ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Գանգատ թիվ 11519/16
Նարեկ ԱՅՎԱԶՅԱՆՆ
ընդդեմ Հայաստանի
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), 2025 թվականի մայիսի 22-ին հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝
Անդրեաս Ցյունդ [Andreas Zünd]՝ Նախագահ,
Միկոլա Գնատովսկի [Mykola Gnatovskyy],
Վահե Գրիգորյան [Vahe Grigoryan]՝ դատավորներ,
և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,
հաշվի առնելով՝
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1988 թվականին ծնված և Երևանում բնակվող Հայաստանի քաղաքացի պրն Նարեկ Այվազյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել է Վանաձորում գործող իրավաբան պրն Զալյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2016 թվականի փետրվարի 6-ին Դատարան ներկայացված (թիվ 11519/16) գանգատը,
Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի կողմից գանգատի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու մասին որոշումը,
կողմերի դիտարկումները,
անցկացնելով խորհրդակցություն, որոշեց հետևյալը.
ԳՈՐԾԻ ԱՌԱՐԿԱՆ
1. Գանգատը վերաբերում է դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտմանը՝ պայմանավորված դատական ծախսերից ազատում շնորհելու ներպետական դատարանների մերժմամբ։
2. 2015 թվականի փետրվարի 16-ին դիմումատուն քաղաքացիական հայց է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ Վարչական շրջանի դատարան) ընդդեմ Պաշտպանության նախարարության՝ պահանջելով 26 451 130 ՀՀ դրամ (մոտավորապես 48 500 եվրո) փոխհատուցում պատճառված վնասի դիմաց։ Նա պահանջել է ազատել իրեն դատական ծախսերից՝ հիմք ընդունելով իր ֆինանսական վիճակը՝ նշելով, որ գործազուրկ է և որևէ եկամուտ չունի։
3. 2015 թվականի փետրվարի 19-ին Վարչական շրջանի դատարանը մերժել է դիմումատուի պահանջը՝ գտնելով, որ այն հիմնավորված չէ համապատասխան փաստաթղթերով։ Հետևաբար հայցը վերադարձվել է առանց ըստ էության քննվելու։
4. Դիմումատուն այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։
5. 2015 թվականի մարտի 30-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է դիմումատուի վերաքննիչ բողոքը և Վարչական շրջանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ:
6. 2015 թվականի հուլիսի 22-ին Վճռաբեկ դատարանը դիմումատուի հետագա բողոքը հայտարարել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։
7. 2016 թվականի փետրվարի 6-ին դիմումատուն գանգատ է ներկայացրել Դատարան՝ բողոքելով, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համապատասխան՝ իր՝ դատարանի մատչելիության իրավունքը խախտվել է՝ պայմանավորված դատական ծախսերից ազատում շնորհելու ներպետական դատարանների մերժմամբ։
8. Քարտուղարության 2016 թվականի մարտի 4-ի գրությամբ դիմումատուին խնդրել են Դատարանին տեղյակ պահել գործի վերաբերյալ ցանկացած նշանակալի զարգացման մասին։
9. 2020 թվականի սեպտեմբերի 23-ին Բաժանմունքի նախագահը, որին մակագրված է եղել գործը, որոշել է ծանուցել Հայաստանի կառավարությանը գանգատի վերաբերյալ։
10. 2021 թվականի ապրիլի 14-ին ներկայացրած իր դիտարկումներում Կառավարությունը տեղեկացրել է Դատարանին գործի վերաբերյալ նշանակալի զարգացման մասին։ Մասնավորապես 2017 թվականի հունիսի 30-ին դիմումատուն կրկին Վարչական շրջանի դատարան է ներկայացրել իր քաղաքացիական հայցը՝ պահանջելով կրկին ազատել իրեն դատական ծախսերից։ 2017 թվականի հուլիսի 4-ին Վարչական շրջանի դատարանը երկրորդ անգամ մերժել է հայցը հիմնավորված չլինելու պատճառաբանությամբ և վերադարձրել է այն։ Այնուամենայնիվ, դիմումատուի բողոքն ստանալուց հետո Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 2017 թվականի սեպտեմբերի 15-ին բեկանել է Վարչական շրջանի դատարանի որոշումը՝ գտնելով, որ դիմումատուն հիմնավորել է իր նոր պահանջը փաստաթղթային ապացույցներով, այդ թվում՝ հարկային մարմնից վերցված տեղեկանքով, գործազրկության փաստի ապացույցով և բժշկական տեղեկանքներով։ Արդյունքում, 2017 թվականի նոյեմբերի 2-ին վարչական շրջանի դատարանն ըստ էության քննության է ընդունել դիմումատուի քաղաքացիական հայցը։
ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ
11. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ դիմումատուն բողոք է ներկայացրել այն մասին, որ իր՝ դատարանի մատչելիության իրավունքը խախտվել է՝ պայմանավորված ազգային դատարանների` իրեն դատական ծախսերից ազատելու մերժմամբ։
12. Կառավարությունը պնդել է, որ գանգատն անընդունելի է անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահման պատճառով։ Այն պնդել է, որ դիմումատուն չի տեղեկացրել Դատարանին, որ քաղաքացիական հայցը, ի վերջո, ընդունվել է ըստ էության քննության։
13. Դիմումատուի՝ անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահման հիմքերով մերժմանը վերաբերող ընդհանուր սկզբունքներն ամփոփվել են Գրոսն ընդդեմ Շվեյցարիայի [ՄՊ] ([Gross v. Switzerland] [GC]], թիվ 67810/10, § 28, ՄԻԵԴ 2014) գործում: Մասնավորապես Դատարանը վերահաստատում է, որ ոչ ամբողջական և հետևաբար ապակողմնորոշող տեղեկությունների ներկայացումը կարող է համարվել գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում, հատկապես, եթե տեղեկությունը վերաբերում է գործի բուն էությանը, և բավարար բացատրություն չի տրամադրվել, թե ինչու այդ տեղեկությունը չի ներկայացվել։ Նույնը վերաբերում է այն դեպքին, երբ Դատարանում վարույթի ընթացքում տեղի են ունեցել կարևոր նոր զարգացումներ, ինչպես նաև այն դեպքին, երբ դիմումատուն տեղեկություն չի տրամադրել Դատարանին, չնայած դա հստակորեն պահանջվում է Դատարանի կանոնակարգի 47-րդ կանոնի 7-րդ կետով՝ դրանով խոչընդոտելով վերջինիս՝ փաստերի լիակատար իմացությամբ գործի մասով որոշում կայացնելը (նույն տեղում)։
14. Սույն գործով կարևոր նոր զարգացումներ են տեղի ունեցել գանգատը Դատարան ներկայացնելուց հետո։ Մասնավորապես դիմումատուն կրկին ներկայացրել է քաղաքացիական հայց, որը բողոքը բավարարվելուց հետո, ի վերջո, ընդունվել է ըստ էության քննության (տե՛ս վերևում՝ 10-րդ պարբերությունը)։ Դատարանը տեղյակ չի եղել այդ զարգացումներից, երբ 2020 թվականի սեպտեմբերի 23-ին գանգատն ուղարկել է Կառավարություն։ Դատարանը այդ զարգացումների մասին տեղեկացել է Կառավարության 2021 թվականի ապրիլի 14-ի դիտարկումներից, այսինքն՝ գրեթե երեք և կես տարի հետո։
15. Դրանք կարևոր զարգացումներ են, որոնք վերաբերել են գործի բուն էությանը, մասնավորապես՝ արդյոք դիմումատուի՝ դատարանի մատչելիության իրավունքը խախտվել է՝ պայմանավորված ներպետական դատարանների՝ իրեն դատական ծախսերից ազատելու մերժմամբ։ Դիմումատուն, որին ներկայացրել է փաստաբանը, Դատարանին չի տեղեկացրել այդ զարգացումների մասին և իր անգործության համար որևէ հիմնավորում չի ներկայացրել։ Նրա միակ փաստարկը եղել է այն, որ թեև իր հայցն ընդունվել է քննության, սակայն կայացել են միայն մի քանի դատական նիստեր, և վարույթը դեռևս գտնվել է նախապատրաստական փուլում։ Հետևաբար այս փաստարկը վերաբերելի չէ Դատարանի գնահատականի համար, քանի որ գործը մասնավորապես վերաբերում է դատարանի մատչելիության սահմանփակմանը՝ պայմանավորված դատական ծախսերով, այլ ոչ թե վարույթի տևողությամբ։
16. Վերոնշյալի լույսի ներքո՝ Դատարանը գտնում է, որ դիմումատուի՝ իր գործով էական զարգացումների մասին տեղեկություններ չներկայացնելը անհատական գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում է (տե՛ս Կոմատինովիչն ընդդեմ Սերբիայի (որոշում) [Komatinović v. Serbia (dec.)], թիվ 75381/10, 2013 թվականի հունվարի 29, և Գևորգյանը և այլք ընդդեմ Հայաստանի (որոշում) [Gevorgyan and Others v. Armenia (dec.)], թիվ 66535/10, §§ 31-39, 2020 թվականի հունվարի 14)։
17. Հետևաբար գանգատը պետք է մերժվի՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն։
Այս հիմնավորմամբ Դատարանը միաձայն՝
Հայտարարում է գանգատն անընդունելի:
Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի հունիսի 19-ին։
|
Մարտինա Կելլեր |
Անդրեաս Ցյունդ |
|
Բաժանմունքի քարտուղարի տեղակալ |
Նախագահ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|