ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ2/0111/05/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
12.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
12.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ2/0111/05/21

2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ2/0111/05/21

Նախագահող դատավոր՝

 Ս. Հովակիմյան

Դատավորներ՝

 Ռ. Մախմուդյան

 Կ. Ավետիսյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2025 թվականի հունիսի 12-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արտակ Վարդանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.05.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Արտակ Վարդանյանի ընդդեմ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և Միասնական սոցիալական ծառայության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 21042021 թվականի թիվ 394-Ա հրամանն անվավեր ճանաչելու, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու, Արտակ Վարդանյանին Միասնական սոցիալական ծառայությունում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում իր վերջին պաշտոնին հավասարազոր կամ ցածր քաղաքացիական պաշտոնի նշանակելուն պարտավորեցնելու, դրա անհնարինության դեպքում` միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան Արտակ Վարդանյանը պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 21042021 թվականի թիվ 394-Ա հրամանը, պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը և իրեն Միասնական սոցիալական ծառայությունում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում իր վերջին պաշտոնին հավասարազոր կամ ցածր քաղաքացիական պաշտոնի նշանակել, դրա անհնարինության դեպքում` պարտավորեցնել վճարել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 27062023 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.05.2024 թվականի որոշմամբ Արտակ Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27062023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արտակ Վարդանյանը (ներկայացուցիչ՝ Քրիստինե Ավագյան) և պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06052024 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան՝ նոր քննության։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Կարեն Սարգսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորը մինչև 21042021 թվականը համարվել է քաղաքացիական ծառայող և զբաղեցրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի պաշտոնը, ինչի մասին վկայում է վիճարկվող հրամանում «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի վկայակոչումը, որը վերաբերում է քաղաքացիական ծառայողներին պաշտոնից ազատման հիմքերին։

Հետևաբար, հայցվորը պաշտոնից պետք է ազատվեր ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի և «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների պահպանմամբ, և նրան պետք է առաջարկվեր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, եթե առկա չլինեին նախապատվության իրավունքից օգտվող այլ անձինք, որոնք պետք է օգտվեին առաջնային նախապատվության իրավունքից, ինչին Դատարանը չի անդրադարձել։

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության։

 

2.1 Վճռաբեկ բողոքի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի պատասխանի հիմնավորումները.

Արտակ Վարդանյանի ներկայացրած փաստարկները չեն բխում ՀՀ օրենսդրության համապատասխան կարգավորումներից՝ հետևյալ հիմնավորումներով.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 21.04.2021 թվականի գրությամբ ՀՀ մարզպետները տեղեկացվել են, որ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների այն քաղաքացիական ծառայողները, ովքեր շարունակել են իրենց պաշտոնավարումը մինչև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների պաշտոնների անվանացանկի հաստատումը, պետք է նույն թվականի ապրիլի 21-ից ազատվեն զբաղեցրած պաշտոններից:

ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2021 թվականի ապրիլի 21-ի թիվ 394-Ա հրամանով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության բաժնի պետ (ծածկագիր` 94-4.2-Ղ5-1) Արտակ Վարդանյանը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

 1) ՀՀ մարզպետներին ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 21.04.2021 թվականի գրության համաձայն` ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների այն քաղաքացիական ծառայողները, ովքեր շարունակել են իրենց պաշտոնավարումը մինչև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների պաշտոնների անվանացանկի հաստատումը, պետք է նույն թվականի ապրիլի 21-ից ազատվեն զբաղեցրած պաշտոններից (հատոր 1-ին, գ.թ. 45-47)։

 2) ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 21.04.2021 թվականի թիվ 394-Ա հրամանով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության բաժնի պետ (ծածկագիր` 94-4.2-Ղ5-1) Արտակ Վարդանյանը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: (հատոր 1-ին, գ.թ. 44)։

 3) ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 27.04.2021 թվականի թիվ 414-Ա հրամանով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության բաժնի պետի պաշտոնից ազատված Արտակ Վարդանյանը 21.04.2021 թվականից գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում: (հատոր 3-րդ, գ.թ. 86)։

4) ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 21.10.2021 թվականի թիվ 1008-Ա հրամանով Արտակ Վարդանյանը 21.10.2021 թվականից հանվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվից` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու հիմքով: (հատոր 3-րդ, գ.թ. 87):

5) ՀՀ կառավարության 25.02.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1789-Ն, N 1790-Ն, N 1791-Ն, N 1792-Ն, N 1793-Ն, N 1794-Ն, N 1795-Ն, N 1796-Ն, N 1797-Ն, N 1808-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1823-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 251-Ն որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների գործունեությունը դադարեցվել է:

6) ՀՀ կառավարության 25.02.2021 թվականի «ՀՀ կառավարության 19.09.2002թ. N 1789-Ն, N 1790-Ն, N1791-Ն, N1792-Ն, N1793-Ն, N1794-Ն, N1795-Ն, N1796-Ն, N1797-Ն, N1808-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ՀՀ կառավարության 14.11.2002թ. N1823-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ կառավարության 04.06.2015 թվականի N582-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 251-Ն որոշման համաձայն` «3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Սահմանել, որ` (...) 3) զբաղվածության պետական և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակների տարածքային ստորաբաժանումների, մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին»։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ««Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-97-Ն ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյոք հանրային մարմնի լիազորություններն այլ մարմնի անցնելիս վերջինս կրում է քաղաքացիական ծառայողին՝ իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք կամ ավելի ցածր պաշտոն առաջարկելու պարտականություն։

 

ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:

Նշված սահմանադրական նորմը սահմանում է պետության պարտականությունները հիմնական իրավունքների ու ազատությունների առնչությամբ` նախատեսելով այդ պարտականությունների երկու դրսևորում: Ըստ այդ նորմի` հանրային իշխանությունը պարտավոր է մի կողմից՝ «հարգել», իսկ մյուս կողմից՝ «պաշտպանել» հիմնական իրավունքներն ու ազատությունները: «Հարգելը» պետության պասիվ վարքագիծն է՝ հիմնական իրավունքով պաշտպանված բարիքին միջամտելուց ձեռնպահ մնալու եղանակով։ Ի տարբերություն դրա՝ հիմնական իրավունքները «պաշտպանելը» պետության վրա դնում է պոզիտիվ գործողություններ ձեռնարկելու պարտականություն՝ ի շահ հիմնական իրավունքի կրողների (ֆիզիկական և իրավաբանական անձանց)։ Դրանով ՀՀ Սահմանադրությունն ամրագրում է հիմնական իրավունքներից բխող` պետության նեգատիվ և պոզիտիվ պարտականությունները:

ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշմամբ՝ պետության պոզիտիվ պարտականությունների հիմնական հատկանիշն այն է, որ դրանք գործնականում պահանջում են հանրային իշխանություններից ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ պաշտպանելու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, մինչդեռ նեգատիվ պարտականությունները պահանջում են ձեռնպահ մնալ անհարկի միջամտությունից։ Ըստ այդմ՝ պետության նեգատիվ և պոզիտիվ պարտականությունների նպատակը ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների երաշխավորումն է պետության՝ մի դեպքում՝ ակտիվ, մյուս դեպքում՝ պասիվ դերակատարության միջոցով:

 Իր հերթին, պոզիտիվ պարտականության պատշաճ կատարումը ներառում է նյութական և ընթացակարգային բաղադրիչների առկայություն, որպիսի տարբերակման հիմքում ընկած չափանիշը պետության կողմից ակնկալվող գործողության էությունն է: Նյութական բաղադրիչը ենթադրում է հիմնական իրավունքների և ազատությունների լիարժեք ու արդյունավետ իրացման համար անհրաժեշտ կառուցակարգերի և ընթացակարգերի ամրագրում, իսկ ընթացակարգային բաղադրիչը պահանջում է հանրային իշխանության մարմինների կողմից այդ կառուցակարգերի և ընթացակարգերի պատշաճ կենսագործում: Օրենքով հիմնական իրավունքների ու ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր երաշխավորելը սահմանադրաիրավական պահանջ է (ՀՀ Սահմանադրության 75-րդ հոդված): Նշված սահմանադրական նորմից բխում է, որ պետությունը, ի դեմս օրենսդիր ու գործադիր մարմինների, պետք է նախատեսի համապատասխան կառուցակարգեր և ընթացակարգեր, ձեռնարկի այլ անհրաժեշտ միջոցառումներ, որոնց օգնությամբ հիմնական իրավունքների կրողները կկարողանան իրականացնել իրենց իրավունքները։ Այն, թե ինչ տեսակի միջոցառումներ պետք է ձեռնարկեն հանրային իշխանության մարմինները՝ այս կամ այն իրավունքի պաշտպանության պարտականությունը կատարելու համար, կախված է կոնկրետ հիմնական իրավունքի բովանդակությունից (տե՛ս, Գագիկ Հայրապետյանն ընդդեմ ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի, թիվ ՎԴ/3346/05/19 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2024 թվականի որոշումը):

ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է:

ՀՀ սահմանադրական դատարանը 02.04.2014 թվականի ՍԴՈ-1142 որոշմամբ նշել է, որ «սոցիալական» եզրույթը դիտարկվում է որպես պետության սոցիալական բնույթի բնութագրիչ (…) աշխատողի շահի դրսևորում (…)։ Բոլոր դեպքերում էականն այն է, որ իրեն նաև սոցիալական հռչակած պետությունը սահմանադրորեն որդեգրում է մարդկանց սոցիալական կյանքին առնչվող խնդիրների նկատմամբ հստակ դիրքորոշումներ։

Ըստ այդմ՝ Հայաստանի Հանրապետության սահմանադիրը ՀՀ Սահմանադրության «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 2-րդ գլխում, 57-րդ հոդվածում, որպես սոցիալական պետության ցուցիչ, ամրագրել է, որ յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ազատ ընտրության իրավունք: Յուրաքանչյուր աշխատող ունի աշխատանքից անհիմն ազատվելու դեպքում պաշտպանության իրավունք: Աշխատանքից ազատման հիմքերը սահմանվում են օրենքով:

Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի 1-ին մասի համաձայն՝ կողմերը ընդունում են, որպես իրենց քաղաքականության նպատակ, որը պետք է ձեռք բերվի բոլոր համապատասխան ազգային և միջազգային միջոցներով, այն պայմանները ձեռք բերելը, որոնք կնպաստեն հետևյալ իրավունքների և սկզբունքների արդյունավետ իրականացմանը՝ 1. յուրաքանչյուր ոք վաստակելու հնարավորություն կունենա իր կողմից ազատորեն ընտրված ցանկացած աշխատանքով, (...) 24. բոլոր աշխատողները աշխատանքի դադարեցման դեպքում ունեն պաշտպանվածության իրավունք:

Վերանայված Եվրոպական Սոցիալական Խարտիայի 24-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքից ազատելու դեպքերում աշխատողների պաշտպանվածության իրավունքի արդյունավետ կիրառումը ապահովելու նպատակով Կողմերը պարտավորվում են ճանաչել՝

ա) բոլոր աշխատողների այն իրավունքը, որ նրանց աշխատանքից ազատելու դեպքում չպետք է դադարի առանց նման ազատման համար հիմնավորված պատճառների, որոնք կապված են նրանց ընդունակության կամ վարքի հետ կամ հիմնված են ձեռնարկության, հաստատության կամ ծառայության գործնական պահանջների վրա,

բ) պատշաճ փոխհատուցման կամ այլ համապատասխան օգնության նկատմամբ այն աշխատողների իրավունքը, որոնք աշխատանքից ազատվել են առանց հիմնավորված պատճառի:

Վերոգրյալի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ աշխատանքի ազատ ընտրության իրավունքը ներառված է հիմնական իրավունքների շարքում, և այն, որպես ելակետային դրույթ, ենթակա է պաշտպանության։ Աշխատանքի ազատ ընտրության իրավունքը ներառում է ինչպես անձի՝ աշխատանքային հարաբերությունների ձևավորման տեսանկյունից աշխատելու (չաշխատելու) իրավունքը, այդպես էլ բուն աշխատանքի տեսակի ընտրության և աշխատողների աշխատանքային իրավունքների ու օրինական շահերի արդյունավետ պաշտպանության իրավունքը։ Պետությունն ունի ինչպես նեգատիվ, այնպես էլ պոզիտիվ պարտականություններ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածում ամրագրված հիմնական իրավունքի՝ աշխատանքի ազատ ընտրության իրավունքի պաշտպանության համատեքստում:

Քաղաքացիական ծառայության ոլորտում քաղաքացիական ծառայողների աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրավակարգավորումներ են նախատեսված «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում։

Այսպեսիրավահարաբերության ծագման պահին գործող «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառայողի իրավական վիճակի, պաշտոնից ազատման, ծառայության դադարեցման, ինչպես նաև քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ:

Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համապատասխան մարմնի վերակազմակերպումը և (կամ) կառուցվածքային փոփոխությունը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու (լիազորությունները դադարեցնելու) հիմք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ուղեկցվում են համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատմամբ և (կամ) համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված` պաշտոնների անձնագրերում այնպիսի նոր պահանջների սահմանմամբ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման դեպքում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է հղի կամ մինչև երեք տարեկան երեխա խնամող կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիական ծառայողին, իսկ այս պայմանի հավասարության կամ բացակայության դեպքում` քաղաքացիական ծառայության առավել երկար աշխատանքային ստաժ և վերջին երեք տարվա ընթացքում կատարողականի գնահատման ավելի բարձր արդյունքներ ունեցող քաղաքացիական ծառայողին: Նշված պայմանների հավասարության կամ բացակայության դեպքերում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվությունը որոշում է համապատասխան մարմնի ղեկավարը:

Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական ծառայողների՝, համապատասխան մարմնի վերակազմակերպմամբ և (կամ) կառուցվածքային փոփոխությամբ պայմանավորված հաստիքների և (կամ) քաղաքացիական ծառայության պաշտոնների կրճատման պարագայում աշխատանքային գործունեությունը շարունակելու նախապատվության իրավունքը տրվում է Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված չափանիշների հիման վրա։ Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը, ի կատարումն պետության՝ անձանց անհիմն կերպով աշխատանքից չզրկվելու շրջանակներում պոզիտիվ և նեգատիվ պարտականությունների, նախատեսել է համապատասխան կարգավորումներ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների համապատասխան գործառույթներն իրականացնող քաղաքացիական ծառայողների աշխատանքային իրավունքների պաշտպանության համար։

Այսպես««Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-97-Ն ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասում, որպես հանրային ծառայողների աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ երաշխիք, օրենսդիրն ամրագրել է հետևյալ կանոնակարգումը«Սույն օրենքի ընդունումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան գործառույթները և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների համապատասխան գործառույթները միասնական սոցիալական ծառայությանը վերապահելու դեպքում այդ գործառույթներն իրականացնող քաղաքացիական ծառայողները շարունակում են պաշտոնավարել մինչև միասնական սոցիալական ծառայության անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումը: Անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համապատասխան գործառույթներ և Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում համապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին միասնական սոցիալական ծառայությունում կարող են առաջարկվել քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններ»:

ՀՀ կառավարության 25.02.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1789-Ն, N 1790-Ն, N 1791-Ն, N 1792-Ն, N 1793-Ն, N 1794-Ն, N 1795-Ն, N 1796-Ն, N 1797-Ն, N 1808-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1823-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 251-Ն որոշման (ուժի մեջ է մտել 01.04.2021 թվականին) համաձայն` ՀՀ կառավարությունը որոշել է`

1. Դադարեցնել Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների գործունեությունը: (...)

4. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 582-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները` (...)

3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «(...) 3) զբաղվածության պետական և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակների տարածքային ստորաբաժանումների, մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին»։

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով վերոնշյալ իրավակարգավորումներին, նշել է, որ իրավահավասարության սահմանադրական սկզբունքի համատեքստում և այդ սկզբունքին համահունչ դիտարկելով ««Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-97-Ն ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը հավասարապես կիրառելի է նաև համայնքային ծառայողների նկատմամբ, քանի որ քաղաքացիական ծառայողները և համայնքային ծառայողները ձևականորեն հավասար սուբյեկտներ են, ուստի նրանց նկատմամբ պետք է օրենքի կիրառման մոտեցումները միևնույնը լինեն։ Համապատասխան հանրային մարմնի լիազորություններն այլ պետական մարմնի անցնելիս, եթե վերջինիս մոտ առկա են թափուր հաստիքներ, որոնք համապատասխանում են համայնքային ծառայողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին, ապա գործատուն պարտավոր է վերջինիս առաջարկել իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք կամ ավելի ցածր պաշտոն (տե՛ս, Սվետլանա Պետրոսյանն ընդդեմ Գյումրու համայնքապետարանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, երրորդ անձ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, թիվ ՎԴ/7272/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2024 թվականի որոշումը):

Ըստ այդմ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, հաշվի առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը, համապատասխան հանրային մարմնի լիազորություններն այլ պետական մարմնի անցնելիս, եթե վերջինիս մոտ առկա են թափուր հաստիքներ, որոնք համապատասխանում են քաղաքացիական ծառայողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին, ապա գործատուն պարտավոր է վերջինիս առաջարկել իր մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք կամ ավելի ցածր պաշտոն։

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Արտակ Վարդանյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 21042021 թվականի թիվ 394-Ա հրամանը, պարտավորեցնել վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը և իրեն Միասնական սոցիալական ծառայությունում կամ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանում իր վերջին պաշտոնին հավասարազոր կամ ցածր քաղաքացիական պաշտոնի նշանակել, դրա անհնարինության դեպքում` պարտավորեցնել վճարել միջին աշխատավարձի տասներկուապատիկի չափով հատուցում:

Դատարանը 27.06.2023 թվականի վճռով հայցը մերժել է՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքային փոփոխության հետևանքով մարզպետարանում քաղաքացիական ծառայության պաշտոնների թվաքանակի հանրագումարը կրճատվել է, իսկ քաղաքացիական ծառայության նոր պաշտոններն առաջացել են Միասնական սոցիալական ծառայությունում: Այսինքն, Միասնական սոցիալական ծառայության անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո առաջացած նոր պաշտոններին առաջարկ կարող էր ներկայացնել Միասնական սոցիալական ծառայությունը, իսկ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոն առաջարկելու հարցում այլևս որևէ գործառույթ չի ունեցել: ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը չէր կարող նաև նախարարությանը ենթակա մարմնի անունից կամ այդ մարմնի փոխարեն հանդես գալ նման առաջարկով կամ վերահսկողություն իրականացնելու այդ գործընթացի նկատմամբ, քանի որ նման լիազորություն ՀՀ մարզպետարաններին չի վերապահվել»:

Վերաքննիչ դատարանն Արտակ Վարդանյանի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 27062023 թվականի վճիռը թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «(...) Միասնական սոցիալական ծառայության անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերի հաստատումից հետո առնվազն պետք է սկսվեր գործընթաց` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում համապատասխան գործառույթներ և ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալություններում համապատասխան գործառույթներ իրականացնող քաղաքացիական ծառայողներին ներկայացնելով առաջարկներ քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններում նշանակելու վերաբերյալ: Մինչդեռ, ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների լիազորությունները Միասնական սոցիալական ծառայությանը վերապահվելու պայմաններում, ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները չէին կարող հանդես գալ նման առաջարկով և իրականացնեին արդեն իսկ Միասնական սոցիալական ծառայությանը վերապահված լիազորությունները:

Տվյալ դեպքում հայցվոր Արտակ Վարդանյանի անմիջական գործատուն շարունակել է հանդիսանալ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանն այնքան ժամանակ, քանի դեռ Միասնական սոցիալական ծառայության անվանացանկի և քաղաքացիական ծառայության նոր պաշտոնների անձնագրերը չէին հաստատվել, իսկ դրանից հետո տեղի ունեցող գործընթացում, այդ թվում նաև քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոն առաջարկելու հարցում այլևս Գեղարքունիքի մարզպետարանը որևէ նման գործառույթ չի ունեցել, հետևաբար, Արտակ Վարդանյանի պահանջն անհիմն է և առարկայազուրկ։

Այսպիսով, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը սույն գործի քննության արդյունքում իրավացիորեն հանգել է այն եզրակացության, որ «(...) առկա չեն հիմքեր ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 2021 թվականի ապրիլի 21-ի թիվ 394-Ա հրամանն անվավեր ճանաչելու համար (...)»:»:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ մարզպետներին ուղղված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 21.04.2021 թվականի գրության համաձայն` ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների այն քաղաքացիական ծառայողները, ովքեր շարունակել են իրենց պաշտոնավարումը մինչև Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների պաշտոնների անվանացանկի հաստատումը, պետք է նույն թվականի ապրիլի 21-ից ազատվեն զբաղեցրած պաշտոններից։

 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 21.04.2021 թվականի թիվ 394-Ա հրամանով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության բաժնի պետ (ծածկագիր` 94-4.2-Ղ5-1) Արտակ Վարդանյանը «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղարի 27.04.2021 թվականի թիվ 414-Ա հրամանով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի Սևանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության բաժնի պետի պաշտոնից ազատված Արտակ Վարդանյանը 21.04.2021 թվականից գրանցվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, իսկ 21.10.2021 թվականի թիվ 1008-Ա հրամանով Արտակ Վարդանյանը 21.10.2021 թվականից հանվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվից` օրենքով սահմանված առավելագույն ժամկետը լրանալու հիմքով:

 ՀՀ կառավարության 25.02.2021 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1789-Ն, N 1790-Ն, N 1791-Ն, N 1792-Ն, N 1793-Ն, N 1794-Ն, N 1795-Ն, N 1796-Ն, N 1797-Ն, N 1808-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ՀՀ կառավարության 2002 թվականի նոյեմբերի 14-ի N 1823-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և ՀՀ կառավարության 2015 թվականի հունիսի 4-ի N 582-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 251-Ն որոշման համաձայն` Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումներ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների գործունեությունը դադարեցվել է:

 Նույն որոշման համաձայն` «3) որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Սահմանել, որ` (...) 3) զբաղվածության պետական և բժշկասոցիալական փորձաքննության գրասենյակների տարածքային ստորաբաժա-նումների, մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժա-նումներ` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժա-նումներ` սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվում են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին»։

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների լիազորությունները Միասնական սոցիալական ծառայությանը վերապահվելու պայմաններում, ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանում` սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները չէին կարող հանդես գալ քաղաքացիական ծառայության հավասարազոր կամ ավելի ցածր պաշտոններում նշանակելու վերաբերյալ առաջարկով և իրականացնել արդեն իսկ Միասնական սոցիալական ծառայությանը վերապահված լիազորությունները:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով որպես պատասխանող հանդես են գալիս ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանը և Միասնական սոցիալական ծառայությունը, և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ կառավարության թիվ 251-Ն որոշմամբ՝ սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների և Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի քաղաքային համայնքների ղեկավարների աշխատակազմերի առանձնացված ստորաբաժանումների՝ սոցիալական աջակցության տարածքային բաժինների օրենսդրությամբ սահմանված լիազորությունները վերապահվել են միասնական սոցիալական ծառայության ստորաբաժանումներին, հետևաբար Միասնական սոցիալական ծառայությունը պարտավոր էր հայցվորին առաջարկել հավասարազոր կամ նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ ցածր պաշտոն, ինչը, սակայն, չի կատարել՝ խախտելով հայցվորի՝ ՀՀ Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով և այլ իրավական ակտերով երաշխավորված աշխատանքի ազատ ընտրության իրավունքը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի եզրահանգումն առ այն, որ թիվ 394-Ա որոշումն ընդունվել է օրենքով սահմանված կարգի պահպանմամբ և գտնում է, որ առկա են բավարար հիմքեր նշված որոշումն անվավեր ճանաչելու համար։

Ինչ վերաբերում է նախկինում զբաղեցրած պաշտոնին համապատասխանող պաշտոնում հայցվորին նշանակելու, իսկ դրա անհնարինության դեպքում վերջինիս մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան պաշտոնում նշանակելու պահանջին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ մասով հայցվորի պահանջը բավարարման ենթակա լինել-չլինելու հարցի լուծումը պայմանավորված է այնպիսի հանգամանքների պարզմամբ, ինչպիսիք են, ի թիվս այլնի, նաև հայցվորի նախկինում զբաղեցրած պաշտոնի առկայությունը կամ բացակայությունը, դրա անհնարինության դեպքում հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան պաշտոնում նշանակելու հնարավորությունը։ Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործն անհրաժեշտ է ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ գործի նոր քննություն իրականացնելու համար։

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 163-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.05.2024 թվականի որոշումը և սույն վարչական գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան` նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող և զեկուցող

Հ. Բեդևյան

 

ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

Ռ. Հակոբյան

ք ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան