ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ/6443/05/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/6443/05/24

2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/6443/05/24

Նախագահող դատավոր՝

 Ա. Առաքելյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Լ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2025 թվականի հունիսի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով Գայանե Կաթրջյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Գայանե Կաթրջյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 37 փողոցի 87 հասցեում գտնվող տանը կից 818.30քմ մակերեսով հողամասի ուղղակի աճուրդով վաճառքի գինը 12.10.2020 թվականի դրությամբ գործող հողի կադաստրային արժեքով հաշվարկելուն Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Գայանե Կաթրջյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին ՀՀ, ք. Երևան, Նոր Արեշ 37 փողոցի 87 հասցեում գտնվող տանը կից 818.30քմ մակերեսով հողամասի ուղղակի աճուրդով վաճառքի գինը հաշվարկել 12.10.2020 թվականի դրությամբ գործող հողի կադաստրային արժեքով։ Միաժամանակ, հայցվորը միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը։

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Տ. Սանթրոսյան) (այսուհետ` Դատարան) 09.08.2024 թվականի որոշմամբ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժվել են։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 17.10.2024 թվականի որոշմամբ Գայանե Կաթրջյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.08.2024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Գայանե Կաթրջյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, 80-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 72-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոքաբերը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Նույն պահանջով երկրորդ անգամ դիմելով Երևանի քաղաքապետարան՝ հայցվորը ներկայացրել է իր պահանջի նոր իրավական հիմքեր։ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ի պատասխան իր երկրորդ դիմումի՝ վարչական մարմնի կողմից իրեն տրվել է ըստ էության պատասխան՝ անկախ այդ պատասխանը տալու եղանակից։ Հակառակ դեպքում վարչական մարմինը պարտավոր էր կարճել դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը։ Վարույթը չկարճելու պարագայում երկրորդ դիմումին ի պատասխան տրված գրությունը հանդիսանում է առանձին՝ բողոքարկման ենթակա վարչական ակտ։ Վերաքննիչ դատարանը երկրորդ դիմումի առկայության պայմաններում չի արձանագրել, որ առկա է այդ դիմումի հիման վրա հարուցված նոր վարչական վարույթ, վարչական մարմնի 04.03.2024 թվականի պատասխան գրությունը չի համարել հայցվորի դիմումի նոր մերժում։ Վերաքննիչ դատարանի նման մոտեցումը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/7494/05/23 վարչական գործով կայացված որոշմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասին տրված մեկնաբանությանը։

 

Վերոգրյալի հիման վրա բողոքաբերը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը։

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.

 Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայցի ներկայացման համար սահմանված ժամկետային սահմանափակումներին՝ վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները։

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`

1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`

ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,

բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.

2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.

3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի և ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի իրավական առումով փոխկապակցվածությունը դրսևորվում է ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից դատարան հայց ներկայացնելով, որը հանդիսանում է գործի հարուցման հիմք և համապատասխանաբար դատական պաշտպանության իրավունքի իրացման սկզբնակետ:

Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը սահմանել է առանձին հայցատեսակներ, որոնցից է հանդիսանում պարտավորեցման հայցը։

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը։

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներից մեկում փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի՝ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին։ Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ (...) անձի մոտ կարող է ծագել պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունք միայն այն դեպքում, երբ նա դիմել է վարչական մարմնին՝ հայցելով բարենպաստ վարչական ակտի ընդունում, սակայն վարչական մարմինը մերժել է դրա ընդունումը: Հակառակ պարագայում, այն է՝ վարչական մարմնի կողմից բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին որոշում, այսինքն՝ միջամտող վարչական ակտ, կայացված չլինելու դեպքում, անձի մոտ չի ծագում պարտավորեցման հայց ներկայացնելու իրավունքը, իսկ գոյություն չունեցող «վեճը» ենթակա չէ դատարանի քննությանը (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի թիվ ՎԴ/1626/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.11.2021 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը դատարանին ներկայացվող պահանջի բնույթով պայմանավորված հայցատեսակների տարբերակման համատեքստում նաև սահմանել է յուրաքանչյուր հայցատեսակի ներկայացման համար ժամկետային սահմանափակումներ:

Այսպես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո դատավարության մասնակիցները կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդրորեն սահմանվել են ՀՀ վարչական դատարան հայց ներկայացնելու դատավարական ժամկետներ, որոնց ընթացքում հայցվորները կարող են իրացնել դատական պաշտպանության իրենց իրավունքը, իսկ այդ ժամկետների ավարտից հետո վերջիններս այլևս կորցնում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը (տե՛ս, Երևանի քաղաքապետարանն ընդդեմ Գայանե Մելքոնյանի թիվ ՎԴ/0059/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.07.2014 թվականի որոշումը):

Անդրադառնալով դատարանի մատչելիության ժամկետային սահմանափակումներին՝ Եվրոպական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ներպետական օրենսդրությամբ սահմանված այդպիսի սահմանափակումները հետապնդում են որոշակի կարևոր նպատակներ, մասնավորապես` իրավական որոշակիության երաշխավորումը, հավանական պատասխանողի պաշտպանությունը ժամկետանց հայցերից: Ըստ Եվրոպական դատարանի՝ նմանատիպ հայցերի դեպքում դժվար կլինի կանխել անարդարությունը, որը կարող է առաջանալ, եթե դատարաններից պահանջվի քննել հեռավոր անցյալում տեղի ունեցած իրադարձություններ այնպիսի ապացույցների հիման վրա, որոնք կարող են լինել ոչ արժանահավատ և ոչ ամբողջական` բավականաչափ ժամանակահատված անցած լինելու պատճառով: Եվրոպական դատարանը գտել է, որ ժամկետային սահմանափակումների առումով պետությունները նույնպես հայեցողական լիազորություն ունեն որոշելու, թե դատարանի մատչելիությունն ինչպես պետք է սահմանափակվի (տե՛ս, Stubbings and others v. The United Kingdom (22083/93, 22095/93) գործով Եվրոպական դատարանի 22.10.1996 թվականի վճիռը, 51-րդ և 55-րդ կետեր):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը սահմանում է, որ պարտավորեցման հայցը վարչական դատարան կարող է ներկայացվել երկամսյա ժամկետում՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը պարտավորեցման հայցի ներկայացման համար սահմանված ժամկետի պահպանվածության հարցի քննարկման համար ելակետ է սահմանել անձի՝ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահը, հետևաբար յուրաքանչյուր պարագայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման համար դատարանները պետք է բացահայտեն վարչական ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահը և համապատասխանաբար պետք է քննարկեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդության ներկայացման անհրաժեշտությունը (տե՛ս, Հայկարամ Հակոբյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության թիվ ՎԴ/7494/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2024 թվականի որոշումը)։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Գայանե Կաթրջյանի ներկայացուցչի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 31.05.2022 թվականի դիմումով վերջինս խնդրել է ք. Երևան, Նոր Արեշ 37-րդ փողոցի հ. 87 հասցեին կից հողամասն իրեն օտարելիս կիրառել մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը գործած կադաստրային արժեքը։ Ի հիմնավորումն իր պահանջի՝ հայցվորը վկայակոչել է նշված օրենքի անցումային դրույթները (գ թ 21-23)։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի 30.11.2023 թվականի հ.18/218441-23 գրությամբ հայտնվել է, որ Երևանի քաղաքապետարանը հողամասի օտարման վճարը պետք է հաշվարկի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված գներով, որի համար անհրաժեշտ է դիմումատուի համաձայնությունը։ Այդպիսով, պատասխանող վարչական մարմինը մերժել է հայցվորի պահանջը՝ օտարվող հողամասի արժեքը հաշվարկել ըստ մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը գործած իրավակարգավորումների (գ թ 28)։

Գայանե Կաթրջյանի ներկայացուցիչը Երևանի քաղաքապետին ուղղված 04.03.2024 թվականի դիմումով խնդրել է ք. Երևան, Նոր Արեշ 37-րդ փողոցի հ. 87 հասցեին կից 818.30քմ մակերեսով հողամասի ձեռք բերման համար կիրառել նախկինում գործող (մինչև «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը գործած)՝ հողի կադաստրային արժեքի սակագները թ 62-64)։ Ի լրումն 31.05.2022 թվականի դիմումի, նշված դիմումում ներկայացրել է իր պահանջի հիմնավորվածության վերաբերյալ լրացուցիչ փաստարկներ։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 01.04.2024 թվականի պատասխան գրությամբ նշվել է հետևյալը. «Ի պատասխան Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ձեր 07.03.2024 թ. հ.Դ-32046-24 դիմումի հայտնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը հ.18/218441-23 գրությունով արդեն իսկ տրամադրել է վերոհիշյալ դիմումով հայցվող պարզաբանումը» թ 60)։

Դատարանը 09.08.2024 թվականի որոշմամբ մերժել է բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու մասին Գայանե Կաթրջյանի միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը հետևյալ պատճառաբանությամբ. «Սույն դեպքում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության հիմքում դրված է բացառապես հայցվոր կողմի փաստարկն առ այն, որ 04.03.2024 թվականի դիմումը ներկայացվել է բոլորովին այլ իրավական հիմնավորումներով, ուստի, այդ գրությանը ի պատասխան Երևանի քաղաքապետարանի 01.04.2024 թվականի գրությունը հանդիսանում է նոր վարչական ակտ, և բացի այդ, նշված գրությամբ վարչական մարմինը չի կարճել վարչական վարույթը: Հայցվոր կողմը, նշված հանգամանքները հաշվի առնելով, նշել է, որ հայցվորը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառներով:

(...) թե՛ Հայցվորի կողմից ներկայացված դիմումով, որը 30.11.2023 թվականի թիվ 18/218441-23 գրությամբ մերժվել է, թե՛ 04.03.2024 թվականի դիմումով Հայցվորի պահանջը նույնն է եղել, իսկ իրավական հիմնավորումների փոփոխությունը՝ առանց փաստական տվյալների փոփոխության, չի հանգեցնում Երևանի քաղաքապետարանին ներկայացվող պահանջի բովանդակության փոփոխության: Այսինքն՝ Հայցվորը նույն պահանջով, նույն փաստական հիմքերով, տարբեր ժամանակահատվածներում դիմել է Երևանի քաղաքապետարան: Նշված խնդրանքը պատասխանող վարչական մարմնի կողմից մերժվել է 30.11.2023 թվականի թիվ 18/218441-23 գրությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանի 04.03.2024 թվականի գրությունը չի կարող համարվել որպես Հայցվորի կողմից ներկայացված դիմումի մերժում, քանի որ դրանով պատասխանողը պարզապես տեղեկացրել է, որ նշված դիմումին Երևանի քաղաքապետարանը 30.11.2023 թվականի թիվ 18/218441-23 գրությամբ արդեն իսկ պատասխանել է: Նման պայմաններում, Դատարանը գտնում է, որ Հայցվորը իր դիմումի մերժումը ստացել է դեռևս 30.11.2023 թվականի գրությամբ, իսկ պատասխանող վարչական մարմնի 01.04.2024 թվականի գրությունը չի հանդիսանում Հայցվորի դիմումի մերժում: Ուստի, հայցադիմում ներկայացնելու համար Օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետի սկիզբը չի կարող հաշվարկվել 01.04.2024 թվականի գրությունը Հայցվորի կողմից ստանալու օրվանից: Այն պետք է հաշվարկել 30.11.2023 թվականի գրության ստացման օրվանից: Դատարանն արձանագրում է, որ սույն պարագայում Հայցվորը 30.11.2023 թվականի թիվ 18/218441-23 գրությամբ իր դիմումի մերժումը ստանալուց հետո ցուցաբերել է անգործություն և Օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված ժամկետում չի դիմել դատական պաշտպանության:

Նման պայմաններում, Դատարանը գտնում է, որ բացակայում է հայցվորի կամքից անկախ պատճառներով ժամկետի բացթողման դեպքը, ըստ այդմ՝ այն վերականգնելու հնարավորությունը։»։

Վերաքննիչ դատարանը 17.10.2024 թվականի որոշմամբ Գայանե Կաթրջյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Դատարանի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը թողնելով անփոփոխ՝ հետևյալ պատճառաբանությամբ. «(...) ինչպես հայցվորի կողմից ներկայացված դիմումով, որը մերժվել է 30.11.2023 թվականի թիվ 18/218441-23 գրությամբ, այնպես էլ 04.03.2024 թվականի դիմումով հայցվորի պահանջը նույնն է եղել, որպիսի հանգամանքը, թեկուզև իրավական հիմնավորումների փոփոխության պայմաններում, սակայն առանց փաստական տվյալների փոփոխության, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, չի կարող հանգեցնել Երևանի քաղաքապետարանին ներկայացվող պահանջի բովանդակության փոփոխության:

Ստացվում է, որ հացվորը նույն պահանջով, նույն փաստական հիմքերով, սակայն տարբեր ժամանակահատվածներում դիմել է Երևանի քաղաքապետարան:

Ընդ որում, հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հայցվորի խնդրանքը պատասխանողի կողմից մերժվել է 30.11.2023 թվականի թիվ 18/218441-23 գրությամբ, իսկ Երևանի քաղաքապետարանի 04.03.2024 թվականի գրությամբ պատասխանողը տեղեկացրել է, որ նշված դիմումին Երևանի քաղաքապետարանը 30.11.2023 թվականի թիվ 18/218441-23 գրությամբ արդեն իսկ պատասխանել է, որպիսի հանգամանքը վկայում է այն մասին, որ 04.03.2024 թվականի գրությունը չի կարող համարվել որպես հայցվորի կողմից ներկայացված դիմումի նոր մերժում:

Հետևաբար, արձանագրելով, որ հայցվորը բաց է թողել պարտավորեցման հայց հարուցելու երկամսյա ժամկետը, քանի որ խնդրարկվող վարչական ակտի ընդունումը մերժելու մասին վերջինս իրազեկվել է դեռևս 30.11.2023 թվականի թիվ 18/218441-23 գրությամբ, սակայն հայցադիմումը փոստային ծառայության միջոցով առաջին անգամ ներկայացվել է 03.06.2024 թվականին՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված ժամկետների խախտմամբ, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում բացակայում է հայցվորի կամքից անկախ պատճառներով ժամկետի բացթողման դեպքը, ըստ այդմ՝ այն վերականգնելու հնարավորությունը։»։

Վերաքննիչ դատարանի որոշման իրավաչափության գնահատման նպատակով Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ վարչական վարույթի փուլերին։

Այսպես՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը վարչական մարմնի` վարչական ակտ ընդունելուն ուղղված գործունեությունն է:

Նույն Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ վարչական վարույթը բաղկացած է միմյանց փոխկապակցված` վարույթի հարուցման, ընթացիկ և եզրափակիչ փուլերից:

Վարչական վարույթի հարուցման համար հիմք են հանդիսանում անձի դիմումը, բողոքը, ինչպես նաև վարչական մարմնի նախաձեռնությունը: Իսկ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված դեպքերում վարչական վարույթը համարվում է հարուցված` համապատասխան դիմումը կամ բողոքը վարչական մարմնում ստանալու օրվանից, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումը կամ բողոքը, սույն օրենքի 33-րդ հոդվածի համաձայն, վերահասցեագրվել է ըստ իրավասու վարչական մարմինների կամ վերադարձվել է դիմողին (բողոք բերողին):

Ներկայացված դիմումը վերադարձնելու կամ վերահասցեագրելու հիմքերի բացակայության դեպքում վարչական վարույթը համարվում է հարուցված:

Վարչական վարույթի ընթացիկ փուլին վերաբերող դրույթներն ամրագրված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի «Վարչական վարույթի ընթացիկ փուլը» վերտառությամբ գլխում, որում մասնավորապես զետեղված են սկզբունքային դրույթներ վարչական վարույթի ընթացիկ փուլում վարչական մարմնի գործողությունների պատշաճ կատարման երաշխավորման նպատակով: Մասնավորապես, օրենքը սահմանում է վարչական մարմնի արագ գործելու պարտականությունը, վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունը, վարույթի մասնակիցներին լսելու պարտականությունը, վարչական վարույթի նյութերի մատչելիությունը, վարույթի մասնակիցներին օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև վարչական վարույթի վերաբերյալ գործում առկա փաստաթղթերի թերությունները վերացնելու պարտականությունները: Օրենքը նախատեսում է նաև վարչական վարույթի ընթացքում ապացույցների գնահատման կանոններ՝ սահմանելով, որ վարչական մարմինը վարչական վարույթում որպես ապացույց գնահատում է գործում առկա բացատրությունները, ցուցմունքները, փորձագիտական եզրակացությունները, փաստաթղթերը, նյութերը, իրերը, ինչպես նաև այն հանգամանքները, որոնք իր հայեցողությամբ այդ մարմինը պիտանի և անհրաժեշտ է համարում գործի փաստական հանգամանքների բացահայտման և գնահատման համար:

Վարչական վարույթի ընթացիկ փուլում օրենսդիրը վարչական մարմնին վերապահել է վարչական վարույթի կարճման լիազորություն՝ Օրենքի 50-րդ հոդվածով սահմանելով, որ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե`

ա) դիմումը ներկայացվել է առանց ստորագրության, և վարչական մարմինը, միջոցներ ձեռնարկելով դիմողին բացահայտելու ուղղությամբ, չի կարողացել պարզել, թե ով է հայցում համապատասխան վարչական ակտի ընդունումը.

բ) դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից.

գ) գոյություն ունի միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական կամ դատական ակտ.

դ) դատարանի վարույթում գտնվում է միևնույն անձանց միջև, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով գործ.

ե) փոխվել է դիմողի կարգավիճակը, որն օրենքի ուժով բացառում է դիմումով հայցվող վարչական ակտի ընդունումը.

ե1) լրացել է սույն օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված ժամկետը, և այդ ընթացքում չի վերացել վարչական վարույթի կասեցման հիմք հանդիսացած հանգամանքը.

զ) դիմումն անթույլատրելի է:

Դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է նաև նույն օրենքի 70-րդ հոդվածով նախատեսված դեպքերում:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը վարչական մարմնի համար դիմումով հարուցված վարչական վարույթի կարճման հայեցողական լիազորություն չի սահմանել և նախատեսել է իմպերատիվ պահանջ առ այն, որ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքերի առկայության դեպքում վարչական մարմինը կարճում է վարչական վարույթը։ Նշվածը հավաստվում է նաև այն հանգամանքով, որ նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել, եթե`

ա) անձը, ում հասցեագրված է լինելու վարչական ակտը, վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում օրենքն այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում.

բ) օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումների կամ դրանց կանխման հետ չկապված հարցով իրավիճակի փոփոխման կամ օրենքով նախատեսված այլ հիմքով վերացել է վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը:

Այսինքն, սույն պարագայում օրենսդիրը տարբերակել է վարչական վարույթի կարճման հիմքերի առկայության դեպքում վարչական վարույթի կարճման հայեցողական լիազորություն վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի պարագայում և սահմանել է իմպերատիվ պահանջ՝ վարչական վարույթը կարճելու՝ դիմումով հարուցված վարչական վարույթի պարագայում։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեպետ Օրենքի առանձին գլխով կանոնակարգված չէ վարչական վարույթի եզրափակիչ փուլը, սակայն Օրենքի 19-րդ հոդվածի տրամաբանությունից բխում է, որ վարչական վարույթի եզրափակիչ փուլը դրսևորվում է վարչական ակտի ընդունմամբ։

Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է վարչական ակտի հասկացությունը, այն է՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն օրենքի իմաստով`

ա) բարենպաստ վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են այդ անձանց իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման.

բ) միջամտող վարչական ակտն այն վարչական ակտն է, որի միջոցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որևէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը.

գ) զուգորդվող վարչական ակտն այն վարչական ակտն է, որն իր մեջ պարունակում է անձի համար ինչպես բարենպաստ, այնպես էլ միջամտող վարչական ակտերով սահմանվող դրույթներ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական մարմնի կողմից ընդունված վարչական ակտի առկայությունը հավաստումն է այն հանգամանքի, որ վարչական մարմնի կողմից հարուցվել է վարչական վարույթ, որի արդյունքում էլ կայացվել է Օրենքի 53-րդ հոդվածով սահմանված բարենպաստ, միջամտող կամ զուգորդվող վարչական ակտ (տե՛ս, Հայկարամ Հակոբյանն ընդդեմ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության թիվ ՎԴ/7494/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.07.2024 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը սույն վարչական գործի փաստերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է, որ հայցվոր Գայանե Կաթրջյանը 04.03.2024 թվականի դիմումը ներկայացրել է այն պայմաններում, երբ միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով արդեն իսկ ընդունված և ուժի մեջ էր մտած պատասխանող վարչական մարմնի 30.11.2023 թվականի հ.18/218441-23 վարչական ակտը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան վարչական վարույթ է հարուցվել նաև Գայանե Կաթրջյանի ներկայացուցչի կողմից Երևանի քաղաքապետին ուղղված 04.03.2024 թվականի դիմումի հիման վրա՝ այդ դիմումը վարչական մարմնում ստացվելու փաստի ուժով։ Ի պատասխան այդ դիմումի՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի 01.04.2024 թվականի գրությամբ նշվել է. «Ի պատասխան Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ձեր 07.03.2024 թ. հ.Դ-32046-24 դիմումի հայտնում ենք, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունը հ.18/218441-23 գրությունով արդեն իսկ տրամադրել է վերոհիշյալ դիմումով հայցվող պարզաբանումը»։

Նշված դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նյութերի ուսումնասիրության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմինը միևնույն անձի, միևնույն առարկայի վերաբերյալ և միևնույն հիմքերով ուժի մեջ մտած վարչական ակտի առկայության հիմքով չի կարճել վարչական վարույթը, այլ 01.04.2024 թվականի գրությամբ ըստ էության պատասխան է տվել հայցվորի դիմումին՝ հղում կատարելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.18/218441-23 գրությանը։

Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված երկամսյա ժամկետի հաշվարկման համար ելակետ պետք է հանդիսանա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.04.2024 հ.18/218441-23 գրության՝ միջամտող վարչական ակտի ուժի մեջ մտնելու պահը։

Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պարտավորեցման հայցը 03.06.2024 թվականին (փոստին հանձնելու ամսաթիվն է) Դատարան ներկայացնելու պայմաններում Գայանե Կաթրջյանը պահպանել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հայց ներկայացնելու ժամկետը, որպիսի պայմաններում հերքվում են Դատարանի և Վերաքննիչ դատարանի եզրահանգումներն առ այն, որ հայցվորի կողմից բաց է թողնվել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը։

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 17.10.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ, այն է՝ վերացնել ՀՀ վարչական դատարանի 09.08.2024 թվականի «Բաց թողնված դատավարական ժամկետով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքը վերականգնելու միջնորդությունը և հայցադիմումի ընդունումը մերժելու մասին» որոշումը։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Լ. Հակոբյան

ա. Թովմասյան

Ռ. Հակոբյան

ք ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան