ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
ԲԴԽ-34-Ո-Կ-7 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՀՐԱՉ ԱՅՎԱԶՅԱՆԻՆ, ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻՆ ԵՎ ԿԱՐԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի |
|
|
|
|
անդամներ |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԷԴ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
|
|
Արդարադատության նախարարի տեղակալ |
Տ. ԴԱԴՈՒՆՑԻ |
|
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Ն. ԶեյնալՅԱՆԻ |
|
Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանի, Ռուստամ Մախմուդյանի, Կարեն Ավետիսյանի ներկայացուցիչ |
Գ. ՄուղնեցՅԱՆԻ |
|
քարտուղարությամբ՝ |
Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ Թ. ԹելոՅԱՆԻ |
| 23 հունիսի 2025 թվականի |
ք. Երևան |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի «Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանին, Ռուստամ Մախմուդյանին և Կարեն Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի ապրիլի 28-ի թիվ 35-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը.
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) ղեկավար Սլավիկ Սարգսյանի կողմից 29․02․2024 թվականին Արդարադատության նախարարին ներկայացված հաղորդումը (այսուհետ նաև՝ Հաղորդում)՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանի, Ռուստամ Մախմուդյանի և Կարեն Ավետիսյանի (այսուհետ նաև՝ Դատավորներ կամ Վերաքննիչ դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
Արդարադատության նախարարի (այսուհետ նաև՝ Լիազոր մարմին) 28․02․2025 թվականի թիվ 15-Ա որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանի, Ռուստամ Մախմուդյանի և Կարեն Ավետիսյանի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։
Արդարադատության նախարարի 28.04.2025 թվականի թիվ 35-Ա որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 19.05.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
Խորհրդի անդամներ Ք. Մկոյանի և Կ. Թումանյանի կողմից համապատասխանաբար 13.05.2025 թվականին և 14.05.2025 թվականին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունները 02.06.2025 թվականին տեղի ունեցած նիստի ընթացքում կայացված արձանագրային որոշմամբ բավարարվել են:
02.06.2025 թվականին նշանակված նիստը միջնորդության բավարարման արդյունքում հետաձգվել է, և հաջորդ դատական նիստը նշանակվել է 10.06.2025 թվականին:
10.06.2025 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 23.06.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 57-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, Քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ մասը, «Հանրային ծառայության մասին» օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, 2-րդ, 10-րդ հոդվածները, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածը, նույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասը, Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասը, Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/9829/05/19 վարչական գործով որոշմամբ արտահայտած դիրքորոշումը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ տվյալ դեպքում թիվ ՎԴ/4221/05/22 (այսուհետ նաև՝ Գործ) վարչական գործով Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ հայցվոր Մաքրուհի Համբարձումի Եսայանին (այսուհետ նաև՝ Հայցվոր) քաղաքացիական ծառայությունից ազատելու մասին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2022 թվականի թիվ ԱԿ 376-Ա հրամանն ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի վկայակոչված դրույթների խախտմամբ՝ ամբողջ դատական ակտով անդրադարձ կատարելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումներին՝ Հայցվորին համարելով քաղաքացիական ծառայող։ Վերաքննիչ դատարանը գտել է, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները և առանձնահատկությունները «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով կարգավորված լինելու պայմաններում Հայցվորի նկատմամբ կիրառելի են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումները և Հայցվորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքում դրված չէ ծառայողական քննությունը վարողի կողմից ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը, որով կհիմնավորվեր, որ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարում և (կամ) ոչ պատշաճ կատարում է որակվել հայցվորի այս կամ այն գործողությունը (անգործությունը)։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը գտել է, որ ծառայողական քննության արդյունքներով ձեռք չեն բերվել բավարար, ամբողջական, հավաստի տվյալներ՝ այն փաստերի առնչությամբ, որ Հայցվորն ունեցել է այս կամ այն ծառայողական պարտականությունը, որն անհարգելի պատճառով չի կատարել կամ կատարել է ոչ պատշաճ՝ հանգելով այն եզրակացության, որ հայցվորի նկատմամբ չէր կարող կիրառվել կարգապահական տույժ՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու և (կամ) ոչ պատշաճ կատարելու հիմքով։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ կիրառել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված՝ մինչև կարգապահական տույժի նշանակումը՝ ծառայողական քննություն անցկացնելու և դրա արդյունքում վերագրվող խախտման պարզմանն ուղղված կարգավորումները՝ Հայցվորին դիտարկելով որպես քաղաքացիական ծառայող։
Մինչդեռ, Լիազոր մարմնին ներկայացված հաղորդմամբ, ինչպես նաև լրացուցիչ ներկայացված նյութերի ուսումնասիրությունից պարզվում է, որ Հայցվորի զբաղեցրած՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբանի պաշտոնը համարվել է ոչ թե քաղաքացիական ծառայության, այլ՝ քաղաքացիական աշխատանք կատարողի պաշտոն։ Նշված հանգամանքը հիմնավորվում է Լիազոր մարմնին ներկայացված՝ Տեսչական մարմնի ղեկավարի 30.04.2020 թվականի թիվ ԱԿ 399-Ա, 11.05.2022 թվականի թիվ ԱԿ 376-Ա և 08.10.2020 թվականի թիվ 1334-Ա հրամանների բովանդակության ուսումնասիրությունից, մասնավորապես՝ Տեսչական մարմնի քաղաքացիական ծառայության հաստիքների անվանացանկերի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանում ներառված չի եղել Հայցվորի զբաղեցրած վերոնշյալ պաշտոնը՝ որպես քաղաքացիական ծառայության պաշտոն։ Բացի այդ, Հայցվորին աշխատանքի ընդունելու մասին 11.12.2017 թվականի թիվ 94-Ա հրամանում նշված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածը, 84-րդ հոդվածի 1-ին մասը, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերը, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի թիվ 444-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի կանոնադրության 22-րդ կետի 8-րդ և 9-րդ ենթակետերը և (Հայցվորի) 28.11.2017թ. դիմումը, հրամայում եմ (Հայցվորին) 2017 թվականի դեկտեմբերի 11-ից նշանակել ՀՀ առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում՝ որպես բժիշկ-համաճարակաբան։ (...)»: Նույն հրամանի 3-րդ կետում սահմանված է. «(Հայցվորի) վարձատրությունը կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 737-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի և 1-ին հավելվածի 37-րդ կետի համաձայն։...»:
Միաժամանակ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2022 թվականի՝ «(Հայցվորի) նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին» թիվ ԱԿ 376-Ա հրամանի համաձայն՝ Հայցվորն ազատվել է պաշտոնից, որի համար հիմք է ծառայել նաև վերջինիս բացատրությունը, իսկ որպես իրավական հիմքեր, ի թիվս այլնի, նշված է Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը։ Նշված հրամանում առկա չէ որևէ հղում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումներին։
Վերոգրյալից բացի, Լիազոր մարմնի կողմից նշված իրավական ակտերը և Տեսչական մարմնի ղեկավարի 10.11.2021 թվականի թիվ ԱԿ 1286-Լ հրամանով հաստատված Տեսչական մարմնի հաստիքացուցակը ներկայացվել են Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ խնդրո առարկա պաշտոնի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով, որին ի պատասխան՝ Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանի 22.04.2025 թվականի թիվ 42/Ծ-01/2025 գրությամբ տեղեկացվել է, որ քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակ ներբեռնված տեղեկատվության համաձայն՝ 2021-2022 թվականների ընթացքում Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանում հանդիսացող «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետում ընդգրկված են եղել 11 հաստիքային միավորներ, որոնցից Զվարթնոց միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետի (պաշտոնի ծածկագիր 66-28.06-Ղ4-1) և ավագ տեսուչի (պաշտոնի ծածկագիր 66-28.6-Մ3-1) հաստիքները քաղաքացիական ծառայության պաշտոններ են եղել, իսկ բժիշկ՝ համաճարակաբանի 9 հաստիքները եղել են քաղաքացիական աշխատանք կատարողի պաշտոններ։
Վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել նաև, որ Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանի 22.04.2025 թվականի թիվ ԴԴ-1 Ե-2982 գրությամբ ներկայացվել են Վարչական դատարանին տրամադրված՝ 11.05.2022 թվականին Հայցվորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ ԱԿ 376-Ա հրամանի կայացման համար հիմք հանդիսացած նյութերը, որում առկա է եղել Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2022 թվականի՝ «(Հայցվորի) նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին» թիվ ԱԿ 376-Ա հրամանը և ինչպես արդեն նշվել է՝ դրա ուսումնասիրությունից նույնպես հստակ երևում է, որ Հայցվորը չի զբաղեցրել քաղաքացիական ծառայության պաշտոն։ Այսինքն՝ Գործի շրջանակներում Վարչական դատարանին արդեն իսկ տրամադրված ապացույցների պատշաճ ուսումնասիրության արդյունքում Վերաքննիչ դատարանը կարող էր միանշանակորեն եզրահանգել, որ Հայցվորի պաշտոնը չի համարվել քաղաքացիական ծառայության պաշտոն։
Արդյունքում, վերը նշված իրավական ակտերի, Քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից ներկայացված պարզաբանման, ինչպես նաև Գործի փաստաթղթերից ակնհայտ է դառնում, որ Հայցվորը պաշտոնավարել է ոչ թե որպես քաղաքացիական ծառայող, այլ՝ քաղաքացիական աշխատանք կատարող, որից տարբերվող եզրահանգման ակնհայտորեն չէր կարող գալ նաև Վերաքննիչ դատարանը՝ Գործի փաստաթղթերի պատշաճ ուսումնասիրության արդյունքում։ Հետևաբար, քաղաքացիական աշխատանք կատարողի պաշտոն զբաղեցնող Հայցվորի համար չէր կարող կիրառելի դառնալ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի, այդ թվում նաև՝ դրանով նախատեսված ծառայողական քննություն իրականացնելու կարգավորումները և դատարանի կողմից կիրառված՝ Կառավարության 19.07.2018 թվականի թիվ 814-Ն որոշման հավելվածով սահմանված ծառայողական քննություն անցկացնելու կարգը, այլ տվյալ հարաբերությունների նկատմամբ կիրառելի էր Աշխատանքային օրենսգիրքը և կարգապահական տույժ նշանակելու հետ կապված կարգավորումները, որի դեպքում կարգապահական տույժ նշանակելուն չի նախորդում ծառայողական քննության անցկացումը, ինչը սակայն, դրված է եղել Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտի հիմքում։ Անհրաժեշտ է նաև նշել, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ և Լիազոր մարմնի գնահատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված դատական սխալների արդյունքը հանգեցրել է Տեսչական մարմնի համար ֆինանսապես ծանր հետևանքի, որն արտահայտվել է պետական բյուջեից խոշոր չափի գումարի ելքագրմամբ, մասնավորապես՝ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի՝ Արդարադատության նախարարին հասցեագրված՝ 25.03.2025 թվականի թիվ 1 գրությամբ տեղեկացվել է, որ Վերաքննիչ դատարանի 20.04.2023 թվականի որոշման կատարման արդյունքում Տեսչական մարմնից հօգուտ Հայցվորի բռնագանձվել է 7.265.309 ՀՀ դրամ գումար։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանի գործողություններում առկա են նյութական իրավունքի նորմերի, մասնավորապես, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 4-րդ, 2-րդ, 27-րդ, 21-րդ, 22-րդ և 37-րդ հոդվածների, ինչպես նաև Կառավարության 19.07.2018 թվականի թիվ 814-Ն որոշման 7-րդ, 28-րդ, 32-րդ, 36-րդ, 43-րդ կետերի խախտումներ, այսինքն՝ Վերաքննիչ դատարանը կիրառել է նշված իրավակարգավորումները, որոնք ակնհայտորեն չպետք է կիրառեր։
Վարույթ հարուցած մարմինը վկայակոչել է Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետը, Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածը, 144-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/5525/05/08 վարչական գործով 17.04.2009 թվականի, թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով 30.11.2018 թվականի, թիվ ԵԴ/50182/02/22 քաղաքացիական գործով 17.12.2024 թվականի, թիվ ՎԴ/12314/05/21 վարչական գործով 26.07.2024 թվականի, Սահմանադրական դատարանի 07.07.2010 թվականի թիվ ՍԴՈ-902 որոշումներով արտահայտած դիրքորոշումները, Վերաքննիչ դատարանի կողմից 20.04.2023 թվականին կայացված դատական ակտի պահին գործող Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածը, հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը։ Այս սկզբունքի պահանջն Է, ի թիվս այլնի, վերջնական դատական ակտերի կատարման ապահովումը։ Դատական ակտը չկատարելու արդյունքում իմաստազրկվում է դատական պաշտպանության իրավունքը և իրավունքի գերակայությունը («Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ», 107-րդ կետ)։
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականին մարտի 25-26) (CDL-AD(2011)003rev) 46-րդ կետի համաձայն՝ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata սկզբունքը, ըստ որի՝ ի թիվս այլնի, ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն։
Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի «Դատական ակտերի կատարման մասին» 09.09.2003 թվականի Rec(2003)17 հանձնարարականում ամրագրված է. «Մասնակից պետություններն ունեն պարտականություն՝ երաշխավորելու վերջնական և պարտադիր դատական ակտերի կատարումը»։ Հանձնարարականի «Կատարման ընթացակարգերը» բաժնի 1.ե կետի համաձայն՝ որպեսզի կատարման ընթացակարգը լինի հնարավորինս արդյունավետ, դատական ակտերը պետք է կատարվեն կիրառելի օրենքներին ու դատական ակտերին համապատասխան։
Նշված հանձնարարականի արդյունավետ կատարումն ապահովող ուղեցույցի (ընդունված Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (CEPEJ կողմից) համաձայն՝ իրավունքի գերակայության ապահովման և դատարանների նկատմամբ վստահության ապահովումը պահանջում է դատական ակտերի կատարման արդյունավետ և արդար գործընթաց։
Եվրոպական դատարանի հետևողականորեն ձևավորված նախադեպային իրավունքի համաձայն՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի կարևոր բաղադրիչն է անձի օգտին կայացված օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարումն ապահովելու իրավունքը։ Այս առնչությամբ, մասնավորապես, Եվրոպական դատարանը գտել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը երևակայական կլիներ, եթե պետության իրավական համակարգը թույլ տար, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական ակտերը մնային անկատար՝ ի վնաս կողմի։ Դժվար կլիներ պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները, չպաշտպաներ դատական ակտերի կատարումը. եթե 6-րդ հոդվածը վերաբերեր բացառապես դատարանի մատչելիության իրավունքին ու դատավարությանը, ապա կառաջանային իրավունքի գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակներ։ Ուստի, ցանկացած դատարանի կողմից կայացված դատական ակտի կատարում պետք է դիտվի որպես արդար դատաքննության անբաժանելի մաս՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, Hornsby v. Greece թիվ 18357/91 գանգատով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, կետ 40)։
Վերը նշված իրավական փաստաթղթերին ու դիրքորոշումներին համահունչ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածն ամրագրում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքը։ Նշված հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար։ Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։
Վերը նշվածի վերլուծության արդյունքում վարույթ հարուցած մարմինը փաստել է, որ դատարանի կայացրած վերջնական դատական ակտը պարտադիր ենթակա է կատարման, քանի որ դրա չկատարման արդյունքում իմաստազրկվում է անձի դատական պաշտպանության իրավունքը և դատական ակտով սպասվելիք արդյունքը մնում է չիրագործված։ Այդուհանդերձ, դատական ակտի կատարումն ապահովելու համար անհրաժեշտ է, որ դատարանի կողմից դատական ակտը կայացվելիս ապահովվի իրավունքի գերակայությունը, ինչպես նաև դատական ակտի կատարումը հնարավոր դառնա դատական ակտի հասցեատերերի համար, որով պայմանավորված դատարանը դատական ակտ կայացնելիս պետք է հաշվի առնի այն կայացնելու պահին կատարվելիք գործողությունների կատարման հնարավորությունը և իրատեսականությունը, քանզի դրանց բացակայության դեպքում դատական ակտը կարող է մնալ անկատար, իսկ դատական պաշտպանություն հայցած անձի իրավունքները՝ գործնականում չիրացված։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը 20.04.2023 թվականի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է՝ Գործով Վարչական դատարանի 01.11.2022 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է՝ կայացնելով նոր դատական ակտ։ Վերաքննիչ դատարանը Հայցվորի բողոքը բավարարել է՝ անվավեր ճանաչելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2022 թվականի թիվ ԱԿ 376-Ա հրամանը, և Հայցվորին վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հօգուտ Հայցվորի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվող աշխատավարձը՝ 11.05.2022 թվականից 08.07.2022 թվականը, և 08.07.2022 թվականից սկսած մինչև վճռի փաստացի կատարումը։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Կառավարության 13.10.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 12-ի N 735-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ 1588-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ որոշման N 2 հավելվածի 2 րդ կետում «Սահմանային, սանիտարական-կարանտինային, անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական վերահսկողություն և մաքսային հսկողություն» բառերը փոխարինվել են «Սահմանային վերահսկողություն, մաքսային հսկողություն և օրենքով նախատեսված դեպքերում սահմանային այլ վերահսկողություն կամ հսկողություն (այդ թվում՝ պետական սահմանի անցման կետերում այլ պետական մարմինների ժամանակավորապես տեղակայման դեպքում)» բառերով, իսկ Վարչապետի 25.11.2022 թվականի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 1395-Լ որոշման 1-ին կետով դադարեցվել է Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներ հանդիսացող սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի գործունեությունը, որոնց շարքում է եղել նաև Առողջապահության նախարարության առողջապահական տեսչական մարմնի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետը (Վարչապետի 2022 թվականի նոյեմբերի 25-ի թիվ 1395-Լ որոշումն ուժի մեջ է մտել 2022 թվականի դեկտեմբերի 1-ից)։ Ուստի, Լիազոր մարմնի գնահատմամբ, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր նման դատական ակտ կայացնելիս պարզել տվյալ հաստիքում Հայցվորին վերականգնելու հնարավորության հարցը, իսկ դրա անհնարինության դեպքում միայն դատարանն էր իրավասու Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորման շրջանակներում որոշելու Հայցվորին փոխհատուցում տրամադրելու չափը։
Վերաքննիչ դատարանի 20.04.2023 թվականի որոշումը բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, որի վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի 04.08.2023 թվականի որոշմամբ մերժվել է, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշումը մտել է օրինական ուժի մեջ և դարձել կատարման ենթակա։
Այսպիսով, Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտով հաշվի չի առնվել, որ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելիս և փոփոխելիս տեղի է ունեցել այնպիսի փաստական հանգամանքի փոփոխությունը, որն անհնարին է դարձրել դատական ակտի կատարումը, ընդ որում, նշված հանգամանքի փոփոխությունն արդեն իսկ առկա է եղել Վերաքննիչ բողոքի ներկայացման ժամանակ։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը, ստորադաս դատարանի դատական ակտը բեկանել-փոփոխելիս ձեռնամուխ չի եղել այնպիսի փաստական հանգամանքի պարզմանը, որի փոփոխությունը կարող էր հանգեցնել իր կողմից կայացված դատական ակտի կատարման անհնարինության և անձի դատական պաշտպանության իրավունքի իմաստազրկման։
Վերոգրյալից բացի, Լիազոր մարմինն անհրաժեշտ է համարել հատուկ նշել նաև, որ Գործի շրջանակներում ներկայացված թե՛ վերաքննիչ բողոքում, թե՛ դատական նիստի ընթացքում Հայցվորը չի բարձրացրել այն հարցը, որ իր նկատմամբ չի իրականացվել ծառայողական քննություն, որը հատուկ է միայն քաղաքացիական ծառայողներին, սակայն նման պայմաններում Վերաքննիչ դատարանն իր ամբողջ դատական ակտի բովանդակությունը կառուցել է դրա հիման վրա, այսինքն՝ Վերաքննիչ դատարանն ինքնուրույն քննության առարկա է դարձրել մի հարց, որը չի բարձրացվել Հայցվոր բողոքաբերի կողմից։ Այս կապակցությամբ վարույթ հարուցած մարմինը վկայակոչել է Վճռաբեկ դատարանի թիվ ՎԴ/2976/05/15 վարչական գործով 30.11.2018 թվականի որոշմամբ արտահայտած դիրքորոշումը:
Այսպիսով, վերոգրյալի արդյունքում խնդրո առարկա պաշտոնը չհանդիսանալով քաղաքացիական ծառայության պաշտոն և բողոքաբերի կողմից քաղաքացիական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացված չլինելու փաստ ոչ վերաքննիչ բողոքում, ոչ դատական նիստի ընթացքում բարձրացված չլինելու պայմաններում Վերաքննիչ դատարանը կայացրել է դատական ակտ՝ ամբողջությամբ ոչ իրավաչափորեն հիմնվելով քաղաքացիական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն իրականացնելու ընթացակարգերի վրա, որն ակնհայտորեն թե՛ իրավական առումով, թե՛ Գործում առկա նյութերի հիման վրա չէր կարող։ Միաժամանակ այդ հիմքով Վարչական դատարանում նույնպես ներկայացված հայցադիմումով նման հարց բարձրացված չի եղել և թե՛ հայցադիմումի, թե՛ վերաքննիչ բողոքի հիմքում, ըստ էության, ընկած է եղել Հայցվորին աշխատանքից ազատելու մասին հրամանում փաստական հիմքին անդրադարձ կատարված չլինելու հանգամանքը։
Արդյունքում, Վերաքննիչ դատարանի գործողություններում առկա են դատավարական իրավունքի նորմերի, մասնավորապես, Վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի, 144-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքի՝ դատական ակտի կայացման ժամանակ գործող խմբագրությամբ 265-րդ հոդվածի խախտումներ։
Վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 4-րդ և 5-րդ մասերը՝ վարույթ հարուցած մարմինը Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում գտել է, որ Դատավորների կողմից թույլ տրված խախտումները կատարվել են մեղավորությամբ, որոնք դրսևորվել են կոպիտ անփութությամբ։ Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորների կողմից իրենց վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ Դատավորների կողմից 19.03.2025 թվականին ներկայացված բացատրությամբ (այսուհետ նաև՝ Բացատրություն) նշված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։ Այսպիսով՝ կարելի է եզրակացնել, որ Դատավորները չեն գիտակցել իրենց վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էին և պարտավոր էին դա անել։
Բացատրությամբ հատուկ շեշտադրում է կատարված այն հանգամանքի վրա, որ քննարկվող գործը քննության է առնվել վիճարկման հայցի շրջանակներում և դատարանները սահմանափակված են եղել դատարան ներկայացված նյութերով ու ապացույցներով, իսկ որևէ փաստ ապացուցված չլինելու պայմաններում դրա բացասական հետևանքները կրել է ապացուցման բեռը կրող վարչական մարմինը։ Այս կապակցությամբ անհրաժեշտ է կրկին անգամ անդրադառնալ Վերաքննիչ դատարանի կողմից 20.04.2023 թվականին կայացված դատական ակտի պահին գործող Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի կարգավորումներին և նշել, որ արդեն իսկ կատարված վերլուծության հիման վրա Լիազոր մարմնի գնահատմամբ նախկին աշխատանքում վերականգնվելու հետ առնչվող վեճեր քննելիս դատարանները պարտավոր են ինքնուրույն միջոցներ ձեռնարկել պարզելու թե արդյոք հնարավոր է հայցվորին վերականգնել նախկինում զբաղեցրած պաշտոնում։ Բացի այդ, պետք է փաստել, որ անհնարինության դեպքում նշված հոդվածի 2-րդ մասի ուժով միայն դատարանն է իրավասու որոշելու, թե որքան փոխհատուցում պետք է տրամադրել հայցվորին՝ ոչ պակաս, քան միջին աշխատավարձի չափից ընդհուպ մինչև միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով։ Ընդ որում, Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմամբ հատուկ նշված է «դատարան» բառը, իսկ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է՝ հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը՝ ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում՝ տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից։
Լիազոր մարմինը արդյունքում եզրահանգել է, որ թեև աշխատանքային վեճերը Վարչական դատարանում քննության են առնվել վիճարկման հայցի կանոններով (այդ թվում՝ նշված կանոններով է որոշվել ըստ հայցատեսակների՝ հայցադիմում ներկայացնելու ժամկետները, դատական ակտի կայացման ժամանակ ապացույցների ծավալը և այլն), այդուհանդերձ, վերոգրյալի արդյունքում պետք է արձանագրել, որ դատարանը պարտավոր է պարզել տվյալ պաշտոնում աշխատողի վերականգնման հնարավորությունը, իսկ դրա անհնարինության դեպքում ինքնուրույն որոշել վերջինիս փոխհատուցման հարցը, որը կարող է որոշվել բացառապես դատարանի կողմից ձեռքբերվող նյութերի, ապացույցների և դրանց պարզմանն ուղղված ակտիվ գործողությունների արդյունքում։ Ընդ որում, դատարանը վիճարկման հայցի կանոններով քննության առարկա է դարձնում աշխատանքից ազատվելու մասին հրամանի իրավաչափության հարցը, ինչը չի կարող մեկնաբանվել այնպես, որ այն դեպքում, երբ պատասխանողն ինքնուրույն չի հայտնում տվյալ հաստիքի՝ այլևս գոյություն չունենալու փաստի մասին՝ դատարանը պետք է զերծ մնա դրա պարզմանն ուղղված դատավարական գործողությունների կատարումից։
Սույն կարգապահական վարույթի ընթացքում ձեռքբերված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Վերաքննիչ դատարանը՝ հայցվորին իր նախկին պաշտոնում վերականգնելուց առաջ չի կատարել որևէ դատավարական գործողություն՝ ինքնուրույն, սեփական նախաձեռնությամբ պարզելու հայցվորի վերականգնման հնարավորության հարցը։ Ավելին, ըստ ձեռքբերված դատական նիստի արձանագրության՝ Վերաքննիչ դատարանի կողմից հրավիրված դատական նիստում առհասարակ դատարանի կողմից չի բարձրացվել նման հարցադրում, որի պարագայում, Լիազոր մարմնի գնահատմամբ, Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի խախտում։
Քննարկվող հարցի համատեքստում հարկ է անդրադառնալ նաև Բացատրությամբ նշված այն պնդմանը, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի կարգավորման շրջանակներում հաստիքի այլևս գոյություն չունենալու հարցի պարզումը գտնվում է դատական ակտի կատարման վերաբերյալ իրավակարգավորման տիրույթում։ Նման մեկնաբանման պայմաններում պարզապես իմաստազրկվում է Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, քանի որ առաջին հերթին միայն դատարանն է իրավասու այդ հիմքի պարագայում մինչև տասներկուապատիկի չափով որոշելու փոխհատուցման տրամադրման չափը և երկրորդ՝ հաշվի առնելով Վճռաբեկ դատարանի կողմից վերը նշված որոշումներում արտահայտված դիրքորոշումները՝ համաձայն որոնց՝ դատարանը պետք է իր նախաձեռնությամբ քննարկի աշխատողի՝ աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում ստանալու հարցը՝ անկախ հայցում այդպիսի պահանջ ներկայացված լինելու հանգամանքից, կարելի է եզրահանգել, որ դատարանը պարտավոր է ինքնուրույն միջոցներ ձեռնարկել աշխատողին նախկին աշխատանքում վերականգնելու հարցը պարզելու ուղղությամբ, քանզի հակառակ դեպքում չի կարող դատարանի կողմից իրագործված համարվել աշխատանքում վերականգնելու անհնարինության դեպքում Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասով դատարանի համար նախատեսված դատական ակտ կայացնելուն ուղղված գործողությունների կատարված լինելը։ Բացի այդ, այլ մեկնաբանման պարագայում կարող է ստացվել, որ Հարկադիր կատարման ծառայությունը պետք է «ստանձնի» դատարանի դերը և կատարման անհնարինության դեպքում որոշի, թե որքան փոխհատուցում տրամադրի աշխատանքից ազատված աշխատողին, ինչն ուղղակիորեն կհակասի Աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանն այն մասով, որ դրա որոշելու հարցը բացառապես դատարանի պարտականությունն է, իսկ դատարանի կողմից այն չկատարվելու դեպքում էլ իրապես չեն կարող վերականգնվել աշխատանքից ազատված աշխատողի իրավունքները։ Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Գործով կատարման անհնարինությունը ոչ թե առաջացել է Վերաքննիչ դատարանի կողմից կայացված ըստ էության լուծող դատական ակտից հետո՝ կատարման փուլում, այլ մինչև Վերաքննիչ դատարանի կողմից բողոքի վարույթ ընդունելը, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն իրապես հնարավորություն է ունեցել չկայացնելու նման բովանդակությամբ դատական ակտ։
Հաջորդիվ, անդրադառնալով Դատավորների այն պնդմանը, որ ներկայացված հաստիքացուցակի համաձայն Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ–համաճարակաբանի պաշտոնը ներառված չի եղել քաղաքացիական աշխատանք կատարողների ցանկում, ինչպես նաև տեսչական մարմինը չի ներկայացրել որևէ վերաբերել է և թույլատրելի ապացույց այն մասին, որ նշված պաշտոնը չի հանդիսացել քաղաքացիական ծառայության պաշտոն և նման պայմաններում Վերաքննիչ դատարանը չէր կարող եզրահանգել, որ տվյալ պաշտոնը հանդիսանում է քաղաքացիական աշխատանք կատարողի պաշտոն՝ անհրաժեշտ է առաջին հերթին նշել, որ դատարանը քննության առարկա է դարձրել Հայցվորի՝ աշխատանքից ազատելու մասին հրամանի անվավերության հարցը, որի պայմաններում առաջնային քննության ենթակա փաստաթուղթ է հանդիսացել հենց վերջինիս աշխատանքից ազատելու մասին հրամանը։ Ընդ որում Տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2022 թվականի թիվ ԱԿ 376-Ա հրամանի ուսումնասիրությունից հստակ երևում է, որ դրանում հղում է կատարված բացառապես Աշխատանքային օրենսգրքի կարգավորումներին, այլ ոչ թե քաղաքացիական ծառայությանը վերաբերող որևէ իրավական ակտի, որպիսի պայմաններում ողջամտորեն կարելի էր եզրահանգել, որ տվյալ պաշտոնը չի հանդիսացել քաղաքացիական ծառայության պաշտոն։ Ինչ վերաբերում է հաստիքացուցակին, ապա պետք է նշել, որ դրա՝ 224-րդ կետի դիմաց նշված է քննարկվող հաստիքի անվանումը, և նույնիսկ այն անհասկանալի լինելու դեպքում դատարանը կարող էր նկատել, որ դրա տարբեր հատվածներում քաղաքացիական ծառայության պաշտոնների դիմաց նշված է համապատասխան ենթախումբը, օրինակ՝ Մ3, Մ6 և այլն։ Ավելին, նման եզրահանգման կարելի էր գալ տվյալ մարմնի՝ քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկի ուսումնասիրությամբ և վերջապես որևէ կասկածի դեպքում դատարանը զրկված չէր պահանջելու դրա կապակցությամբ ապացույցներ կամ այդ հարցը ճշգրտելու դատական նիստում, իսկ Տեսչական մարմինը չէր կարող կանխատեսել, որ Վերաքննիչ դատարանը կարող է տվյալ պաշտոնը համարել քաղաքացիական ծառայության պաշտոն, քանի որ նման հարց բարձրացված չի եղել վերաքննիչ բողոքում կամ դատական նիստում, որի վերաբերյալ էլ Տեսչական մարմինը ներկայացներ առարկություն։
Ինչ վերաբերում է այն փաստարկին, որ Տեսչական մարնի կողմից ներկայացված Հաղորդմամբ և Գործի շրջանակներում ներկայացված վճռաբեկ բողոքով (այսուհետ նաև՝ Վճռաբեկ բողոք) ամբողջությամբ ներկայացվել են միևնույն հիմքերն ու հիմնավորումները, և Վճռաբեկ դատարանի վարչական պալատը 06.09.2023 թվականին մերժել է Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը ու դրանով, ըստ էության, գտել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտով չի խաթարվել արդարադատության բուն էությունը, ապա վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, 3-րդ մասը, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, նշել է, որ վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից հետևում է, որ Վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և դատավորին նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքերով կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հիմքերը միմյանցից տարբերվում են։ Մասնավորապես՝ նշված հիմքով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունվելու համար անհրաժեշտ է, որ 1. դատարանի կողմից թույլ տրված լինի դատական սխալ, 2. դատարանի կողմից թույլ տրված դատական սխալի արդյունքում պետք է առերևույթ առկա լինի մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, 3. թույլ տրված դատական ակտի արդյունքում Վճռաբեկ դատարանի գնահատմամբ պետք է խաթարված լինի արդարադատության բուն էությունը։ Միևնույն ժամանակ, Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքերով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ 1. դատավորի կողմից թույլ տրված լինի նյութական և դատավարական իրավունքի նորմի խախտում, 2. դատավորի կողմից թույլ տրված խախտումը լինի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված։ Ընդ որում, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար էական հանգամանք է համարվում նաև թույլ տրված խախտման արդյունքում առաջացած հետևանքների առկայության փաստը, ինչը բազմիցս արձանագրվել է նաև Խորհրդի կողմից։
Վերոգրյալի արդյունքում վարույթ հարուցող մարմինը հարկ է համարել փաստել, որ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը և չափանիշները միմյանցից էականորեն տարբերվում են, հետևաբար նաև՝ Վճռաբեկ դատարանի կողմից բողոքը վարույթ չընդունվելն ինքնին չի բացառում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը։
Տվյալ դեպքում Վերաքննիչ վարչական դատարանի 20.04.2023 թվականի որոշման դեմ բերված Վճռաբեկ բողոքի վերաբերյալ Վճռաբեկ դատարանը 06.09.2023 թվականի որոշմամբ մերժելով ներկայացված Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը, ի թիվս այլնի, արձանագրել է հետևյալը. «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը:
Արդյունքում Վճռաբեկ դատարանը, մերժելով Վճռաբեկ բողոքի վարույթ ընդունելը, մասնակի հիմնավոր է համարել նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկները, որպիսի պայմաններում կարելի է եզրահանգել, որ Վճռաբեկ դատարանը նույնպես գտել է, որ տվյալ դեպքում առկա են նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներ։ Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշմամբ չի պատճառաբանում, թե բողոքում ներկայացված որ փաստարկն ինչ պատճառաբանությամբ չի ընդունում և պրակտիկայում հանդիպում են այնպիսի օրինակներ, երբ բողոքում բարձրացված դատական սխալները թեև խնդրահարույց են լինում, սակայն բողոքը բավականաչափ պատճառաբանված չլինելու և այլ չափանիշներին չհամապատասխանելու պայմաններում Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ չի ընդունվում։
Այսպիսով, Լիազոր մարմնի գնահատմամբ, Դատավորների Բացատրությամբ ներկայացված առարկությունները հերքվում են վերը նշված հիմնավորումներով և վերլուծություններով, հետևաբար նաև՝ հարուցված կարգապահական վարույթը չի կարող կարճվել։
Նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորների դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ.
Դատավորները վարույթ հարուցած մարմնին ներկայացված Բացատրությամբ անդրադառնալով Հաղորդման հիմքերին և Որոշմամբ իրենց վերագրվող՝ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումներին, ներկայացրել են հետևյալ դիրքորոշումը.
Վկայակոչելով Վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ, 65-րդ, 66-րդ և 124-րդ հոդվածները և մեկնաբանելով դրանք, նշել են, վարչական դատարաններին ընդդատյա համանման աշխատանքային վեճերը հարուցվում և քննվում են Վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայցի շրջանակներում՝ ենթարկվելով ապացուցման բեռը կրելու նախորդիվ նշված կանոնակարգման։ Անդրադառնալով Գործում առկա փաստերին՝ Դատավորները նշել են, որ Հայցվորը ներկայացրել է իր բնույթով վիճարկման հայց։ Ընդ որում, նշված հայցի հիման վրա հարուցված վարչական գործի քննության արդյունքում կայացված վճռով Վարչական դատարանը, վերլուծության ենթարկելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով ամրագրված իրավակարգավորումները, գտել է, որ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի հիմքով հայցվորին աշխատանքից ազատելու վերաբերյալ Տեսչական մարմնի ղեկավարի վիճարկվող հրամանն իրավաչափ է։ Դատավորները շեշտադրել են նաև այն հանգամանքը, որ Վարչական դատարանի վճռի դեմ՝ պատճառաբանությունների մասով, Տեսչական մարմինը վերաքննիչ բողոք չի ներկայացրել՝ դրանով իսկ սեփական նախաձեռնությամբ չիրացնելով բողոքարկման՝ Վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված իր դատավարական հնարավորությունը։ Ընդգծվել է նաև այն հանգամանքը, որ Հայցվորի վերաքննիչ բողոքի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից ներկայացված գրավոր դիրքորոշմամբ Հայցվորի քաղաքացիական ծառայող չհանդիսանալու վերաբերյալ որևէ փաստարկ չի մատնանշվել։ Դատավորների շեշտադրմամբ՝ վիճարկվող հրամանի իրավաչափությունը ստուգվել է դրա ընդունման պահին ձևավորված փաստական հանգամանքների և կիրառելի որակված իրավակարգավորումների հաշվառմամբ՝ ուսումնասիրության ենթարկելով գործում առկա նյութերը, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի վերաբերյալ Տեսչական մարմնի ներկայացրած գրավոր դիրքորոշման բովանդակությունը, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ ԱԿ 505-Լ հրամանում փոփոխություն կատարելու մասին Տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԱԿ 1286-Լ հրամանը, որով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 20-ի Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 30-ի թիվ ԱԿ 401-Լ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ ԱԿ 505-Լ հրամանի թիվ 1 հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ։ Մասնավորապես, Տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԱԿ 1286-Լ հրամանով հաստատված Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաստիքացուցակի բովանդակությունից հետևում է, որ դրանում առանձնացված են Տեսչական մարմնի ստորաբաժանումները (կառուցվածքային և առանձնացված) և ամրագրված են ինչպես քաղաքացիական ծառայության, այնպես էլ քաղաքացիական աշխատանք կատարողների հաստիքները։ Ընդ որում հատկանշական է, որ նշված հաստիքացուցակում ուղիղ թվարկված են քաղաքացիական աշխատանք կատարողների պաշտոնները, այն է՝ բյուջետային գործընթացի պատասխանատու, ցանցային ադմինիստրատոր, վարորդ, տնտեսվար, հավաքարար և ցրիչ։ Դատավորների շեշտադրմամբ՝ Հայցվորի զբաղեցրած բժիշկ-համաճարակաբանի հաստիքն ընդգրկված չէ նշված հաստիքացուցակով հատկորոշված քաղաքացիական աշխատանք կատարողների ցանկում։ Այսինքն՝ ըստ հաստիքացուցակի՝ Հայցվորի զբաղեցրած պաշտոնը՝ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան, ներառված չէ քաղաքացիական աշխատանք կատարողների սպառիչ ցանկում, այլ ընդգրկված է հաստիքացուցակի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում։ Դատավորները պնդել են, որ նման պայմաններում Դատարանն օբյեկտիվորեն չէր կարող եզրահանգում կատարել առ այն, որ Հայցվորի զբաղեցրած պաշտոնը քաղաքացիական աշխատանք կատարողի պաշտոն է։ Ընդ որում, Հաղորդմամբ նշված փաստական հանգամանքի ապացուցման բեռն արդեն կրում էր Տեսչական մարմինը, մինչդեռ, վերջինս Հայցվորի զբաղեցրած պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն չլինելու հանգամանքի վերաբերյալ որևէ վերաբերելի և թույլատրելի պատշաճ ապացույց չի վկայակոչել և չի ներկայացրել՝ Վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի ուժով կրելով այդ փաստի չապացուցման բացասական հետևանքները։
Հաջորդիվ անդրադառնալով Հաղորդմամբ ներկայացված՝ Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ երկրորդ հիմքին, որը վերաբերել է Դատարանի կողմից Հայցվորին իր նախկին աշխատանքում վերականգնելուն այն դեպքում, երբ դատական ակտը կայացվելու պահին Վարչապետի 25.11.2022 թվականի ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին թիվ 1395-Լ որոշման հիմքով (1-ին կետ) այլևս դադարեցված է եղել Տեսչական մարմնի ստորաբաժանումներ հանդիսացող սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերի, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի գործունեությունը, ինչով պայմանավորված՝ Հայցվորի՝ բժիշկ-համաճարակաբանի հաստիքը կրճատվել է՝ Դատավորները փաստել են, որ հաստիքի այլևս գոյություն չունենալու իրավական հետևանքը, մասնավոր դեպքում, առավելապես գտնվում է դատական ակտի կատարման վերաբերյալ առկա իրավակարգավորումների տիրույթում՝ հաշվի առնելով, որ սույն վարչական գործի քննությունը չի իրականացվել պարտավորեցման հայցի շրջանակներում։ Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածով ամրագրված իրավական գործիքակազմը հնարավորություն է տալիս հարկադիր կատարողին դատական ակտի կատարման անհնարինության դեպքում ավարտելու կատարողական վարույթը, ինչը տվյալ դեպքում փաստացի կատարվել է։ Այսպես, Դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթը հարկադիր կատարողը համապատասխան որոշմամբ ավարտել է դատական ակտի կատարման անհնարինության հիմքով, որպիսի փաստի հաշվառմամբ Հայցվորը Վարչական դատարան ներկայացրած մեկ այլ հայցով խնդրել է, մասնավորապես, պարտավորեցնել վճարելու աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում։
Ինչ վերաբերում է Հաղորդմամբ մատնանշված երրորդ հիմքին, որը վերաբերում է առանց Տեսչական մարմնից Հայցվորի աշխատավարձի չափի մասին տեղեկատվություն պահանջելու հօգուտ Հայցվորի բռնագանձման ենթակա հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվող աշխատավարձի գումարի չափը որոշելուն՝ Դատավորները նշել են, որ բռնագանձման ենթակա գումարի հաշվարկը կատարվել է հայցադիմումում՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից տրված Հայցվորի աշխատավարձի վերաբերյալ հաշվի քաղվածքի հիման վրա, որպիսի տեղեկատվությունը հերքող որևէ վերաբերելի և թույլատրելի պատշաճ ապացույց դատավարության որևէ փուլում Տեսչական մարմնի կողմից չի մատնանշվել և չի ներկայացվել, ինչով պայմանավորված՝ Դատարանը Հայցվորի կողմից ներկայացված հիշյալ հաշվարկն ընդունել է որպես իրերի իրական դրությանը համապատասխանող։
Ամփոփելով Բացատրությամբ նախորդիվ մատնանշված դատողությունները՝ Դատավորները նշել են, որ Գործում առկա և գնահատման ենթակա ապացույցների, ինչպես նաև Դատարանի կողմից ուսումնասիրված Տեսչական մարմնի ղեկավարի հրամանի, դատավարության ընթացքում պատասխանողի հայտնած դիրքորոշումների համակցությունը՝ Հաղորդմամբ մատնանշված հիմքերի վերաբերյալ որևէ փաստարկի և դա ապահովող ապացույցների բացակայության պայմաններում, օբյեկտիվորեն չէր կարող բերել այլ եզրահանգման, քան ամրագրվել է գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած 20.04.2023 թվականի դատական ակտով։ Նշված եզրահանգման իրավաչափության մասին վկայում է նաև Տեսչական մարմնի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 06.09.2023 թվականի որոշումը։ Ընդ որում, Հաղորդմամբ մատնանշված հիմքերն ամբողջությամբ կրկնում են վճռաբեկ բողոքի հիմք-հիմնավորումները, որոնց ուսումնասիրության արդյունքում էլ Վճռաբեկ դատարանն ըստ էության գտել է, որ Դատարանի կայացրած ակտով չի խաթարվում արդարադատության բուն էությունը։
Ամբողջացնելով վերոգրյալը՝ Դատավորները միջնորդել են կարճել իրենց նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը։
Դատավորները 20.05.2025 թվականին Խորհրդին ներկայացրած պատասխանով անդրադառնալով Տեսչական մարմնի կողմից ներկայացված Հաղորդման առաջին և երկրորդ հիմքերին, վկայակոչելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասը, 29-րդ հոդվածի 1-ին մասը, 124-րդ հոդվածի 2-րդ մասը տվյալ դեպքում Մաքրուհի Եսայանը ներկայացրել է իր բնույթով վիճարկման հայց։ Ընդ որում, նշված հայցի հիման վրա հարուցված վարչական գործի քննության արդյունքում կայացված վճռով ՀՀ վարչական դատարանը, վերլուծության ենթարկելով «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված իրավակարգավորումները, գտել է, որ նշված օրենքի հիմքով հայցվորին աշխատանքից ազատելու վերաբերյալ Տեսչական մարմնի ղեկավարի վիճարկվող հրամանն իրավաչափ է։1
Անհրաժեշտ է ընդգծել նաև, որ հայցվորի վերաքննիչ բողոքի կապակցությամբ Տեսչական մարմնի կողմից ներկայացված գրավոր դիրքորոշմամբ Մաքրուհի Եսայանի քաղաքացիական ծառայող չհանդիսանալու վերաբերյալ որևէ փաստարկ չի մատնանշվել։
Հաշվի առնելով, որ թիվ ՎԴ/4221/05/22 վարչական գործը քննվել է վիճարկման հայցի շրջանակներում՝ Վերաքննիչ դատարանը վիճարկվող հրամանի իրավաչափությունը ստուգել է դրա ընդունման պահին ձևավորված փաստական հանգամանքների և կիրառելի որակված իրավակարգավորումների հաշվառմամբ՝ ուսումնասիրության ենթարկելով գործում առկա նյութերը, այդ թվում՝ վերաքննիչ բողոքի վերաբերյալ Տեսչական մարմնի ներկայացրած գրավոր դիրքորոշման բովանդակությունը, ինչպես նաև «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի 2020 թվականի մայիսի 20-ի թիվ ԱԿ 505-Լ հրամանում փոփոխություն կատարելու մասին» Տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԱԿ 1286-Լ, հրամանը, որով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի մայիսի 20-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաստիքացուցակը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 2020 թվականի ապրիլի 30-ի հ1 ԱԿ 401-Լ, հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ ԱԿ 505-Լ, հրամանի թիվ 1 հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ։
Մասնավորապես, Տեսչական մարմնի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԱԿ 1286-Լ, հրամանով հաստատված Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաստիքացուցակի բովանդակությունից հետևում է, որ դրանում առանձնացված են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ստորաբաժանումները (կառուցվածքային և առանձնացված) և ամրագրված են ինչպես քաղաքացիական ծառայության, այնպես էլ քաղաքացիական աշխատանք կատարողների հաստիքները։ Ընդ որում, հատկանշական է, որ նշված հաստիքացուցակում ուղիղ թվարկված են քաղաքացիական աշխատանք կատարողների պաշտոնները, այն է՝ բյուջետային գործընթացի պատասխանատու, ցանցային ադմինիստրատոր, վարորդ, տնտեսվար, հավաքարար և ցրիչ։ Փաստենք, որ Մաքրուհի Եսայանի զբաղեցրած բժիշկհամաճա– րակաբանի հաստիքն ընդգրկված չէ նշված հաստիքացուցակով հատկորոշված քաղաքացիական աշխատանք կատարողների ցանկում։ Այլ կերպ ասած, ըստ հաստիքացուցակի՝ հայցվորի զբաղեցրած պաշտոնը՝ «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան, ներառված չէ քաղաքացիական աշխատանք կատարողների սպառիչ ցանկում, այլ ընդգրկված է հաստիքացուցակի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում։
Վերը նկարագրված իրողության պայմաններում Վերաքննիչ դատարանն օբյեկտիվորեն չէր կարող եզրահանգում կատարել առ այն, որ, ինչպես Հաղորդմամբ պնդում է Տեսչական մարմնի ղեկավարը, Մաքրուհի Եսայանի զբաղեցրած պաշտոնը քաղաքացիական աշխատանք կատարողի պաշտոն է։ Ընդ որում, իր Հաղորդմամբ նշված փաստական հանգամանքի ապացուցման բեռն արդեն վարչական գործով կրում էր Տեսչական մարմինը, մինչդեռ, վերջինս Մաքրուհի Եսայանի զբաղեցրած պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն չլինելու հանգամանքի վերաբերյալ որևէ վերաբերելի և թույլատրելի պատշաճ ապացույց չի վկայակոչել և չի ներկայացրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի ուժով կրելով այդ փաստի չապացուցման բացասական հետևանքները։
Հաջորդիվ, պետք է փաստել, որ հաստիքի այլևս գոյություն չունենալու իրավական հետևանքը, մասնավոր դեպքում, առավելապես գտնվում է դատական ակտի կատարման վերաբերյալ առկա իրավակարգավորումների տիրույթում՝ հաշվի առնելով, որ սույն վարչական գործի քննությունը չի իրականացվել պարտավորեցման հայցի շրջանակներում։ Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածով ամրագրված իրավական գործիքակազմը հնարավորություն է տալիս հարկադիր կատարողին դատական ակտի կատարման անհնարինության դեպքում ավարտելու կատարողական վարույթը, ինչը տվյալ դեպքում փաստացի կատարվել է։ Այսպես, Վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման հիման վրա հարուցված կատարողական վարույթը հարկադիր կատարողը համապատասխան որոշմամբ ավարտել է դատական ակտի կատարման անհնարինության հիմքով, որպիսի փաստի հաշվառմամբ Մաքրուհի Եսայանը ՀՀ վարչական դատարան ներկայացրած մեկ այլ հայցով խնդրել է, մասնավորապես, պարտավորեցնել վճարելու աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում։ (հիմք՝ ՎԴ/5517/05/24 վարչական գործով «Datalex» դատական տեղեկատվական համակարգում առկա տեղեկատվություն):
Ի վերջո, անդրադառնալով Տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած Հաղորդմամբ մատնանշված երրորդ հիմքին՝2 փաստում ենք, որ բռնագանձման ենթակա գումարի հաշվարկը կատարվել է հայցադիմումում՝ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ի կողմից տրված հայցվորի աշխատավարձի վերաբերյալ հաշվի քաղվածքի հիման վրա, որպիսի տեղեկատվությունը հերքող որևէ վերաբերելի և թույլատրելի պատշաճ ապացույց դատավարության որևէ փուլում Տեսչական մարմնի կողմից չի մատնանշվել և չի ներկայացվել, ինչով պայմանավորված՝ Վերաքննիչ դատարանը հայցվորի կողմից ներկայացված հիշյալ հաշվարկն ընդունել է որպես իրերի իրական դրությանը համապատասխանող։
Վերոգրյալի համատեքստում անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու դատավարական սկզբունքի բովանդակությանը՝ հարկ է ընդգծել, որ վարչադատական գործընթացում գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի իրավական ամրագրումը հետապնդում է դատավարությունում ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ հանրային-իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ունեցած փաստացի առավելությունները վերացնելու նպատակ։ (տե՛ս, թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016թ. որոշումը)։
Ընդգծենք նաև այն փաստը, որ դատական նիստին մասնակցել է Տեսչական մարմնի ներկայացուցիչը, որին դատավորների կողմից ուղղված հարցադրումներում շեշտադրվել է «հայցվորը որպես հանրային ծառայող», «հայցվորը որպես քաղաքացիական ծառայող» ձևակերպումները, որոնց կապակցությամբ որևէ արձագանք չի եղել, ներկայացուցչի կողմից որևէ դիրքորոշում չի ներկայացվել հայցվորի քաղաքացիական աշխատանք կատարող, այլ ոչ թե՝ քաղաքացիական ծառայող լինելու վերաբերյալ։ Այդպիսի փաստարկ ներկայացված չէ նաև Տեսչական մարմնի կողմից ՀՀ վարչական դատարան և ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ներկայացված գրավոր դիրքորոշումներում։
Ամփոփելով սույն պատասխանով նախորդիվ մատնանշված դատողությունները՝ փաստում ենք, որ գործում առկա և գնահատման ենթակա ապացույցների, ինչպես նաև Վերաքննիչ դատարանի կողմից ուսումնասիրված Տեսչական մարմնի ղեկավարի հրամանի, դատավարության ընթացքում պատասխանողի հայտնած դիրքորոշումների համակցությունը՝ Հաղորդմամբ մատնանշված հիմքերի վերաբերյալ որևէ փաստարկի և դա ապահովող ապացույցների բացակայության պայմաններում, օբյեկտիվորեն չէր կարող բերել այլ եզրահանգման, քան ամրագրվել է գործն ըստ էության լուծող օրինական ուժի մեջ մտած 20.04.2023թ. դատական ակտով։ Նշված եզրահանգման իրավաչափության մասին վկայում է նաև Տեսչական մարմնի վճռաբեկ բողոքն ընդունելը մերժելու մասին Վճռաբեկ դատարանի վարչական պալատի 06.09.2023թ. որոշումը։ Ընդ որում, Հաղորդմամբ մատնանշված հիմքերն ամբողջությամբ կրկնում են վճռաբեկ բողոքի հիմք-հիմնավորումները, որոնց ուսումնասիրության արդյունքում էլ ՀՀ վճռաբեկ դատարանն ըստ էության գտել է, որ Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտով չի խաթարվում արդարադատության բուն էությունը։
Դատավորները ներկայացված պատասխանով նաև նշել են, որ Լիազոր մարմնի կողմից կարգապահական վարույթ հարուցելու որոշման կապակցությամբ հայտնել էինք, որ վկայակոչված հիմնավորումների և դրանցից բխեցված հետևության հաշվառմամբ հարուցված կարգապահական վարույթը ենթակա էր կարճման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Վկայակոչելով Օրենսգրքի 147-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետը, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 4-րդ, 5-րդ մասերը՝ ընդգծել են նաև, որ նշված խմբագրությամբ իրավանորմերը գործում են 25.03.2020 թվականից՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքի հաշվառմամբ, որով, ի թիվս այլնի, նշվել է, որ այս դեպքում նշաձող պետք է համարվի այն խախտումը, որը հանգեցրել է մարդու իրավունքների և (կամ) ազատությունների հիմնարար խախտումների և կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ, այսինքն՝ «ակնհայտորեն անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»։
Վերը նշված իրավանորմերի տրամաբանությունից բխում է, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտման, և ըստ այդմ՝ կարգապահական վարույթ հարուցելու համար արժևորվել են մեղքի դրսևորման երկու եղանակներ, այն է՝ դիտավորություն և կոպիտ անփութություն։ Մասնավորապես, դատավորի կարգապահական պատասխանատվության տեսանկյունից մեղքը դատավորի վերաբերմունքն է իր կողմից կատարված արարքի նկատմամբ, այն է՝ խախտումը դիտավորությամբ կատարելու դեպքում դատավորը գիտակցում է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, իսկ կոպիտ անփութության դեպքում՝ չի գիտակցում իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։
Հարկ է նկատել, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 5-րդ մասում նախատեսված «ակնհայտություն» եզրույթն իրենից ներկայացնում է անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երևացող, աչքի ընկնող և ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող ակներևություն։ Այսինքն՝ սույն իրավական նորմում տեղ գտած կարգավորումը կարող է վերաբերել միայն չափազանց պարզորոշ, միանշանակ և հստակ գիտակցելուն, երբ տվյալ իրադրությունում աներկբայորեն և հիմնավոր կերպով երևում է, որ դատավորը կարող էր և պարտավոր էր գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը։
Վերոշարադրյալ ամբողջից ելնելով՝ պետք է եզրակացնել, որ Հաղորդմամբ ներկայացված հիմնավորումներից և դրանց հիմքում դրված փաստական և իրավական տվյալների ուսումնասիրությունից հնարավոր չէ գալ իրավաչափ եզրահանգման թիվ ՎԴ/4221/05/22 վարչական գործը քննած Վերաքննիչ դատարանի դատական կազմի դատավորների վարքագծի բնույթի ակնհայտ (կասկածից վեր՝ անմիջապես աչքի զարնող, առաջին իսկ դիտարկման պահին երևացող, աչքի ընկնող է և ոչ մի կերպ չվրիպող ու կասկած չհարուցող) ոչ իրավաչափ լինելու վերաբերյալ։
Դատավորները գտել են, որ սույն պատասխանով ներկայացված հիմքերը և հիմնավորումներն ամբողջությամբ հերքում են Տեսչական մարմնի ներկայացրած Հաղորդմամբ Վերաքննիչ դատարանի դատական կազմին վերագրվող խախտումները, որպիսի պայմաններում էլ բացակայում է դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքը, ինչը նույն օրենքի 147-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի ուժով վարույթը հարուցած մարմնի կողմից կարգապահական վարույթը կարճելու հիմք էր, այդուհանդերձ, Լիազոր մարմինը կայացրել է Խորհրդին դիմելու մասին որոշում։
Ըստ Դատավորների վերոգրյալն անհրաժեշտ ու բավարար է Դատավորներին կարգապահական պատասխանատվության չենթարկելու համար, միաժամանակ հավելելով հետևյալը։
Տեսչական մարմնի կողմից ներկայացված հաղորդման մեջ Դատավորներին վերագրվող ենթադրյալ խախտումների կազմը տարբերվում է Լիազոր մարմնի 15-Ա որոշման մեջ շարադրված խախտումներից, իսկ Դատավորներին բացատրություն ներկայացնելու հնարավորություն է տրվել Լիազոր մարմնի որոշման մեջ ներկայացված փաստերի վերաբերյալ, որի արդյունքում Լիազոր մարմնի կողմից իրականացված վարչական վարույթի շրջանակներում խախտվել է Դատավորներ լսված լինելու իրավունքը։
Վկայակոչելով ՀՀ սահմանադրական դատարանը 12.05.2020 թվականի թիվ ՍԴՈ-1529 որոշումը՝ հայտնել են, որ Լիազոր մարմնի որոշման հիման վրա տվյալ դեպքում Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելը պետք է բացառվի նաև Լիազոր մարմնի կողմից թույլ տրված այն խախտման հիմքով, որ Լիազոր մարմնի կողմից չէր կարող 29.04.2024 թվականից սկսած մինչև 28.02.2025 թվականն ուսումնասիրություն կատարվել, որից հետո միայն որոշվել Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը։ Լիազոր մարմնի գործողություններն այդ ժամանակահատվածում ըստ էության վարչական վարույթին են բնորոշ, որի ժամկետների վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով հատուկ ժամկետներ սահմանված չեն, ուստի պետք է կիրառելի լինեն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի նորմերը, ըստ որի՝ այդ ժամկետը չի կարող 30 օրից ավելի լինել։ Ընդ որում՝ Լիազոր մարմնի տրամադրության տակ անհրաժեշտ փաստաթղթերն առկա են եղել դեռևս 21.05.2024 թվականի դրությամբ, որից հետո, ինչպես բխում է վարույթ հարուցելու մասին որոշումից, փաստաթղթերի ու այլ փաստական տվյալների ձեռքբերման այլ միջոցառումներ չեն իրականացվել, սակայն վարույթի հարուցման որոշումը կայացվել է շուրջ 9 ամիս անց։
Նշվածից հետևում է, որ սույն ընթացակարգի հիմքում դրված առաջնային որոշումը կայացվել է օրենքի խախտմամբ, ուստիև դրա հիման վրա չի կարող իրավաչափ ու հիմնավորված որևէ հետևանք առաջանալ որևէ անձի նկատմամբ։
Բացի այդ, անհրաժեշտ են համարել ներկայացնել Դատավորների պատասխանը նաև հետևյալ մեթոդաբանական ելակետերով.
Դատավորը սահմանադրական պատասխանատվության սուբյեկտ է, իսկ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սահմանադրական վարույթ՝ ըստ էության և բովանդակության.
Անհրաժեշտ է հստակորեն սահմանազատել դատավորի, դատարանի, դատական մասնակցությամբ իրավահարաբերությունները՝ տարբերակելով դրանց բովանդակությունը, սուբյեկտային կազմը, իրավակարգավորման առանձնահատկությունները.
Նյութական և դատավարական իրավունքի նորմի մեկնաբանությունը դատարանի բացառիկ իրավազորությունն է, իսկ ստորադաս դատարանի մեկնաբանությունները կարող են վերանայվել, փոփոխվել (իրավաբանորեն խմբագրվել, գնահատվել, ուղղորդվել) միայն սահմանված կարգով՝ վերադաս դատարանի կողմից կայացված դատական ակտերով, գործն ըստ էության լուծող դատական ակտի կայացնող, հետևաբար՝ արդարադատության իրականացնող միակ սուբյեկտը դատարանն է.
Այս համատեքստում կարևորվել են այնպիսի իրավական հասկացություններ (իրողություններ), և ընդգծվել են իրավական գոյի այնպիսի հիմնարար բաղադրիչներ, ինչպիսիք են՝
• Իրավականությունը (իրավունքի, այդ թվում՝ սահմանադրական իրավունքի նորմերի գործողության անմիջականությունը).
• Իրավական որոշակիությունը.
• Կամայականության արգելքը (սույն գործով՝ սահմանադրական, դատարանա– կազմակերպական և դատավարական հայեցողության սահմանների անորոշությունը).
• Իրավունքի արդյունավետ պաշտպանությունը.
• Իշխանությունների տարանջատման սկզբունքին համապատասխան՝ իշխանության մարմինների իրավասությունների հստակեցման անհրաժեշտությունը.
• Անձի իրավունքների պահպանումը (անմեղության կանխավարկած, հանրային ծառայության իրականացման իրավունք և այլն).
• Դատարանի (դատավորի) անկախության երաշխավորումը, որոնք ՀՀ իրավական կարգի (այդ թվում՝ արդարադատության համակարգ) սահմանադրական և արժեքաբանական հիմնատարրերից են։
Դատավորի կարգապահական պատասխանատվությունը՝ որպես սահմանադրաիրավական գործընթաց (սահմանադրական վարույթ)
Հիմնական օրենքի տեքստում «դատավոր» և «դատարան» հասկացությունների նա-խատեսումը, անշուշտ, նպատակ ունի սահմանելու դրանց հիմնարար բնույթը և նշանակությունը, բացահայտելու հանրային կյանքում այս սուբյեկտների (ինստիտուտ) գործառույթը և ընդգծելու դրանց կարևորության աստիճանը։
Մեթոդաբանական այս ընկալումը և ձևակերպումները բնականաբար կանխորոշում են նաև այդ սուբյեկտների կապակցությամբ գործընթացների որակը, բովանդակությունը և հատկանիշները պայմանավորելով, մասնավորապես, այնպիսի հասկացության և գործընթացի բնութագրիչները, ինչպիսին է դատավորի վարչական, քրեական և կարգապահական պատասխանատվությունը։
Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի դրույթներով հանգամանորեն կարգավորում են դատավորի կարգավիճակի այդ էական տարրի՝ պատասխանատվության առանձնահատկությունները, ըստ որում՝ անկախ պատասխանատվության տեսակից (քրեական և կարգապահական)՝ դատավորի պատասխանատվությունն ինքնին, ի սկզբանե արտահայտվելով սահմանադրական տեքստային կաղապարներում, ձեռք է բերում հիմնարար՝ սահմանադրական ընդգծված բնույթ։ Համանման տեսակետ է արտահայտվել նաև մասնագիտական գրականությունում։
Դատարանների անկախության, ուստի և դատավորի գործունեության ապահովման իրավական երաշխիքների և կառուցակարգերի առումով հատուկ-հիմնարար նշանակություն ունեն նաև միջազգային իրավական մի շարք փաստաթղթերում զետեղված վերլուծությունները և հայեցակարգերը։
Դատավորի սահմանադրական-կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթը (մեկնակետը) ձևակերպված է Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-2-րդ մասերով, որոնց համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան: Դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երբ առկա են հանցագործության կամ կարգապահական խախտման հատկանիշներ:
Դոկտրինալ, տեքստաբանական, արժեբանական այս իրողությունները՝ սահմանադրական գործընթացի (վարույթի) առնչությամբ նշված ելակետերը, ուղղորդող նշանակություն ունեն դատավորի պատասխանատվության նպատակների և իրականացման ողջ գործընթացի ճիշտ ընկալման հարցում, քանի որ Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության համատեքստում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս հարկ է լինելու գնահատել բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմեր-սկզբունքները՝ անհրաժեշտության դեպքում նույնիսկ դրանց ստորադասելով ընթացիկ օրենսդրության դրույթները։
Դատավորները հարկ են համարում ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ սահմանադրական ինստիտուտների (դատարան, Դատավոր, Խորհուրդ) կարգավիճակը և դատավորին պատասխանատվության ենթարկելու գործընթացները սոսկ ընթացիկ օրենսդրության կարգավորումներով սահմանափակելը ինքնին կասկածահարույց և ոչ իրավաչափ կդառնա, եթե դրանով իսկ ստեղծվեն սահմանադրական ինստիտուտները շրջանցող, կամ որ ավելի վտանգավոր է, դրանց փոխարինող ստվերային ինստիտուտներ, ինչպիսին է, օրինակ՝ «կարգապահական խախտում» սահմանադրաիրավական ինքնաբավ եզրույթի բովանդակության խեղաթյուրումը հետագա օրենսդրական կարգավորմամբ և դրա հիման վրա ձևավորված (ձևավորվող) իրավակիրառ պրակտիկայով։
Ինչպես վերը նշվեց, սահմանադիրը բացառում է դատավորին պատասխանատվության ենթարկումը արդարադատություն իրականացնելիս հայտնած կարծիքի կամ կայացրած դատական ակտի համար, բացառությամբ երկու դեպքի.
առկա են հանցագործության հատկանիշներ.
առկա են կարգապահական խախտման հատկանիշներ։
Նման պարագայում անհրաժեշտ է բացահայտել «կարգապահական խախտում» եզրույթի սահմանադրաիրավական հատկանիշների ամբողջությունը, որոնցով այդ հասկացությամբ անվանվող երևույթը զանազանվում է նմանատիպ այլ իրավական երևույթներից։ Խոսքը չի վերաբերում իրավունքի այլ ճյուղերի կողմից կարգավորման առարկա հանդիսացող «կարգապահություն» ինստիտուտին։
Նման իրադրությունում Օրենսգրքի 142-րդ հոդվածով արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ և կոպիտ անփութությամբ խախտումը որպես դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք ամրագրելը սահմանադրաիրավական կոլապսի է հանգեցնում։
Մասնավորապես՝ օրենսդիրը «հմտորեն» գործադիրի կողմից դատական իշխանության վրա ազդեցության կառուցակարգ/եր/ է ամրագրել՝ «կարգապահություն» սահմանադրաիրավական ինստիտուտի կիրառման համար այլ հիմքերի նախատեսմամբ3։
Դատավորի եվ դատարանի անկախության երաշխավորման հիմնախնդիրը առկա իրավակարգավորումների եվ սույն գործի փաստական իրողությունների համատեքստում:
Արդարադատության բնույթը և էությունը, դատական իշխանության դերը և սոցիալական առաքելությունը բացահայտող ու ամրագրող գիտական և նորմատիվ աղբյուրները վերլուծում և արտացոլում են այդ հասկացությունների թև իմացաբանական, թև արժեբանական տեսակետներից, թև կանոնակարգման ու ինստիտուցիոնալացման առումները։
«Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։
Վերոհիշյալ նորմի դոկտրինալ ընկալումներին համապատասխան՝ կարելի է ձևակերպել արդարադատության հասկացության բովանդակային և կառուցվածքային տարրերը։
Արդարադատությունը Սահմանադրությամբ ամրագրված պետական գործունեության հատուկ տեսակ է, որն իրականացնում է միայն դատարանը՝ դատական համապարտադիր որոշումների օրինականությունը, արդարացիությունը, հիմնավորվածությունն ապահովող օրենքով սահմանված պահանջների ու կարգի խստագույն պահպանմամբ՝ համապատասխան դատավարական ձևերով, եւ ուղղված է սահմանադրական, վարչական, քրեական, քաղաքացիական գործեր (իրավական վեճեր) քննելուն եւ լուծելուն։ Այսպիսով՝ արդարադատությունը՝ որպես դատարանների բացառիկ լիազորություն, համարվում է դատական իշխանության իրականացման եղանակը, միջոցը։ Ըստ այդմ՝ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և մեկնաբանվող հոդվածի 1-ին մասի համակարգային մեկնաբանումից բխում են հետևյալը.
Արդարադատությունը դատական իշխանության իրականացման եղանակներից մեկն է։
Արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ պետության հատուկ մարմիններ։
Դատարաններն արդարադատությունն իրականացնում են Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան4։
Նշված կանխադրույթի կարևորությունը հատկապես էական է ու մեթոդաբանական նշանակություն ունի կարգապահական վարույթ հարուցած վարչական մարմնի գործողությունների ընկալման, դրանց իրավաչափության գնահատման հարցում։
Այնինչ թև ներպետական (այդ թվում և առաջին հերթին՝ սահմանադրական) օրենսդրության, թև միջազգային իրավական ակտերի և փաստաթղթերի, թև գիտական աղբյուրների և աշխատությունների սոսկ մակերեսային դիտարկումը հաստատապես և անդառնալիորեն ամրագրում, հիմնավորում, բացահայտում, երաշխավորում է դատարանի և դատավորի անկախության սկզբունքը, կառուցակարգը, արժեբանական և ինստիտուցիոնալ կարգավորումները5։
Այսպես՝ ՀՀ Սահմանադրության 173-րդ հոդվածով սահմանված է, որ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը։
ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Ի լրումն սահմանադրական նորմի՝ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ արդարադատություն և որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ, ինչպես նաև դատավորի կարգավիճակից բխող իրավունքներ իրականացնելիս դատավորն անկախ է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից, պաշտոնատար, ֆիզիկական և իրավաբանական անձանցից և հաշվետու չէ որևէ մեկի, այդ թվում՝ պարտավոր չէ որևէ բացատրություն տալ։
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 9-10-րդ մասերով ամրագրված է, որ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության։ Դատավորը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության մեղրի բացակայության դեպքում։
Դա նշանակում է, որ արդարադատություն իրականացնելու, այդ թվում՝ իրավական նորմի մեկնաբանելու և կիրառելու լիազորությունը դատարանի, դատավորի բացառիկ իրավասության տիրույթում է։ Ուստի վարույթ հարուցած մարմնի իրավասության մեջ չի մտնում կոնկրետ գործերով իրավական նորմի կիրառումը կամ կայացված դատական ակտի իրավաչափության որոշումը, առավել ևս՝ այդ առնչությամբ իրավական հետևանքների՝ կարգապահական պատասխանատվության, ենթարկման հարցի առաջ քաշումը։
Միակ մարմին(ներ)ը, որն իրավասու է իրավական առումով գնահատել, (առավել ևս՝ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի ուժով) վերանայել դատական ակտը, վերադաս դատական ատյանն է, իսկ ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում բարձրագույն դատական ատյանը, բացառությամբ սահմանադրական արդարադատության ոլորտի, Վճռաբեկ դատարանն է։
Սահմանադրության և Օրենսգրքի՝ դատարանի (դատավորի) անկախության երաշխավորմանն ուղղված նորմերի համակարգային վերլուծության արդյունքում հանգում ենք այն եզրակացությանը, որ արդարադատություն իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության։
Նկատի առնելով վերոշարադրյալը՝ գալիս ենք այն եզրահանգման, որ նյութական և դատավարական իրավունքի նորմի մեկնաբանությունը դատարանի բացառիկ իրավազորությունն է, իսկ ստորադաս դատարանի մեկնաբանությունները կարող են վերանայվել, փոփոխվել (իրավաբանորեն խմբագրվել, գնահատվել, ուղղորդվել) միայն սահմանված կարգով՝ վերադաս դատարանի կողմից կայացված դատական ակտերով, գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնող, հետևաբար՝ արդարադատության իրականացնող միակ սուբյեկտը դատարանն է։
Հակառակ պարագայում, երբ մի կողմից՝ հռչակվում են դատարանի և դատավորի անկախությունը, իսկ սահմանադրական և ընթացիկ օրենսդրությունն ամրագրում է դրանց իրականացման կարգը (մեթոդաբանական, ինստիտուցիոնալ, ընթացակարգային), իսկ մյուս կողմից՝ կարգապահական վարույթ հարուցած վարչական մարմնի գործողությունները փաստացի և իրավաբանական հետևանքներ են առաջացնում դատավորի համար, ամբողջությամբ արժեզրկվում են դատական իշխանության դերի և առաքելության սահմանադրական, նորմատիվ, ինստիտուցիոնալ երաշխքիները՝ դրանով իսկ վտանգելով արդարադատության իրականացման գործընթացը և որպես հետևանք՝ Մարդու իրավունքների՝ որպես բարձրագույն արժեքների ճանաչման և պաշտպանության հնարավորությունը։
Ավելին՝ օրենսդիրը հստակ նախատեսել է, որ նույնիսկ դատական ակտի բեկանումը հիմք չէ դատավորին պատասխանատվության ենթարկելու համար։ Մասնավորապես՝ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 7-րդ մասը նախատեսում է, որ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Այսինքն՝ նույնիսկ բեկանված դատական ակտերի պարագայում օրենսդիրը միանշանակ չի գնահատում դատավորին պատասխանատվության ենթարկելու հեռանկարը (հնարավորությունը)։
Նշվածն արտահայտվում է համապատասխան փաստական հիմքի բացակայության պայմաններում Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իրավանորմի կիրառմամբ Դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի հարուցմամբ։
Մասնավորապես՝ նշված նորմի համաձայն՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ։
Նշված նորմի տառացի մեկնաբանությունից ուղղակիորեն բխում է, որ կարգապահական պատասխանատվության ենթարկելու երկու պայմաններից որևէ մեկի առկայություն է անհրաժեշտ, այն է՝ խախտման դիտավորությամբ և կոպիտ անփութությամբ կատարված լինելը։
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը։ Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն գլխի իմաստով՝ արարքը համարվում է կոպիտ անփութությամբ կատարված, եթե դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։
Այդ կապակցությամբ Որոշման մեջ բացահայտված չեն վերոնշյալ նորմերի կիրառման համար հիմք հանդիսացող պայմանները, որոնցով պայմանավորված՝ վարույթ հարուցող մարմինը հանգել է նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման առկայության վերաբերյալ եզրակացության։
Գտնում են, որ նյութական և /կամ/ դատավարական նորմերի խախտումների, ինչպես նաև այդ խախտումների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ կատարված լինելու վերաբերյալ Որոշումը պետք է պարունակեր համապատասխան հիմնավորումներ, արդեն իսկ ձեռք բերված ու ուսումնասիրված տեղեկությունների հիման վրա արված եզրահանգումներ օրենսդրական ձևակերպումներին համապատասխան փաստեր հայտնաբերելու վերաբերյալ։ Այնինչ այդ կապակցությամբ Որոշման մեջ որևէ հիմնավոր նշում առկա չէ, ինչն էլ իր հերթին վկայում է Որոշման ոչ իրավաչափ լինելու մասին։
Միջնորդել են Արդարադատության նախարարի 28.04.2025 թվականի թիվ 35-Ա որոշմամբ ներկայացված միջնորդությունը մերժել։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները.
4․1 Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2022 թվականի թիվ ԱԿ 376-Ա հրամանի համաձայն՝ Մաքրուհի Եսայանն ազատվել է պաշտոնից, որի համար հիմք է ծառայել նաև վերջինիս բացատրությունը, իսկ որպես իրավական հիմքեր, ի թիվս այլնի, նշված է Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 223-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը։
4.2 Թիվ ՎԴ/4221/05/22 վարչական գործով Վարչական դատարանը 01․11․2022 թվականի վճռով վճռել է Մաքրուհի Համբարձումի Եսայանի հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի` Պատասխանողի Մաքրուհի Եսայանին աշխատանքից ազատելու վերաբերյալ 11.05.2022թ. թիվ ԱԿ 376-Ա հրաման անվավեր ճանաչելու, Մաքրուհի Եսայանին նախկին աշխատանքում՝ որպես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան, վերականգնելու, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հօգուտ Մաքրուհի Եսայանի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվող աշխատավարձը՝ 11.05.2022թ-ից 08.07.2022թ.՝ 823.536 ՀՀ դրամ և 2022թ-ի հուլիսի 8-ից մինչև վճռի փաստացի կատարումը՝ ամսական 433.451 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջների մասին, մերժել:
4․3 Վերաքննիչ դատարանը 20.04.2023 թվականի որոշմամբ որոշել է Մաքրուհի Եսայանի (ներկայացուցիչ Հայկ Բաբայան) Վերաքննիչ բողոքը բավարարել` թիվ ՎԴ/4221/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 01.11.2022թ. վճիռը բեկանել և փոփոխել` կայացնելով նոր դատական ակտ. Մաքրուհի Եսայանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2022թ. թիվ ԱԿ 376-Ա հրամանը, Մաքրուհի Եսայանին վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հօգուտ Մաքրուհի Եսայանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվող աշխատավարձը՝ 11.05.2022թ․-ից 08.07.2022թ.՝ 823.536 ՀՀ դրամ և 2022թ․-ի հուլիսի 8-ից մինչև վճռի փաստացի կատարումը՝ ամսական 433.451 ՀՀ դրամ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հօգուտ Մաքրուհի Եսայանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ, որից 10.000 ՀՀ դրամը հայցադիմումի, իսկ 20.000 ՀՀ դրամը բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի հատուցում:
4.4 Վճռաբեկ դատարանի 06․09․2023 թվականի որոշմամբ թիվ ՎԴ/4221/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 20․04․2023 թվականի որոշման դեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը․ «Տվյալ դեպքում բողոք բերած անձը վճռաբեկ բողոքում որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք մատնանշել է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը՝ պատճառաբանելով, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել և կիրառել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 21-րդ, 22-րդ, 27-րդ և 37-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 19․07․2018 թվականի թիվ 814-Ն որոշման 7-րդ, 28-րդ, 32-րդ, 36-րդ և 43-րդ կետերը, չի կիրառել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 3-րդ հոդվածի 1-3-րդ մասերը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 03․07․2014 թվականի թիվ 737-Ն որոշման 1-ին հավելվածի 37-րդ կետը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 5-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 7-րդ մասը, 11-րդ, 13-րդ հոդվածները, 14-րդ հոդվածը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 121-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 218-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 220-րդ հոդվածի 1-ին մասը, 223-րդ հոդվածի 1-ին մասը, 226-րդ հոդվածը, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը։
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման»։
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները.
Հաշվի առնելով Լիազոր մարմնի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորների կողմից ներկայացված պատասխանը` Խորհուրդը Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1. արդյո՞ք թիվ ՎԴ/4221/05/22 վարչական գործով Դատավորների կողմից թույլ է (են) տրվել նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում (խախտումներ),
5.2. եթե այո, ապա արդյո՞ք կատարված խախտումները կատարվել են դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Քննարկելով Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, Լիազոր մարմնի ներկայացուցիչների, Դատավորների և նրա ներկայացուցչի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան, իսկ 4-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի այլ լիազորությունները և գործունեության կարգը սահմանվում են Դատական օրենսգրքով:
Սահմանադրության 175-րդ և Օրենսգրքի 89-րդ հոդվածներով սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի լիազորությունները, որոնք ամբողջությամբ ուղղված են դատական իշխանության կազմակերպմանը և բնականոն գործունեության ապահովմանը:
Խորհուրդն արձանագրում է, որ դատավորի, դատարանի և դատական իշխանության անկախության վերաբերյալ իրավական կարգավորումներն ամրագրված են ինչպես ներպետական օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավական փաստաթղթերով, ընդ որում դատավորի անկախության վերաբերյալ իրավական կարգավորումների ընդհանուր իրավական բովանդակության էությունը կայանում է նրանում, որ դատավորի անկախությունը հանդիսանում է ոչ միայն նրա իրավունքը, այլ հասարակության` օրինական և հիմնավորված արդարադատության իրականացման ապահովման երաշխիքը:
Խորհուրդը հարկ է համարում նշել, որ դատավորի անկախության երաշխիքներն ապահովող գործիքակազմում կարևոր տեղ է զբաղեցնում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը:
Խորհուրդն իր սահմանադրական առաքելության հաշվառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու լիազորությունը պետք է իրականացնի այնպես, որպեսզի չվտանգի դատավորի և դատարանի անկախության սահմանադրական պահանջը, ինչպես նաև ապահովի դատավորի կողմից բացառապես իր լիազորությունների շրջանակներում գործելու օրենսդրական պահանջը՝ միաժամանակ երաշխավորելով դատավորի անձեռնմխելիությունը կարգապահական պատասխանատվությունից՝ դատարանի օրենքով վերապահված լիազորությունները բարեխղճորեն մեկնաբանելու դեպքում:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն` դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են`
1) արդարադատություն կամ որպես դատարան` օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված` դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նույն հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության:
Խորհուրդն արձանագրում է, որ Արդարադատության նախարարի կողմից ներկայացված՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է` «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»:
Այդ կապակցությամբ Խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Խորհուրդը հարկ է համարում արձանագրել, որ Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերը նշված հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ տվյալ դեպքում վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը: Վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է ձեռք բերվեն ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և վերջինիս մեղքը հաստատելու համար: Այսինքն, գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում վարույթ հարուցող մարմինը պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները:
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության սկզբունքները, հանրային ծառայության անցնելու պահանջները, հանրային պաշտոնների դասակարգումը, հանրային ծառայողի հիմնական իրավունքները և պարտականությունները, սոցիալական երաշխիքները, պաշտոնների առանձնահատկությունները, բարեվարքության համակարգը, կարգավորվում են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման հետ կապված, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված այլ հարաբերությունները:
Նույն օրենքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի գործողությունը տարածվում է հանրային իշխանության մարմինների վրա, ինչպես նաև հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն օրենքի գործողությունը տարածվում է քաղաքացիական աշխատանք կատարող անձանց վրա միայն սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանրային ծառայության առանձին տեսակների կազմակերպման և գործունեության առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով:
Նույն օրենքի՝ իրավհարաբերության ծագման պահին գործող խմբագրության 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական աշխատանքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված առանձին խնդիրների ու գործառույթների իրականացումն է պայմանագրային հիմունքներով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Կառավարության սահմանած կարգով և դեպքերում պետական մարմինները առանձին խնդիրների իրականացման համար կարող են ներգրավել փորձագետ:
«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառայողի իրավական վիճակի, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:
Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն օրենքի գործողությունը տարածվում է օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, Հանրապետության նախագահի աշխատակազմում, դատախազությունում, քննչական մարմիններում, անկախ պետական մարմիններում, ինքնավար մարմիններում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, ինչպես նաև Կառավարությանը, վարչապետին և նախարարություններին ենթակա պետական մարմիններում (այսուհետ՝ համապատասխան մարմին) քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված պաշտոն զբաղեցնող անձանց վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն:
Նույն օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քաղաքացիական ծառայողների աշխատանքային այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն օրենքով և (կամ) հանրային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ:
Աշխատանքային օրենսգրքի 7-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հանրային պաշտոններ և հանրային ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատողների աշխատանքային (ծառայողական) հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, եթե համապատասխան օրենքներով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանում բողոքի քննության ժամանակ վարչական դատարանում հաստատված փաստն ընդունվում է որպես հիմք, եթե բողոքում այդ փաստը չի վիճարկվում, կամ վերաքննիչ դատարանն անհրաժեշտ չի համարում կրկին հետազոտել այն։
Նույն օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ գործն ըստ էության լուծող դատական ակտի վերաքննության արդյունքում վերաքննիչ դատարանը` ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում և փոփոխում է վարչական դատարանի ակտը` կայացնելով նոր դատական ակտ, եթե վարչական դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս կայացնելու նման ակտ, և եթե դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից, իսկ բողոքարկված և չբեկանված մասով դատական ակտը թողնում է անփոփոխ։
Նույն օրենսգրքի 148-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում վճռաբեկ դատարանի որոշման կայացման պահից, եթե բերված բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, վճռաբեկ դատարանի կողմից թողնվել է առանց քննության կամ վերադարձվել է, և սահմանված ժամկետում բողոքում առկա սխալները չեն վերացվել, կամ սահմանված կարգով բողոքը կրկին չի բերվել:
Նույն օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական սխալի հիմքով դատական ակտի բեկանման հիմքերն են`
1) նյութական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը.
2) դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը։
Նույն օրենսգրքի 151-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը`
1) չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը պետք է կիրառեր.
2) կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ, որը չպետք է կիրառեր.
3) սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտ։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման։
Նույն օրենսգրքի 152-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման։ Դատարանի` ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով։
Նույն օրենսգրքի 153-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանը բողոքի հիման վրա սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով վերանայում է վերաքննիչ դատարանի կայացրած և օրինական ուժի մեջ չմտած դատական ակտերը, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը։
Նույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ դատական սխալ են համարվում սույն օրենսգրքի 150-րդ հոդվածով նախատեսված դեպքերը։
Նույն օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվում է, եթե`
1) բացակայում են սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված հիմքերը, և
2) բացակայում են սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերը։
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումը պետք է լինի պատճառաբանված։ Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման մեջ վճռաբեկ դատարանը պետք է հիմնավորի վճռաբեկ բողոքում վկայակոչված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու` սույն օրենսգրքի 161-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված յուրաքանչյուր հիմքի բացակայությունը։
Նույն օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված սույն օրենսգրքի 151-րդ և 152-րդ հոդվածներով սահմանված դեպքերում։
Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը, քննության առնելով Մաքրուհի Եսայանի ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի` պատասխանողի Մաքրուհի Եսայանին աշխատանքից ազատելու վերաբերյալ 11.05.2022թ. թիվ ԱԿ 376-Ա հրաման անվավեր ճանաչելու, Մաքրուհի Եսայանին նախկին աշխատանքում՝ որպես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան, վերականգնելու, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հօգուտ Մաքրուհի Եսայանի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվող աշխատավարձը՝ 11.05.2022թ․-ից 08.07.2022թ.՝ 823.536 ՀՀ դրամ և 2022թ․-ի հուլիսի 8-ից մինչև վճռի փաստացի կատարումը՝ ամսական 433.451 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջների մասին, թիվ ՎԴ/4221/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 01.11.2022 թ. վճռի դեմ Մաքրուհի Եսայանի (ներկայացուցիչ Հայկ Բաբայան) կողմից բերված վերաքննիչ բողոքը, 20.04.2023 թվականի որոշմամբ որոշել է վերաքննիչ բողոքը բավարարել` թիվ ՎԴ/4221/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 01.11.2022 թ. վճիռը բեկանել և փոփոխել` կայացնելով նոր դատական ակտ. Մաքրուհի Եսայանի հայցը բավարարել՝ անվավեր ճանաչել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2022թ. թիվ ԱԿ 376-Ա հրամանը, Մաքրուհի Եսայանին վերականգնել նախկին աշխատանքում՝ որպես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հօգուտ Մաքրուհի Եսայանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվող աշխատավարձը՝ 11.05.2022թ․-ից 08.07.2022թ.՝ 823.536 ՀՀ դրամ և 2022թ․-ի հուլիսի 8-ից մինչև վճռի փաստացի կատարումը՝ ամսական 433.451 ՀՀ դրամ, ինչպես նաև ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հօգուտ Մաքրուհի Եսայանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ, որից 10.000 ՀՀ դրամը հայցադիմումի, իսկ 20.000 ՀՀ դրամը բողոքի ներկայացման համար նախապես վճարված պետական տուրքի հատուցում:
Նույն որոշմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Հայցվորին քաղաքացիական ծառայությունից ազատելու մասին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2022 թվականի թիվ ԱԿ 376-Ա հրամանն ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի՝ նույն որոշմամբ վկայակոչված իրավանորմերի խախտմամբ, որպիսի պայմաններում դրա անվավեր ճանաչելու պարագայում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 15-ին մասի հիմքով վերջինս ենթակա է եղել վերականգնման այն պաշտոնում, որից նրան ազատել են, ինչպես նաև պատասխանողից հօգուտ հայցվորի ենթակա է եղել բռնագանձման հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատված «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաստիքացուցակի» տվյալների համաձայն նշված պաշտոնը հանդիսանում է հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության՝ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության ոլորտի մասնագետի պաշտոն: Հետևաբար, հաշվի առնելով, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները և առանձնահատկությունները կարգավորված են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով, ուստի հայցվորի նկատմամբ կիրառելի են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի կարգավորումները։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև, որ Մաքրուհի Եսայանին աշխատանքից ազատելու վերաբերյալ 11.05.2022թ. թիվ ԱԿ 376-Ա հրամանով Մաքրուհի Եսայանը ազատվել է աշխատանքից ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու պատճառով։ Մինչդեռ, Մաքրուհի Եսայանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքում դրված չեն ծառայողական քննությունը վարողի կողմից ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը, որով կհիմնավորվեր, որ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարում և (կամ) ոչ պատշաճ կատարում է որակվել Մաքրուհի Եսայանի այս կամ այն գործողությունը (անգործությունը):
Այնուհետև, Տեսչական մարմինը, Վերաքննիչ դատարանի 20.04.2023 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում նշել է, որ վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ և 27-րդ հոդվածները, սխալ է մեկնաբանել և կիրառել «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ, 21-րդ, 22-րդ, 27-րդ և 37-րդ հոդվածները, ՀՀ կառավարության 19․07․2018 թվականի թիվ 814-Ն որոշման 7-րդ, 28-րդ, 32-րդ, 36-րդ և 43-րդ կետերը, չի կիրառել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, 3-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերը, 10-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ կառավարության 03․07․2014 թվականի թիվ 737-Ն որոշման 1-ին հավելվածի 37-րդ կետը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 5-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 4-րդ հոդվածի 1-ին մասը, 7-րդ հոդվածի 7-րդ մասը, 11-րդ, 13-րդ հոդվածները, 14-րդ հոդվածը, 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 121-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 218-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերը, 220-րդ հոդվածի 1-ին մասը, 223-րդ հոդվածի 1-ին մասը, 226-րդ հոդվածը՝ նշելով, որ բողոքում վեր են հանվել վիճարկվող դատական ակտում առերևույթ թույլ տրված նյութական իրավունքի սխալները (համապատասխան նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների, սխալ կիրառման և մեկնաբանման նշմամբ, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման)։
Վճռաբեկ դատարանը, 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի կողմից ՎԴ/4221/05/22 վարչական գործով թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկներին և թեև դրանք մասամբ հիմնավորված համարելով, գտել է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը։
Նույն որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը ենթակա է մերժման:
Վերոգրյալի հիման վրա Խորհուրդը թիվ ՎԴ/4221/05/22 վարչական գործով Վճռաբեկ դատարանի 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշման հաշվառմամբ հարկ է համարում անդրադառնալ Լիազոր մարմնի կողմից Դատավորներին վերագրվող նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությանը, որի շրջանակներում արձանագրում է, որ եթե դատական ակտում առկա են նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումներ, ապա դրանք կարող են քննության առարկա դարձվել բողոքարկման համապատասխան ընթացակարգերի միջոցով, իսկ Խորհուրդը նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով դատավորին կարող է ենթարկել կարգապահական պատասխանատվության այն դեպքում, երբ դատական ակտը համապատասխան խախտման մասով չի բողոքարկվել։ Այնինչ, տվյալ պարագայում Տեսչական մարմնի կողմից Վերաքննիչ դատարանի 20.04.2023 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքի ուսումնասիրությունից հետևում է, որ դրանով, ըստ էության, բովանդակային առումով ներկայացվել են Լիազոր մարմնի կողմից Դատավորներին վերագրվող նույն խախտումները, իսկ Վճռաբեկ դատարանը 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ փաստել է, որ ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված հիմքերով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար։ Այսինքն՝ Վճռաբեկ դատարանի 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ, ըստ էության, ի թիվս այլնի, փաստվել է, որ բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը չի հակասում վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը և բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ չի տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Վերոգրյալի հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ հաստատվել է Վերաքննիչ դատարանի կողմից գործի սխալ լուծման հանգեցնող նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ տրված չլինելու հանգամանքը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի նշված որոշումը համապատասխան նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասով բողոքարկվել է վճռաբեկության կարգով և մնացել է օրինական ուժի մեջ, որպիսի պարագայում սույն գործի փաստերի հաշվառմամբ Դատավորներին վերագրվող նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունը բացակայում է։
Նման պայմաններում Խորհուրդը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ Դատավորների կողմից ներկայացված մյուս փաստերին և փաստարկներին, քանի որ վերոգրյալի հաշվառմամբ դրանք որևէ նշանակություն սույն դեպքում ունենալ չեն կարող։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանին, Ռուստամ Մախմուդյանին և Կարեն Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
____________________________
1 Ի դեպ, ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ՝ պատճառաբանությունների մասով, Տեսչական մարմինը վերաքննիչ բողոք չի ներկայացրել՝ դրանով իսկ սեփական նախաձեռնությամբ չիրացնելով բողոքարկման՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով ամրագրված դատավարական իր հնարավորությունը։
2 Հարկ է նկատել, որ «Կարգապահական վարույթ հարուցելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի 28.02.2025թ. որոշմամբ սույն հիմքին իրավական գնահատական չի տրվել։
3 Վենետիկի հանձնաժողովը թիվ CDL–AD(2007)009 փաստաթղթով (դրանում ամրագրված թիվ 408/2006 Կարծիք) «Ընդհանուր դատարանների դատավորներին կարգապահական պատասխանատվության և կարգապահական հետապնդման ենթարկելու մասին» Վրաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի վերաբերյալ, որով նախատեսվում էր դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկել, ընդհուպ մինչև լիազորությունների դադարեցումով՝ «գործի քննության ընթացքում օրենքի կոպիտ և պարբերաբար խախտումներ» թույլ տալու համար հայտնել է հետևյալ դիրքորոշումը. «15. Այս դրույթում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը կենտրոնանում են բացառապես դատավորի այն գործողությունների վրա, որոնք վերջինս կատարում է գործը քննելիս և վճիռ կամ որոշում կայացնելիս։ Հետևաբար՝ դրանք ուղղակիորեն վերաբերվում են դատական գործընթացին. գործի քննության ընթացքում դատավորի կողմից օրենթի մեկնաբանությանը և դատավորի գործառույթի էությունը հանդիսացող՝ գործով անկախ որոշում կայացնելու [գործունեությանը]։ Հետևաբար. այս դրույթը հանդիսանում է ոտնձգություն չափազանց նուրբ մի այնպիսի ոլորտի նկատմամբ. ինչպիսին է սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով դատավորի կողմից անկախ որոշում կայացնելու գործընթացը)։ 16. Օրենքի մեկնաբանությունը կոնկրետ գործով որոշում կայացնելու գործընթացի էական մասն է և անհնարին է որևէ գործով որոշում կայացնել առանց օրենքը մեկնաբանելու։ Գործով որոշում կայացնելիս դատավորը չպետք է սահմանափակված լինի միայն գոյություն ունեցող նախադեպային իրավունքով։ Իրավական նորմերի անկախ մեկնաբանումը և դրանք տվյալ գործի փաստերի նկատմամբ կիրառելը հանդիսանում են դատավորի գործառույթի էությունը։ Գոյություն չունեն բացարձակ հստակ իրավական դրույթներ, որոնք կարիք չունենան մեկնաբանության։ Մեկնաբանությունը կարող է տարածվել իրավական դրույթի տառից այն կողմ, օրինակ, երբ դրույթը անհրաժեշտ է մեկնաբանել Սահմանադրության կամ միջազգային իրավունքի ներքո։ 17. Դատական անկախության սկզբունքը ծառայում է օրենքը մեկնաբանելու գործառույթի ապահովմանը և դա կոնկրետ գործով կիրառելուն։ Համաձայն Դատավորների անկախության, արդյունավետության և դերի մասին թիվ R(94)12 հանձնարարականի 2դ. սկզբունքի, «դատավորները պետք է ունենան անսահմանափակ ազատություն անկողմնակալ կերպով որոշում կայացնելու համար՝ ղեկավարվելով իրենց խղճով, փաստերի սեփական մեկնաբանությամբ և գործող օրենքի նորմերով»։ Հետևաբար, ինչպես շարադրված է V3 ա և բ-կետերով, «դատավորը պետք է ազատ լինի արտաքին որևէ ազդեցությունից» և «գործերը վարի անկողմնակալ կերպով՝ փաստերի իր սեփական գնահատմամբ և օրենքի իր սեփական իմացությամբ»։ Այսպիսով, գործով որոշում կայացնելու ընթացքում դատավորի կողմից իրավախախտում թույլ տալու հետևանքները վերացնելու միակ ճանապարհը բողոքարկման ճանապարհն է։ Օրենքի սխալ մեկնաբանության ուղղումը պետք է կատարվի բացառապես բողոքարկման գործընթացի միջոցով»։
4 Տե՛ս ՀՀ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեկնաբանություններ /ընդհանուր խմբագրությամբ՝ Գ. Հարությունյանի, Ա. Վաղարշյանի. - Եր.։ «Իրավունք», 2010, 897-898 էջեր։
5 Այս առումով հատուկ կարևորվում են. «Դատավորների կարգավիճակի մասին» 1998 թվականի հուլիսի 10-ի եվրոպական խարտիան և եվրոպական խարտիայի պարզաբանման հուշագիրը, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից 1985 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 40/32 և 1985 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 40/46 բանաձևերով հաստատված «Դատական մարմինների անկախության հիմնարար սկզբունքները» և դրա հավելվածը՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի կողմից թիվ 2200A(XXI) բանաձևով հաստատված «Դատավորների վարքագծի բանգալորյան սկզբունքները», Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 1994 թվականի հոկտեմբերի 13-ի «Դատավորների անկախության, արդյունավետության ու դերի մասին» թիվ R(94)12 և 2010 թվականի նոյեմբերի 17-ի «Դատավորների անկախության, գործունեության արդյունավետության և պատասխանատվության մասին» թիվ CM/Rec(2010)12 հանձնարարականները, ԵԱՀԿ/ԺՄԻԳԻ «Արևելյան Եվրոպայում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում դատական անկախության վերաբերյալ Կիևյան հանձնարարականները (http://www.osce.org/ru/odihr/73488?Download=true), Դատավորների անկախության վերաբերյալ իրավական դիրքորոշումներ են արտահայտել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը՝ Capmbell and Fell v The United Kingdom գործով (1984 թվականի հունիսի 28-ի վճիռը, գանգատներ, թիվ 7819/77, 7878/77, կետեր 76-82), և ՀՀ վճռաբեկ դատարանի (ԳԴ5/0022/01/10 գործով 2011 թվականի հոկտեմբերի 20-ի որոշում) դիրքորոշումները և այլն (առավել մանրամասն տես Գ. Ղազինան, Ա. Հովհաննիսյան, Նյութական կամ դատավարական օրենքի նորմի ակնհայտ եվ կոպիտ խախտման հիմքով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը եվ դրա իրավական հետևանքները, «Բանբեր Երևանի համալսարանի, Իրավագիտություն», 2015 1 (16), էջ 13)։
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան Անդամներ` Դեմ (հատուկ կարծիք) Ա. Աբրահամյան Ա. Դանիելյան Ե. Թումանյանց Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ա. Հայրապետյան Ա. հարությունյան Էդ. Հովհաննիսյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2025 թվական:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
| «23» հունիսի 2025 թ. |
ք. Երևան |
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(…) Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը»:
Բարձրագույն դատական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 27.11.2020 թվականի թիվ ԲԴԽ-68-Ն-15 որոշմամբ հաստատված ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգի 96-րդ կետի համաձայն՝ «Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումները ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Դեմ քվեարկած Խորհրդի անդամի անվան դիմաց նշվում է «Դեմ» բառը։ Խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նա հայտարարում է խորհրդակցական սենյակում, նրա ստորագրությամբ նշում է արվում Խորհրդի որոշման մեջ, և ամբողջական որոշումը հրապարակվելուց հետո 8-օրյա ժամկետում հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ հանձնվում է Խորհրդի նախագահին՝ որոշմանը կցելու համար»:
Արժևորելով ստորև քննարկվող հարցերի շուրջ Խորհրդի անդամներ (նախագահ՝ Ա. Աթաբեկյան, անդամներ՝ Ա. Աբրահամյան, Ա. Դանիելյան, Մ. Համբարձումյան, Ա. Հայրապետյան, Ա. Հարությունյան, Էդ. Հովհաննիսյան) ներքին համոզմունքը՝ այնուամենայնիվ, Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանին, Ռուստամ Մախմուդյանին և Կարեն Ավետիսյանին (այսուհետ՝ Դատարան կամ Դատավորներ) կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի միջնորդությունը մերժելու մասին Խորհրդի՝ 2025 թվականի հունիսի 23-ի որոշման (այսուհետ՝ նաև Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասի առնչությամբ մնում եմ հատուկ կարծիքի՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:
Սահմանադրության 173-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն անկախ պետական մարմին է, որը երաշխավորում է դատարանների և դատավորների անկախությունը:
Սահմանադրության 175-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար:
Վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ դատարանը դատական ակտը վերանայում է վերաքննիչ բողոքում ներկայացված պահանջի սահմաններում` ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բողոքն ըստ էության քննելու համար։
Տվյալ դեպքում Վերաքննիչ վարչական դատարանը 20.04.2023 թվականի որոշմամբ քննության առնելով Մաքրուհի Եսայանի ընդդեմ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի` Պատասխանողի Մաքրուհի Եսայանին աշխատանքից ազատելու վերաբերյալ 11.05.2022թ. թիվ ԱԿ 376-Ա հրաման անվավեր ճանաչելու, Մաքրուհի Եսայանին նախկին աշխատանքում՝ որպես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի բժիշկ-համաճարակաբան, վերականգնելու, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից հօգուտ Մաքրուհի Եսայանի հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար օրենքով սահմանված կարգով հաշվարկվող աշխատավարձը՝ 11.05.2022թ․-ից 08.07.2022թ.՝ 823.536 ՀՀ դրամ և 2022թ․-ի հուլիսի 8-ից մինչև վճռի փաստացի կատարումը՝ ամսական 433.451 ՀՀ դրամ գումար բռնագանձելու պահանջների մասին, թիվ ՎԴ/4221/05/22 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 01.11.2022թ. վճռի դեմ Մաքրուհի Եսայանի (ներկայացուցիչ Հայկ Բաբայան) կողմից բերված վերաքննիչ բողոքը, արձանագրել է, որ Հայցվորին քաղաքացիական ծառայությունից ազատելու մասին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 11.05.2022 թվականի թիվ ԱԿ 376-Ա հրամանն ընդունվել է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի վկայակոչված դրույթների խախտմամբ՝ ամբողջ դատական ակտով անդրադարձ կատարելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումներին՝ Հայցվորին համարելով քաղաքացիական ծառայող: Վերաքննիչ վարչական դատարանը գտել է, որ քաղաքացիական ծառայողի նկատմամբ կիրառվող կարգապահական պատասխանատվության միջոցները և առանձնահատկությունները «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով կարգավորված լինելու պայմաններում Հայցվորի նկատմամբ կիրառելի են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումները և Հայցվորի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու հիմքում դրված չէ ծառայողական քննությունը վարողի կողմից ծառայողական քննության արդյունքներով կազմված եզրակացությունը, որով կհիմնավորվեր, որ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարում և (կամ) ոչ պատշաճ կատարում է որակվել հայցվորի այս կամ այն գործողությունը (անգործությունը):
Այնուհետև, Տեսչական մարմինը Վերաքննիչ վարչական դատարանի 20.04.2023 թվականի որոշման դեմ ներկայացված վճռաբեկ բողոքում, որպես բողոքը վարույթ ընդունելու հիմք, մատնանշելով մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայությունը, նշել է, որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ վարչական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, 75-րդ և 78-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 196-րդ և 383-րդ հոդվածները, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վճռաբեկ դատարանը 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ անդրադառնալով Վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՎԴ/4221/05/22 վարչական գործով թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկներին արձանագրել է, որ. «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը։»:
Խորհուրդը Որոշմամբ արձանագրել է, որ. «(…) Վերոգրյալի հաշվառմամբ, Խորհուրդը գտնում է, որ Վճռաբեկ դատարանի 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ հաստատվել է Վերաքննիչ դատարանի կողմից գործի սխալ լուծման հանգեցնող նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ տրված չլինելու հանգամանքը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանի նշված որոշումը համապատասխան նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասով բողոքարկվել է վճռաբեկության կարգով և մնացել է օրինական ուժի մեջ, որպիսի պարագայում սույն գործի փաստերի հաշվառմամբ Դատավորներին վերագրվող նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման հիմքով կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավական հնարավորությունը բացակայում է։»:
Հարկ է նշել, որ Խորհրդի ձևակերպումն առ այն, որ «(...) Վճռաբեկ դատարանի 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ հաստատվել է Վերաքննիչ դատարանի կողմից գործի սխալ լուծման հանգեցնող նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտում թույլ տրված չլինելու հանգամանքը (...)» չի կարող ընդունելի համարվել, քանի որ, ինչպես նշվել է արդեն, Վճռաբեկ դատարանը 06.09.2023 թվականի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշմամբ անդրադառնալով Վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՎԴ/4221/05/22 վարչական գործով թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկներին, ի թիվս այլնի, արձանագրել է՝ «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ», այսինքն՝ Վճռաբեկ դատարանը փաստել է Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված լինելը, այնուամենայնիվ գտել է, որ «(…) բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չի հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը։»: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը փաստելով Վերաքննիչ վարչական դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտման մասին, միաժամանակ համարել է, որ նշված խախտումները չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը, ինչը և հիմք է հանդիսացել Վճռաբեկ դատարանի կողմից վարույթ չընդունել ստացված բողոքը:
Միաժամանակ հարկ է ընդգծել, որ ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այնպես էլ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսված չէ որևէ բացառություն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը չքննարկելու կամ մերժելու համար՝ հիմք ընդունելով վերադաս ատյանի վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու հանգամանքը: Օրենսդիրը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով նախատեսել է դատավորների անկախության ապահովման կարևորագույն երաշխիքներ, ինչպիսիք են օրինակ՝ «դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը ինքնին հիմք չէ այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար» կամ «արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս օրենքի մեկնաբանությունը, փաստերի և ապացույցների գնահատումն ինքնին չեն կարող հանգեցնել կարգապահական պատասխանատվության» (Օրենսգրքի 144-րդ հոդվածի 7-րդ և 9-րդ մասեր) և այլն:
Այսպիսով, Վճռաբեկ դատարանի կողմից ինչպես առհասարակ, այնպես էլ դատավարական և նյութական նորմի խախտումների արձանագրմամբ բողոքը վարույթ չընդունելու դեպքում, նշված որոշման վկայակոչումը չի բխում ինչպես ՀՀ Սահմանադրության, այնպես էլ Օրենսգրքի տրամաբանությունից, առավել ևս, որ օրենսդրի կողմից դատական ակտի բեկանումը կամ փոփոխումը այդ ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ինքնին հիմք չհամարելով տրամաբանորեն չի բացառել վերադաս դատարանի կողմից դատական ակտն օրինական ուժի մեջ թողնվելու պարագայում ակտը կայացրած դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը: Հետևաբար, նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների դեպքում, անկախ տվյալ ակտի բողոքարկված լինելու, ինչպես նաև վերադաս ատյանի կողմից նույն նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումն անգամ իրավաչափ համարելու հանգամանքից (քննարկվող պարագայում վերադաս ատյանը՝ Վճռաբեկ դատարանը փաստել է Վերաքննիչ վարչական դատարանի կողմից նյութական և դատավարական նորմերի խախտման փաստը), Բարձրագույն դատական խորհուրդը ոչ միայն կարող է, այլ նաև կարգապահական վարույթ հարուցող մարմնի կողմից համապատասխան միջնորդություն բերելու դեպքում պետք է քննարկման առարկա դարձնի նյութական և/կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների դեպքերը, հակառակ պարագայում, դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, միաժամանակ որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիք, կդառնա անարդյունավետ և չի ծառայի որպես դատական իշխանության հանրային դրական ընկալումներ և վստահության բարձր աստիճան ձևավորելու, ամուր և անկախ դատական համակարգ ունենալու իր առաքելությանը:
Հակառակ մեկնաբանության պայմաններում, վերոնշյալ տրամաբանությունը չկիրառելու դեպքում, վերադաս ատյանի կողմից յուրաքանչյուր դեպքում նյութական և դատավարական նորմի խախտման փաստի արձանագրումը պետք է հիմք հանդիսանա դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, ինչն իր հերթին ուղղակիորեն կհակասի ՀՀ Սահմանադրությամբ և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով ամրագրված սկզբունքներին և միջազգային ուղենիշային չափանիշներին: Ավելին, նման տրամաբանությամբ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերադաս ատյանների կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր (որոնց օրինականությունը կասկածի տակ չի դրվել) կայացրած դատավորների նկատմամբ կբացառվի որևէ կարգապահական պատասխանատվություն կիրառելու հարցը, ինչն ուղղակիորեն կհակասի Սահմանադրությամբ և Օրենսգրքում ամրագրված սկզբունքներին:
Ինչպես հայտնի է և Սահմանադրությամբ, և Օրենսգրքում «դատավորի կարգապահական պատասխանատվության» ինստիտուտը սահմանելով՝ օրենսդիրը նպատակ է ունեցել ամրագրելու դրա հիմնարար բնույթը և նշանակությունը, ընդգծելու դատավորի գործունեության և նրան պատասխանատվության ենթարկելու ինստիտուտների կարևորության աստիճանը և ունեցած դերը հանրային կյանքում՝ առանց որևէ խտրականության, «առավելությունների» ընդգծման և/կամ «արտոնությունների» սահմանման, այդ թվում՝ անկախ զբաղեցրած դիրքից դատական համակարգում։ Հենց այդ տրամաբանությամբ է, որ անկախությունը, անկողմնակալությունը, բարեվարքությունն ու պրոֆեսիոնալիզմը հանդիսանում են դատական համակարգի հիմնաքարային արժեքները1: Ընդ որում, անկախությունը դատավորին տրված արտոնություն կամ առավելություն չէ, ընդհակառակը, այն հիմնարար սկզբունք է, ցանկացած ժողովրդավարական պետության էական տարր, իրավունքի գերակայության նախապայման և արդար դատաքննության երաշխիք2: Այն օրենքի գերակայության վրա հիմնված երաշխիք է, որ բոլոր անձինք և իշխանության մյուս մարմինները արդար դատաքննության հնարավորություն ունենան անաչառ դատարանների առջև3: Վերոնշյալի համատեքստում դատավորի կարգապահական պատասխանատվության ինստիտուտը, նաև որպես դատական համակարգի «առողջացման» կառուցակարգ, անկախ, անաչառ և հանրության առջև հաշվետու դատական համակարգ ունենալու և դատական համակարգի նկատմամբ հանրության վստահությունը բարձրացնելու անհրաժեշտ գործիքներից է և չի կարող որևէ կերպով «առավելության» կամ «արտոնության» տարրեր պարունակել: Իր հերթին, դատական իշխանության հանրային դրական ընկալումները և վստահության բարձր աստիճանը ամուր և անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման են4:
Անդրադառնալով Լիազոր մարմնի կողմից Դատավորներին վերագրված՝ վերաքննիչ բողոքի սահմաններից դուրս գալու ձևով դրսևորված դատավարական իրավունքի նորմի խախտմանը, հարկ եմ համարում նշել, որ Վճռաբեկ դատարանն իր 30.11.2018 թվականի թիվ ՎԴ/2976/05/15 որոշմամբ անդրադառնալով վերաքննության փուլում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի բովանդակությանն արձանագրել է, որ. «(…) Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վերաքննիչ դատարանը, մի կողմից՝ չի կարող սեփական նախաձեռնությամբ դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից, այսինքն առանց վերաքննիչ բողոքում համապատասխան հիմքի առկայության կայացնել դատական ակտ այն իրավական և փաստական հիմքերով, որոնք առաջին ատյանի դատարանում քննության առարկա չեն դարձվել։ Իսկ մյուս կողմից վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից քննության առարկա չդարձված հիմքի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը պարտավոր է ըստ էության քննության առարկա դարձնել նաև վերաքննիչ բողոքի այդ հիմքը այս պարագայում չսահմանափակվելով վարչական դատարանում գործի քննության շրջանակներով։
Փաստորեն, վարչական դատավարությունում գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("ex officio") սկզբունքի ուժով վերաքննիչ դատարանը պարտավոր է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերն ըստ էության քննության առարկա դարձնելու համար անկախ այն հանգամանքից, թե վերաքննիչ բողոքում վկայակոչված այս կամ այն հիմքը վարչական դատարանում քննարկվել է, թե ոչ։ Իսկ այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքում վկայակոչված չէ այնպիսի հիմք, որի վերաբերյալ վարչական դատարանում քննություն չի իրականացվել, ապա վերաքննիչ դատարանը չի կարող դուրս գալ վարչական դատարանում գործի քննության շրջանակներից և կայացնել դատական ակտ վերաքննիչ բողոքում չվկայակոչված և վարչական դատարանում քննության առարկա չդարձված հիմքով։»:
Տվյալ դեպքում, Մաքրուհի Եսայանը վերաքննիչ բողոքում վարչական դատարանի կողմից 01.11.2022 թվականին կայացված վճռի բողոքարկման հիմքում չի դրել ծառայողական քննություն անցկացված չլինելու հանգամանքը, սակայն Վերաքննիչ վարչական դատարանը 20.04.2023 թվականին կայացված որոշմամբ չպահպանելով վարչական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերաքննիչ բողոքի քննության ընթացքում դրա սահմաններից դուրս չգալու դատավարական կանոնը վարչական դատարանի դատական ակտի բեկանման և հայցի բավարարման հիմքում դրել է ծառայողական քննություն իրականացված չլինելու հանգամանքը, միաժամանակ կիրառելի նյութական իրավունքի չհիմնավորված ընտրության արդյունքում չի պարզել նաև ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածով նախատեսված՝ տնտեսական, տեխնոլոգիական, կազմակերպչական պատճառներով կամ գործատուի և աշխատողի հետագա աշխատանքային հարաբերությունների վերականգնման հնարավորության հարցը, ինչն իր հերթին դատական ակտի կատարման փուլում հանգեցրել է դրա կատարման անհնարինության:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով սույն կարծիքում տեղ գտած վերլուծությունները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 7-րդ մասով, գտնում եմ, որ Դատավորների գործողություններում առկա էր կարգապահական խախտման հատկանիշներ և Խորհուրդը պարտավոր էր բավարարել Լիազոր մարմնի միջնորդությունը և Վերաքննիչ վարչական դատարանի դատավորներ Հրաչ Այվազյանին, Ռուստամ Մախմուդյանին և Կարեն Ավետիսյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության:
__________________________
1 ՄԻԵԴ, Parlov-Tkalčić v. Croatia, (Application no. 24810/06), պարբերություն 86, Oleksandr Volkov v. Ukraine, (Application no. 21722/11), պարբերություն 107, Findlay v. THE United Kingdom (Application no. 22107/93), պարբերություն 73:
2 Venice Commission, CDL-AD(2014)018, Joint opinion on the draft amendments to the legal framework on the disciplinary responsibility of judges in the Kyrgyz Republic, պարբերություն 14, CCJE Opinion No. 1 (2001), պարբերություն 11, CCJE Opinion No. 1 (2014), պարբերություն 5, ՄԻԵԴ, Agrokompleks v. Ukraine (Application no. 23465/03), պարբերություն 136:
3 CCJE Situation report on the judiciary and judges in the Council Europe member States Updated version No. 1 (2013), պարբերություն 5, CCJE Opinion No. 18, պարբերություն 10:
4 Venice Commission, CDL-PI(2018)008, Compilation of Venice Commission opinions and reports concerning courts and judges, էջ 32:
|
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|