ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 13116/18
ՖՈԿՈՒՍ ԱՐՏԸ և Աշոտ ԲՈՅԱՋՅԱՆՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի հունիսի 12-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Գեորգիոս Ա .Սերգիդես [Georgios A. Serghides]՝ Նախագահ,
Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],
Դիանա Սարկու [Diana Sârcu]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ «Ֆոկուս Արտ ՀԿ» հասարակական կազմակերպության և Հայաստանի քաղաքացի պրն Աշոտ Բոյաջյանի (դիմումատուներ) կողմից, որոնց ներկայացրել են Երևանում գործող իրավաբաններ պրն Տ. Եգորյանը, պրն Դ. Գյուրջյանը և տկն Լ. Հակոբյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2018 թվականի մարտի 2-ին Դատարան ներկայացված գանգատը (թիվ 13116/18),
դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ բողոքների մասին Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն), որը ներկայացրել է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանը, ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գործը վերաբերում է Վճռաբեկ դատարանի մատչելիության ենթադրյալ մերժմանը՝ պայմանավորված դատավարական ժամկետների սահմանափակումներով։
2. 2016 թվականի հոկտեմբերի 10-ին դիմումատուները քրեական վարույթի շրջանակներում ներկայացրել են քաղաքացիական հայց՝ պահանջելով հանցագործության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում։
3. 2017 թվականի փետրվարի 20-ին գործը քննող դատարանը քրեական գործով կայացրել է դատավճիռ։ Այն մասնակիորեն բավարարել է քաղաքացիական հայցը։
4. Դիմումատուն բողոքարկել է այդ դատավճիռը:
5. 2017 թվականի հունիսի 13-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դիմումատուների ըստ էության բողոքը։ Դիմումատուները որոշումը ստացել են 2017 թվականի հունիսի 20-ին։
6. 2017 թվականի հուլիսի 17-ին դիմումատուները բողոք են ներկայացրել Վճռաբեկ դատարան։
7. 2017 թվականի օգոստոսի 28-ին Վճռաբեկ դատարանը բողոքը հայտարարել է անընդունելի այն հիմքով, որ այն ներկայացվել է բողոք բերելու մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, որը հաշվարկվում է հրապարակվելու օրվանից, և այն վերականգնելու որևէ պահանջ չի ներկայացվել։
8. 2017 թվականի դեկտեմբերի 8-ին Սահմանադրական դատարանը կայացրել է, inter alia (ի թիվս այլնի), որոշում՝ բողոք բերելու մեկամսյա ժամկետը հրապարակվելու օրվանից հետո հաշվելու սահմանադրականության վերաբերյալ։ Այն վճռել էր, որ բոլոր այն դեպքերում, երբ դատարանն իր դատական ակտը համապատասխան կողմին հասանելի չի դարձրել կամ նրան չի հանձնել օրենքով սահմանված ժամկետում (սույն գործով՝ երեք օրվա ընթացքում), պետք է կիրառվի օրենքով սահմանված ամբողջական ժամկետը՝ առանց հաշվի առնելու որևէ ժամանակահատված, որն անհրաժեշտ է դատական ակտը կողմին հասանելի դարձնելու համար։ Բացի այդ, եթե բողոքաբերը հստակ ապացուցում և հիմնավորում է, որ ձգձգումը տեղի է ունեցել դատարանի մեղքով, ապա բաց թողնված ժամկետը պետք է վերականգնվի իրավունքի ուժով (ex jure)՝ առանց պահանջ ներկայացնելու պաշտոնական պահանջի և առանց դրա վերաբերյալ հայեցողական քննարկման։
9. 2018 թվականի մարտի 2-ին դիմումատուներն իրենց բողոքը կրկին ներկայացրել են Վճռաբեկ դատարան՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի որոշման վրա՝ որպես նոր զարգացում։
10. 2018 թվականի ապրիլի 7-ին Վճռաբեկ դատարանը բողոքի վերաբերյալ կայացրել է նոր որոշում։ Դատարանը, ըստ էության, գտել է, որ բողոք բերելու ժամկետի՝ իր կողմից կիրառումը չի համապատասխանում Սահմանադրական դատարանի մեկնաբանությանը։ Հետևաբար այն վճռել է, որ Սահմանադրական դատարանի որոշումը երաշխավորել է, որ նախկինում կայացված՝ անընդունելիության վերաբերյալ իր որոշումը կրկին քննարկվի, և բողոքը վերանայվի։ Այնուամենայնիվ, դատարանն ի վերջո եզրակացրել է, որ դիմումատուները չեն հիմնավորել ստորին ատյանի դատարանի կողմից դատական սխալ կատարվելու փաստը։ Հետևաբար այն դիմումատուների բողոքը հայտարարել է անընդունելի հիմքերի բացակայության պատճառով։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
11. Դիմումատուները, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, բողոք են ներկայացրել այն մասին, որ Վճռաբեկ դատարանը, 2017 թվականի օգոստոսի 28-ի իր որոշմամբ ժամկետը բաց թողնելու հիմքով նրանց բողոքը հայտարարելով անընդունելի, խախտել է իրենց՝ դատարանի մատչելիության իրավունքը։
12. Դատարանը վերահաստատում է, որ Կոնվենցիայի որևէ ենթադրյալ խախտման համար փոխհատուցում տրամադրելն առաջին հերթին ազգային մարմինների պարտականությունն է։ Այս առնչությամբ այն հարցը, թե արդյոք դիմումատուն կարող է պնդել, որ ինքը ենթադրյալ խախտման զոհ է, Կոնվենցիայի համաձայն վերաբերելի է վարույթի բոլոր փուլերում (տե՛ս Սկորդինոն ընդդեմ Իտալիայի (թիվ 1) [ՄՊ] [Scordino v. Italy (no. 1) [GC]], թիվ 36813/97, § 179, ՄԻԵԴ 2006-V)։ Այն այնուհետև վերահաստատում է, որ դիմումատուի օգտին կայացված որոշումը կամ ձեռնարկված միջոցը սկզբունքորեն բավարար չէ բացառելու համար նրա «զոհի» կարգավիճակը Կոնվենցիայի 34-րդ հոդվածի նպատակներով, եթե ազգային մարմինները բացահայտորեն կամ ըստ էության չեն ընդունել, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի խախտում, և այնուհետև փոխհատուցում չեն տրամադրել դրա համար։ Ինչ վերաբերում է փոխհատուցմանը, որը «պատշաճ» և «բավարար» է Կոնվենցիայով սահմանված իրավունքի խախտումն ազգային մակարդակով վերացնելու համար, ապա Դատարանն ընդհանուր առմամբ համարել է, որ դա կախված է գործի բոլոր հանգամանքներից՝ հաշվի առնելով մասնավորապես Կոնվենցիայի քննարկվող խախտման բնույթը (տե՛ս Կուրիչը և այլք ընդդեմ Սլովենիայի [ՄՊ] [Kurić and Others v. Slovenia [GC]], թիվ 26828/06, §§ 259-260, ՄԻԵԴ 2012, (քաղվածքներ)):
13. Դատարանը նկատում է, որ դիմումատուները սկզբնապես իրենց բողոքը ներկայացրել են Վճռաբեկ դատարան Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը հանձնվելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում։ Այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը 2017 թվականի օգոստոսի 28-ի իր որոշմամբ բողոք բերելու մեկամսյա ժամկետը հաշվարկել է որոշման հրապարակման պահից։ Հետևաբար այն բողոքը հայտարարել է անընդունելի ժամկետը չպահպանելու և ժամկետը վերականգնելու վերաբերյալ պահանջ չներկայացնելու հիմքով։
14. Դիմումատուները կրկին ներկայացրել են իրենց բողոքը՝ հիմնվելով Սահմանադրական դատարանի 2017 թվականի դեկտեմբերի 8-ի որոշման վրա՝ որպես նոր զարգացում։ Հիմք ընդունելով այս որոշումը՝ Վճռաբեկ դատարանն ընդունել է, որ անընդունելի լինելու մասին ավելի վաղ կայացված իր որոշումը չի համապատասխանում Սահմանադրական դատարանի մեկնաբանությանը։ Հետևաբար այն վերանայել է ավելի վաղ կայացված իր որոշումը և դիմումատուների բողոքը հայտարարել է անընդունելի հիմքերի բացակայության պատճառով, այլ ոչ թե բողոք բերելու ժամկետը չպահպանելու պատճառով։ Դատարանը համարում է, որ Վճռաբեկ դատարանը, այդպիսով, ըստ էության ճանաչել է դիմումատուների՝ դատարանի մատչելիության իրավունքի խախտումը և տրամադրել է «պատշաճ» և «բավարար» փոխհատուցում այդ կոնկրետ հանգամանքներում։ Բացի այդ, դիմումատուները որևէ բողոք կամ առարկություն չեն ներկայացրել Վճռաբեկ դատարանի վերջին որոշման վերաբերյալ։
15. Վերոնշյալի լույսի ներքո՝ Դատարանը եզրակացնում է, որ դիմումատուներն այլևս չեն կարող պնդել, որ ենթադրյալ խախտման «զոհ» են, ինչպես պահանջվում է Կոնվենցիայի 34-րդ հոդվածով (տե՛ս, mutatis mutandis (համապատասխան փոփոխություններով), Խարիտոնովն ընդդեմ Ռուսաստանի [Kharitonov v. Russia], թիվ 39898/03, § 19, 2009 թվականի հուլիսի 16):
16. Հետևաբար գանգատը պետք է հայտարարվի անընդունելի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի և 4-րդ կետի համաձայն։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի հուլիսի 3-ին։
|
Մարտինա Կելլեր` |
Գեորգիոս Ա․ Սերգիդես՝ |
|
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Նախագահ |