ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2680-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 08.07.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
07.07.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
07.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2680-Ա

«07» հուլիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանի 2025 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-61814-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթներին համապատասխան` իրականացվել է վարչարարություն:

2025 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-61814-25 դիմումով (այսուհետ՝ Դիմում) ներկայացված՝ վնասի փոխհատուցման պահանջի քննության կապակցությամբ 2025 թվականի հունիսի 26-ին և 2025 թվականի հուլիսի 3-ին հրավիրվել են լսումներ, որոնց մասին պատշաճ ծանուցվել է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանը:

Դիմումի հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում 2025 թվականի հունիսի 26-ին հրավիրված լսումներին ներկայացել և մասնակցել են Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանը և Ընկերության լիազորված անձ՝ Գառնիկ Հովհաննիսյանը, իսկ 2025 թվականի հուլիսի 3-ին հրավիրված լսումներին դիմումատուն կամ վերջինիս լիազորված անձը չեն ներկայացել:

Ուսումնասիրելով 2025 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-61814-25 դիմումը, նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, 2025 թվականի հունիսի 26-ին կազմված՝ վարչարարության շրջանակներում իրականացված լսումների վերաբերյալ արձանագրությունը, գնահատելով դիմումի առարկային առնչվող բոլոր ապացույցներն ու փաստական հանգամանքները` պարզվել է հետևյալը.

2. Որոշման կայացման համար հիմք հանդիսացող փաստերը.

Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանը, հիմք ընդունելով Դիմումում նշված փաստական հանգամանքները, իրավական հիմքերն ու ներկայացված ապացույցները, խնդրել է փոխհատուցել 2025 թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեի շենքի բակում կայանված՝ Ընկերության սեփականությունը հանդիսացող «Toyota Camry 2.5» մակնիշի «123 AF 45» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա հաստաբուն ծառից մոտ երեք մետրանոց հատված (գերան) ընկնելու արդյունքում առաջացած վնասը:

Լսումների ընթացքում Ընկերության ներկայացուցիչ Գառնիկ Հովհաննիսյանը, որպես լրացուցիչ ապացույց, ներկայացրել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված՝ 2024 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 01/11.3/5710-2024 գրությունը և Երևանի քաղաքապետի 2024 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 01/158121-24 գրությունը, որոնց ներկայացմամբ դիմող կողմը նպատակ է ունեցել հիմնավորել այն հանգամանքը, որ միևնույն ծառի չորացած ճյուղերն ընկնելու և տարածքում կայանված մեքենաներն ու գույքը վնասելու մասին գրավոր տեղեկացվել է Երևանի քաղաքապետարանին, սակայն ծառի էտման աշխատանքներ առ 2025 թվականի ապրիլի 10-ին տեղի ունեցած պատահարը, չեն իրականացվել, ինչով պայմանավորված՝ դիմող կողմը հայտնել է դիրքորոշում այն մասին, որ քննարկվող պատահարը տեղի է ունեցել նշված ծառը համապատասխան սանիտարական խնամքի չենթարկելու արդյունքում, այլ ոչ թե անհաղթահարելի ուժի (քամի) հետևանքով:

2020 թվականի հուլիսի 7-ին տրված՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման թիվ PB940613 վկայականի համաձայն՝ «Toyota Camry 2.5» մակնիշի «123 AF 45» հաշվառման համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է Ընկերության սեփականությունը:

2025 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-61814-24 դիմումի ուսումնասիրության արդյունքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2025 թվականի հունիսի 16-ին տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ 2025 թվականի ապրիլի 10-ին ժամը 23:30-ի սահմաններում Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 շենքի բակում կայանված «Toyota Camry 2.5» մակնիշի «123 AF 45» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ուժեղ քամուց կոտրվել և ընկել է կիսաչոր բարդու չորացած ճյուղ:

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 08/ԼԱ/-666 գրության համաձայն՝ նույն կազմակերպության Երևան աերոլոգիական կայանի տվյալներով 2025 թվականի ապրիլի 10-ին ժամը 13:03-ից 17:30-ն ընկած ժամանակահատվածում քամու առավելագույն պոռթկումը գրանցվել է 15մ/վ, իսկ Երևան ագրո օդերևութաբանական կայանի տվյալներով՝ 2025 թվականի ապրիլի 10-ին ժամը 13:10-ից 14:30-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 18մ/վ արագությամբ քամու պոռթկում:

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնի պետին ուղղված 2025 թվականի ապրիլի 15-ի զեկուցագրի համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 10-ին, ժամը 13:30-ին ստացված հաղորդման կապակցությամբ այց է կատարվել Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցե, որտեղ Դավիթ Մկրտումյանի հետ զրույցից պարզվել է, որ «Toyota Camry 2.5» մակնիշի «123 AF 45» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հետ տեղի ունեցած պատահարը եղել է եղանակային պայմանների՝ ուժգին քամու հետևանքով ծառի ճյուղը պոկվելու և տեղում կայանված ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում:

Դիմումին կից և դիմումի քննության շրջանակներում հրավիրված լսումների ընթացքում դիմումատուի և վերջինիս լիազորված անձի կողմից չեն ներկայացվել 2025 թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեի շենքի բակում կայանված՝ «Toyota Camry 2.5» մակնիշի «123 AF 45» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետազոտման և վնասի գնահատման նպատակով իրականացված հետքաբանական և ապրանքագիտական փորձաքննությունների վերաբերյալ փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև ենթադրյալ վնասը Երևանի քաղաքապետարանի կողմից հատուցման ենթակա լինելու հանգամանքը հիմնավորող ապացույցներ:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 14-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի համաձայն՝ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է վնասներ հատուցելով:

Օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

Օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն՝ սեփականատերը կրում է իրեն պատկանող գույքի պահպանման հոգսը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

ՀՀ կառավարության 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Մեծությունների միավորների, չափումների սանդղակների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևն ու դրանց կիրառման կանոնները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 1938-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1181-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 5-րդ կետով սահմանված է քամու ուժի սանդղակը, որով «17.2 մ/վրկ - 20.7 մ/վրկ» արագությամբ քամին բնութագրված է որպես «շատ ուժեղ», իսկ որպես քամու ազդեցության նկարագիր՝ նշված է հետևյալը. «Կոտրվում են ծառերի ճյուղերը: Դժվար է քայլել քամուն հակառակ»:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է` անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1063-րդ հոդվածի համաձայն` քաղաքացուն կամ իրավաբանական անձին պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողություններով (անգործությամբ)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտ հրապարակելու հետևանքով, պատճառված վնասը հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածի համաձայն՝ վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել, բացառությամբ նույն օրենքի 109-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 96–րդ հոդվածով սահմանված իրավանորմի կիրառման կապակցությամբ առկա է ձևավորված դատական պրակտիկա՝ հիմնված Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումների վրա, որոնցով դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման խնդրին, նշել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որից հետո միայն անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, թիվ ՎԴ/3280/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 2010 թվականի դեկտեմբերի 3-ի որոշումը):

Ելնելով վերոգրյալից և նկատի ունենալով, որ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2025 թվականի մայիսի 26-ի թիվ 08/ԼԱ/-666 գրությունից, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից 2025 թվականի հունիսի 16-ին տրամադրված տեղեկատվությունից և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ՀՈԳՎ Կենտրոնական բաժնի պետին ուղղված 2025 թվականի ապրիլի 15-ի զեկուցագրից հետևում է, որ 2025 թվականի ապրիլի 10-ին Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 28 հասցեի շենքի բակում կայանված՝ «Toyota Camry 2.5» մակնիշի «123 AF 45» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղն ընկել է քամու ազդեցության ներքո, իսկ Դիմումի հիման վրա իրականացված վարչարարության շրջանակներում չեն ներկայացվել պատահարի և վնասի միջև պատճառահետևանքային կապը հիմնավորող՝ փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև չեն ներկայացվել վնասը Երևանի քաղաքապետարանի ոչ իրավաչափ վարչարարության անմիջական, ուղղակի և անխուսափելի հետևանքը հանդիսանալու հանգամանքը հիմնավորող ապացույցներ, և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 134-րդ, 164-րդ, 1058-րդ, 1071.1-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 42-րդ, 43-րդ, 96-րդ հոդվածներով՝

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Մկրտումյանի 2025 թվականի հունիսի 10-ի թիվ Դ-61814-25 դիմումը մերժել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան