆիցիտը` 35508000,0 հազ. դրամ:

2. Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեն կատարման ընդունել եկամուտների գծով` 91649841,0 հազ. դրամ, ծախսերի գծով` 127157841,0 հազ. դրամ` համաձայն NN 4-6 հավելվածների, բյուջեի դեֆիցիտը` 35508000,0 հազ. դրամ:

3. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման` Հայաստանի Հանրապետության նախարարությունների, գերատեսչությունների, մարզերի, առանձին ոլորտների և բնագավառների կտրվածքով` համաձայն NN 11-43 հավելվածների:

4. Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորել ներգրավվող ֆինանսական միջոցների հաշվին` համաձայն N 7 հավելվածի:

5. Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեից Հայաստանի Հանրապետության տեղական բյուջեներին տրանսֆերտային վճարումների կարգով հատկացվող սուբսիդիաները բաշխել ըստ մարզերում տեղաբաշխված նախկին վարչական շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների առանձին տեղական բյուջեների` համաձայն N 9 հավելվածի: 

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը`

ա) Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի կատարումը կազմակերպել և իրականացնել «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծախսերի կառուցվածքի համամասնություններին համապատասխան փաստացի ստացված եկամուտների սահմաններում.

բ) Հայաստանի Հանրապետության բոլոր մակարդակների բյուջեների կատարման ընթացքում միջոցներ ձեռնարկել «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «բ» ենթակետով սահմանված (պաշտպանվածության ենթակա) ծախսերի ամբողջական բյուջեով նախատեսված չափերով ֆինանսավորումն ապահովելու համար.

գ) սուբսիդիաների հատկացումները տեղական բյուջեներին կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընթացիկ ժամանակաշրջանի համար սահմանված չափաքանակների սահմաններում: Ընդ որում, մարզերի կտրվածքով տեղական բյուջեների համար սահմանվող ընդհանուր սուբսիդիաների հաշվին առանձին տեղական բյուջեներին հատկացումները կատարել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից ընդունված հաշվարկային եկամուտների նկատմամբ ծախսերի գերազանցում ունեցող բյուջեներին.

դ) տեղական բյուջեներին հանրապետական բյուջեից տրվող սուբսիդիաների ընդհանուր ծավալի հաշվին մարզերում տեղաբաշխված նախկին վարչատարածքային շրջանների ու հանրապետական ենթակայության քաղաքների առանձին տեղական բյուջեներին հատկացումները նախատեսել և կատարել համապատասխան մարզպետների կողմից ներկայացվող հաշվարկների հիման վրա.

ե) սահմանել և հաստատել տեղական բյուջեներին ամրագրված հարկերի, տուրքերի ու պարտադիր վճարների և տեղական բյուջեներ հաշվանցման, ինչպես նաև այդ բյուջեներին հանրապետական բյուջեից նախատեսված սուբսիդիաների հատկացման ընթացակարգերը.

զ) սահմանել մարզերի տարածքներում տեղաբաշխված` «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածին համապատասխան հանրապետական բյուջեով պահվող հիմնարկների և կազմակերպությունների ֆինանսավորման կարգը` համաձայն N 8 հավելվածի.

է) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համատեղ սահմանել և հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության, մասնավորապես, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի գծով, վարկային փոխհարաբերությունների (վարկային գծի) կիրառման կարգը` դրան համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից մինչև 1996 թվականը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման նպատակով տրամադրված վարկերի սպասարկումը.

ը) անհրաժեշտ միջոցառումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի հաշվառումն ու հաշվետվությունը միջազգային ստանդարտներին համապատասխանեցնելու և բյուջեի կատարումը գանձապետության համակարգի միջոցով կազմակերպելու ուղղությամբ.

թ) Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի եկամուտների ամսական (եռամսյակային) կանխատեսումների սահմաններում նախատեսել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր նախարարության, գերատեսչության, մարզի և միջոցառման ֆինանսավորման սահմանաքանակներ` դրանք բաշխելով ծախսերի առանձին հոդվածների միջև:

Աշխատանքներ իրականացնել պետական բյուջեի եկամուտների կատարումն ըստ մարզային կտրվածքի հաշվառելու ուղղությամբ և արդյունքները հաշվի առնել պետական բյուջեի տվյալ մարզին վերաբերող հոդվածի շրջանակներում կատարվող ծախսերի ֆինանսավորման ժամանակ.

