ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ՊԱԼԱՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՇԱՆԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԵՎ ԱՅԼՔ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 45401/15
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.08.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 21.07.2025
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
15.05.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
15.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.08.2025

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Գանգատ թիվ 45401/15

 

Շանթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և այլք ընդդեմ Հայաստանի

 

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի ապրիլի 1-ին հանդես գալով Պալատի հետևյալ կազմով՝

Մաթիաս Գայոմար [Mattias Guyomar]՝ Նախագահ,

Մարիա Էլոզեգուի [Maria Elցsegui],

Արմեն Հարությունյան [Armen Harutyunyan],

Ստեֆանի Մորու-Վիկստրյոմ [Stéphanie Mourou-Vikström],

Գիլբերտո Ֆելիսի [Gilberto Felici],

Անդրեաս Զունդ [Andreas Zund],

Դիանա Սարսու [Diana Sârcu]՝ դատավորներ,

և Վիկտոր Սոլովեյչիկ [Victor Soloveytchik]՝ Բաժանմունքի քարտուղար,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն պրն Շ. Հարությունյանի և ևս տասը հոգու կողմից (դիմումատուներ)՝ բոլորը ՀՀ քաղաքացիներ, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2015 թվականի սեպտեմբերի 15-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 45401/16),

Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն բողոքի մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու վերաբերյալ որոշումը,

կողմերի դիտարկումները,

անցկացնելով խորհրդակցություն, կայացրեց հետևյալ որոշումը.

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Գործը վերաբերում է բռնության վերածված բողոքի երթի խափանմանը և դրան հաջորդող դիմումատուների դատապարտումներին։ Դիմումատուն հիմնվել է Կոնվենցիայի 11-րդ հոդվածի վրա։

 

ՓԱՍՏԵՐԸ

 

2. Դիմումատուների ցանկը սահմանված է հավելվածում։ Նրանց ներկայացրել է Երևանում գործող փաստաբան տկն Ի. Պետրոսյանը:

3. Հայաստանի կառավարությունը (Կառավարություն) ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը:

4. Կողմերի կողմից ներկայացված գործի հանգամանքներն ամփոփվում են հետևյալ կերպ.

 

Ա. 2013 թվականի նոյեմբերի 5-ի բողոքի երթը

5. Համապատասխան ժամանակահատվածում պրն Շանթ Հարությունյանը (առաջին դիմումատուն) ընդդիմադիր քաղաքական գործիչ և «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդն էր, մինչդեռ մնացած դիմումատուները նրա կողմնակիցներն էին։

6. 2013 թվականի հոկտեմբերի 30-ին առաջին դիմումատուն նստացույց է սկսել Ազատության հրապարակում։ Նա հայտարարել է, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին տեղի կունենա բողոքի երթ՝ Գայ Ֆոքսի օրը նշելու նպատակով։ Նա երթի մասին նախնական ծանուցում չի ներկայացրել և երթի ուղղություն չի հայտնել ոստիկանությանը։ Երթից առաջ առաջին դիմումատուն յոթերորդ դիմումատուի օգնությամբ ձեռք է բերել (բահի բռնակների նմանվող) փայտե մահակներ և (քարերով լցված) ինքնաշեն, ափի չափ պայթուցիկ սարքեր (այսուհետ՝ պայթուցիկներ) և դրանք տարել է Ազատության հրապարակ։ Ոստիկանությունը ներկա է եղել ցույցի վայրում։

7. 2013 թվականի նոյեմբերի 5-ին դատարան ներկայացված տեսանյութում, մինչև երթը սկսելը, առաջին դիմումատուն ելույթ է ունենում, որի համապատասխան հատվածները հետևյալն են.

«Այո, մենք պետք է գնանք, ուրիշ էլ ինչ կարող ենք անել. բենզինով լցված շշերով ես պարզապես չեմ հրկիզի նախագահի նստավայրը, այլ ամբողջովին կայրեմ այն։

...

[Հրկիզել նախագահին] ներսում, այո՛։ Ով գալիս է մեր հետ, թո՛ղ գա, եթե ոչ՝ իրենց գործն է։ Ես ասում եմ իմ խոսքը. այն անձինք, որոնք կարծում են, որ իշխանությունները նվաստացնում են իրենց արժանապատվությունը, ունեն առողջ դատողություն [ու] արժանապատվություն և կարծում են, որ նրանք միայնակ են և առանց օգնության չեն կարող պաշտպանել իրենց արժանապատվությունը։ Իմացեք, որ այս բեմի վրա կանգնած մարդիկ պատրաստ են պայքարել իրենց արժանապատվության համար, նույնիսկ եթե հանուն դրա ստիպված կլինեն մահանալ։ Եթե կա մեկը՝ լավ ընկեր, ում արժանապատվությունը ոտնահարվել է, ապա ասեք նրանց դրա մասին, այդքան բան։ Ես ո՛չ ասում եմ «եկեք ու միացեք մեզ», ո՛չ էլ՝ «հեռացեք»։

...

Ռուսերենում մի լավ ասացվածք կա, ռուսական բանտերում էր տարածված, ասում է՝ унижают человеческое достоинство [(նրանք նսեմացնում են մարդկային արժանապատվությունը)], նույնիսկ բանտարկյալինը..., նույնիսկ եթե բանտապետը նսեմացնում է իրեն...՝ բանտարկյալին..., նույնիսկ նրանք էին հաշվի առնում, որ անընդունելի էր այդ աստիճան նսեմացնել մարդկային արժանապատվությունը։ Հայաստանում իշխանություններն ու վերնախավը նսեմացնում են ժողովրդին ամենաստոր ձևով... Ես ամբողջովին կայրեմ շենքը, այդքան բան...ե:

8. 2013 թվականի նոյեմբերի 5-ի այլ տեսանյութերից երևում է, որ առաջին դիմումատուն հանում է իր զրահաբաճկոնը և տալիս իր անչափահաս որդուն՝ հինգերորդ դիմումատուին, և այդ ընթացքում ասում է.

«...Թո՛ղ ոստիկանները տեսնեն... Զավակս ինձ հետ հավասար կռվելու է... եթե [ոստիկանության ծառայողները] կրակելու են իմ ուղղությամբ, ապա թո՛ղ կրակեն։ Վերցրո՛ւ սա [զրահաբաճկոն], Շահե՛ն... Քո մահակով [կհարվածես] ոստիկանների գլուխներին։ Եթե անպատկառները կրակելու են երեխայիս ուղղությամբ, ապա թո՛ղ կրակեն...»:

9. Մինչև երթն սկսելն առաջին դիմումատուն մամուլի ասուլիս է տվել հավաքված լրագրողներին, որի ընթացքում նա նշել է.

«Մենք ցանկանում ենք հեղափոխություն սկսել, այն է՝ զավթել նախագահի գրասենյակը, վերցնել բենզինով լցված շշերը... նախագահի գրասենյակը, Ազգային անվտանգության ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունը, Գլխավոր դատախազությունը, Սահմանադրական դատարանը, և բացել բանտերի դռները. այնտեղ բազմաթիվ անմեղ մարդիկ կան... Մարդկանց պետք է ազատություն տրվի, իրենց դրսևորելու հնարավորություն, և չպետք է լինի անօրինություն։ Ահա թե ինչ ենք մենք ուզում։ Եվ քանի դեռ ներկայիս իշխանությունը չի նահանջում, այսինքն՝ [Հայաստանի նախագահ] Սերժ Սարգսյանը հրաժարական չի տալիս, պետությունն առաջընթաց չի ունենա։

...

Եթե Հայաստանում արժանապատիվ քաղաքացիներ չկան այս խայտառակ իշխանությանը գահընկեց անելու համար, ապա Հայաստանում ապրող յուրաքանչյուր ոք անպատկառի մեկն է։ Ավելի լավ է մեռնեմ ու բենզինով լցված շշերով գնամ, և թող դիպուկահարը ինձ գետնով տապալի... Ես չեմ ցանկանում Կիևյան [կամրջից] նետվել, չեմ ցանկանում լքել Հայաստանը։ Ես կապրեմ այս կերպ, և դա է ճիշտ ուղին... Չեմ ուզում, որ ասեն, թե Հայաստանում արժանապատիվ մարդիկ չկան, որ բոլորը փտած են, ինչպես [նախագահ] Սերժը, ինչպես իր անպիտան մարդիկ... Դա իմ առաջնային նպատակն է, [որին] հասնելը անհրաժեշտ չէ, դրանից հետո ով որ գա իշխանության, ես [մինչ այդ] գուցե մահացած կլինեմ, ուստի ապրողների պատասխանատվությունն է [որոշել] ընտրել նրան, ում ցանկանում են։ Ես կանեմ դա։

...

Այսօր երթ կլինի, հետո կտեսնենք՝ կախված ոստիկանության ծառայողներից, թե ինչպես կդրսևորեն իրենց, ինչ կլինի վերջում։ Ես ուզում եմ մի հայտարարություն անել. բենզինով լցված շշերից, քարերից, փայտե մահակներից, ճեղապարսատիկներից, պերմանգանաթթվից [և] բրոնզից բացի՝ մենք ուրիշ զենքեր դեռ չենք բերել։ Եթե հրազենն ու ատրճանակները պահեն մեր ուղղությամբ, ով ողջ մնա մեզնից, իրենց դեմ կպայքարի հրազենով ու ատրճանակներով։ Մենք՝ հեղափոխականներս, չենք ուզում արյունահեղություն։ Առանց արյունահեղության կանենք, ինչպես օրինակ՝ Սաակաշվիլին արեց Վրաստանում։ Եթե նրանք խելամտորեն արձագանքեն, ապա մի վարդ կտանք նրանց և հետ կուղարկենք... իսկ հակառակ դեպքում, եթե արյունահեղություն անեն, ապա [նույն պատասխանը] կստանան այն մեր ընկերներից, որոնք ողջ կմնան, այսքանը։

...

Լսո՞ւմ եք ինձ։ Իմ տեղեկությունների համաձայն՝ այստեղ սադրիչ գործակալներ [agents provocateurs] կան։ Ես ոստիկանության ծառայողներին ասում եմ, որ եթե [նրանք] խելքի չգան, ապա մենք ձեզնից օգնություն չենք խնդրի. մահակներով [նրանց] ջարդը կտանք հենց երթի ընթացքում»։

10. Հանրությանը հասանելի տեսանյութից երևում է, որ առաջին դիմումատուի վերոնշյալ ելույթից հետո ցուցարարները, այդ թվում՝ դիմումատուները, որոնք կրում են Գայ Ֆոքսի դիմակներ և զինված են փայտե մահակներով, սկսում են երթը դեպի Մաշտոցի պողոտա, մինչդեռ ոստիկանության ծառայողներն ուղեկցում են նրանց։ Երբ առաջին դիմումատուն ոտք է դնում Մաշտոցի պողոտա, երևում է, որ ոստիկանության ծառայողները փորձում են կանգնեցնել նրան, և նրանցից մեկը հետ է պահում նրան՝ թևից բռնելով1: Բարկացած առաջին դիմումատուն ազատվում է՝ բղավելով ոստիկանության ծառայողի վրա, որ բաց թողնի իրեն և վերջինիս սպառնում է իր մահակով։ Այս միջադեպը բախման առիթ է դառնում ոստիկանության ծառայողների և դիմումատուների միջև։ 11-րդ դիմումատուն միջամտում է՝ ակնհայտորեն փորձելով խնդրահարույց ոստիկանության ծառայողին հեռացնել դիմումատուից։ Այնուհետև ցուցարարներից մեկը, որին հետևում են մյուսները, պայթուցիկ նյութեր է նետում ոստիկանության ծառայողների ոտքերի ուղղությամբ, որոնք պայթում են ու առաջացնում ծխի ամպ։ Իրավիճակն է՛լ ավելի է սրվում, երբ ոստիկանության ծառայողներից մեկը փորձում է մեկուսացնել առաջին դիմումատուին՝ բռնելով նրա ձեռքերից, իսկ մյուս ցուցարարները հարձակվում են նրանց ուղղությամբ՝ ոմանք իրենց մահակներով հարվածելով տվյալ ոստիկանության ծառայողին։ Ոստիկանության ծառայողները փորձում են ձերբակալել դիմումատուներին, որոնք բռնի դիմադրություն են ցույց տալիս՝ ոմանք հրելով ոստիկանության ծառայողներին կամ մահակներով հարվածելով նրանց։ Երևում է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանության մի ծառայող կռվում է յոթերորդ դիմումատուի հետ, իսկ վերջինս դիմադրում է։ Մի քանի դիմումատուներ շտապում են այդ ուղղությամբ և իրենց մահակներով հարվածներ են հասցնում քաղաքացիական հանգուստով ոստիկանության ծառայողին, որն արնահոսում էր գլխի հատվածում։ Ի վերջո բոլոր դիմումատուներին ձերբակալում են ու տանում ոստիկանության բաժանմունք։

11. Բախումների արդյունքում ոստիկանության երեք համազգեստով և երկու քաղաքացիական հագուստով ծառայող վնասվածքներ են ստացել։

 

Բ. Դիմումատուների դատաքննությունն ու դատապարտումները

12. Դիմումատուներին մեղադրանք է առաջադրվել խուլիգանության տարբեր դրվագների համար, ինչը քրեական հանցանք է նախկին քրեական օրենսգրքի համաձայն (տե՛ս ստորև բերված 21-րդ պարբերությունը)։ Բացի այդ, չորրորդ դիմումատուին մեղադրանք է առաջադրվել հոգեմետ նյութ պահելու համար (տե՛ս ստորև բերված 22-րդ պարբերությունը), մինչդեռ վեցերորդ և յոթերորդ դիմումատուներին մեղադրանք է առաջադրվել պետական իշխանության նկատմամբ ցուցաբերած բռնության համար (տե՛ս ստորև բերված 23-րդ պարբերությունը)։ Գործը վերադարձվել է առաջին ատյանի դատարան։

13. Իրավապահ մարմինների 16 ծառայող, այդ թվում՝ քաղաքացիական հագուստով երկու ոստիկանության ծառայող, որոնք տվյալ օրը մասնակցություն էին ունեցել ամբոխի վերահսկմանը, հետագայում դիմումատուների դեմ հարուցված վարույթում ճանաչվել են հանցագործության տուժողներ։ Նրանք նմանատիպ պնդումներ են ներկայացրել՝ զեկուցելով, որ այն պահին, երբ ցուցարարները ոտք են դրել Մաշտոցի պողոտա, ոստիկանության ծառայողները նրանց հրամայել են հեռանալ պողոտայից։ Հատկանշական է, որ ոստիկանության ծառայողներից մեկը բռնել է առաջին դիմումատուի ձեռքից՝ փորձելով կանգնեցնել վերջինիս։ Սակայն ցուցարարները չեն ենթարկվել օրինական պահանջներին, սպառնալով թափահարել են իրենց մահակները, հարվածել կամ հրել են ոստիկանության ծառայողներին, այդ թվում՝ մահակներով, ինչպես նաև պայթուցիկ նյութեր են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ՝ խուճապ առաջացնելով։ Պայթյունների արդյունքում կայծեր ու բոցեր են տարածվել բոլոր ուղղություններով, իսկ ծխի հետևանքով նրանց աչքերը վնասվել ու արցունքոտվել են։ Միայն լրացուցիչ օգնություն ստանալուց հետո է ոստիկանության ծառայողներին հաջողվել ձերբակալել դիմումատուներին։

14. Տասնվեց ծառայողներից չորսը պնդել են, որ բողոքի երթը սկզբում խաղաղ է ընթացել, մինչդեռ նրանցից մեկը պնդել է, որ իրենք (այսինքն՝ ոստիկանության ծառայողները) կարծել են, թե փայտե մահակները խորհրդանշական իմաստ են ունեցել, և որ նրանք պատկերացում չեն ունեցել, որ մահակները որպես զենք կկիրառվեին ոստիկանության ծառայողների դեմ։

15. Դիմումատուները ցուցմունք են տվել, որ մտադրություն են ունեցել խաղաղ բողոքի երթ իրականացնել և հերքել են խուլիգանություն կատարելու որևէ մտադրություն։ Նրանցից մի քանիսը (ներառյալ՝ առաջին դիմումատուն) պնդել են, որ փայտե մահակներ ու պայթուցիկ նյութեր են ունեցել միայն ինքնապաշտպանության համար, այն դեպքում, երբ ոստիկանության ծառայողները որոշեին ուժ գործադրել։ Նրանց պնդմամբ ոչ ոք չէր արգելել իրենց երթ իրականացնել Մաշտոցի պողոտայում։ Ըստ էության՝ նրանց թվացել էր, որ ճանապարհով քայլելը թույլատրելի էր, քանի որ ոստիկանության ծառայողներն ուղեկցում էին նրանց։ Բախումները հրահրվել էին ոստիկանության ծառայողների կողմից։ Առաջին դիմումատուն ավելացրել է, որ իր համար վիրավորական էր այն հանգամանքը, որ ոստիկանության ծառայողը բռնել էր իր ձեռքից, և որ ինքը միայն այդ միջադեպից հետո էր լսել, թե ինչպես են ոստիկանության ծառայողները հրամայել իրենց հեռանալ պողոտայից։ Այն դիմումատուները, որոնք ընդունել են, որ կռվել կամ բախվել են համազգեստով ոստիկանության ծառայողների հետ (հատկապես՝ երրորդ և հինգերորդ դիմումատուները), պնդել են, որ դա արել են կա՛մ ինքնապաշտպանության համար, կա՛մ իրենց ընկերներին օգնելու նպատակով։ Երկրորդ, վեցերորդ և յոթերորդ դիմումատուները խոստովանել են, որ պայթուցիկ նյութեր են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ՝ ակնհայտորեն կա՛մ նրանց շեղելու, կա՛մ իրենց ընկերներին ազատելու համար։ Ինչ վերաբերում է երկու վիրավորված քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողներին, դիմումատուները (հատկապես՝ չորրորդ, վեցերորդ և իններորդ դիմումատուները) չեն իմացել, որ վերջիններս եղել են ոստիկանության ծառայողներ։ Ավելին, նրանք կարծել են, որ վերջիններս սադրիչ գործակալներ են, որոնցից մեկը ենթադրաբար հարձակվել էր յոթերորդ դիմումատուի վրա։

16. 2014 թվականի հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանը կայացրել է դիմումատուների գործը լուծող դատավճիռ։ Մասնավորապես այն սահմանեց, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին առաջին դիմումատուն Ազատության հրապարակում հավաքված ամբոխին հրահրել և պատրաստել է խուլիգանության՝ անհնազանդության կոչ անելով (այն հղում էր կատարում առաջին դիմումատուի առաջին հայտարարությանը՝ վերևում հիշատակված 7-րդ պարբերությունում): Համոզելով իր աջակիցներին վերցնել փայտե մահակներ ու պայթուցիկներ՝ առաջին դիմումատուն գլխավորել է Ազատության հրապարակից սկսվող երթը։ Ցուցարարները ներխուժել են Մաշտոցի պողոտայի երթևեկության գոտիներ՝ խոչընդոտելով երթևեկությունը։ Ոստիկանության ծառայողները փորձել են հեռացնել նրանց ճանապարհից և վերականգնել հասարակական կարգը, սակայն երթի մի քանի մասնակիցներ, այդ թվում՝ երկրորդ, երրորդ և վեցերորդ դիմումատուները, առաջին դիմումատուի առաջնորդությամբ ու նախաձեռնությամբ, իրենց մոտ եղած պայթուցիկ նյութերը նետել են ոստիկանության ծառայողների ոտքերի ուղղությամբ։ Դա հանգեցրել է բարձր պայթյունների, ծխի և այրվող առարկաների ցրման, ինչը քաոսի և խուճապի պատճառ է դարձել՝ հանգեցնելով մայրաքաղաք Երևանի գլխավոր ճանապարհներից մեկի երթևեկության երկարատև խափանմանը, ինչպես նաև խոչընդոտելով հետիոտների տեղաշարժը։ Ի հավելումն վերոնշյալ պնդմանը՝ առաջին և երրորդ դիմումատուներն իրենց մահակներով, իսկ հինգերորդը՝ մեգաֆոնով, հարվածել են ոստիկանության ծառայողներին։ Չորրորդ, վեցերորդ, յոթերորդ, իններորդ և տասնմեկերորդ դիմումատուները հարվածել են քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողներին։ Տասներորդ դիմումատուից բացի (վերջինս փորձել է հարվածել ոստիկանին), յոթերորդ դիմումատուից մինչև տասնմեկերորդ դիմումատուները կա՛մ դիմադրել են ոստիկանության ծառայողներին, կա՛մ հրել, կա՛մ կռվել նրանց հետ։ Առաջին ատյանի դատարանը պարզել է, որ հինգերորդ և յոթերորդ դիմումատուների գործողությունների արդյունքում ոստիկանության երկու ծառայողներ վնասվածքներ են ստացել, ինչը նրանց առողջությանը թեթև վնաս է հասցրել, իսկ վեցերորդ դիմումատուն վիրավորել է քաղաքացիական հագուստով ոստիկանության ծառայողին՝ նույնպես թեթև վնաս հասցնելով վերջինիս առողջությանը։

17. Առաջին ատյանի դատարանը դիմումատուներին մեղավոր է ճանաչել խուլիգանության տարբեր դրվագներով և նրանց ազատազրկման դատապարտել մեկուկեսից մինչև յոթ տարի ժամկետով, բացառությամբ երկրորդ դիմումատուի, որն ստացել է 50 000 ՀՀ դրամի չափով տուգանք, և հինգերորդ դիմումատուի, որը դատապարտվել է չորս տարվա պայմանական ազատազրկման, քանի որ այդ ժամանակ եղել է անչափահաս։ Չորրորդ և յոթերորդ դիմումատուները նույնպես մեղավոր են ճանաչվել՝ համապատասխանաբար հոգեմետ նյութեր պահելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ ուժ կիրառելու համար։ Առաջին ատյանի դատարանն արդարացրել է վեցերորդ դիմումատուին ոստիկանության ծառայողի նկատմամբ ուժ կիրառելու մեղադրանքը։

18. Դիմումատուներն առանձին վերաքննիչ բողոքներ են ներկայացրել վերոնշյալ դատավճռի դեմ՝ ըստ էության պնդելով, որ իրենք իրացրել են հավաքների ազատության իրենց իրավունքը, որ բախումը եղել է ոստիկանության ծառայողների սադրանքի արդյունք, և որ նրանք երթը դադարեցնելուց առաջ որևէ նախազգուշացում չեն տվել։

19. Նրանց վերաքննիչ բողոքները մերժվել են բարձրագույն ատյանի դատարանների կողմից՝ 2015 թվականի մայիսի 8-ին կայացված վերջնական որոշման ընդունմամբ։

20. 2018 թվականին առաջին դիմումատուն համաներմամբ ազատ է արձակվել։

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ

 

21. Նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածը (ուժի մեջ է եղել 2003 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2022 թվականի հունիսի 30-ը) սահմանում էր հետևյալը.

«1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչև մեկ ամիս ժամկետով:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝

1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,

2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,

...

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով»:

22. 268-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, ի թիվս այլնի, որ առանց իրացնելու նպատակի զգալի չափերով հոգեմետ նյութեր պահելը պատժվում է կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:

23. 316-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում էր, ի թիվս այլնի, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

 

ԲՈՂՈՔԸ

 

24. Դիմումատուները բողոք են ներկայացրել, որ ոստիկանության ծառայողների կողմից բողոքի երթի խափանումը և դրան հաջորդող դատապարտումները խախտել են հավաքների ազատության իրենց իրավունքր, ինչը երաշխավորված է Կոնվենցիայի 11-րդ հոդվածով։

 

ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

25. Կոնվենցիայի 11-րդ հոդվածի համաձայն՝

«1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ հավաքների ազատության իրավունք...

2. Այս իրավունքների իրականացումը ենթակա չէ որևէ սահմանափակման, բացի նրանցից, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը կամ այլ անձանց իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով...»:

26. Կառավարությունը պնդել է, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ին տեղի ունեցած բողոքի երթը խաղաղ չի ընթացել։ Նրանք նշել են առաջին դիմումատուի կողմից բողոքի երթից առաջ արված հայտարարությունները, որոնցում նա սպառնում էր օգտագործել պայթուցիկներ և այրել նախագահական նստավայրը։ Դիմումատուները զինված են եղել, քանի որ նրանք փայտե մահակներ և պայթուցիկներ են ձեռք բերել բողոքի ցույցից առաջ, և նրանց դիմադրության արդյունքում ծառայության մեջ գտնվող ոստիկանության ծառայողները վնասվածքներ են ստացել։ Կառավարության պնդմամբ՝ այն փաստը, որը զուգորդված է դիմումատուներից յուրաքանչյուրին մեղսագրվող հանցավոր վարքագծի հետ, նշանակում էր, որ դիմումատուները չէին կարող հիմնվել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի պաշտպանության վրա։ Ոստիկանության ծառայողները ստիպված են եղել միջամտել դիմումատուների հանցավոր վարքագծի դրսևորման պատճառով։ Որպես այլընտրանք, եթե դատարանը գտնի, որ կիրառելի է 11-րդ հոդվածը, Կառավարությունը պնդել է, որ դիմումատուների հավաքների ազատության իրավունքի խախտում տեղի չի ունեցել, քանի որ նրանք դատապարտվել են ոչ թե տվյալ երթին մասնակցելու, այլ երթի ընթացքում իրենց ցուցաբերած հանցավոր վարքագծի համար։

27. Դիմումատուները վիճարկել են Կառավարության այն պնդումը, որ բողոքի երթը խաղաղ չի ընթացել։ Նրանք ներկայացրել են, որ թեև բանավիճելի և քաղաքական համատեքստում կազմակերպված լինելուն, առաջին դիմումատուի ելույթը չի կարող մեկնաբանվել որպես բռնության կոչ. անհնար էր, որ մոտ մեկ տասնյակ ցուցարարներ կարողանային իրականում այրել նախագահական նստավայրը։ Մինչ բողոքի երթն սկսելն առաջին դիմումատուն հայտարարություն էր արել, որ ցուցարարների թվում կային սադրիչ գործակալներ, և ոստիկանության ծառայողներին կոչ էր արել թույլ չտալ նրանց խոչընդոտել երթը։ Դիմումատուները մատնանշել են, որ ոստիկանության ծառայողները նստացույցն ու երթը որակել էին որպես խաղաղ գործողություններ, ինչը նրանք խոստովանել էին ցուցմունք տալու ժամանակ (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը)։ Եթե ոստիկանությունը գտներ, որ դիմումատուներն ունեցել են բռնի մտադրություններ, ապա ոստիկանության ծառայողներն անարգել կբռնագրավեին նրանց մահակներն ու պայթուցիկ նյութերը։ Դիմումատուները նշել են, որ նրանք մահակներով զինված են եղել միայն իրենց սեփական անվտանգությունն ապահովելու համար և ինքնապաշտպանությունից դրդված են գործել այն ժամանակ, երբ ոստիկանությունն ուժ է կիրառել։ Փաստացի, երթն սկսելուց առաջ նրանք հայտարարել էին, որ դիմադրություն ցույց կտան, եթե ուժ կիրառվի իրենց դեմ։ Դիմումատուները պայթուցիկ նյութեր էին կիրառել իրենց առաջնորդին (այսինքն՝ առաջին դիմումատուին) ազատելու համար, որի կոկորդից բռնել էր ոստիկանության ծառայողներից մեկը. նրանք իրենց պայթուցիկ նյութերը չէին նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ։ Բախման հետևանքով վիրավորվել էին միայն քաղաքացիական հագուստով ոստիկանության երկու ծառայող. Այնուամենայնիվ, դիմումատուները նրանց համարել էին սադրիչ գործակալներ, այլ ոչ թե՝ ոստիկանության ծառայողներ։ Եզրափակելով՝ դիմումատուները պնդել են, որ բողոքի երթը սկզբում խաղաղ է ընթացել. դիմումատուները երթից առաջ չեն օգտագործել իրենց մահակները կամ պայթուցիկ նյութերը, և իրավիճակը վերածվել է դիմումատուների և ոստիկանության ծառայողների միջև բախումների միայն վերջիններիս սադրիչ վարքագծի հետևանքով։ Անդրադառնալով առաջին ատյանի դատարանի կողմից իրենց նկատմամբ կիրառվող երկարատև ազատազրկման ժամկետներին՝ դիմումատուները պնդել են, որ իրենց դատապարտումը համարժեք է եղել հավաքների ազատության իրենց իրավունքի անհամաչափ միջամտությանը։

28. Դատարանը հղում է կատարում Կուդրևիչուսը և այլք ընդդեմ Լիտվայի [Kudrevičius and Others v. Lithuania] գործով ամփոփված հավաքների ազատության իրավունքի վերաբերյալ ընդհանուր սկզբունքներին ([ՄՊ], թիվ 37553/05, §§ 91-92, 100, 108-10 և 140-60, ՄԻԵԴ 2015)։

29. Կոնվենցիայի 11-րդ հոդվածով պաշտպանվում է միայն «խաղաղ հավաքների» իրավունքը՝ հասկացություն, որը չի ենթադրում ցույց, որտեղ կազմակերպիչներն ու մասնակիցներն ունեն բռնի մտադրություններ։ Հետևաբար 11-րդ հոդվածի երաշխիքները կիրառվում են բոլոր հավաքների մասով, բացի այն հավաքներից, որտեղ կազմակերպիչներն ու մասնակիցներն ունեն այդպիսի մտադրություններ, հրահրում են բռնություն կամ այլ կերպ մերժում են ժողովրդավարական հասարակության հիմքերը (նույն տեղում, § 92)։

30. Սույն գործում Դատարանը կոչված է որոշելու, թե արդյոք դիմումատուները կարող են պահանջել Կոնվենցիայի 11-րդ հոդվածի պաշտպանությունը։ Այս նպատակով Դատարանը կկիրառի իր նախադեպային իրավունքով սահմանված համապատասխան չափանիշները։ Հատկապես այն հաշվի կառնի հետևյալ երեք տարրերը՝ i) արդյոք հավաքը նախատեսված էր անցկացնել խաղաղ, թե՞ կազմակերպիչներն ունեցել են բռնի մտադրություններ, ii) արդյոք հավաքին միանալիս դիմումատուները դրսևորել են բռնի մտադրություններ, և iii) արդյոք դիմումատուները մարմնական վնասվածք են հասցրել որևէ մեկի (տե՛ս Շմորգունովն ընդդեմ Ուկրաինայի [Shmorgunov and Others v. Ukraine], թիվ 15367/14 և մյուս 13-ը, թիվ, § 491, 2021 թվականի հունվարի 21):

31. Համոզվելու համար, թե արդյոք առաջին դիմումատուն՝ որպես բողոքի երթի կազմակերպիչ, ունեցել է բռնի մտադրություններ, Դատարանը պետք է ուսումնասիրի նրա ելույթն ու դրա համատեքստը, ինչպես նաև նրա կողմից հրավիրված հավաքի բնույթը (համեմատի՛ր Օսմանին և այլք ընդդեմ Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետության (որոշում) [Osmani and Others v. the former Yugoslav Republic of Macedonia (dec.)], թիվ 50841/99, 2001 թվականի հոկտեմբերի 11)։

32. Մասնավորապես Դատարանին հասանելի ապացույցներից երևում է, որ առաջին դիմումատուն բողոքի ցույց էր կազմակերպել, քանի որ նա դժգոհ էր եղել Հայաստանում տիրող քաղաքական և սոցիալական իրավիճակից և ցանկանում էր փոփոխություններ իրականացնել։ Մինչև երթն սկսելը նա սադրիչ հայտարարություններ էր արել, որոնք կարող էին մեկնաբանվել որպես բռնության հրահրում։ Հետևյալ հատվածները դրա վառ ապացույցն են. «...Մենք ցանկանում ենք հեղափոխություն սկսել, այն է՝ զավթել նախագահի նստավայրը[...] Ազգային անվտանգության ծառայությունը, Ներքին գործերի նախարարությունը, Գլխավոր դատախազությունը և Սահմանադրական դատարանը...», «Երեխաս ինձ հետ հավասար կռվելու է... եթե [ոստիկանության ծառայողները] կրակելու են իմ ուղղությամբ, թո՛ղ կրակեն», «...Քո մահակով ոստիկանների գլուխներին [կհարվածես]», «Այո, մենք պետք է գնանք, ուրիշ էլ ինչ կարող ենք անել. բենզինով լցված շշերով ես պարզապես չեմ հրկիզի նախագահական նստավայրը, այլ ամբողջովին կայրեմ այն», «Ես ուզում եմ մի հայտարարություն անել. բենզինով լցված շշերից, քարերից, փայտե մահակներից, ճեղապարսատիկներից, պերմանգանաթթվից [և] բրոնզից բացի՝ մենք ուրիշ զենքեր դեռ չենք բերել», «Եթե հրազենն ու ատրճանակները պահեն մեր ուղղությամբ, ով ողջ մնա մեզնից, իրենց դեմ կպայքարի հրազենով ու ատրճանակներով», «Ես ոստիկանության ծառայողներին ասում եմ, որ եթե [նրանք] ուշքի չհրավիրեն [իրենց], ապա մենք ձեզնից օգնություն չենք խնդրի. մահակներով [նրանց] ջարդը կտանք հենց երթի ընթացքում» (տե՛ս վերևում՝ 7-10-րդ պարբերությունները)։

33. Թեև առաջին դիմումատուն քաղաքական գործիչ էր և վերոնշյալ հայտարարություններն արել էր քաղաքական համատեքստում, այնուամենայնիվ, դրանք պարզապես փոխաբերական արտահայտություններ չէին։ Փաստացի, առաջին դիմումատուն իր ելույթում բացահայտ բռնության հղումներ է արել և ակնհայտորեն հայտարարել է, որ մտադիր է գրավել կառավարական շենքերը։ Թեև անհավանական է թվում, որ սպառնալիքը կարող էր իրականացվել, առավել ևս, որ դիմումատուները թեթև զինված են եղել, առաջին դիմումատուն չի ներկայացրել որևէ հավաստի փաստարկ, որը թույլ կտար Դատարանին մեկնաբանել այդ հայտարարությունները որպես սոսկ կարգախոսներ կամ որպես ոչ բռնի իմաստ ունեցող հայտարարություններ (համեմատի՛ր Գյուլը և այլք ընդդեմ Թուրքիայի [GՖl and Others v. Turkey], թիվ 4870/02, § 41, 2010 թվականի հունիսի 8, և Կարպյուկը և այլք ընդդեմ Ուկրաինայի [Karpyuk and Others v. Ukraine] թիվ 30582/04 և թիվ 32152/04, § 222 և 226, 2015 թվականի հոկտեմբերի 6): Նման որևէ փաստարկի բացակայության դեպքում Դատարանը համարում է, որ այս հայտարարություններն առաջին հայացքից բռնության կոչ են եղել։

34. Դատարանը նաև նշում է, որ յոթերորդ դիմումատուի օգնությամբ առաջին դիմումատուն ձեռք է բերել փայտե մահակներ և ինքնաշեն պայթուցիկներ, որոնք ցուցարարները պետք է իրենց մոտ պահեին երթի ժամանակ ինքնապաշտպանության նպատակով (տե՛ս դիմումատուների փաստարկները վերևում՝ 15-րդ և 27-րդ պարբերություններում): Թեև ոստիկանության ծառայողները չեն բռնագրավել դիմումատուների սարքավորումները, որի պատճառը, կարծես, այն է եղել, որ նրանք կարծել են, թե փայտե մահակները խորհրդանշական են եղել երթի համար (տե՛ս վերևում՝ 14-րդ պարբերությունը), և պայթուցիկների մասին միայն իմացել են ավելի ուշ՝ բախումների ժամանակ։ Այնուամենայնիվ, չի ապացուցվել, որ մահակները որևէ կապ ունեին այն ուղերձի հետ, որը պետք է արտահայտվեր երթի ժամանակ։ Այսպիսով, ինչպես երևում է, մահակները վնաս հասցնելու կամ ուրիշներին վախեցնելու միջոց են եղել՝ ազդարարելով բախման պատրաստակամության մասին, ինչը հակասում է խաղաղ հավաքների գաղափարին։ Ավելին, թեև դիմումատուների կողմից կիրառված ինքնաշեն պայթուցիկները մահացու չեն եղել, այնուամենայնիվ, խուճապ առաջացնելը և ոստիկանության ծառայողներին ապակողմնորոշելը կարող էր լինել նրանց միակ հնարավոր նպատակը, և ինչպես խոստովանել է դիմումատուների պաշտպանը, դրանք կիրառվել են այդպիսի նպատակներով (տե՛ս վերևում՝ 15 և 27-րդ պարբերությունները)։ Հետևաբար առաջին դիմումատուն ոչ միայն սադրիչ հայտարարություններ է արել՝ սպառնալով բռնության դիմել, եթե պայմանները բարենպաստ չլինեն, այլև ակնհայտորեն հենց այդ նպատակով զինել է իր աջակիցներին։

35. Դատարանը նախկինում որոշել է որ միակ փաստը, ըստ որի հավաքի ժամանակ բռնություն է եղել, ինքնին բավարար չէ՝ համարելու, որ կազմակերպիչները բռնի մտադրություններ են ունեցել (տե՛ս վերևում հիշատակված՝ Կարպյուկը և այլք ընդդեմ Ուկրաինայի գործը, § 202)։ Այնուամենայնիվ, սույն գործում բռնի մտադրությունների առկայությունն ապացուցվում է ոչ միայն ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև ավելի ուշ տեղի ունեցած բախումներով, այլև երթից առաջ առաջին դիմումատուի կողմից արված հայտարարություններով և այն փաստով, որ բոլոր դիմումատուները զինված են եղել։ Այն փաստը, որ ոստիկանության ծառայողներն ուղեկցել են երթը և չեն խոչընդոտել դրա ընթացքը, չի խաթարում այն եզրակացությունը, որ կազմակերպիչը սկզբից չի ունեցել խաղաղ մտադրություններ (համեմատություն՝ Չիչեքը և այլք ընդդեմ Թուրքիայի [իiջek and Others v. TՖrkiye] , թիվ 48694/10 և 4 այլ, § 137-38, 2022 թվականի նոյեմբերի 22)։

36. Ինչ վերաբերում է մնացած դիմումատուներին, նրանք եղել են առաջին դիմումատուի աջակիցները, և տեղյակ լինելով մահակների և պայթուցիկների կիրառման ռիսկերից, այդ թվում՝ այն փաստից, որ նման վարքագիծը ենթադրում է քրեական պատասխանատվություն, նրանք համաձայնել են անհրաժեշտության դեպքում կիրառել դրանք, ինչն ավելի ուշ ապացուցվել է ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում։

37. Վերջում, բախումների արդյունքում համազգեստով երեք ոստիկանության ծառայող և քաղաքացիական հագուստով երկու ոստիկանության ծառայող ստացել են վնասվածքներ։ Դիմումատուներն ակնհայտ հերքում են այն փաստը, որ համազգեստով ոստիկանության ծառայողներին մարմնական վնասվածք են հասցրել, և փաստել են, որ բախումները հրահրվել են ոստիկանության ծառայողների կողմից, քանի որ վերջիններս ուժ են կիրառել, և այդ հանգամանքներում դիմումատուների կողմից ուժի կիրառում, արդարացված է եղել։ Այդ կապակցությամբ Դատարանը նշում է, որ ցուցարարների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած բախում, սկսվել է, երբ ոստիկանության ծառայողներից մեկը բռնել է առաջին դիմումատուի ձեռքից՝ փորձելով կանգնեցնել նրան ճանապարհով երթ անելուց։ Այնուամենայնիվ, ոչինչ չի վկայում այն մասին, որ ոստիկանության ծառայողների միջամտությունից հետո ցուցարարների կողմից մահակներով հարվածներ հասցնելով և պայթուցիկ նյութերի օգտագործմամբ ուղեկցվող սպառնալիքներն ու բռնությունը կարող են մեկնաբանվել որպես «նորմալ» արձագանք։ Դատարանը նաև նշում է, որ գործի նյութերում չկա որևէ ապացույց, որ առաջին դիմումատուի կոկորդից բռնել են. ոստիկանության ծառայողներից մեկը պարզապես փորձել է մեկուսացնել նրան՝ բռնելով նրա ձեռքերից, կամ որ դիմումատուներից որևէ մեկը վնասվածքներ է ստացել ոստիկանության կողմից ցուցարարներին ցրելու և ձերբակալելու համար ուժի կիրառման հետևանքով։

38. Հաշվի առնելով նախորդ պարբերություններում նշված բոլոր տարրերը՝ Դատարանը գտնում է, որ 2013 թվականի նոյեմբերի 5-ի բողոքի երթը դուրս է 11-րդ հոդվածով պաշտպանված «խաղաղ հավաք» հասկացության շրջանակներից։ Հետևաբար 11-րդ հոդվածի համաձայն դիմումատուների բողոքն առարկայական իրավազորության առումով [ratione materiae] անհամատեղելի է Կոնվենցիայի դրույթների հետ՝ 35 § 3(ա) հոդվածի իմաստով, և գանգատը պետք է ճանաչվի անընդունելի։

Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝

Ճանաչում է գանգատն անընդունելի:

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի մայիսի 15-ին։

______________________

1 https://www.youtube.com/watch?v=9p1h7HYuGwQ (4:20-ից սկսած, վերջին անգամ դիտվել է 2024 թվականի դեկտեմբերի 29-ին)։

 

Մատիաս Գայոմար

Վիկտոր Սոլովեյչիկ

Նախագահ

Քարտուղար

Հավելված

 

Դիմումատուների ցանկը՝

Գանգատ թիվ 45401/15

 

Թիվ

Դիմումատուի անունը

Ծննդյան տարեթիվը

Բնակության վայրը

1.

Շանթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1965

Երևան

2.

Միսակ ԱՌԱՔԵԼՅԱՆ

1965

Մասիս

3.

Ավետիս ԱՎԵՏԻՍՅԱՆ

1988

Սևան

4.

Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1973

Հրազդան

5.

Շահեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1999

Երևան

6.

Ալբերտ ՄԱՐԳԱՐՅԱՆ

1965

Սևան

7.

Վահե ՄԿՐՏՉՅԱՆ

1972

Կոշ գյուղ

8.

Սևակ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

1988

Երևան

9.

Լիպարիտ ՊԵՏՐՈՍՅԱՆ

1965

Կոշ գյուղ

10.

Ալեք ՊՈՂՈՍՅԱՆ

1970

Կոշ գյուղ

11.

Վարդան ՎԱՐԴԱՆՅԱՆ

1965

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան