ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
|
քաղ. Երևան |
1 հուլիսի 2025 թ. |
ԱՆԴՐԱՆԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ` ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 187-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՎ 397-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
| Սահմանադրական դատարանը՝ կազմով. | ||
|
նախագահող` դատավորներ՝
|
Արման Դիլանյանի, Արտակ Զեյնալյանի, Հրայր Թովմասյանի, Դավիթ Խաչատուրյանի, Երվանդ Խունդկարյանի, Հովակիմ Հովակիմյանի, Էդգար Շաթիրյանի, Սեդա Սաֆարյանի, Արթուր Վաղարշյանի, | |
|
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակում)՝ | ||
| դիմող՝ | Անդրանիկ Մանուկյանի (այսուհետ՝ Դիմող) | |
| ներկայացուցիչ՝ | փաստաբան Առնոլդ Վարդանյանի | |
| պատասխանող՝ |
Ազգային ժողովի (այսուհետ՝ Պատասխանող) | |
|
ներկայացուցիչ՝ |
Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Մարի Ստեփանյանի, | |
համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22 և 69-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի և 397-րդ հոդվածի 1-ին մասի և դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Ուսումնասիրելով դիմումը և դրան կից ներկայացված, ինչպես նաև գործում առկա այլ փաստաթղթերը, Դիմողի և Պատասխանողի գրավոր բացատրությունները, վերլուծելով վիճարկվող և վերջիններիս հետ փոխկապակցված այլ օրինադրույթները՝ Սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.
Վարույթը Սահմանադրական դատարանում
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1998 թվականի մայիսի 5-ին, Հանրապետության նախագահի կողմից ստորագրվել` 1998 թվականի հուլիսի 28-ին և ուժի մեջ է մտել 1999 թվականի հունվարի 1-ին:
2. Օրենսգրքի՝ «Ձեռքբերման վաղեմություն» վերտառությամբ 187-րդ հոդվածը սահմանում է.
«1. Քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):
2. Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
3. Մինչև ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը գույքը որպես սեփականություն տիրապետող անձն իրավունք ունի պաշտպանել այն երրորդ անձանցից, որոնք գույքի սեփականատերը չեն և օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ հիմքով դրա նկատմամբ չունեն տիրապետման իրավունք:
4. Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ձեռքբերման վաղեմության ուժով գույքը ձեռք բերած անձի մոտ ծագում է այդ իրավունքի պետական գրանցման պահից»:
3. Օրենսգրքի՝ «Պարտատիրոջ իրավունքներն այլ անձի անցնելու հիմքերը և կարգը» վերտառությամբ 397-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է.
«1. Պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի` օրենքի հիման վրա:
(…)»:
4. Վերը մեջբերված օրենսդրական նորմերը՝ սույն գործին վերաբերելի դրույթների մասով, որևէ փոփոխության և/կամ լրացման չեն ենթարկվել:
5. Գործի քննության առիթը Դիմողի՝ 2025 թվականի փետրվարի 17-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։
6. Սահմանադրական դատարանի դատական կազմի 2025 թվականի մարտի 14-ի ՍԴԴԿՈ-10 որոշմամբ գործն ընդունվել է քննության:
7. Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումով վիճարկել է նաև Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 345-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 361-րդ հոդվածի 1-ին մասի և 394-րդ հոդվածի և դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությունը։
8. Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի ՍԴԱՈ-104 աշխատակարգային որոշմամբ գործի վարույթը մասամբ՝ սույն որոշման նախորդ կետում հիշատակված նորմերի մասով, կարճվել է:
Սահմանադրական վեճի նախապատմությունը1
9. 2018 թվականի ապրիլի 26-ին Հմայակ Հարությունյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է (այսուհետ նաև՝ Դատարան կամ Առաջին ատյանի դատարան) մուտքագրել հայցադիմում ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Դիմողի, Մանուշակ Կավիցյանի, երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱԳԿ պետ. կոմիտեի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, որը Դատարանի՝ 2018 թվականի մայիսի 5-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
10. 2018 թվականի սեպտեմբերի 5-ին Դիմողը հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հմայակ Հարությունյանի, հակընդդեմ հայցով երրորդ անձինք՝ Մանուշակ Կավիցյանի, «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ Հմայակ Հարությունյանին ք. Երևան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5 տուն (հողամաս) հասցեում գտնվող անշարժ գույքից վտարելու պահանջի մասին, որը Դատարանի՝ 2018 թվականի սեպտեմբերի 7-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
11. 2019 թվականի հունվարի 21-ին «Օկտագոն» սպառողական կոոպերատիվը ևս հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Հմայակ Հարությունյանի՝ վտարման պահանջի մասին, որը Դատարանի՝ 2019 թվականի հունվարի 23-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:
12. 2020 թվականի հունիսի 8-ին Դատարան է մուտքագրվել հայցվոր Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի միջնորդությունը՝ 2020 թվականի հունիսի 3-ին կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրի հիման վրա հայցվորին փոխարինելու վերաբերյալ, որը 2020 թվականի հունիսի 17-ին բավարարվել է, և հայցվոր Հմայակ Հարությունյանը փոխարինվել է Լևոն Օրդուխանյանով։
13. 2023 թվականի ապրիլի 19-ի վճռով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, ընդհանուր վարույթի կարգով քննելով քաղաքացիական գործն ըստ սկզբնական հայցի Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի ընդդեմ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Դիմողի, Մանուշակ Կավիցյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, և ըստ հակընդդդեմ հայցի Դիմողի՝ ընդդեմ Հմայակ Հարությունյանի, հակընդդեմ հայցով երրորդ անձինք՝ Մանուշակ Կավիցյանի, «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի՝ Հմայակ Հարությունյանին ք. Երևան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5 տուն (հողամաս) հասցեում գտնվող անշարժ գույքից վտարելու պահանջի մասին, վճռել է Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի սկզբնական հայցը՝ անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, մերժել, իսկ քաղաքացիական գործի վարույթը՝ ըստ Դիմողի հակընդդեմ հայցի՝ Հմայակ Հարությունյանին անշարժ գույքից վտարելու պահանջի մասով, կարճել։
14. Հիշատակված վճռով Առաջին ատյանի դատարանը, մասնավորապես, արձանագրել է՝
«[Օրենսգրքի 187-րդ հոդվածի] կիրառման համար էական են հանդիսանում հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը՝
- առկա է տիրապետման վաղեմություն վկայակոչող անձ՝ սույն դեպքում Լևոն Օրդուխանյանը, ով մտնելով դատավարական իրավահարաբերության մեջ Հմայակ Հարությունյանի փոխարեն, ստանձնել է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջը.
- վերջինս պետք է հանդես գա ձեռքբերման վաղեմության կիրառման համար փաստացի տիրապետման և դրան ներկայացվող պահանջների (բարեխղճություն, անընդմեջություն և այլն) կրող.
- վերջինիս փաստացի տիրապետման ժամկետը բավարար չէ օրենքով սահմանված 10 տարին ձևավորելու համար և ձեռքբերման վաղեմության իրավունքն իրականացնելու համար իրավունք է ստանում իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում վեճի առարկա գույքը տիրապետել է այն անձը՝ սույն դեպքում Հմայակ Հարությունյանը, ում իրավահաջորդն է ինքը:
(…):
[Մ]իակ ապացույցը, որի հիման վրա Լևոն Օրդուխանյանը ցանկանում է իրականացնել վերոհիշյալ իրավունքը, հանդիսանում է Հմայակ Հապետնակի Հարությունյանի և Լևոն Վալերիի Օրդուխանյանի միջև 03.06.2020թ. կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագիրը, որի համաձայն՝ ««Ցեդենտ-2-ը (Հմայակ Հապետնակի Հարությունյան) Ցեսիոնարին (Լևոն Վալերիի Օրդուխանյան) է զիջում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Թորոսյանի վարույթում քննվող Հմայակ Հարությունյանի հայցադիմումով ներկայացված հայցապահանջներն ընդդեմ «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Անդրանիկ Քյարամի Մանուկյանի, Մանուշակ Աշոտի Կավիցյանի և Երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱՆԳՊ կոմիտեի ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի իրավունքը, այդ թվում պետական տուրքի, ինչպես նաև այլ դատական ծախսերի մասով» (հիմք՝ պայմանագրի պատճենը):
(…):
[Ի]նքնուրույն որևէ հիմք և ապացույց առ այն, որ Լևոն Օրդուխանյանը հանդիսանում է ք. Երևան, Թումանյան փողոց 2-րդ անցուղի 5 տուն հասցեում գտնվող ընդհանուր 51.62 քմ մակերեսով հողի փաստացի և վաղեմային տիրապետում իրականացնող անձ, Դատարանին չի ներկայացվել, որպիսի հանգամանքը բավարար է արձանագրելու, որ ինքնին իրավահաջորդության և դրանով պայմանավորված իրավանախորդի՝ Հմայակ Հարությունյանի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ վաղեմային տիրապետման փաստերը դադարում են էական նշանակություն ունենալուց, քանի որ դրանք պիտանի են և կիրառելի միայն այն պարագայում, եթե միացվում են այսպես կոչված իրավահաջորդի տիրապետման ժամկետին, մինչդեռ Դատարանն արձանագրեց, որ Լևոն Օրդուխանյանի՝ վեճի առարկա գույքի փաստացի և վաղեմային տիրապետող հանդիսանալու վերաբերյալ ապացույցներ Դատարանին չեն ներկայացվել:
(…):
(…) Լևոն Օրդուխանյանը չի հանդիսանում ձեռքբերման վաղեմության տեսանկյունից իրավահաջորդ՝ ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով՝ հետևյալ հիմնավորմամբ.
Դատարանը գտնում է, որ քաղաքացիական իրավունքի՝ որպես նյութական իրավունքի տեսանկյունից իրավահաջորդությունը ենթադրում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների անցում մեկ անձից մյուսին, որը կարող է տեղի ունենալ ընդհանուր (համապարփակ) կամ մասնակի:
(…):
Մասնակի իրավահաջորդությունն առկա է այն դեպքում, երբ անձն իրեն պատկանող իրավունքների և պարտականությունների համակցությունից որևէ մեկ իրավունք կամ պարտականություն է փոխանցում այլ անձի՝ իրավահաջորդին, որը կարող է տեղի ունենալ, օրինակ՝ պահանջի զիջման (ՔՕ 397-րդ հոդվածի 1-ին) (…) միջոցով, (…):
(…):
Դատարանը (…) արձանագրում է, որ՝
(…)
- ՔՕ 187-րդ հոդվածը սահմանում է առանց իրավական հիմքերի (տիտղոսի) անշարժ գույքի փաստացի տիրապետման և դրան առաջադրվող պայմանների ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն, որպիսի պարագայում՝ անկախ նրանից ով է պահանջում ձեռքբերման վաղեմության կիրառում, ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասի տեսանկյունից պարտադիր է, որ վերջինս հանդիսանա նշված գույքի փաստացի տիրապետող, առանց որի չի կարող իրացնել սեփականության իրավունքի ճանաչման դատավարական հնարավորությունը: Նշված հանգամանքը կանխորոշում է նաև մեկ այլ տրամաբանություն, որ ՔՕ 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից փաստացի տիրապետման իրավահաջորդություն հնարավոր չէ, քանի որ այն իրավունք չէ, այլ փաստ, որը որոշակի պայմանների համակցությամբ ձևավորում է իրավունքի ճանաչման հնարավորություն: Այսինքն՝ ՔՕ 187-րդ հոդվածի տեսանկյունից առկա չէ պարտավորական կամ այլ իրավունք, որը կարող է զիջվել կամ փոխանցվել մասնակի իրավահաջորդության այլ եղանակով, ինչի արդյունքում ներկայացված ցեսիայի պայմանագիրը ձևական առումով կարող էր գնահատվել միայն դատավարական իմաստով իրավահաջորդության հիմք, սակայն նյութական–իրավական առումով իրավահաջորդություն առկա չէ: Դատարանի նշված եզրահանգումները բխում են նաև ներկայացված պայմանագրի բովանդակությունից, ըստ որի՝ Հմայակ Հապետնակի Հարությունյանը Լևոն Վալերիի Օրդուխանյանին է զիջում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով (…) [Դատարանի] վարույթում քննվող Հմայակ Հարությունյանի հայցադիմումով ներկայացված հայցապահանջները, այլ ոչ թե նյութաիրավական իմաստով պահանջի իրավունքը, որը ՔՕ 397-րդ հոդվածի և ամբողջ պարտավորական իրավունքի ընդհանուր կարգավորումների համաձայն՝ պետք է բխի կողմերի միջև առկա պարտավորությունից և որպիսի իրավահարաբերություն կողմերի միջև առկա չէ:
Նշվածի արդյունքում Դատարանը գտնում է, որ Լևոն Օրդուխանյանը չի կարող գնահատվել որպես Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ ՔՕ 187-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառման առնչությամբ, ինչը ևս անհիմն է դարձնում վերջինիս կողմից որպես Հայցվոր վեճի առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջը՝ ձեռքբերման վաղեմության ուժով:
Արդյունքում, հաշվի առնելով, որ դատավարական իրավահաջորդության արդյունքում հայցվոր է հանդիսանում Լևոն Օրդուխանյանը, որի մասով եզրահանգումներն արդեն իսկ բացառում են հայցի բավարարումը նրա նկատմամբ, Դատարանը գտնում է, որ մյուս բոլոր փաստերի քննարկումը՝ ներառյալ Հմայակ Հարությունյանի կողմից վեճի առարկա գույքի նկատմամբ փաստացի վաղեմային տիրապետման և դրան ներկայացվող պայմանների առկայությունը, հանդիսանում է առարկայազուրկ և ինքնանպատակ»:
15. Դատարանի վերը մեջբերված վճիռը 2023 թվականի հունիսի 26-ին բողոքարկվել է «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանի կողմից։
16. Նախորդ կետում նշված բողոքի առթիվ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան ներկայացրած իր պատասխանում Դիմողը, ի թիվս այլնի, նշել է, որ մեկ այլ՝ դարձյալ Դիմողի դեմ իր գույքի մեկ այլ վարձակալի կողմից ներկայացված հայցի հիման վրա հարուցված՝ թիվ ԵԴ/8745/02/18 գործով, որտեղ ներկայացված հայցադիմումին կից Լ․ Օրդուխանյանն օգտագործել է նույն, ընդ որում՝ մեկ փաստաթղթի միջոցով կազմված, մեկ այլ անձի՝ այդ գործով հայցվոր Ալբերտ Հակոբյանի հետ կնքված ցեսիոն պայմանագիրը՝ կրկին Դիմողին սեփականության իրավունքով պատկանող տարածքի մի մասի նկատմամբ ներկայացված պահանջի շրջանակներում, Առաջին ատյանի դատարանը 2021 թվականի մայիսի 19-ի որոշմամբ ներկայացված հայցը թողել է առանց քննության՝ իրավահաջորդության անհնարինության պատճառով, իսկ Վերաքննիչ դատարանն այդ գործով հաստատել է այն մեկնաբանությունը, որն ընկած է իր՝ Դիմողի գործով՝ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված և Լևոն Օրդուխանյանի կողմից բողոքարկված վճռի հիմքում։
17. 2024 թվականի մարտի 29-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, քննելով հայցվոր Հմայակ Հապետնակի Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի ներկայացուցչի կողմից բերված վերաքննիչ բողոքը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի՝ 19.04.2023 թ. թիվ ԵԴ/6908/02/18 վճռի դեմ, որոշել է՝ «Վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարել: [Դատարանի] վճիռը մասնակիորեն՝ հայցը մերժելու մասով բեկանել և փոփոխել, այն է՝ ձեռքբերման վաղեմության հիմքով ճանաչել Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքը քաղաք Երևան, Թումանյան փողոցի 2-րդ անցուղի 5 տուն հասցեում գտնվող 51,62քմ մակերեսով հողամասի նկատմամբ: Վճիռը մնացած մասով թողնել անփոփոխ»:
18. Վերաքննիչ դատարանը, մասնավորապես, գտել է. «(...) Դատարանի եզրահանգումն իրավաչափ չէ հետևյալ պատճառաբանությամբ.
(...)
Տվյալ դեպքում Հմայակ Հարությունյանը հայց է ներկայացրել Դատարան և խնդրել է իր կողմից տիրապետվող շենք-շինություններով ծանրաբեռնված, սակայն սույն գործով պատասխանողներին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նկատմամբ՝ այն բացահայտ, բարեխիղճ և անընդմեջ տաս տարուց ավելի ժամանակահատվածում որպես սեփական անշարժ գույք իր կողմից տիրապետելու /ձեռքբերման վաղեմություն/ հիմքով ճանաչել իր սեփականության իրավունքը: Ի հիմնավորումն իր վկայակոչած փաստերի վերջինս Դատարան է ներկայացրել ստացական, որի համաձայն դեռևս 1974թ. գնել են Երևանի Թումանյան 2-րդ անցուղի, թիվ 5 հասցեում գտնվող բնակելի տուն, թիվ 21 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից հաստատված հարևանների՝ Սուրեն Բեկչյանի, Մանուկ Հովհաննիսյանի, Արթուր Ավետիսյանի և Ալբերտ Հակոբյանի հայտարարությունն այն մասին, որ Հմայակ Հարությունյանը իր ընտանիքի հետ միասին 1974 թվականից սկսած մինչ այժմ բնակվում է ք. Երևան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, թիվ 5 բնակելի տանը, Երևանի քաղաքապետի 08.07.2010 թվականի թիվ 3027-Ա որոշումը, որի համաձայն՝ վերը նշված հասցեում գտնվող բնակելի տան և դրա սպասարկման համար անհրաժեշտ 51.62 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել է նրա սեփականության իրավունքը և տրվել է գլխավոր հատակագիծ, ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ 2010թ. գրությունը, որով մերժել են վերը նշված որոշման հիմքով ծագած Հմայակ Հարությունյանի սեփականության իրավունքը գրանցելու դիմումը՝ հողամասն այլ անձանց անվամբ որպես սեփականություն գրանցված լինելու պատճառաբանությամբ:
Վերոնշյալ ապացույցների գնահատմամբ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Դատարանը եկել է՝ հայցը մերժելու վերաբերյալ անհիմն եզրահանգման, քանի որ այդպիսիք օբյեկտիվորեն չգնահատելու արդյունքում հաստատված չի համարել այն փաստը, որ Հմայակ Հարությունյանը չհանդիսանալով վերը նշված հասցեում գտնվող պատասխանողներին պատկանող 51.62 քմ մակերեսով հողամասի սեփականատեր մի քանի տասնյակ տարիներ շարունակ բարեխիղճ, բացահայտ և անընդմեջ տիրապետել է այդ հողամասը՝ որպես սեփական անշարժ գույք/հողամասի վրա առկա են Հմայակ Հարությունյանի կողմից տիրապետվող շենք շինություններ, որոնց նկատմամբ Երևանի քաղաքապետի 08.07.2010 թվականի թիվ 3027-Ա որոշմամբ ճանաչվել է նրա սեփականության իրավունքը/, ուստի հայցը հիմնավոր է և բավարարման ենթակա, հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ գործի դատաքննության ընթացքում վերոնշյալ ապացույցներով հաստատված փաստերը հերքող որևէ ապացույց չի ներկայացվել:
Ինչ վերաբերում է հայցվոր Հմայակ Հարությունյանի իրավահաջորդության հարցին, ապա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այն լուծվել է Դատարանի դեռևս 17.06.2020թ. որոշմամբ՝ սկզբնական հայցվոր Հմայակ Հապետնակի Հարությունյանին փոխարինելով նրա իրավահաջորդով՝ Լևոն Վալերիի Օրդուխանյանով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պահանջի զիջման պայմանագրով հայցով ներկայացված պահանջի իրավունքը զիջվել է և դրա հաշվառմամբ է լուծվել իրավահաջորդության հարցը, որպիսի որոշման դեմ շուրջ երեք տարի տևած գործի քննության ընթացքում առարկություններ չեն արձանագրվել, և նման պայմաններում Դատարանը կրկին անգամ չպետք է անդրադառնար այդ հարցի քննարկմանը:
(...) Ինչ վերաբերում է պատասխանում հիշատակված` թիվ ԵԴ/8745/02/18 քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշմանը, ապա Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը պետք է հիմնավորի նույնանման փաստերով այլ գործով Վճռաբեկ դատարանի կողմից իրավական նորմի մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանության դեպքում օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտի՝ Վճռաբեկ դատարանի մեկնաբանությունից շեղվելը, և ամեն դեպքում արձանագրում է, որ այն չի կարող նախադատելի համարվել սույն քաղաքացիական գործով, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նախկինում քննված քաղաքացիական, սնանկության կամ վարչական գործով դատարանի` օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտով հաստատված գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում, մինչդեռ թիվ ԵԴ/8745/02/18 քաղաքացիական գործին և սույն գործին մասնակցող անձինք նույնը չեն: Բացի այդ, նշված գործով փաստական հանգամանքներն այլ են, քանի որ այդ գործով բացակայում է հայցվորին իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ Դատարանի որոշումը, ինչպես նաև չի վկայակոչվել Երևանի քաղաքապետի որոշմամբ հայցվորի իրավունքը անշարժ գույքի նկատմամբ ճանաչված լինելու փաստը»։
19. 2024 թվականի օգոստոսի 21-ին Վճռաբեկ դատարանը, քննելով Վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ 29.03.2024 թ. որոշման դեմ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը քննության ընդունելու հարցը, որոշել է. «(...) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.03.2024 թվականի որոշման դեմ Անդրանիկ Մանուկյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել»: Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը այդ որոշման մեջ նշել է հետևյալը՝ «Վերաքննիչ դատարանի կողմից թույլ տրված նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները մասամբ հիմնավորված համարելով հանդերձ՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար չեն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հիմքով բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, քանի որ այդ խախտումները Վճռաբեկ դատարանի գնահատմամբ չեն հանգեցրել արդարադատության բուն էության խաթարմանը»։
20. Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Էդգար Սեդրակյանի հատուկ կարծիքում արձանագրվել է հետևյալը.
- նյութական առումով պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է առնվազն պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքի առկայություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի և 40-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներից (համապատասխանաբար՝ առ այն, որ հայցվորը «գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել» դատարան, և «դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (… պահանջի զիջում․․․ և այլն)» դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ) հետևում է, որ «առնվազն դատարան դիմելու պահին հայցվորի մոտ պետք է ձևավորված լինի համոզմունք առ այն, որ վերջինիս իրավունքները խախտվել են, այլ կերպ ասած հայցվորի մոտ պետք է առկա լինի իրավական շահագրգռվածություն»․
- Վճռաբեկ դատարանը՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի՝ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվության ընկերությունն ընդդեմ Համլետ Գալստյանի թիվ ՇԴ/3360/02/21 քաղաքացիական գործով որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ դատավարական իրավահաջորդությամբ դատարանը գործին մասնակցող անձին փոխարինում է իրավահաջորդով, եթե նյութական իրավահաջորդության մասին վեճը բացակայում է, այդ փաստն արդեն իսկ հաստատված կամ ձևակերպված է օրենքով սահմանված կարգով, և դրա վերաբերյալ ներկայացվել է համապատասխան ապացույց․
- «(...) նյութական իրավահաջորդության փաստը հաստատող ապացույցի բացակայության պայմաններում դատավարական իրավահաջորդությունը չէր կարող լինել թույլատրելի» և սույն գործով վճռաբեկ բողոքը պետք է ընդունվեր վարույթ, քանի որ «վճռաբեկ բողոքում ներկայացված հիմնավորումները բավարար են [եղել] բողոքը վարույթ ընդունելու հետևության հանգելու համար, հետևյալ հիմքի առկայությամբ՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի պահանջի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։
Դիմողի դիրքորոշումները
21. Դիմողը, ներկայացնելով թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործի դատավարական նախապատմությունը, վերլուծելով Սահմանադրության, քաղաքացիական և քաղաքացիադատավարական օրենսդրության վերաբերելի կարգավորումներն ու դրանց առնչությամբ Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի կողմից արտահայտված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ ՄԻԵԴ) վերաբերելի դիրքորոշումները, գտել է, որ տվյալ գործով վիճարկվող նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցրել է իր՝ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների, ինչպես նաև 171-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանների խախտման։
22. Մասնավորապես, Դիմողը, ի թիվս այլնի, իր փաստարկները ներկայացրել է չորս խումբ ենթադրյալ խախտումների շրջանակներում` նշելով, որ սույն գործով տեղի է ունեցել՝
1) դատական պաշտպանության մատչելիության իրավունքի խախտում, քանի որ Դիմողը զրկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թվականի հունիսի 17-ի որոշումը վիճարկելու դատարանի մատչելիության և իրավական պաշտպանություն հայցելու իրավունքներից, որով սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը փոխարինվել էր «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանով,
2) սեփականության իրավունքի խախտում այնքանով, որքանով Դիմողը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ՝
- դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը և սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են պատասխանող Լևոն Օրդուխանյանով, այն դեպքում, երբ հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ, և օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն,
- դատարանների կողմից ձեռքբերման վաղեմության ուժով «օրենքով սահմանված դեպքերի» խախտմամբ Դիմողի գույքի նկատմամբ ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ Լևոն Օրդուխանյանը երբևէ չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում, ավելին՝ սեփականության իրավունքի ճանաչման պահին՝ պահանջվող գույքը եղել է քանդված՝ Լևոն Օրդուխանյանի բիզնես ծրագրի իրականացման նպատակով,
3) Վճռաբեկ դատարանի մատչելիության իրավունքի խախտում, քանի որ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը 2024 թվականի օգոստոսի 21-ի որոշմամբ մերժել է դիմող Անդրանիկ Մանուկյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել այն պայմաններում, երբ արձանագրել է, որ նյութական և դատավարական իրավունքի նորմերի խախտումների մասին բողոք բերած անձի փաստարկները հիմնավորված են, ինչպես նաև, երբ Դիմողը փաստացի հիմնավորել է, որ ստորադաս դատարանների կայացրած դատական ակտերը հակասում են միևնույն հարցի վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած մեկ այլ՝ թիվ ԵԴ/8745/02/18 գործով դատարանի արտահայտված իրավական դիրքորոշումներին2:
23. Օրենքով նախատեսված պահանջի խախտմամբ և օրենքով սահմանված ընթացակարգի բացակայությամբ Դիմողի հողատարածքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման պահանջը Լևոն Օրդուխանյանին փոխանցելու ընթացակարգի սահմանադրականության հարցադրման առնչությամբ Դիմողը եզրահանգել է, որ Օրենսգրքի 345-րդ հոդվածը, 397-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածը, 40-րդ հոդվածն ու դրանց իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից տրված մեկնաբանությունը չեն համապատասխանում Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75, 80 և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին և երաշխիքներին այնքանով, որքանով, ի հակադրումն դրանց պահանջների և վերջիններիս վերաբերյալ Սահմանադրական դատարանի և ՄԻԵԴ իրավական դիրքորոշումների, Դիմողը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը և սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են պատասխանող Լևոն Օրդուխանյանով այն դեպքում, երբ սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ և օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն:
24. Դիմողը նշում է, որ սեփականության իրավունքը պաշտոնապես գրանցվել և վավերացվել է 22.08.1991 թ.: Համաձայն 29.08.1991 թ. տրված տեղեկանքի՝ Դիմողը ճանաչվել է նույն հասցեով տարածքի սեփականատեր: 22.08.1991 թ.-ից վճարել է հողի և անշարժ գույքի բոլոր հարկերը՝ ամբողջ 880 քմ տարածքի համար (անդորրագրերը պահպանվել են 1994 թվականից): Ավելին, թիվ ՎԴ/3258/05/16 վարչական գործով Վարչական դատարանի՝ 14.02.2017 թ. վճռով և Վերաքննիչ վարչական դատարանի՝ 15.06.2018 թ. որոշմամբ համայնքային իշխանությունները միջնորդել են իրենից բռնագանձել գույքահարկի լրացուցիչ վճարներ: Դիմողը նշում է. «Հետագա տարիներին (…) պարբերաբար դիմել է Անշարժ գույքի պետական կադաստր՝ 880 ք.մ. տարածքի նկատմամբ իր իրավունքները գրանցելու համար, սակայն նրա դիմումները ենթադրյալ անհամապատասխանությունների և համընկնումների պատճառով հետևողականորեն մերժվել են՝ առանց լրացուցիչ բացատրությունների»:
25. Դիմողը փաստում է, որ «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանը 2017 թվականից Երևանի քաղաքապետարան է ներկայացնում տարբեր բիզնես նախագծեր՝ Սայաթ-Նովա փ. թիվ 10 և Աբովյան 22 շենքերի բակում մինչև 12 հարկանի բնակելի համալիր կառուցելու համար, և նույն շենքերի բակում է գտնվում իրեն պատկանող 880 քմ տարածքը:
26. ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ա․ Էլոյանի՝ 2018 թվականի հոկտեմբերի 17-ի գրությունն՝ ուղղված Երևանի քաղաքապետ Հ․ Մարությանին, որով վերջինիս պաշտոնապես առաջարկվել է ձեռնպահ մնալ Սայաթ-Նովա 10 և Աբովյան 22ա շենքերի բակային տարածքում նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրերից՝ սահմանված նորմատիվ պահանջներին չհամապատասխանելու պատճառով3: Դիմողը նշում է, որ չնայած դրան, 2019 թվականին Երևանի քաղաքապետը հավանություն է տվել 12 հարկանի բնակելի համալիրի կառուցմանը: «Ըստ նախագծի՝ նախատեսվող շինարարությունը ներառել է նաև դիմող Անդրանիկ Մանուկյանին պատկանող տարածքը՝ դրա վրա գտնվող կառույցները բնորոշելով որպես «նախնական պայմանավորվածությամբ ձեռքբերման ենթակա» և «քանդման ենթակա կառույցներ»»:
27. Այնուհետև, Դիմողի տան անմիջապես կողքին` տան պատուհաններից 4,5 մետր հեռավորության վրա՝ հակառակ 12 հարկանի շենքի համար պահանջվող առնվազն 20 մետր հեռավորություն պահպանելու նորմատիվային պահանջի, 12 մետր խորությամբ հողի մեջ փորված փոսից սկսվել է շինարարությունը՝ ստեղծելով անապահով պայմաններ նրա և վերջինիս ընտանիքի անդամների համար, որոնց թվում են նրա կինը և երեք անչափահաս երեխաները:
28. Դիմողը նշում է. «ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ստուգումներով և գրություններով, փորձագիտական եզրակացություններով արձանագրվել են նշված շինարարության իրականացման նորմատիվային խախտումները՝ ընդգծելով, որ կառուցվող շենքը չի գտնվում իր տեղում, խախտված է տեղադիրքը, կառուցապատողն իրականացրել է Անդրանիկ Մանուկյանի հողազավթում, պահպանված չեն հրդեհային անվտանգության կանոնները, կառուցապատման նախագծում առկա են առերևույթ կեղծման վերաբերյալ տվյալներ»:
29. Դիմողը ներկայացրել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2022 թվականի ապրիլի 22-ի գրությունը, որի համաձայն՝ շինարարական աշխատանքներն իրականացվել են ի սկզբանե հաստատված նախագծից շեղումով, ինչպես նաև 2022 թվականի մայիսի 2-ին տրված փորձագիտական եզրակացություն առ այն, որ բազմաբնակարան շենքի կառուցումը խախտում է Դիմողի տարածքի սահմանները և հանդիսանում է հողազավթում։
30. Բացի դրանից, Դիմողի կողմից ներկայացվել է ՀՀ քաղաքաշինական, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի 2022 թվականի օգոստոսի 8-ի գրությունը, որով Դիմողին է ուղարկվել նույն մարմնի ղեկավարի՝ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրած գրության պատճենը, որտեղ նշվել է՝ «Տեսչական մարմնի դիտարկմամբ վերոգրյալ խախտումների ամբողջությունն իրենց որակական և քանակական հատկանիշներով բնութագրվում են հանրորեն բարձր վտանգավորությամբ, ուստի խնդրում եմ սույն գրությունն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում»4։
31. Ըստ Դիմողի՝ սույն գործով պարզապես անտեսվել է այն պարզ իրողությունը, որ տվյալ դեպքում հայցվող տարածքի նկատմամբ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքի ճանաչմամբ Դիմողի սեփականության իրավունքի նկատմամբ իրականացված միջամտությունը տեղի է ունեցել «օրենքին համապատասխան» գործելու սահմանադրական և կոնվենցիոն պահանջի խախտմամբ, գործող կառուցակարգերի շրջանցմամբ, ինչի մասին հստակ արձանագրվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի վճռում, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Է. Սեդրակյանի հատուկ կարծիքում: Մասնավորապես՝ դատարաններն այնպես են մեկնաբանել նյութական և դատավարական իրավահաջորդության ինստիտուտները կանոնակարգող Օրենսգրքի 345-րդ հոդվածում, 397-րդ հոդվածի 1-ին մասում, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածում, 40-րդ հոդվածում ամրագրված պահանջները, որ հայցվոր Հմայակ Հարությունյանի իրավահաջորդ է ճանաչվել պատասխանող Լևոն Օրդուխանյանն այն դեպքում, երբ հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք կամ պարտավորություն, ինչը կարող էր իրավահաջորդության կարգով փոխանցվել Լևոն Օրդուխանյանին: Այլ կերպ, ըստ Դիմողի, տվյալ պարագայում բացակայել է նյութական իրավունքի տեսանկյունից գոյություն ունեցող որևէ իրավունք կամ պարտավորություն, որը «օրենքի հիման վրա» դատավարական կառուցակարգով կարող էր անցնել հայցվոր Հմայակ Հարությունյանից նույն գործով պատասխանող Լևոն Օրդուխանյանին, մինչդեռ հայցվոր Հմայակ Հարությունյանը, չունենալով որևէ սեփականության իրավունք, որպես տնվոր բնակվել է այն տնային տնտեսությունում, որը նոտարական կարգով վավերացված նվիրատվության պայմանագրի հիման վրա եղել է Դիմողի սեփականությունը:
32. Ավելին, ըստ Դիմողի՝ օրենքով նույնիսկ նախատեսված չի եղել նաև ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի իրավահաջորդության կարգով փոխանցման հնարավորություն, ինչի մասին նշվել է նաև Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի վճռում, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի դատավոր Է. Սեդրակյանի հատուկ կարծիքում:
33. Այնուհետև Դիմողը, «օրենքով նախատեսված դեպքերի» սահմանադրական պայմանի խախտմամբ իրեն պատկանող գույքի նկատմամբ բիզնես շահեր հետապնդող Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքի ճանաչման սահմանադրականության հարցադրման շրջանակներում մեջբերելով ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ նախապայմանների վերաբերյալ սահմանված պահանջները և համադրելով դրանք գործի փաստական հանգամանքների հետ, եզրակացրել է, որ Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, ինչպես նաև ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման վերաբերյալ Օրենսգրքի 187-րդ հոդվածը ենթարկվել են այնպիսի մեկնաբանության, որ ակնհայտորեն խախտվել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ «Օրենքով նախատեսված դեպքերում», ինչպես նաև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ ՄԻԵԿ) Արձանագրության 1-ին հոդվածից բխող՝ «Օրենքով նախատեսված պայմաններով» պահանջները: Այսպես՝ սույն գործով դատարաններն անմիջականորեն կիրառման ենթակա իրավադրույթին այնպիսի մեկնաբանություն են տվել, որ Դիմողի կողմից դեռևս 1991 թվականի նոտարական կարգով վավերացված նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և տիրապետվող՝ ք. Երևան, Թումանյան 2-րդ անցուղի, 5-րդ տուն հասցեում գտնվող 51,62 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ վերջինս գեթ մեկ օր չի բնակվել նշված տարածքում կամ տիրապետել նշված տարածքը, ինչի մասին նաև հստակ արձանագրվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի վճռում՝ ընդգծելով, որ գործով չի ներկայացվել որևէ հիմք կամ ապացույց, որը կփաստեր «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի նախագահ Լևոն Օրդուխանյանի կողմից նշված հողատարածքը տիրապետելու հանգամանքը:
34. Բացի դրանից, Դիմողը նշել է, որ վերը նկարագրված պայմաններում երբևէ չէր կարող նշված հողամասի նկատմամբ սահմանադրական պահանջի խախտմամբ ճանաչվել Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքը՝ ընդգծելով, որ նշված կազմակերպությունը բիզնես շահերի սպասարկմանն ուղղված բազմաբնակարան համալիրի կառուցապատման համար դեռևս տարիներ առաջ, ինչպես հիմնավորվել է տեսչական մարմնի ստուգումներով, գրություններով և փորձագիտական եզրակացություններով, ունեցել է անօրինական ճանապարհով նշված հողամասին տիրանալու, դրա վրա գտնվող գույքը քանդելու նպատակ և սկսել է այն հետևողականորեն իրագործել: Ավելին, դատական ակտերի կայացման և նշված տարածքի նկատմամբ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքի ճանաչման պահին արդեն իսկ նշվածը փաստացի քանդված է եղել նրա կողմից:
35. Արդյունքում, Դիմողը եզրակացրել է, որ Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքի ճանաչման գործընթացը եղել է դատարանների կողմից՝ անմիջականորեն կիրառման ենթակա նորմերին Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ «օրենքով սահմանված դեպքերի» շրջանցմամբ տրված մեկնաբանության արդյունք, ինչի հետևանքով Դիմողը զրկվել է նույն հոդվածի 1-ին մասով երաշխավորված օրինական հիմքով ձեռք բերած և իր սեփականությունը համարվող 880 քմ տարածքում ներառված՝ 51,62 քմ մակերեսով հողամասն իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու սահմանադրական իրավունքից:
36. Ամփոփելով Դիմողն ընդգծել է, որ Սահմանադրական դատարան ներկայացրած իր Դիմումն իրավական վերջին հնարավորությունն է՝ վերականգնելու Դիմողի խախտված սահմանադրական հիմնարար իրավունքները, և խնդրել է.
«(…)
2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածը, 397-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածը, 40-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դատարանների կողմից դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասով, 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին և երաշխիքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանները ցեսիայի պայմանագրի հիման վրա ընդունելի են համարել դատավարական իրավահաջորդությամբ սեփականության ձեռքբերման վաղեմության իրավունքի փոխանցումը և սկզբնական Հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինել են Պատասխանող Լևոն Օրդուխանյանով, այն դեպքում, երբ Հայցվոր Հմայակ Հարությունյանը դատարան դիմելիս չի ունեցել որևէ իրավունք պահանջվող գույքի նկատմամբ և օրենքով նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցման հնարավորություն:
3. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 187-րդ հոդվածն ու իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասի 60-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 63-րդ հոդվածի 1-ին մասով, 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքներին հակասող և անվավեր, այնքանով որքանով որ, ի հակադրումն դրանց վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների և միջազգային առաջադեմ չափորոշիչների, Դիմող Անդրանիկ Մանուկյանը զրկվել է իր սեփականության իրավունքից, քանի որ դատարանների կողմից ձեռքբերման վաղեմության ուժով «օրենքով սահմանված դեպքերի» խախտմամբ Դիմող Անդրանիկ Մանուկյանի գույքի նկատմամբ ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ Լևոն Օրդուխանյանը երբևէ չի բնակվել կամ հաշվառվել նշված տարածքում, ավելին՝ սեփականության իրավունքի ճանաչման պահին՝ պահանջվող գույքը եղել է քանդված՝ Լևոն Օրդուխանյանի բիզնես ծրագրի իրականացման նպատակով»:
Պատասխանողի դիրքորոշումները
37. Պատասխանողը վիճարկվող իրավադրույթների և դատարանների կողմից դրանց տրված մեկնաբանությունների սահմանադրականության առնչությամբ իր դիրքորոշումները ներկայացրել է ըստ նյութական և դատավարական իրավունքի նորմերի՝ դրանք վերլուծելով նաև Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումների լույսի ներքո։
38. Օրենսգրքի կարգավորումների վերաբերյալ Պատասխանողը նշել է, որ ձեռքբերման վաղեմության ինստիտուտն իր էությամբ չի զրկում սեփականատիրոջը իր սեփականության իրավունքից, այլ ուղղակիորեն ենթադրում է, որ եթե որոշակի ժամանակահատվածում սեփականատերը չի կիրառել իր իրավունքները, ապա իրավունքը կարող է փոխանցվել այն անձին, որը տասը տարվա ընթացքում այն բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, հետևաբար՝ ձեռքբերման վաղեմության ինստիտուտն ունի նպատակ՝ իրավաբանական նշանակություն հաղորդել գոյություն ունեցող փաստացի հարաբերություններին:
39. Ըստ Պատասխանողի՝ նշված ինստիտուտը թույլ է տալիս ճանաչել այն անձանց իրավունքը, որոնք երկար ժամանակ, բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետել են գույքը, ինչը նպաստում է սեփականության իրավունքների պաշտպանությանը և կայունությանը: Այս ինստիտուտը կոչված է պաշտպանելու գույքի երկարատև, բացահայտ և անընդմեջ տիրապետողի սեփականության իրավունքը: Նշված նորմերը ենթադրում են, որ անձը կարող է ձեռք բերել անշարժ գույքի սեփականության իրավունք, եթե տասը տարվա ընթացքում այն բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ օգտագործել է որպես իր սեփականը, որպիսի իրավունքին նա կարող է հավակնել այն դեպքում, երբ գույքն ունի սեփականատեր, սակայն այդ սեփականատերն անհայտ է կամ չի ցուցաբերել իր իրավունքները, կամ երբ նա հրաժարվել է սեփականության իրավունքից՝ կատարելով ակնհայտ գործողություններ կամ ներկայացնելով համապատասխան գրավոր հայտարարություն: Ուստի՝ «(…) ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառումը չի հանգեցնում սեփականության իրավունքից զրկման կամ դրա սահմանադրական երաշխիքների խախտման, այն ինքնին չի հանգեցնում սեփականության իրավունքի ճանաչման, այլ փոխկապակցված գնահատվում է սեփականատիրոջ գործողությունների (անգործության), սեփականատիրոջ՝ իր գույքի նկատմամբ վերաբերմունքի համատեքստում: Նշված մեկնաբանությունների պայմաններում ձեռքբերման վաղեմության ինստիտուտը սահմանադրականության հարց չի առաջացնում»:
40. Բացի դրանից, Սահմանադրական դատարանի և Վճռաբեկ դատարանի վերաբերելի իրավական դիրքորոշումների հիման վրա Պատասխանողն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի հետ կապված դատական պրակտիկան վկայում է այդ ինստիտուտի կիրառման արդյունավետ և հստակ կառուցակարգերի առկայության մասին, իսկ Վճռաբեկ դատարանի կողմից կայացված նախադեպային որոշումներով «սպառիչ սահմանվել են այն նախապայմանները, որոնց առկայության դեպքում հնարավոր կլինի ձեռքբերման վաղեմության ինստիտուտի կիրառմամբ սեփականության իրավունքը ճանաչել»:
41. Միաժամանակ Պատասխանողը գտել է. «(…) Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 187-րդ հոդվածի և դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների՝ Սահմանադրության 75-րդ, 80-րդ և 81-րդ հոդվածներին հակասելու մասով հիմնավորումներ չի ներկայացրել, այդ հիմնավորումներն առավել միտված են առ այն, որ դատարանը սխալ է կիրառել այդ հոդվածները (օրինակ՝ դատարանը ապացուցված է համարել մի փաստ, ի հավաստումն որի որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց ներկայացված չի եղել)»։
42. Պատասխանողը, մեջբերելով Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1106 որոշմամբ արտահայտված այն դիրքորոշումը, որ «(…) ցեսիայի բովանդակությունը հանգում է որոշակի պարտավորության հիման վրա առկա իրավունքի կամ պահանջի անցմանն այլ անձի: Տվյալ պարագայում տեղի է ունենում պարտավորության մեջ պարտատիրոջ փոփոխություն. ցեսիայի պայմանագրով փոխանցվում է միայն պահանջի իրավունքը, բայց ոչ պարտքը», արձանագրել է, որ «Վերոշարադրյալից կարող ենք արձանագրել, որ պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է, որ առնվազն պարտատիրոջը պատկանի պարտավորության հիման վրա գոյացող իրավունքը: Սա նշանակում է, որ միայն այն դեպքում, երբ պարտատերը ունի համապատասխան իրավունքը (ինչպես՝ պարտավորության կատարումը պահանջելու իրավունք), ապա կարող է այդ իրավունքը փոխանցել կամ զիջել մեկ այլ անձի՝ իրավունք ունենալով, որ այդ իրավահաջորդը նույնպես կարողանա պահանջել պարտապանից պարտավորության կատարում: Հետևաբար, իրավահաջորդությունն իրականացվում է պարտատիրոջը նյութական իրավունքը պատկանելու փաստի ուժով: Այսինքն, նյութական առումով պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է առնվազն պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքի առկայություն։
Քննարկվող դեպքում անհրաժեշտ է ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի պահանջը դիտարկել Օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումների շրջանակներում, որտեղ հստակ սահմանվել է «պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը)»: (...):
Հաշվի առնելով, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի պահանջը որևէ պարտավորության հիմք չունի, այլ որոշակի փաստերի հաստատման արդյունքում առաջացող իրավունք է, ապա այն չի կարող մեկնաբանվել ցեսիայի պայմանագրի կարգավորումների տրամաբանությամբ»:
43. Պատասխանողը նշում է, որ անձի դատավարական իրավունքների փոխանցումը (զիջումը) մեկ այլ անձի նշանակում է տվյալ անձին պատկանող դատավարական իրավունքների առկայություն, որը հնարավոր է այն դեպքում, երբ նա լիիրավ օգտվողն է իր իրավունքի: Հետևաբար՝ դատավարական իրավահաջորդության հարցն ուսումնասիրելիս անհրաժեշտ է գնահատել իրավահաջորդության առկայության համար անհրաժեշտ իրավական հիմքերի՝ նյութական և դատավարական իրավունքները զիջելու պայմանի առկայությունը՝ անձին իրավունքը պատկանելու փաստի ստուգումը: Պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքն է (պահանջը), որը կարող է այլ անձի փոխանցվել (զիջվել) կամ անցնել այլ անձի:
44. Վերոգրյալի առթիվ մեջբերելով Վճռաբեկ դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՇԴ/3360/02/21 գործով արտահայտած դիրքորոշումն առ այն, որ դատավարական իրավահաջորդությամբ դատարանը գործին մասնակցող անձին փոխարինում է իրավահաջորդով, եթե նյութական իրավահաջորդության մասին վեճը բացակայում է, այդ փաստն արդեն իսկ հաստատված կամ ձևակերպված է օրենքով սահմանված կարգով և դրա վերաբերյալ ներկայացվել է համապատասխան ապացույց, Պատասխանողը, ըստ էության, համաձայնելով Դիմողի, Առաջին ատյանի դատարանի որոշման և Վճռաբեկ դատարանի դատավորի հատուկ կարծիքի հետ, եզրակացնում է, որ «վիճելի իրավահարաբերության առկայությունը բացառում է դատավարական իրավահաջորդությունը. անհրաժեշտ է նյութական իրավունքի՝ անձին պատկանելու անվիճելի փաստի առկայություն», և, ի թիվս այլնի՝ եզրակացնում, որ «[ն]շվածից հետևում է, որ դատական պրակտիկան մի դեպքում ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ցեսիայի պայմանագրով փոխանցման պայմաններում հայցվոր կողմի իրավահաջորդության հարցին անդրադառնալով թույլ է տալիս իրավահաջորդություն, մեկ այլ դեպքում՝ ոչ։ Սակայն նկարագրվածը նորմի սահմանադրականության հարց չի առաջացնում, այլ միատեսական դատական պրակտիկայի զարգացման և իրավունքի զարգացման խնդիր է հանդիսանում»:
45. Միաժամանակ, Պատասխանողը նշում է. «[ք]ննարկվող դեպքում հաշվի առնելով, որ դատական պրակտիկան մի դեպքում ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ցեսիայի պայմանագրով փոխանցման պայմաններում հայցվոր կողմի իրավահաջորդության հարցին անդրադառնալով թույլ է տալիս իրավահաջորդություն, մեկ այլ դեպքում ոչ, և առկա է նույնաբովանդակ փաստական հանգամանքներով իրավիճակ, որտեղ նույն իրավական նորմերը կիրառվել են ակնհայտ տարբեր մեկնաբանություններով, և մի դեպքում այն հանգեցրել է անձի սեփականության իրավունքի դադարեցմանը», եզրահանգել է, որ «վերը նշված հոդվածները այն մեկնաբանությամբ, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու օրենսդրական հիմքերը բացակայել են, գտնում ենք, որ հանգեցրել են անձի արդար դատաքննության իրավունքի սահմանափակմանը և չեն բխել Սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքից»:
46. Ամփոփելով իր դիրքորոշումները՝ Պատասխանողը խնդրել է. «Անդրանիկ Մանուկյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 187-րդ հոդվածի, 345-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ, 40-րդ հոդվածների, 360-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 361-րդ հոդվածի 1-ին մասի, ու դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության, բացառությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի, 397-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 40-րդ հոդվածի համակարգային կիրառությամբ իրավահաջորդություն թույլատրելու վերաբերյալ մեկնաբանությունների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ընդունել որոշում Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին»:
Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները
47. Սահմանադրական դատարանը սույն գործով վիճարկվող օրինադրույթների և իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանության սահմանադրականությունը պարզելու համար անհրաժեշտ է համարում անդրադառնալ ներքոնշյալ հարցադրմանը`
- արդյո՞ք վիճարկվող դրույթներով նախատեսված կարգավորումները՝ դատական պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությամբ, հանգեցրել են Դիմողի սեփականության իրավունքի այնպիսի սահմանափակման, որ նա իր սեփականությունից, Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին հակառակ, զրկվել է օրենքով սահմանված ընթացակարգի բացակայությամբ և այլ կերպ, քան «օրենքով սահմանված դեպք[ում]»։
Միաժամանակ, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն դիմումի քննության շրջանակներում հարկ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության իրավահարաբերություններում (Օրենսգրքի 187-րդ հոդված) պարտատիրոջ իրավունքներն այլ անձին անցնելու իրավական հնարավորության (Օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մաս) հարցին՝ միայն սույն գործի հարուցման հիմք ծառայած դիմումի մեջ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում։
Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները
48. Նախևառաջ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ սույն գործով որևէ վարույթի շրջանակներում Դիմողի՝ խնդրո առարկա գույքի նկատմամբ սեփականության իրավունք ունենալու փաստը չի վիճարկվել, ուստի՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողը խնդրո առարկա տարածքի նկատմամբ ունեցել է սեփականության իրավունք, որի առնչությամբ կիրառելի են եղել ինչպես Սահմանադրության 60-րդ հոդվածով, այնպես էլ Կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածով նախատեսված երաշխիքները:
49. Սահմանադրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետությունն (...) իրավական պետություն է»։
50. Սահմանադրության` «Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները և ազատությունները» վերտառությամբ 3-րդ հոդվածի համաձայն՝
«(...)
2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»:
51. Սահմանադրության 1-ին՝ «Սահմանադրական կարգի հիմունքները» գլխում զետեղված «Սեփականության երաշխավորումը» վերտառությամբ 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
«1. Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը»:
52. Սահմանադրության՝ «Սեփականության իրավունքը» վերտառությամբ 60-րդ հոդվածի համաձայն՝
«1. Յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:
(...)։
4. Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:
(...)»:
53. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
54. Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
55. Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
56. Սահմանադրության 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ սույն գլխում ամրագրված դրույթների էությունն անխախտելի է:
57. Սահմանադրության 81-րդ հոդվածի համաձայն՝
«1. Հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
2. Հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները»։
58. Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ «Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են սույն Կոնվենցիայի I բաժնում»։
59. Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Յուրաքանչուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:
60. Կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք։ Ոչ ոքի չի կարելի զրկել նրա գույքից, բացառությամբ ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով (...)»:
61. Սահմանադրական դատարանը 2013 թվականի հունվարի 30-ի ՍԴՈ-1073 որոշմամբ նշել է, որ անձի բացառիկ իրավունքն է իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու իր սեփականությունը՝ պայմանով, որ այդ իրավունքի իրացումը չխախտի այլ անձանց, հանրության և պետության իրավունքներն ու օրինական շահերը, վնաս չպատճառի շրջակա միջավայրին5։
62. Սահմանադրական դատարանը, 2023 թվականի նոյեմբերի 7-ի ՍԴՈ-1699 որոշմամբ արձանագրելով, որ Սահմանադրությամբ որպես սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիք՝ առանձնացվել է սեփականության իրավունքի պաշտպանությունը՝ «նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար»6, արտահայտել է հետևյալ դիրքորոշումները՝
«5․2․ Սահմանադրական դատարանը վերահաստատում է սեփականության իրավունքի վերաբերյալ իր՝ նախկինում արտահայտած դիրքորոշումն առ այն, որ սեփականության իրավունքը, որպես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության պայմաններում անձի իրավունքների ու ազատությունների երաշխավորման բնութագրիչ, միաժամանակ նաև որպես մասնավոր և հանրային իրավահարաբերությունների կարգավորման կառուցակարգ, ունի սահմանադրաիրավական կարևոր նշանակություն (Սահմանադրական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշում, կետ 4.1):
Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սեփականության իրավունքի պաշտպանության՝ Հայաստանի Հանրապետության իրավակարգում ունեցած ընդգծված կարևորությունն արձանագրված է առաջին հերթին Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ գլխի 10-րդ հոդվածում, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
Սեփականության հիմնական իրավունքի պաշտպանության նպատակով սեփականության իրավունքի պաշտպանության երաշխիքներն ամրագրվել են նաև Սահմանադրության 60-րդ հոդվածում։
Վերը նշվածից բացի, Սահմանադրական դատարանը կարևոր է համարում արձանագրել, որ սեփականության հիմնական իրավունքը, թեպետ որոշ բովանդակային փոփոխություններով, սակայն որպես հիմնական իրավունքի իրավական ամրագրում 1995 թվականից մինչ այժմ կայուն հետևողականությամբ տեղ է գտել Սահմանադրության մեջ և դրանում կատարված բոլոր փոփոխություններում։
Բացի դրանից, Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ սեփականության իրավունքի պաշտպանության հանրային իշխանության պարտականությունը Հայաստանի Հանրապետության իրավակարգի կարևոր բաղադրիչ է նաև մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, մասնավորապես, սակայն չսահմանափակվելով միայն՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (հոդված 17, ընդունված և հռչակված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 1948 թվականի դեկտեմբերի 10-ի 217 Ա (III) բանաձևով), 1950 թվականի նոյեմբերի 4-ի Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի Արձանագրության 1-ին հոդվածով։
Ելնելով սեփականության իրավունքի պաշտպանության՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի բաղադրիչ լինելու հիմնարար սահմանադրական արժեքից՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով նախատեսվել են սեփականության իրավունքին միջամտությունների՝ (1) սեփականության իրավունքի ընդհանուր սահմանափակումների, (2) սեփականությունից զրկման և (3) հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականության օտարման նպատակները, իրավական հիմքը և պայմանները։
(…)։
5.3. (…) սեփականության իրավունքի առավել խիստ միջամտության երկու հատուկ ձևերի՝ սեփականությունից զրկելու և հանրության գերակա շահերի ապահովման նպատակով (հասարակության և պետության կարիքների համար) սեփականությունը օտարելու իրավահարաբերությունների կարգավորման նպատակով Սահմանադրության, համապատասխանաբար, 60-րդ հոդվածի 4-րդ մասով (…) սահմանվել են հատուկ նորմեր, որոնք (…) նախատեսված միջամտության խստության աստիճանով և իրավահարաբերությունների բնույթով պայմանավորված, նախատեսել են սեփականության իրավունքին միջամտության սահմանադրաչափության հատուկ և պարտադիր այլ պայմաններ։
Մասնավորապես՝ (…) սեփականությունից զրկվելու ձևով միջամտության սահմանադրաչափության անհրաժեշտ պայման է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված «դատական կարգի» ապահովումը, ինչպես նաև սեփականությունից զրկվելու դեպքի «օրենքով սահմանված» լինելը7»։
63. Սահմանադրական դատարանն իր՝ 2017 թվականի հունվարի 31-ի ՍԴՈ-1340 որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում նշել է. «(...) Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ամրագրված դրույթները կազմում են սեփականության իրավունքի հիմնական բովանդակությունը` ամրագրելով այն իրավազորությունները, որոնցից յուրաքանչյուր ոք անարգել պետք է կարողանա օգտվել սեփականության հիմնական իրավունքն իրականացնելիս, այսինքն` անձը պետք է առանց որևէ խոչընդոտի կարողանա իրականացնել սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու իրավունքը, օգտագործելու իրավունքը, տնօրինելու իրավունքը, ինչպես նաև ժառանգելու իրավունքը (…)»:
64. Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունիսի 18-ի ՍԴՈ-1546, դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 և 2024 թվականի հուլիսի 22-ի ՍԴՈ-1741 որոշումները հաստատում են, որ ցանկացած օրենսդրական կարգավորում, այդ թվում՝ գույքային հարաբերություններին վերաբերող, պետք է կառուցված լինի այն տրամաբանությամբ, որ նպաստի իրավունքների իրական և արդյունավետ իրացմանը:
65. Սահմանադրական դատարանի 2006 թվականի նոյեմբերի 21-ի ՍԴՈ-667 որոշմամբ ձեռքբերման վաղեմության ինստիտուտի իրավական բովանդակության վերաբերյալ արձանագրվել է.
«(...) ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տևական տիրապետում:
Այս նախապայմանները բացառում են ուրիշի գույքը որպես սեփականություն ձեռք բերելու հնարավորությունը, որին տիրապետողը տիրապետում և օգտագործում է, մասնավորապես, վարձակալության, պահատվության կամ այլ պայմանագրերի հիման վրա, թեկուզև` բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ և երկարատև, սակայն իր պայմանագրային պարտավորությունների գիտակցմամբ այն համարելով ուրիշի գույք և այն տիրապետելով ոչ որպես սեփական գույք: Այն կոչված է պաշտպանելու գույքի բարեխիղճ տիրապետողի իրավունքները: ՀՀ քաղ. օր.-ի 187 հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետողի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն»։
66. Վերջապես, սույն գործով լուծման ենթակա հարցին առավել վերաբերելի՝ Սահմանադրական դատարանի՝ 2013 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1106 որոշմամբ արտահայտված դիրքորոշման համաձայն՝
«(…) պահանջի զիջման պայմանագրի /ցեսիայի/ ինստիտուտը նախատեսված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք)՝ «Անձանց փոփոխվելը պարտավորության մեջ» վերտառությամբ 25-րդ գլխով, որի 397-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է. «Պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի՝ օրենքի հիման վրա»: Այս կապակցությամբ սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճարկվող նորմում հիշատակված ցեսիայի պայմանագիրը քաղաքացիաիրավական պայմանագիր է, որի նկատմամբ կիրառելի են ցեսիայի ինստիտուտին վերաբերելի ՀՀ քաղաքացիական օրենսդրության համապատասխան դրույթները, իսկ տվյալ օրենսդրական դրույթների հիման վրա առաջացած իրավահարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, (...): Ինչպես վկայում է օրենսգրքի կանոնակարգումը՝ ցեսիայի բովանդակությունը հանգում է որոշակի պարտավորության հիման վրա առկա իրավունքի կամ պահանջի անցմանն այլ անձի: Տվյալ պարագայում տեղի է ունենում պարտավորության մեջ պարտատիրոջ փոփոխություն. ցեսիայի պայմանագրով փոխանցվում է միայն պահանջի իրավունքը, բայց ոչ պարտքը»:
67. Սահմանադրական դատարանի՝ վերը մեջբերված դիրքորոշումներին համահունչ դիրքորոշում արտահայտել է նաև Վճռաբեկ դատարանը՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՇԴ/3360/02/21 գործով կայացված որոշմամբ՝ արձանագրելով, որ դատավարական իրավահաջորդությամբ դատարանը գործին մասնակցող անձին փոխարինում է իրավահաջորդով, եթե նյութական իրավահաջորդության մասին վեճը բացակայում է, այդ փաստն արդեն իսկ հաստատված կամ ձևակերպված է օրենքով սահմանված կարգով և դրա վերաբերյալ ներկայացվել է համապատասխան ապացույց:
68. Մեկ այլ՝ թիվ ԱՐԱԴ/0084/02/12 գործով 2013 թվականի ապրիլի 5-ի որոշմամբ8 Վճռաբեկ դատարանն, անդրադառնալով Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի այն կարգավորմանը, որ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը, նշել է.
«Անշարժ գույքի սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը։ (…):
Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ծագման համար գույքն այլ անձի անցնելու ձևերը, որոնք էլ պայմանավորում են ձեռք բերողի մոտ բարեխղճության առկայությունը կամ բացակայությունը, տարբեր են: Ինչպես կամահայտնության գրավոր կամ բանավոր ձևերը, այնպես էլ անձի գործողությունները և հավասարապես անգործությունը կարող են վկայել տիրապետման բարեխղճության մասին:
Բարեխղճության ծագումը, ինչպես և մյուս պայմանները կարևորվում են գույքի փաստացի տիրապետման անցնելու պահին: Այդուհանդերձ, առանձին դեպքերում բարեխղճությունը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ»9։
69. Վերոգրյալ չափորոշիչների լույսի ներքո, սույն գործով Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում պարզել, թե արդյոք Դիմողին սեփականությունից զրկելը տեղի է ունեցել Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված՝ «օրենքով նախատեսված դեպք[եր]ում»:
70. «Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 34-րդ հոդվածի համաձայն՝
1. Հայցվորը գործին մասնակցող այն անձն է, որն իր կամ օրենքով նախատեսված դեպքերում այլ անձի իրավունքների պաշտպանության նպատակով հայցադիմում է ներկայացրել առաջին ատյանի դատարան:
2. Գործի քննության ընթացքում հայցվորի փոխարինում չի թույլատրվում, բացառությամբ իրավահաջորդության դեպքերի:
Նույն օրենսգրքի 40-րդ հոդվածի 1-րդ մասի համաձայն՝ «Դատավարությունից գործին մասնակցող անձանցից մեկի դուրս գալու դեպքում (․․․), պահանջի զիջում, (․․․) և այլն) դատարանը որոշում է կայացնում գործին մասնակցող անձին նրա իրավահաջորդով փոխարինելու վերաբերյալ»:
71. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավակարգավորումներից հետևում է, որ հայցվորն այն անձն է, որը դատարան հայցադիմում ներկայացնելիս առնվազն այդ պահին ունի իրավական շահագրգռվածություն, որպիսին փաստելու համար անհրաժեշտ է, որ ենթադրյալ խախտված իրավունքը պատկանի հայցվորին, իսկ ներկայացված հայցի նպատակը լինի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ու վերականգնումը: Այս տրամաբանությունից է բխում հայցվորի փոխարինումը բացառապես իրավահաջորդության դեպքով պայմանավորելը: Օրենսդիրը, նախատեսելով իրավահաջորդության դեպքերի ոչ սպառիչ ցանկ, այնուամենայնիվ, դատավարությունից գործին մասնակցող անձի դուրս գալը պայմանավորել է վերջինիս պատկանող իրավունքի դադարումով:
72. Վերոնշյալ դատավարական կարգավորումների ուսումնասիրության արդյունքում Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ դատավարական իրավահաջորդության համար հիմք է հանդիսանում նյութական իրավահաջորդությունը, որը ենթադրում է քաղաքացիական իրավունքների և պարտականությունների անցում մեկ անձից մյուսին: Նյութական իրավահաջորդությունը կարող է տեղի ունենալ ինչպես ընդհանուր (քաղաքացու մահ, իրավաբանական անձի վերակազմակերպում), որի շրջանակներում փոխանցվում են բոլոր իրավունքները և պարտականությունները՝ բացառությամբ անձի հետ անխզելիորեն կապված և օրենքով ուղղակի արգելված դեպքերի, այնպես էլ մասնակի (պահանջի զիջում, պարտքի փոխանցում և այլն), երբ անձն իրեն պատկանող իրավունքների ու պարտականությունների համակցությունից որևէ մեկ իրավունք կամ պարտականություն է փոխանցում այլ անձի:
73. Օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքը (պահանջը) կարող է նրա կողմից այլ անձի փոխանցվել գործարքով (պահանջի զիջում) կամ անցնել այլ անձի՝ օրենքի հիման վրա: Օրենսգրքի 345-րդ հոդվածի համաձայն՝ պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն՝ վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:
74. Վերոգրյալից հետևում է, որ պարտավորական հարաբերության մասնակիցներն են պարտատերը, որին պատկանում է պարտականության կատարման պահանջի իրավունքը, և պարտապանը՝ համապատասխանաբար՝ պարտավորության կատարման պարտականությունը կրող կողմը: Այսինքն՝ նյութական առումով պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է առնվազն պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքի առկայություն:
75. Տվյալ դեպքում գործի փաստերից հետևում է, որ Հմայակ Հարությունյանի և Լևոն Օրդուխանյանի միջև 03.06.2020 թ. կնքված պահանջի զիջման (ցեսիայի) պայմանագրի համաձայն՝ ««Ցեդենտ-2-ը (Հմայակ Հապետնակի Հարությունյան) Ցեսիոնարին (Լևոն Վալերիի Օրդուխանյան) է զիջում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Թորոսյանի վարույթում քննվող Հմայակ Հարությունյանի հայցադիմումով ներկայացված հայցապահանջներն ընդդեմ «ՕԿՏԱԳՈՆ» սպառողական կոոպերատիվի, Արտավազդ Նորիկի Այվազյանի, Արեգ Արմենի Օհանջանյանի, Անդրանիկ Քյարամի Մանուկյանի, Մանուշակ Աշոտի Կավիցյանի և Երրորդ անձ ՀՀ ԿԱ ԱՆԳՊ կոմիտեի ձեռք բերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի իրավունքը, այդ թվում պետական տուրքի, ինչպես նաև այլ դատական ծախսերի մասով»10:
76. Առաջին ատյանի դատարանը, քննելով Լևոն Օրդուխանյանի կողմից ներկայացված ցեսիայի պայմանագիրը և գտնելով, որ Լևոն Օրդուխանյանը չի հանդիսանում ձեռքբերման վաղեմության տեսանկյունից իրավահաջորդ՝ Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով, նշել է. «(․․․) ՔՕ 187-րդ հոդվածի տեսանկյունից առկա չէ պարտավորական կամ այլ իրավունք, որը կարող է զիջվել կամ փոխանցվել մասնակի իրավահաջորդության այլ եղանակով, ինչի արդյունքում ներկայացված ցեսիայի պայմանագիրը ձևական առումով կարող էր գնահատվել միայն դատավարական իմաստով իրավահաջորդության հիմք, սակայն նյութական-իրավական առումով իրավահաջորդություն առկա չէ: (․․․)»։
77. Վերաքննիչ քաղաքացիական դատարանը, անդրադառնալով Հմայակ Հարությունյանի իրավահաջորդության հարցին, արձանագրել է, որ այն լուծված է եղել Դատարանի դեռևս 17.06.2020 թ. որոշմամբ՝ սկզբնական հայցվոր Հմայակ Հարությունյանին փոխարինելով նրա իրավահաջորդով՝ Լևոն Օրդուխանյանով, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ պահանջի զիջման պայմանագրի համաձայն՝ հայցով ներկայացված պահանջի իրավունքը զիջվել է, և դրա հաշվառմամբ է լուծվել իրավահաջորդության հարցը, որպիսի որոշման դեմ շուրջ երեք տարի տևած գործի քննության ընթացքում առարկություններ չեն արձանագրվել, և նման պայմաններում Դատարանը կրկին անգամ չպետք է անդրադառնար այդ հարցի քննարկմանը:
78. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ 03.06.2020 թ. կնքված «Ցեսիայի պայմանագիր» վերտառությամբ փաստաթղթով որևէ պարտավորության հիման վրա առաջացած իրավունք չի զիջվել: Ավելին, ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի փոխանցումը անհնարին է նաև հետևյալ պատճառաբանությամբ.
79. Օրենսգրքի 187-րդ հոդվածի համաձայն՝ քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատերը չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն): Տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը:
80. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն որոշման նախորդ կետում մեջբերված իրավակարգավորումներից հետևում է, որ գույք ձեռք բերելու՝ օրենքով թույլատրվող հիմքերից է նաև ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումը և գրանցումը, և ձեռքբերման վաղեմությունը հնարավորություն է ընձեռում անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող անձին ժամանակի ընթացքում գույքի նկատմամբ ձևավորված փաստացի տիրապետությունը վերամարմնավորել սեփականության իրավունքի՝ գույքը տիրապետող անձի կողմից՝ գույքի նկատմամբ տիրապետմանն ուղղված համապատասխան վարքագծի դեպքում: Այնուամենայնիվ, այս ինստիտուտի կիրառումը պետք է իրականացվի քաղաքացիաիրավական հարաբերությունների համապատասխան մասնակիցների շահերի ողջամիտ հավասարակշռվածության ապահովման պայմաններում, որպեսզի երաշխավորվի նաև գույքի նկատմամբ գրանցված սեփականության իրավունք ունեցող անձանց իրավական պաշտպանությունը:
81. Այսինքն՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման իրավական հնարավորությունը սերտորեն փոխկապակցված է գույքի սեփականատիրոջ (այդ թվում նաև՝ թե՛ ձեռք բերողի տիրապետման տիրույթում գտնվող գույքի նկատմամբ սեփականատիրոջ սեփականության իրավունքի գրանցված լինելու պարագայում, և թե՛ այդ տիրապետման ժամանակահատվածում սեփականատիրոջ իրավունքի գրանցման պարագայում)՝ գույքի նկատմամբ դրսևորած վարքագծի և դրա նկատմամբ ունեցած վերաբերմունքի հետ, ինչպես նաև գույքը տիրապետող անձի՝ գույքի նկատմամբ տիրապետմանն ուղղված վարքագծի հետ։
82. Այս առումով Սահմանադրական դատարանը կարևոր է համարում շեշտել, որ օրենսդիրն ինքնին չի բացառում տիրապետման իրավահաջորդության հնարավորությունը՝ Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասում սահմանելով, որ տիրապետման վաղեմությունը վկայակոչող անձը կարող է իր տիրապետման ժամկետին միացնել այն ժամանակը, որի ընթացքում այդ գույքին տիրապետել է այն անձը, որի իրավահաջորդն է ինքը: Այնուամենայնիվ, սույն կարգավորումն ինքնին վկայում է, որ իրավահաջորդությունն այս իրավահարաբերություններում կարող է տեղ ունենալ բացառապես այն դեպքերում, երբ իրավահաջորդը տիրապետման իրավահարաբերություններում ունի որոշակի մասնակցություն այն առումով, որ շարունակում է իրավանախորդի տիրապետումը, ընդ որում՝ օրենսդրությամբ սահմանված վավերապայմանների պահպանմամբ:
83. Մասնավորապես՝ Օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումից բխում է, որ իբրև սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակ՝ օրենսդիրը սահմանում է անշարժ գույքի սեփականատեր չհանդիսացող քաղաքացու կամ իրավաբանական անձի իրավական հնարավորությունը որոշակի ժամանակահատվածում և վավերապայմանների պահպանմամբ գույքը որպես սեփականը տիրապետելու պայմաններում այդ գույքի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք, իսկ ձեռքբերման վաղեմության շրջանակներում տիրապետումը պետք է լինի՝ (1) բարեխիղճ,(2) բացահայտ, (3) անընդմեջ, և (4) որպես սեփական գույք տիրապետվող, այսինքն՝ գույքի փաստացի տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով, և նա գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այդ թվում՝ երրորդ անձանց հետ հարաբերություններում:
84. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվորի մոտ դատարան դիմելու պահին որևէ նյութական իրավունք առկա չի եղել: Ինչ վերաբերում է Օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորմանը, ապա ենթադրվում է, որ այն կիրառելի է ընդհանուր (համապարփակ) իրավահաջորդության պայմաններում, քանի որ մասնակի իրավահաջորդության կարգով սեփականության իրավունքի փոխանցման որևէ կարգ սահմանված չէ: Ուստի՝ նյութական իրավահաջորդության փաստը հաստատող ապացույցի բացակայության պայմաններում դատավարական իրավահաջորդությունը չէր կարող լինել թույլատրելի:
85. Փոխանցվող իրավունքի ծավալի առնչությամբ Օրենսգրքի 399-րդ հոդվածը սահմանում է. «Սկզբնական պարտատիրոջ իրավունքը նոր պարտատիրոջն է անցնում իրավունքի անցման պահին գոյություն ունեցող ծավալով և պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Մասնավորապես, նոր պարտատիրոջն են անցնում պարտավորության կատարումն ապահովող, ինչպես նաև պահանջի հետ կապված այլ իրավունքները՝ ներառյալ չվճարված տոկոսների նկատմամբ իրավունքը»:
86. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում օրենքով նույնիսկ նախատեսված չի եղել ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի իրավահաջորդության կարգով փոխանցման հնարավորություն, ինչի մասին նշվել է նաև Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի վճռում:
87. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ գործի փաստերից և անմիջականորեն կիրառման ենթակա իրավադրույթներից չի բխել Վերաքննիչ դատարանի այն մեկնաբանությունը, որի արդյունքում դիմող Անդրանիկ Մանուկյանի կողմից դեռևս 1991 թվականին նոտարական կարգով վավերացված նվիրատվության պայմանագրով ձեռք բերված և տիրապետվող՝ ք. Երևան, Թումանյան 2-րդ անցուղի, 5-րդ տուն հասցեում գտնվող 51,62 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչվել է Լևոն Օրդուխանյանի սեփականության իրավունքն այն դեպքում, երբ վերջինս գեթ մեկ օր չի բնակվել նշված տարածքում կամ տիրապետել նշված տարածքը, ինչն հստակ արձանագրվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի վճռով՝ ընդգծելով, որ գործով չի ներկայացվել որևէ հիմք կամ ապացույց, որը կփաստեր Լևոն Օրդուխանյանի կողմից նշված հողատարածքը տիրապետելու հանգամանքը:
88. Վերոշարադրյալից բխում է, որ պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է, որ առնվազն պարտատիրոջը պատկանի պարտավորության հիման վրա գոյացող իրավունքը: Սա նշանակում է, որ միայն այն դեպքում, երբ պարտատերն ունի համապատասխան իրավունքը (ինչպես՝ պարտավորության կատարումը պահանջելու իրավունքը), նա կարող է այդ իրավունքը փոխանցել կամ զիջել մեկ այլ անձի՝ իրավունք ունենալով, որ այդ իրավահաջորդը նույնպես կարողանա պահանջել պարտապանից՝ վերջինիս՝ արդեն ունեցած պարտավորության կատարում: Հետևաբար՝ իրավահաջորդությունն իրականացվում է պարտատիրոջը նյութական իրավունքը պատկանելու փաստի ուժով: Այսինքն՝ նյութական առումով պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է առնվազն պարտատիրոջը պարտավորության հիման վրա պատկանող իրավունքի առկայություն:
89. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ վիճելի իրավահարաբերության առկայությունը բացառում է դատավարական իրավահաջորդությունը. անհրաժեշտ է նյութական իրավունքի՝ անձին պատկանելու անվիճելի փաստի առկայություն: Հակառակ մեկնաբանության արդյունքում խաթարվում է ոչ միայն իրավահաջորդության ինստիտուտի էությունը, այլև իրավունքների պատշաճ պաշտպանության ընթացակարգը՝ խախտելով անձանց սահմանադրական իրավունքները, ընդհուպ մինչև այդ իրավունքներից ոչ իրավաչափ զրկում։ Այսպիսով, պահանջի զիջման գործարքը (ցեսիան) ուղղված է պարտատիրոջը պատկանող՝ արդեն իսկ առկա իրավունքը պաշտպանելուն, այլ ոչ թե այդ իրավունքը ձեռք բերելուն։ Այլ կերպ՝ նշված գործարքով զիջվում է ոչ թե իրավունքը, այլ այն պահանջելու դատավարական հնարավորությունը։
90. Սահմանադրական դատարանը, վերահաստատելով սույն սահմանադրաիրավական վեճի հիմքում ընկած վերաբերելի օրենսդրական դրույթների և դրանց մեկնաբանման առթիվ նախկինում իր կողմից արտահայտված դիրքորոշումները, ինչպես նաև վերլուծելով Վճռաբեկ դատարանի՝ նույն դրույթների կապակցությամբ նախկինում արտահայտած նախադեպային դիրքորոշումները, արձանագրում է, որ խնդրո առարկա գործով քաղաքացիաիրավական վեճը դատարանների կողմից լուծվել է դրա առարկայի նկատմամբ կիրառելի թե՛ Սահմանադրական դատարանի, և թե՛ Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված իրավական դիրքորոշումներին տրամագծորեն հակառակ ձևով։
91. Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանը, վերահաստատելով 2013 թվականի սեպտեմբերի 10-ի ՍԴՈ-1106 որոշմամբ արտահայտված դիրքորոշումն առ այն, որ «(․․․) ցեսիայի բովանդակությունը հանգում է որոշակի պարտավորության հիման վրա առկա իրավունքի կամ պահանջի անցմանն այլ անձի», և որ «[տ]վյալ պարագայում տեղի է ունենում պարտավորության մեջ պարտատիրոջ փոփոխություն. ցեսիայի պայմանագրով փոխանցվում է միայն պահանջի իրավունքը, բայց ոչ պարտքը», արձանագրում է, որ պահանջի զիջման իրավահաջորդության համար անհրաժեշտ է, որ առնվազն պարտատիրոջը պատկանի պարտավորության հիման վրա գոյացող իրավունքը, և միայն այն դեպքում, երբ պարտատերն ունի համապատասխան իրավունքը, նա կարող է այդ իրավունքը փոխանցել կամ զիջել մեկ այլ անձի՝ իրավունք ունենալով, որ այդ իրավահաջորդը նույնպես կարողանա պահանջել պարտապանից պարտավորության կատարում:
92. Նախորդ կետում վկայակոչված՝ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշմանը համահունչ է նաև Վճռաբեկ դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 26-ի՝ «ՆԱԻՐԻ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ապահովագրական սահմանափակ պատասխանատվության ընկերությունն ընդդեմ Համլետ Գալստյանի թիվ ՇԴ/3360/02/21 քաղաքացիական գործով որոշմամբ արտահայտած այն դիրքորոշումը, որով Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով դատավարական իրավահաջորդության հարցին, գտել է, որ դատավարական իրավահաջորդությամբ դատարանը գործին մասնակցող անձին փոխարինում է իրավահաջորդով, եթե նյութական իրավահաջորդության մասին վեճը բացակայում է, այդ փաստն արդեն իսկ հաստատված կամ ձևակերպված է օրենքով սահմանված կարգով, և դրա վերաբերյալ ներկայացվել է համապատասխան ապացույց։ Սահմանադրական դատարանը, համաձայնելով Վճռաբեկ դատարանի այս դիրքորոշման հետ, արձանագրում է, որ վիճելի իրավահարաբերության առկայությունը բացառում է դատավարական իրավահաջորդությունը, և անհրաժեշտ է նյութական իրավունքի՝ անձին պատկանելու անվիճելի փաստի առկայություն։
93. Վերոգրյալի հիման վրա և հաշվի առնելով այն փաստը, որ պահանջի զիջման գործարքը (ցեսիան) կնքելու պահին բացակայել է այդ գործարքի կնքման, այն է՝ մասնակի իրավահաջորդության՝ օրենքով սահմանված պարտադիր պայմանը՝ պահանջի կամ իրավունքի առկայությունը, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Դիմողի սեփականազրկումը տեղի է ունեցել վիճարկվող դրույթներին տրված՝ Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ «օրենքով սահմանված դեպքերի» պայմանին հակասող մեկնաբանության արդյունքում։
94. Սահմանադրական դատարանն այսպիսով, արձանագրում է, որ վիճարկվող հիմնական իրավադրույթների, մասնավորապես՝ Օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից փաստացի տիրապետման իրավահաջորդություն հնարավոր չէ, քանի որ այն ոչ թե իրավունք է, այլ փաստ, իրավիճակ, որը որոշակի պայմանների համակցությամբ ձևավորում է իրավունքի ճանաչմանը հավակնելու հնարավորություն: Այսինքն՝ նշված հոդվածի տեսանկյունից առկա չէ պարտավորական կամ այլ իրավունք, որը կարող է զիջվել կամ փոխանցվել մասնակի իրավահաջորդության այլ եղանակով, ինչի արդյունքում ներկայացված ցեսիայի պայմանագիրը ձևական առումով կարող էր գնահատվել միայն դատավարական իմաստով իրավահաջորդության հիմք, սակայն նյութական-իրավական առումով իրավահաջորդություն առկա չէ։
95. Սույն գործով Դիմումի քննարկման շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վիճարկվող իրավադրույթների վերաբերյալ Վերաքննիչ դատարանի կողմից դրանք մեկնաբանելու պահի դրությամբ գոյություն է ունեցել Վճռաբեկ դատարանի համապատասխան իրավական դիրքորոշումը, որին հակառակ դիրքորոշման վրա հիմնված՝ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ բերված բողոքը վարույթ ընդունելը, սակայն, Վճռաբեկ դատարանի կողմից մերժվել է։
96. Սահմանադրական դատարանն իր մտահոգությունն է հայտնում սույն որոշման նախորդ կետում արձանագրված փաստի կապակցությամբ և հիշեցնում, որ դատական որոշումների պատճառաբանվածությունը հանդիսանում է Սահմանադրության 63-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի՝ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ամրագրված՝ «դատական ակտերն օրենքով սահմանված լիազորությունների շրջանակներում վերանայելու միջոցով» օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունն ապահովելու սահմանադրական առաքելության արդյունավետ իրացման գրավականը11։
97. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նույնպես կարևոր նշանակություն է տալիս բարձրագույն դատական ատյանների որոշումների կայունությանն ու հետևողականությանը՝ դրանք համարելով իրավունքի գերակայության երաշխիք: Մասնավորապես՝ Բեյանն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ-ն ուսումնասիրել է Ռումինիայի Գերագույն դատարանի որոշումների հակասականության հարցը և նշել, որ հակասություններն արդյունք են «ներպետական բարձրագույն դատարանում պրակտիկայի կայունության ապահովման մեխանիզմների բացակայության», և, ընդգծելով բարձր դատարանների առաքելությունը դատական որոշումների հակասությունները վերացնելու ուղղությամբ, նշել է հետևյալը՝
«36. Իր պրակտիկայի հետևողականությունն ապահովող մեխանիզմի բացակայության պարագայում ներպետական բարձրագույն դատարանը կայացրել է, երբեմն միևնույն օրը, տրամագծորեն հակառակ որոշումներ Հ-309-2002 Օրենքի կիրառելիության ոլորտի վերաբերյալ (...):
37. Իհարկե, դատական պրակտիկայում առկա տարբերությունները ինքնին ուղենշում են իրավական ցանկացած համակարգ, որը հիմնված է վերջինիս տարածքում առկա նյութական իրավունքի հարցերով լիազորված տարբեր իրավասությունների ամբողջության վրա: Սակայն Գերագույն դատարանի դերը հենց այն է, որ վերացնի այդ հակասությունները (Զելինսկին և Պրադալը և Գոնզալեսը և ուրիշներն ընդդեմ Ֆրանսիայի (ՄՊ), nos. 24846/94 և 34165/96, կետ 59, ՄԻԵԴ 1999-VII; Zelinski and Pradal and Gonzalez and Others v. France (GC), nos. 24846/94 and 34165/96, 59, ECHR 1999-VII):
38. Սույն գործով պարզ է, որ Վճռաբեկ բարձր դատարանն ինքն է հանդիսացել այն խորը և կայուն տարբերությունների աղբյուրը, որոնցից գանգատվել է բողոքաբերը:
39. Երկրի բարձրագույն դատական ատյանի կողմից ձևավորված այս պրակտիկան ինքնին հակասում է իրավական որոշակիության սկզբունքին՝ մի սկզբունք, որը ենթադրվում է Կոնվենցիայի բոլոր հոդվածներում և «իրավունքի գերակայության» հիմնարար բաղադրիչներից մեկն է (տե՛ս mutatis mutandis` Բարանովսկին ընդդեմ Լեհաստանի, no. 28358/95, կետ 56, ՄԻԵԴ 2000-III; Baranowski v. Poland, no. 28358/95, § 56, ECHR 2000-III): Փոխանակ հետևելուն ենթակա մեկնաբանությունն հաստատելու՝ Վճռաբեկ բարձր դատարանն ինքն է դարձել իրավական անորոշության աղբյուր՝ այդպիսով՝ խաթարելով հանրության վստահությունը դատական իշխանության հանդեպ (տե՛ս mutatis mutandis` Սովտրանսավտո Հոլդինգն ընդդեմ Ուկրաինայի, no. 48553/99, կետ 97, ՄԻԵԴ 2002-VII, Պերես Արիան ընդդեմ Իսպանիայի, no. 32978/03, կետ 27, 28 հունիսի, 2007 թ.; Sovtransavto Holding v. Ukraine, no. 48553/99, § 97, ECHR 2002-VII, Perez Aria v. Spain, no. 32978/03, § 27, June 28, 2007):
40. Հետևաբար՝ Դատարանը եզրահանգում է, որ դատական նախադեպային իրավունքի հետ կապված որոշակիության բացակայությունը դիմումատուին զրկել է Հ-309-2002 Օրենքով սահմանված երաշխիքներից օգտվելու որևէ հնարավորությունից, մինչդեռ միևնույն իրավիճակում գտնվող այլ մարդկանց այդ իրավունքներն ընձեռվել են: Հետևաբար՝ թույլ է տրվել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասի խախտում»12:
98. Սահմանադրական կառուցակարգերի առանձնահատկությունից ելնելով՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է Վճռաբեկ դատարանի կողմից Սահմանադրական դատարանի դիրքորոշման հիման վրա նոր հանգամանքով վարույթ հարուցելու պարտադիրությունը և սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների՝ Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը վերսկսելու, ինչպես նաև վերսկսված վարույթի արդյունքում այդ դիրքորոշումներին համապատասխան՝ գործի ըստ էության վերջնական լուծումն ապահովող որոշում կայացնելու համար պարտադիր լինելը։
99. Հակառակ դեպքում սահմանադրական հիմնական իրավունքները, տվյալ դեպքում՝ Սահմանադրության 60-րդ հոդվածով երաշխավորված նյութական իրավունքը և դրա դատական պաշտպանությանն ուղղված՝ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները դառնում են տեսական և պատրանքային։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության՝ իրավական պետություն լինելու անօտարելի հատկանիշը (Սահմանադրության 1-ին հոդված), սեփականության իրավունքի հավասար պաշտպանվածության՝ իբրև սահմանադրական կարգի անքակտելի մաս հանդիսանալու փաստը (Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մաս), ինչպես նաև իր իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար Կոնվենցիայով նախատեսված իրավունքներն ու ազատություններն ապահովելու պարտավորությունը (Կոնվենցիայի 1-ին հոդված), անխուսափելիորեն հանգեցնում են այն եզրակացության, որ նշված նորմերի, ինչպես նաև դրանց իրացմանն ուղղված իրավունքի, այդ թվում՝ դատական պաշտպանության հնարավոր բոլոր երաշխիքների ապահովման պահանջը հասցեագրված է ոչ թե այս կամ այն դատարանին, այլ Հայաստանի Հանրապետության դատական իշխանությանը՝ իբրև մարդու իրավունքների իրացման հասցեատիրոջ, որն իր գոյության իրավունքը (լեգիտիմությունը) ստանում է հենց այդ պատճառով։
100. Ամփոփելով վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի Սահմանադրությանը համահունչ այն մոտեցմամբ, որ փաստակազմերի բովանդակային նմանությամբ իրավական հարցի առերևույթ նույնանմանություն առաջացնող դեպքերում վճռաբեկ բողոքը ենթակա է վարույթ ընդունման՝ հնարավորություն ընձեռելով Վճռաբեկ դատարանին իրացնելու իր՝ դատական պրակտիկայի միասնականության ապահովման սահմանադրական պարտականությունը:
101. Վերոնշյալի հիման վրա՝ Սահմանադրական դատարանը, ելնելով իրավունքի գերակայության ապահովման իր հիմնական առաքելությունից, հիշեցնում է, որ Սահմանադրական դատարանի որոշումները պարտադիր են բոլոր սուբյեկտների համար, և որ նրանց խնդիրն է ապահովել Սահմանադրական դատարանի՝ իրենց հասցեագրված իրավական դիրքորոշումների հետևանքայնությունը։ Այլ կերպ՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները հիմք են Վճռաբեկ դատարանի կողմից վարույթը վերսկսելու, ինչպես նաև վերսկսված վարույթի արդյունքում՝ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների շրջանակներում՝ գործին անմիջապես լուծում տալու կամ ստորադաս դատարանների կողմից նման լուծումն ապահովող որոշում կայացնելու համար։
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 1-ին կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և 397-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում են Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որ ձեռքբերման վաղեմության իրավահարաբերությունների դեպքում դատավարական իրավահաջորդության փաստով չեն կարող փոխանցվել փոխանցման պահին գոյություն չունեցող նյութական իրավունքները և պահանջները։
2. «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի համաձայն՝ Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման օրենքով սահմանված կարգով՝ նկատի ունենալով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը և 397-րդ հոդվածի 1-ին մասը Դիմողի նկատմամբ կիրառվել են սույն որոշման մեջ նշված մեկնաբանությունից տարբերվող մեկնաբանությամբ:
3. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
______________________________
1 Սույն գործի դատավարական նախապատմությունը ներկայացվում է՝ հիմք ընդունելով Դիմողի ներկայացրած տվյալները, սույն գործով ներկայացված դատական ակտերը, ինչպես նաև www.datalex.am դատական տեղեկատվական համակարգում թիվ ԵԴ/6908/02/18 քաղաքացիական գործով առկա տեղեկատվությունը, https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421203853924:
2 Որոշման՝ սույն կետի 1-ին և 3-րդ ենթակետերի ներքո Դիմողի կողմից շարադրված հիմնավորումների մասով, տե՛ս Սահմանադրական դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 1-ի ՍԴԱՈ-104 որոշումը, որով սույն գործով դիմումի քննությունն այդ մասով կարճել է։
3 Տե՛ս գործի նյութերը, էջ 150։
4 Տե՛ս գործի նյութերը, էջեր 185-189։
5 Սահմանադրական դատարանի 2013 թվականի հունվարի 30-ի ՍԴՈ-1073 որոշում, կետ 5:
6 Սահմանադրական դատարանի 2018 թվականի հոկտեմբերի 30-ի ՍԴՈ-1432 որոշում, կետ 4․1:
7 Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1699 որոշում, կետեր 5.2-5.3:
8 Հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/civil-cases/1136 :
9 Համանման դիրքորոշում է արտահայտվել նաև, ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի 2023 թվականի նոյեմբերի 24-ի թիվ ԵԴ/7920/02/20 գործով որոշմամբ։
10 Տե՛ս գործի նյութերը, հատոր 3, էջեր 82-85։
11 Տե՛ս ի թիվս բազմաթիվ այլ աղբյուրների՝ Սահմանադրական դատարանի 2016 թվականի մարտի 10-ի ՍԴՈ-1257, դրանով (կետ 7) վերահաստատված նախորդ մի շարք, մասնավորապես՝ ՍԴՈ-1127 (կետ 7), ՍԴՈ-1190 (կետ 10) և ՍԴՈ-1222 (կետ 6) որոշումները։
12 Տե՛ս Բեյանն ընդդեմ Ռումինիայի գործով ՄԻԵԴ վճիռը (no.1), դիմում no. 30658/05, 2007 թվականի դեկտեմբերի 6, կետ 39, Beian v. Romania (no. 1), https://hudoc.echr.coe.int/eng#{%22itemid%22:[%22001-83822%22]}
Նախագահող 1 հուլիսի 2025 թվականի ՍԴՈ-1789
Ա. Դիլանյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հուլիսի 2025 թվական: