ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
ԲԴԽ-21-Ո-Կ-4 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՄԻՆԵ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի |
|
|
|
|
անդամներ |
Ա. ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ Ա․ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ Կ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ Ե. ԹՈՒՄԱՆՅԱՆՑԻ Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԷԴ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ |
|
Արդարադատության նախարարի տեղակալ |
Տ. ԴԱԴՈՒՆՑԻ |
|
Արդարադատության նախարարի ներկայացուցիչ |
Ն. ԶեյնալՅԱՆԻ |
|
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր |
Ա. ՍԱՖԱՐՅԱՆԻ |
|
քարտուղարությամբ՝ |
Շ. ՄԵՍՐՈՊՅԱՆԻ Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆԻ |
| 02 հունիսի 2025 թվականի |
ք. Երևան |
դռնբաց նիստում, քննության առնելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի փետրվարի 27-ի թիվ 14-Ա որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը.
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի նախապատմությունը
Կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Էդիկ Աբգարյանի (այսուհետ նաև՝ Հաղորդում ներկայացրած անձ կամ Հայցվոր) կողմից 24.09.2024 թվականին Արդարադատության նախարարին (այսուհետ նաև՝ Նախարար) ներկայացված հաղորդումը (այսուհետ նաև՝ Հաղորդում)՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի (այսուհետ նաև՝ Դատավոր կամ Դատարան) նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ։
Արդարադատության նախարարի 26.12.2024 թվականի թիվ 119-Ա որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) Դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ:
Արդարադատության նախարարի 27.02.2025 թվականի թիվ 14-Ա որոշմամբ միջնորդություն (այսուհետ նաև՝ Միջնորդություն) է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 17.03.2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ:
Խորհուրդը 07.04.2025 թվականի արձանագրային որոշմամբ բավարարել է Խորհրդի անդամ Քրիստինե Մկոյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
Խորհրդի 12.05.2025 թվականի արձանագրային որոշմամբ մերժվել է Միջնորդությունը մերժելու և այդ հիմքով վարույթը կարճելու մասին Դատավորի միջնորդությունը:
12.05.2025 թվականին կայացած նիստում գործի քննությունն ավարտվել է, իսկ 02.06.2025 թվականին նշանակվել է դատական ակտի հրապարակման օր:
2. Վարույթ հարուցած մարմնի դիրքորոշումը
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև՝ ՔԴՕ) 27-րդ հոդվածի 5-րդ մասը, 199-րդ հոդվածի 4-րդ մասը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 46-րդ հոդվածի 1-ին մասը, նշել է, որ օրենսդիրը, չբացառելով տարբեր պատճառներով գործը քննող դատավորի լիազորությունների դադարման կամ դադարեցման հնարավոր վտանգը և գերակա համարելով արդարադատության շահը՝ նման իրավիճակներում քննության ենթակա դատական գործի համար նախատեսել է այն վերաբաշխվելու արդյունքում տվյալ մասնագիտացմամբ այլ դատավորի փոխանցվելու կառուցակարգ՝ միաժամանակ դատավարական օրենսգրքով նախատեսելով դատական կազմի փոփոխության արդյունքում տվյալ գործն ստացած դատավորի կողմից այն վարույթ ընդունելու և դրանից բխող այլ դատավարական գործողություններ ձեռնարկելու պարտադիր պահանջներ։ Բացի այդ, հարկ է հաշվի առնել, որ նման դեպքերում՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված, արդեն իսկ քննության առնվող դատական գործը որոշակի փուլում ընդհատվել է և այն նորից քննության առնելու համար անհրաժեշտ է կրկնակի կատարել որոշակի դատավարական գործողություններ, որն ինքնաբերաբար հանգեցնում է դատական գործի քննության երկարաձգմանը։ Հետևաբար նման պայմաններում, առավել քան անհրաժեշտ է բոլոր դատավարական գործողությունները կատարել առավել սեղմ և օրենսդրությամբ նախատեսված ժամկետների խստիվ պահպանմամբ։
Վարույթ հարուցած մարմինը, վկայակոչելով Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ նաև՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին մասը, Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասը, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, նշել է, որ դատավորի վարքագծի կանոններին վերաբերող վերոնշյալ իրավանորմերից հետևում է, որ ցանկացած դեպքում դատավորը պարտավոր է իր գործունեությունն իրականացնել այնպես, որ բարձր պահի դատական իշխանության հեղինակությունը՝ թե´ որպես անհատ, և թե´ որպես արդարադատություն իրականացնող անձ՝ թույլ չտալով այնպիսի գործողություններ, որոնք կարող են որևէ կերպ վարկաբեկել դատական իշխանությունը կամ հանրության ցանկացած անդամի մոտ ստեղծել այնպիսի տպավորություն, որը կարող է թյուր պատրանք ստեղծել կամ այլ կերպ բացասական ազդեցություն ունենալ դատական իշխանության անկախության և անաչառության վրա։ Դատավորի կողմից գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման պահանջն իր ամրագրումն է ստացել ոչ միայն դատավարական օրենսգրքերում, այլ նաև՝ դատավորին ներկայացվող վարքագծի կանոններում՝ իրենից ներկայացնելով առանձնակի կարևորություն, քանի որ որոշ դեպքերում և պայմաններում դրա խախտումը կարող է իր ազդեցությունն ունենալ դատական իշխանության հեղինակազրկման հարցում՝ հանգեցնելով դատական իշխանության նկատմամբ դատավարության մասնակիցների անվստահության ձևավորմանը, ինչպես նաև կարծիք ստեղծել՝ իրեն վերաբերող վեճի լուծման շուրջ արդարադատություն իրականացնող մարմնի կողմից դրսևորվող անտարբերության տեսանկյունից։
Վկայակոչելով Սահմանադրական դատարանի 16.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ, գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացնելու պահանջի բովանդակությանը վերաբերող Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ նաև՝ Եվրոպական դատարան) որոշումներով (Cases of H. v. France, application no. 10073/82, 24/10/1989, and Katte Klitsche de la Grange v. Italy, application no. 12539/86, 27/10/1994), ինչպես նաև Խորհրդի 18.06.2020 թվականի թիվ ԲԴԽ-26-Ո-Կ-6 և 16.07.2024 թվականի թիվ ԲԴԽ-54-Ո-Կ-6 որոշումներով արտահայտած դիրքորոշումները, Բանգալորյան սկզբունքների մեկնաբանությունները՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ սույն կարգապահական վարույթի փաստերի համաձայն՝ թիվ ԵԴ/54268/02/22 քաղաքացիական գործի (այսուհետ նաև՝ Գործ) շրջանակներում 18.10.2022 թվականին ներկայացված հայցադիմումը դատավոր Զարուհի Նախշքարյանի 06.12.2022 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, իսկ հայցադիմումին կից ներկայացված հայցի ապահովման մասին միջնորդությունը՝ բավարարվել։ Դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցումից հետո տեղի է ունեցել դատարանի կազմի փոփոխություն, մասնավորապես, 27.03.2023 թվականին Գործը մակագրվել է դատավոր Արմինե Սաֆարյանին։
Նման պայմաններում վերը նշված իրավակարգավորումների համաձայն, Դատավորը պարտավոր է կայացնել գործը վարույթ ընդունելու մասին որոշում և դրա կայացումից հետո՝ եռօրյա ժամկետում, այն ուղարկել կողմերին։
Սույն կարգապահական վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերի, համապատասխան պաշտոնատար անձանց կատարված հարցումների արդյունքում պարզվել է, որ Դատավորը քննարկվող որոշումը Գործով Հայցվորի ներկայացուցչին ուղարկել է ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոնի էական խախտմամբ՝ մոտ 1 տարի 9 ամիս անց, մասնավորապես՝ թեև Դատավորը 27.01.2025 թվականին ներկայացված բացատրությամբ (այսուհետ նաև՝ Բացատրություն) նշել է, որ սկզբնապես «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը 18.04.2023 թվականի ուղեկցական գրությամբ ուղարկված է եղել կողմին, սակայն Գործում հիշյալ որոշումը Հայցվորի կողմից ստանալը հավաստող հետադարձ փաստաթուղթ չի ստացվել և աշխատակազմի հաճախակի փոփոխության հանգամանքով պայմանավորված այլ հանգամանքներ հնարավոր չի եղել պարզել, այդուհանդերձ Նախարարի կողմից Դատական դեպարտամենտի ղեկավարին կատարված հարցման արդյունքում պարզվել է, որ Դատավորի կողմից վարույթ հարուցող մարմնին է ներկայացվել իրականությանն ակնհայտորեն չհամապատասխանող՝ ոչ ճիշտ տեղեկություն, կապված հիշյալ դատական ակտն ուղարկելու հետ:
Մասնավորապես՝ Դատական դեպարտամենտի ղեկավարի 17.02.2025 թվականի թիվ ԴԴ-1 ԴԴ/566-25 գրության ուսումնասիրությունից պարզվել է, որ թիվ ԵԴ/54268/02/22 քաղաքացիական գործով հայցվոր Էդիկ Աբգարյանի ներկայացուցիչ Աննա Ծառուկյանին ուղղված՝ «Գործը վարույթ ընդունելու մասին» 14.04.2023 թվականի որոշումն ուղարկելու վերաբերյալ գրությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմի գրասենյակի կողմից ելքագրվել է 16.01.2025 թվականին՝ թիվ Ե-1953/25 ելից համարով։ Բացի այդ, ըստ «Datalex» դատական տեղեկատվական համակարգում (այսուհետ նաև՝ Համակարգ) առկա տեղեկատվության՝ Դատարանի 14.04.2023 թվականի՝ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը Համակարգում տեղադրվել է 22.11.2024 թվականին (Ստեղծման ամսաթիվ։ 2024-11-22 13:47:26)։ Արդյունքում ստացվում է, որ Դատավորը թեև Բացատրությամբ նշել է, որ դեռևս 18.04.2023 թվականի ուղեկցական գրությամբ ուղարկել է քննարկվող որոշումը, սակայն փաստացի այն ուղարկվել է Դատավորի նկատմամբ սույն կարգապահական վարույթը հարուցվելուց հետո։