ժ) կանխել և թույլ չտալ բյուջետային հիմնարկներում ու կազմակերպություններում համապատասխան ժամանակաշրջանի համար նախատեսված բյուջետային հատկացումների սահմանաքանակի նկատմամբ ընթացիկ պարտքերի (գերածախսի) առաջացում, իսկ պարտքերի առկայության դեպքում դրանք հաշվեգրել առաջիկա ֆինանսավորման դիմաց.

ի) Հայաստանի Հանրապետության նախարարություններից, գերատեսչություններից սահմանված կարգով պահանջել հանրապետական բյուջեից ֆինանսավորվող բյուջետային հիմնարկների ու կազմակերպությունների կողմից բյուջետային հատկացումների իրացման վերաբերյալ ամսական հաշվետվություններ:

Սույն ենթակետում, ինչպես նաև սույն որոշման 7-րդ կետի «բ» ենթակետում նշված հաշվետվությունների կազմման ու ներկայացման սահմանված կարգից շեղումներ թույլ տվողների նկատմամբ կիրառել տնտեսական պատժամիջոց` մինչև պատշաճ ձևով կազմված հաշվետվություն ներկայացնելը դադարեցնել առաջիկա ֆինանսավորման հատկացումները.

լ) պետական պատվեր տեղադրող լիազորված մարմինների 20,0 մլն դրամ (50 հազ. ԱՄՆ-ի դոլարի համարժեքը) գերազանցող ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գնումների գծով բյուջեից հատկացումներն իրականացնել պետական պատվերի շրջանակներում` մրցույթով կատարվող գնումների ֆինանսավորման համար նախատեսված կարգով: Ընդ որում, առանց մրցույթի անցկացման կամ դրա անցկացման համար սահմանված կարգի խախտումներով պատվերների տեղադրում և ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) գնումներ թույլ տված Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների նկատմամբ կիրառել տնտեսական պատժամիջոց` հիշյալ գնումների գծով փաստացի կատարված ծախսերի չափով պակասեցնելով նրանց առաջիկա ամիսների բյուջետային ֆինանսավորումը.

խ) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել 1996 թվականին Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտավորությունների պարտատոմսերի և գանձապետական մուրհակների թողարկման, կազմակերպման ու սպասարկման համար.

ծ) սահմանել և հաստատել տեղական բյուջեների ծախսերի հաշվարկման նորմերն ու նորմատիվները.

կ) Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության և Հայաստանի Հանրապետության մաքսային վարչության հետ համատեղ ապահովել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեով նախատեսված հարկերի և տուրքերի ժամանակին ու ամբողջությամբ բյուջե հավաքագրումը, հատուկ ուշադրություն դարձնել 1995 թվականի հարկերի գծով առաջացած ապառքների գանձման ուղղությամբ օրենսդրական դաշտի բարելավման միջոցառումների իրականացմանը.

հ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի կապիտալ ներդրումների պետական պատվերը հաստատելու մասին» N 30 որոշմանը և կապիտալ ներդրումների պետական պատվերի կազմում փոփոխություններ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության այլ որոշումներին համապատասխան ճշտել Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների գծով սույն որոշման NN 11-43 հավելվածներով սահմանված` Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեից ֆինանսավորվող կապիտալ ներդրումների ծավալները.

ձ) անթույլատրելի համարել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեով նյութական ծախսերի ֆինանսավորման գծով նախատեսված ծավալների գերակատարումը: Հայաստանի Հանրապետության 1996 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հանրապետական բյուջեով այդ ժամանակաշրջանի համար նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալի գերակատարման դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն բյուջեի լրացուցիչ մուտքերի հաշվին բնակչության անապահով խավերի աշխատավարձի և գործող օրենսդրությանը համապատասխան բյուջեից նրանց տրվող այլ վճարումների մակարդակի բարձրացման վերաբերյալ.

ղ) իրականացնել նույն մարզի ներսում առանձին տեղական բյուջեների միջև ֆինանսական միջոցների վերաբաշխում` համաձայն N 10 հավելվածի, անհրաժեշտության դեպքում, ելնելով տեղական բյուջեների կատարման մակարդակից, մարզպետների ներկայացմամբ ճշգրտել սույն որոշմամբ սահմանված վերաբաշխվող գումարների սահմանաչափերը:

7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին`

ա) անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեով սահմանված հարկերն ու պարտադիր վճարումները համակարգի ձեռնարկությունների կողմից ժամանակին և ամբողջությամբ համապատասխան բյուջե վճարման, ինչպես նաև 1995 թվականի հարկային ապառքների վերացման ուղղությամբ.

բ) բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու համար համակարգի բյուջետային հիմնարկների, կազմակերպությունների պետական պատվերի ծախսերի ֆինանսավորման ոլորտում կիրառել մրցութային համակարգը: Ընդ որում, մրցույթի հայտարարումը, վճարումների կարգը, ժամկետները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ` հաշվի առնելով համապատասխան ժամանակաշրջանի համար վերջինիս կողմից սահմանված բյուջետային հատկացումների սահմանաքանակը:

Յուրաքանչյուր ամիս, մինչև հաշվետու ամսվա հաջորդող ամսվա 15-ը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվություն (վերջիններիս կողմից սահմանված ձևով) պետական պատվերի շրջանակներում կատարված գնումների վերաբերյալ.

գ) սույն որոշման ընդունման օրվանից 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացնել հանրապետական բյուջեից ֆինանսավորվող ենթակա հիմնարկների ու կազմակերպությունների գծով բյուջետային ծախսերի նախահաշիվները և համակարգի ձեռնարկությունների եկամուտների ու ծախսերի ամփոփ հաշվեկշիռները (ֆինանսական պլանները), տարեկան և եռամսյակային կտրվածքով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանված ձևերով.

դ) սույն որոշման ընդունման օրվանից 3-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացնել հանրապետական բյուջեից ֆինանսավորվող ենթակա հիմնարկների ու կազմակերպությունների 1995 թվականի արդյունքներով ստացված արտաբյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարված ծախսերի մասին տարեկան հաշվետվություններն ու 1996 թվականի նախահաշիվները` տարեկան և եռամսյակային կտրվածքով` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած ձևերով.

ե) սույն որոշման ընդունման օրվանից 2-շաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել արտասահմանյան վարկերի հաշվին 1996 թվականի ֆինանսավորվող ծրագրերի, այդ վարկերի պայմանների և սպասարկման վերաբերյալ հաշվետվություն.

զ) բյուջետային միջոցների հաշվառումն ու հաշվետվությունը կազմակերպել և վարել ծախսերի տնտեսագիտական դասակարգմանը համապատասխան Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած կարգով.

է) խիստ հսկողություն սահմանել համակարգի բյուջետային հիմնարկների կողմից իրականացվող ծախսերի նկատմամբ, կանխել և թույլ չտալ առանձին ծախսերի գծով հաստատված նորմատիվների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում, իսկ դրա հետևանքով առաջացած պարտքերը հաշվեգրել առաջիկա ֆինանսավորման դիմաց: Վարչական պատասխանատվության ենթարկել հաստատված նորմատիվների նկատմամբ փաստացի ծախսերի գերազանցում թույլ տված հիմնարկների ղեկավարներին:

8. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին` Հայաստանի Հանրապետության կառավարության պետական միջոցների համախմբված բյուջեի և հաշվետվության կազմման համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան ֆոնդերի միջոցների գոյացման ու օգտագործման վերաբերյալ ամսական և տարեկան հաշվետվություններ:

Տարեկան հաշվետվությունները ներկայացնել հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 25-ին, իսկ ամսական հաշվետվությունները` հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ին:

9. Հայաստանի Հանրապետության մարզպետներին, Երևանի քաղաքապետին`

ա) սույն որոշման ընդունման օրվանից սկսած 2-շաբաթյա ժամկետում կազմակերպել մարզի տարածքի նախկին վարչական շրջանների քաղաքների ու գյուղերի, ինչպես նաև հանրապետական ենթակայության քաղաքների 1996 թվականի տեղական բյուջեների կազմումը և ներկայացումը համապատասխան քաղաքային ու գյուղական խորհուրդների հաստատմանը.

բ) մարզի տարածքում տեղաբաշխված նախկին վարչական շրջանների և հանրապետական ենթակայության քաղաքների տեղական բյուջեներին 1996 թվականին հանրապետական բյուջեից հատկացվող սուբսիդիաների ու նույն մարզի ներսում տեղական բյուջեների միջև վերաբաշխվող գումարները նախատեսել N 9 և N 10 հավելվածներով նախատեսված չափերով ու դրանց սահմաններում իրականացնել սահմանազատումը գյուղական և քաղաքային բյուջեների միջև.

գ) սույն որոշման ընդունման օրվանից 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել`

մարզի տարածքում տեղաբաշխված քաղաքների և գյուղերի հաստատված տեղական բյուջեներն ու դրանց ամփոփ բյուջեն` տարեկան և եռամսյակային կտրվածքով.

մարզի տարածքի նախկին վարչական շրջանների (հանրապետական ենթակայության քաղաքների) տարածքում տեղաբաշխված «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածում նշված ոլորտների հիմնարկների ու կազմակերպությունների պահպանման ծախսերի, ինչպես նաև միջոցառումների ամփոփ նախահաշիվները` տարեկան և եռամսյակային կտրվածքով.

մարզի տարածքի նախկին վարչական շրջանների (հանրապետական ենթակայության քաղաքների) տարածքում տեղաբաշխված` «Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19 հոդվածում նշված ոլորտների ենթակա հիմնարկների ու կազմակերպությունների 1995 թվականի արդյունքներով ստացված արտաբյուջետային մուտքերի և դրանց հաշվին կատարված ծախսերի մասին տարեկան հաշվետվություններն ու 1996 թվականի նախահաշիվները` տարեկան և եռամսյակային կտրվածքով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության սահմանած ձևերով.

դ) տեղական բյուջեներին հանրապետական բյուջեից տրվող սուբսիդիաների ընդհանուր ծավալի հաշվին առանձին տեղական բյուջեներին հատկացումների գծով հաշվարկները յուրաքանչյուր եռամսյակի համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակի սկզբից 20 օր առաջ. 

ե) մարզպետարանների (Երևանի քաղաքապետարանի) ապարատների պահպանման ծախսերի նախահաշիվների կատարման մասին մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը սահմանված կարգով հաշվետվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն.

զ) բյուջետային հիմնարկների ծախսերի ֆինանսավորման ոլորտում կիրառել պետական պատվերի մրցութային համակարգը: Ընդ որում, մրցույթի հայտարարումը, վճարումների կարգը, ժամկետները համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ` հաշվի առնելով համապատասխան ժամանակաշրջանի համար վերջինիս կողմից սահմանված բյուջետային հատկացումների սահմանաքանակները:

10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին`

ա) Հայաստանի Հանրապետության 1996 թվականի պետական բյուջեի միջոցների կառավարումը բարելավելու նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ վերանայել Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հանրապետական բյուջեի եկամուտների ու ծախսերի վերաբերյալ օրական, ամսական և եռամսյակային հաշվետվության կազմն ու կառուցվածքը.

բ) հարկերից և տուրքերից ստացվող եկամուտները համապատասխան բյուջեների հաշիվներին հաշվանցման ու բյուջետային միջոցների հաշվին կատարվող գործառնությունների ժամկետների արագացման նպատակով միջոցներ ձեռնարկել հանրապետության բանկերի կողմից բյուջեների դրամարկղային սպասարկման բարելավման համար:

11. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1996 թվականի հունիսի 15-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. ԲԱԳՐԱՏյան