ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«17» հուլիս 2025 թվականի |
N 75-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐը հաստատելու ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել ընտանեկան բժշկի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
17.07.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիս «17»-ի |
ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺՇԿԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. Ընդհանուր դրույթներ
1. Ընտանեկան բժիշկն իրականացնում է մասնագիտական գործունեություն արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջ ապրելակերպի կազմակերպման, հիվանդությունների կանխարգելման և վարման ծառայություններում: Առողջության առաջնային պահպանման օղակում ընտանեկան բժիշկը զբաղվում է ընտանիքի և անհատի ամենատարածված առողջական խնդիրներով՝ անկախ սեռից և տարիքից, առկա առողջական խնդրից, ընդ որում, անհատը դիտարկվում է որպես մեկ ամբողջություն, որի վրա ներազդում են հասարակության, ընտանիքի և միջավայրի հետ կապված գործոններ։
2. Ընտանեկան բժիշկ կարող է համարվել այն անձն, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և հետդիպլոմային կրթություն ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա) և ում կրթության վերաբերյալ փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:
3. Ընտանեկան բժիշկը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի:
2. Պաշտոնեական գործառույթների իրականացման հնարավորություններ
4. Ընտանեկան բժիշկն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները`
1) Ընտանեկան բժիշկ.
2) Ընտանեկան բժշկության բաժանմունքի վարիչ առողջության կենտրոններում.
3) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ
5. Բժշկական գիտելիքներ․ ընտանեկան բժիշկը պետք է․
1) իրականացնի պացիենտի բժշկական պատմության և գանգատների հավաքագրում.
2) իրականացնի պացիենտի զննում.
3) իրականացնի նախնական ախտորոշում.
4) իրականացնի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների նշանակում կամ կատարում, ուղեգրում, հետազոտության արդյունքների գնահատում.
5) կազմի պացիենտի բուժման պլան․
6) իրականացնի նեղ մասնագետի խորհրդատվության ուղեգրում, հիվանդության համատեղ վարում.
7) իրականացնի ուղեգրում՝ հիվանդանոցային պայմաններում հետազոտման կամ բուժման նպատակով.
8) ցուցաբերի պացիենտին առաջին և անհետաձգելի բժշկական օգնություն՝ ըստ գործելակարգի կամ կլինիկական ուղեցույցների, և կազմակերպի շտապ բժշկական օգնության ծառայության միջոցով պացիենտի տեղափոխում՝ հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման համար.
9) իրականացնի դեղերի դուրս գրում (նաև էլեկտրոնային դեղատոմսով)՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության թիվ 1080-Ն որոշման.
10) իրականացնի պացիենտի ժամանակավոր անաշխատունակության գնահատում՝ փորձաքննության իրականացմամբ.
11) իրականացնի պացիենտի շարունակական բժշկական հսկողության կազմակերպում (անհրաժեշտության դեպքում նաև ուղղորդում).
12) իրականացնի առողջ երեխայի հսկողությունը` համաձայն արտահիվանդանոցային պայմաններում մինչև 18 տարեկան երեխաների բժշկական օգնության և սպասարկման և կազմակերպման վերաբերյալ գործող չափորոշիչի․
13) իրականացնի երեխաների պատրոնաժ տնայցեր՝ համաձայն արտահիվանդանոցային պայմաններում մինչև 18 տարեկան երեխաների բժշկական օգնության և սպասարկման և կազմակերպման վերաբերյալ գործող չափորոշիչի․
14) իրականացնի երեխայի տնային մահվան դեպքում առողջության առաջնային պահպանման ծառայության օղակում բժշկական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` ախտաբանաանատոմիական դիահերձման (պաթանատոմիական ուսումնասիրություն կամ դատաբժշկական փորձաքննություն) գործընթացի կազմակերպում.
15) պատրաստի, հաշվառի ու տրամադրի ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հունիսի 2-ի թիվ 29-Ն հրամանի.
16) տիրապետի նորածնային մահերի դեպքերի մասին տեղեկատվության տրամադրելու կարգին և ժամկետներին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի մայիսի 29-ի թիվ 25-Ն հրամանի.
17) ըստ անհրաժեշտության տրամադրի երեխայի բժշկական հսկողության ամբուլատոր քարտից քաղվածք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 88-Ն հրամանի.
18) իրականացնի դեռահասներին մատուցվող բժշկական օգնություն և սպասարկում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 5889-Լ հրամանի.
19) դպրոց-նախադպրոցական աշխատանքները համակարգողի պաշտոնը զբաղեցնելու դեպքում իրականացնի համապատասխան գործառույթներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 5889-Լ հրամանի, այլապես` տիրապետի սույն հրամանով սահմանված գործառույթներին.
20) դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում իրականացնի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման աշխատանքներ՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 5889-Լ հրամանի․
21) իրականացնի հիվանդ երեխաների բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում, անհրաժեշտության դեպքում՝ ուղղորդում, ինչպես նաև շարունակական հսկողության իրականացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի 7-ի հոկտեմբերի թիվ 2860–Լ հրամանի․
22) իրականացնի պատվաստումների կազմակերպում՝ ըստ Ազգային օրացույցի և համաճարակաբանական ցուցումների.
23) իրականացնի բնակչության թիրախային խմբերի սքրինինգային և կանխարգելիչ հետազոտություններ.
24) իրականացնի ռիսկի գործոնների վաղ հայտնաբերում (սրտի իշեմիկ հիվանդություն (ՍԻՀ)). շաքարային դիաբետ, ուռուցքային հիվանդություններ և այլն) և դրանց կանխարգելում.
25) տրամադրի առողջ ապրելակերպի խորհրդատվություն, իրականացնի կրթում և քարոզում (բնակչության կրթում, վնասակար սովորորությունների դեմ պայքար, ռիսկի գործոնների առաջացման և զարգացման դեմ քարոզչություն, ակտիվ հանգստի, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակության և սպորտի խթանում, ռացիոնալ սնուցման սկզբունքների վերաբերյալ խորհրդատվություն.
26) կազմակերպի և վարի տեղեկատվական-խորհրդատվական ծառայություններ և պացիենտների կրթական ծրագրեր՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի թիվ 539-Ն որոշման (մայրական դպրոց, դիաբետի դպրոց, ասթմայի դպրոց, առողջ ապրելակերպի դպրոց և այլն).
27) կազմակերպի և իրականացնի նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական հետազոտություններ.
28) իրականացնի վերարտադրողական առողջության պահպանման միջոցառումներ (մանկաբարձ-գինեկոլոգի խորհրդատվության կազմակերպում, ընտանիքի պլանավորման և հակաբեղմնավորման մեթոդների վերաբերյալ խորհրդատվություն).
29) հղիությունը պլանավորելիս նախաամուսնական շրջանում զույգերի և կանանց խորհրդատվության իրականացնի և կրթի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի փետրվարի 6-ի թիվ 464-Լ հրամանի.
30) իրականացնի հղիների նախածննդյան և հետծննդյան մշտադիտարկում.
31) իրականացնի պացիենտների հետհիվանդանոցային հսկողություն․
32) կազմակերպի և իրականացնի սանիտարահիգիենիկ և կանխարգելիչ միջոցառումներ՝վարակիչ հիվանդությունների օջախներում․
33) իրականացնի անձի ֆունկցիոնալության գնահատման ուղեգրում.
34) կազմակերպի պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում (ամբուլատոր կամ տնային պայմաններում).
35) իրականացնի ֆիզկուլտուրայի խմբերի որոշում (հիմնական, նախապատրաստական, հատուկ և բուժական)` անհրաժեշտության դեպքում գործընթացին ներգրավելով սրտաբանին, նյարդաբանին, ակնաբույժին.
36) կատարի տնային այցեր (քրոնիկ և անկողնային պացիենտների վարում).
37) տրամադրի խորհրդատվություն և սահմանի շարունակական հսկողություն հեռաբժշկության միջոցով։
6. Բժշկական հատուկ հմտություններ․ ընտանեկան բժիշկը պետք է՝
1) իրականացնի արյան խմբի որոշում ստանդարտ շիճուկների կամ մոնոկլոնալ ռեակտիվների միջոցով՝ համաձայն ABO համակարգի.
2) իրականացնի արյան ռեզուս (Rh) գործոնի որոշում.
3) իմանա ավտոմատ և կիսաավտոմատ արյան ընդհանուր քննության և բիոքիմիական արյան քննության իրականացման աշխատանքային սկզբունքները․
4) իրականացնի ախտորոշիչ էքսպրես մեթոդների և արագ ագլուտինացիայի թեստեր.
5) կարողանա բկանցքից, քթի խոռոչից և արտաքին սեռական օրգաններից քսուքի նմուշառում կատարել.
6) կարողանա մաքրել վերին շնչուղիները ասպիրացիայի ժամանակ.
7) իրականացնի ներերակային դեղերի և արյան փոխարինիչների կաթիլային և շիթային ներարկում և կաթետերի տեղադրում, միջմկանային և ենթամաշկային ներարկումներ.
8) իրականացնի ստամոքսի լվացում, միզապարկի կաթետերացում.
9) իրականացնի նյարդաբանական համակարգի, ռեֆլեքսների և ախտանիշների գնահատում.
10) իրականացնի սրտի և թոքերի պերկուսիա, աուսկուլտացիա, պիկֆլոումետրիա.
11) իրականացնի էլեկտրասրտաագրությունն (ԷՍԳ) և այն մեկնաբանել ու վերլուծել.
12) իրականացնի որովայնի մակերեսային և խորանիստ շոշափում.
13) իրականացնի օտոսկոպիա և աչքի հատակի զննում.
14) կազմակերպի երեխաների և մեծահասակների լսողության ստուգում․
15) ստուգի երեխաների և մեծահասակների տեսողության սրությունը.
16) իրականացնի երեխաների աճի և զարգացման գնահատում՝ համաձայն գործող չափորոշիչների.
17) իրականացնի սրունք/բազկային գործակցի որոշում, մարմնի զանգվածի ցուցանիշի (ՄԶՑ) որոշում.
18) իրականացնի նորածնի առաջնային զննում և խնամք, անհրաժեշտության դեպքում` նորածինների առաջնային վերակենդանացման ապահովում (ՍԹՎ), նորածնի շարունակական հսկում, ռեֆլեքսների գնահատում, անհրաժեշտ պատվաստումների իրականացում.
19) կազմակերպի նորածինների սկրինինգային ծրագրերի իրականացման շարունակականությունը․
20) կատարի վերքերի մշակում (նաև այրվածքային կամ ցրտահարված), բուժում, վիրակապում, կարերի հեռացում.
21) իրականացնի արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցում.
22) իրականացնի անշարժեցում՝ տարբեր տիպի կոտրվածքների ժամանակ (Կրամերի կամ այլ շինաների կիրառմամբ).
23) տրամադրի առաջին օգնություն և անհետաձգելի բժշկական օգնություն անաֆիլակտիկ շոկի, սուր շնչառական անբավարարության, սուր սրտանոթային անբավարարության (ուշագնացություն, կոլապս), վնասվածքների, թունավորումների, սուր և քրոնիկ հիվանդությունների սրացման և այլ արտակարգ իրավիճակների դեպքում․
24) իրականացնի սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ), արտաքին էլեկտրոդեֆիբրիլյատորի օգտագործում (ԱԷԴ).
25) անհրաժեշտության դեպքում իրականացնի արտահիվանդանոցային պայմաններում սրընթաց ծննդաբերության ինքնուրույն ընդունում.
26) ցուցաբերի հոգեբանական առաջին օգնություն պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին, իրականացնի հոգեկան առողջության խնդիրների հայտնաբերմանը և չափմանը ուղղված փսիխոմետրիկ մեթոդների մեկնաբանում.
27) կատարի պացիենտների նույնականացում և գրանցում.
28) իրականացնի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու համար պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի տեղեկացված համաձայնության գրանցումը (թղթային, էլեկտրոնային կամ հավելվածի միջոցով)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով․
29) մուտքագրի բժշկական տվյալները էլեկտրոնային տեղեկատվական համակարգ.
30) իրականացնի վիճակագրական տվյալների հավաքագրում, վերլուծում և ներկայացում՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին:
4. Այլ հմտություններ
7. Ընտանեկան բժիշկը պետք է ունենա`
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. Ընդհանուր ունակություններ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. ընտանեկան բժիշկը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. ընտանեկան բժիշկը պետք է կարողանա`
1) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
2) իրականացնել բժշկական վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
3) վարել համապատասխան բժշկական փաստաթղթեր.
4) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
5) տիրապետել տեղակատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. Միջմասնագիտական համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն
10. Ընտանեկան բժիշկը պետք է կարողանա՝
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ Ընտանեկան բժիշկի իրավունքները և պարտականությունները
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են ընտանեկան բժիշկի վրա։
8.ուղղ. Կոմպետենտությունների մակարդակները` ընտանեկան բժշկություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքում
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
2․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|