ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/6127/05/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6127/05/24

Վարչական գործ թիվ ՎԴ/6127/05/24

2025 թ.

Նախագահող դատավոր՝

 Հ. Այվազյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

ԱԹովմասյան

Լ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2025 թվականի հունիսի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով Օսան Հակոբյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12092024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Օսան Հակոբյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ ՀՀ կադաստրի կոմիտե, Դավիթ Գալստյան՝ Երևանի քաղաքապետի 26.12.2023 թվականի թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Օսան Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 26.12.2023 թվականի թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվությունը: Միաժամանակ՝ հայցվորը միջնորդել է կասեցնել վարչական ակտի կատարումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Դիլբարյան) (այսուհետ` Դատարան) 05.06.2024 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 12092024 թվականի որոշմամբ Օսան Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 05062024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Օսան Հակոբյանը (ներկայացուցիչ՝ Տիգրան Խաչիկյան)։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը, որոնք պետք է կիրառեր։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, ըստ էության, գտել է, որ ներկայացված միջնորդությամբ չեն բերվել փաստարկներ, որոնք կհիմնավորեին ինչպես վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածը, այնպես էլ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու իրողությունը, մինչդեռ ներկայացված միջնորդության մեջ բերվել են բազմաթիվ փաստարկներ, որոնք սույն գործի շրջանակներում հիմնավորում են վերը հիշատակված երկու հանգամանքների առկայությունը։

Հայցվորին զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի առկայության մասով հիմնավորումները հանգում են հետևյալին սույն գործում առկա ապացույցների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երրորդ անձ Դավիթ Գալստանի կողմից իրականացվող ապօրինի շինարարությամբ ուղղակիորեն ոտնահարվում են հայցվորի իրավունքները, նրան պատճառվում է զգալի գույքային վնաս այնքանով, որքանով Դավիթ Գալստյանի կողմից կառուցապատումն իրականացվում է հողամասի համապատասխան գլխավոր հատակագծերով հաստատվող կոորդինատներին, հողամասերի փաստացի դիրքերի և կադաստրային հանույթների միջև բացարձակ փաստական անհամապատասխանության պայմաններում: Արդյունքում՝ մի քանի ամիս անց ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց թիվ 49/44 հասցեի հողամասում վեր է խոյանալու բարձրահարկ շենք, որի մի մասը գտնվելու է դե յուրե հայցվորին պատկանող հողամասում՝ գործնականում անհնարին դարձնելով վերջինիս իրավունքների դատական պաշտպանությունը:

Ընդ որում՝ շինարարության թույլտվությունը վիճարկվում է միայն այն մասով, որ այն մասնակի իրականացվում է մի տարածքում, որը սեփականության իրավունքով պատկանում է հայցվորին: Հետևապես ակնհայտ է, որ լիարժեք հնարավոր է հենց այս փուլում գալ որոշակի բանակցությունների և չխախտել ինչպես կառուցապատողի կողմից իրականացվող շինարարության ընթացքը, այնպես էլ՝ հայցվորի իրավունքները:

Վերաքննիչ դատարանը, այս համատեքստում գնահատելով հայցվորի կողմից ներկայացված 29.02.2024 թվականի ՀՀ, Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված գրությունը (դրանով Երևանի քաղաքապետարանն անվերապահորեն ընդունել է, որ առկա է ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց թիվ 49/44 հասցեի և ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց թիվ 49/41 հասցեի հողամասերի կադաստրային կոորդինատների անհամապատասխանություն բնության մեջ անշարժ գույքերի իրական տեղանքի կոորդինատներին, ուստիև առաջարկվել է ժամանակավորապես կասեցնել Դավիթ Գալստյանի կողմից իրականացվող ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց թիվ 49/44 հասցեի շինարարական աշխատանքները), գտել է, որ այն դեռևս չի կարող գնահատվել որպես հայցվորին պատճառվելիք զգալի վնասը հիմնավորող փաստարկ, ուստի պետք է գնահատվի գործն ըստ էության քննարկելու փուլում: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը որևէ կերպ չի անդրադարձել այն հարցին, թե ինչպես դա չի կարող գնահատվել որպես հացվորին զգալի վնաս պատճառելը հիմնավորող փաստարկ այն պայմաններում, երբ ընթացող ապօրինի շինարարությունն ուղղակիորեն ոտնձգում է հայցվորի սեփականության իրավունքին՝ հանգեցնելով սեփական հողամասում ընթացող ապօրինի շինարարությանը: Ընդ որում՝ այս կապակցությամբ դատարանին ներկայացվել են բազմաթիվ ապացույցներ, որոնք դատավարության այս փուլի համար հաստատապես կարող էին հիմնավոր կասկածի շեմը բավարարել:

Ավելին, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանման ծառայության պետի կողմից Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանին հասցեագրված գրությամբ ուղղակիորեն փաստվել է ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց թիվ 49/41 և ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց թիվ 49/44 հասցեի հողամասերի սահմանների անճշտությունը և առաջարկվել է կատարել գեոդեզիական չափագրումներ՝ նշված հողամասերի նշահարման կետերի ճշգրտման նպատակով՝ վարչարարության հետագա ընթացքը կազմակերպելու համար: Փաստացի ստացվում է այնպես, որ Երևանի քաղաքապետարանն ինքն ընդունելով, որ առկա է հողամասերի փաստացի դիրքերի և կադաստրային հանույթների միջև անհամապատասխանություն, որևէ կերպ ձեռնամուխ չի լինում գոյություն ունեցող ապօրինությունը կանխելու ուղղությամբ ակտիվ քայլեր ձեռնարկելուն՝ փաստացի լուրջ խոչընդոտներ հարուցելով հայցվորի իրավունքների պատշաճ իրականացման կապակցությամբ:

Վերաքննիչ դատարանը որևէ գնահատական չի տվել այն հարցին, որ եթե այնուամենայնիվ վճռահատության փուլում դատարանը գտնի, որ առկա են շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու փաստական հիմքեր, ապա կոնկրետ ինչպիսի գործնական նշանակություն է դա ունենալու հայցվորի համար այն պայմաններում, երբ մինչև այս գործով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը երրորդ անձը վստահաբար ավարտած կլինի ապօրինի շինարարությունը:

Հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնող հիմքերի մասով հատկանշական է այն, որ Դավիթ Գալստյանի կողմից իրեն տրված և սույն հայցով վիճարկվող շինարարության թույլտվության հիման վրա համապատասխան շինարարական աշխատանքները շարունակելու պարագայում գործնականում անիմաստ և առարկայազուրկ կդառնա առհասարակ նշված շինարարության թույլտվության վիճարկումը դրանով հայցվորի համար ակնկալվող պաշտպանության ենթակա շահի ապահովման դիրքերից: Ընդ որում՝ նշված անհնարինությունը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, այլ ոչ թե՝ հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես:

Ավելին՝ ինչպես ակնհայտ է ներկայացված միջնորդությունից, անհնար է սույն պարագայում առանց այս միջնորդության բավարարման պատկերացնել ներկայացված հայցի հիման վրա ակնկալվող բարենպաստ դատական ակտի կատարումը: Պարզ է, որ շինարարության շարունակման դեպքում առարկայազուրկ է դառնում հայցադիմումն ամբողջությամբ, քանի որ հայցադիմումը վերաբերում է հենց ապօրինի շինության շարունակությունը բացառելուն:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 12092024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ կասեցնել Երևանի քաղաքապետի 26.12.2023 թվականի թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվության կատարումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով ամրագրված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու իրավակարգավորման առանձնահատկություններին և այդ համատեքստում բացահայտել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության բավարարման համար անհրաժեշտ չափանիշները՝ վերահաստատելով նաև նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Դատարան դիմող սուբյեկտի՝ արդյունավետ դատական պաշտպանությունն ապահովելուն է ուղղված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Rec(2004)20 հանձնարարականը (այսուհետ՝ Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում՝ դատական վերահսկողության արդյունավետության սկզբունքը։ Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարր է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը։ Հանձնարարականի 5 (d) կետի համաձայն՝ դատարանին պետք է վերապահվի մինչև գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» R (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը։ Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերևույթ (prima-facie) իրավաչափ չէ։

Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսևորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով և վարչական մարմնի վրա որևէ պարտականություն դնելով։ Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի։ Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների։ Դրանք կարող են վերացվել։ Նախնական պաշտպանության միջոցները որևէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 66-րդ հոդվածով նախատեսված վիճարկման հայց ներկայացնելու դեպքում անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումն ապահովելու գործուն կառուցակարգերից է Օրենսգրքով սահմանված վարչական ակտի կատարման կասեցման ինստիտուտը: Վերջինիս կարևորությունը պայմանավորված է նրանով, որ այս ինստիտուտի միջոցով կանխարգելվում է հայցվորին պատճառվելիք զգալի վնասը կամ նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալը։

ՀՀ վճռաբեկ դատարանը, բացահայտելով նշված դատավարական ինստիտուտի նպատակը, արձանագրել է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված հայցվորի իրավունքների նախնական պաշտպանության եղանակը, նպատակ է հետապնդում ապահովել հայցվորի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումը՝ դատական պաշտպանությունը չդարձնելով ինքնանպատակ (տե՛ս, «Երևանի Կենցաղային քիմիայի գործարան» ԲԲԸ-ն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/2643/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01092023 թվականի որոշումը)։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝

()

5) այն դեպքերի, երբ վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վիճարկվում է վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ վարչական ակտ (ներառյալ՝ զուգորդվող վարչական ակտի դեպքում հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթները).

()։

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Վկայակոչված նորմերից հետևում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ վարչական ակտի վիճարկման հայցի հարուցմամբ պայմանավորվում է նաև այդ ակտի կատարման կասեցումը, որպիսի կարգավորման նպատակը, ըստ էության, հանգում է անձի արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրացմանը։ Սակայն օրենսդիրը ընդհանուր կանոնից նախատեսել է բացառություններ, որոնց առկայության դեպքում վարչական ակտի վիճարկման պահանջը դատարանի քննության առարկա դառնալու փաստը դեռևս բավարար չէ դրա կատարումն օրենքի ուժով կասեցված համարվելու համար։ Նման բացառություններից է, ի թիվս այլնի, վարչական ակտի հասցեատեր չհանդիսացող անձի կողմից վարչական ակտի հասցեատիրոջ համար բարենպաստ համարվող վարչական ակտի կամ զուգորդվող վարչական ակտի դեպքում՝ հասցեատիրոջ համար բարենպաստ դրույթների վիճարկման դեպքը, որպիսի պարագայում վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցմանը հայցվորը կարող է հասնել միայն միջնորդություն ներկայացնելու և օրենքով նախատեսված անհրաժեշտ պայմանների առկայությունը հիմնավորելու դեպքում, որին կհաջորդի դատարանի կողմից համապատասխան որոշման կայացումը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտի՝ որպես անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցի կիրառման առանձնահատկությունն այն է, որ նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում։ Վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման արդյունքում դատարանի եզրահանգումը պայմանավորված է հայցվորի կողմից իր միջնորդությամբ նշված հանգամանքների հիմնավորման աստիճանով, որոնք պետք է ուղղված լինեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ դատարանի մոտ հիմնավոր կասկածի ձևավորմանը։

Նախկինում կայացրած որոշումներում ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտին և բացահայտել դրա բովանդակությունը՝ այդ համատեքստում հստակեցնելով նաև վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության բավարարման համար անհրաժեշտ չափանիշները։ Այսպես ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե՝

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

Վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Այսինքն, դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում, ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Ընդ որում՝ վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

Հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Այսինքն, դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության։

Նույն որոշմամբ անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բովանդակությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: Այլ կերպ ասած՝ «հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ Ընդ որում, «կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։ «Հիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Նման պայմաններում հարց է առաջանում, թե, ի վերջո, կասկածի ողջամտության ինչ աստիճան պետք է հիմք ընդունի դատարանը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25062021 թվականի որոշումը)։

Վերահաստատելով և զարգացնելով Օրենսգրքի 83-րդ հոդվածի կապակցությամբ արտահայտած իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառելու հիմնավոր կասկածն օրենսդրի կողմից որոշակիացվել է «զգալի» հատկանիշի կիրառմամբ, որպիսի հատկանիշի ամրագրումն ինքնանպատակ չէ: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «զգալի» եզրույթի կիրառումը ենթադրում է, որ դատարանը կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը հայցվորին` ոչ թե ցանկացած վնաս (անկախ դրա չափից ու ընդգրկումից) պատճառվելու հիմնավոր կասկածի, այլ զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այսինքն՝ պատճառվելիք վնասը պետք է ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ, որպեսզի արդարացված լինի վարչական ակտի կատարման կասեցումը: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում ոչ միայն պետք է հիմնավորվի զուտ վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածի առկայությունը, այլ նաև վնասի զգալի բնույթը։ Զուտ վնասի վերաբերյալ հիմնավոր կասկածը դեռևս բավարար հիմք չէ վարչական ակտի կատարումը կասեցնելու համար անհրաժեշտ պայման է նաև վնասի զգալի լինելու հանգամանքը։ Ընդ որում, վնասի զգալի չափը չի կարող հիմնվել զուտ հայցվորի սուբյեկտիվ ընկալման վրա, այն պետք է ունենա իր օբյեկտիվ հիմնավորումը, հիմնվի որոշակի փաստական տվյալների վրա (…)» (տե՛ս, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22122023 թվականի որոշումը)։

Միաժամանակ, մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ կարող է դատարանի կողմից բավարարվել, և ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար։ Առանցքային նշանակություն ունի ինչպես միջնորդության մեջ զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով և միջնորդությանը կից ապացույցներով հիմնավորելը, որ դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու և (կամ) նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ հայցվորը միջնորդությամբ պետք է նախանշի նաև վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն և (կամ) այլևս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը (տե՛ս, Խաչատուր Թումոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.02.2024 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վարչական ակտի կատարման կասեցումը կոչված է «արգելակելու» հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ վերջինիս իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու այն վտանգը, որը ձևավորվել է հիմնավոր կասկածի հիման վրա։ Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին դատարանի որոշումը ուղիղ համեմատական է ներկայացված միջնորդությամբ վկայակոչված փաստարկների հիմնավորվածությանը։ Նշված դատողության հիմքում ընկած է այն հանգամանքը, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննարկելիս ՀՀ վարչական դատարանը մեծապես առաջնորդվում է հայցվորի ներկայացրած փաստարկներով և ապացույցներով, ուստի որքան համոզիչ և փաստարկված են դրանք, այդքան «ընդգծվում» է վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը։ Ամփոփելով վերոգրյալը և ելնելով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդության քննարկման արդյունքում որոշում կայացնելիս դատարանը վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու և (կամ) իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հիմնավոր կասկածի հարցը պետք է գնահատի ոչ միայն հայցվորի կողմից իր միջնորդության մեջ զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության մասին նշում կատարած լինելու պայմանի առկայությամբ, այլև յուրաքանչյուր դեպքում գնահատման առարկա պետք է դարձնի միջնորդության մեջ նշված փաստարկների հիմնավորվածությունը և միջնորդությանը կից ներկայացված ապացույցների բովանդակությունը (տե՛ս, «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/1239/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25092024 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել նշել նաև, որ բացի վերոնշյալ պայմաններից, դատարանը, առաջին հերթին, պետք է պարզի, թե արդյոք հայցվորի փաստարկներն ուղղված են վիճարկման հայցի հարուցումից հետո կատարվող գործողությունների կասեցմանը, թե՝ ոչ։ Այլ կերպ ասած՝ դատարանը պետք է պարզի, թե արդյոք հայցվորի ներկայացրած փաստերը, որոնցով վերջինս հիմնավորում է վարչական ակտի կատարմամբ իրեն զգալի վնաս պատճառվելու կամ իր իրավունքների պաշտպանության անհնարինության առաջացման հանգամանքները, վերաբերում են դատական պաշտպանության դիմելուց հետո իրականացվելիք գործողությունների կասեցմանը, թե նախքան դատարան դիմելն իրականացված գործողություններին։

Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այն դեպքերում, երբ վիճարկման հայցով ներկայացված պահանջով պայմանավորված դրա կատարումն օրենքի ուժով ենթակա չէ կասեցման, և հայցվորը պետք է ներկայացնի վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդություն, ապա վերջինս, ի թիվս օրենսդրությամբ նախատեսված պահանջների, պետք է հիմնավորի, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկները վերաբերում են ապագայում առաջացող կամ միջնորդությունը ներկայացնելու պահին կատարվող գործողությունների կասեցմանը, որոնց չկասեցումը զգալի վնաս կպատճառի հայցվորին կամ անհնարին կդարձնի իր իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Ռուզաննա Միրզոյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/3032/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26072024 թվականի որոշումը)։

Ամփոփելով ողջ վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ յուրաքանչյուր գործով վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանը պետք է գնահատման առարկա դարձնի այն, թե արդյոք ներկայացված միջնորդությունը պարունակում է հիմնավորումներ հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու հավանականության վերաբերյալ, և արդյոք միջնորդությանը կից ներկայացվել են այդ փաստարկները հիմնավորող համոզիչ և հստակ ապացույցներ, որոնք պետք է նախանշեն վիճարկվող վարչական ակտի կատարմամբ հայցվորի համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն և (կամ) այլևս անհնարին կդարձնի իրավունքների հետագա արդյունավետ պաշտպանությունը՝ այն դարձնելով անիմաստ և առարկայազուրկ։ Եվ եթե միջնորդությամբ ներկայացված փաստարկների և դրանք հիմնավորող ապացույցների գնահատման արդյունքում դատարանի մոտ ձևավորվում է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը կարող է հայցվորին զգալի վնաս պատճառել և (կամ) նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնել, ապա միջնորդությունը ենթակա է բավարարման։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

 Սույն գործը հարուցվել է հայցվոր Օսան Հակոբյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 26.12.2023 թվականի թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվությունը՝ միաժամանակ միջնորդելով կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումն այն պատճառաբանությամբ, որ՝ «(․․․) հայցին կից ներկայացված ապացույցների ուսումնասիրությունից աներկբա պարզ է դառնում, որ երրորդ անձ Դավիթ Գալստյանի կողմից իրականացվող ապօրինի շինարարությամբ ուղղակիորեն ոտնահարվում են հայցվորի իրավունքները, նրան պատճառվում է զգալի գույքային վնաս այնքանով, որքանով Դավիթ Գալստյանի կողմից կառուցապատումն իրականացվում է հողամասի համապատասխան գլխավոր հատակագծերով հաստատվող կոորդինատներին, հողամասերի փաստացի դիրքերի և կադաստրային հանույթների միջև բացարձակ փաստական անհամապատասխանության պայմաններում: Արդյունքում մի քանի ամիս անց ք. Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց հ 49/44 հասցեի հողամասում վեր է խոյանալու բարձրահարկ շենք, որի մի մասը գտնվելու է դե յուրե հայցվորին պատկանող հողամասում՝ գործնականում անհնարին դարձնելով վերջինիս իրավունքների դատական պաշտպանությունը: Ընդ որում, նշված անհնարինությունը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ Դավիթ Գալստյանի կողմից իրեն տրված և սույն հայցով վիճարկվող շինթույլտվության հիման վրա համապատասխան շինարարական աշխատանքները շարունակելու պարագայում գործնականում անիմաստ և առարկայազուրկ կդառնա առհասարակ նշված շինթույլտվության վիճարկումը դրանով հայցվորի համար ակնկալվող պաշտպանության ենթակա շահի ապահովման դիրքերից:

Ավելին, ինչպես ակնհայտ է ներկայացված միջնորդությունից, անհնար է սույն պարագայում առանց այս միջնորդության բավարարման պատկերացնել ներկայացված հայցի հիման վրա ակնկալվող բարենպաստ դատական ակտի կատարումը։ Պարզ է, որ շինարարության շարունակման դեպքում առարկայազուրկ է դառնում հայցադիմումն ամբողջությամբ, քանի որ հայցադիմումը վերաբերում է հենց ապօրինի շինության շարունակությունը բացառելուն։

Ընդ որում, իրացվող շինարարության ապօրինության մասին է ուղղակիորեն փաստում նաև Երևանի քաղաքապետարանը։ Մասնավորապես, ինչպես նշվել է, 29022024թ ՀՀ, Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված գրությամբ Երևանի քաղաքապետարանն անվերապահորեն ընդունել է, որ առկա է ք Երևան Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց հ 49/44 հասցեի և ք Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլոդվական փողոց հ 49/41 հասցեի հողամասերի կադաստրային կոորդինատների անհամապատասխանություն բնության մեջ անշարժ գույքերի իրական տեղանքի կոորդինատներին, ուստի և առաջարկվել է ժամանակավորապես կասեցնել Դավիթ Գալստյանի կողմից իրականացվող ք Երևան Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց հ 49/44 հասցեի շինարարական աշխատանքները (…)» (հավելվածի գ.թ. 20-23

Դատարանը 05.06.2024 թվականի որոշմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «վերոնշյալ իրավանորմերի վերլուծության համատեքստում դիտարկելով 26.12.2023 թվականին տրված թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարական թույլտվության կատարումը կասեցնելու վերաբերյալ Հայցվորի միջնորդության փաստարկների հիմնավորվածությունը` Դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնց հիմքով կձևավորվեր հիմնավոր կասկած առ այն, որ վերը նշված շինարարության թույլտվության կատարումը զգալի վնաս կպատճառի Հայցվորին կամ անհնարին կդարձնի իր իրավունքների պաշտպանությունը:

Մասնավորապես՝ անդրադառնալով հայցվորի այն փաստարկներին, որ շինարարության ապրօրինության մասին է փաստում նաև Երևանի քաղաքապետարանը, քանի որ 29022024թ ՀՀ, Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված գրությամբ Երևանի քաղաքապետարանն անվերապահորեն ընդունել է, որ առկա է, ք Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց հ 49/44 հասցեի և ք Երևան Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոց հ 49/41 հասցեի հողամասերի կադաստրային կոորդինատների անհամապատասխանություն բնության մեջ անշարժ գույքերի իրական տեղանքի կոորդինատներին, ուստիև առաջարկվել է ժամանակավորապես կասեցնել Դավիթ Գալստյանի կողմից իրականացվող ք Երևան, Նոր Նորք վարչական շրջանի Մոկլդովական փողոց հ 49/44 հասցեի շինարարական աշխատանքները՝ Դատարանն արձանագրում է, որ նշված փաստարկները չեն վերաբերում վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը։ Նման փաստարկին պետք է անդրադարձ կատարվի գործն ըստ էության լուծող դատական ակտի շրջանակներում, իսկ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (հիմնավոր կասկածին), ուստի տվյալ դեպքում այդ փաստարկը և համապատասխան հիմնավորումը նշանակություն ունի վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը ստուգելու, այսինքն՝ գործն ըստ էության լուծելու համար, հետևաբար նման փաստարկն ինքնին չի կարող հիմք հանդիսանալ այդ վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու համար։ (․․․) հայցվորի կողմից չի վկայակոչվել որևէ ծանրակշիռ փաստարկ կամ չի ներկայացվել ապացույց առ այն, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն, կամ անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը» (հավելվածի գ.թ. 61-66

 Վերաքննիչ դատարանը 12092024 թվականի որոշմամբ Օսան Հակոբյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 05062024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(․․․) դիտարկելով Երևանի քաղաքապետի 26.12.2023թ. թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարական թույլտվության կատարումը կասեցնելու միջնորդության հիմնավորվածությունը` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն գործում առկա փաստական տվյալների համադրված վերլուծությունը իրավացիորեն Դատարանի մոտ չի ձևավորել հիմնավոր կասկած առ այն, որ Երևանի քաղաքապետի 26.12.2023թ. թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարական թույլտվության կատարումը զգալի վնաս կպատճառի հայցվորին: (․․․) Տվյալ դեպքում, Երևանի քաղաքապետի 26.12.2023թ. թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվությամբ նախատեսված շինարարական աշխատանքների կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառելու հավանականությունը հիմնավորվել է այնպիսի փաստարկներով, որոնք վերաբերում են շինարարության թույլտվությամբ նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման վայրին, դրա պատկանելությանը, բնության մեջ հողամասի կոորդինատների անհամապատասխանությանը, սակայն գործում առկա որևէ ապացույցով չի հիմնավորվում, այն հանգամանքը, որ հենց հատկապես, Երևանի քաղաքապետի կողմից 26.12.2023թ. թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվությամբ և դրա տրման համար հիմք հանդիսացած նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների կատարմամբ է պայմանավորված զգալի վնասի առաջացման հավանականությունը: Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ բողոքի մյուս հիմնավորումները, որոնք նույնությամբ կրկնում են միջնորդության հիմնավորումները՝ իրենց բովանդակությամբ վերաբերում են Երևանի քաղաքապետի 26.12.2023թ. թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարական թույլտվության իրավաչափությանը, մինչդեռ տվյալ դեպքում գնահատման է ենթակա բացառապես վիճարկվող վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառելու հավանականությունը, իսկ Երևանի քաղաքապետի 26.12.2023թ. թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարական թույլտվության իրավաչափության գնահատումը դուրս է 05.06.2024թ. «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշման օրինականության ստուգման տիրույթից» (հավելվածի գ.թ. 81-90

 Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը

Սույն գործով Օսան Հակոբյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետի 26.12.2023 թվականի թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվությունը և միաժամանակ ներկայացրել է միջնորդություն վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ, ըստ էության, որպես հիմնավորում ներկայացնելով այն, որ նրան պատճառվում է զգալի գույքային վնաս այնքանով, որքանով Դավիթ Գալստյանի կողմից կառուցապատումն իրականացվում է հողամասի համապատասխան գլխավոր հատակագծերով հաստատվող կոորդինատներին, հողամասերի փաստացի դիրքերի և կադաստրային հանույթների միջև բացարձակ փաստական անհամապատասխանության պայմաններում, և արդյունքում մի քանի ամիս անց կառուցված բարձրահարկ շենքի մի մասը փաստացի գտնվելու է հայցվորին պատկանող հողամասում։ Միջնորդությանը կից, ի թիվս այլնի, հայցվորը ներկայացրել է նաև հետևյալ փաստաթուղթը՝

- Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի կողմից Երևանի քաղաքապետին հասցեագրված 29.02.2024 թվականի գրությունը, որով հայտվել է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողատարածքների փաստացի տեղադիրքերը գրեթե ամբողջ թաղամասում՝ այնպես էլ Մոլդովական թիվ 49/41, թիվ 49/44 և թիվ 49/39 հասցեներում կադաստրային կոորդինատները չեն համապատասխանում բնության մեջ անշարժ գույքերի իրական տեղանքի կոորդինատներին, առաջացել է խնդրահարույց իրավիճակ, և առաջարկվել է ժամանակավորապես կասեցնել Դավիթ Գալստյանի կողմից իրականացվող Մոլդովական թիվ 49/44 հասցեի շինարարական աշխատանքները՝ առաջացած խնդրին լուծում տալու և հողատարածքների տեղադիրքերի ուղղման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով (հավելվածի գ.թ. 46-47

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջնորդությամբ ներկայացված այն փաստարկը, որ շինարարության թույլտվությունը տրվել է մի հողամասում շինարարական աշխատանքներ կատարելու համար, որի սահմանների և հարևանությամբ գտնվող հայցվորին սեփականության իրավունքով պատկանող հողամասի սահմանների հետ կան անճշտություններ, հայցվորը հիմնավորել է նաև կից ներկայացնելով ապացույցներ, ըստ որոնց՝ նշվածն ընդունել է նաև Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարը և հողատարածքների տեղադիրքերի ուղղման համար միջոցներ ձեռնարկելու նպատակով խնդրել է Երևանի քաղաքապետին կասեցնել Դավիթ Գալստյանի կողմից իրականացվող շինարարական աշխատանքների կատարումը։ Միջնորդությամբ ներկայացված փաստարկներով և դրանք հիմնավորող ապացույցներով փաստորեն հայցվորը փորձել է հիմնավորել այն հանգամանքը, որ շինարարության թույլտվության կատարումը չկասեցվելու պարագայում հողամասերի սահմանների առկա անճշտությունների հետևանքով առկա է հայցվորին զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկած, ինչը հիմք է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու համար։

Մինչդեռ և՛ Դատարանը, և՛ Վերաքննիչ դատարանը, քննելով ներկայացված միջնորդությունը և կից ներկայացված ապացույցները, ըստ էության, եկել են այն եզրահանգման, որ հայցվորի կողմից չի վկայակոչվել որևէ ծանրակշիռ փաստարկ կամ չի ներկայացվել ապացույց առ այն, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պայմաններում զգալի վնաս կպատճառվի իրեն, կամ անհնարին կդառնա իր իրավունքների պաշտպանությունը։ Ստորադաս դատարանները գտել են, որ հայցվորի ներկայացրած փաստարկները վերաբերում են շինարարության թույլտվությամբ նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման վայրին, դրա պատկանելությանը, բնության մեջ հողամասի կոորդինատների անհամապատասխանությանը, սակայն գործում առկա որևէ ապացույցով չի հիմնավորվում, որ նախատեսված շինարարական աշխատանքների կատարմամբ է պայմանավորված զգալի վնասի առաջացման հավանականությունը և որ միջնորդության հիմնավորումներն իրենց բովանդակությամբ վերաբերում են Երևանի քաղաքապետի 26.12.2023 թվականի թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվության իրավաչափությանը, մինչդեռ տվյալ դեպքում գնահատման է ենթակա բացառապես վիճարկվող վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու հավանականությունը, իսկ Երևանի քաղաքապետի 26.12.2023 թվականի թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվության իրավաչափության գնահատումը դուրս է 05.06.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշման օրինականության ստուգման տիրույթից։

Նման պայամաններում ներկայացված միջնորդության հիմնավորումների, կցված ապացույցների և դրանց վերաբերյալ ստորադաս դատարանների կողմից կատարված մեկնաբանությունների գնահատման հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Օսան Հակոբյանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ հայցվորը ոչ միայն ներկայացրել է խնդրո առարկա իրավիճակը նկարագրող փաստարկներ, այլև մեկնաբանել է, թե վարչական ակտի կատարումը չկասեցնելու դեպքում ինչպես է դրսևորվելու իրեն զգալի վնասի պատճառումը, ինչպես նաև ներկայացրել է որոշակի ապացույցներ, որոնք իրենց համակցությամբ բավարար են ձևավորելու հիմնավոր կասկած առ այն, որ վեճի առարկա վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորի սեփականության իրավունքի խախտմամբ վերջինիս պատճառվելու է զգալի վնաս։

Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշմանն առ այն, որ հայցվորի՝ միջնորդությամբ ներկայացված փաստարկները և կից ապացույցները նշանակություն ունեն վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը ստուգելու համար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հայցվորի փաստարկներն ավելի քան վերաբերելի են վարչական ակտի կատարումը չկասեցնելու դեպքում պատճառվելիք վնասի խստությանը, դրա զգալի լինելու հանգամանքներին, քանի որ հողամասերի սահմանների անճշտությունների վերաբերյալ ներկայացված հիմնավորումներով և ապացույցներով առնվազն ձևավորվում է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարման դեպքում հայցվորին պատկանող հողամասի տարածքում կարող են կատարվել շինարարական աշխատանքներ, որոնք անխուսափելիորեն հանգեցնելու են հայցվորի սեփականության իրավունքի խախտմանը։

Վերը նշվածի համադրմամբ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով հայցվոր Օսան Հակոբյանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությամբ ներկայացված փաստարկները լիովին բավարար են վեճի առարկա վարչական ակտի կատարման պայմաններում հայցվորին զգալի վնաս պատճառելու հիմնավոր կասկածի ձևավորման համար, ուստի նշված փաստարկները բավարար են սույն գործով վիճարկվող Երևանի քաղաքապետի 26.12.2023 թվականի թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվության կատարումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքով կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը բավարարելու համար։

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին» որոշումը, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ՝ թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 12092024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու, այն է՝ Երևանի քաղաքապետի 26.12.2023 թվականի թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվության կատարումը՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կասեցնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 12092024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ բավարարել վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ Օսան Հակոբյանի միջնորդությունը՝ կասեցնել Երևանի քաղաքապետի 26.12.2023 թվականի թիվ 01/18-Դ-154892-2772 շինարարության թույլտվության կատարումը՝ մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

ք ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական: