ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հոկտեմբերի 1992 թ. N 542
Քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» օրենքի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերն իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող պետական կարիքների համար արտադրանքի (ապրանքների, աշխատանքների, ծառայությունների) գնումների և մատակարարումների միջոցով:
2. Հայաստանի Հանրապետության պետական այն կարիքները, որոնց ֆինանսավորումը նախատեսված չէ իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին, բայց անհրաժեշտության դեպքում լրիվ կամ մասնակիորեն ապահովվում են պետության անմիջական կարգավորման տակ գտնվող համապատասխան վարկային, նյութատեխնիկական ռեսուրսներով, ինչպես նաև միջպետական արտահանման և ներմուծման քվոտաներով, սահմանել պետական առաջադրանքի ձևով:
3. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի ձևավորման ու տեղադրման հիմնական դրույթները, համաձայն N 1 հավելվածի:
4. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի կազմը, համաձայն N 2 հավելվածի:
5. Հաստատել 1993 թվականի պետական առաջադրանքի կազմը, համաձայն N 3 հավելվածի:
6. Հաստատել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվեր և պետական առաջադրանք տեղադրող Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինների ցանկը, համաձայն N 4 հավելվածի:
7. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` մեկամսյա ժամկետում մշակել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի և պետական առաջադրանքի կազմով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների, պայմանագրերի նախապատրաստման ու կնքման կարգերը:
8. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական բյուջեում ֆինանսական միջոցներ առանձնացնել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների դիմաց երաշխավորված վճարումներ կատարելու համար:
9. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բանկին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը` շահագրգիռ նախարարությունների և կազմակերպությունների մասնակցությամբ քսանօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով և պետական առաջադրանքով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների ֆինանսավորման և վարկավորման կարգի մասին:
10. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի հոկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության պետական պատվերի մասին» N 626 որոշումը:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Խ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 1 ՀՀ կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի N 542 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՈՒ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ
1. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի միջոցով իրականացվում են հանրապետական և տեղական նշանակության պետական ծրագրերի իրագործումը, անվտանգության և պաշտպանության անհրաժեշտ մակարդակի ապահովումը, հանրապետության պետական պաշարների կազմավորումը և համալրումը, բյուջետային կազմակերպությունների կարիքներն առանձին սահմանափակ անվանացանկով, գիտական կարևորագույն հետազոտությունների իրականացումը, կադրերի պատրաստումը, ինչպես նաև բնակչության առանձին սոցիալական նվազագույն կարիքների ապահովումը:
2. Պետական առաջադրանքի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջպետական պարտավորությունների կատարումը, արտադրության և բնակչության պահանջմունքների բավարարումը (վառելիք, ջուր, դեղորայք, սննդամթերք), ինչպես նաև բնակչության կենսամինիմումի հետ կապված սոցիալական պահանջների իրականացումը:
3. Պետական պատվերի և պետական առաջադրանքի անվանացանկը, դրա մեջ ներառվող արտադրանքների հաշվարկային ծավալները (բնեղեն կամ արժեքային արտահայտությամբ), ըստ պատվեր տեղադրող լիազորված մարմինների, ձևավորում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը, ելնելով արտադրանքի հաշվեկշռից, հաշվի առնելով հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների, գերատեսչությունների և պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեների առաջարկությունները:
4. Պետական պատվերը և պետական առաջադրանքը ձեռնարկություններում և կազմակերպություններում տեղադրում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմինները:
5. Պետական պատվերի և պետական առաջադրանքի անվանացանկն ըստ արտադրանքի հաշվարկային ծավալների և պատվեր տեղադրող լիազորված մարմինների հաստատվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
6. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի և պատվեր կատարող տնտեսավարող սուբյեկտների միջև կնքվող պայմանագրերի հիման վրա և վճարվում է հանրապետական կամ տեղական բյուջեների միջոցների հաշվին:
7. Պետական առաջադրանքն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված մարմնի և առաջադրանք կատարող տնտեսավարող սուբյեկտի միջև կնքվող պայմանագրի հիման վրա և անհրաժեշտության դեպքում ապահովվում է վարկային ու նյութատեխնիկական ռեսուրսներով (լրիվ կամ մասնակի), արտադրանքը ձեռք բերելու և իրացնելու առաջնահերթ իրավունքով:
8. Պետական պատվեր և առաջադրանք տեղադրող լիազորված մարմիններն իրավունք չունեն ընդլայնելու (նեղացնելու) պետական պատվերի և առաջադրանքի կազմը, փոփոխելու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծավալները:
9. Պետական պատվերի և պետական առաջադրանքի տեղադրումը կարող է իրականացվել մրցութային հիմունքներով: Մրցույթի ներկայացվող պայմանները մշակում են պատվեր տեղադրող լիազոր մարմինները:
10. Պետական (իշխանության տեղական մարմինների) հասարակական ծառայությունների ձեռնարկություններում պետական պատվերը և պետական առաջադրանքը տեղադրվում են պարտադիր կարգով, բայց առանց ձեռնարկության համաձայնության չի կարող տարածվել ձեռնարկության ամբողջ արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) վրա, բացի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) խիստ սահմանափակ ցուցակի:
11. Պետական պատվերի և պետական առաջադրանքի կատարող կարող է հանդես գալ սեփականության ցանկացած ձևի վրա հիմնված տնտեսավարող սուբյեկտ:
12. Պետական պատվերով և պետական առաջադրանքով գնվող ու մատակարարվող արտադրանքի գները որոշվում են պայմանագրերով (բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավորվող գներով ու սակագներով իրացվող արտադրանքի, աշխատանքների և ծառայությունների տեսակների):
13. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերի կատարման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ռեսուրսները տնտեսավարող սուբյեկտները ձեռք են բերում ինքնուրույն (բացառությամբ այն դեպքերի, երբ նրանք կենտրոնացված բաշխման կարգով ստանում են նյութատեխնիկական ռեսուրսներ), փոխգործակցելով մատակարար միջնորդ-մեծածախ ցանցի կազմակերպությունների, շուկայական այլ կառուցվածքների հետ, ինչպես նաև ուղղակի հորիզոնական կապերի միջոցով:
14. Պետական պատվեր և պետական առաջադրանք տեղադրող լիազորված մարմինները`
սպառողների հետ կոնկրետացնում են պետական պատվերով և պետական առաջադրանքով սահմանված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) տեսականին (ըստ ծավալների) և դրանց մատակարարման (կատարման) ժամկետները.
պատվեր կատարող տնտեսավարող սուբյեկտներին պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների դիմաց կատարում են երաշխավորված վճարումներ` պայմանագրերով սահմանված գներով.
պետական առաջադրանքներ կատարող տնտեսավարող սուբյեկտներին սահմանված ապրանքների գնումների դիմաց իրենց հատկացված ռեսուրսների շրջանակներում ապահովում են վարկային և նյութատեխնիկական ռեսուրսներով, քվոտաներով և այլն:
15. Պետական պատվերի և պետական առաջադրանքի պայմանագրերից կատարողի հրաժարվելը հիմնավոր է ճանաչվում, եթե պատվեր տեղադրող լիազոր մարմնի կողմից չեն կատարվել պայմանագրով ստանձնած պարտավորությունները:
Պետական պատվեր տեղադրող մարմինն իրավունք ունի հրաժարվել (լրիվ կամ մասնակի)`
պայմանագրով նախատեսված արտադրանքից` ամբողջությամբ փոխհատուցելով տնտեսավարող սուբյեկտին պատճառած վնասները.
արտադրանքի վճարումից, երբ նրա որակը չի համապատասխանում պայմանագրով նախատեսված նորմատիվատեխնիկական փաստաթղթերի պահանջներին:
16. Հայաստանի Հանրապետության 1993 թվականի պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների չկատարման կամ թերակատարման դեպքում ձեռնարկություններն ու կազմակերպությունները գույքային պատասխանատվություն են կրում օրենսդրությամբ սահմանված կարգով:
Տուրքի, տուգանքի և վնասների հատուցումը չի ազատում պատվեր կատարողին պայմանագրային պարտավորությունների լրիվ կատարումից:
Պետական պատվերով սահմանված արտադրանքի գնումների և մատակարարումների պայմանագրային պարտավորությունների խախտման դեպքում պատվեր տեղադրող լիազոր մարմնին իրավունք է վերապահվում արտադրանք ձեռք բերել այլ մատակարարներից, նրանց առաջարկված գներով, լրացուցիչ ծախսերը փոխհատուցելով պայմանագրային պարտավորությունները չկատարող ձեռնարկության հաշվին:
17. Պետական պատվերի և պետական առաջադրանքի պայմանագրերի կնքման, փոփոխման, դադարեցման և չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում տնտեսավարող սուբյեկտի և պատվեր տեղադրող լիազոր մարմնի միջև ծագած, ինչպես նաև պատճառած վնասների փոխհատուցման վերաբերյալ վեճերը սահմանված կարգով լուծվում են դատարանի կամ պետական արբիտրաժի միջոցով:
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 2 ՀՀ կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի N 542 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ԿԱԶՄԸ
1. Արդյունաբերական կարևորագույն արտադրանքի գնումներ և մատակարարում
Հանրապետական և տեղական նշանակության պետական ծրագրերի իրագործում.
Հայաստանի Հանրապետության պետական պաշարների կազմավորում և համալրում.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, օրինականության և հասարակական կարգի պահպանման կարիքներ.
բյուջետային կազմակերպությունների կարիքներ (առանձին սահմանափակ անվանացանկով).
վառելիք (միայն բյուջետային կազմակերպությունների կարիքների մասով).
դեղորայք, սանիտարահիգիենիկ արտադրանք, բուժտեխնիկա և սարքավորումներ, բժշկական այլ պարագաներ (միայն պետական բժշկական համակարգի մասով):
2. Գյուղատնտեսական հումքի, պարենի գնումներ և մատակարարում
հանրապետական և տեղական նշանակության պետական ծրագրերի իրագործում.
Հայաստանի Հանրապետության պետական պաշարների կազմավորում և համալրում.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության կարիքներ.
հիվանդանոցների, դպրոցների, պետական ուսումնական հաստատությունների կարիքներ (առանձին անվանացանկով).
մանկական սնունդ.
պարենային հացահատիկ:
3. Հանրապետական և տեղական նշանակության պետական ծրագրերով իրագործվող օբյեկտների շինարարություն:
4. Գիտական կարևորագույն հիմնարար հետազոտություններ և մշակումներ (Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված պետական ծրագրեր):
5. Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում:
6. Կադրերի պատրաստում`
բարձրագույն ուսումնական հաստատություններում (ցերեկային ուսուցում).
պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում:
7. Կադրերի վերապատրաստում:
8. Բնակչության բժշկական սպասարկում:
9. Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների գործունեություն:
10. Երկրաբանահետախուզական աշխատանքներ (ըստ աշխատանքների առանձին տեսակների):
11. Բնակարանային-կոմունալ տնտեսության շահագործողական աշխատանքներ (ըստ աշխատանքների առանձին տեսակների):
12. Տպագրական արտադրանք`
գեղարվեստական և գիտական գրականություն (առանձին ցանկով).
