ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 հուլիսի 2025 թվականի N 891-Ա
ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասը, «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետն ու 22-րդ հոդվածի 4-րդ մասը, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարանի Հ. Ոսկանյանի անվան հ. 2 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանն (այսուհետ՝ կազմակերպություն) անհատույց օգտագործման իրավունքով ամրացված, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ապարան ք., Մարշալ Բաղրամյան փողոց, 2-րդ փակուղի, 1 դպրոց հասցեում գտնվող գույքի կազմից առանձնացված և որպես առանձին գույքային միավոր գրանցված, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզ, համայնք Ապարան, Ապարան ք., Մարշալ Բաղրամյան փողոց, 2-րդ փակուղի, 1/1 հասցեում գտնվող, 6 345 687.15 դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, 0.33795 հեկտար մակերեսով հողամասը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ N 17042025-02-0067 վկայական) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքին (այսուհետ՝ համայնք)՝ բարեկարգման աշխատանքների իրականացման, ճանապարհի, դրան հարակից անվտանգության գոտիների կառուցման և սպասարկման նպատակով։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի (այսուհետ՝ կոմիտե) նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպության հետ կնքել 2023 թվականի հունիսի 21-ին կնքված «Պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի անհատույց օգտագործման» N 35/0023 պայմանագրում սույն որոշման 1-ին կետից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր՝ համաձայնագրում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում համայնքի ղեկավարի հետ կնքել գույքի նվիրաբերության պայմանագիր՝ դրանում սահմանելով, որ՝
ա. սովորողների ուսումնական գործունեության անխափան կազմակերպման և անվտանգ տեղաշարժի ապահովման նկատառումներից ելնելով՝ համայնքը պարտավոր է գույքը սահմանազատել կազմակերպության տարածքից և ստեղծել անվտանգային գոտի,
բ. նվիրաբերության պայմանի խախտման հիմքով՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերության վերացման դեպքում նվիրաբերություն ստացողի կողմից նվիրաբերված գույքի վրա կատարված անբաժանելի բարելավումները փոխհատուցման ենթակա չեն։
3. Կոմիտեի նախագահին՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրի կնքումից հետո մեկամսյա ժամկետում ապահովել գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
03.07.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|