ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2701-Ա |
«08» հուլիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԵՆԳԱՎԻԹ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ, ԱՐՇԱԿՈՒՆՅԱՑ ՊՈՂՈՏԱՅԻ Հ.135/28 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-ԻՆ ՏՐՎԱԾ ԹԻՎ 01/18-Դ-36950-1504 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.
Արաքսիա Մկրտչյանին 2020 թվականի հունվարի 30-ին տրամադրվել է հ.01/18-07/2-2019-40 ճարտարապետահատակագծային առաջադրանքը՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց պողոտայի թիվ 135/28 հասցեում հասարակական նշանակության շինության կառուցման համար: Նշված առաջադրանքի հիման վրա 08.05.2020 թվականին համաձայնեցվել է հ.01/18-05/1-Բ-1384-389 ճարտարապետաշինարարական նախագիծը և 04.08.2023 թվականին տրվել է հ.01/18-Բ-1384-537 շինարարության թույլտվությունը: Այնուհետև 04.08.2023 թվականին հ.596-Ն որոշման 130-րդ կետի պահանջների համաձայն նախագիծը վերահամաձայնեցվել է և տրվել է հ.01/18-Դ-36950-1504 շինարարության թույլտվությունը:
Շինարարության թույլտվությամբ նախատեսվել է շինարարական աշխատանքներն իրականացնել 24 ամսվա ընթացքում, սակայն նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չեն իրականացվել:
2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության կողմից Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջան, Արշակունյաց պողոտայի թիվ 135/28 հասցեում կատարված տեղատեսությամբ պարզվել է, որ հասարակական նշանակության շինության կառուցման շինարարական աշխատանքները դեռևս սկսված չեն:
Հարուցված վարչական վարույթի շրջանակներում Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի, Արշակունյաց պողոտայի թիվ 135/28 հասցեի կառուցապատող` Արաքսիա Մկրտչյանը պատշաճ ծանուցվել է 25.05.2025 թվականին ժամը 11:00-ի վարչական վարույթի լսումների օրվա և ժամի մասին, որին ներկայացել է իր իրավաբանի հետ և հայտնել են դիրքորոշում հարուցված վարչական վարույթի վերաբերյալ, որի մասին կազմվել է համապատասխան արձանագրություն:
Վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 135/28 հասցեում կառուցման համար 06.02.2023 թվականին տրված հ.01/18-Դ-36950-1504 շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետում շինարարական աշխատանքները չեն սկսվել ու չեն իրականացվել:
3. Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչական մարմինն իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելիս վարույթի մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին պատշաճ ձևով ծանուցում է վարչական վարույթ հարուցելու մասին, եթե վարչական վարույթի հարուցումից մինչև վարչական ակտն ընդունելու միջև ընկած ժամանակահատվածը երեք օրից ավելի է։
«Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի «ա», «գ» և «ժ» կետերի համաձայն՝ կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել օրենքով սահմանված կարգով` հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան, շինարարության թույլտվության հիման վրա,
գ) քաղաքաշինական գործունեությունն (բացառությամբ նույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան,
ժ) կառուցապատումն ավարտել տվյալ քաղաքաշինական գործունեության համար շենքերի և կառուցվածքների շինարարության տևողության նորմերով հաշվարկված ու շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետներում և ապահովել ավարտված շինարարական օբյեկտի շահագործման փաստագրումը:
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման N1 հավելվածով հաստատված կարգի (այսուհետ՝ Կարգ) 130-րդ կետի համաձայն՝ շինարարության (քանդման կամ ապամոնտաժման) թույլտվության տրամադրման օրվանից շինարարության տևողության ժամանակահատվածի կեսը լրանալու ժամկետում շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում կառուցապատողը պարտավոր է դիմել իրավասու մարմին` կառուցապատման և տեխնիկական պայմանների հնարավոր փոփոխությունների մասին լրացուցիչ տվյալներ ստանալու, դրանց փոփոխման արդյունքում լրամշակված նախագծային փաստաթղթերը սահմանված կարգով համաձայնեցնելու (վերահաստատելու) և սույն կարգին համապատասխան նոր թույլտվություն ստանալու համար:
Կարգի 131-րդ կետի համաձայն՝ շինարարական աշխատանքներ չսկսելու դեպքում, մինչև Կարգի 130-րդ կետով սահմանված ժամկետը լրանալը, կառուցապատողի կողմից ներկայացված դիմումի հիման վրա կամ դիմում չներկայացվելու դեպքում, իրավասու մարմնի նախաձեռնությամբ, շինարարության թույլտվությունն ուժը կորցրած է ճանաչվում՝ դրա մասին պատշաճ կարգով ծանուցելով կառուցապատողին:
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական ու փաստական հիմնավորումներն ու ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի, 55-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 5-րդ պարբերության, ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված 130-րդ կետի դրույթներով՝
ՈՐՈՇԵՑԻ
1. Ուժը կորցրած ճանաչել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի թիվ 135/28 հասցեում հասարակական նշանակության շինության կառուցման համար 04.08.2023 թվականին տրված հ.01/18-Դ-36950-1504 շինարարության թույլտվությունը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը և կարող է երկամսյա ժամկետում վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:
3. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի վրա։
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետը:
| Տ. Ավինյան |