ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
|
«14» հուլիս 2025 թվականի |
N 68-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՆԿԱԲԱՐՁ-ԳԻՆԵԿՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ
1. Հաստատել մանկաբարձ-գինեկոլոգի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
14.07.2025 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
|
Հավելված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի հուլիս «14»-ի թիվ 68-Ն հրամանի |
ՄԱՆԿԱԲԱՐՁ-ԳԻՆԵԿՈԼՈԳԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ
1. Ընդհանուր դրույթներ
1. Մանկաբարձ-գինեկոլոգն իրականացնում է մասնագիտական գործունեություն մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:
2. Մանկաբարձ-գինեկոլոգ կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում, հետդիպլոմային կրթություն մանկաբարձություն և գինեկոլոգիա մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից։
3. Մանկաբարձ-գինեկոլոգը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։
2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ
4. Մանկաբարձ-գինեկոլոգն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.
1) Հիվանդանոցային բժշկական հաստատության մանկաբարձ-գինեկոլոգ.
2) Առողջության առաջնային պահպանման ծառայության մանկաբարձ-գինեկոլոգ.
3) Մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ.
4) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։
3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ
5. Բժշկական գիտելիքներ. մանկաբարձ-գինեկոլոգը պետք է.
1) Իմանա մարմնի մասերի և, առաջին հերթին, որովայնի առաջային պատի, որովայնի խոռոչի, հետորովայնամզային տարածության, փոքր կոնքի և միզասեռական համակարգի տոպոգրաֆիկ անատոմիայի հիմունքները նորմայում և ախտաբանության ժամանակ.
2) Իմանա նորմալ և ախտաֆիզիոլոգիայի հիմնական հարցերը և առողջ կանանց մոտ, և մանկաբարձա-գինեկոլոգիական ախտաբանության ժամանակ.
3) Իմանա օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերի և դրանց կարգավորման մակարդակի փոխկապվածությունը, կնոջ դաշտանային ֆունկցիայի ֆիզիոլոգիան և ախտաբանությունը.
4) Իմանա հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանի ռիսկի խմբերի ֆիզիոլոգիան և ախտաբանությունը.
5) Իմանա կնոջ օրգանիզմում ախտաբանական պրոցեսների առաջացման պատճառները, զարգացման մեխանիզմները և կլինիկական դրսևորումները.
6) Իմանա վերարտադրողական գործոնների ազդեցությունը կնոջ օրգանիզմի հատուկ ֆունկցիաների վրա.
7) Իմանա հեմոստազի համակարգի ֆիզիոլոգիան և ախտաբանությունը, արյան և նրա բաղադրիչների փոխներարկման ցուցումները և հակացուցումները.
8) Իմանա ջրա-էլեկտրոլիտային փոխանակման հիմունքները և արյան թթվա-հիմնային վիճակը, դրանց խանգարման հնարավոր ձևերը և բուժման սկզբունքները.
9) Իմանա մանկաբարձությունում և գինեկոլոգիայում հետազոտությունների ընդհանուր և հատուկ մեթոդները.
ա. գործիքային հետազոտություն. կոնքի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, կոլպոսկոպիա, հիստերոսկոպիա, բիոպսիա (հետագա հյուսվածաբանական հետազոտությամբ).
բ. լաբորատոր հետազոտություններ. նշանակում և արդյունքների մեկնաբանում, ներառյալ ուռուցքային մարկերների հետազոտությունները.
10) Իմանա էնդոսկոպիայի և ճառագայթային հետազոտության կիրառման հիմունքները և դրանց կիրառումը գինեկոլոգիական պացիենտների բուժման ընթացքում.
11) Տիրապետի ասեպտիկայի և անտիսեպտիկայի հիմունքներին.
12) Իմանա իմունոլոգիայի և գենետիկայի հիմունքները, դրանց դերն ու նշանակությունը մանկաբարձությունում և գինեկոլոգիայում.
13) Իմանա ցավազրկման սկզբունքները, ձևերը և մեթոդները մանկաբարձությունում և գինեկոլոգիայում.
14) Իմանա կանանց և նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի հիմունքները.
15) Իմանա ինֆուզիոն թերապիայի հիմունքները մանկաբարձությունում և գինեկոլոգիայում.
16) Տիրապետի ֆարմակոթերապիայի հիմունքներին մանկաբարձությունում և գինեկոլոգիայում.
17) Իմանա նախավիրահատական նախապատրաստման և հիվանդների հետվիրահատական վարման սկզբունքները, ռեաբիլիտացիայի մեթոդները.
18) Իմանա մանկաբարձությունում և գինեկոլոգիայում թերապիայի անցկացման ժամանակ պաթոգենետիկ մոտեցման հիմունքները.
19) Իմանա ռացիոնալ սնվելու և դիետաթերապիայի սկզբունքները մանկաբարձա-գինեկոլոգիական պրակտիկայում.
20) Իմանա մանկաբարձա-գինեկոլոգիական ախտաբանության, ինչպես նաև չպլանավորված հղիության կանխարգելման և բուժման ժամանակակից մեթոդները.
21) Իմանա ուռուցքաբանական նախահակվածության հիմունքները՝ կանանց մոտ չարորակ նորագոյացությունների վաղ ախտորոշման և կանխարգելման նպատակով.
22) Կարողանա խորհրդատվություն տրամադրել ուռուցքաբանական հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ.
23) Կարողանա կատարել կանխարգելիչ հետազոտություններ՝ նախաքաղցկեղային վիճակների և չարորակ ուռուցքների վաղ հայտնաբերման համար.
24) Կարողանա ուռուցքաբանական պացիենտների համար անհատական բուժման պլաններ մշակել՝ ներառյալ վիրահատություն, քիմիաթերապիա, ճառագայթային թերապիա, հորմոնային թերապիա.
25) Կարողանա կատարել կոնքի օրգանների վիրահատություններ՝ ուռուցքի հեռացման և վերարտադրողական ֆունկցիայի վերականգնման նպատակով (կախված ուռուցքի տեսակից և հիվանդության փուլից).
26) Իմանա սույն կետի 24-րդ ենթակետով նշված թերապիաներից հետո վերահսկման մեթոդները, առանձնահատկությունները.
27) Տիրապետի կանանց դիսպանսերիզացիայի կազմակերպման սկզբունքներին, կարողանա վերլուծել արդյունավետությունը.
28) Կարողանա կատարել քաղցկեղով հիվանդ կանանց հետագա դիտարկում՝ ռեցիդիվների և մետաստազների հայտնաբերման նպատակով.
29) Կարողանա կատարել բուժման արդյունավետության գնահատում և անհրաժեշտության դեպքում բուժման ճշգրտում.
30) Իմանա սանիտարա-համաճարակաբանական առանձնահատկությունները մանկաբարձական և գինեկոլոգիական ստացիոնարի բաժանմունքներում, կանանց կոնսուլտացիաներում.
31) Իմանա հղիների և գինեկոլոգիական պացիենտների հոսպիտալացման ցուցումները.
32) Կարողանա կատարել արտաքին և ներքին մանկաբարձական հետազոտություններ, որոշել ծննդաբերության ընթացքի փուլը և պտղի դիրքը, արգանդի վզիկի հասունության աստիճանը.
33) Իմանա մոնիտորներով աշխատելու սկզբունքները.
34) Տիրապետի անհրաժեշտ իրավական ակտերին, որոնք կիրառելի են մանկաբարձությունում և գինեկոլոգիայում.
35) Իմանա արտաարգանդային բեղմնավորման հիմունքները.
36) Իմանա ընտանիքի պլանավորման ժամանակակից հիմունքները և հակաբեղմնավորիչներ օգտագործելու մոտեցումները.
37) Կարողանա մանկական գինեկոլոգիայում իրականացնել 18 տարեկանից փոքր աղջիկների մոտ վերարտադրողական համակարգի հիվանդությունների ախտորոշում, բուժում և կանխարգելում, որը ներառում է.
ա. աղջիկների պլանային զննումներ՝ նրանց զարգացումը գնահատելու, հնարավոր խնդիրները բացահայտելու և հիվանդությունները վաղ ախտորոշելու համար.
բ. գինեկոլոգիական հիվանդությունների լայն շրջանակի ախտորոշում և բուժում. ներառյալ բորբոքային պրոցեսները, վարակները, հորմոնային խանգարումները և բնածին անոմալիաները.
գ. աղջիկներին և նրանց ծնողներին խորհրդատվության տրամադրում սեռական հասունացման, դաշտանային ցիկլի, հիգիենայի և գինեկոլոգիական առողջության հարցերի վերաբերյալ.
դ. գինեկոլոգիական հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացում, ներառյալ հիգիենայի կանոնների ուսուցումը, պատվաստումը և սեռավարակների կանխարգելումը.
ե. աշխատանք դաշտանային ցիկլի խանգարումների հետ (մանկական գինեկոլոգը զբաղվում է նաև սեռական հասունացման շրջանում աղջիկների մոտ դաշտանային ցիկլի խանգարումների ախտորոշմամբ և բուժմամբ).
զ. բնածին անոմալիաների բացահայտում, վերարտադրողական համակարգի զարգացման բնածին անոմալիաների բուժում:
38) Մանկաբարձ-գինեկոլոգը պետք է կարողանա.
ա. որոշել հղիության ժամկետը, գնահատել հղի կնոջ առողջական վիճակը, հայտնաբերել հնարավոր խանգարումները և իրականացնել դիսպանսեր միջոցառումները.
բ. հայտնաբերել հղիության պաթոլոգիայի նշանները (վաղ և ուշ հեստոզ, պրեէկլամպսիա, էկլամպսիա) և անցկացնել կանխարգելման բոլոր անհրաժեշտ միջոցառումները.
գ. վարել ֆիզիոլոգիական ծննդաբերություն, ծննդաբերություն պտղի ծոծրակային կամ գլխային առաջադրության ժամանակ.
դ. ժամանակին ճանաչել և վարել ծննդաբերությունը՝ պտղի դիրքով և պտղի առաջադրությամբ պայմանավորված, ինչպես նաև բազմապտուղ հղիությունների ժամանակ.
ե. գնահատել կոնքի նեղացման աստիճանը, հիմնավորել առավել նպատակահարմար մարտավարությունը և իրագործել այն.
զ. ժամանակին որոշել կեսարյան հատման ցուցումները.
է. հիմնավորել մարտավարությունը պտղի միջաձիգ դիրքի ժամանակ և իրագործել այն.
ը. հիմնավորել ծննդաբերության վարման մարտավարությունը էքստրագենիտալ հիվանդությունների ժամանակ.
թ. որոշել ծննդաբերական ընթացքի անոմալիաները (առաջնային թուլություն, երկրորդային թուլություն, արագ և սրընթաց ծննդաբերություն) և միջոցառումներ իրականացնել կարգավորելու վերաբերյալ.
ժ. պարզել մանկաբարձական արնահոսության պատճառը (ընկերքի առաջադրություն, վաղաժամ շերտազատում, ատոնիկ արնահոսություն) և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն այդ իրավիճակներում.
ժա. պարզել պտղի ներարգանդային հիպոքսիայի նշանները և ցուցաբերել անհրաժեշտ օգնություն.
ժբ. կատարել վերակենդանացման միջոցառումներ նորածնի ասֆիքսիայի և ծննդաբերական տրավմայի ժամանակ.
ժգ. գնահատել հետծննդաբերական շրջանի ընթացքը, հայտնաբերել հետծննդաբերական բարդությունները և պայքարել դրանց դեմ.
ժդ. որոշել նորածնային շրջանի բարդությունները, մշակել բուժական միջոցառումներ և դրանք իրականացնել.
ժե. ստանալ տեղեկատվություն հղիության ընթացքի կամ հիվանդության մասին.
ժզ. հայտնաբերել այս կամ այն մանկաբարձական և գինեկոլոգիական պաթոլոգիայի զարգացման ռիսկի գործոնները և կազմակերպել կանխարգելման միջոցառումների անցկացումը.
ժէ. կիրառել հղիների, պացիենտների հետազոտման օբյեկտիվ մեթոդները, հայտնաբերել հղիության բարդությունների կամ գինեկոլոգիական հիվանդությունների ընդհանուր և սպեցիֆիկ նշանները.
ժը. գնահատել պացիենտի վիճակի ծանրությունը, որոշել վերակենդանացման միջոցառումների ծավալը և հաջորդականությունը.
ժթ. ցուցաբերել անհրաժեշտ շտապ օգնություն անհետաձգելի վիճակների ժամանակ.
ի. որոշել հետազոտության հատուկ մեթոդների կիրառման անհրաժեշտությունը (լաբորատոր ճառագայթային, էնդոսկոպիկ, ֆունկցիոնալ), մեկնաբանել ստացված տվյալները.
իա. հայտնաբերել հղիության վաղ նշանները, որոշել ժամկետը, պտղի դիրքը, կոնքի չափերը.
իբ. որոշել հղիի կամ գինեկոլոգիական պացիենտի հոսպիտալացման ցուցումները, կազմակերպել հոսպիտալացումը կնոջ վիճակին համապատասխան.
իգ. կազմել հղիների վարման տարբերակված պլան և իրականացնել շտկում դինամիկայում.
իդ. մշակել պացիենտի հրատապ կամ պլանային վիրահատության պատրաստման պլան, որոշել հոմեոստազի խանգարման աստիճանը, իրականացնել օրգանիզմի բոլոր ֆունկցիոնալ համակարգերի պատրաստումը վիրահատության.
իե. որոշել արյան խումբը, կատարել ներերակային կամ ներզարկերակային արյան փոխներարկում, ռեինֆուզիա, հայտնաբերել հնարավոր տրանսֆուզիոն բարդությունները և անցկացնել անհրաժեշտ բուժկանխարգելիչ միջոցառումներ.
իզ. կիրառել ցավազրկման համապատասխան մեթոդ մանկաբարձա-գինեկոլոգիական պրակտիկայում ըստ ցուցումների.
իէ. անցկացնել բուժկանխարգելիչ հիմնարկի գործունեության հիմնական ցուցանիշների վերլուծություն, որոշել պացիենտի անաշխատունակության հարցը.
իը. անցկացնել չպլանավորված հղիությունների կանխարգելում. ընտանիքի պլանավորման խորհրդատվություն, հակաբեղմնավորիչների նշանակում, ներարգանդային պարույրի տեղադրում․
իթ. իրականացնել սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներ:
6. Բժշկական hատուկ գիտելիքներ. մանկաբարձ-գինեկոլոգը պետք է տիրապետի հետևյալ հիվանդությունների, զարգացման արատների և տարբեր հիվանդագին վիճակների ախտորոշմանը, բուժման կազմակերպմանը, բարդությունների կանխարգելմանը և առողջության վերականգնմանը.
1) Տրավմատիկ շոկ.
2) Արյան սուր կորուստ (այդ թվում ընկերքի վաղաժամ շերտազատումը).
3) Էկլամպսիա.
4) Սիրտ-անոթային և շնչական սուր անբավարարություն.
5) Արտաարգանդային հղիություն.
6) Արտահիվանդանոցային աբորտ.
7) Գենիտալ տուբերկուլոզ.
8) Կանացի սեռական օրգանների սեպտիկ էթիոլոգիայի բորբոքային հիվանդություններ.
9) Սեռական օրգանների դիրքերի անոմալիաներ.
10) Գոնորեան կանանց մոտ.
11) Միզասեռական օրգանների տրիխոմոնազ.
12) Դիսհորմոնային հիվանդություններ.
13) Արգանդի և հավելումների բարորակ ուռուցքներ.
14) Արգանդի և հավելումների չարորակ ուռուցքներ.
15) Կոլպոսկոպիա.
16) Արգանդի խոռոչի քերում հղիության ընդհատման ժամանակ.
17) Խոռոչի ախտորոշիչ քերում.
18) Դասական ձեռքի օժանդակություն.
19) Պտղի դուրս բերում.
20) Մանկաբարձական աքցանադրում, վակուում էքստրակցիա.
21) Արգանդի մերսում ատոնիայի ժամանակ.
22) Կեսարյան հատում.
23) Արգանդի վզիկի, հեշտոցի, շեքի պատռվածքի կարում.
24) Ընկերքի ձեռքային անջատում և արտահանում, արգանդի խոռոչի ձեռքային ստուգում.
25) Լապարատոմիա արտաարգանդային հղիության և ձվարանի բշտի ոլորման ժամանակ.
26) Հետին կամարի պունկցիա.
27) Ամնիոտոմիա.
28) Հիստերոսալպինգոգրաֆիա.
29) Արգանդի ամպուտացիա.
30) Նշանակետային բիոպսիա.
31) Արգանդի վզիկի լորձաթաղանթի պոլիպի հեռացում.
32) Միզապարկի կաթետերավորում.
33) Ստամոքսի զոնդավորում.
34) Սիֆոնային հոգնա
35) Հիվանդությունների միջազգային դասակարգում-10 (ՀՄԴ-10):
4. Այլ հմտություններ
7. Մանկաբարձ-գինեկոլոգը պետք է ունենա.
1) հաղորդակցման հմտություններ.
2) վեճերի լուծման հմտություններ.
3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:
5. Ընդհանուր ունակություններ
8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. մանկաբարձ-գինեկոլոգը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։
9. Տեխնիկական հմտություններ. մանկաբարձ-գինեկոլոգը պետք է կարողանա.
1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.
2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.
3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.
4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.
5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.
6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:
6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն
10. Մանկաբարձ-գինեկոլոգը պետք է կարողանա.
1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․
2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։
7․ Մանկաբարձ-գինեկոլոգի իրավունքները և պարտականությունները
11․ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են մանկաբարձ-գինեկոլեգի վրա։
8. Կոմպետենտությունների մակարդակները մանկաբարձություն-գինեկոլոգիա մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում
12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքոմ ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:
13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են.
1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:
2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:
3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):
|
Աղյուսակ |
|
Բժշկական միջամտություն |
Կոմպետենտության աստիճան |
Կոմպետենտության մակարդակ |
|
Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Դիտորդ |
1 |
|
Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն |
2 |
|
Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ |
Լիարժեք կոմպետենտություն |
3 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 հուլիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|