դասագրքեր:
13. Ռադիոհեռուստահաղորդումներ:
14. Ստանդարտացման և չափաբանության ազգային համակարգի մշակման աշխատանքներ:
15. Բնակավայրերի գլխավոր հատակագծի և մանրակրկիտ հատակագծերի նախագծերի մշակում:
16. Սեյսմոմիկրոշրջանացման քարտեզների և ինժեներական պաշտպանության սխեմաների մշակում:
17. Գեոդեզիայի և քարտեզագրության աշխատանքներ:
18. Պետական ֆինանսական ռեսուրսների դիմաց գոյացած վարկային սահմանաքանակներ:
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 3 ՀՀ կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի N 542 որոշման |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԿԱԶՄԸ
1. Հայաստանի Հանրապետության ստանձնած միջպետական պարտավորություններ
2. Վառելիք (բացի բյուջետային հիմնարկներին մատակարարվող մասից)
3. Դեղորայք, սանիտարահիգիենիկ արտադրանք, բուժտեխնիկա և սարքավորումներ, բժշկական այլ պարագաներ (բացի առողջապահական պետական համակարգի մատակարարումներից)
4. Բնակչության նվազագույն կարիքների ապահովում պարենով`
կենդանական յուղ
շաքար, շաքարավազ
միս, մսամթերք
կաթ, կաթնամթերք
բուսական յուղ
ձու
5. Բնակարանային-կոմունալ տնտեսության շահագործողական աշխատանքներ (ըստ աշխատանքների առանձին տեսակների)
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |
|
ՀԱՎԵԼՎԱԾ N 4 ՀՀ կառավարության 1992 թվականի հոկտեմբերի 30-ի N 542 որոշման |
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՏԵՂԱԴՐՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ
|
Պետական պատվերի և պետական առաջադրանքի կազմը |
Պատվեր տեղադրող լիազոր մարմնի անվանումը |
|
1 |
2 |
| Արդյունաբերական կարևորագույն արտադրանքի գնումներ և մատակարարում |
ՀՀ նյութական ռեսուրսների նախարարություն ՀՀ առևտրի նախարարություն ՀՀ վառելիքի և էներգետիկայի նախարարություն ՀՀ առողջապահության նախարարություն Հայկոոպի վարչություն ՀՀ պաշտպանության նախարարություն
|
| Գյուղատնտեսական հումքի և պարենի գնումներ և մատակարարում |
ՀՀ պարենի և մթերումների նախարարություն ՀՀ գյուղատնտեսության նախարարություն Հայկոոպի վարչություն ՀՀ պաշտպանության նախարարություն
|
|
Հանրապետական և տեղական նշանակության ծրագրերով իրագործվող օբյեկտների շինարարություն |
համապատասխան նախարարություններ և գերատեսչություններ` ըստ պետական ծրագրերով հաստատված օբյեկտների պատվիրատուների ցանկի
|
| Գիտական կարևորագույն հիմնարար հետազոտություններ և մշակումներ |
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն
|
| Գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստում |
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն
|
| Կադրերի պատրաստում` |
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն
|
|
բարձրագույն ուսումնական հաստատություններում (ցերեկային ուսուցում)
|
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն
|
|
միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատություններում (ցերեկային ուսուցում)
|
ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նախարարություն
|
|
պրոֆտեխնիկական ուսումնական հաստատություններում
|
ՀՀ լուսավորության նախարարություն
|
| Կադրերի վերապատրաստում |
ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարություն
|
| Բնակչության բժշկական սպասարկում |
ՀՀ առողջապահության նախարարություն
|
|
Հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հիմնարկների գործունեություն
|
ՀՀ լուսավորության նախարարություն
|
|
Երկրաբանահետախուզական աշխատանքներ (ըստ աշխատանքների առանձին տեսակների)
|
ՀՀ ընդերքի պետական վարչություն |
|
Բնակարանային-կոմունալ տնտեսության շահագործողական աշխատանքներ (ըստ աշխատանքների առանձին տեսակների)
|
պատգամավորների տեղական խորհուրդների գործադիր կոմիտեներ, «Հայբնակկոմունտնտ» ՀՄ |
| Տպագրական արտադրանք` |
ՀՀ կառավարությանն առընթեր հրատարակչական գործերի վարչություն
|
|
գեղարվեստական գրականության դասագրքեր
|
|
| Ռադիոհաղորդումներ |
ՀՀ ռադիոհաղորդումների և հեռուստատեսության պետական վարչություն
|
|
Ստանդարտացման և չափաբանության ազգային համակարգի մշակում |
ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման և չափաբանության կենտրոն
|
|
Բնակավայրերի գլխավոր հատակագծի և մանրակրկիտ հատակագծերի նախագծերի մշակում
|
Հայճարտպետվարչություն |
|
Սեյսմոմիկրոշրջանացման քարտեզների և ինժեներական պաշտպանության սխեմաների մշակում
|
Հայճարտպետվարչություն |
|
Գեոդեզիայի և քարտեզագրության աշխատանքներ
|
ՀՀ կառավարությանն առընթեր գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտ |
|
Պետական ֆինանսական ռեսուրսների դիմաց գոյացած վարկային սահմանաքանակներ |
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ բանկ |
________
*) Ըստ անհրաժեշտության:
|
Հայաստանի Հանրապետության կառավարության գործերի |
Հ. ՔՈԹԱՆՅԱՆ |