ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՍՐՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 59-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.07.2025
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
03.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«03» հուլիս 2025 թվականի

N 59-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՐՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել սրտաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Պարտականությունները կատարող`

 

03.07.2025

Ա. ՋՈՒՄԱՅԱՆ

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիսի «03»-ի

թիվ 59-Ն հրամանի

 

ՍՐՏԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սրտաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն սրտաբանության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման իրականացման և կազմակերպման, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում։

2. Սրտաբան կարող է համարվել այն անձը, որն ունի բարձրագույն բժշկական կրթություն և բժշկի որակավորում և հետդիպլոմային կրթություն ընդհանուր սրտաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Սրտաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. Պաշտոնեական գործառույթների իրականացման հնարավորություններ

 

4․ Սրտաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները՝

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության սրտաբան.

2) Առողջության առաջնային պահպանման ծառայության սրտաբան.

3) Սրտաբանական բաժանմունքի վարիչ.

4) Ցերեկային ստացիոնարի սրտաբան.

5) Անհապաղ բժշկական օգնության բաժանմունքի սրտաբան.

6) Բժշկական օգնության ցուցաբերման բաժանմունքի սրտաբան.

7) Սրտաբանական ինտենսիվ թերապիայի բլոկի սրտաբան.

8) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն):

 

3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ

 

5․ Բժշկական գիտելիքներ. սրտաբանը պետք է՝

1) իմանա բժշկական հաստատությունում աշխատանքի անվտանգության կանոնները.

2) իմանա ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և կառավարման սկզբունքները.

3) ունենա աղետների բժշկության հիմնական գիտելիքների իմացություն, մասնավորապես` իմանա արտակարգ իրավիճակների դասակարգումը և Հայաստանի Հանրապետության տարածքում հնարավոր արտակարգ իրավիճակների բժշկա-տակտիկական բնութագրերը, իրականացնի աղետի վայրի գնահատումն ու վերլուծությունը, կատարի տուժածների զննություն և վիճակի գնահատում, վնասվածքների նախնական ախտորոշում, բուժօգնության հերթականության ընտրություն (պլան), տեսակավորում (տրիաժ), շտապ դուրսբերում և տեղափոխում, տեղեկացված լինի արտակարգ իրավիճակներում բուժտարհանման միջոցառումներին.

4) կարողանա ճանաչել, ախտորոշել և համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերել տերմինալ իրավիճակների, շնչառության սուր խանգարումների, շնչուղիների անցանելիության խանգարումների (ասֆիքսիա), ջրահեղձման, հոսանքահարման կամ կայծակնահարման, կոմատոզ վիճակների, արնահոսությունների, շոկերի, մարմնի տարբեր հատվածների վերքերի, բաց և փակ վնասվածքների, քիմիական այրվածքների, գերսառեցման և ցրտահարության ժամանակ: Աղետից տուժածներին բժշկական օգնության տրամադրման ժամանակ կարողանա իրականացնել հիմնական բուժական մանիպուլյացիաներ և վերակենդանացման միջոցառումներ: Պետք է տիրապետի տուժածների դուրս բերման և տեղափոխման, ինչպես նաև հատուկ փրկարարական հմտությունների որոշակի ծավալի․

5) ունենա հիմնական/ նպատակային ծրագրերի մասին ընդհանուր տեղեկացվածություն.

6) տիրապետի ապացուցողական բժշկության հիմունքներին.

7) տիրապետի Հիվանդությունների միջազգային դասակարգմանը (ՀՄԴ-10).

8) տեղյակ լինի բժշկական օգնության որակի և անվտանգության ապահովման ժամանակակից մոտեցումներին.

9) տիրապետի թիմային աշխատանքի սկզբունքներին, կարևորությանը. պացիենտների և գործընկերների հետ ճիշտ հաղորդակցման հիմունքներին.

10) տիրապետի սարքավորումների հետ անվտանգ աշխատելու հմտություններին.

11) տիրապետի ներհիվանդանոցային վարակների կանխարգելման և կառավարման հմտություններին.

12) տիրապետի աղետների բժշկության հիմնական գործնական հմտություններին.

13) տիրապետի հիվանդության պատմագրերի և այլ փաստաթղթերի պատշաճ լրացման հմտություններին․

14) կարողանա ճիշտ տեղեկատվություն ստանալ սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներից.

15) տիրապետի սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների առաջնային զննության գործող մեթոդներին.

16) կարողանա ուղեգրել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներին լաբորատոր հետազոտության` բժշկական օգնության ցուցաբերման գործող չափորոշիչներին համապատասխան.

17) կարողանա ուղեգրել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներին գործիքային հետազոտության` բժշկական օգնության ցուցաբերման գործող չափորոշիչներին համապատասխան.

18) կարողանա ուղեգրել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներին նեղ մասնագետների մոտ.

19) կարողանա խորհրդատվություն տրամադրել բժշկական օգնության ցուցաբերման գործող չափորոշիչներին համապատասխան.

20) կարողանա ճիշտ ախտորոշում կատարել.

21) կարողանա կատարել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների կրկնակի զննությունները գործող մեթոդներին համապատասխան.

22) կարողանա վերլուծել և մեկնաբանել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներից ստացված տեղեկատվությունը.

23) կարողանա անցկացնել և մեկնաբանել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների ֆիզիկական հետազոտության արդյունքները.

24) կարողանա հիմնավորել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների լաբորատոր հետազոտության անհրաժեշտությունը և ծավալը.

25) կարողանա մեկնաբանել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների լաբորատոր հետազոտության արդյունքները.

26) կարողանա հիմնավորել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների գործիքային հետազոտության անհրաժեշտությունը և ծավալը.

27) կարողանա մեկնաբանել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների գործիքային հետազոտության արդյունքները.

28) կարողանա հիմնավորել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներին նեղ մասնագետների մոտ խորհրդատվության ուղեգրման անհրաժեշտությունը.

29) կարողանա մեկնաբանել նեղ մասնագետների կողմից սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների զննության արդյունքները.

30) կարողանա մեկնաբանել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների կրկնակի զննության արդյունքները.

31) կարողանա հիմնավորել և պլանավորել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների ծավալը.

32) կարողանա մեկնաբանել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների լրացուցիչ լաբորատոր հետազոտությունների ժամանակ ստացված տվյալները.

33) կարողանա հիմնավորել և պլանավորել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների լրացուցիչ գործիքային հետազոտությունների ծավալը.

34) կարողանա մեկնաբանել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների լրացուցիչ գործիքային հետազոտությունների ժամանակ ստացված տվյալները.

35) կարողանա հիմնավորել և պլանավորել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների նեղ մասնագետների կողմից լրացուցիչ խորհրդատվության ծավալը.

36)կարողանա մեկնաբանել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների գործիքային հետազոտության ժամանակ ստացված տվյալները.

37) կարողանա մեկնաբանել կլինիկական հանձնարարականները և լրացուցիչ խորհրդատվությունների արդյունքները.

38) կարողանա օգտվել անհրաժեշտ բժշկական սարքավորումներից.

39) տիրապետի տեղեկատվական-համակարգչային ծրագրերին.

40) տիրապետի սրտաբանական օգնության ցուցաբերման կարգին.

41) իմանա սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնության ցուցաբերման չափորոշիչներն ըստ հիվանդությունների.

42) իրականացնի կլինիկական հանձնարարականներ ըստ տարբեր սիրտ-անոթային հիվանդությունների.

43) իմանա սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների անատոմիական, ֆիզիոլոգիական, տարիքային, սեռային առանձնահատկությունները.

44) տիրապետի սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների օրգանիզմի ֆունկցիոնալ համակարգերի կարգավորման և ինքնակարգավորման առանձնահատկություններին նորմայում և ախտաբանական պրոցեսների ժամանակ.

45) տիրապետի սիրտ-անոթային հիմնական հիվանդությունների ժամանակակից դասակարգմանը, կլինիկական ախտանշաբանությանը և սահմանային վիճակներին.

46) իմանա սիրտ-անոթային հիվանդությունների հիմնական նոզոլոգիական ձևերը և պաթոլոգիական վիճակները, կլինիկական և հարկլինիկական ախտորոշման ժամանակակից մեթոդները.

47) կարողանա կազմել սիրտ-անոթային հիվանդությունների բարդությունների կլինիկական պատկերը` նշելով ընթացքի առանձնահատկությունները.

48) իմանա սիրտ-անոթային հիվանդությունների լաբորատոր ախտորոշման ժամանակակից մեթոդների կիրառման ցուցումները.

49) իմանա սիրտ-անոթային հիվանդությունների գործիքային ախտորոշման ժամանակակից մեթոդների կիրառման ցուցումները.

50) կարողանա կազմել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակների կլինիկական պատկերը.

51) տիրապետի սիրտ-անոթային հիվանդությունների միջազգային դասակարգմանը.

52) ծանոթ լինի սիրտ-անոթային հիվանդությունների վարման ժամանակակից ուղեցույցներին.

53) կարողանա պահպանել բժշկական գաղտնիքը.

54) կարողանա կատարել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտի բուժման սխեմայի նշանակում, դրա արդյունավետության և անվտանգության հսկում, այդ թվում.

ա. սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների բուժման պլանի մշակում` հաշվի առնելով հիվանդության կլինիկական պատկերը.

բ. դեղորայքային թերապիայի և ոչ դեղորայքային թերապիայի նշանակում` հաշվի առնելով տարբեր սիրտ-անոթային հիվանդությունների կլինիկական պատկերը.

գ. հանձնարարականներ` սրտաբանի կողմից նշանակված դեղորայքային և ոչ դեղորայքային թերապիայի կատարման վերաբերյալ.

դ. բժշկական օգնության ցուցաբերում սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներին` անհետաձգելի վիճակներում.

ե. դեղորայքային թերապիայի և ոչ դեղորայքային թերապիայի արդյունավետության և անվտանգության գնահատում.

զ. դիետաթերապիայի նշանակում` հաշվի առնելով տարբեր սիրտ-անոթային հիվանդությունների կլինիկական պատկերը.

է. սրտաբանական բժշկական օգնության ցուցաբերման կարգի մշակում.

ը. կլինիկական հանձնարարականներ:

55) կարողանա կատարել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների բժշկական օգնության ցուցաբերման մշակում ըստ չափորոշիչների.

56) կարողանա ցուցաբերել հիմնական սիրտ-անոթային հիվանդությունների և պաթոլոգիկ վիճակների ժամանակ բժշկական օգնություն թերապիայի ժամանակակից մեթոդներին համապատասխան, այդ թվում՝ հաշվի առնել.

ա. դեղերի հիմնական խմբերի ազդեցության մեխանիզմը, դրանց կիրառման ցուցումները և հակացուցումները, կիրառումից առաջացած բարդությունները.

բ. սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների մոտ բուժական սնուցման պատշաճ կազմակերպումը և իրականացումը` կախված հիվանդության տեսակից.

գ. ամբուլատոր և ստացիոնար պայմաններում ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կազմակերպման և իրականացման սկզբունքները։

57) կարողանա կատարել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտի համար վերականգնողական անհատական ծրագրերի արդյունավետության իրականացում և հսկում, այդ թվում.

ա. հաշմանդամություն ունեցող պացիենտների վերականգնման անհատական ծրագրերի կազմում.

բ. երկարատև և հաճախ հիվանդացող ու տարբեր սիրտ-անոթային քրոնիկական հիվանդություններով պացիենտների համար վերականգնման ծրագրերի կազմում.

գ. երկարատև և հաճախ հիվանդացող և տարբեր քրոնիկական սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտներին առողջարանային բուժման նշանակում.

դ. սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների վերականգնման անհատական ծրագրերի իրականացման հսկողություն և արդյունավետության գնահատում.

ե. համապատասխան սիրտ-անոթային հիվանդության և առողջական վիճակի վերականգնողական միջոցառումների անցկացման համար համապատասխան մասնագետի ընտրություն.

զ. սիրտ-անոթային պացիենտների մոտ վերականգնողական միջոցառումների արդյունավետության և անվտանգության գնահատում.

է. երկարատև և տարբեր քրոնիկական սիրտ-անոթային հիվանդություններով պացիենտների վերականգնողական միջոցառումների ազդեցության մեխանիզմների, ցուցումների և հակացուցումների հսկում.

58) կարողանա անցկացնել սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների մոտ կանխարգելիչ միջոցառումներ, առողջ ապրելակերպի ձևավորման համար սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքներ, հսկել արդյունավետությունը, այդ թվում.

ա. տարբեր սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների մոտ կանխարգելիչ զննումներ, առողջարարական միջոցառումներ, ժամկետների համապատասխանությունը.

բ. երկարատև և տարբեր քրոնիկական սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների դիսպանսեր հսկողություն.

գ. սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների շրջանում առողջ ապրելակերպի ձևավորման համար սանիտարական նորմերի իրազեկման աշխատանքի անցկացում.

դ. տարբեր սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներին առողջացուցիչ միջոցառումների հանձնարարություն (սնունդ, քուն, օրվա ռեժիմ, ֆիզիկական ակտիվություն).

ե. սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներին և նրանց ընտանիքի անդամներին առողջ ապրելակերպի հմտությունների սովորեցում.

զ. առողջ ապրելակերպի հիմնական բնութագրերի, ձևավորման մեթոդների ուսումնասիրություն․

59) կարողանա կազմակերպել ենթակա բուժանձնակազմի գործունեությունը.

ա. աշխատանքի պլանի և հաշվետվության կազմում.

բ. ենթակա բուժանձնակազմի շրջանում հիվանդացության, հաշմանդամության և մահացության ցուցանիշների վերլուծության անցկացում.

գ. հաշվառա-հաշվետվական բժշկական փաստաթղթերի վարում.

դ. սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտների հաշմանդամությունը սահմանելու համար բժշկա-սոցիալական փորձաքննության փաստաթղթերի ձևակերպում.

ե. միջին բուժանձնակազմի կողմից բժիշկական նշանակումների կատարման հսկում.

զ. բաժնում բժշկական օգնության ցուցաբերման որակի հսկում.

է. բժշկական հաստատության գործունեության հաշվետվության համար բժշկա-վիճակագրական ցուցանիշների ներկայացում.

ը. տեղեկատվական-վերլուծական համակարգերի վերահսկում (Առողջապահության միասնական պետական տեղեկատվական համակարգ).

թ. առողջապահական մարմինների և բժշկական կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող նորմատիվ իրավական փաստաթղթերի կազմում.

ժ. սրտաբանական պրոֆիլի բժշկական հաստատություններում սիրտ- անոթային հիվանդությամբ պացիենտների բուժօգնության կազմակերպում.

ժա. սիրտ-անոթային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնության ցուցաբերման կարգի, չափորոշիչների հսկողություն.

ժբ. բժշկական կազմակերպություններում սիրտ- անոթային հիվանդությամբ պացիենտների բժշկական փաստաթղթերի ձևակերպում․

ժգ. աշխատունակության կորուստը հաստատող փաստաթղթերի ձևակերպման կանոնների իմացություն.

ժդ. սրտաբանական պրոֆիլի բժշկական հաստատություններում բուժաշխատողների զբաղեցրած պաշտոնների հրահանգների հսկում.

ժե. աշխատանքի կանոնակարգի պահպանման պահանջների հսկում:

60) իմանա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը.

61) իմանա Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի օրենսդրության և հաստատությունների գործունեությունը բնութագրող նորմատիվ իրավական ակտերը:

6․ Բժշկական հատուկ գիտելիքներ. սրտաբանը պետք է կարողանա ախտորոշել և անցկացնել անհրաժեշտ բուժում հետևյալ հիվանդությունների դեպքում.

1) սրտամկանի հիվանդություններ՝ կարդիոմիոպաթիաներ, միոկարդի առանձնահատուկ ախտահարում (ինֆեկցիոն, տոքսիկ և այլն).

2) անոթային հիպերտոնիաներ և հիպոտոնիաներ՝ զարկերակային հիպերտենզիա, ախտանշային հիպերտենզաներ.

3) սրտի իշեմիկ հիվանդություն՝ սուր կորար համախտանիշ, քրոնիկական կորոնար համախտանիշով.

4) սրտի բնածին և ձեռքբերովի արատներ.

5) էնդոկարդի, պերիկարդի հիվանդություններ՝ սուր և քրոնիկական պերիկարդիտներ, էնդոկարդիտներ.

6) սրտի ռիթմի և հաղորդականության խանգարումներ.

7) աթերոսկլերոզ՝ աթերոսկլերոզի ռիսկի և պաթոգենեզի գործոններ, աթերոսկլերոզի ձևեր և կլինիկական դրսևորումներ, աթերոսկլերոզի բուժում և կանխարգելում.

8) սրտային անբավարարություն՝ սուր և քրոնիկական, ձախ փորոքի պահպանված, մեղմ իջած և իջած արտամղման ֆրակցիայով. դասակարգում, ախտորոշման և բուժման սկզբունքներ և կանխարգելում.

9) սրտի ախտահարումը էնդոկրին հիվանդությունների ժամանակ՝ շաքարային դիաբետ, թիրեոտոքսիկոզ, ճարպակալում.

10) սիրտ-անոթային համակարգի ախտահարումը ալկոհոլիզմի, թմրամոլության, թունամոլության, ճառագայթային հիվանդության դեպքերում.

11) սիրտ-անոթային համակարգի ախտահարումը պրոֆեսիոնալ սպորտի որոշ տեսակների հետևանքով.

12) սրտի հիվանդություններ` հղիության ժամանակ.

13) թոքային սիրտ` սուր և քրոնիկական.

14) սրտի վնասվածքներ և ուռուցքներ.

15) սրտի ախտահարումը համակարգային հիվանդությունների ժամանակ` կոլագենոզներ, ամիլոիդոզներ.

16) սիրտ-անոթային ախտաբանության առանձնահատկությունները ծերերի մոտ.

17) անհետաձգելի վիճակներ սրտաբանությունում` անհետաձգելի վիճակների ախտորոշումը և թերապիան (շոկ, կոլապս, թոքերի այտուց, թոքային անոթի տրոմբոէմբոլիա, միջփորոքային միջնապատի պատռվածք, սինկոպալ վիճակներ. հիպերտոնիկ կրիզ, տախիկարդիա, բրադիկարդիա), վերակենդանացումը սրտաբանությունում.

7․Սրտաբանը պետք է կարողանա վերլուծել՝

1) լաբորատոր և կենսաքիմիական հետազոտությունների տվյալները.

2) ռենտգեն զննության և ռենտգենանկարման, տոմոգրաֆիայի տվյալները.

3) էխոսրտագրության, ռեոգրության, ֆոնոսրտագրության տվյալները.

4) ռադիոիզոտոպ մեթոդների հետազոտման տվյալները.

5) անգիոգրության, կորոնարոգրության, վենտրիկուլոգրության, էլեկտրասրտագրության, վելոէրգոմետրիայի, սրտի կերակրափողային խթանման տվյալները.

6) սրտի խոռոչների կաթետերավորման, հեմոդինամիկայի տվյալները։

8․ Սրտաբանը պետք է կարողանա անցկացնել.

1) վերակենդանացնող մանիպուլյացիաներ.

2) կենտրոնական երակի, սրտի աջ բաժինների պունկցիա և կաթետերավորում.

3) էլեկտրաիմպուլսային թերապիա առիթմիաների ժամանակ.

4) ժամանակավոր էնդոկարդինալ խթանում.

5) ծանրաբեռնվածության թեստեր.

6) սուր դեղորայքային թեստեր.

7) էլեկտրասրտագրության իրականացում և վերծանում.

8) արյան խմբերի որոշում.

9) միզապարկի կաթետերավորում.

10) պլևրալ խոռոչների, պերիկարդի խոռոչի պունկցիա.

11) Հոլտեր-մոնիտորինգ։

 

 

4․ Այլ հմտություններ

 

9․ Սրտաբանը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ․

2) վեճերի լուծման հմտություններ․

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5․ Ընդհանուր ունակություններ

 

10․ Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. սրտաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

11․ Տեխնիկական հմտություններ. սրտաբանը պետք է կարողանա`

1) տիրապետել տեղակատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով․

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները․

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն․

4) համապատասխան բժշկական փաստաթղթավարում․

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին․

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն

 

12․ Սրտաբանը պետք է կարողանա՝

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ Սրտաբանի իրավունքները և պարտականությունները

 

13․ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են սրտաբանի վրա։

 

8․ Կոմպետենտությունների մակարդակները` սրտաբանություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքում`

 

14․ Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրայի, ռեզիդենտուրայի) ընթացքում ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունը` ըստ Աղյուսակի:

15․ Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են`

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

Աղյուսակ

 

Բժշկական

միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան