ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/9928/05/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
06.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
06.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/9928/05/24

2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/9928/05/24

 

Նախագահող դատավոր՝

 Ա. Հարությունյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

 

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

2025 թվականի հունիսի 06-ին

գրավոր ընթացակարգով քննելով «ՄՈՒՇ-ՄԷԴԱ» ՍՊ ընկերության (այսուհետ` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն)՝ Ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի գլխավոր խորհրդատուի 18.07.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշումն ընդունման պահից անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Երևան համայնքը պահանջել է ընդունման պահից անվավեր ճանաչել Ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի գլխավոր խորհրդատուի 18.07.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշումը։ Միաժամանակ, հայցադիմումին կից ներկայացվել է վիճարկվող վարչական ակտը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Դ. Դանիելյան) (այսուհետ` Դատարան) 23.08.2024 թվականի որոշմամբ Երևան համայնքի՝ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը բավարարվել է՝ Ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի գլխավոր խորհրդատուի 18.07.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշման կատարումը կասեցվել է մինչև սույն գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.10.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 23.08.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել երրորդ անձ Ընկերությունը (ներկայացուցիչ՝ Տիգրան Խուրշուդյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածը, 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 2-րդ և 4-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել վերաքննիչ բողոքում նշված այն փաստարկին, որ թիվ ՎԴ/1206/05/21 վարչական գործով 12.07.2022 թվականին կայացված վճիռն օրինական ուժի մեջ է մտել դեռևս 06.10.2023 թվականին (ՀՀ վճռաբեկ դատարանը 06.10.2023 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել և օրինական ուժ է տվել 12.07.2022 թվականի կայացված վճռին): Երևան համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատվել է Երևանի ավագանու կողմից 26.12.2023 թվականին հետևյալ չափով` եկամուտների գծով՝ 124,639,373.4 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 124,917,826.1 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասորդը) 278,452.7 մլն դրամ:

Դատարաններն անտեսել են այն կարևոր հանգամանքը, որ Երևան համայնքի կողմից Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով չի նախատեսվել թիվ ՎԴ/1206/05/21 վարչական գործով 12.07.2022 թվականին կայացված վճռով Երևան համայնքի կողմից 675.872.408 (վեց հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամ գումարի չափով պարտավորության կատարումը` որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնաս Ընկերությանը փոխհատուցում կատարելու մասով:

Անհասկանալի է նաև, որ վիճարկվող վարչական ակտի կատարմամբ Երևան համայնքին կարող է զգալի վնաս պատճառվել իբրև այն հիմնավորմամբ, որ վիճարկվող որոշման կատարման դեպքում Երևան համայնքի բյուջեում կատարելու են վերաբաշխում՝ վերանայելով պլանավորված բյուջետային ծախսերը, սակայն Երևան համայնքը որևէ կերպ չի պատճառաբանել, թե ինչու՞ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով նշված գումարը չեն նախատեսել:

Երևան համայնքն ունի ոչ միայն մեկ տարվա կտրվածքով համայնքային բյուջե, այլ նաև պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չնախատեսված ծախսերի կամ նախատեսված ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

Վիճարկվող որոշման կատարման դեպքում որևէ զգալի վնաս Երևան համայնքը չի կարող կրել, քանի որ պահուստային ֆոնդից վերջինս առնվազն կարող է կատարել թիվ ՎԴ/1206/05/21 վարչական գործով 12.07.2022 թվականին կայացված վճռով սահմանված պարտավորությունը, հատկապես այն պայմաններում, որ Երևան համայնքը ներկայացված հայցադիմումով ոչ թե նշում է, որ չունի 675.872.408 (վեց հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամ գումարը վճարելու պարտավորություն, այլ հայտնում է, որ հարկադիր կատարողը ոչ թե պետք է կայացներ գումարի բռնագանձման մասին որոշում, այլ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրող որոշում:

Ստացվում է, որ ոչ ներկայացված հայցադիմումը և ոչ էլ միջնորդությունը չեն պարունակում այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանների մոտ կարող էր ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել Դատարանի 23.08.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու առանձնահատկություններին՝ վերահաստատելով և զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Դատական պաշտպանության իրավունքի իրականացումը հիմնված է տնօրինչականության (դիսպոզիտիվության) սկզբունքի վրա, որն անձի՝ օրենքով տրված հնարավորությունն է սեփական հայեցողությամբ տնօրինելու իր նյութական ու դատավարական իրավունքները և դրանց պաշտպանության եղանակները, անձն ինքն է որոշում իր իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության համար դիմել, թե չդիմել դատարան, իրականացնել, թե չիրականացնել իր դատական պաշտպանության իրավունքը, ինքնուրույն որոշել հարուցված հայցով իր պահանջների առարկան՝ ծավալը, հիմքը և այլն: Միաժամանակ, անձն իր դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, ինչպես նաև դատարաններն արդարադատություն իրականացնելիս, պետք է առաջնորդվեն տվյալ դատական պաշտպանության ձևի համար օրենսդրությամբ սահմանված կարգով:

Նախնական պաշտպանության միջոցները, արդար դատաքննության այլ երաշխիքների հետ միասին, ապահովում են իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը։ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության վերաբերյալ» Rec(2004)20 հանձնարարականը (այսուհետ՝ Հանձնարարական) առանձնացնում է վարչական ակտերի նկատմամբ դատական վերահսկողության հինգ հիմնական սկզբունք, այդ թվում՝ դատական վերահսկողության արդյունավետության սկզբունքը։ Հանձնարարականը որպես արդյունավետ վերահսկողության անհրաժեշտ տարր է դիտարկում նախնական պաշտպանության միջոցը։ Հանձնարարականի 5 (d) կետի համաձայն՝ դատարանին պետք է վերապահվի մինչև գործի քննության ավարտը նախնական պաշտպանության միջոցներ կիրառելու լիազորություն։

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի «Վարչական գործերով նախնական դատական պաշտպանության մասին» R (89) 8 հանձնարարականի 2-րդ կետի համաձայն՝ դատարանը, նախնական պաշտպանության միջոց տրամադրելու հարցը քննարկելիս, պետք է հաշվի առնի բոլոր վերաբերելի գործոններն ու շահերը։ Նախնական պաշտպանության միջոց, մասնավորապես, պետք է կիրառվի այն դեպքում, եթե վարչական ակտի կատարումը կարող է պատճառել լուրջ վնաս, որը կարող է վերականգնվել դժվարությամբ կամ վարչական ակտն առերևույթ (prima-facie) իրավաչափ չէ։

Նույն հանձնարարականի 3-րդ կետի համաձայն՝ իրավասու դատարանի կողմից կիրառվող նախնական պաշտպանության միջոցները կարող են դրսևորվել վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելով, վարչական ակտի ընդունման պահին գոյություն ունեցած վիճակը ամբողջովին կամ մասնակիորեն պահպանելով և վարչական մարմնի վրա որևէ պարտականություն դնելով։ Նախնական պաշտպանության միջոցները կարող են տրամադրվել այնքան ժամկետով, որքան դատարանը պատշաճ կհամարի։ Դրանք կարող են ենթարկվել որոշակի պայմանների։ Դրանք կարող են վերացվել։ Նախնական պաշտպանության միջոցները որևէ կերպ չեն կարող կանխորոշել վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վերաբերյալ դատարանի որոշումը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) սահմանված՝ անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետությունն ապահովելուն ուղղված նախնական պաշտպանության միջոցներից է վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը։ Նախնական պաշտպանության այս միջոցը հնարավորություն է տալիս պահպանել այն փաստական և/կամ իրավական վիճակը, որը գոյություն է ունեցել վիճարկվող վարչական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Գագիկ Հովսեփյան և Ալբերտ Հովսեփյան, թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի՝ որպես սահմանադրորեն ամրագրված իրավունքի լիարժեք կենսագործմանն ուղղված կառուցակարգերից է։ Ըստ այդմ, վերջինիս, իբրև նախնական պաշտպանության միջոցի, բնորոշիչ է պաշտպանիչ և կանխարգելիչ բնույթը։ Այսինքն՝ վարչական ակտի կատարման կասեցումը կոչված է «արգելակելու» հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ վերջինիս իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու այն վտանգը, որը ձևավորվել է հիմնավոր կասկածի հիման վրա (տե՛ս, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Նունե Վարդանյան, թիվ ՎԴ/1239/05/24 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.09.2024 թվականի որոշումը)։

Այսպես, Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, բացառությամբ՝ այն դեպքերի, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։

Օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցվորի միջնորդությամբ վարչական դատարանը կարող է գործի քննության ժամանակ նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 4.1-ին, 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված դեպքերում ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։

Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` միջնորդությունը բավարարվում է, եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ արդեն իսկ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված ընդհանուր կանոնի համաձայն` դատարան ներկայացված վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանքը վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումն է՝ մինչև այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։ Նշված ընդհանուր կանոնից սահմանվել են բացառություններ։ Մասնավորապես, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկելու դեպքում իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական ակտի կատարումը կասեցնող կանոնը նույն իրավանորմի 3-րդ կետի հիմքով չի գործում։ Միևնույն ժամանակ, նման դեպքերի համար օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանել է վարչական ակտի կատարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնելու իրավական հնարավորություն՝ համապատասխան միջնորդության առկայության պարագայում:

ՀՀ վճռաբեկ դատարանը միևնույն ժամանակ արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրվել է վարչական դատարանի հայեցողական լիազորություն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում ևս ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վարչական ակտի կատարումը։ Ընդ որում, վարչական ակտի կատարումը կարող է կասեցվել համապատասխան հիմքերի առկայության պարագայում միայն, հետևաբար ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվորի միջնորդությունը պետք է պարունակի այնպիսի փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որոնց հիման վրա դատարանի մոտ կարող է ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միջնորդությամբ ներկայացված փաստարկներն ու դրանք հիմնավորող ապացույցները պետք է վերաբերեն վարչական ակտի կատարման հետևանքով հայցվորին զգալի վնաս պատճառելու կամ նրա իրավունքների պաշտպանությունն անհնարին դարձնելու հավանականությանը (տե՛ս, Երևան համայնքն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/0850/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.12.2020 թվականի որոշումը)։

Վերոգրյալ իրավանորմերի և նախկինում կայացրած որոշումներով արտահայտած դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը վարչական ակտի կատարումը կասեցնելու դատարանի լիազորության կիրառման համար սահմանել է երկու վավերապայման, որոնցից առնվազն մեկի առկայությունը պարտադիր է վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Այսինքն, վարչական ակտի կատարումը կասեցվում է, եթե

- առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, կամ

- անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վերոնշյալ պայմանների առկայությունը կամ բացակայությունը կարող է հաստատվել հայցվորի ներկայացրած այնպիսի փաստարկներով, որոնք իր իրավունքի պաշտպանությունը և կարգավիճակը վատթարացնում են։ Դատարանը վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ որոշում կայացնում է այն դեպքում, երբ դատավարության որևէ փուլում ի հայտ են գալիս հիմքեր, որոնք առաջացնում են հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ հայցվորի իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալու վերաբերյալ հիմնավոր կասկած։ Վերոնշյալ հիմքերից որևէ մեկի հնարավոր առկայությունը բավարար հիմք է դատարանի կողմից վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին որոշում ընդունելու համար։

Դրանից ելնելով՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկածի հարցը քննարկելիս դատարանը, ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունն ապահովելու պարտականությունից, պետք է քննարկման առարկա դարձնի երկու հիմնական փոխկապակցված հարցեր: Առաջին` առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի, և երկրորդ` անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Մասնավորապես՝ «վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրավիճակի, երբ տվյալ գործով հայցի առարկայի շրջանակներում մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարումը հայցվոր կողմի համար կստեղծի այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը: Իսկ «վարչական ակտի կատարումն անհնարին կդարձնի հայցվորի իրավունքների պաշտպանությունը» եզրույթի բովանդակությունը հանգում է այնպիսի իրողության, երբ մինչև գործով վերջնական որոշում կայացնելը վիճարկվող վարչական ակտի կատարման պայմաններում այլևս անհնարին կարող է դառնալ հայցվորի իրավունքի (իրավունքների) պաշտպանությունը: Այս դեպքում, «անհնարին» եզրույթը վերաբերում է բացառապես տվյալ գործով ներկայացված և քննության առնված հայցի առարկայի շրջանակներում հայցվորի իրավունքների դատական պաշտպանությանը, և ոչ թե հայցվորի իրավունքների պաշտպանությանն ընդհանրապես: Դատարանի կողմից վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը չբավարարելը և գործի քննության արդյունքում նույն վարչական ակտն անվավեր ճանաչելը միանշանակորեն չի հանգեցնում հայցվորի իրավունքների պաշտպանության անհնարինության (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։

Հատկանշական է, որ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկինում կայացված որոշումներից մեկում հատուկ ընդգծել է, որ վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառելու հիմնավոր կասկածն օրենսդրի կողմից որոշակիացվել է «զգալի» հատկանիշի կիրառմամբ, որպիսի հատկանիշի ամրագրումն ինքնանպատակ չէ: Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում «զգալի» եզրույթի կիրառումը ենթադրում է, որ դատարանը կարող է կասեցնել վարչական ակտի կատարումը հայցվորին` ոչ թե ցանկացած վնաս (անկախ դրա չափից ու ընդգրկումից) պատճառվելու հիմնավոր կասկածի, այլ զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի առկայության դեպքում: Այսինքն՝ պատճառվելիք վնասը պետք է ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ, որպեսզի արդարացված լինի վարչական ակտի կատարման կասեցումը: Վնասը կարող է զգալի որակվել, մասնավորապես, եթե տվյալ վարչական ակտի կատարման հետևանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ հայցվորի համար կարող են առաջացնել լուրջ դժվարություններ կամ էական անհանգստություն։ Առանձին դեպքերում վնասի լրջության մակարդակը գնահատվում է ըստ հայցվորի վրա ունեցած ֆինանսական ազդեցության (տե՛ս, «Վան Բիզնես Կենտրոն» ՓԲԸ-ն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձինք՝ Գագիկ Հովսեփյան և Ալբերտ Հովսեփյան, թիվ ՎԴ/0257/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.12.2023 թվականի որոշումը)։

Անդրադառնալով Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «հիմնավոր կասկած» եզրույթի բացահայտմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «հիմնավոր կասկած» եզրույթը կարելի է մեկնաբանել որպես մտքի վիճակ, որը համոզմունքից տարբերվում է նրանով, որ մտորման առարկան դեռևս միանշանակ չի համարվում։ «Հիմնավոր կասկած» եզրույթի ներքո պետք է նկատի ունենալ այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնց առկայության պարագայում դատարանի մոտ կձևավորվի ողջամիտ կասկած։ «Հիմնավոր կասկած» եզրույթի օգտագործումն ինքնանպատակ չէ, և այն պետք է հաղթահարված համարել ոչ միայն այն դեպքերում, երբ միջնորդությամբ ներկայացված փաստական տվյալներով միանշանակ հիմնավորվում է անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքը, այլև այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցների կողմից ներկայացված փաստական տվյալներով ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող ակտի կատարման պարագայում անձին զգալի վնաս պատճառելու կամ անձի իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու հանգամանքի վերաբերյալ: «Հիմնավոր կասկած» եզրույթը ենթակա է մեկնաբանման կոնկրետ գործողության հնարավոր վրա հասնելու և իրավական հետևանք առաջացնելու առումով։ «Կասկած» եզրույթի օգտագործումն արդեն իսկ նշանակում է, որ խոսքը չի գնում ապացույցներով հաստատվելիք փաստի մասին։ Քննարկվող նորմի իմաստով «hիմնավոր կասկած» եզրույթը ենթադրում է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու միջնորդությունը պետք է պարունակի փաստեր կամ փաստարկներ (օրինակ՝ գույք չունենալը, անվճարունակ լինելը, բնակության վայր չունենալը և այլն), որպիսիք դատարանին թույլ կտան գալ այնպիսի հետևության, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելը հայցվորին կպատճառի զգալի վնաս կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը: Կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում: Փաստի վերաբերյալ կասկածը ողջամիտ է, եթե հաստատված այլ հանգամանքները հնարավորություն չեն տալիս հետևության հանգել այդ փաստի՝ սովորականից բարձր հավանականության մասին, կամ հակառակ փաստը նույնքան ողջամիտ և հավանական է։ Այն դեպքում, երբ ի հայտ է գալիս «կասկած», այն պետք է լինի ողջամիտ, այսինքն՝ պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված:

Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով նաև վերոնշյալ իրավակարգավորմանը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի պարտադիրության և կատարելիության ապահովման անհրաժեշտության տեսանկյունից, նույն որոշմամբ արձանագրել է, որ թեև ՀՀ Սահմանադրությունը և Կոնվենցիան ուղղակիորեն չեն ամրագրում դատական ակտերի կատարման իրավունքը որպես արդար դատաքննության իրավունքի բաղադրիչ, սակայն դատական ակտերի կատարումը դիտարկվում է որպես արդար դատաքննության բաղկացուցիչ տարր. այն ունի բացառիկ նշանակություն արդարադատության արդյունավետ կենսագործման համար, քանի որ մարդու խախտված իրավունքների դատական պաշտպանության իրավունքը չի կարող երաշխավորված իրացվել, եթե վերջինիս խախտված իրավունքների վերականգնման վերաբերյալ վերջնական դատական ակտը մնում է անկատար: ՄԻԵԴ-ի դիրքորոշումը միանշանակ է այն հարցում, որ դատական ակտով սահմանված պահանջի իրավունքը պետության կողմից ենթակա է պատշաճ պաշտպանության ոչ միայն դատական պաշտպանության և արդար դատաքննության իրավունքների, այլ նաև սեփականության իրավունքի ապահովման շրջանակներում: Օրենսդիրը պարտավոր է պատշաճ կերպով կարգավորել դատական ակտերի հարկադիր կատարման ոլորտի հասարակական հարաբերությունները և ստեղծել կայուն իրավական հիմք` դատական ակտերի պարտադիրության և կատարելիության սահմանադրական և կոնվենցիոն սկզբունքների իրացումն ապահովելու համար:

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, համակարգային վերլուծության ենթարկելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածը, արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել է ընդհանուր կանոն, որի համաձայն՝ վիճարկման հայց ներկայացնելու միջոցով դատական պաշտպանության հիմնարար իրավունքն իրացնելիս, հայցը դատարանում վարույթ ընդունվելու պարագայում ինքնաբերաբար` օրենքի ուժով, կասեցվում է վիճարկվող վարչական ակտի կատարումը։ Միևնույն ժամանակ, օրենսդիրը նախատեսել է բացառություններ այդ ընդհանուր կանոնից. հատուկ դեպքերում վարույթ ընդունելուց հետո վարչական ակտը «մեխանիկորեն» չի կասեցվում, և որոշակի փաստակազմի առկայության պարագայում հայցվորի միջնորդության հիման վրա դատարանը կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել վիճարկվող վարչական ակտի կատարումը՝ տվյալ միջնորդության բավարարումը պայմանավորելով հետևյալ երկու ինքնուրույն պայմաններով՝ եթե առկա է հիմնավոր կասկած, որ վարչական ակտի կատարումը հայցվորին զգալի վնաս կպատճառի կամ անհնարին կդարձնի նրա իրավունքների պաշտպանությունը։ Օրենսդրորեն ամրագրված հիմքերից է նաև կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի վիճարկման դեպքը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վերոնշյալ իրավակարգավորումը սահմանելու օրենսդրի նպատակն է եղել, ըստ էության, ապահովել, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո ողջամիտ ժամկետներում կատարվի, և հարկադիր կատարման գործողություններն անհարկի չերկարաձգվեն, որոնք անհամատեղելի կլինեն ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքի համատեքստում ողջամիտ ժամկետներում քննության հետ, քանի որ ՄԻԵԴ-ն իր մի շարք որոշումներում կարևորել է նաև կատարողական վարույթների ողջամիտ ժամկետներում իրականացումը: Հակառակ պարագայում՝ անհարկի ձգձգումը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է: Օրենսդրորեն ամրագրված վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցումը բացառող պայմաններից որևէ մեկի առկայության կամ բացակայության հարցի գնահատումը դատարանի կողմից պետք է լինի հնարավորինս հստակ, որոշակի և հիմնավորված: Տվյալ դեպքում վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու կամ նրա իրավունքների պաշտպանությունը անհնարին դառնալու հանգամանքը դատարանի կողմից պետք է ստանա համարժեք հիմնավորում, լինի պատճառաբանված, փաստարկված, որպեսզի մյուս կողմի համար հստակ և որոշակի լինեն իր սեփականության իրավունքի ժամանակավոր սահմանափակման պատճառներն ու հիմքերը (տե՛ս, Սոֆիա և Սիրվարդ Խաչատրյաններն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/5599/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.06.2021 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ դատական ակտի անհապաղ կատարումը կարող է կասեցվել բացառապես ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում, քանի որ դատական ակտի անկատար մնալու հանգամանքը խաթարում է պետության իրավական համակարգի ողջ բնականոն ընթացքը, որպիսի հանգամանքով պայմանավորված՝ դատական ակտերի հարկադիր կատարման վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտը վիճարկվելու դեպքում վարչական ակտի կատարումը կասեցնելու երկու վավերապայմանների կամ դրանցից առնվազն մեկի առկայության կամ բացակայության հարցը գնահատելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ գործով առկա փաստական հանգամանքները, տվյալ գործի առանձնահատկությունները, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հայցվորի միջնորդությունը հիմնավորող փաստարկները և ներկայացված ապացույցները։ Դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտի նպատակը, վերջին հաշվով, խախտված իրավունքները վերականգնելու նկատառումներով արդարադատության իրականացման արդյունքում ընդունված ակտի կատարման ապահովումն է, ուստի առանց բավարար փաստական հանգամանքների առկայության, կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու պայմաններում հարկադիր կատարման գործողություններն անհարկի կձգձգվեն, ինչը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է (տե՛ս, Արփի Ավետիսյանն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3921/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2023 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքի արդյունավետ իրացումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանել է վիճարկման հայցի վարույթ ընդունելու իրավական հետևանք համարվող վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման ընդհանուր կանոնից բացառություն՝ այն դեպքերի համար, երբ վիճարկվում է կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտ։ Այդուհանդերձ, հավասարակշռելով վիճելի իրավահարաբերությունների բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը, օրենսդիրը հնարավոր է համարել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված բացառության հաղթահարումը՝ վիճարկվող վարչական ակտի կատարումը չկասեցնելու հետևանքով զգալի վնաս կրելը կամ իր իրավունքների պաշտպանությունն անհնարին դառնալը հիմնավորող փաստարկներ ու ապացույցներ հայցվորի կողմից ներկայացվելու պարագայում (տե՛ս, «ԹԵՂՈՒՏ» ՓԲ ընկերությունն ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ6/0311/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2024 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ հատուկ ընդգծել է, որ հայցվորի կողմից ներկայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու ցանկացած միջնորդություն չէ, որ կարող է դատարանի կողմից բավարարվել, և ըստ այդմ՝ հիմք հանդիսանալ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցման համար։ Առանցքային նշանակություն ունի ինչպես միջնորդության մեջ զգալի վնասի և (կամ) իրավունքների պաշտպանության անհնարինության հավանականության վկայակոչումը, այնպես էլ այդ հավանականությունն այնպիսի համոզիչ, հստակ փաստարկներով և միջնորդությանը կից ապացույցներով հիմնավորելը, որ դատարանի մոտ ձևավորվի հիմնավոր կասկած՝ հայցվորին զգալի վնաս պատճառվելու և (կամ) նրա իրավունքների պաշտպանության անհնարին դառնալու կապակցությամբ։ Այլ կերպ ասած՝ հայցվորը միջնորդությամբ պետք է նախանշի նաև վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն և (կամ) այլևս կիմաստազրկի իրավունքների հետագա պաշտպանությունը (տե՛ս, Խաչատուր Թումոյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/2659/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14022024 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն քննարկելիս դատարանի պարտականությունն է գնահատել վիճարկվող վարչական ակտի կատարմամբ պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հիմնավոր կասկածի առկայության (բացակայության) հարցը՝ բազմակողմանի և օբյեկտիվ քննարկման առարկա դարձնելով պատճառվելիք զգալի վնասի կամ իրավունքի պաշտպանության անհնարին դառնալու հավանականության վերաբերյալ հայցվորի ներկայացրած փաստերն ու փաստարկները, դրանց հիմքում ընկած ապացույցները: Վարչական ակտի կատարումը կասեցնելու անհրաժեշտությունը գնահատելու՝ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված չափանիշների շրջանակն սպառիչ է և, օրինականության սկզբունքին համահունչ` այդ շրջանակն իրավակիրառ պրակտիկայում չի կարող լրացվել որևէ այլ չափանիշով (տե՛ս, Համբարձում Մովսեսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ՝ «Անտոշեն» ՍՊԸ թիվ ՎԴ/6304/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 06.10.2023 թվականի որոշումը)։

 

Վերահաստատելով և զարգացնելով ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի կատարումը կասեցնելու ինստիտուտը կոչված է դատարանի կողմից նախապես ձեռնարկվող որոշակի միջոցներով հնարավոր բացասական հետևանքներից պաշտպանել հայցվորի իրավունքները և օրինական շահերը և բացառել վերջինիս իրավունքներին անդառնալի (անվերականգնելի) վնաս պատճառվելու հավանականությունը:

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում առավել մանրամասն անդրադառնալ Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված միջնորդության բավարարման պայմաններից մեկի` վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի գնահատման չափանիշներին:

Ընդհանուր առմամբ վնասը բնորոշվում է որպես անբարենպաստ, բացասական հետևանք, որը վրա է հասնում օրենքով պահպանվող գույքային իրավունքի կամ ոչ նյութական բարիքի խախտման դեպքում: Վնասի էությունը ամբողջական բացահայտելու համար անհրաժեշտ է բացահայտել դրա դրսևորման ձևերը: Վնասի սահմանումն իրավական ձևակերպում է ստացել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով, որի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ վնասը քաղաքացիական շրջանառության մասնակցի` օրենքով պահպանվող իրավունքների խախտման դեպքում վրա հասնող անբարենպաստ, բացասական հետևանքն է: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածից հետևում է, որ վնասը կարող է արտահայտվել չնախատեսված լրացուցիչ ծախսեր կատարելով կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտությամբ, գույքի կորստով կամ վնասվածքով, եկամուտների չստացմամբ (բաց թողնված օգուտ) (տե՛ս, Նելլի Մկրտչյանն ընդդեմ «Երևան հյուրանոց» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԵԿԴ/2600/02/10 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը)։

Նշված իրավական կարգավորումից հետևում է, որ օրենսդիրը տարբերակել է վնասների երկու տեսակ՝ նյութական և ոչ նյութական: Նյութական վնասը, իր հերթին, ունի երկու բաղադրատարր՝ իրական վնաս և բաց թողնված օգուտ: Իրական վնասը ներառում է այն ծախսերը, որն անձը կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, գույքի կորուստը կամ վնասվածքը: Այն ներառում է ոչ միայն իրականում կատարված ծախսերը, այլ նաև այն ծախսերը, որոնք անձը ստիպված կլինի կրել խախտված իրավունքը վերականգնելու համար: Ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին կետ):

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով վնասի առաջացման չհանգեցնող որևէ այլ բացասական հետևանք չի կարող մեկնաբանվել որպես վարչական ակտի կատարմամբ հայցվորին զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի հաստատման բավարար նախապայման: Այսինքն` Օրենսգրքի 83-րդ հոդվածի 4-րդ մասում ամրագրված «զգալի վնաս» եզրույթին չպետք է տրվի առավել լայն մեկնաբանություն, քան նախատեսվում է վնաս հասկացության իրավական ձևակերպմամբ:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի հաստատման հաջորդ էական պայմանը վարչական ակտի կատարման և վնասի առաջացման (վնասի առաջացման հավանականության) միջև պատճառահետևանքային կապն է, այսինքն` վնասը պետք է հանդիսանա վարչական ակտի կատարման ուղղակի, անմիջական հետևանք: Այն դեպքում, երբ վնասն անհրաժեշտաբար թելադրված չէ վարչական ակտից բխող կամ դրա հիման վրա ծագող իրավունքների իրացմամբ կամ պարտականությունների կատարմամբ, ապա պատճառահետևանքային կապի մասին հնարավոր չէ փաստել: Այլ կերպ ասած, վնաս պատճառելու հավանականությունը պետք է հիմնավորվի՝ ուղղակիորեն ցույց տալով ենթադրյալ վնասի և վարչական ակտի կատարման միջև որոշակի պատճառահետևանքային կապի առկայությունը, որպիսի պարագայում միայն զգալի վնաս պատճառվելու կասկածը հիմնավորելու շեմը կհամարվի հաղթահարված:

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ընհանուր առմամբ կարելի է առանձնացնել վարչական ակտի կատարմամբ հայցվորին վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի գնահատման հետևյալ չափանիշները`

- ենթադրյալ վնասն իր բնույթով պետք է համապատասխանի ՀՀ քաղաքացիական օրենգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով ամրագրված օրենսդրական բնորոշմանը և դրսևորվի կա՛մ իրական վնասի (չնախատեսված լրացուցիչ ծախսերի կատարում կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտություն, գույքի կորուստ կամ վնասվածք) կա՛մ բաց թողնված օգուտի (չստացված եկամուտ) կա՛մ ոչ նյութական վնասի ձևով,

- ենթադրյալ վնասը պետք է լինի զգալի, այսինքն` ունենա խստության, լրջության որոշակի մակարդակ,

- վնաս պատճառելու հավանականությունը պետք է հիմնավորվի վարչական ակտի կատարման և ենթադրյալ վնասի առաջացման միջև ուղիղ, անմիջական պատճառահետևանքային կապի առկայությամբ, այսինքն` վնասը պետք է հանդիսանա վարչական ակտի կատարման ուղղակի հետևանքը,

- կասկածի ողջամտությունը չի կարող լինել վերացական կամ հայեցողական, այլ պետք է գնահատվի գործի հանգամանքների համատեքստում` հաշվի առնելով տվյալ գործի առանձնահատկությունները, վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու հայցվորի միջնորդությունը հիմնավորող փաստարկները և ներկայացված ապացույցները:

Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը կասկածի տակ դնելու անթույլատրելիության վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտերի կատարումը կասեցնելու բավարար վավերապայմանների կամ դրանցից առնվազն մեկի առկայության կամ բացակայության հարցը գնահատելիս դատարանները չպետք է անտեսեն օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտերի պարտադիրության սկզբունքը, քանի որ դատական ակտի անհապաղ կատարումը կարող է կասեցվել բացառապես ծանրակշիռ փաստարկների առկայության պայմաններում` հավասարակշռելով վիճելի իրավահարաբերությունների բոլոր մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ապահովումը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ծառայության կողմից 06.05.2024 թվականին կայացվել է «Պարտապանին որոշակի գործողություներ կատարելուն պարտադրելու կամ որոշակի գործողությունների կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու մասին» որոշումը, որտեղ նշված է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից 06.05.2024 թվականին տրված թիվ ՎԴ/1206/05/21 կատարողական թերթի համաձայն՝ պետք է պարտավորեցնել Երևան համայնքին (քաղաքապետարանին) Ընկերությանը հատուցել 675.872.408 (վեց հարյուր յոթանասունհինգ միլիոն ութ հարյուր յոթանասուներկու հազար չորս հարյուր ութ) ՀՀ դրամ՝ որպես ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնաս:

Երևան համայնքից (քաղաքապետարանից) հօգուտ Ընկերության բռնագանձել 4.000 (չորս հազար) ՀՀ դրամ՝ որպես հայցադիմումի համար նախապես վճարված պետական տուրքի գումար և 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ՝ որպես ներկայացուցչի վարձատրության գումար (հավելված հատոր 1-ին, գ.թ. 27):

Ծառայության կողմից 18.07.2024 թվականին կայացվել է «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշում (այսուհետ` Որոշում), որի համաձայն` որոշվել է 675.872.408 ՀՀ դրամի չափով արգելանք դնել պարտապան Երևան համայնքին (քաղաքապետարանին) պատկանող դրամական միջոցների վրա և 675.872.408 ՀՀ դրամի չափով բռնագանձում տարածել պարտապան Երևան համայնքի (քաղաքապետարանի) դրամական միջոցների վրա (հավելված հատոր 1-ին, գ.թ. 29-30):

Հայցվոր Երևան համայնքը Որոշումն անվավեր ճանաչելու վերաբերյալ 16.08.2024 թվականին ներկայացված հայցադիմումին կից Դատարան է ներկայացրել վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն, որով խնդրել է կասեցնել վիճարկվող Որոշման կատարումն այն պատճառաբանությամբ, որ Որոշմամբ սահմանված գումարն ունի առանձնակի մեծություն և կազմում է 675.872.408 ՀՀ դրամ, որը Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով նախատեսված է բազմաթիվ ծրագրերի ֆինանսավորման համար: Նման չափի գումարի բռնագանձումը նյութական իմաստով անհամեմատ կծանրացնի Երևան համայնքի վիճակը: Հարկ է նկատել, որ 675.872.408 ՀՀ դրամ գումարի փոխանցումը կատարելու համար անհրաժեշտություն է առաջանալու Երևան քաղաքի բյուջեում կատարել վերաբաշխում՝ վերանայելով պլանավորված բյուջետային ծախսերը դրանք կրճատելու եղանակով, այն պայմաններում, երբ դեռևս ՀՀ վարչական դատարանում քննվում է որոշման իրավաչափության առարկան կազմող վեճ, իսկ որոշման կատարման չկասեցման դեպքում որոշման գործողությունը կատարմամբ սպառվելու է: Միևնույն ժամանակ կարող է ստեղծվել խնդրահարույց իրավիճակ 675.872.408 ՀՀ դրամ գումարի բռնագանձման դեպքում, ինչը հանգեցնելու է Երևան համայնքի բյուջեի կատարման խոչնդոտների (հավելված հատոր 1-ին, գ.թ. 12-17)։

Դատարանը 23.08.2024 թվականին կայացրել է «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշում այն հիմնավորմամբ, որ «(…) դիտարկելով գործի փաստերն ու միջնորդությամբ ներկայացված փաստարկները, միաժամանակ հաշվի առնելով վիճարկվող որոշմամբ բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 675,872,408 ՀՀ դրամ, ինչպես նաև նկատի ունենալով, որ Երևանի բյուջեն Երևանի միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսված եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նպատակաուղղվում է Երևանի զարգացման ծրագրի, ավագանու և քաղաքապետի՝ օրենքով սահմանված լիազորությունների իրականացմանը («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մաս), իսկ Երևանի բյուջեն ընդունվում է մեկ տարով («Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մաս), Դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում ողջամիտ կասկած է ձևավորվում վիճարկվող՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի գլխավոր խորհրդատուի 18.07.2024թ. «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշման կատարման պարագայում Երևան համայնքին զգալի վնաս պատճառելու հանգամանքի վերաբերյալ, ուստի վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին հայցվոր Երևան համայնքի միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է բավարարման»:

Վերաքննիչ դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշմամբ Ընկերության ներկայացրած վերաքննիչ բողոքը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) հաշվի առնելով ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության 18.07.2024թ. «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշմամբ բռնագանձման ենթակա գումարի չափը, և այն, որ համայնքի բյուջեն տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, սույն դեպքում՝ Երևանի բյուջեն ընդունվում է մեկ տարով Երևանի զարգացման ծրագրի, ավագանու և քաղաքապետի՝ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով սահմանված լիազորությունների իրականացման նպատակով՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ պարտապան Երևան համայնքին /քաղաքապետարանին/ պատկանող դրամական միջոցների վրա 675.872.408 ՀՀ դրամի չափով արգելանք դնելու և վերջինիս դրամական միջոցների վրա 675.872.408 ՀՀ դրամի չափով բռնագանձում տարածելու դեպքում այն կունենա լուրջ և զգալի ֆինանսական ազդեցության հայցվոր Երևան համայնքի նկատմամբ և վերջինիս կպատճառվի զգալի վնաս հանգեցնելով Երևան համայնքի բյուջեի կատարման խոչընդոտների»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ստորադաս դատարանների պատճառաբանությունների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը նախևառաջ արձանագրում է, որ Երևան համայնքին զգալի վնաս պատճառվելու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ եզրահանգումները բացառապես հիմնվել են այն հանգամանքի վրա, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը կհանգեցնի Երևան համայնքի բյուջեի կատարման խոչընդոտների:

Տվյալ դեպքում վիճարկվող Որոշման կատարմամբ Երևան համայնքին զգալի վնաս պատճառվելու կապակցությամբ միջնորդությամբ ներկայացված հայցվորի հիմնավորումները հանգում են նրան, որ «վիճարկվող որոշմամբ սահմանված գումարն ունի առանձնակի մեծություն և կազմում է 675.872.408 ՀՀ դրամ, որը Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով նախատեսված է բազմաթիվ ծրագրերի ֆինանսավորման համար: Նման չափի գումարի բռնագանձումը նյութական իմաստով անհամեմատ կծանրացնի Երևան համայնքի վիճակը: Հարկ է նկատել, որ 675.872408 ՀՀ դրամ գումարի փոխանցումը կատարելու համար անհրաժեշտություն է առաջանալու Երևան քաղաքի բյուջեում կատարել վերաբաշխում՝ վերանայելով պլանավորված բյուջետային ծախսերը դրանք կրճատելու եղանակով: Միևնույն ժամանակ կարող է ստեղծվել խնդրահարույց իրավիճակ 675.872.408 ՀՀ դրամ գումարի բռնագանձման դեպքում, ինչը հանգեցնելու է Երևան համայնքի բյուջեի կատարման խոչնդոտների», մինչդեռ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ ո՛չ Որոշմամբ սահմանված գումարի մեծությունը` 675.872.408 ՀՀ դրամ, ո՛չ Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սահմանափակ շրջանակը, ո՛չ բյուջեում վերաբաշխում կատարելու անհրաժեշտությունը, և ոչ էլ բյուջեի կատարման խոչնդոտների առաջացումը այնպիսի բացասական (վնաս պատճառող) հետևանքներ չեն, որոնք նյութական իմաստով անհամեմատ կծանրացնեն հայցվորի վիճակը, կամ կարող են առաջացնել լուրջ դժվարություններ կամ էական անհանգստություն:

Վճռաբեկ դատարանը, քննարկման առարկա դարձնելով պատճառվող կամ պատճառվելիք զգալի վնասի հավանականության վերաբերյալ հայցվորի միջնորդությամբ ներկայացված փաստարկները, գտնում է, որ դրանցով չի ձևավորվում այն ողջամիտ կասկածը, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտի չկասեցման դեպքում հայցվորին պատճառվում է կամ առնվազն կպատճառվի զգալի վնաս: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Երևան համայնքի բյուջեի կատարման խոչընդոտների առաջացման հավանականությունը, ինչը ստորադաս դատարանները դիտարկել են որպես զգալի վնաս պատճառվելու հանգամանքի հաստատման բավարար պայման, որևէ կերպ չի կարող գնահատվել որպես վնաս` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով, քանի որ Երևան համայնքի դեպքում վնասը կարող էր դրսևորվել կամ իրական վնասի (չնախատեսված լրացուցիչ ծախսերի կատարում կամ այդպիսի ծախսերի կատարման անհրաժեշտություն, գույքի կորուստ կամ վնասվածք) կամ բաց թողնված օգուտի (չստացված եկամուտ) տեսքով: Այնինչ, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ վիճարկվող Որոշման կատարմամբ չի կարող առաջանալ չնախատեսված լրացուցիչ ծախսերի կատարման անհրաժեշտություն, քանի որ Որոշմամբ նախատեսված 675.872.408 ՀՀ դրամի վճարման պարտավորությունը Երևան համայնքի համար ծագել է թիվ ՎԴ/1206/05/21 վարչական գործով դեռևս 06.10.2023 թվականին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա, իսկ գույքի կորստի կամ վնասվածքի կամ բաց թողնված օգուտի (չստացված եկամուտ) տեսքով վնասներ կրելու վերաբերյալ փաստարկներ սույն գործի շրջանակներում առհասարակ չեն ներկայացվել:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ հայցվորի միջնորդությամբ ներկայացված փաստարկները, ըստ էության, վերաբերում են Երևան համայնքի բյուջեին զգալի վնաս պատճառվելուն` Վճռաբեկ դատարանն այս համատեքստում հարկ է համարում նաև անդրադառնալ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրավակարգավորումներին:

Այսպես, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Երևանի բյուջեն եկամուտների (մուտքերի) ձևավորման և ծախսման մեկ տարվա ֆինանսական ծրագիրն է, որը նախատեսված է Երևանի զարգացման ծրագրի և ավագանու և քաղաքապետի՝ նույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` Երևանի բյուջեն ընդունվում է մեկ տարով:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 1.2-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն` բյուջետային ելքերն են Սահմանադրությամբ և օրենքներով պետական և համայնքների բյուջեներից պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին վերապահված իրավասությունների իրականացմանն ուղղվող դրամական միջոցները: Բյուջետային ելքերը ներառում են բյուջետային ծախսերը, ինչպես նաև ֆինանսական ակտիվների (բացառությամբ բյուջեների միջոցների տարեսկզբի ազատ մնացորդի) ձեռքբերումները և ներգրավված փոխառու միջոցների մարումները:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական և համայնքի բյուջեները` պետությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագրեր են:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանվում են բյուջետային համակարգի հիմքում դրվող սկզբունքները, որոնց թվում է բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվության սկզբունքը, ինչը նշանակում է, որ օրենսդրությամբ սահմանված բյուջեների մուտքերը և ելքերը պարտադիր կարգով և ամբողջ ծավալով ենթակա են արտացոլման բյուջեներում, բյուջետային միջոցների հասցեագրվածության և նպատակայնության սկզբունքը ինչը նշանակում է, որ բյուջետային միջոցներն օրենսդրությանը համապատասխան հատկացվում են կոնկրետ ստացողներին` ֆինանսավորման հստակ նպատակների նշվածությամբ («Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասեր):

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` համայնքի բյուջեն ունի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել տվյալ տարվա բյուջեով չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` համայնքի բյուջեի նախագիծը կազմում է համայնքի ղեկավարը` բյուջետային համակարգի միասնականությունն ապահովող բյուջետային գործընթացի կազմակերպման համաձայնեցված սկզբունքների, բյուջետային դասակարգման, հաշվառման և հաշվետվության միասնական մեթոդաբանության հիման վրա:

Վերոգրյալ իրավական նորմերի համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ բյուջեն հանդիսանում է դրամական միջոցների ձևավորման և օգտագործման իրավական փաստաթուղթ, որի գլխավոր նպատակը պետական իշխանության մարմինների գործառույթների իրականացման ապահովումն է: Ընդ որում` եկամուտների աղբյուրների և բյուջետային միջոցների ծախսման ուղղությունների կանոնակարգումը բյուջեի կազմման և կատարման պարտադիր պայման է: Այն ձեռք է բերվում եկամուտների և ծախսերի որոշակի խմբավորման և դրանք այս կամ այն խմբում ներառելու միջոցով: Ընդհանուր առմամբ, պետական կամ համայնքային բյուջեն ընդունվում է ֆինանսական տարվա համար: Բյուջետային ծախսերն այն դրամական միջոցներ են, որոնք ուղղվում են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների իրականացման և դրանց հետ կապված խնդիրների լուծման ֆինանսական ապահովվածությանը: Բյուջետային իրավունքում կարևորվում է բյուջեների մուտքերի և ելքերի արտացոլման լրիվության սկզբունքը, համաձայն որի` բոլոր եկամուտները և ծախսերը պետք է պարտադիր կարգով և ամբողջ ծավալով արտացոլվեն բյուջեում, և ապահովվի դրանց հավաքագրումն ու սահմանված ուղղություններով օգտագործումը:

Այս համատեքստում հիմք ընդունելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության սկզբունքը (ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար և ենթակա են կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում), ինչպես նաև նկատի ունենալով, որ դատական ակտի կատարումն իրավունքի պաշտպանության մեխանիզմի կարևորագույն բաղկացուցիչ տարրն է, և պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, քաղաքացիները, իրավաբանական անձինք և այլ կազմակերպությունները պարտավոր են կատարել բոլոր անհրաժեշտ գործողություններն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարելու համար` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ համայնքին վերաբերող օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով սահմանված պարտավորությունները ենթակա են պարտադիր կատարման, ուստի դրանցով նախատեսված պարտավորությունների կատարմանն ուղղված ծախսերը չեն կարող չընդգրկվել համայնքի բյուջեում` որպես բյուջետային ելք:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա ծագած ֆինանսական պարտավորությունները կոնկրետ ֆինանսական տարվա բյուջեում, որպես բյուջետային ելք, չներառելու արդյունքում առաջացող բացասական հետևանքները, այդ թվում` բյուջեի կատարման խոչընդոտները, որևէ կերպ չեն կարող դիտարկվել որպես համայնքի համար վնաս առաջացնող հանգամանքներ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ զգալի վնաս պատճառվելու հավանականության վկայակոչմամբ հանդերձ հայցվորի կողմից պետք է ներկայացվեին այն հիմնավորող համոզիչ, հստակ փաստարկներ, ինչպես նաև ապացույցներ՝ ելնելով սույն գործի հանգամանքներից, մինչդեռ տվյալ դեպքում ընդհանրապես չի հիմնավորվում վիճարկվող ակտով հայցվորին զգալի վնաս պատճառվելու հանգամանքը՝ հաշվի առնելով այդ մասով ապացույցների և հիմնավոր փաստարկների բացակայությունը:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Երևան համայնքը չի ներկայացրել որևէ փաստարկ, որի հիման վրա դատարանների մոտ կարող էր ձևավորվել հիմնավոր կասկած առ այն, որ վարչական ակտի կատարումը չկասեցնելու պարագայում համայնքին կպատճառվի զգալի վնաս: Տվյալ դեպքում հայցվորի միջնորդությունը չի պարունակում վիճարկվող վարչական ակտի կատարմամբ իր համար այնպիսի անբարենպաստ իրավիճակի առաջացման սպասելիությունը, որը նյութական առումով անհամարժեք վնաս կպատճառի իրեն, ուստի սույն գործով կատարողական վարույթի ընթացքում հարկադիր կատարողի կողմից կայացված վարչական ակտի կատարումը կասեցնելու պայմաններում հարկադիր կատարման գործողություններն անհարկի կձգձգվեն, ինչը կարող է կասկածի տակ դնել դրան նախորդած՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը, ինչն անթույլատրելի է։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Դատարանը, կասեցնելով Ծառայության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնի գլխավոր խորհրդատուի 18.07.2024 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու և բռնագանձում տարածելու մասին» որոշման կատարումը, կայացրել է ոչ իրավաչափ դատական ակտ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 23.08.2024 թվականի «Վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

 

ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

Ք. ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան