ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՎԴ2/0071/05/23 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
02.06.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
02.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ վարչական

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ2/0071/05/23

2025 թ.

Վարչական գործ թիվ ՎԴ2/0071/05/23

Նախագահող դատավոր՝

 ԱՀարությունյան

Դատավորներ՝

 Հ. Այվազյան

 Ռ. Խանդանյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող

Հ. Բեդևյան

զեկուցող

Ռ. Հակոբյան

Ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

քՄԿՈՅԱՆ

 

2025 թվականի հունիսի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16052024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանի ընդդեմ Տեսչական մարմնի՝ Տեսչական մարմնի ղեկավարի 26.12.2022 թվականի «Վարչական տուգանք նշանակելու մասին» թիվ 1162-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի ղեկավարի 26.12.2022 թվականի «Վարչական տուգանք նշանակելու մասին» թիվ 1162-Ա որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Մկրտչյան) (այսուհետ` Դատարան) 25072023 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակի՝ անվավեր է ճանաչվել Տեսչական մարմնի ղեկավարի 26122022 թվականի «Վարչական տուգանք նշանակելու մասին» թիվ 1162-Ա որոշումը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.8-րդ հոդվածի հատկանիշներով 100.000 ՀՀ դրամի չափով տուգանք նշանակելու մասով: Մնացած մասով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 16052024 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25072023 թվականի վճիռը՝ բավարարված մասով, թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Տեսչական մարմինը (ի պաշտոնե ներկայացուցիչ՝ Արմեն Հայրապետյան

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ, 124-րդ, 151-րդ, 152-րդ հոդվածները, չի կիրառել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 43-րդ հոդվածի 3-րդ մասը, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ պարբերությունները, «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 281-րդ հոդվածը, կիրառել է «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին պարբերությունը, 3-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետը, որոնք չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին և 3-րդ պարբերությունները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1128-րդ հոդվածը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Սույն գործով Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմի՝ «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի, կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ անհատ ձեռնարկատերը՝ որպես տնտեսավարող սուբյեկտ, հավասարեցված է իրավաբանական անձին: Նշված հոդվածի վերլուծությունը ցույց է տալիս նաև, որ ստուգում իրականացնողը ֆիզիկական անձանց մոտ ստուգում իրականացնելու իրավասություն չունի, իսկ անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանի կատարած վարչական իրավախախտումը հայտնաբերվել է ստուգման արդյունքում:

Անհատ ձեռնարկատեր հայցվորը, իրականացնելով ձեռնարկատիրական գործունեություն, այն է՝ մսի իրացում, իրավունք չուներ այն իրականացնել առանց օրենքով սահմանված փաստաթղթերի, ինչի համար էլ վերջինս պատասխանատվություն է կրել ի պաշտոնե:

Այսպիսով, Տեսչական մարմինը գործել է ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված իր լիազորությունների շրջանակներում, ղեկավարվել է բացառապես ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ կիրառելի իրավական ակտերով, իսկ սույն գործով Դատարանի և Վերաքննիչ դատարանի վերլուծությունները չեն բխում ՀՀ օրենսդրության պահանջներից:

 

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 16052024 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան դատարան՝ նոր քննության։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Մանուկ Միրաքյանը, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառվել է 26112013 թվականին (հատոր 1-ին, գթ12-13)

2) Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ Հովակիմ Սարիբեկյանի և Հովիկ Գրիգորյանի 12122022 թվականի թիվ 3313 ստուգման ակտով արձանագրվել է հետևյալը. «1 Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ։ (…) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի կետ 59-րդ։ 2 Սննդի շղթայում ներգրավված անձը չի ենթարկվել նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների և չունի սանիտարական գրքույկ: Մանուկ Միրաքյան-մսավաճառ/տնօրեն (…) «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի կետ 55-րդ։ 3 Տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած, վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքը և կենդանական ծագման հումքը սպանդանոցային ծագման չէ: (…) «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ։ Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-րդ մասով և 1128-րդ հոդվածով» (հատոր 1-ին, գ.թ. 38-40).

3) Տեսչական մարմնի 12122022 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության» համաձայն՝ Տեսչական մարմնի ղեկավարի 12122022 թվականի թիվ 3313 հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում բացահայտվել են հետևյալ խախտումները՝ «1 Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ։ (…) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի կետ 59-րդ։ 2 Սննդի շղթայում ներգրավված անձը չի ենթարկվել նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների և չունի սանիտարական գրքույկ: Մանուկ Միրաքյան-մսավաճառ/տնօրեն (…) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի կետ 55-րդ։ 3 Տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած, վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքը և կենդանական ծագման հումքը սպանդանոցային ծագման չէ: (…) «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ։ (…) Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-րդ մասով և 1128-րդ հոդվածով» (հատոր 1-ին, գ.թ. 44-46).

4) Տեսչական մարմնի ղեկավարի 26.12.2022 թվականի «Վարչական տուգանք նշանակելու մասին» թիվ 1162-Ա որոշմամբ անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-րդ մասի հատկանիշներով նշանակվել է տուգանք 25.000 ՀՀ դրամի չափով, իսկ 112.8-րդ հոդվածի հատկանիշներով՝ 100.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 62-64)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից կիրառված «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով`

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2) վերացնում է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտումները:

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում վերանայելու միջոցով ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը Վճռաբեկ դատարանն ապահովում է, եթե առկա է իրավունքի զարգացման խնդիր, (...):

Վճռաբեկ դատարանը, օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական իր առաքելությունն իրացնելու և «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի կիրառման կապակցությամբ իրավունքը զարգացնելու անհրաժեշտությունից ելնելով, հարկ է համարում անդրադառնալ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու առանձնահատկություններին՝ պայմանավորված վերջինիս կարգավիճակով։

 

Նախևառաջ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում բացահայտել «վարչական իրավախախտում» հասկացության բովանդակությունը, որի սահմանումն ամրագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածով, այն է՝ վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, պետության անվտանգության ապահովման, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ իրավանորմում ամրագրվել է օրենքով նախատեսված այն հատկանիշների ամբողջությունը, որոնց առկայության դեպքում արարքը կարող է որակվել որպես զանցանք: Ըստ այդմ՝ վարչական իրավախախտման (զանցանքի) հատկանիշներն են. օբյեկտը, օբյեկտիվ կողմը, սուբյեկտը և սուբյեկտիվ կողմը:

Սույն գործի փաստական հանգամանքներով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ զանցանքի սուբյեկտին։

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ զանցանքի սուբյեկտն այն անձն է, ով կատարել է հակաօրինական այնպիսի արարք, որը նկարագրված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կամ այլ օրենքներում: Ընդ որում՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում սահմանված է այն անձանց շրջանակը, ովքեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նկարագրված հակաօրինական արարք կատարելու համար ենթակա են վարչական պատասխանատվության։

Այսպես. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 12-րդ հոդվածի համաձայն՝ վարչական պատասխանատվության ենթակա են այն անձինք, որոնց տասնվեց տարին լրացել է մինչև վարչական իրավախախտում կատարելու պահը:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնատար անձինք ենթակա են վարչական պատասխանատվության այնպիսի վարչական իրավախախտումների համար, որոնք կապված են պետության անվտանգության ապահովման, կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները և մյուս այն կանոնները չպահպանելու հետ, որոնց կատարման ապահովումը մտնում է նրանց պաշտոնեական պարտականությունների մեջ:

Վերոգրյալ իրավակարգավորումից հետևում է, որ վարչական զանցանքի սուբյեկտը ֆիզիկական անձն է կամ պաշտոնատար անձը։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասում ներառված հոդվածներում նկարագրված վարչական իրավախախտումներից յուրաքանչյուր արարքի համար օրենսդիրն առանձնացրել է զանցանքի կոնկրետ սուբյեկտ, որի նկատմամբ կարող է նույն հոդվածների սանկցիայի շրջանակներում կիրառվել վարչական պատասխանատվություն։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի մի շարք հոդվածներ միաժամանակ նախատեսում են մեկից ավելի սանկցիաներ՝ մի դեպքում ֆիզիկական, մյուս դեպքում՝ իրավաբանական և պաշտոնատար անձանց, իսկ երրորդ դեպքում՝ անհատ ձեռնարկատերի համար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական զանցանքի օբյեկտիվ կողմի՝ զանցանքի բովանդակությամբ, և վարչական զանցանքի սուբյեկտիվ կողմի՝ արարքի և դրա հետևանքների նկատմամբ անձի հոգեբանական վերաբերմունքով են մեծապես պայմանավորված նաև զանցանքի համար պատասխանատվություն կիրառելու առանձնահատկությունները։

Մասնավորապես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով նախատեսված մի շարք զանցանքների բովանդակությունը ներառում է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված այնպիսի պարտականությունների չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը, որոնց պատշաճ կատարման ապահովման պարտականությունը դրված է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտի վրա։ Ընդ որում՝ եթե ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող սուբյեկտն իրավաբանական անձն է, ապա այդ պարտականությունների կատարման ապահովումը մտնում է տվյալ իրավաբանական անձի ղեկավարի պաշտոնեական պարտականությունների մեջ:

Վերոգրյալի համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 1128-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման վերաբերյալ գործերով պատասխանատվության կիրառման առանձնահատկություններին.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի համաձայն՝ օրենսդրության պահանջների խախտմամբ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հստակեցնել խնդրո առարկա զանցակազմի սուբյեկտին. Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի իրավակարգավորումից հետևում է, որ նույն իրավանորմով նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվության ենթակա սուբյեկտը կարող է լինել միայն ֆիզիկական կամ պաշտոնատար անձը։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ թեև անհատ ձեռնարկատիրոջը, որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված զանցանքի սուբյեկտ, օրենսդիրը չի դիտարկել, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ որպես ձեռնարկատիրական գործունեություն ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելու (մշակելու), իրացնելու, վաճառելու, մատակարարելու կամ ներմուծելու դեպքում անհատ ձեռնարկատերը ևս Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի կիրառմամբ ենթակա է վարչական պատասխանատվության, որպիսի պարագայում, սակայն, անհրաժեշտություն է առաջանում որոշել կոնկրետ սանկցիան, որի շրջանակներում անհատ ձեռնարկատերը կարող է ենթարկվել վարչական պատասխանատվության։

Այսպես.

ՀՀ Սահմանադրության 59-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի տնտեսական, ներառյալ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք: Այս իրավունքի իրականացման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի համաձայն՝ ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 26-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ քաղաքացին, որպես անհատ ձեռնարկատեր հաշվառվելու պահից, իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: (…)։

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ քաղաքացիների` առանց իրավաբանական անձ կազմավորելու իրականացվող ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են նույն օրենսգրքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձինք կարող են ստեղծվել տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների ձևով:

Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելն անձի սահմանադրական իրավունքն է, և վերջինս է որոշում այն կազմակերպաիրավական ձևը՝ իրավաբանական անձ, թե անհատ ձեռնարկատեր, որի միջոցով ցանկանում է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն իրավունք ունի, առանց իրավաբանական անձ կազմավորելու, ինքնուրույն, իր անունից և իր ռիսկով իրականացնել գործունեություն, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ (եկամուտ) ստանալն է:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ ձեռնարկատիրական գործունեության նկատմամբ կիրառվում են օրենքով առևտրային կազմակերպություններ համարվող իրավաբանական անձանց գործունեությունը կարգավորող կանոնները, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից կամ իրավահարաբերության էությունից:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձը պարտավոր է հանդես գալ որպես անհատ ձեռնարկատեր:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ կողմից, որպես ֆիզիկական անձ, ձեռնարկատիրական գործունեության իրականացումը համարվում է անհատ ձեռնարկատիրոջ իրականացրած գործունեություն:

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ ֆիզիկական անձի, որպես անհատ ձեռնարկատիրոջ, իրավունակությունն ու գործունակությունը ծագում են նրա պետական հաշվառման պահից և դադարում են այդ ֆիզիկական անձի իրավունակության կամ գործունակության դադարման, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում պետական հաշվառումն ուժը կորցրած կամ անվավեր ճանաչվելու պահից:

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անհատ ձեռնարկատերն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող գույքով, բացառությամբ այն գույքի, որի վրա, օրենքին համապատասխան, բռնագանձում չի տարածվում:

Անհատ ձեռնարկատերն օրենսդրությամբ սահմանված կարգով կրում է պատասխանատվություն` իր կողմից այլ անձանց պատճառված վնասի համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ իրավաբանական անձն իր պարտավորությունների համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:

Վերոգրյալ իրավակարգավորումներից հետևում է, որ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու կոնկրետ կազմակերպաիրավական ձևով են պայմանավորված գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ ձեռք բերելու և իրականացնելու, պարտականություններն ստանձնելու կամ օրենքներով սահմանված պարտականությունները կատարելու և դրանք չկատարելու համար պատասխանատվություն կրելու պայմաններն ու կարգը։ Ընդ որում՝ իրավաբանական անձի պաշտոնատար անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառելու համար զանցանքի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը կարող են առկա լինել միայն այն դեպքում, երբ տվյալ իրավաբանական անձի ղեկավարի կողմից չեն ապահովվում օրենքով կամ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պարտականությունների կատարումը, որոնց պատշաճ կատարման ապահովման պարտականությունը դրված է վերջինիս վրա։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանը յուրաքանչյուր դեպքում պաշտոնատար անձին պատասխանատվության ենթարկելու մասին որոշման իրավաչափությունը ստուգման ենթարկելիս պետք է հաշվի առնի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 14-րդ հոդվածի պահանջները, որում ամրագրված պաշտոնեական պարտականություն հասկացությունը գործող ՀՀ օրենսդրության շրջանակում պետք է մեկնաբանել որպես կազմակերպչական ու կառավարչական (ղեկավար) գործառույթներ։

Նշված մեկնաբանության համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել այն հանգամանքը, որ թեև անհատ ձեռնարկատերերը ձևականորեն որևէ պաշտոն չեն զբաղեցնում, սակայն իրենց գործունեությունն իրականացնելիս նրանք ապահովում են դրա կազմակերպումն ու կառավարումն այնպես, ինչպես դա կիրականացներ նման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության իրավասու ղեկավարը՝ պաշտոնատար անձը։

«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքը պահանջում է անհատ ձեռնարկատիրոջ գործունեության նկատմամբ կիրառել այն նույն կանոնները, հետևաբար նաև նույն տրամաբանությունը, որը կիրառվում է իրավաբանական անձանց գործունեության նկատմամբ։ Եթե ընկերության գլխավոր տնօրենը կամ գործադիր տնօրենը որակվում է որպես պաշտոնատար անձ, ապա անհատ ձեռնարկատերը վարչական պատասխանատվության իմաստով նույնպես պետք է որակվի որպես պաշտոնատար անձ այն հանգամանքի ուժով, որ նա իրականացնում է առաջինին մոտ բնույթով նույնանման կազմակերպչական ու կառավարչական գործառույթներ։

Վարչաիրավական հարաբերություններում անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը պահանջում է առանձին գնահատական՝ յուրաքանչյուր դեպքում որոշելու, թե անհատ ձեռնարկատերը պետք է ենթարկվի պատասխանատվության որպես պաշտոնատար անձ, թե որպես քաղաքացի։ Այն դեպքում երբ անհատ ձեռնարկատերը կխախտեր այն կանոնները, որոնց պահպանման պարտականությունը դրված է ֆիզիկական անձանց (աշխատակիցների) վրա, ապա նրա նկատմամբ կիրառելի կլինի ֆիզիկական անձանց համար նախատեսված պատասխանատվության միջոցը (տե՛ս, ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության Կոտայքի մարզային կենտրոնն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Սեդա Ադամյանի թիվ 3-690(ՎԴ) գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30032007 թվականի որոշումը)։

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ օրենսդիրը պաշտոնատար անձին՝ որպես Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված զանցանքի սուբյեկտ դիտարկելը պայմանավորել է իրավաբանական անձի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հանգամանքով, քանի որ ոչ սպանդանոցային պայմաններում կենդանիների մորթից գոյացած մթերք կամ կենդանական ծագման հումք վերամշակելը (մշակելը), իրացնելը, վաճառելը, մատակարարելը կամ ներմուծելը իրավաբանական անձը կարող է իրականացնել միայն ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, որպիսի գործունեությունն իրականացնելիս իրավաբանական անձի իրավասու պաշտոնատար անձն է ապահովում դրա կազմակերպումն ու կառավարումը։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն կերպ նաև անհատ ձեռնարկատերը կարող է վերոգրյալ գործողություններն իրականացնել բացառապես ձեռնարկատիրական գործունեության շրջանակներում, որպիսի գործունեությունն իրականացնելիս հենց անհատ ձեռնարկատերն է ապահովում դրա կազմակերպումն ու կառավարումն այնպես, ինչպես դա կիրականացներ նման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության իրավասու ղեկավարը՝ պաշտոնատար անձը։ Ըստ այդմ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված արարքի համար անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ պետք է կիրառվի վարչական պատասխանատվություն նույն իրավանորմով պաշտոնատար անձի համար սահմանված սանկցիայի շրջանակներում։

Ամփոփելով վերոգրյալը, ելնելով նաև «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի կապակցությամբ իրավունքի զարգացումն ապահովելու անհրաժեշտությունից` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ իրավակիրառ պրակտիկան պետք է զարգանա այն ուղղությամբ, որ այն դեպքում, երբ ֆիզիկական անձը, որպես անհատ ձեռնարկատեր, իր իրավունակությունն ու գործունակությունը ծագելու՝ այսինքն իր պետական հաշվառման պահից սկսած, ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնելիս ապահովում է դրա կազմակերպումն ու կառավարումն այնպես, ինչպես դա կիրականացներ նման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության իրավասու ղեկավարը՝ պաշտոնատար անձը, ապա անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ վարչական պատասխանատվությունը պետք է կիրառվի կոնկրետ իրավանորմով պաշտոնատար անձի համար սահմանված սանկցիայի շրջանակներում, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենսդիրը, որպես պատասխանատվության ինքնուրույն սուբյեկտ կոնկրետ իրավանորմով դիտարկել է անհատ ձեռնարկատիրոջը։

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանի կողմից ներկայացված վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Տեսչական մարմնի ղեկավարի 26.12.2022 թվականի «Վարչական տուգանք նշանակելու մասին» թիվ 1162-Ա որոշումը։

Դատարանը 25.07.2023 թվականի վճռով անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանի հայցը բավարարել է մասնակի՝ անվավեր է ճանաչել Տեսչական մարմնի ղեկավարի 26.12.2022 թվականի «Վարչական տուգանք նշանակելու մասին» թիվ 1162-Ա որոշումը՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.8-րդ հոդվածի հատկանիշներով 100.000 դրամի չափով տուգանք նշանակելու մասով, այն պատճառաբանությամբ, որ «անհատ ձեռնարկատերն այն ֆիզիկական անձն է, որն օժտված է առանց իրավաբանական անձ կազմավորելու ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու համար անհրաժեշտ քաղաքացիական իրավունքներով, այսինքն՝ անհատ ձեռնարկատերն ինքնին ֆիզիկական անձ է: Ընդ որում, անհատ ձեռնարկատերը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի իմաստով նույնպես ֆիզիկական անձ է և չի հավասարեցվում պաշտոնատար անձին: Դրա մասին է վկայում այն, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի այլ հոդվածներով զանցանքի սուբյեկտի հատկանիշով պայմանավորված սանկցիա սահմանելիս հստակ տարանջատել է անհատ ձեռնարկատերերին և պաշտոնատար անձանց (տե՛ս, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 87.1-ին, 169.19-րդ հոդվածները): Վիճարկվող որոշմամբ Մանուկ Միրաքյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.8-րդ հոդվածի հատկանիշներով նշանակվել է պաշտոնատար անձի նկատմամբ կիրառելի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք: Մինչդեռ, (...) նշված նորմով որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձի համար առանձին սանկցիա նախատեսված չէ, ինչը նշանակում է, որ Մանուկ Միրաքյանի նկատմամբ կարող էր կիրառվել ֆիզիկական անձանց համար նախատեսված սանկցիա, քանի որ վերջինս նույն նորմի իմաստով հանդիսանում է ոչ թե պաշտոնատար, այլ՝ ֆիզիկական անձ»։

Վերաքննիչ դատարանը 16052024 թվականի որոշմամբ Տեսչական մարմնի վերաքննիչ բողոքը մերժել է, և Դատարանի 25.07.2023 թվականի վճիռը՝ բավարարված մասով, թողել է անփոփոխ՝ այն պատճառաբանությամբ, որ «սույն դեպքում Մանուկ Միրաքյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.8-րդ հոդվածի հատկանիշներով նշանակվել է պաշտոնատար անձի նկատմամբ կիրառելի նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով տուգանք: Մինչդեռ Մանուկ Միրաքյանը նախ հանդիսանում է անհատ ձեռնարկատեր և ավելին՝ սույն դեպքում անհատ ձեռնարկատեր/ֆիզիկական անձ տարբերակումը որևէ նշանակություն չի կարող ունենալ, քանի որ դրանք տվյալ դեպքում նույնանում են: Նշված եզրահանգման համար հիմք է հանդիսանում նաև այն հանգամանքը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում որպես պատասխանատվության սուբյեկտներ առանձնացված են ֆիզիկական անձինք կամ պաշտոնատար անձինք և ոչ՝ անհատ ձեռնարկատերերը: Ընդ որում, նշված երկու՝ ֆիզիկական անձ և պաշտոնատար անձ սուբյեկտները չեն հավասարեցվում և չեն նույնացվում իրար: Վերոգրյալ ամբողջի հիման վրա՝ Վերաքննիչ դատարանը եզրահանգում է, որ անհատ ձեռնարկատերն ինքնին ֆիզիկական անձ է»:

 Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Մանուկ Միրաքյանը, որպես անհատ ձեռնարկատեր, հաշվառվել է 26112013 թվականին։

Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի գլխավոր տեսուչներ Հովակիմ Սարիբեկյանի և Հովիկ Գրիգորյանի 12122022 թվականի թիվ 3313 ստուգման ակտով արձանագրվել է հետևյալը. «1 Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ։ (…) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի կետ 59-րդ։ 2 Սննդի շղթայում ներգրավված անձը չի ենթարկվել նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների և չունի սանիտարական գրքույկ: Մանուկ Միրաքյան-մսավաճառ/տնօրեն (…) «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի կետ 55-րդ։ 3 Տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած, վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքը և կենդանական ծագման հումքը սպանդանոցային ծագման չէ: (…) «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ։ Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-րդ մասով և 1128-րդ հոդվածով»։

Տեսչական մարմնի 12122022 թվականի «Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության» համաձայն՝ Տեսչական մարմնի ղեկավարի 12122022 թվականի թիվ 3313 հրամանի հիման վրա իրականացված ստուգման ընթացքում բացահայտվել են հետևյալ խախտումները՝ «1 Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ կենդանիների մուտքը սննդամթերքի պատրաստման, մշակման, պահման և տեղափոխման տարածքներ կանխելու, ինչպես նաև վնասատուների դեմ պայքարելու ուղղությամբ։ (…) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի կետ 59-րդ։ 2 Սննդի շղթայում ներգրավված անձը չի ենթարկվել նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննությունների և չունի սանիտարական գրքույկ: Մանուկ Միրաքյան-մսավաճառ/տնօրեն (…) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N 34-Ն որոշման հավելվածի կետ 55-րդ։ 3 Տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած, վերամշակված, իրացվող, վաճառվող, մատակարարվող կենդանական ծագման մթերքը և կենդանական ծագման հումքը սպանդանոցային ծագման չէ: (…) «Անասնաբուժության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետ։ (…) Վերը նշված իրավախախտումների համար պատասխանատվություն է նախատեսված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-րդ մասով և 1128-րդ հոդվածով»։

Տեսչական մարմնի ղեկավարի 26.12.2022 թվականի «Վարչական տուգանք նշանակելու մասին» թիվ 1162-Ա որոշմամբ անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 158-րդ հոդվածի 35-րդ մասի հատկանիշներով նշանակվել է տուգանք 25.000 ՀՀ դրամի չափով, իսկ 112.8-րդ հոդվածի հատկանիշներով՝ 100.000 ՀՀ դրամի չափով։

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում հայցվորի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի՝ իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ 112.8-րդ հոդվածի կիրառմամբ տուգանք է նշանակվել վերջինիս կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության հետ կապված, որպիսի գործունեությունն իրականացնելիս հենց հայցվորը, որպես անհատ ձեռնարկատեր, պարտավոր էր ապահովել դրա կազմակերպումն ու կառավարումն այնպես, ինչպես դա կիրականացներ նման գործունեությամբ զբաղվող որևէ կազմակերպության իրավասու ղեկավարը՝ պաշտոնատար անձը, հետևաբար նույն իրավանորմով պաշտոնատար անձի համար սահմանված սանկցիայի շրջանակներում տուգանքի նշանակումն իրավաչափ է, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից։ Մասնավորապես, ստորադաս դատարաները հաշվի չեն առել, որ հայցվորը, որպես անհատ ձեռնարկատեր, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս ունի օրենքով նախատեսված պարտականություն՝ պահպանելու պետության անվտանգության ապահովման, կառավարման կարգի, պետական ու հասարակական կարգի, բնության, բնակչության առողջության պահպանության ոլորտում սահմանված կանոնները, հետևաբար այդ կանոնները չպահպանելու համար անհատ ձեռնարկատերը պետք է պատասխանատվություն կրի պաշտոնատար անձի համար սահմանված սանկցիայի շրջանակներում։

Միաժամանակ, անդրադառնալով ստորադաս դատարանների՝ դատական ակտերի պատճառաբանական մասերում կատարված եզրահանգումներին՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ ստորադաս դատարաններն իրենց դատական ակտերում չեն անդրադարձել հայցվորի կողմից ներկայացված բոլոր փաստարկներին։ Մասնավորապես, հայցադիմումում հայցվորը, որպես իր պահանջը հիմնավորող փաստարկ, պնդել է, որ վիճարկվող որոշմամբ և դրա հիմքում դրված վարչական վարույթի նյութերով իրեն զանցագրվել է այն արարքը, որ տեղական արտադրության կենդանիների սպանդից գոյացած կենդանական ծագման մթերքը և հումքն սպանդանոցային ծագման չեն, մինչդեռ նույն որոշմամբ չեն բացահայտվել բոլոր էական փաստական հանգամանքները, այն է՝ ինչ ապացույցներով է հաստատվել, թե Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 112.8-րդ հոդվածով սահմանված կոնկրետ որ գործողությունն է կատարվել՝ վերամշակում, իրացում, վաճառք, մատակարարում, և եթե պարզ չէ հստակ գործողության կատարումը, ապա ինչպես է հիմնավորվել ենթադրյալ իրավախախտումը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներից մեկում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատարանի կողմից հայցի հիմք հանդիսացող որևէ փաստարկին չանդրադառնալը և քննության առարկա չդարձնելը դատական ակտի բողոքարկման փուլում բացառում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի կողմից ՀՀ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորության իրացման համար օրենսդրի կողմից սահմանված պայմաններից մեկը, հետևաբար՝ նշված պարագայում ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը պարտավոր է բեկանել ՀՀ վարչական դատարանի դատական ակտը և հայցի հիմք հանդիսացող մնացած փաստարկները քննարկման առարկա դարձնելու նպատակով գործն ուղարկել նոր քննության (տե՛ս, «Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարան» ՍՊ ընկերությունն ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության թիվ ՎԴ/1244/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22032024 թվականի որոշումը)։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նույն տրամաբանությամբ ստորադաս դատարանների կողմից հայցի հիմք հանդիսացող որևէ փաստարկին չանդրադառնալը և քննության առարկա չդարձնելը դատական ակտի բողոքարկման փուլում բացառում է Վճռաբեկ դատարանի կողմից ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու լիազորության իրացման համար օրենսդրի կողմից սահմանված պայմաններից առնվազն մեկը, հետևաբար՝ նշված պարագայում Վճռաբեկ դատարանը պետք է բեկանի ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտը և հայցի հիմք հանդիսացող մնացած փաստարկները քննարկման առարկա դարձնելու նպատակով գործն ուղարկի նոր քննության։

Սույն պարագայում ստորադաս դատարանները հայցը բավարարելու իրենց եզրահանգումը, ըստ էության, հիմնավորել են միայն նրանով, որ անհատ ձեռնարկատեր Մանուկ Միրաքյանի նկատմամբ չէր կարող կիրառվել պաշտոնատար անձանց համար նախատեսված սանկցիա, քանի որ ֆիզիկական անձ և պաշտոնատար անձ սուբյեկտները չեն հավասարեցվում և չեն նույնացվում, անհատ ձեռնարկատերն ինքնին ֆիզիկական անձ է: Արդյունքում ստորադաս դատարանները չեն անդրադարձել հայցում ներկայացված վերը նշված մյուս փաստարկին։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի հաստատած փաստական հանգամանքները հնարավորություն չեն տալիս իրացնելու՝ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և այն փոփոխելու՝ հայցը մերժելու լիազորությունը, ուստի հայցում ներկայացված վերը նշված մյուս փաստարկին անդրադառնալու միջոցով վարչական ակտի իրավաչափությունը քննարկման առարկա դարձնելու հիմքով անհրաժեշտ է գործն ուղարկել նոր քննության։

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 16052024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող

Հ. Բեդևյան

Զեկուցող

Ռ. Հակոբյան

ա. Թովմասյան

Լ. Հակոբյան

ք ՄԿՈՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական: