ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 70-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 18.07.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.07.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«14» հուլիս 2025 թվականի

N 70-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐը հաստատելու ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մանկաբույժի մասնագիտական բնութագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

14.07.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիս «14»-ի

թիվ 70-Ն հրամանի

 

ՄԱՆԿԱԲՈՒՅԺԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Մանկաբույժն իրականացնում է մասնագիտական գործունեություն մանկաբուժության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, վերականգնողական, առողջարանային, կրթական և սոցիալական խնամքի ապահովման ծառայություններում:

2. Մանկաբույժ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում մանկաբուժություն կամ բուժական գործ, կամ ընդհանուր պրակտիկայի մանկաբույժի մասնագիտությամբ և հետդիպլոմային կրթություն ընդհանուր մանկաբուժություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Մանկաբույժը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ

 

4. Մանկաբույժն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկաբույժ, կլինիկական մանկաբույժ.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության մանկաբույժ, ընդհանուր պրակտիկայի մանկաբույժ.

3) Մանկաբուժական բաժանմունքի կամ ծառայության ղեկավար.

4) Ցերեկային ստացիոնարի մանկաբույժ.

5) Կրթական և սոցիալական խնամքի հաստատություններում երեխաներին բժշկական օգնության ցուցաբերման բաժանմունքի կամ ծառայության մանկաբույժ.

6) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):

 

3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ

 

5. Բժշկական ընդհանուր գիտելիքներ և հմտություններ. մանկաբույժը պետք է՝

1) Ունենա արդի բժշկության և ապացուցողական բժշկության հիմունքների իմացություն.

2) Ունենա Հայասատանի Հանրապետության Առողջապահության նախարարության հիմնական ուղեցույցների, նպատակային ծրագրերի մասին տեղեկացվածություն․

3) Ունենա երեխաների բժշկական օգնության և խնամքի Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնարար մոտեցումների և ուղեցույցների իմացություն.

4) Տիրապետի Հիվանդությունների միջազգային դասակարգմանը (ՀՄԴ)․

5) Տիրապետի բժշկական օգնության որակի և անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներին.

6) Տիրապետի բժշկական հաստատությունում աշխատանքի անվտանգության կանոններին․

7) Ունենա ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և կառավարման սկզբունքների իմացություն․

8) Տիրապետի աղետների բժշկության հիմնական գիտելիքներին.

9) Տիրապետի մանկաբուժական օգնության ցուցաբերման կանոնակարգերին, գործելակարգերին և կլինիկական հանձնարարականներին՝ ըստ հիվանդությունների.

10) Իմանա երեխաների և դեռահասների անատոմա-ֆիզիոլոգիական և տարիքա-սեռային առանձնահատկությունները, ներառյալ՝ երեխաների զարգացումը.

11) Իմանա երեխաների օրգան-համակարգերի գործունեության ֆունկցիոնալ առանձնահատկությունները նորմայում և ախտաբանական պրոցեսների ժամանակ.

12) Իմանա հիվանդությունների ծագումնաբանությունը և ախտածնությունը.

13) Իմանա հիվանդությունների ժամանակակից դասակարգումը, մանկական տարիքի հիմնական հիվանդությունների կլինիկական ախտանշաբանությունը և սահմանային վիճակները.

14) Իմանա երեխաների հիվանդությունների հիմնական նոզոլոգիական ձևերի և պաթոլոգիկ վիճակների կլինիկական և հարկլինիկական ախտորոշման ժամանակակից եղանակները.

15) Տիրապետի երեխաների, դեռահասների և նրանց ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հետ շփման հմտություններին.

16) Իմանա անամնեզի հավաքագրման եղանակները և դրա առանձնահատկությունները տարբեր տարիքային խմբերում.

17) Կարողանա իրականացնել երեխաների զննումը, վիճակի կլինիկական գնահատումը և ախտորոշումը, ներառյալ կենսական ցուցանիշների արագ գնահատումը, մեկնաբանումը և տեսակավորումը.

18) Ունենա երեխաների հիվանդությունների բարդությունների կլինիկական պատկերի, ընթացքի առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքներ.

19) Իմանա երեխաների հիվանդությունների լաբորատոր-գործիքային ախտորոշման ժամանակակից եղանակների կիրառման ցուցումները, դրանց արդյունքների մեկնաբանումը.

20) Կարողանա իրականացնել երեխաների կրկնակի զննումները՝ անհրաժեշտության դեպքում, համաձայն գործող չափորոշիչների.

21) Կարողանա հիմնավորել և պլանավորել երեխաներին նեղ մասնագետների մոտ խորհրդատվության ուղեգրման անհրաժեշտությունը.

22) Կարողանա մեկնաբանել մասնագետների կողմից երեխաների լրացուցիչ խորհրդատվությունների արդյունքները.

23) Կարողանա օգտվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներից.

24) Տիրապետի հիվանդությունների ախտորոշման, բուժման և հիվանդների վարմանն առնչվող համակարգչային ծրագրերին.

25) Կարողանա մեկնաբանել և ներկայացնել հետազոտության արդյունքները երեխայի ծնողների, խնամակալների համար.

26) Ունենա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Միացյալ ազգերի կազմակերպության «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի, «Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի օրենսդրության վերաբերյալ իմացություն.

6. Բժշկական հատուկ գիտելիքներ և հմտություններ․ մանկաբույժը պետք է՝

1) կարողանա իրականացնել նորածինների, երեխաների և դեռահասների կանխարգելիչ այցերի կազմակերպում, կանխարգելիչ զննումներ՝ համապատասխան Հայաստանի Հանրապետության սանիտաչական նորմերի չափորոշիչների.

2) Ունենա տարբեր տարիքային խմբերում երեխաների աճի, դրա սեռատարիքային առանձնահատկությունների իմացություն,

3) Կարողանա իրականացնել աճի հսկողություն, շեղումների դեպքում ուղեգրել մասնագիտական ծառայություններ.

4) Ունենա երեխաների սնուցման հիմունքների իմացություն և կարողանա տրամադրել խորհրդատվություն, ներառյալ՝ կրծքով կերակրումը և առողջ սննդակարգը տարբեր տարիքային խմբերում.

5) Ունենա երեխաների վաղ զարգացման հիմունքերի իմացություն․

6) Կարողանա իրականացնել զարգացման սկրինինգներ՝ գործող չափորոշիչներին համապատասխան․

7) Կարողանա զարգացման վերաբերյալ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին տրամադրել խորհրդատվություն․

8) Կարողանա իրականացնել շեղումների հայտնաբերում և ուղեգրում մասնագիտական ծառայություններ.

9) Կարողանա իրականացնել դեռահասների ֆիզիկական, հոգեսոցիալական զարգացման և սեռական հասունացման գնահատում, խորհրդատվության տրամադրում դեռահասներին, ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, ներառյալ վնասակար սովորությունների (ծխախոտ, թմրանյութեր, համակարգիչների և գաջետների չարաշահում) և բռնության կանխարգելման վերաբերյալ.

10) Ունենա երեխաների մոտ վարակիչ հիվանդությունների սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ կանխարգելման առանձնահատկությունների, ազգային իմունկանխարգելման ծրագրի և օրացույցի իմացություն, ներառյալ կանխարգելիչ և համաճարակային շրջանի պատվաստումները, տիրապետի դրանց կիրառման ցուցումներին, հակացուցումներին և բարդություններին, պատվաստումների կազմակերպմանը, իրականացնի հետագա հսկողության, անցանկալի կողմնակի հետևանքների հաշվառում և հաղորդագրում.

11) Կարողանա տրամադրել խորհրդատվություն նորածինների, երեխաների և դեռահասների պատշաճ խնամքի ու առողջ կենսակերպի ձևավորման վերաբերյալ (սնունդ, քուն, օրվա ռեժիմ, ֆիզիկական ակտիվություն), ներառյալ՝ ծնողական կրթության դասընթացների կազմակերպման միջոցով, իրականացնել արդյունավետության հսկողություն.

12) Ունենա երեխաների հիվանդությունների, աճի, հոգեշարժական զարգացման, սեռական հասունացման խանգարումների վաղ հայտնաբերման, ախտորոշման, ներառյալ՝ լաբորատոր և գործիքային ախտորոշման եղանակների իմացություն և իրականացման կարողություն, ներառյալ՝ հասցեագրված ուղեգրում համապատասխան նեղ մասնագետներին.

13) Կարողանա իրականացնել երեխաների վարման, բուժման պլանի մշակում՝ հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը, համաձայն Հայասատանի Հանրապետության Առողջապահության նախարարության կողմից հաստատված չափորոշիչների, գործելակարգերի և ուղեցույցների ու արդի բժշկագիտության մոտեցումների.

14) Կարողանա կատարել դեղորայքային բուժման նշանակում՝ հիմնվելով դեղերի ազդեցության մեխանիզմների, դրանց կիրառման ցուցումների և հակացուցումների, բարդությունների իմացության վրա, հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը, սեռատարիքային առանձնահատկությունները, ղեկավարվելով հաստատված չափորոշիչներով և ուղեցույցներով, իրականացնել դրա արդյունավետության գնահատում.

15) Կարողանա կատարել ոչ դեղորայքային բուժման նշանակում, ներառյալ վերականգնողական անհատական ծրագրերի վերաբերյալ իմացություն, իրականացում և հսկում․

16) Կարողանա պլանավորել և իրականացնել զարգացման խանգարումներ և հաշմանդամություն ունեցող երեխաների և դեռահասների վերականգնման անհատական ծրագրերը․

17) Ունենա քրոնիկական, կրկնվող հիվանդություններով երեխաների վարման, վերականգնման, դիսպանսեր հսկողության, առողջարանային բուժման հիմունքների, ազդեցության մեխանիզմների, ցուցումների և հակացուցումների իմացություն և կարողանա դրանք իրականացնել և գնահատել դրանց արդյունավետությունը.

18) Տիրապետի մանկաբուժական պալիատիվ բուժօգնության հիմունքներրին, խնամքի իրականացմանը.

19) Կարողանա իրականացնել համապատասխան սննդակարգի նշանակում` ըստ երեխաների տարիքի և հիվանդության կլինիկական պատկերի.

20) Կարողանա իրականացնել երեխաների խնամքի վերաբերյալ խորհրդատվություն և կազմակերպում՝ հաշվի առնելով տարիքը և հիվանդության առանձնահատկությունները.

21) Տիրապետի արտահիվանդանոցային և հիվանդանոցային պայմաններում երեխաների անհետաձգելի օգնության, ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կազմակերպման ու իրականացման սկզբունքներին և բժշկական օգնության ցուցաբերի.

22) Կարողանա ներկայացնել բուժման պլանը՝ երեխային, դեռահասներին, վերջիններիս ծնողներին, կամ այլ օրինական ներկայացուցչին.

23) Ունենա երեխաների բժշկական օգնոթյանը վերաբերվող Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշումների, Առողջապահության նախարարության հրամանների և այլ իրավական փաստաթղթերի իմացություն, ներառյալ՝ համապատասխան էլեկտրոնային հարթակների իմացություն և կիրառում.

24) Տիրապետի բժշկական օգնության և սսպասարկման որակի չափորոշիչներին և պահպանի դրանք.

25) Կարողանա իրականացնել միջին և կրտսեր բուժանձնակազմի աշխատանքի, նշանակումների կատարման հսկողություն, ներառյալ հակահամաճարակային միջոցառումների իրականացումը.

26) Կարողանա կազմել աշխատանքային պլաններ, վարել առողջապահական մարմինների և բժշկական կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող իրավական փաստաթղթեր․

27) Կարողանա իրականացնել վիճակագրական հաշվառում, հաշվետվական բժշկական փաստաթղթերի վարում, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով.

28) Կարողանա ներկայացնել բժշկական հաստատության գործունեության հաշվետվության համար բժշկա-վիճակագրական ցուցանիշները.

29) Կարողանա իրականացնել տեղեկատվական-վերլուծական համակարգերում աշխատանք (առողջապահության միասնական պետական տեղեկատվական համակարգ)․

30) Կարողանա իրականացնել երեխաների շրջանում հիվանդացության, հաշմանդամության և մահացության ցուցանիշների վերլուծություն.

31) Կարողանա կազմակերպել երեխաների անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը․

32) Մասնակցի հակահամաճարակային միջոցառումներին, վարակի օջախի առաջացման դեպքում անցկացնի հակահամաճարակային միջոցառումներ․

33) Իմանա արտակարգ իրավիճակների դասակարգումը և Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների բնութագրերը.

34) Իրականացնի աղետի վայրի գնահատում և վերլուծություն, տուժածների զննում և վիճակի գնահատում, վնասվածքների նախնական ախտորոշում, բուժօգնության հերթականության ընտրություն (պլան), տեսակավորում (տրիաժ), շտապ դուրս բերում և տեղափոխում.

35) Տեղեկացված լինի արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներին.

36) Ճանաչի, ախտորոշի և համապատասխան բուժօգնություն տրամադրի տերմինալ իրավիճակների, շնչառության սուր խանգարումների, շնչուղիների անցանելիության խանգարումների (ասֆիքսիա), ջրահեղձման, հոսանքահարման կամ կայծակնահարման, կոմատոզ վիճակների, արնահոսությունների, շոկերի, մարմնի տարբեր հատվածների վերքերի, բաց և փակ վնասվածքների, քիմիական այրվածքների, գերսառեցման և ցրտահարության ժամանակ.

37) Աղետից տուժածներին բուժօգնության տրամադրման ժամանակ իրականացնի հիմնական բուժական մանիպուլյացիաներ և վերակենդանացման միջոցառումներ.

38) Տիրապետի տուժածների դուրս բերման և տեղափոխման, ինչպես նաև հատուկ փրկարարական հմտությունների որոշակի ծավալի:

 

4 Այլ հմտություններ

 

7․ Մանկաբույժը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ․

2) վեճերի լուծման հմտություններ․

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. Ընդհանուր ունակություններ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. մանկաբույժը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. մանկաբույժը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղակատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով․

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները․

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն․

4) իրականացնել համապատասխան բժշկական փաստաթղթավարում․

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին․

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն

 

10. Մանկաբույժը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ Մանկաբույժի իրավունքները և պարտականությունները

 

11․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են մանկաբույժի վրա։

 

8. Կոմպետենտությունների մակարդակները` մանկաբուժություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքոմ ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

 Աղյուսակ

 

Բժշկական միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ, կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից, կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ, ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան