ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«17» հուլիս 2025 թ. |
N 76-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԿՐԾՔԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել կրծքային վիրաբույժի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
17.07.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիս «17»-ի թիվ 76-Ն հրամանի |
ԿՐԾՔԱՅԻՆ ՎԻՐԱԲՈՒՅԺԻ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. Ընդհանուր դրույթներ
1. Կրծքային վիրաբույժն իրականացնում է իր մասնագիտական գործունեությունը ստացիոնար պայմաններում՝ մասնագիտացված բաժանմունքներում կամ ընդհանուր վիրաբուժական բաժանմունքների վիրաբուժության ծառայության շրջանակներում։
2. Կրծքային վիրաբույժ կարող է համարվել անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում բուժական գործ կամ ընդհանուր պրակտիկայի բժիշկ մասնագիտությամբ և հետդիպլոմային կրթություն կրծքային վիրաբուժություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա կամ ռեզիդենտուրա), կամ մինչև 2019 թվականը մասնագիտացում կրծքային վիրաբուժություն մասնագիտությամբ և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Կրծքային վիրաբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ
4. Կրծքային վիրաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության կրծքային վիրաբույժ.
2) Կրծքային վիրաբուժության բաժանմունքի վարիչ.
3) Կրծքային վիրաբուժության ծառայության ղեկավար.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ
5. Բժշկական գիտելիքներ. կրծքային վիրաբույժը պետք է`
1) Ունենա ընդլայնված և նորագույն գիտելիքներ կրծքային վիրաբուժական հիվանդությունների ախտաֆիզիոլոգիայի, համաճարակաբանության, ախտորոշման և բուժման վերաբերյալ.
2) Ունենա համապարփակ գիտելիքներ կրծքային վիրաբուժական պրակտիկայի բոլոր ասպեկտներում՝ նախավիրահատական, վիրահատական և հետվիրահատական ժամանակահատվածներում.
3) մասնակցի կրծքավանդակի հիվանդությունների բուժման վերաբերյալ բազմամասնագիտական կոնսիլիումային քննարկումներին, որի համար պետք է ունենա խորը գիտելիքներ տվյալ բնագավառում:
6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ. կրծքային վիրաբույժը պետք է`
1) Կարողանա կատարել կրծքավանդակի բնածին կամ ձեռքբերովի հիվանդությունների՝ կրծքավանդակի պատի, թոքամզի, թոքերի, շնչուղիների, պարանոցի, միջնորմի, ստոծանու և կերակրափողի հիվանդությունների, այդ թվում՝ տվյալ օրգանների բարորակ և չարորակ ուռուցքաբանական հիվանդությունների կամ վնասվածքների ախտորոշում և բուժում.
2) Ունենա համապատասխան գիտելիքներ թոքերի ախտաբանությունների դեպքում անատոմիական և ատիպիկ ռեզեկցիաների, վերականգնման, ռեկոնստրուկցիայի և ախտորոշման ոլորտում.
3) Կարողանա կատարել վիրահատություններ կրծքավանդակի պատի և թոքամզի (պլևրա) ախտաբանությունների դեպքում, ներառյալ՝ նորագոյացությունների, թարախադեստրուկտիվ կամ նեկրոտիկ ախտընթացների դեպքում.
4) Կարողանա կատարել կրծքավանդակի պատի դեֆորմացիաների վերականգնում և կրծքավանդակի պատի տրավմատիկ հիվանդությունների ախտորոշում, բուժում, հեռացում, ռեկոնստրուկցիա, վերականգնում.
5) Կարողանա կատարել միջնորմի վիրահատական միջամտություններ, ներառյալ՝ նորագոյացությունների և բշտերի բիոպսիա և հեռացում, թարախային ախտընթացների դեպքում միջնորմի դրենավորում, միջնորմային լիմֆադենէկտոմիա, մեդաստինոտոմիա, մեդաստինոսկոպիա և միջնորմի հետ կապված այլ պաթոլոգիաների վիրահատական բուժում վիդեոասիստենցիայով կամ բաց եղանակներով.
6) Կարողանա կատարել թոքամզի (պլևրայի) և թոքամզի խոռոչի հիվանդությունների, ախտաբանական վիճակների, ներառյալ՝ թոքամզի առաջնային և երկրորդային նորագոյացությունների, թոքամզային հեղուկների, պնևմոթորաքսի և թոքամզի էմպիեմայի բուժմանն ուղղված միջամտություններ.
7) Կարողանա կատարել կրծքավանդակի պատի և խոռոչի օրգանների վնասվածքների վիրաբուժություն.
8) Կարողանա կատարել նվազագույն ինվազիվ միջամտություններ (վիդեոասիստավորված, ռոբոտիկ կրծքային վիրաբուժություն (VATS/RATS) թոքամզի խոռոչի, միջնորմի, կերակրափողի, ստոծանու, թոքերի, կրծքավանդակի պատի ախտաբանությունների ժամանակ.
9) Կարողանա կատարել տրախեոբրոնխիալ ծառի և կերակրափողի ախտորոշիչ և բուժիչ էնդոսկոպիկ միջամտություններ՝ օգտագործելով ինչպես ճկուն, այնպես էլ ռիգիդ էնդոսկոպներ և վիզուալիզացիայի համար նախատեսված այլ գործիքներ.
10) Կարողանա կատարել ստոծանու ռեզեկցիա, ռեկոնստրուկցիա, վերականգնում, ստիմուլյացիա.
11) Կարողանա կատարել շնչուղիների անցանելիությունն ապահովող միջամտություններ, ներառյալ՝ տրախեոստոմիա, շնչափողի ինտուբացիա և այլ ներլուսանցաքային միջամտություններ.
12) Կարողանա կատարել պերիկարդի դրենավորում, ռեզեկցիա, ռեկոնստրուկցիա.
13) Կարողանա կատարել կրծքավանդակի վիրահատական մուտքերի ապահովում այլ նեղ մասնագետների կողմից կատարվող վիրահատությունների համար (օրինակ, սիրտ-անոթային վիրաբույժ, նեյրովիրաբույժ, օրթոպեդ, ինվազիվ ռադիոլոգ և այլն).
14) Կարողանա կատարել պարանոցային, անութափոսային և միջնորմային ավշահանգույցների բիոպսիա.
15) Կարողանա կատարել կրծքային սիմպատիկ նյարդերի վիրաբուժություն.
16) Կարողանա կատարել կրծքային վիրաբուժության շրջանակներում բուժվող անոթային ախտաբանությունների վիրաբուժություն.
17) Կարողանա կատարել վիրահատություններ պարանոցի ախտաբանությունների դեպքում, ներառյալ` նորագոյածությունների, բուշտերի, թարախադեստրուկտիվ կամ նեկրոտիկ ախտընթացների և վնասվածքների դեպքում.
18) Կարողանա կրծքավանդակի օրգաններ հյուսվածքների նմուշներ տրամադրել վիրահատական միջամտությամբ` պակաս ագրեսիվ մեթոդների անարդյունավետ լինելու դեպքում.
19) Կարողանա կատարել կրծքավանդակի ելքի համախտանիշի ժամանակ կատարվող վիրաբուժական միջամտություններ.
20) Կարողանա կատարել էմֆիզեմայի բուժման համար ֆունկցիոնալ ինտերվենցիոն միջամտություններ.
21) Կարողանա կատարել միջամտությունների վիրաբուժական և ոչ վիրաբուժական բարդությունների բուժում.
22) Ունենա բազմամասնագիտական թիմերում վիրաբուժական միջամտությունների ցուցումների, հակացուցումների, վիրահատելիության և սպասվելիք արդյունքների կանխատեսման քննարկման ունակություն.
23) Ունենա վիրահատական միջամտությունների հետվիրահատական խնամքի, ինչպես նաև բարդությունների վարման ունակություն.
24) Առավել բարձր մասնագիտացված կենտրոններում, կախված որակավորումից և նեղ մասնագիտացումից, կարողանա կատարել բարդ միջամտություններ, այդ թվում.
ա․ բնածին և ձեռքբերովի (նորագոյացություններ, նեղացումներ և վնասվածքներ) հիվանդությունների դեպքում` շնչուղիների (շնչափողի և բրոնխների) մասնահատում, վերականգնում, ռեկոնստրուկցիա և փոխպատվաստում.
բ․ կերակրափողի ախտորոշման, ռեզեկցիաների, ռեկոնստրուկցիաների և վերականգնման միջամտություններ, ներառյալ՝ լապարոսկոպիկ, թորակոսկոպիկ մեթոդները, ինչպես նաև` բարորակ կամ չարորակ հիվանդությունների դեպքում` էնդոլյումինալ միջամտություններ.
գ․ թոքերի փոխպատվաստում.
25) Կարողանա կիրառել էքստրակորպորալ օքսիգենացիայի մեթոդներ ինչպես վիրահատական, այնպես էլ ինտենսիվ թերապիայի բաժանմունքում.
26) Ունենա տեխնիկական հմտություններ՝ էքստրակորպորալ օքսիգենոթերապիա ստացող պացիենտին վարելու համար։
4. Այլ հմտություններ
7. Կրծքային վիրաբույժը պետք է ունենա.
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. Ընդհանուր ունակություններ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. կրծքային վիրաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. կրծքային վիրաբույժը պետք է կարողանա.
1) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները․
2) իրականացնել բժշկական վիճակագրական տեղեկատվության վերլուծություն
3) վարել համապատասխան բժշկական փաստաթղթեր․
4) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին․
5) տիրապետել տեղակատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին՝ իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն
10․ Կրծքային վիրաբույժը պետք է կարողանա.
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ Կրծքային վիրաբույժի իրավունքները և պարտականությունները
11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են կրծքային վիրաբույժի վրա։
8. Կոմպետենտությունների մակարդակները կրծքային վիրաբուժություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բժշկական կոմպետենտությունների մակարդակներն են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):
|
Աղյուսակ |
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
1․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
3 |
|
2․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
3․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
1 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2025 թվական: