ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ (ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ) ԿՈՄԻՏԵԻ ՎՃԻՌԸ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 47131/15
Տիպ
Վճիռ ընդդեմ Հայաստանի
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 21.07.2025
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
30.05.2025
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.05.2025

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

 

ՍԱՐԳՍՅԱՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ

 

(գանգատ թիվ 47131/15)

 

ՎՃԻՌ

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

30 մայիսի 2025 թ.

 

Սույն վճիռը վերջնական է, սակայն կարող է ենթարկվել խմբագրական փոփոխությունների։

 

Սարգսյանն ընդդեմ Հայաստանի գործով,

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (Հինգերորդ բաժանմունք), հանդես գալով Կոմիտեի հետևյալ կազմով՝

Մարիա Էլոսեգի [María Elósegui]` Նախագահ,

Ջիլբերտո Ֆելիչի [Gilberto Felici],

Կատերինա Շիմաչկովա [Kateřina Šimáčkováդատավորներ,

և Մարտինա Կելլեր [Martina Keller]՝ Բաժանմունքի քարտուղարի տեղակալ,

հաշվի առնելով՝

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի (Կոնվենցիա) 34-րդ հոդվածի համաձայն՝ 1983 թվականին ծնված և Երևանում դատապարտված Հայաստանի քաղաքացի պրն Հարություն Սարգսյանի (դիմումատու) կողմից, որին ներկայացրել է Երևանում գործող իրավաբան տկն Ռ. Սահակյանը, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ 2015 թվականի սեպտեմբերի 17-ին Դատարան ներկայացված (թիվ 45197/14) գանգատը,

ենթադրյալ վատ վերաբերմունքի և արդյունավետ քննության բացակայության վերաբերյալ բողոքների մասին Մարդու իրավունքների եվրոպական դատարանում միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչ պրն Ե. Կիրակոսյանի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանը (Կառավարություն) ծանուցելու և գանգատը մնացած մասով անընդունելի հայտարարելու մասին որոշումը,

կողմերի դիտարկումները,

2025 թվականի մայիսի 7-ին անցկացնելով դռնփակ խորհրդակցություն,

կայացրեց հետևյալ վճիռը, որն ընդունվեց նույն օրը.

 

ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ

 

1. Գործը վերաբերում է ոստիկանության՝ արգելանքի տակ պահվելու վայրում դիմումատուի նկատմամբ ենթադրյալ վատ վերաբերմունքին և վատ վերաբերմունքի պնդումների առնչությամբ արդյունավետ քննության ենթադրյալ բացակայությանը (Կոնվենցիայի 3-րդ հոդված)։

2. 2012 թվականի ապրիլի 12-ին դիմումատուին տարել են Գյումրիի ոստիկանության բաժին՝ սպանության գործով որպես վկա հարցաքննելու համար։ Այդ գիշեր՝ ավելի ուշ, նրան տեղափոխել են Ոսիկանության Շիրակի մարզային բաժին, որտեղ նա հարցաքննվել է քննիչի կողմից, իսկ հաջորդ օրը տեղափոխվել է Երևանում գտնվող ձերբակալվածներին պահելու վայր։

3. 2012 թվականի ապրիլի 14-ին՝ նրան առաջադրված մեղադրանքներից հետո, դիմումատուն հարցաքննվել է որպես կասկածյալ, որի ընթացքում նա պնդել է, որ խոստովանական ցուցմունք կորզելու նպատակով բոլոր երեք հաստատություններում ոստիկանության ծառայողները վատ վերաբերմունք են ցուցաբերել իր նկատմամբ։

4. Նույն օրը Երևանի՝ ձերբակալվածներին պահելու վայրում դիմումատուին այցելել է անկախ դիտորդական խումբ, որը նշել է, որ նրա մարմնի և գլխի վրա առկա են մի շարք վնասվածքներ։

5. 2012 թվականի ապրիլի 16-ին դիմումատուն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ, որտեղ հիմնարկի բժշկի կողմից իրականացված զննումից հետո արձանագրվել են նրա մարմնի և գլխի վրա առկա մի շարք վնասվածքներ։

6. 2012 թվականի ապրիլի 17-ին դատաբժշկական փորձագետը քննիչի հանձնարարությամբ զննել է դիմումատուին և ևս արձանագրել է նրա մարմնի և գլխի վրա առկա մի շարք վնասվածքներ։

7. Նույն օրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դիմումատուի վնասվածքների մասին տեղեկացրել է Գլխավոր դատախազությանը։ Այնուհետև 2012 թվականի ապրիլի 23-ին այս տեղեկությունը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ)՝ քննություն իրականացնելու համար։ Ոստիկանության մի շարք ծառայողներից, այդ թվում՝ ենթադրյալ կատարողներից ցուցմունքներ վերցնելուց հետո՝ 2012 թվականի հունիսի 25-ին, ՀՔԾ-ն մերժել է հարուցել քրեական վարույթ՝ գտնելով, որ դիմումատուի պնդումներն անհիմն են։ Այդ նպատակով ՀՔԾ-ն մասնավորապես հիմք է ընդունել ոստիկանության ծառայողների ցուցմունքները, որոնք հերքել են դիմումատուի նկատմամբ վատ վերաբերմունք ցուցաբերելու փաստը, ինչպես նաև այն փաստը, որ դիմումատուն որևէ պնդում վատ վերաբերմունքի վերաբերյալ չի ներկայացրել 2012 թվականի ապրիլի 12-ին քննիչի կողմից հարցաքննվելու ժամանակ։ Այդ որոշման պատճենը հանձնվել է դիմումատուին 2013 թվականի մայիսի 25-ին, որից հետո նա բողոքարկել է դա դատարաններում։

8. 2013 թվականի օգոստոսի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է այդ որոշումը՝ նշելով, որ քննության մեջ առկա են մի շարք թերություններ։

9. 2013 թվականի սեպտեմբերի 9-ին Գլխավոր դատախազությունը դիմումատուի նկատմամբ ցուցաբերված ենթադրյալ վատ վերաբերմունքի առնչությամբ նախաձեռնել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում՝ բռնության ուղեկցմամբ) և 315-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական անփութություն), և նույն օրը քրեական գործն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն՝ քննության։ Իրականացնելով մի շարք լրացուցիչ քննչական միջոցառումներ՝ 2014 թվականի մարտի 25-ին ՀՔԾ-ն, չգտնելով նրանց գործողություններում որևէ քրեական վարքագիծ, 2014 թվականի մարտի 27-ին դադարեցրել է քրեական վարույթը։ Դիմումատուն այդ որոշումը բողոքարկել է դատարաններում, սակայն հաջողության չի հասել։ Իր բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված վերջնական որոշման պատճենը հանձնվել է նրան 2015 թվականի մարտի 17-ին։

 

ԴԱՏԱՐԱՆԻ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 3-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄԸ

 

10. Կառավարությունը պնդել է, որ դիմումատուն չի պահպանել Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ ամրագրված վեցամսյա ժամկետի կանոնը։ Կառավարությունը նշել է այն փաստը, որ Վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի օգոստոսի 26-ի իր որոշման մեջ ընդունել է, որ արդյունավետ քննություն չի իրականացվել, և քանի որ քննարկվող ժամանակահատվածում դիմումատուն չի ունեցել ոչ նյութական վնասի համար փոխհատուցում պահանջելու ներպետական օրենսդրությամբ նախատեսված հնարավորություն, հետևաբար չի եղել այլ ընթացակարգ, որը նա կարող էր նախաձեռնել։ Այն պնդել է, որ նման հանգամանքներում Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը պետք է համարվեր վերջնական որոշում, և դիմումատուն պետք է դիմած լիներ Դատարան այդ որոշումը կայացնելու օրվանից վեց ամսվա ընթացքում, սակայն դա չի արել։

11. Դատարանը համարում է, որ Կառավարության նախնական առարկությունը սերտորոն կապված է դիմումատուի բողոքի բովանդակության հետ և պետք է միացվի բողոքի ըստ էության քննությանը։

12. Դատարանը նշում է, որ այս բողոքը Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի «ա» ենթակետի իմաստով ակնհայտ անհիմն չէ, կամ այն անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Հետևաբար այն պետք է հայտարարվի ընդունելի:

13. Վատ վերաբերմունքն արգելելու և նման ենթադրյալ դեպքերի արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ընդհանուր սկզբունքներն ամփոփ ներկայացված են Բույիդն ընդդեմ Բելգիայի ([ՄՊ] [Bouyid v. Belgium [GC]], թիվ 23380/09, § 81-90, 100 01 և 114-23, ՄԻԵԴ 2015) գործով վճռում։

14. Սույն գործով Կառավարությունը պնդել է, որ դիմումատուի՝ վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումներն անհիմն են՝ հղում կատարելով մարմինների կողմից իրականացված քննության արդյունքներին։ Այն պնդել է, որ դիմումատուի և սպանված անձի հարազատների միջև տեղի է ունեցել ընդհարում մինչև դիմումատուին ձերբակալելը, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, եղել է նրա մարմնական վնասվածքների պատճառը։

15․ Դատարանը նշում է, որ անհերքելի է այն փաստը, որ 2012 թվականի ապրիլի 12-ից մինչև 16-ն ընկած ժամանակահատվածում դիմումատուն պահվել է ոստիկանության՝ արգելանքի տակ պահվելու վայրում։ Անհերքելի է նաև այն փաստը, որ նրա մարմնի և գլխի վրա մի քանի վնասվածքներ են նկատելի եղել ինչպես այն ժամանակ, երբ նա դեռ գտնվում էր ոստիկանության՝ արգելանքի տակ պահվելու վայրում (տե՛ս վերևում՝ 4-րդ պարբերությունը), այնպես էլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո (տե՛ս վերևում՝ 5-րդ և 6-րդ պարբերությունները)։ Կառավարության այն պնդումը, որ դիմումատուի վնասվածքները հասցվել են մինչև նրան ոստիկանության՝ արգելանքի տակ պահվելու վայր տանելը, և մասնավորապես դրանք առաջացել են նրա և մահացած անձի հարազատների միջև տեղի ունեցած ընդհարման հետևանքով, հիմնավորված չէ որևէ ապացույցով։ Ավելին, պարզ է դառնում, որ այդ պնդումը հիմնված է քննության ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից կատարված նմանօրինակ պնդման վրա։ Գործի նյութում չկա որևէ ապացույց, որը կվկայեր, որ դիմումատուի վնասվածքները հասցվել են մինչև նրա ձերբակալությունը։ Հետևաբար Դատարանը համարում է, որ Կառավարությունը չի տրամադրել արժանահավատ բացատրություն դիմումատուի վնասվածքների վերաբերյալ, և որ դիմումատուն անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի է արժանացել 3-րդ հոդվածի իմաստով։

16․ Ինչ վերաբերում է մարմինների կողմից իրականացված քննությանը, Վերաքննիչ քրեական դատարանը 2013 թվականի օգոստոսի 26-ի իր որոշման մեջ նշել է մի շարք թերությունների մասին (տե՛ս վերևում՝ 8-րդ պարբերությունը)։ Մասնավորապես Դատարանը վճռում է, inter alia (ի թիվս այլնի), որ ՀՔԾ-ն կայացրել է կողմնակալ որոշում՝ հիմք ընդունելով ոստիկանության ծառայողների ցուցմունքները․ քննությունն սկսվել է միայն այն բանից հետո, երբ այդ մասին ծանուցել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը (տե՛ս վերևում՝ 7-րդ պարբերությունը)՝ չնայած այն փաստին, որ դիմումատուն մի քանի օր առաջ արդեն ներկայացրել էր իր պնդումները (տե՛ս վերևում՝ 3-րդ պարբերությունը)․ ՀՔԾ-ն դիմումատուի ենթադրյալ վատ վերաբերմունքի վերաբերյալ նյութերը պահանջել է տասը օր ուշացումով, մինչդեռ դիմումատուն հարցաքննվել է ՀՔԾ-ի կողմից նշված դեպքերից 25 օր անց․ որևէ ապացույց ձեռք չի բերվել դիմումատուի և սպանված անձի հարազատների միջև տեղի ունեցած ընդհարման վերաբերյալ․ քննության ընթացքում չի իրականացվել որևէ առերեսում․ մինչև 2012 թվականի ապրիլի 23-ը քննությունն իրականացվել է նույն քննիչի կողմից, որը վարել է դիմումատուի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, և որը հարցաքննել է դիմումատուին այն նույն ժամանակահատվածում, երբ (և այն նույն բաժնում, որտեղ) ցուցաբերվել է ենթադրյալ վատ վերաբերմունքը․ իսկ ՀՔԾ-ի՝ քրեական վարույթ նախաձեռնելու վերաբերյալ որոշումը դիմումատուին հանձնվել է 11 ամիս ուշացումով։

17. Դատարանը նշում է, որ թեև այդ որոշումից հետո հարուցվել է քրեական գործ, սակայն վերաբացված քննությունն իրականացվել է նույն կերպ։ ՀՔԾ-ն վարույթը դադարեցնելիս կրկին հիմնականում հիմք է ընդունել ոստիկանության ծառայողների ցուցմունքները, որոնք ակնհայտորեն անաչառ վկաններ չեն կարող դիտարկվել՝ չնայած այն փաստին, որ որևէ ապացույց ձեռք չի բերվել ի պաշտպանություն այն պնդումների, որ դիմումատուի վնասվածքները հասցվել են մինչև նրա ձերբակալությունը։ Թեև իրականացվել են մի շարք լրացուցիչ քննչական միջոցառումներ, սակայն պարզ է դառնում, որ դրանք միայն ձևական բնույթ են կրել և չեն ազդել քննիչի եզրահանգումների վրա։ Ամփոփելով՝ վերաբացված քննությամբ նախնական թերություններից որևէ մեկը չի վերացվել։

18. Վերոնշյալի լույսի ներքո հնարավոր չէ պնդել, որ մարմինների կողմից դիմումատուի նկատմամբ ցուցաբերված վատ վերաբերմունքի վերաբերյալ պնդումների քննությունն իրականացվել է անաչառ, ամբողջական և համարժեք կերպով, ինչպես պահանջվում է 3-րդ հոդվածով։

19. Ինչ վերաբերում է Կառավարության նախնական առարկությանը, Դատարանը համաձայն չէ Կառավարության հետ, որ Վերաքննիչ քրեական դատարանի 2013 թվականի օգոստոսի 26-ի որոշումը պետք է դիտարկել որպես «վերջնական որոշում»՝ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով։ Փաստորեն, ինչպես արդեն նշվել է վերևում, քննությունը վերաբացվել է որոշումից հետո, իսկ Դատարանի կարծիքով՝ մարմիններն ունեցել են հնարավորություն՝ իրականացնելու արդյունավետ քննություն և դիմումատուի նկատմամաբ վատ վերաբերմունքի համար պատասխանատու անձնաց կանգնեցնելու արդարադատության առջև, որը նրանք չեն արել։ Սակայն դիմումատուին չի կարելի մեղադրել այն բանի համար, որ նա սպասել է այդ քննության ավարտին մինչ Դատարան դիմելը։ Դրանից հետևում է, որ Կառավարության նախնական առարկությունը պետք է մերժվի։

20. Հետևաբար տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտում:

 

ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈԻՄԸ

 

21. Դիմումատուն պահանջել է 25 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 3 360 000 ՀՀ դրամ՝ Դատարանում կրած ծախսերի և ծախքերի համար։

22. Ի պատասխան՝ Կառավարությունը սահմանված ժամկետում չի ներկայացրել մեկնաբանություններ և դրանք ներառված չեն գործի նյութերում։

23. Դատարանը, հետևաբար, դիմումատուին շնորհում է 11 700 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ։

24. Հաշվի առնելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերը՝ Դատարանը ողջամիտ է համարում 2 000 եվրո շնորհել Դատարանում վարույթի ծախսերը ծածկելու համար՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ։

 

ԱՅՍ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՄԲ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ՝

 

1. Հայտարարում է գանգատն ընդունելի.

2. Վճռում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 3-րդ հոդվածի նյութաիրավական և դատավարական հայեցակետերի խախտում.

3. Վճռում է, որ՝

ա) պատասխանող պետությունը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի հետևյալ գումարները, որոնք պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով՝

i) ոչ նյութական վնասի դիմաց՝ 11 700 եվրո (տասնմեկ հազար յոթ հարյուր եվրո)՝ գումարած գանձման ենթակա ցանկացած հարկ,

ii) ծախսերի և ծախքերի դիմաց՝ 2 000 եվրո (երկու հազար եվրո)՝ գումարած դիմումատուից գանձման ենթակա ցանկացած հարկ.

բ) վերը նշված եռամսյա ժամկետի ավարտից հետո՝ մինչև վճարման օրը, պետք է հաշվարկվի վերոնշյալ գումարի նկատմամբ պարզ տոկոսադրույք՝ չկատարման ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած՝ լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքի չափով՝ գումարած երեք տոկոսային կետ.

4. Մերժում է դիմումատուի՝ արդարացի փոխհատուցման պահանջի մնացած մասը։

Կատարված է անգլերենով և գրավոր ծանուցվել է 2025 թվականի մայիսի 30-ին՝ համաձայն Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի։

 

Մարտինա Կելլեր

 

Քարտուղարի տեղակալ

Մարիա Էլոսեգի

Նախագահ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան