ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2752-Ա |
«09» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Քրիստինե Խաչիկյանի 2025 թվականի հունիսի 18-ի թիվ Դ-65165-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան իրականացվել է վարչարարություն:
2025 հունիսի 18-ի թիվ Դ-65165-25 դիմումով ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 4-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել է Քրիստինե Խաչիկյանը:
Ուսումնասիրելով 2025 թվականի հունիսի 18-ի թիվ Դ-65165-25 դիմումը, նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, 2025 թվականի հուլիսի 4-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր ապացույցներն ու փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.
Լսումների ընթացքում Քրիստինե Խաչիկյանը, հիմք ընդունելով 2025 թվականի հունիսի 18-ի թիվ Դ-65165-25 դիմումին կից ներկայացված ապացույցները, խնդրել է փոխհատուցել համապատասխան երթևեկության նշանի բացակայության պատճառով 2025 թվականի մայիսի 5-ին «80OX077» և «11LU402» հաշվառման համարանիշի ավտոմեքենաների և իր վարած՝ «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենան վնասվելու արդյունքում առաջացած վնասը՝ 2.531.000 (երկու միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար) ՀՀ դրամի չափով:
2024 թվականի նոյեմբերի 4-ին տրված տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ AB026450 վկայագրի համաձայն՝ «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Արմեն Ղազարյանի սեփականությունը:
«Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի մայիսի 22-ի «Վնասների գնահատման առաջնային (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 080188 եզրակացության համաձայն՝ «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենային պատճառված վնասը կազմում է 2.531.000 (երկու միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար) ՀՀ դրամ:
«Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի մայիսի 26-ի «Ապահովագրական հատուցումը վճարելու (մերժելու) վերաբերյալ» թիվ CT05063300 որոշմամբ Արմեն Ղազարյանի՝ հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ բացակայել է տվյալ պատահարում նրան վնաս պատճառած տրանսպորտային միջոցի տիրապետողի մեղավորությունը:
2025 թվականի հունիսի 18-ի թիվ Դ-65165-25 դիմումին կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2025 թվականի մայիսի 5-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարում «80OX077» և «11LU402» հաշվառման համարանիշի ավտոմեքենաները ճանաչվել են անմեղ, իսկ «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենան ճանաչվել է մեղավոր:
Լսումների ընթացքում Քրիստինե Խաչիկյանը հայտնել է, որ «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է իր ամուսնու հոր՝ Արմեն Ղազարյանի սեփականությունը, իսկ վնասի հատուցման պահանջով դիմումը ներկայացվել է իր կողմից այն պատճառով, որ վնասի առաջացմանը հանգեցրած ճանապարհատրանսպորտային պատահարի պահին նշված ավտոմեքենան վարվել է իր կողմից:
2025 թվականի հունիսի 18-ի թիվ Դ-65165-25 դիմումին կից, ինչպես նաև 2025 թվականի հուլիսի 4-ին հրավիրված լսումների ընթացքում չեն ներկայացվել «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վնասմանը հանգեցրած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքներն ու պատճառները հետազոտող, տվյալ պատահարը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 28-ի N 955-Ն որոշման պահանջներից ելնելով, Քրիստինե Խաչիկյանի կողմից կանխելու անհնարինության, ինչպես նաև տրանսպորտային միջոցի հետքաբանական և/կամ ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առաջացող հարաբերությունները, սահմանում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի պետական քաղաքականության սկզբունքները և ուղղությունները, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման իրավական հիմքերը, ճանապարհային երթևեկության կազմակերպման և անվտանգության ապահովման բնագավառի պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքները և պարտականությունները։
Օրենքի 9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը (այսուհետ՝ ներքին գործերի լիազոր մարմին) վերահսկողություն է իրականացնում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ և ձեռնարկում օրենքով նախատեսված միջոցներ, իսկ նույն հոդվածի 1-ին մասի «է» հսկողություն է իրականացնում ճանապարհները և դրանց ինժեներական կառույցները, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցները տեխնիկական նորմերի, կանոնների և ստանդարտների պահանջներին համապատասխանեցնելու նկատմամբ, ներկայացնում հայտնաբերված խախտումների վերացման պահանջներ:
Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետի համաձայն՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը կազմակերպում և անցկացնում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ կանխարգելիչ միջոցառումներ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ գույքին պատճառված վնասի փոխհատուցում ստանալու իրավունքը պատկանում է վնասված գույքի սեփականատիրոջը (սեփականատերերին), ով (ովքեր) պահանջը կարող է (են) ներկայացնել ինչպես անձամբ, այնպես էլ օրենքով սահմանված կարգով տրված լիազորագրի հիման վրա հանդես եկող ներկայացուցչի միջոցով:
Քննարկվող պարագայում՝ «Toyota Rav 4 2.5» մակնիշի «37FK592» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի սեփականատերը հանդիսանում է Արմեն Ղազարյանը, մինչդեռ վնասի փոխհատուցման պահանջը ներկայացվել է Քրիստինե Խաչիկյանի կողմից, ով հանդես է եկել անձամբ և չի ներկայացրել Արմեն Ղազարյանի անունից հանդես գալու իրավասություն սահմանող՝ օրենքով նախատեսված կարգով տրված լիազորագիր:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ օրենսդիրը որպես փոխհատուցման ենթակա վնաս դիտել է այն վնասը, որը պատճառվել է տեղական ինքնակառավարման մարմնի ապօրինի գործողություններով (անգործությամբ), որպիսի հանգամանքը վարույթով չի հաստատվել:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96-րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ սույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է պատճառված վնասի համար պատասխանատվության պայմաններին, մասնավորապես` արձանագրել է, որ վնասի հատուցման համար պարտադիր պայման է իրավունքը խախտած անձի ոչ օրինաչափ վարքագծի, վնասների, վնասների ու ոչ օրինաչափ գործողության միջև պատճառահետևանքային կապի և պարտապանի մեղքի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, նշված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում վնասը ենթակա չէ հատուցման (տե՛ս, Նատալյա Հակոբյանն ընդդեմ Վարդան Հայրապետյանի թիվ ՀՔԴ3/0016/02/08 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանն, անդրադառնալով վնասի հատուցման օրենսդրական կարգավորումներին, ընդգծել է հետևյալը. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ): Հակաիրավական, ոչ օրինաչափ վարքագիծն այն գործողությունը կամ անգործությունն է, որը խախտում է օրենքի, այլ իրավական ակտերի պահանջները, ինչպես նաև անձի սուբյեկտիվ իրավունքը: Գործողությունն անձի նպատակաուղղված, կամային արարքն է, իսկ անգործությունն արտահայտվում է անհրաժեշտ և պարտադիր վարքագիծ դրսևորելուց ձեռնպահ մնալով: Ոչ օրինաչափ վարքագծի և վնասի միջև պատճառահետևանքային կապը ենթադրում է, որ վնասը պետք է հանդիսանա ոչ օրինաչափ վարքագծի ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ ոչ օրինաչափ գործողությամբ (անգործությամբ), կամ գործողության (անգործության) և վնասի միջև կապն անուղղակի է, վնասի հատուցման համար անհրաժեշտ պատճառահետևանքային կապի պայմանն առկա չէ (տես՝ Նելլի Մկրտչյանի ընդդեմ «Երևան հյուրանոց» ԲԲԸ-ի թիվ ԵԿԴ/2600/02/10 գործով 04․10․2013 թվականի որոշումը)։»:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ՎԴ/1761/05/14 վարչական գործով 2016 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ տվել է հետևյալ պարզաբանումը.
«Այսպիսով, ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության պատասխանատվության պայմաններն են վնասի առկայությունը և դրա վրա հասնելը (պատճառվելը) ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով: Այսինքն` վարչական մարմինների պարտականությունների խախտման և վնասի պատճառման միջև պետք է առկա լինի իրավական նշանակություն ունեցող պատճառահետևանքային կապը: Այլ կերպ ասած` վարչարարությունն ոչ իրավաչափ ճանաչելը դեռևս չի նշանակում, որ անձը վնասը կրել է հենց վարչարարության հետևանքով. անհրաժեշտ է, որ վարչարարության և պատճառված վնասի միջև առկա լինի անմիջական պատճառահետևանքային կապ:
Պատճառահետևանքային կապի հարցը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում առանձին գնահատման առարկա պետք է դառնա, և դրա առկայությունը որոշելիս առանցքային պետք է համարվի այն գաղափարը, որ պատճառահետևանքային կապի առկայության մասին կարող է խոսք լինել միայն այն դեպքում, երբ վնասի առաջացումը ոչ իրավաչափ վարչարարության անխուսափելի և անմիջական արդյունքն է: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարության և առաջացած վնասների միջև պատճառահետևանքային կապ կարող է առկա լինել, եթե վնասի առաջացումը հանդիսանում է իրականացված վարչարարության օբյեկտիվորեն անհրաժեշտ և ուղղակի արդյունքը: Եթե բացասական հետևանքները կարող էին առաջանալ նաև առանց ոչ իրավաչափ վարչարարության (իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարության), ուրեմն դրանց միջև պատճառահետևանքային կապը բացակայում է:
Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրակացնում է, որ նշված պայմաններից թեկուզ մեկի բացակայությունը բացառում է վնասի հատուցման պահանջի բավարարման հնարավորությունը:»:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր, այդ թվում՝ վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Դիմումով ներկայացված վնասի փոխհատուցման պահանջի հիմնավորվածության ապացուցման նկատմամբ կիրառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի դրույթը:
Քննարկվող պարագայում՝ Քրիստինե Խաչիկյանը 2.531.000 (երկու միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար) ՀՀ դրամի չափով վնասի հատուցման պահանջը հիմնավորել է «Ինգո Արմենիա» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության 2025 թվականի մայիսի 22-ի «Վնասների գնահատման առաջնային (լրացուցիչ) փորձաքննություն իրականացնող փորձագետի թիվ 080188 եզրակացությամբ, որպիսին չի վերաբերում իր իրավունքներին, հետևաբար նշված ապացույցը դիմումատուի նկատմամբ հանդիսանում է ոչ վերաբերելի ապացույց:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը թիվ ԵԷԴ/1284/02/12 քաղաքացիական գործով 2015 թվականի հուլիսի 17-ին կայացված որոշմամբ անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նշել է, որ ապացույցի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունները, ինչը կարող է պայմանավորված լինել ապացույցի կազմավորման բնույթով, աղբյուրով, արտահայտման ձևով և այլ գործոններով, հետևաբար անգամ ընդհանուր կարգով գնահատումն անհրաժեշտ է իրականացնել այդ առանձնահատկությունների հաշվառմամբ: Նույն որոշմամբ անդրադառնալով փորձագետի եզրակացության, որպես ապացույցի գնահատման առանձնահատկություններին, Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը առանձնացրել է այն հիմնական չափորոշիչները, որոնք ենթակա են կիրառման ապացույցի գնահատումը վերաբերելիության, թույլատրելիության և արժանահավատության տեսանկյունից իրականացնելիս: Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը գտել է, որ փորձագետի եզրակացությունը վերաբերելիության առումով գնահատելիս՝ նախևառաջ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, թե փորձագետին առաջադրված հարցերը որքանով նշանակություն ունեն գործի լուծման համար, ապա միայն անդրադառնալ այդ հարցադրումների վերաբերյալ արված եզրահանգումներին, թույլատրելիության տեսանկյունից գնահատման ենթարկելիս՝ առաջնահերթ կարևորվում է փորձաքննությունն իրականացնող անձի որակավորումը և ձեռնհասությունը, արժանահավատության տեսանկյունից գնահատելիս՝ պետք է հաշվի առնել փորձաքննության ընթացքում կիրառված մեթոդների գիտական հիմնավորվածության աստիճանը, ելակետային տվյալների բնույթը, փորձագետի հետևությունների փաստարկվածության աստիճանը, եզրակացության համապատասխանությունը գործում առկա այլ ապացույցներին:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ վնասի հատուցման պահանջը Քրիստինե Խաչիկյանի կողմից ներկայացվել է այն պատճառով, որ ինքն է հանդիսացել վնասի հանգեցրած ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից ավտոմեքենայի վարորդը և պատահարը տեղի է ունեցել կարգավորող ճանապարհային նշանների բացակայության պատճառով, ապա այն պահանջը հիմնավորող բավարար փաստարկ չի հանդիսանում, քանի որ պատահարի մասնակից ավտոմեքենան վարելու հանգամանքը դիմումատուին չի օժտում վնասի հատուցման պահանջի իրավունքով, բացի այդ՝ պատահարի հանգամանքներն ու պատճառները ենթակա են փորձագիտական գնահատման, ինչի կապակցությամբ ապացույցներ չեն ներկայացվել, իսկ Քրիստինե Խաչիկյանի բանավոր հայտարարությունը, որը հիմնված չէ պատշաճ գրավոր ապացույցի վրա, չի կարող ունենալ ապացուցողական որևէ նշանակություն:
Այսպիսով՝ 2025թ. հունիսի 18-ի թիվ Դ-65165-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում ստացված ապացույցների ամբողջական գնահատման և հետազոտման արդյունքում կարելի է փաստել, որ.
1) առկա չէ վիճելի իրավահարաբերություններում Երևանի քաղաքապետի կողմից թույլ տրված ենթադրյալ անգործությունը ոչ իրավաչափ ճանաչած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ,
2) առկա չեն վնասին հանգեցրած պատահարը վարորդի կողմից տեխնիկական տեսանկյունից կանխելու հնարավորության բացակայության, ինչպես նաև ավտոմեքենայի հետքաբանական և /կամ ապրանքագիտական փորձագիտական եզրակացություններ,
3) ապացուցված չէ պատահարը Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության ուղղակի, անմիջական և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը,
4) ապացուցված չէ Երևանի քաղաքապետարանի ենթադրյալ անգործության և պահանջված՝ 2.531.000 (երկու միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար) ՀՀ դրամ գնահատված վնասի միջև պատճառահետևանքային կապի առկայությունը,
5) ապացուցված չէ Քրիստինե Խաչիկյանի կողմից 2.531.000 (երկու միլիոն հինգ հարյուր երեսունմեկ հազար) ՀՀ դրամի չափով վնաս կրած լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 1-ին, 9.1-րդ և 10-րդ հոդվածների դրույթները, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 1058-րդ, 1063-րդ հոդվածների և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 37-րդ, 42-րդ, 43-րդ, 96-րդ հոդվածների դրույթներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Երևանի քաղաքապետարան հասցեագրված՝ Քրիստինե Խաչիկյանի 2025 հունիսի 18-ի թիվ Դ-65165-25 դիմումով ներկայացված պահանջը մերժել:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |