ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«14» հուլիս 2025 թվականի |
N 69-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲԺԻՇԿ-ԳԵՆԵՏԻԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել բժիշկ-գենետիկի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
14.07.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիս «14»-ի |
ԲԺԻՇԿ-ԳԵՆԵՏԻԿԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. Ընդհանուր դրույթներ
1. Բժիշկ-գենետիկն իրականացնում է մասնագիտական գործունեություն բժշկական գենետիկա մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Բժիշկ–գենետիկ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն բժիշկ-գենետիկի մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Բժիշկ–գենետիկը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ
4. Բժիշկ–գենետիկն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության բժիշկ–գենետիկ.
2) Առողջության առաջնային պահպանման ծառայության բժիշկ–գենետիկ.
3) Բժշկական գենետիկական ստորաբաժանման վարիչ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ
5. Բժշկական գիտելիքներ. բժիշկ-գենետիկը պետք է.
1) Իմանա գենետիկական հիվանդությունների գնահատմանը վերաբերող տերմինաբանությունը, ժառանգական և բնածին հիվանդությունների բնորոշումը և դասակարգման սկզբունքները.
2) Իմանա Հայաստանում բնածին և ժառանգական հիվանդությունների ազդեցությունը պերինատալ և մանկական մահացության և հաշմանդամության կառուցվածքի վրա.
3) Իմանա հիվանդության հայտնի կամ հավանական գենետիկական բաղադրիչները, ժառանգման ձևերը՝ Մենդելյան և ատիպիկ ժառանգում, ժառանգման տարբեր ձևերը տոհմածառում.
4) Կարողանա կատարել գենետիկական ռիսկի գնահատում.
5) Իմանա իմպրինտինգի և կրկնվող տրիպլետ մուտացիաների մեխանիզմները, սոմատիկ մուտացիաների մոլեկուլային հիմքերը և սոմատիկ քրոմոսոմային շեղումների հետևանքները.
6) Իմանա գենետիկական շեղումների էթիոլոգիան և ախտաբանաֆիզիոլոգիական հիմքերը.
7) Տարբերակի գենետիկական հիվանդություններին բնորոշ նշաններն ու ախտանիշները, բազմագործոնային հիվանդությունների (ժառանգական նախատրամադրվածությամբ) գենետիկական հիմքերը.
8) Տիրապետի փոփոխական էքսպրեսիվության, պենետրանտության, պլեոտրոպիայի, սոմատիկ կամ սեռական մոզաիցիզմի, նոր (de novo) մուտացիաների գաղափարներին.
9) Իմանա գենետիկական հիվանդությունների բնական ընթացքը.
10) Իմանա հազվադեպ գենետիկական հիվանդությունների առաջացման մեջ ժառանգականության դերը.
11) Իմանա հազվադեպ գենետիկական հիվանդությունների ախտորոշման մեջ ընտանեկան անամնեզի նշանակությունը.
12) Իմանա նախա- և հետծննդային ֆիզիկական զարգացման հապաղումով ընթացող գենետիկական համախտանիշները.
13) Իմանա նորածինների և վաղ մանկական տարիքի երեխաների մակրոսոմիան (արագացած ֆիզիկական զարգացումով ընթացող համախտանիշներ` Վիդեման-Բեկվիտի, Սոտոսի համախտանիշներ).
14) Իմանա նյարդամկանային հիվանդությունները և նեյրոդեգեներատիվ խանգարումները.
15) Իմանա մտավոր և վարքագծային խանգարումները.
16) Իմանա նյարդամաշկային խանգարումները, ներառյալ նեոնատալ շրջանում արտահայտվող գենոդերմատոզները` բուլյոզ էպիդերմոլիզ, իխթիոզ, Բլոխ-Սուլցբերգերի համախտանիշ.
17) Տարբերակի բնածին արատները. էմբրոֆետոպաթիաներ, «զարգացման բնածին արատ» հասկացության բնորոշումը, իզոլացված, համակարգային և բազմակի բնածին արատները (ԲԲԱ), լետալ ԲԲԱ համախտանիշները, նեոնատալ շրջանում ինտենսիվ բուժում պահանջող ԲԲԱ համախտանիշները, վիրաբուժական միջամտության ենթակա սուր շնչական անբավարարության (ստոծանու ճողվածք, խոանների ատրեզիա, կարճ կողի-պոլիդակտիլիայի համախտանշներ), աղեստամոքսային համակարգի (կերակրափողի ատրեզիա, անուսի և ուղիղ աղու ատրեզիա, աղիքի ատրեզիա), սիրտ-անոթային, միզասեռական համակարգերի, ողնաշարի և գլխուղեղի բնածին արատները.
18) Իմանա քրոմոսոմային համախտանիշները. Դաունի, Էդվարդսի և Պատաուի համախտանիշները, սեռական քրոմոսոմների անոմալիաները (Տերների, Կլայնֆելտերի համախտանիշներ, X և Y պոլիսոմիաներ), քրոմոսոմային խաթարումների համախտանիշները (կատվի ճիչ համախտանիշ և այլն), միկրոդելեցիոն համախտանիշները (Միլեր-Դիկերի, Դի-Ջորջիի), լետալ քրոմոսոմային համախտանիշները.
19) Կարողանա տարբերակել կմախքի համակարգային դիսպլազիաները, չավարտված օստեոգենեզը.
20) Իմանա աուտոբորբոքային համախտանիշները.
21) Իմանա նյութափոխանակության բնածին խանգարումները. նորածինների շրջանում մալաբսորբցիայի համախտանիշով սկսվող նյութափոխանակության ժառանգական հիվանդություններ, ֆենիլկետոնուրիա, հիպոթիրեոզ, բնածին ադրենոգենիտալ համախտանիշ, գալակտոզեմիա, ածխաջրատների (մոնո և դիսախարիդներ) անտանելիություն, մուկովիսցիդոզ.
22) Տարբերակի ժառանգական քաղցկեղային համախտանիշները.
23) Տարբերակի արյունաբանական խանգարումները.
24) Իմանա երիկամային հիվանդությունները.
25) Իմանա սիրտ-անոթային հիվանդությունները. մեկուսացված սրտի արատներ և սրտի արատների հետ զուգակցված առավել հաճախ հանդիպող գենետիկական համախտանիշներ.
26) Իմանա հիպերխոլեստերոլեմիաների մասին.
27) Իմանա էնդոկրին հիվանդությունները.
28) Իմանա վերարտադրողական ֆունկցիայի խանգարման հիվանդությունները.
29) Տարբերակի ժառանգական հիվանդությունների մանկաբուժական հիմնական դրսևորումները և գենետիկական շեղումներին բնորոշ նշանները.
30) Իմանա իրականացվող գենետիկական հետազոտությունների պայմանները.
31) Իմանա սքրինինգի և ախտորոշիչ թեստերի տարբերակումը.
32) Իմանա իրականացվող հետազոտությունների տեխնիկական միջոցները, ռիսկերը, սահմանափակումները և օգուտը, անալիտիկ ճշգրտությունը, կլինիկական ճշգրտությունը և կիրառելիությունը.
33)Իմանա քրոմոսոմային վերլուծության տեխնիկան տարբեր հյուսվածքներում.
34) Իմանա ստանդարտ և մոլեկուլային բջջագենետիկական հետազոտության տեխնիկան.
35)Իմանա ընդհանուր մոլեկուլային գենետիկական տեխնիկան.
36)Իմանա նոր դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) տեխնոլոգիաների կիրառման և կլինիկական արդիականության մասին.
37) Տարբերակի գենետիկական և գենոմային թեստերը.
38) Իմանա գենետիկական նախատրամադրվածության որոշման հնարավորությունները բազմագործոնային հիվանդությունների դեպքում.
39) Իմանա ֆարմակոգենետիկական հետազոտության կիրառությունները, ներառյալ անհատականացված բուժօգնության հիմքերը՝ հիմնված անձի գենոմային առանձնահատկությունների վրա.
40)Իմանա գենետիկական խորհրդատվության ուղեգրման ցուցումները.
41) Իմանա գենետիկական խորհրդատվության անուղղակի և չուղղորդված սկզբունքները.
42) Իմանա գենետիկական խորհրդատվության ռետրոսպեկտիվ և պրոսպեկտիվ սկզբունքները.
43) Իմանա գործոնները, որոնք ազդեցություն ունեն գենետիկական խորհրդատվության պրոցեսի վրա, ներառյալ պացիենտի և ընտանիքի անդամների մտավախությունները, մշակութային, կրոնական և էթնիկ գործոնները, արյունակցական ամուսնությունները, նախածննդային ախտորոշումը.
44) Տեղյակ լինի գենետիկական ախտորոշումների հարցում ընտանիքի դերի մասին.
45) Իմանա գործոնները, որոնք ազդեցություն ունեն գենետիկական խորհրդատվության պրոցեսի վրա, ներառյալ պրոբանդի և ընտանիքի անդամների մտավախությունները, մշակութային, կրոնական և էթնիկ գործոնները, արյունակցական ամուսնությունները, նախածննդային ախտորոշումը.
46) Տեղյակ լինի նյութափոխանակության բնածին խանգարումներով չափահաս տարիքի հիվանդների կլինիկական և վերարտադրողական խնդիրների մասին.
47) Իմանա նախածննդային գենետիկական ախտորոշման մեթոդները և տեխնոլոգիաները.
48) Իմանա կանխարգելիչ հատուկ գենետիկական թեստավորման պայմանները.
49)Իմանա բժշկական գենետիկայում բժշկական անճշտության տարբեր տեսակների մասին.
50) Իմանա ժառանգական հիվանդությունների բուժման և ռեաբիլիտացիայի հիմնական սկզբունքները.
51) Իմանա գենետիկական սքրինինգի և գենետիկական հիվանդությունների կանխարգելման սկզբունքները.
52) Տեղյակ լինի առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ցուցումներին՝ սքրինինգային ծրագրերի ներդրման վերաբերյալ և դրանց սահմանափակումները.
53) Իմանա հաստատված չափորոշիչներին համապատասխանող հիվանդությունների սքրինինգի հնարավոր կիրառությունը.
54) Իմանա ազգաբնակչության գենետիկական առանձնահատկությունները, համաճարակաբանությունը, ներառյալ մուտացիաների սպեկտրը, հիվանդությունների տարածվածությունն ու հաճախականությունը.
55) Տեղյակ լինի գործող միջազգային սքրինինգային ծրագրերին, ներառյալ նախածննդային և հետծննդային ծրագրերը.
56) Տեղյակ լինի գենետիկական հիվանդությունների ազգային սքրինինգային ծրագրերին, ընթացիկ արդյունքներին և արդյունավետությանը՝ հանրային առողջապահության բարելավման համար.
57) Իմանա գենետիկական ռեգիստրը և դրա գործնական կիրառումը, տվյալների հավաքագրման մեթոդները և սահմանափակումները.
58) Իմանա գենետիկական հիվանդությունների սքրինիգային ծրագրի ներդրմանը նպաստող այլ գործոնները.
59) Իմանա գենետիկական սքրինինգի և նախածննդային ախտորոշմանն առընչվող էթիկական, իրավական, սոցիալական և մշակութային հարցերը.
60) Կարողանա կատարել պացիենտի առողջությանը վերաբերվող բժշկական տեղեկությունների և փաստաթղթերի հավաքագրում, այդ թվում, արտաքին ազդեցությունների և կիրառված դեղամիջոցների, հակաբեղմնավորիչների և հղիությունների պատմության, հիվանդության կանխարգելման և սքրինինգի մասնակցության վերաբերյալ, պացիենտի կենսապայմանների, գործունեության և ընտանեկան կարգավիճակի մասին և այլն.
61) Կարողանա ուսումնասիրել և ախտորոշել բուժառուների գենետիկական խանգարումները, գնահատել ժառանգական գործոնները և առանձնահատկությունները, որոնք կարող են ազդեցություն ունենալ մարդու առողջության և զարգացման վրա.
62) Կարողանա իրականացնել գենետիկական խորհրդատվություն և մշակի բուժման և կանխարգելման անհատական պլան՝ գենետիկական հիվանդություններ կամ ժառանգական ռիսկեր ունեցող բուժառուների համար:
63) Կարողանա ցուցաբերել ներգրավվածություն գենետիկական հիվանդությունների ախտորոշման և բուժման նոր մեթոդների հետազոտման և մշակման գործընթացում:
64)Կարողանա գրանցել գենետիկական ուղղվածությամբ ընտանեկան պատմությունը՝ կիրառելով ստանդարտ տոհմածառային նոմենկլատուրան.
65)Կարողանա ստանալ գրավոր համաձայնություն բոլոր միջամտությունների համար.
66) Կարողանա նկարահանում իրականացնել կլինիկական օգտագործման նպատակով.
67) Կարողանա կատարել ընդհանուր ֆիզիկական զննում անհրաժեշտ ծավալով, ներառյալ համախտանիշային վերլուծությունը.
68) Կարողանա իրականացնել լրացուցիչ կլինիկական հետազոտություններ կամ դրանց նպատակով ուղեգրում կատարել նեղ մասնագետի մոտ.
69) Կարողանա կիրառել բժիշկ-գենետիկի պրակտիկ գործունեությանը և դրա բարելավմանն ուղղված եվրոպական և միջազգային ուղեցույցները.
70) Կարողանա բացահայտել տարբեր դիսմորֆոլոգիական առանձնահատկությունները.
71) Կարողանա որոշել պրոբանդի և ծնողների (շեղումների առկայության դեպքում) անտրոպոմետրիկ տվյալները, իրականացնել պրոբանդի և ծնողների, սիբսերի (շեղումների առկայության դեպքում) մանրամասն կլինիկական զննում.
72) Կարողանա որոշել կլինիկական ախտորոշման ճշգրտությունը և, եթե անհրաժեշտ է, իրականացնել լրացուցիչ կլինիկական հետազոտություն` հստակ ախտորոշման նպատակով.
73) Կարողանա վերլուծել հասանելի բժշկական, ընտանեկան և անհատական տեղեկատվությունը` համապատասխան գենետիկական ռիսկի գնահատման համար.
74) Կարողանա կազմել գենետիկական քարտեր, ներառյալ.
ա. մանկաբարձական անամնեզի հավաքագրում, նախորդ հղիությունների ելքի վերաբերյալ տեղեկությունների հավաքագրում.
բ. պերինատալ անամնեզի, պրոբանդով հղիության և ծննդաբերության ընթացքի վերաբերյալ տվյալների հավաքագրում.
գ. ոչ պակաս քան չորս սերնդի տոհմածառի կազմում.
դ. տվյալ գենետիկական հիվանդության բոլոր հնարավոր ժառանգման ձևերի և դրանց հիմքում ընկած մեխանիզմների հիմնավորում.
75) Կարողանա հավաքագրել, գնահատել և կիրառել առկա տեղեկատվությունը կոնկրետ գենետիկական հիվանդության վերաբերյալ.
76) Կարողանա իրականացնել տվյալների առաջնային աղբյուրի հավաստիության գնահատում, ժառանգական հիվանդության կրկնման ռիսկի էմպիրիկ, առկա և կրկնվող ռիսկերի հաշվարկ.
77) Կարողանա ձևակերպել ժառանգական հիվանդությունների տարբերակիչ ախտորոշման տիրույթը.
78) Կարողանա ներկայացնել գործընկերներին և քննարկել այն դեպքերը, որոնք դեռևս չեն ախտորոշվել.
79) Կարողանա համագործակցել կլինիկաների հետ, որոնք ունեն մասնագիտական խորհրդատվության և ախտորոշման կարիք.
80) Կարողանա ստանալ գենետիկական թեստավորման համար իրազեկված համաձայնություն.
81) Կարողանա կատարել արյան, բերանի լորձաթաղանթի բջիջների, մազարմատի նմուշառում, մաշկի բիոպսիա.
82) Կարողանա կիրառել ընդհանուր մեթոդներ` նյութափոխանակության բնածին շեղումների կենսաքիմիական ախտորոշման համար.
83) Կարողանա կատարել անպտղությամբ տառապող անհատի կամ զույգի, հղիության կրկնվող ինքնաբեր վիժումներով և բարդացած մանկաբարձական անամնեզով դեպքերի գենետիկական թեստավորում և ախտորոշում.
84) Կարողանա կատարել նախածննդային գենետիկական ախտորոշում, ներառյալ.
ա. Հայաստանում նախածննդային ախտորոշման համակարգի կազմակերպման սկզբունքները.
բ. նախածննդային ախտորոշման մեթոդները.
գ. նախածննդային ախտորոշման ոչինվազիվ մեթոդները.
դ. հղիների կենսաքիմիական սքրինինգը` հնարավորությունները, մեթոդները, մարկերները.
ե. հղիների ուլտրաձայնային սքրինինգը պտղի մոտ քրոմոսոմային համախտանիշների և զարգացման արատների հայտնաբերման առումով.
զ. նախածննդային ախտորոշման ինվազիվ մեթոդները (խորիոնի թավիկների բիոպսիա, ամնիոցենտեզ, կորդոցենտեզ)` ցուցումները, կատարման ժամկետները.
է. պրեիմպլանտացիոն գենետիկական ախտորոշման գաղափարը.
85) Կարողանա հիմնավորել տվյալ հիվանդությանը վերաբերող գենետիկական թեստերի իրականացման անհրաժեշտությունը և կիրառելիությունը.
86) Կարողանա պացիենտին տրամադրել տեղեկատվություն գենետիկական թեստերի օգուտի և ռիսկերի վերաբերյալ՝ մինչև գենետիկական թեստավորման համար իրազեկված համաձայնության ստացումը.
87) Կարողանա ընտրել պրոբանդի և/կամ նրա ընտանիքի անդամների անհրաժեշտ մոլեկուլային գենետիկական (բջջագենետիկական) կենսաքիմիական հետազոտման տիրույթը կամ հետազոտման այլ անհրաժեշտ մեթոդները.
88) Կարողանա հիմնավորել ժառանգական հիվանդության թեստավորման լավագույն ռազմավարությունը՝ ելնելով առկա բժշկական և ընտանեկան պատմությունից և ֆիզիկական հետազոտման արդյունքներից.
89) Կարողանա պահպանել աշխատանքային անվտանգության կանոնները.
90) Կարողանա վերլուծել և պարզաբանել լաբորատոր թեստերի արդյունքները՝ հաշվի առնելով թեստի զգայունությունը.
91) Կարողանա օգտագործել բջջագենետիկական միջազգային ուղեցույցը և ստանդարտ մուտացիաների դասակարգումը.
92) Կարողանա մեկնաբանել ոչ նորմալ կարիոտիպի, ոչ նորմալ նուկլեոտիդային փոփոխականության և ֆերմենտների անբավարարության կլինիկական հետևանքները.
93)Կարողանա վերլուծել և մեկնաբանել գենոմային հետազոտությունների արդյունքները.
94) Կարողանա մեկնաբանել ֆարմակոգենետիկական թեստավորման արդյունքները.
95)Կարողանա վերլուծել հետազոտությունների արդյունքները կլինիկական նշանակության տեսանկյունից՝ անհրաժեշտության դեպքում խորհրդակցելով մոլեկուլային և բջջագենետիկական լաբորատորիաների մասնագետների հետ.
96) Կարողանա իրականացնել Բայեսի հաշվարկը, գենետիկական ռիսկի գնահատման համար օգտագործելով գենետիկական, գենոմային և ոչ գենետիկական տվյալները.
97) Կարողանա հիմնավորել նոր Դեզօքսիռիբոնուկլեինաթթու (ԴՆԹ) տեխնոլոգիաների օգտագործման արդյունավետությունը և ճիշտ կիրառել դրանք.
98) Կարողանա գնահատել անորոշ նշանակության գենետիկական փոփոխությունների նշանակությունը.
99) Կարողանա իրականացնել տարբերակիչ ախտորոշում, հիմնվելով անձնական բժշկական, ընտանեկան պատմության, ֆիզիկական հետազոտման և լաբորատոր ախտորոշման արդյունքների վրա` բացառելով նմանատիպ հիվանդությունները և ֆենոկոպիաները.
100) Կարողանա մեկնաբանել գենետիկական թեստերի անճշտությունները և սահմանափակումները՝ ինչպես սքրինինգային, այնպես էլ ախտորոշիչ նպատակներով իրականացվող հետազոտությունների ժամանակ.
101) Կարողանա մեկնաբանել թեստի արդյունքները և քննարկել այդ արդյունքների գործնական նշանակությունը պրոբանդի և նրա հարազատների հետ.
102) Կարողանա կատարել գենետիկական խորհրդատվության պլանավորում.
103) Կարողանա իրականացնել գենետիկական խորհրդատվությունը պլանավորված ընթացքով.
104) Կարողանա կատարել գենետիկական թեստավորման արդյունքների և տարբերակիչ ախտորոշման ներկայացում.
105) Կարողանա տրամադրել գենետիկական/գենոմային թեստավորման արդյունքները, ներառյալ գենետիկական հիվանդության վերաբերյալ տեղեկատվությունը, տոհմաբանական վերլուծությունը և գենետիկական ռիսկի գնահատումը.
106) Կարողանա մեկնաբանել պրոբանդի կամ ռիսկի տակ գտնվող անհատի համար գենետիկական հիվանդության կլինիկան, առաջացման գենետիկական հիմքերը, ժառանգման առանձնահատկությունները, ստացված թեստի արդյունքները և գենետիկական ռիսկի գնահատումը.
107) Կարողանա մեկնաբանել պրոբանդի և նրա ընտանիքի անդամների համար գենետիկական և կլինիկական ինֆորմացիան և դրա հետ կապված առողջական ռիսկերը.
108) Կարողանա մեկնաբանել գենետիկական կամ գենոմային թեստավորման ժամանակ երկրորդային (չթիրախավորված) բացահայտումների նշանակությունը.
109) Կարողանա հոգեբանական աջակցություն ցուցաբերել պացիենտին և/կամ նրա ընտանիքի անդամներին.
110) Կարողանա հավաքագրել պերինատալ անամնեզի, պրոբանդով հղիության ընթացքի և ծննդաբերության վերաբերյալ տվյալներ.
111) Կարողանա պատրաստել գենետիկական եզրակացություն` պրոբանդի հետագա վարման, վերահսկողության և ընտանիքի անդամների սքրինինգի նպատակահարմարության, կանխորոշման, կանխարգելման, ցուցումների, բուժման ժամանակակից եղանակների, ընտանիքի հետագա պլանավորման վերաբերյալ.
112) Կարողանա հիվանդներին ուղեգրել մասնագետների խորհրդատվության՝ ըստ անհրաժեշտության.
113) Կարողանա կատարել նյութափոխանակության բնածին խանգարումներով ծնված երեխաների համատեղ վարում և քրոնիկական ընթացքի վերահսկողություն.
114) Կարողանա կատարել ընտանիքի անդամների մոտ կանխորոշիչ գենետիկական ախտորոշման նշանակում, արդյունքների մեկնաբանում և կանխարգելման պլանի մշակում.
115) Կարողանա կատարել նախածննդային գենետիկական ախտորոշման արդյունքների մեկնաբանում և կանխարգելման պլանի մշակում.
116) Կարողանա գնահատել պրոբանդի հիվանդության զարգացման և բուժման հնարավոր ելքը.
117) Կարողանա հիմնավորել թեստի արդյունքների հիման վրա պրոբանդի հետագա վարման, վերահսկողության և ընտանիքի անդամների մոտ հիվանդության սքրինինգի, հնարավոր կանխորոշման և վարման տարբերակները վերարտադրողական, նախածննդային, մանկական և չափահաս տարիքի գենետիկական հիվանդությունների դեպքում.
118) Կարողանա մշակել և քննարկել պրոբանդի վարման և խնամքի հարցերը պրոբանդի, ընտանիքի անդամների և խնամքի մեջ ներգրավված անձանց հետ.
119) Կարողանա հիմնավորել հիվանդության գենետիկական ռիսկի վաղ բացահայտման կարևորությունը, միջավայրի և կենսակերպի մոդիֆիկացնող գործոնների ազդեցությունը գենետիկական ախտորոշման կամ գենետիկական նախատրամադրվածության վրա.
120) Կարողանա հիմնավորել նյութափոխանակության բնածին խանգարումների դեպքում բուժման պարտադիր պայմանները հիվանդության վարման (հիվանդության կենսաքիմիական հիմքերին ուղղված բուժում) և բժշկական հսկողության (ներառյալ ախտանշանային բուժում, այլ բժշկական և վիրաբուժական միջամտություններ) դեպքում.
121) Կարողանա հիմնավորել և պլանավորել ուշ զարգացող նեյրոդեգեներատիվ հիվանդությունների կանխարգելիչ նախաախտանշանային հետազոտությունները.
122) Կարողանա մեկնաբանել գերմինալ և սոմատիկ մուտացիաների դերը (ներառյալ քաղցկեղի դեպքում) և համապատասխան գենետիկական թեստավորման նշանակումը.
123) Կարողանա քննարկել պրոբանդի և նրա ընտանիքի անդամների հետ ժառանգական հիվանդությունը, կրկնման հավանականությունը և ռիսկի նվազեցման հնարավոր ուղիները.
124) Կարողանա տրամադրել գենետիկական խորհրդատվություն գենետիկական խորհրդատվության կամ սկրինինգի արդյունքում գենետիկական հիվանդությունն ախտորոշված պացիենտի ընտանիքին և կիրառել կլինիկական, խորհրդատվական վարում և վերահսկողություն.
125) Կարողանա պլանավորել ընտանիքում ժառանգական հիվանդության հանդիպման կամ կրկնման կանխարգելումը, ներառյալ.
ա. նախածննդային ախտորոշման հնարավորության և անհրաժեշտության բացատրումը և հիմնավորումը.
բ. նախածննդային ախտորոշման տարբեր եղանակների և մեթոդների ցուցումները, և սահմանափակումները, նախածննդյան ախտորոշման օպտիմալ ռազմավարության ընտրությունը.
126) Կարողանա հիմնավորել վերարտադրողական առողջության խնդիրների հնարավոր լուծման տարբերակները` գենետիկական խորհրդատվության, նախածննդային թեստավորման կամ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով.
127) Կարողանա մեկնաբանել հղի կնոջ արյան և ուլտրաձայնային հետազոտությունների արդյունքները և տրամադրել խորհրդատվություն հնարավոր նորմալ և ոչ նորմալ արդյունքների վերաբերյալ.
128) Կարողանա մեկնաբանել և պարզ ներկայացնել առկա բժշկական անճշտությունները որպես գիտական ապացույցների անբավարարության պատճառ.
129) Կարողանա իրականացնել հաճախ հանդիպող գենետիկական հիվանդությունների կրողների սքրինինգային ծրագրեր.
130) Կարողանա կատարել գենետիկական ռեգիստրներում անձնական և բժշկական տվյալների գրանցում.
131) Կարողանա վերլուծել և գնահատել հիվանդների անհատական ռիսկի գործոնները.
132) Կարողանա մեկնաբանել սքրինինգային թեստերի զգայունությունը, յուրահատկությունը և կանխարգելիչ արժեքը.
133) Կարողանա հիմնավորել սքրինինգային ծրագրերի արդյունքները և դրանց օգուտը.
6. Բժշկական hատուկ գիտելիքներ. բժիշկ-գենետիկը պարտավոր է․
1) Ունենալ բուժկանխարգելիչ և սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքների վարման սկզբունքների իմացություն.
2) Ունենալ բժշկական օգնության որակի և անվտանգության ապահովման ցուցանիշների իմացություն ու դրանց ապահովման կարողություն.
3) Կարողանալ իրականացնել տերմինալ իրավիճակների ճանաչումն ու ախտորոշումը, ինչպես նաև` ունենալ առաջին և շտապ բուժօգնության տրամադրման սկզբունքների իմացություն.
4) Ունենալ արտակարգ իրավիճակներում աշխատանքի կազմակերպման առանձնահատկությունների, բուժտարհանման միջոցառումների իրականացման հմտությունների իմացություն.
5) Ունենալ բժշկական փաստաթղթերի հետ պատշաճ աշխատանքի սկզբունքների իմացություն:
4. Այլ հմտություններ
7. Բժիշկ-գենետիկը պետք է ունենա.
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. Ընդհանուր ունակություններ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. բժիշկ–գենետիկը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. բժիշկ–գենետիկը պետք է կարողանա.
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն
10. Բժիշկ–գենետիկը պետք է կարողանա.
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն.
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ Բժիշկ-գենետիկի իրավունքները և պարտականությունները
11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են բժիշկ–գենետիկի վրա։
8․ Կոմպետենտությունների մակարդակները բժշկական գենետիկա մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում
12․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքոմ ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի.
13․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներ են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել.
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում.
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ).
Աղյուսակ
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|