Նշվածից բացի, հատկանշական է, որ Նախարարի ներկայացուցիչների կողմից Դատարանում 10.02.2025 թվականին իրականացված Գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Դատավորի գործավարի կողմից 18.04.2023 թվականին Գործով Հայցվորին և պատասխանողներին հասցեագրված՝ Դատարանի՝ «Գործը վարույթ ընդունելու մասին» 14.04.2023 թվականի որոշումն ուղարկելու վերաբերյալ գրությունների վրա բացակայում են ելից համարները։ Պատասխանողներին հասցեագրված գրության վերջում առկա է միայն ներկայացուցիչ Հայկ Արամյանի կողմից արված նշում և ստորագրություն՝ այն ստանալու մասին, սակայն բացակայում է այն ստանալու օրվա մասին նշումը:
Վերոգրյալի արդյունքում վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմի խախտում, որը հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման։
Մասնավորապես՝ ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասով օրենսդրի կողմից արդեն իսկ սահմանված է առանձին ակտի ձևով կայացվող որոշումների ուղարկման համար սեղմ՝ եռօրյա ժամկետ, որի ամրագրմամբ արդեն իսկ օրենսդիրը մատնանշել է նման գործողության կատարման ողջամտության սահմանները։ Հետևաբար, նշված ժամկետի փոխարեն 1 տարի 9 ամիս անց քննարկվող դատական ակտի ուղարկումը համարվում է ողջամիտ ժամկետում գործի քննության և լուծման վարքագծի կանոնի խախտում, որն ինքնին հեղինակազրկում և վարկաբեկում է դատական իշխանությունը։ Ընդ որում, Դատավորի Բացատրությամբ, ինչպես նաև սույն վարույթով ձեռքբերված մյուս նյութերով չեն հիմնավորվել, որ Դատավորի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր և պատշաճ ջանասիրություն, որպեսզի ապահովվի կայացված դատական ակտի տրամադրումը կողմին։ Ավելին, մինչև սույն վարույթի հարուցումը Հաղորդում ներկայացրած անձը գտնվել է անորոշ իրավիճակում, քանի որ վերջինս ստացած չի եղել քննարկվող որոշումը՝ տեղեկացված չլինելով նաև նախորդիվ նշանակված դատական նիստերի մասին, որոնք չեն կայացել՝ պայմանավորված դատավորի անձնական պատճառներով:
Ներկայացվածի արդյունքում Դատավորի կողմից առանձին թույլ է տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, քանի որ ինչպես հետևում է վերը ներկայացված փաստերի համադրությունից՝ քննարկվող որոշման ուղարկման հետ կապված Դատավորի կողմից Բացատրությամբ ներկայացված են ակնհայտ անհամապատասխան տեղեկություններ, որոնք հերքվում են ձեռքբերված նյութերով և կատարված հարցումների արդյունքում ստացված տեղեկություններով։ Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ բոլոր դեպքերում դատավորի պաշտոնը դիտվում է որպես ազնվության, արդարության և ճշմարտացիության մարմնացում, իսկ տվյալ պաշտոնը կրող անձի հայտնած խոսքը թե` հասարակության, թե` պաշտոնատար անձանց կողմից ընկալվում է որպես բացարձակ ճշմարտություն, և դրա հակառակը հիմնավորվելու պարագայում հիմքեր են ստեղծվում դատական իշխանության հեղինակության վարկաբեկման ուղղությամբ։
Անդրադառնալով Գործի՝ ողջամիտ ժամկետում քննության իրականացմանը, վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել արձանագրել, որ թեև Դատարանի՝ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը, ըստ թվագրման, կայացվել է 14.04.2023 թվականին, այդուհանդերձ, հերթական դատական նիստեր են նշանակվել 18.10.2023 թվականին, 11.04.2024 թվականին, 15.10.2024 թվականին, 28.10.2024 թվականին, 31.10.2024 թվականին, 19.11.2024 թվականին, 12.12.2024 թվականին, 27.02.2025 թվականին, որոնցից առաջին 2-ը չեն կայացվել՝ պայմանավորված Դատավորի անձնական պատճառներով, մի դեպքում՝ Դատավորը 18.10.2023-20.10.2023թթ. ներառյալ մասնակցել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվող՝ Զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցման դասընթացներին, մյուս դեպքում՝ պայմանավորված Դատավորի՝ 05.04.2024-11.04.2024թթ. արձակուրդում գտնվելու հանգամանքով, իսկ դրա հաջորդը՝ 15.10.2024 թվականին, որը կայացվել է։
Արդյունքում Դատարանի՝ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշման կայացումից 1 տարի անց դեռևս չի կայացվել ոչ մի դատական նիստ, իսկ 1 տարի 9 ամիս անց նոր կայացվել է առաջին դատական նիստը, որպիսի պայմաններում չի կարող խոսք գնալ գործի՝ ողջամիտ ժամկետում քննության մասին։ Բացի այդ, Դատավորի կողմից այդ ուղղությամբ չեն ձեռնարկվել անհրաժեշտ միջոցներ այն առումով, որ հենց Դատավորի անձնական պատճառներով դատական նիստերը չկայացվելու արդյունքում հերթական դատական նիստերը չեն նշանակվել ավելի մոտ ժամանակահատվածում և հատկանշական է այն հանգամանքը, որ Դատավորը Գործով ինտենսիվորեն դատական նիստեր է սկսել նշանակել միայն 2024 թվականի հոկտեմբեր ամսվանից սկսած։ Ընդ որում, կարևոր է փաստել, որ Համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝ նախորդիվ նշանակված և չկայացված դատական նիստերի վերաբերյալ տեղեկատվությունը Համակարգում լրացվել է 22.11.2024 թվականին, իսկ դրանցից առաջին երկուսի նշանակման մասին չեն տեղեկացվել դատավարության մասնակիցները։ Միաժամանակ վարույթ հարուցած մարմինն անհրաժեշտ է համարել նշել, որ արդեն հանրահայտ փաստ է՝ օրենսդրական փոփոխությունների արդյունքում 01.01.2024 թվականից սկսած էականորեն բեռնաթափվել են քաղաքացիական մասնագիտացմամբ բոլոր դատավորները, որպիսի պայմաններում չէին կարող դատական նիստեր նշանակվել նշված միջակայքով։ Նշվածի արդյունքում այս մասով նույնպես՝ Դատավորի կողմից թույլ են տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։ ՔԴՕ 93-րդ հոդվածի 1-4-րդ մասերի և 94-րդ հոդվածի 1-ին մասի համադրությունից հետևում է, որ դատավարական օրենսգրքով դատարանի համար նախատեսված է պարտականություն՝ համապատասխան դեպքերում դատական ծանուցագրի ուղարկման միջոցով նշանակված դատական նիստերի վերաբերյալ դատավարության մասնակիցներին կամ օրենքով նախատեսված դեպքերում նրանց ներկայացուցիչներին տեղեկացնելու նշանակված դատական նիստի տեղի և վայրի մասին՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով մասնակցելու դատական նիստին և իրացնելու իրենց դատավարական իրավունքները՝ այդպիսով ապահովելով դատական նիստին վերջիններիս մասնակցությունը և լսված լինելու իրավունքը։
Գործի նյութերի ուսումնասիրությունից պարզվել է, որ Գործում բացակայում են 18.10.2023 թվականին և 11.04.2024 թվականին հրավիրված դատական նիստերի մասին դատավարության մասնակիցներին կամ նրանց ներկայացուցիչներին ծանուցելու վերաբերյալ դատական ծանուցագրերը, որպիսի հանգամանքը վկայում է նրա մասին, որ Դատարանի կողմից թույլ են տրվել ՔԴՕ 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումներ, որպիսի խախտումները հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման։
Մասնավորապես,Դատարանի կողմից նման պարբերականությամբ հրավիրվել են դատական նիստեր, սակայն դրանք կրել են լրիվ ձևական բնույթ, քանի որ առաջին հերթին դրանց վերաբերյալ Գործում բացակայում են դատական ծանուցագրերը, այսինքն՝ դատավարության մասնակիցները դրանց նշանակման մասին տեղեկացված չեն եղել և երկրորդ՝ դատական նիստերը չեն կայացվել՝ Դատավորի անձնական պատճառներով պայմանավորված։ Բացի այդ, կրկին ուշադրության է արժանի այն, որ քննարկվող դատական նիստերի մասին լրացումները Համակարգում կատարվել են ավելի քանի մեկ տարի անց՝ 22.11.2024 թվականին, ինչը չենք կարող ասել Գործով մյուս՝ կայացված դատական նիստերի մասին։
Այսպիսով, ամբողջ վերոգրյալի հիման վրա վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի՝ ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խախտում, որը հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, ՔԴՕ 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումներ, որպիսի խախտումները հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, ինչպես նաև Դատավորի կողմից առանձին թույլ են տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։
Անդրադառնալով մեղքի ձևին, վկայակոչելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին, 4-րդ և 5-րդ մասերը՝ վարույթ հարուցած մարմինը նշել է, որ Գործի փաստական հանգամանքների ուսումնասիրության և կատարված իրավական վերլուծության համադրման արդյունքում գտել է, որ Դատավորի կողմից թույլ տրված վարքագծի կանոնի խախտումները կատարվել են մեղավորությամբ։ Վարքագծի կանոնի խախտման հանգեցրած դատավարական իրավունքի նորմերի խախտումները դրսևորվել են կոպիտ անփութությամբ։
Հաշվի է առնվել նաև հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում Դատավորի կողմից իրեն վերագրվող խախտման հանգամանքների և պատճառների, խախտման իրավական գնահատականի վերաբերյալ Բացատրությամբ ներկայացված փաստարկները, ինչպես նաև վարույթ հարուցած մարմնի կողմից խախտումները դիտավորությամբ կատարելու մասով ապացուցված չլինելու հանգամանքը։ Այսպիսով, Դատավորը չի գիտակցել իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը՝ վերագրվող վարքագծի կանոնների խախտումների առնչությամբ, թեև տվյալ իրադրությունում ակնհայտորեն կարող էր և պարտավոր էր դա անել։ Միևնույն ժամանակ, Դատավորի կողմից թույլ տրված առանձին վարքագծի կանոնի խախտումը՝ վարույթ հարուցած մարմնին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնելը, դրսևորվել է դիտավորությամբ, քանի որ Դատավորն իր չկատարած գործողությունները որպես կատարված ներկայացնելով և իր սեփական արարքների վերաբերյալ տեղեկություններ փոխանցելիս անխուսափելիորեն գիտակցել է դրանց իրականությանը չհամապատասխանելը, ինչպես նաև նման արարքի՝ դատավորի վարքագծի կանոնների հետ անհամապատասխան լինելը։ Այսինքն, Դատավորը գիտակցել է իր վարքագծի ոչ իրավաչափ բնույթը։
Անդրադառնալով Բացատրության շրջանակներում Դատավորի կողմից ներկայացված պնդմանն առ այն, որ ընթացիկ (դատավորի վարույթում քննության մեջ գտնվող) դատական գործով՝ մինչ տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կարգապահական վարույթ հարուցելու իրավական հնարավորություն սահմանված է բացառիկ դեպքում, երբ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք միաժամանակ հանգեցնում են և´ դատական պաշտպանության իրավունքի և´ արդարադատության խաթարման, ուստի ընթացիկ դատական գործով գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման համար հիմնավորված չէ Որոշմամբ նշված խախտումների առկայության հանգամանքը, վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել, որ Որոշմամբ Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել ոչ թե առանձին դատավարական իրավունքի նորմի խախտման մասով, այլ Դատավորի կողմից թույլ տրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման հանգեցրած դատավարական իրավունքի նորմի խախտման մասով։ Ավելին, տարընկալումներից զերծ մնալու նպատակով Որոշման պատճառաբանական մասում հատուկ տրված է նման ձևակերպում, ինչպես նաև հղում է կատարված միայն Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, որը վերաբերում է բացառապես դատավորի վարքագծի կանոնների խախտման մասով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելուն (տեԲս, Որոշման 5-րդ և 6-րդ էջերը)։
Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ Օրենսգրքի 142-րդ և 144-րդ հոդվածների համադրված վերլուծությունից հետևում է, որ դատավորի վարքագծի կանոնների խախտման հիմքով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար իրավական խոչընդոտ չի կարող հանդիսանալ վարույթի հիմքում ընկած դատական գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ չմտած լինելու հանգամանքը, հետևաբար՝ հենց օրենսդիրը դատավորի վարքագծի կանոնների խախտման մասով կարգապահական վարույթի հարուցումը չի համարել միջամտություն արդարադատության իրականացմանը։
Ինչ վերաբերում է Դատավորի կողմից նշված այն պնդմանը, որ սույն դեպքում Դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ կարող էր հարուցվել այն դեպքում, երբ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման, հերքվում է կատարված սույն վերլուծությամբ, հետևաբար՝ բացակայել է նաև Որոշմամբ այն հիմնավորելու պարտականությունը։ Ավելին՝ Խորհրդում քննվել են նմանատիպ բազմաթիվ կարգապահական վարույթներ և նման հիմքով հարուցված կարգապահական վարույթներով դատավորները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, և Խորհուրդն այդ մասով չի արձանագրել վարույթ հարուցող մարմնի կողմից թույլ տրված խախտում։
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ գործը վարույթ ընդունելու մասին որոշումը համապատասխան ժամկետում դատավարության մասնակցին ուղարկելու օրենսդրական պահանջի չպահպանելն ուղղակի ազդեցություն չի ունեցել գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման վրա, քանի որ անկախ համապատասխան որոշումը ստացած կամ չստացած լինելուց, դատավարության մասնակիցները տեղյակ են եղել գործի քննության ընթացքից, ապա վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել, որ այն դեպքում, երբ օրենսդիրը նման որոշման ուղարկման համար նախատեսել է սեղմ՝ եռօրյա ժամկետ, և Դատարանը դրա փոխարեն այն ուղարկել է մոտ 1 տարի 9 ամիս անց, ապա այն արդեն իսկ վկայում է օրենսդրի կողմից նախատեսված ողջամտության սահմանի էական խախտում, քանի որ յուրաքանչյուր ժամկետի սահմանում ինքնին ընդգծում է տվյալ գործողության կատարման ժամանակային սահմանը։ Բացի այդ, Դատավորի կողմից թույլ է տրվել Գործի ողջամիտ ժամկետում քննության խախտում այն տեսանկյունից, որ ինչպես վերը ներկայացվել է՝ շուրջ 1.5 տարի Գործով չեն կայացվել դատական նիստեր, իսկ նշանակված 2 դատական նիստերը չեն կայացվել՝ Դատավորի անձնական պատճառներով պայմանավորված և նման պայմաններում Դատավորը չի ձեռնարկել պատշաճ գործողություններ՝ առավել հաճախ դատական նիստեր նշանակելու ուղղությամբ։
Ավելին, Հաղորդում ներկայացրած անձը տեղեկացված չի եղել նշանակված և չկայացված 2 դատական նիստերի մասին։ Ինչ վերաբերում է բավականին սեղմ ժամկետներում դատական նիստեր հրավիրված լինելու վերաբերյալ Դատավորի փաստարկներին, ապա ուշադրության է արժանի այն, որ դրանք ինտենսիվորեն նշանակվել են միայն 2024 թվականի հոկտեմբեր ամսվանից սկսած, որպիսի պայմաններում առավել քան հետաքրքրական է դառնում, թե ինչու 1.5 տարվա ընթացքում նույն ինտենսիվությամբ չեն նշանակվել դատական նիստեր և թե ինչու է չկայացված դատական նիստերի վերաբերյալ լրացումները Համակարգում կատարվել միայն 2024 թվականի նոյեմբեր ամսին։
Ինչ վերաբերում է Դատավորի կողմից ներկայացված այն փաստարկներին, որ Հաղորդում ներկայացրած անձը Հաղորդմամբ բողոքել է որոշակիորեն այլ հանգամանքներից (հայցի ապահովման վերաբերյալ որոշումը չստանալուց և այլն) և չի բողոքել գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացումից և այլն, ապա վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել, որ վարույթ հարուցող մարմինը կաշկանդված չէ ներկայացված հաղորդմամբ դատավորին վերագրվող խախտումներով և իրավական հիմքերով և կարող է ինքնուրույն՝ հաղորդման շրջանակներում վերհանել հաղորդմամբ նշված խախտումներից դուրս այլ հիմքեր և խախտումներ։ Վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական խախտման վերաբերյալ հաղորդումները դիտարկվում են հանրային գանգատի ինստիտուտի տրամաբանության շրջանակներում, որի պայմաններում ցանկացած դեպքում պատշաճ աղբյուրից ստացված տեղեկությունները վարույթ հարուցող մարմինը պարտավոր է դիտարկել և գնահատել, ինչպես նաև առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ հայտնաբերելու դեպքում պարտավոր է նախաձեռնել համապատասխան իրավական գործընթաց։ Ավելին, դրա վերաբերյալ Օրենսգրքով նախատեսված չէ որևէ արգելք։ Բացի այդ, վարույթ հարուցող մարմինն իրեն վերապահված գործառույթը ոչ թե իրականացնում է հաղորդում ներկայացնող անձի իրավունքների վերականգնման կապակցությամբ, այլև դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հիմքերի առկայության դեպքում նյութեր է նախապատրաստում վերջինիս պատասխանատվության ենթարկելու համար։ Նշվածից բացի, այնուամենայնիվ, Հաղորդում ներկայացնող անձը հաղորդմամբ ակնհայտորեն դժգոհում է նաև վերամակագրությունից հետո Դատավորի կողմից գործը վարույթ ընդունելու որոշում կայացված չլինելու, այն չստանալու և Համակարգում տեղադրված չլինելու հանգամանքներից։
Ինչ վերաբերում է Դատավորի աշխատակազմի վերաբերյալ Բացատրությամբ նշված թերացումներին, ապա Խորհուրդն իր բազմաթիվ որոշումներով արձանագրել է, որ վերջիններիս թերացումների համար պատասխանատվություն է կրում նաև դատավորը և այդ հանգամանքով պայմանավորված դատավորը չի կարող ազատվել կարգապահական պատասխանատվությունից։
Անդրադառնալով այն փաստարկին, որ Դատավորի պնդմամբ՝ թեև «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը 18.04.2023 թվականի ուղեկցական գրությամբ ուղարկված է եղել կողմին, սակայն գործում այն Հայցվորի կողմից ստանալը հավաստող հետադարձ փաստաթուղթ չի ստացվել և աշխատակազմի հաճախակի փոփոխության հանգամանքով պայմանավորված այլ հանգամանքներ հնարավոր չի եղել պարզել, ապա վարույթ հարուցած մարմինը հարկ է համարել նշել, որ այս մասով նույնպես պատասխանատվություն է կրում նաև Դատավորը և վերջինս մշտապես պարտավոր է հետևողական լինել դատական գործի շրջանակներում կատարվող գրագրությունների, դատական ակտերի ուղարկման և ստացման հետ կապված հարցերում։
Ինչ վերաբերում է Որոշմամբ մեղքի ձևի վերաբերյալ հիմնավորումներ և վերլուծություններ կատարված չլինելուն, ապա Օրենսգրքի ուսումնասիրությունից չի հետևում, որ կարգապահական վարույթ հարուցելու որոշման համար սահմանված է նման պահանջ, ավելին, դրա մասին եզրահանգում կատարելն այդ փուլում դեռ վաղ է, քանի որ վարույթ հարուցող մարմինը չի կարող դեռևս այդ փուլում առանց դատավորի բացատրությանը և գործի նյութերին լիարժեք ծանոթանալու, հանգել մեղքի ձևը որոշելու վերաբերյալ եզրակացության։
Անդրադառնալով այն պնդմանը, որ Դատավորի պնդմամբ՝ Համակարգում տեղեկատվությունը զետեղվել է 22.11.2024 թվականին՝ մինչ կարգապահական վարույթի հարուցումը (26.12.2024 թվականը) և վարույթ հարուցող մարմինը տեղեկացել է տվյալ գործով կայացված բազմաթիվ դատական նիստերի վերաբերյալ, որի պայմաններում մինչև հարուցումը չի իրացվել Օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքը՝ Հաղորդում ներկայացրած անձին առաջարկելով ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր, որպիսի պայմաններում կհերքվեր ներկայացված դիմումին ընթացք տրված չլինելու հանգամանքը, ապա վարույթ հարուցած մարմինը անհրաժեշտ է համարել նշել, որ դատարանում դատական գործի նյութերին ծանոթանալու՝ վարույթ հարուցող մարմնի իրավունքը ծագում է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվելուց հետո միայն և վարույթ հարուցող մարմինն ինքնուրույն է հանգում այն հետևության, թե կոնկրետ դեպքում անհրաժեշտ է նյութեր պահանջել հաղորդում ներկայացրած անձից, թե դատավորից կամ դատարանում ծանոթանալ դատական գործի նյութերին։
Այսպիսով, ամփոփելով Դատավորի Բացատրության վերաբերյալ վերը ներկայացված հակափաստարկները՝ վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Բացատրությամբ ներկայացված փաստերը և հիմնավորումները չեն կարող ընդունվել։
Նշանակված դատական նիստում վարույթ հարուցած մարմնի ներկայացուցիչը պնդել է ներկայացված միջնորդությունը:
3․ Դատավորի դիրքորոշումը հարուցված կարգապահական վարույթի վերաբերյալ
Դատավորը վարույթ հարուցած մարմնին ներկայացրած Բացատրությամբ անդրադարձել է Որոշմանը և իրեն վերագրվող խախտումներին՝ արտահայտելով ստորև ներկայացված դիրքորոշումը.
Մասնավորապես, Դատավորը, անդրադառնալով Օրենսգրքով ամրագրված՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավական հիմքերին, նշել է, որ ընթացիկ (դատավորի վարույթում քննության մեջ գտնվող) դատական գործով՝ մինչ տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կարգապահական վարույթ հարուցելու իրավական հնարավորություն սահմանված է բացառիկ դեպքում, այն է, երբ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք միաժամանակ հանգեցնում են և´ դատական պաշտպանության իրավունքի և´ արդարադատության խաթարման, ուստի ընթացիկ դատական գործով գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման համար հիմնավորված չէ վերոնշյալ խախտումների առկայության հանգամանքը։ Ըստ Դատավորի՝ Որոշմամբ անդրադարձ չի կատարվել և չի հիմնավորվել, որ առկա է առերևույթ թույլ տրված խախտում՝ դատական սխալ, որը հանգեցրել է դատական պաշտպանության իրավունքի խախտման և, առավել ևս արդարադատության խաթարման, այն դեպքում, երբ անկախ կողմի որոշումը ստանալու հանգամանքից և Համակարգում այն զետեղելուց, գործի քննությունն ընթանում է բնականոն ընթացքով, տվյալ գործով կայացվել են բազմաթիվ նիստեր, քննարկվել և լուծվել են միջնորդություններ, որոնց վերաբերյալ Հաղորդում ներկայացրած անձը պատշաճ ծանուցվել է, վերջինիս ներկայացուցիչ Աննա Ծառուկյանը (այսուհետ՝ Ներկայացուցիչ) ներկայացել է միայն 28.10.2024 թվականի դատական նիստին, իսկ դրան նախորդող՝ 15.10.2024 թվականին և հաջորդող 31.10.2024 թվականին, 19.11.2024 թվականին նշանակված դատական նիստերին, տարբեր պատճառաբանություններով չի ներկայացել, իսկ 12.12.2024 թվականին հրավիրված դատական նիստին՝ ներկայացել է ավարտից հետո՝ ուշացմամբ։
Դատավորը գտել է, որ նման պայմաններում հերքվում է Որոշմամբ վարույթ հարուցող մարմնի կողմից նշված պնդումն առ այն, որ գործը վարույթ ընդունելու մասին որոշումը համապատասխան ժամկետում դատավարության մասնակցին ուղարկելու օրենսդրական պահանջի չպահպանելն ուղղակի ազդեցություն է ունեցել գործի ողջամիտ ժամկետում քննության իրականացման վրա, քանի որ անկախ համապատասխան որոշումը ստացած կամ չստացած լինելուց, դատավարության մասնակիցները տեղյակ են եղել գործի քննության ընթացքից։
Անդրադառնալով Ներկայացուցչի կողմից 18.09.2024 թվականին ներկայացված դիմումին՝ Դատավորը նշել է, որ այն «Դատական համակարգ» ծրագրի խափանման հետևանքով իր աշխատակազմին է տրամադրվել 27.09.2024 թվականին։ Դիմումով ակնկալվել է տեղեկատվություն Զարուհի Նախշքարյանի կողմից կայացված՝ Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին որոշման վերաբերյալ, մասնավորապես՝ այդպիսին կայացված լինելու դեպքում այն տրամադրելու մասին, հակառակ դեպքում՝ նոր որոշման կայացման մասին, և այն չի բովանդակել գործը վարույթ ընդունելու մասին որոշումը տրամադրելու մասին պահանջ, մինչդեռ վարույթ հարուցող մարմնի կողմից առաջացել է տարընկալում, մասնավորապես, որ հաղորդումն ուղղված է գործը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն և այդ որոշումը ստացած չլինելով, խախտվել է գործը ողջամիտ ժամկետում քննելու իրավունքը։
Դատավորը գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ դատավոր Զարուհի Նախշքարյանի կողմից կայացված «Հայցադիմումը վարույթ ընդունելու» և «Հայցի ապահովման միջոց ձեռնարկելու» մասին որոշումներն ուղարկված են եղել Հայցվորի ներկայացուցչին՝ վերջինիս կողմից հայցադիմումում նշված հասցեով, սակայն փաստաթղթերով փոստային ծրարը 06.02.2023 թվականին վերադարձված է եղել դատարան «Չի պահանջվել» նշումով։ Ի պատասխան վերոնշյալ դիմումի՝ 02.10.2024 թվականին պատասխան գրությամբ որոշումները կրկին ուղարկվել է Հայցվորին և 22.11.2024 թվականին տեղեկատվությունը զետեղվել է Համակարգում։
Դատավորը, ընդգծելով գործի վերաբաշխումից հետո դատարանի կողմից ուղարկված և հետ վերադարձված փոստային ծրարների պարունակությունն առանց դրանց հասցեատերերի դիմումի կրկին վերջիններիս ուղարկելու պարտականություն չունենալու հանգամանքը, պնդել է, որ Ներկայացուցիչը երբևէ չի դիմել և չի ծանոթացել քաղաքացիական գործի նյութերին, ավելին՝ 28.10.2024 թվականի նախնական դատական նիստում դատարանն առաջարկել է անմիջականորեն ծանոթանալ գործի նյութերին, որպիսի իրավունքից վերջինս դեռևս չի օգտվել։
Դատավորի պնդմամբ՝ թեև «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը 18.04.2023 թվականի ուղեկցական գրությամբ ուղարկված է եղել կողմին, սակայն գործում այն Հայցվորի կողմից ստանալը հավաստող հետադարձ փաստաթուղթ չի ստացվել և աշխատակազմի հաճախակի փոփոխության հանգամանքով պայմանավորված այլ հանգամանքներ հնարավոր չի եղել պարզել։
Հաղորդում ներկայացրած անձի նպատակն է եղել միջոցներ ձեռնարկել գույքի իրացումը կանխելու ուղղությամբ և պատասխանատու անձանց ենթարկել կարգապահական պատասխանատվության, որոնց շրջանակում, հավանաբար չիմացության կամ ընթացակարգին չտիրապետելու պատճառով, դիտարկել է նաև դատարանին։
Անդրադառնալով Որոշմամբ իրեն վերագրված վարքագծի կանոնների առերևույթ խախտմանը՝ Դատավորը բացառել է այդպիսի վարքագիծ դրսևորած լինելու հանգամանքը և ընդգծել, որ Որոշմամբ բացակայում է նաև անդրադարձը և հիմնավորումը մեղքի ձևի վերաբերյալ։
Դատավորը, մեջբերելով Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը՝ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եթե նույնիսկ վարույթ հարուցող մարմնի դիտարկմամբ վերջինիս կողմից թույլ է տրվել խախտում, այնուամենայնիվ, Հայցվորի դատական պաշտպանության իրավունքը եղել է ապահովված։ Դատավորը նշել է նաև, որ գործը ողջամիտ ժամկետում քննելու առումով որևէ խախտում առնվազն գործի քննության այս փուլում չի կարող վերագրվել, ներկայացված դիմումների ընթացքը լուծված է, որևէ բացասական հետևանք կողմերի համար երբևէ չի առաջացել, այսինքն՝ իրավունքի վերագրվող ենթադրյալ խախտումն առաջ չի բերել որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացել օրենքով չնախատեսված պարտականություն կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն։
Դատավորի պնդմամբ՝ Համակարգում տեղեկատվությունը զետեղվել է 22.11.2024 թվականին՝ մինչ կարգապահական վարույթի հարուցումը (26.12.2024 թվականը) և վարույթ հարուցող մարմինը տեղեկացել է տվյալ գործով կայացված բազմաթիվ դատական նիստերի վերաբերյալ, որի պայմաններում մինչև հարուցումը չի իրացվել Օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված իրավունքը՝ Հաղորդում ներկայացրած անձին առաջարկելով ներկայացնել կարգապահական վարույթ հարուցելու համար նշանակություն ունեցող տեղեկությունների վերաբերյալ նյութեր, որպիսի պայմաններում կհերքվեր ներկայացված դիմումին ընթացք տրված չլինելու հանգամանքը։
Ամբողջ վերոնշյալի հաշվառմամբ՝ դատավոր Արմինե Սաֆարյանն առաջարկել է կարճել իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթը՝ կարգապահական վարույթ հարուցելու հիմքի բացակայությամբ պայմանավորված։
12.05.2025 թվականին Դատավորի կողմից Խորհրդին է ներկայացվել Միջնորդությունն ամբողջությամբ մերժելու մասին միջնորդություն հետևյալ հիմնավորումներով.
Արդարադատության նախարարի կողմից 26.12.2024 թվականին կայացված «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին» որոշմամբ արձանագրվել է. «(...) Դատավորի գործողություններում առկա են ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմի առերևույթ խախտման հատկանիշ, որը հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման»։
Դատավորը նշել է, որ նշվածից հետևում է, որ իր նկատմամբ կարգապահական վարույթի հարուցման հիմք է հանդիսացել իր կողմից ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված դատավարական նորմի ենթադրյալ խախտում թույլ տալու հանգամանքը, որի արդյունքում (հետևանքով) իր կողմից թույլ է տրվել նաև Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների ենթադրյալ խախտումը։ Այսինքն իր՝ որպես դատավորի կողմից արդյունքում համապատասխանաբար դրսևորվել է հետևյալ վարքագիծը.
- Ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում զերծ չի մնացել դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց,
- Ի պաշտոնե գործելիս՝ առանց արդարադատության շահերին վնասելու՝ ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ չի քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը։
Վերոնշյալ որոշումը ստանալուց հետո, իր կողմից 27.01.2025 թվականին ներկայացվել է բացատրություն, որով վկայակոչել է Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասը: Նշել է նաև, որ Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում։ Սույն կետով նախատեսված հիմքով կարգապահական վարույթ չի կարող հարուցվել, եթե եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է ութ տարի.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո, բացառությամբ սույն օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 16-րդ կետերով նախատեսված վարքագծի կանոնների խախտումների:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խախտումը հայտնաբերվել է մինչև տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, ապա նույն կետով նախատեսված մեկ տարվա ժամկետը հաշվարկվում է տվյալ ակտի օրինական ուժի մեջ մտնելու պահից, իսկ եթե դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք հանգեցնում են դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման, ապա վարույթ կարող է հարուցվել նաև մինչև տվյալ եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը։
Ինչպես հետևում է, վերը նշված նորմերի բովանդակությունից՝ ընթացիկ (դատավորի վարույթում քննության մեջ գտնվող) դատական գործով մինչ տվյալ գործով եզրափակիչ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը դատավարական նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթ հարուցելու իրավական հնարավորություն սահմանված է բացառիկ դեպքում, այն է, երբ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական նորմերի այնպիսի խախտումներ, որոնք միաժամանակ հանգեցնում են և դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման։
Օրենսդիրը, թերևս նման բացառություն սահմանել է այն հանգամանքով պայմանավորված, որ քննության մեջ գտնվող գործով վարույթի հարուցումն ինքնին խնդրահարույց է, ռիսկեր է պարունակում արդարադատության կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման գործընթացին միջամտելու, ինքնաբացարկի հիմքերի առաջացմանը նպաստելու և այլնի առումով, ուստի ընթացիկ դատական գործով գործը քննող դատավորի նկատմամբ դատավորական իրավունքի նորմի խախտման հիմքով կարգապահական վարույթի հարուցման համար առնվազն պետք է հիմնավորվի, որ թույլ է տրվել դատավարական նորմի կամ նորմերի այնպիսի խախտում, որը միաժամանակ հանգեցրել է դատական պաշտպանության իրավունքի խախտման և արդարադատության խաթարման։
Սույն դեպքում, Միջնորդությամբ դատավորին վերագրվել է դատավարական նորմի խախտում, մասնավորապես՝ ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասի խախտում, որպիսի խախտումն ըստ վարույթ հարուցող մարմնի հանգեցրել է նաև դատավորի կողմից վարքագծի կանոնների խախտման, սակայն հարկ է նշել, որ Միջնորդությամբ որևէ անդրադարձ չի եղել, թե նշված դատավարական նորմի ենթադրյալ խախտումն ինչպես է հանգեցրել դատական պաշտպանության իրավունքի խախտման և, առավել ևս, արդարադատության խաթարման (վերջինիս պարագայում առնվազն պետք է հիմնավորվեր, որ առկա է առերևույթ թույլ տրված խախտում՝ դատական սխալ, որն արժեզրկել է տվյալ գործով իրականացված (իրականացվող) արդարադատությունը)։
Վարույթ հարուցող մարմնի կողմից շրջանցվել է վերոնշյալ օրենսդրական արգելքը և որպես վարույթ հարուցելու հիմք ներկայացվել է դատավորի վարքագծի կանոնների խախտումը, որը թեև սույն դեպքում անհերքելիորեն բխում է դատավարական իրավունքի նորմի խախտումից, հետևանք է այդ ենթադրյալ խախտման, այդպես էլ ներկայացված է, մինչդեռ չի կարող ընթացիկ գործով քողարկված կերպով քննության առարկա դարձվել դատավարական իրավունքի նորմի խախտումը՝ հաստատելու կամ հերքելու համար հետևանք հանդիսացող վարքագծի կանոնի խախտման առկայությունը կամ բացակայությունը, հակառակ տրամաբանության դեպքում Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի կարգավորումը կդառնա առարկայազուրկ, ինքնանպատակ նորմ, և ցանկացած դատավարական նորմի խախտում որակելով վարքագծի կանոնի խախտման հանգեցնող կարող է ներկայացվել որպես այդպիսին, ինչը չի բխում Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերում օրենսդրի կողմից ներդրված նպատակից։
Դատավորի կողմից դատավորի վարքագծի կանոնների խախտելը, ընդ որում կոպիտ անփութությամբ կամ դիտավորությամբ, որպես կարգապահական վարույթ հարուցելու ինքնուրույն հիմք օրենսդիրը նախատեսել է այն դեպքերի համար, երբ վարքագծի կանոնի խախտումն ինքնուրույն կարող է գոյություն ունենալ, այսինքն՝ դատավորը դրսևորել է որոշակի վարքագիծ, որը հետևանք չէ դատավարական կամ նյութական նորմի խախտման։
Դատավորը հարկ է համարում նշել, որ իր վարույթում գտնվող քաղաքացիական գործի ընթացքն այն դասական օրինակն է, թե ինչպես կարող է հարուցված վարույթն ազդել ընթացիկ գործով վարույթի կողմերի վարքագծի վրա, այդպիսով նաև կաշկանդելով կողմերին, ստիպելով ներկայացնել բացարկի միջնորդություններ, թեև հետագայում չպնդելով դրանք։
Դատավորը գտել է, որ սույն դեպքում վարույթը հարուցվել է օրենքի պահանջների խախտմամբ, քննության փուլում գտնվող դատական գործով, որը թույլատրելի չէ։
Ավելին, 27.02.2025 թվականին Արդարադատության նախարարի կողմից կայացված «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» թիվ 14-Ա որոշմամբ, ի տարբերություն վերոնշյալ որոշման, արձանագրվել է. «Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի՝ ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խախտում, որը հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, ՔԴՕ 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումներ, որպիսի խախտումները հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, ինչպես նաև Դատավորի կողմից առանձին թույլ են տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ»։
Ինչպես հետևում է վերը նշվածից՝ Միջնորդությունը ներկայացվել է դատավորին նոր խախտումներ վերագրելով, ի համեմատ Որոշմամբ նշված խախտումների ավելացվել են նոր խախտումներ, մասնավորապես դատավորին վերագրվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումներ, որպիսի խախտումները ևս, ըստ վարույթ հարուցող մարմնի, հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, ինչպես նաև Դատավորի կողմից առանձին թույլ են տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։
Այդ խախտումների հիմքով կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կայացված չի եղել, դատավորին այդ առնչությամբ բացատրություններ ներկայացնելու հնարավորություն չի տրվել և միայն Խորհուրդ Միջնորդությունը ներկայացվելուց հետո է դատավորն իրազեկվել, որ նաև այդպիսի խախտումներ են իրեն վերագրվում։
Ըստ Դատավորի՝ Միջնորդությունն այդ խախտումների մասով առհասարակ չի կարող քննության առարկա լինել հետևյալ հիմնավորմամբ և պատճառաբանությամբ.
Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝ 1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը. (...)
3) վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը. (...):
Ինչպես հետևում է վերը նշված իրավակարգավորումից օրենսդիրը սահմանել է կարգապահական վարույթ հարուցելու միմյանցից տարբեր՝ առանձին առիթներ, որոնցից են մի դեպքում ներկայացված հաղորդումը, մյուս դեպքում՝ վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը։
Վերոնշյալից հետևում է, որ վարույթ հարուցող մարմինն ունի պարտականություն իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերման դեպքում հարուցել կարգապահական վարույթ այդ առիթով և ապահովել այդ վարույթի օրենքով սահմանված ընթացակարգը։
Սույն դեպքում անձի՝ Էդիկ Աբգարյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա 26.12.2024 թվականին հարուցվել է կարգապահական վարույթ և վարույթի հարուցման հիմք նշվել է Դատավորի կողմից 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմի առերևույթ խախտումը, որը հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման։
Առկա չէ վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերման առիթով, ինչպես նաև օրենքով սահմանված ցանկացած այլ առիթով հարուցված կարգապահական վարույթ, որը հարուցվել է դատավորի կողմից ՔԴՕ 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումների, որպիսի խախտումները հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, ինչպես նաև Դատավորի կողմից առանձին՝ Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված դատավորի վարքագծի կանոնների խախտումների հիմքով:
Վճռաբեկ դատարանն իր կողմից կայացված որոշումներից մեկով արձանագրել է, որ օրինականության սահմանադրական սկզբունքն ուղղակիորեն պահանջում է, որպեսզի գործադիր իշխանության մարմինների գործունեությունը հիմնված լինի Սահմանադրության և օրենքի վրա։
Սույն դեպքում, բացի այն, որ Միջնորդությունը ներկայացված է ընթացիկ՝ քննության փուլում գտնվող գործով, այլ նաև վերոնշյալ խախտումների մասով ներկայացվել է ընթացակարգային իրավանորմերի խախտումներով, Միջնորդության ներկայացմանը չի նախորդել այդ խախտումների հիմքով վարույթի հարուցումը, հարուցված վարույթի շրջանակներում դատավորի լսված լինելու իրավունքի ապահովում և այդ առնչությամբ պատշաճ իրավական գործընթացի ապահովում, մինչդեռ այդ գործընթացը բաղկացած է օրենքով սահմանված միմյանց հաջորդող փուլերից, որոնցից յուրաքանչյուրի խախտմամբ իրականացման պարագայում գործընթացը չի կարող համարվել օրինական։
Այս պարագայում, ըստ էության Միջնորդությունն այդ մասով ներկայացվել է առանց հարուցված կարգապահական վարույթի, հետևաբար և օրենքի պահանջների խախտմամբ։
Ելնելով վերոգրյալից՝ Դատավորը խնդրել է ներկայացված Միջնորդությունն ամբողջությամբ մերժել, վերոնշյալ մասով նաև գնահատել քննության ենթակա լինելու հարցը և այդ մասով ևս կայացնել համապատասխան որոշում։
4. Հարուցված կարգապահական վարույթի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները
4.1) Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի 06.12.2022 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Էդիկ Աբգարյանի հայցն ընդդեմ Ելենա Գագիկի Ադամյանի և «Արդշինբանկ» ՓԲԸ՝ կողմերի միջև կնքված թիվ Գ/Պ 20/3005-98 անշարժ գույքի հաջորդող գրավի (հիփոթեքի) պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին (քաղաքացիական գործ թիվ ԵԴ/54268/02/22)։
4.2) 27.03.2023 թվականին դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունների դադարեցման հիմքով տեղի է ունեցել դատական գործերի վերաբաշխում, ինչի արդյունքում Գործը 27.03.2023 թվականին մակագրվել է Դատավորին և վերջինիս 14.04.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ:
4.3) Դատական դեպարտամենտի ղեկավարի 17.02.2025 թվականի թիվ ԴԴ-1 ԴԴ/566-25 գրության համաձայն՝ թիվ ԵԴ/54268/02/22 քաղաքացիական գործով հայցվոր Էդիկ Աբգարյանի ներկայացուցիչ Աննա Ծառուկյանին ուղղված՝ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը ուղարկելու վերաբերյալ գրությունը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի աշխատակազմի գրասենյակի կողմից ելքագրվել է 2025 թվականի հունվարի 16-ին՝ թիվ Ե-1953/25 ելից համարով, իսկ ըստ Համակարգում առկա տեղեկատվության՝ Դատարանի 14.04.2023 թվականի՝ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը Համակարգում տեղադրվել է 22.11.2024 թվականին (Ստեղծման ամսաթիվ։ 2024-11-22 13:47:26)
4.4) Դատավորի գործավարի կողմից 18.04.2023 թվականին Գործով Հայցվորին և պատասխանողներին հասցեագրված՝ Դատարանի՝ «Գործը վարույթ ընդունելու մասին» 14.04.2023 թվականի որոշումն ուղարկելու վերաբերյալ գրությունների վրա բացակայում են ելից համարները։ Պատասխանողներին հասցեագրված գրության վերջում առկա է ներկայացուցիչ Հայկ Արամյանի կողմից արված նշում և ստորագրություն՝ այն ստանալու մասին, սակայն բացակայում է այն ստանալու օրվա մասին նշումը։
4.5) Գործով Դատավորի կողմից դատական նիստեր են հրավիրվել 18.10.2023 թվականին (տվյալ դատական նիստը չի կայացել, քանի որ Դատավորը 18.10.2023- 20.10.2023թթ. ներառյալ մասնակցել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվող՝ Զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցման դասընթացներին), 11.04.2024 թվականին (տվյալ դատական նիստը չի կայացել, քանի որ Դատավորը 05.04.2024-11.04.2024 թվականը ներառյալ գտնվել է արձակուրդում։ Նշված երկու դատական նիստերի վերաբերյալ կողմերին պատշաճ ծանուցելու վերաբերյալ ապացույցներ առկա չեն), 15.10.2024 թվականին (դատական նիստը կայացել է), 28.10.2024 թվականին (դատական նիստը կայացել է), 31.10.2024 թվականին (դատական նիստը կայացել է), 19.11.2024 թվականին (դատական նիստը կայացել է), 12.12.2024 թվականին (դատական նիստը կայացել է), հերթական դատական նիստ է նշանակվել՝ 27.02.2025 թվականին։
5. Հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում էական նշանակություն ունեցող իրավական հարցադրումները
Հաշվի առնելով Արդարադատության նախարարի կողմից միջնորդությունում բերված փաստարկներն ու հիմնավորումները և դրանց դեմ Դատավորի կողմից ներկայացված բացատրությունը՝ Խորհուրդը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարցը լուծելու համար էական է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.
5.1 արդյո՞ք Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի (նորմերի) խախտում,
5.2 արդյո՞ք դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը (խախտումները) կատարվել է (են) դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ,
5.3 արդյո՞ք Դատավորի կողմից ենթադրյալ թույլ տրված խախտումը (խախտումները) կասկածի տակ է (են) դնում Դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր (իրենց) էությամբ կարող է (են) հեղինակազրկել դատական իշխանությունը,
5.4 արդյո՞ք Դատավորի կողմից թույլ տրված դատավարական իրավունքի նորմի (նորմերի) ենթադրյալ խախտումը (խախտումները) հանգեցրել է (են) դատավորի վարքագծի կանոնի խախտման,
5.5 արդյո՞ք Դատավորի կողմից դիտավորությամբ թույլ է տրվել դատավորի վարքագծի կանոնի (կանոնների) խախտում:
6. Խորհրդի պատճառաբանությունները և եզրահանգումները
Քննարկելով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը, լսելով Լիազոր մարմնի ներկայացուցիչների և Դատավորի դիրքորոշումները, ուսումնասիրելով կարգապահական վարույթի նյութերը՝ Խորհուրդը գտնում է, որ ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ վարույթ հարուցող մարմնի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության հիման վրա Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը քննության է առնում Օրենսգրքի 152-րդ հոդվածում ամրագրված դրույթի պահանջներին համապատասխան, այն է՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննությունը Բարձրագույն դատական խորհրդում կատարվում է միայն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ նշված կարգապահական խախտման սահմաններում»: Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհրդի իրավական հետազոտման առարկան սահմանափակվում է միջնորդությամբ ներկայացված հիմքերի և հիմնավորումների շրջանակներում:
Օրենսգրքի 90-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու վերաբերյալ հարցերը քննելիս Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:
Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենսգրքով և պարտադիր են բոլոր դատավորների համար:
Օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորը պարտավոր է պահպանել սույն օրենսգրքով սահմանված վարքագծի կանոնները: Վարքագծի կանոնները չպահպանելը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով կարող է հանգեցնել դատավորի կարգապահական պատասխանատվության:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի (Դատավորի վարքագծի ընդհանուր կանոնները) 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է՝ զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց:
Օրենսգրքի 70-րդ հոդվածի (Դատավորի վարքագծի կանոններն ի պաշտոնե գործելիս) 2-րդ մասի 6-րդ կետի համաձայն՝ ի պաշտոնե գործելիս դատավորը պարտավոր է՝ առանց արդարադատության շահերին վնասելու` ողջամիտ ժամկետում և նվազագույն դատական ծախսերի կատարմամբ քննել և լուծել օրենքով իր իրավասությանը վերապահված հարցերը:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արարքը չի համարվում կարգապահական խախտում, եթե այն, թեև ձևականորեն պարունակում է սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի հատկանիշներ, սակայն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական խախտման համար դատավորը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ Բարձրագույն դատական խորհրդի՝ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին որոշմամբ: Դատավորի կողմից կատարված կարգապահական խախտման վերաբերյալ չփարատված կասկածները մեկնաբանվում են դատավորի օգտին:
Վերոգրյալ իրավանորմերի համակարգային վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել հետևյալը.
1. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմն ունի ոչ միայն ձևական, այլև նյութական բաղադրիչ,
2. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը պայմանավորված է խախտման կարևորության աստիճանով,
3. դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու զանցակազմի նյութական բաղադրիչը՝ խախտման կարևորության աստիճանը, որպես հետևանք, պետք է կասկածի տակ դնի դատավորի համապատասխանությունն իր կարգավիճակին և հեղինակազրկի դատական իշխանությունը:
Խորհուրդն իր 05.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-7-Ո-Կ-02 և 08.04.2021 թվականի թիվ ԲԴԽ-13-Ո-Կ-03 որոշումներով արձանագրել է, որ. «(...) հաշվի առնելով դատավորի անկախության սահմանադրական և միջազգային իրավական պահանջները և այդ համատեքստում գնահատելու համար դատավորի կողմից կատարված իրավունքի խախտման ու դրանով պայմանավորված կարգապահական պատասխանատվության ենթարկելու առկայության կամ բացակայության իրավական հիմքը, որոշիչ նշանակություն է ձեռք բերում նրա կողմից կատարված իրավունքի խախտման կարևորության աստիճանը։ (...)»:
Նույն որոշմամբ Խորհուրդն արձանագրել է, որ «(...) սուբյեկտիվ իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը, որն իրականացվում է դատարանի կողմից օբյեկտիվ իրավունքի կիրառմամբ, իր հանրային իրավական ընկալման տիրույթում կոչված է ապահովելու գործող իրավակարգի անշեղ կենսագործումը։ Այդ առումով իրավունքի յուրաքանչյուր խախտում այս կամ այն կերպ բացասաբար է անդրադառնում իրավակարգի բնականոն գործելու վրա։ Միաժամանակ հարկ է նշել, որ կախված իրավախախտման հետևանքից, այն տարաբնույթ անդրադարձ կարող է ունենալ պետության իրավակարգի գործառնական խնդիրների լուծման վրա։ Այն բոլոր դեպքերում, երբ իրավունքի խախտումն առաջ չի բերում որևէ սուբյեկտիվ իրավունքից զրկում կամ դրա սահմանափակում, ինչպես նաև իրավունքի սուբյեկտի մոտ չի առաջացնում օրենքով չնախատեսված պարտականություններ կամ այդպիսիք առաջանալու հնարավորություն, ապա իրավունքի նման խախտումը զանցակազմի նյութական բաղադրիչի առկայության պայմաններում «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող և դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք չհանդիսացող, թեկուզև այն առերևույթ պարունակել է կարգապահական խախտում համարվող արարքի հատկանիշներ (...)»:
Խորհուրդն արձանագրում է, որ ըստ օրենսդրի տրամաբանության՝ առերևույթ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքեր պարունակող արարքը կարող է գնահատվել որպես նվազ կարևորություն ունեցող, եթե այն կասկածի տակ չի դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի կարող հեղինակազրկել դատական իշխանությունը։
Միաժամանակ Խորհուրդը փաստում է, որ արարքը նվազ կարևոր գնահատելու համար անհրաժեշտ է, որպեսզի այդ հարցի հիմքում դրվեն արարքը բնութագրող գործոնները՝ արարքի նպատակն ու շարժառիթը, ինչպես նաև այն հետևանքը, որը վրա է հասել դատավորի կողմից այդ արարքը կատարելով։
Խորհուրդն իր 26.09.2022 թվականի թիվ ԲԴԽ-78-Ո-Կ-18 որոշմամբ արձանագրել է, որ. «(...) Խորհուրդը հարկ է համարում հավելել, որ Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի իրավական կարգավորումներից բխում է, որ եթե նույնիսկ դատավորի կատարած արարքում առերևույթ առկա են վերջինիս պատասխանատվության ենթարկելու նույն օրենսգրքով սահմանված հիմքերը, սակայն վերջինիս կատարած խախտումը, դրա բնույթը և հետևանքները կասկածի տակ չեն դնում տվյալ դատավորի համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իրենց էությամբ չեն կարող հեղինակազրկել դատական իշխանությունը, ապա կարող է որակվել որպես նվազ կարևորություն ունեցող։(...)»:
Վերոհիշյալ իրավական վերլուծությունների արդյունքում, անդրադառնալով սույն միջնորդության հիմքերին և հիմնավորումներին, Խորհուրդն արձանագրում է հետևյալը.
ՔԴՕ 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն՝ դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, սույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
Գործին մասնակցող անձի կողմից իր ներկայացուցչին ծանուցելու վերաբերյալ դիմում ներկայացվելու կամ լիազորագրում նման լիազորության առկայության դեպքում ծանուցվում է միայն ներկայացուցիչը:
ՔԴՕ 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե սույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
ՔԴՕ 199-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե նույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշումներից մեկով ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը․ (…) օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանելով, որ առանձին ակտի տեսքով կայացվող որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, եթե այլ բան սահմանված չէ օրենքով, միաժամանակ դատարանի համար սահմանել է պարտականություն այդ որոշումները կայացման պահից եռօրյա ժամկետում ուղարկել գործին մասնակցող անձանց, եթե մինչ այդ առձեռն նրանց չի հանձնվել: Այսինքն՝ օրենսդիրը կարևորել է դատական ակտի օրինակը գործին մասնակցող անձանց կողմից ստանալու հանգամանքը, ինչն ուղղված է վերջիններիս բողոքարկման իրավունքի իրացման իրական հնարավորության երաշխավորմանը (տե՛ս թիվ ԱՐԴ/0070/04/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2021 թվականի որոշումը):
Սույն դեպքում Գործը 27.03.2023 թվականին մակագրվել է Դատավորին և վերջինիս 14.04.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ: Մինչդեռ, Գործով հայցվոր Էդիկ Աբգարյանի ներկայացուցիչ Աննա Ծառուկյանին ուղղված՝ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումն ուղարկելու վերաբերյալ գրությունը ելքագրվել է 16․01․2025 թվականին, իսկ որոշումը Համակարգում տեղադրվել է 22.11.2024 թվականին։ Ընդ որում, Գործով Դատավորի կողմից դատական նիստեր են հրավիրվել 18.10.2023 թվականին (տվյալ դատական նիստը չի կայացել, քանի որ Դատավորը 18.10.2023-20.10.2023թթ. ներառյալ մասնակցել է ՀՀ ՆԳՆ կրթահամալիրում անցկացվող՝ զենքի հետ անվտանգ վարվելու կանոնների, ինչպես նաև զենքի և պաշտպանության հատուկ միջոցների գործադրման ուսուցման դասընթացներին), 11.04.2024 թվականին (տվյալ դատական նիստը չի կայացել, քանի որ Դատավորը 05.04.2024-11.04.2024 թվականը ներառյալ գտնվել է արձակուրդում։ Նշված երկու դատական նիստերի վերաբերյալ կողմերին պատշաճ ծանուցելու վերաբերյալ ապացույցներ առկա չեն), 15.10.2024 թվականին (դատական նիստը կայացել է), 28.10.2024 թվականին (դատական նիստը կայացել է), 31.10.2024 թվականին (դատական նիստը կայացել է), 19.11.2024 թվականին (դատական նիստը կայացել է), 12.12.2024 թվականին (դատական նիստը կայացել է), հերթական դատական նիստ է նշանակվել՝ 27.02.2025 թվականին։
Սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքների համատեքստում անդրադառնալով Դատավորին վերագրվող՝ վարքագծի ընդհանուր կանոնի խախտման հանգեցրած ՔԴՕ 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով և 199-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված օրենսդրական պահանջների պահպանված չլինելու հարցին, Խորհուրդը փաստում է, որ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը հայցվոր կողմին ուղարկվել է և Համակարգում հրապարակվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ դրա կայացումից տևական ժամանակ անց, իսկ 18.10.2023 թվականի և 11.04.2024 թվականի դատական նիստերի մասին պատշաճ ծանուցում չի ապահովվել։
Միևնույն ժամանակ Խորհուրդը հարկ է համարում նշել, որ թեև Դատավորի արարքները համարվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերոհիշյալ նորմերի խախտումներ և ձևականորեն պարունակում են Օրենսգրքով սահմանված՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հատկանիշներ, այդուհանդերձ 18.10.2023 թվականի և 11.04.2024 թվականի դատական նիստերը չեն կայացել կողմերի՝ ծանուցված լինելու հետ չկապված, այն է՝ Դատավորի՝ ուսուցման դասընթացներին մասնակցելու և արձակուրդում գտնվելու պատճառներով։ Նման պայմաններում նշված խախտումները չեն հանգեցրել գործին մասնակցող անձանց իրավունքների էական սահմանափակման՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դատավորի կողմից ձեռնարկվել են հետագա նիստերի նշանակմանը և կայացմանն ուղղված դատավարական գործողություններ (15.10.2024 թվականի, 28.10.2024 թվականի, 31.10.2024 թվականի, 19.11.2024 թվականի, 12.12.2024 թվականի դատական նիստերը կայացել են և դրանց ընթացքում լուծվել են մի շարք դատավարական հարցեր, իսկ հաջորդ դատական նիստը նշանակվել է 27.02.2025 թվականին)։ Այսինքն՝ գործին մասնակցող անձինք ըստ էության տեղյակ են եղել Գործը վարույթ ընդունված լինելու և դրա քննության ընթացքի մասին։ Հետևաբար Խորհրդի գնահատմամբ նշված հանգամանքները վկայում են Դատավորի կողմից Գործի քննության և արդարադատության իրականացման արդյունավետության ապահովման նպատակ ունենալու մասին, ինչն էականորեն նվազեցնում է հանրային ընկալումը Դատավորի՝ տվյալ արարքով իր կարգավիճակին չհամապատասխանելու վերաբերյալ։ Ուստի Խորհուրդը փաստում է, որ Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կասկածի տակ չի դնում նրա համապատասխանությունը դատավորի կարգավիճակին և իր էությամբ չի հեղինակազրկում դատական իշխանությունը։ Այսինքն՝ Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է Օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչի հիմքով Դատավորի կողմից թույլ տրված արարքն իր նվազ կարևորության պատճառով կարգապահական խախտում չի համարվում։
Անդրադառնալով Դատավորին վերագրվող՝ ի պաշտոնե գործելիս թույլ տրված վարքագծի կանոնի խախտմանը՝ ողջամիտ ժամկետում Գործը քննելու և լուծելու մասին պահանջի պահպանված չլինելու հարցին, Խորհուրդը հարկ է համարում վկայակոչել Օրենսգրքի 9-րդ հոդվածը, որի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը և լուծումը պետք է իրականացվեն ողջամիտ ժամկետում, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի են առնվում՝ 1) գործի հանգամանքները, ներառյալ` իրավական և փաստական բարդությունը, վարույթի մասնակիցների վարքագիծը և վարույթի մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները, 2) հնարավոր սեղմ ժամկետում գործի քննությունն ու լուծումն իրականացնելու նպատակով դատարանի կատարած գործողությունները և դրանց արդյունավետությունը, 3) գործի քննության ընդհանուր տևողությունը, 4) Բարձրագույն դատական խորհրդի սահմանած՝ գործի (այդ թվում՝ ըստ փուլերի) քննության միջին ուղենիշային տևողությունը:
Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1585 որոշմամբ արձանագրել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետը չունի ընդհանուր, բոլոր իրավիճակների համար կիրառելի թվային արտահայտություն. այն ենթակա է գնահատման յուրաքանչյուր դեպքում՝ հաշվի առնելով կոնկրետ գործի հանգամանքները։ Ընդ որում, Սահմանադրության 81-րդ հոդվածի ուժով անձի արդար դատաքննության իրավունքը և դրա բաղադրատարր հանդիսացող՝ ողջամիտ ժամկետում գործի քննության պահանջը մեկնաբանելիս պետք է հաշվի առնվի և կիրառվի, ի թիվս այլնի, նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած պրակտիկան:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի շրջանակներում յուրաքանչյուր դեպքում ներպետական վարույթի տևողության ողջամտությունը գնահատում է՝ ելնելով քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքներից:
Տվյալ դեպքում Գործը Դատավորի 14.04.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ, որից հետո Դատավորի կողմից դատական նիստեր են հրավիրվել 18.10.2023 թվականին, որոնք չեն կայացել Դատավորի՝ ուսուցման դասընթացներին մասնակցելու և արձակուրդում գտնվելու պատճառներով, իսկ 15.10.2024 թվականի, 28.10.2024 թվականի, 31.10.2024 թվականի, 19.11.2024 թվականի, 12.12.2024 թվականի դատական նիստը կայացել են, հերթական դատական նիստ է նշանակվել՝ 27.02.2025 թվականին։
Խորհուրդը, Գործի քննության ողջամիտ ժամկետների պահպանման առաջնայնության վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո քննարկման առարկա դարձնելով սույն կարգապահական վարույթի փաստական հանգամանքները, գտնում է, որ Դատավորի կողմից ձեռնարկվել են Գործի քննությանն ուղղված դատավարական գործողություններ նշանակված դատական նիստերի մեծ մասը կայացել են, որոնց ընթացքում լուծվել են մի շարք հարցեր, չեն կայացել նիստերից միայն երկուսը։
Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով, որ վարույթ հարուցող մարմինն է կրում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայությունն ապացուցելու պարտականությունը և վերջինիս կողմից պետք է ձեռք բերվեն ապացույցներ, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար և կհաստատեն վերջինիս մեղքը, Խորհրդի գնահատմամբ սույն պարագայում ապացույցների բավարար համակցությամբ չի հիմնավորվել Դատավորի կողմից Գործի քննությունը ողջամիտ ժամկետում չիրականացվելու փաստը, ինչը բացառում է նշված հիմքով Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը:
Ինչ վերաբերում է Դատավորի կողմից կարգապահական վարույթ հարուցած մարմնին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած լինելուն, ապա Խորհուրդը փաստում է, որ ըստ գործի տվյալների՝ պատասխանողներին հասցեագրված գրության վերջում առկա է ներկայացուցիչ Հայկ Արամյանի կողմից արված նշում և ստորագրություն՝ այն ստանալու մասին, իսկ Խորհրդում տեղի ունեցած նիստի ընթացքում Դատավորը նշել է, որ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը դատավարության մասնակիցներին հանձնված լինելու մասին վարույթ հարուցած մարմնին հայտնելու համար հիմք է հանդիսացել այն, որ Գործում առկա է եղել «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը պատասխանողների կողմից ստացած լինելու մասին նշումներ պարունակող ուղեկցական գրություն, ինչից էլ ենթադրել է, որ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը ուղարկված է եղել կողմին։ Նման պայմաններում Դատավորի կողմից ներկայացված Բացատրությամբ և նիստի ընթացքում տրված պարզաբանումների համադրության արդյունքում Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում չի հիմնավորվում Դատավորի կողմից Բացատրությամբ ակնհայտ անհամապատասխան տեղեկություններ ներկայացված լինելու հանգամանքը:
Անդրադառնալով Խորհուրդ ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետի խախտման հիմքով Միջնորդությունը մերժելու և վարույթը կարճելու վերաբերյալ Դատավորի միջնորդությանը, ապա Խորհուրդը հարկ է համարում արձանագրել հետևյալը․
Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե վարույթը հարուցած մարմինը խախտել է դատավորի նկատմամբ կարգապահական վարույթի ընթացքի համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետները, և դատավորը համաձայն է այդ հիմքով վարույթի կարճմանը:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել:
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերով սահմանված ժամկետները հաշվարկվում են տարիներով, ամիսներով, օրերով և ժամերով:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ 4-րդ մասի համաձայն՝ ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին:
Խորհուրդը փաստում է, որ սույն կարգապահական վարույթը հարուցվել է 26.12.2024 թվականին: Այսինքն՝ Միջնորդությամբ Խորհրդին դիմելու ժամկետի ընթացքն սկսվել է Որոշման հաջորդ օրվանից՝ 27.12.2024 թվականից և կարող էր տևել երկու ամիս՝ մինչև 27.02.2025 թվականը ներառյալ։
Տվյալ դեպքում Նախարարի 27.02.2025 թվականի թիվ 14-Ա որոշմամբ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Միջնորդությունը ներկայացվել է Խորհուրդ: Հետևաբար, հարուցված կարգապահական վարույթի տևողությունը չի գերազանցել օրենքով սահմանված ժամկետը, ուստի այդ հիմքով Միջնորդությունը չի կարող մերժվել։
Վերոգրյալի արդյունքում Խորհուրդը ոչ նպատակահարմար է համարում անդրադառնալ Դատավորի կողմից ներկայացված մյուս փաստարկներին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 155-րդ հոդվածով՝ Խորհուրդը,
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել:
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյան | ||
|
Անդամներ`
|
Ա. Աբրահամյան Ա. Դանիելյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց | ||
| ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ | Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ |
|
Ա. Հայրապետյան | |
|
Ա. հարությունյան Էդ. Հովհաննիսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հունիսի 2025 թվական:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
ՄԵՐԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔԸ
Բարձրագույն դատական խորհրդի 02․06․2025 թվականի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» թիվ ԲԴԽ-21-Ո-Կ-4 որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 94-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի, Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշումներն ստորագրում են նիստին ներկա բոլոր անդամները: Բարձրագույն դատական խորհրդի անդամը կարող է ներկայացնել հատուկ կարծիք Բարձրագույն դատական խորհրդի՝ որպես դատարանի ընդունած որոշման պատճառաբանական կամ եզրափակիչ մասի վերաբերյալ: Եթե Բարձրագույն դատական խորհրդի անդամն ունի հատուկ կարծիք, ապա այդ մասին նրա ստորագրությամբ նշում է արվում Բարձրագույն դատական խորհրդի որոշման մեջ, և հատուկ կարծիքը նրա ստորագրությամբ կցվում է որոշմանը:
Արժևորելով ստորև քննարկվող հարցերի շուրջ Բարձրագույն դատական խորհրդի անդամների (նախագահ՝ Ա. Աթաբեկյան, անդամներ՝ Ա. Աբրահամյան, Ա. Դանիելյան, Կ. Թումանյան, Ե. Թումանյանց, Ա. Հայրապետյան, Ա. Հարությունյան, Էդ. Հովհաննիսյան) ներքին համոզմունքը, այնուամենայնիվ, Բարձրագույն դատական խորհրդի 02․06․2025 թվականի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» թիվ ԲԴԽ-21-Ո-Կ-4 որոշման պատճառաբանական մասի վերաբերյալ ունեմ հատուկ կարծիք՝ հետևյալ փաստարկներով և հիմնավորումներով:
Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ կարգապահական վարույթը իրականացվում է օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու, կատարված կարգապահական խախտման համար նշանակվող կարգապահական տույժի համաչափության, կամայականության ու խտրականության արգելքի սկզբունքների հիման վրա:
Օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտումը, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ.
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները խախտելը, բացառությամբ սույն օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով սահմանված կանոնի, որը կատարվել է դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ:
Օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության ապացուցման պարտականությունը կրում է կարգապահական վարույթը հարուցած մարմինը:
Օրենսգրքի 144-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու նպատակով վարույթը կարող է հարուցվել`
1) արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտման հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո՝ մեկ տարվա ժամկետում: (․․․)։
2) դատավորի կողմից սույն օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնները դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելու հիմքով՝ խախտումը վարույթ հարուցող մարմնի կողմից հայտնաբերվելուց հետո` եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան խախտումը կատարելուց մեկ տարի հետո․․․(…):
Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 102-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումների ուժով դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու իրավասություն ունի արդարադատության ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող նախարարը (Լիազոր մարմինը)։
Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգապահական վարույթ հարուցելու առիթներն են՝
1) անձի, պետական և տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի հաղորդումը.
2) կարգապահական խախտման մասին զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները.
3) վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերումը.
4) վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած ակտի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը.
5) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սույն օրենսգրքի 73.1-ին հոդվածով սահմանված բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության արդյունքով բացասական եզրակացության տրամադրումը:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարույթ հարուցող մարմինը կատարված ուսումնասիրությունների արդյունքում կայացնում է կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում կամ չի հարուցում կարգապահական վարույթ:
Օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարուցված կարգապահական վարույթի տևողությունը մինչև կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելը չի կարող երկու ամսից ավելի լինել։
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարուցված կարգապահական վարույթի ընթացքում վարույթ հարուցող մարմինն իրավունք ունի՝
1) դատարանից պահանջելու և ուսումնասիրելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր.
2) դատարանում ծանոթանալու քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութերի, որոնց վերաբերյալ դեռևս չկա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ չմիջամտելով արդարադատության կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորությունների իրականացման գործընթացին.
3) դատավորին առաջարկելու ներկայացնել գրավոր բացատրություններ.
4) առաջարկելու հաղորդում ներկայացրած անձին, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնել կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ և նյութեր.
5) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու նյութեր:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դատավորը, որի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել, իրավունք ունի՝
1) ներկայացնելու գրավոր բացատրություններ, ապացույցներ և անելու միջնորդություններ.
2) վարույթ հարուցող մարմնից ստանալու կարգապահական վարույթի նյութերի պատճենները.
3) սույն մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված իրավունքները իրականացնելու անձամբ կամ փաստաբանի միջոցով:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցած մարմինը կայացնում է հետևյալ որոշումներից մեկը.
1) կարգապահական վարույթը կարճելու մասին.
2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին:
Նույն հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե առկա չէ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմք։
Օրենսգրքի 148-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայության դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ միջնորդություն ներկայացնելու մասին:
Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք։
Վերը նշված նորմերի համակարգային մեկնաբանությունից բխում է, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն են՝ արդարադատություն կամ որպես դատարան՝ օրենքով նախատեսված այլ լիազորություններ իրականացնելիս դատավորի կողմից նյութական կամ դատավարական իրավունքի նորմի և Օրենսգրքով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների դիտավորությամբ կամ կոպիտ անփութությամբ խախտելը, և առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հիմքով հարուցված կարգապահական վարույթի նպատակն է Օրենսգրքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքի առկայությունը ստուգելը։ Իսկ համապատասխան հիմքով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում այդ հիմքի առկայության հաստատման դեպքում վարույթ հարուցող մարմինը որոշում է կայացնում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ) միջնորդություն ներկայացնելու մասին:
Այսինքն՝ կարգապահական վարույթը հարուցվում և իրականացվում է առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող համապատասխան (միևնույն) արարքի (արարքների) կապակցությամբ։ Հետևաբար նաև, գտնում եմ, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ դատավորին կարող է (են) վերագրվել միայն վարույթ հարուցելու մասին որոշմամբ դատավորին վերագրված կարգապահական խախտում (խախտումներ):
Նշված հետևությունը պայմանավորված է նաև Օրենսգրքի 147-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված՝ դատավորի իրավունքների իրացման հնարավորության ապահովման անհրաժեշտությամբ՝ հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում իրեն վերագրվող որոշակի խախտման դեմ իր պաշտպանությունը պատշաճ կերպով իրականացնելու հրամայականով։ Հակառակ մեկնաբանման պարագայում դատավորի պաշտպանության իրավունքը կդառնար պատրանքային ու վերացական՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշմամբ դատավորին կարող են վերագրվել նաև այնպիսի խախտումներ, որոնք մինչ այդ որոշումը կայացնելը վերագրված չեն եղել դատավորին, հետևաբար նաև, վերջինս հնարավորություն չի ունեցել իր դիրքորոշումը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև դրա հետ կապված համապատասխան ապացույցները ներկայացնելու հնարավորությունից։
Ավելին, կարգապահական վարույթի ընթացքում դատավորի իրավունքների իրացման երաշխիքների սահմանմանը զուգահեռ օրենսդիրը սահմանել է այլ ընթացակարգեր, որոնցով ևս ապահովվում է վարույթի շրջանակներում կարգապահական խախտման (խախտումների) առկայության հարցի քննարկման բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունը և կատարված ուսումնասիրությունների արդյունքում վարույթ հարուցած մարմնի կողմից կարգապահական վարույթը կարճելու կամ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին հիմնավորված որոշում կայացնելը։ Մասնավորապես, օրենսդիրը, կարգապահական վարույթի ընթացքում անհրաժեշտ լիազորություններ սահմանելով՝ վարույթ հարուցող մարմնին ի թիվս այլնի՝ հնարավորություն է տվել դատարանից պահանջելու և ուսումնասիրելու օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով քրեական, քաղաքացիական կամ ցանկացած այլ գործի նյութեր, դատավորին առաջարկելու ներկայացնել գրավոր բացատրություններ, առաջարկելու հաղորդում ներկայացրած անձին, ֆիզիկական և իրավաբանական անձանց ներկայացնել կարգապահական վարույթի համար նշանակություն ունեցող տեղեկություններ և նյութեր, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից և պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու նյութեր:
Գտնում եմ, որ հակառակ մեկնաբանման պարագայում կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, երբ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցվի որոշակի արարքի համար, հետագայում կարգապահական վարույթի ընթացքում չհիմնավորվի դատավորի կողմից կարգապահական խախտում թույլ տալու փաստը, սակայն հայտնաբերվի մեկ այլ, ինքնուրույն, առանձին արարք, որը վարույթ հարուցած մարմնի կողմից գնահատվի որպես կարգապահական խախտում և հիմք հանդիսանա Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշում կայացնելու համար։ Նշված իրավիճակում չի ապահովվի կարգապահական վարութի՝ օրենքով սահմանված բոլոր անհրաժեշտ ընթացակարգերի իրացումը, այդ թվում՝ դատավորի իրավունքների իրացման հնարավությունը, ինչի արդյունքում, ըստ էության, ամբողջության մեջ չեն իրագործվի այն նպատակները, որոնց համար օրենսդիրը նախատեսել է կարգապահական վարույթի, ուսումնասիրությունների իրականացումը։
Ինչ վերաբերում է այն տեսակետին, որի համաձայն՝ դատավորի իրավունքների, այդ թվում՝ բացատրություն ներկայացնելու իրավունքի իրացումը կարող է ապահովվել նաև Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին որոշում կայացնելուց հետո՝ Բարձրագույն դատական խորհրդում գործի քննության ընթացքում, ապա վերոգրյալ նորմերի և դրանց համակարգային վերլուծության հիման վրա՝ գտնում եմ, որ նման մեկնաբանման դեպքում խաթարվում են կարգապահական վարույթի՝ օրենքով սահմանված փուլերն ու ընթացակարգերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենսդիրը յուրաքանչյուր փուլի համար սահմանել է առանձին ընթացակարգեր, այդ ընթացքում վարույթ հարուցած մարմնի տարբեր լիազորություններ և դատավորի համապատասխան իրավունքներ։ Արդյունքում, չի ապահովվի կարգապահական վարույթի օրինականության, դատական գործունեությանը չմիջամտելու, դատավորի և դատարանի անկախությունը հարգելու և հեղինակությունը բարձր պահելու սկզբունքների գործնական իրականացումը։
Ավելին, վերոնշյալի համատեքստում անհրաժեշտ եմ համարում նշել, որ օրենքով սահմանված բոլոր ընթացակարգերի պահպանմամբ կարգապահական վարույթ իրականացվելու պարագայում դատավորին վերագրվող արարքի առկայությունը կարող է հերքվել և կայացվել ոչ թե դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին, այլ կարգապահական վարույթը կարճելու մասին որոշում, ինչի արդյունքում յուրաքանչյուր դեպքում չի վտանգվի նաև դատավորի, դատական իշխանության բարձր հեղինակությունը։
Ամբողջ վերոգրյալի հիման վրա՝ գտնում եմ, որ որոշակի արարքների հիմքով հարուցված կարգապահական վարույթի շրջանակներում նոր առերևույթ կարգապահական խախտում հայտնաբերելու դեպքում վարույթ հարուցած մարմինը պետք է կարգապահական վարույթ հարուցելու նոր առիթի՝ վարույթ հարուցող մարմնի կողմից իր լիազորություններն իրականացնելիս առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի ինքնուրույն հայտնաբերման հիմքով (Օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետ) հարուցի և իրականացնի նոր կարգապահական վարույթ՝ ապահովելով Օրենսգրքով սահմանված բոլոր իրավական ընթացակարգերի պատշաճ իրականացումը։
Սույն դեպքում անձի՝ Էդիկ Աբգարյանի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա Արդարադատության նախարարի 26.12.2024 թվականի թիվ 119-Ա որոշմամբ (այսուհետ նաև՝ Որոշում) հարուցվել է կարգապահական վարույթ և վարույթի հարուցման հիմք նշվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի (այսուհետ նաև՝ Դատավոր) կողմից 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դատավարական իրավունքի նորմի առերևույթ խախտումը, որը հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների առերևույթ խախտման։
Արդարադատության նախարարի՝ «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի փետրվարի 27-ի թիվ 14-Ա որոշմամբ նշվել է հետևյալը․ «Ներկայացվածի արդյունքում Դատավորի կողմից առանձին թույլ է տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտում, քանի որ ինչպես հետևում է վերը ներկայացված փաստերի համադրությունից՝ քննարկվող որոշման ուղարկման հետ կապված Դատավորի կողմից Բացատրությամբ ներկայացված են ակնհայտ անհամապատասխան տեղեկություններ, որոնք հերքվում են ձեռքբերված նյութերով և կատարված հարցումների արդյունքում ստացված տեղեկություններով։ Միաժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ բոլոր դեպքերում դատավորի պաշտոնը դիտվում է որպես ազնվության, արդարության և ճշմարտացիության մարմնացում, իսկ տվյալ պաշտոնը կրող անձի հայտնած խոսքը թե´ հասարակության, թե´ պաշտոնատար անձանց կողմից ընկալվում է որպես բացարձակ ճշմարտություն, և դրա հակառակը հիմնավորվելու պարագայում հիմքեր են ստեղծվում դատական իշխանության հեղինակության վարկաբեկման ուղղությամբ։
(․․․)
Այսպիսով, ամբողջ վերոգրյալի հիման վրա վարույթ հարուցած մարմինը գտել է, որ Դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական իրավունքի նորմի՝ ՔԴՕ 199-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված խախտում, որը հանգեցրել է Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, ՔԴՕ 93-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 94-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված խախտումներ, որպիսի խախտումները հանգեցրել են Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով ամրագրված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, ինչպես նաև Դատավորի կողմից առանձին թույլ են տրվել Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամրագրված դատավորի վարքագծի կանոնների խախտումներ։»
Խորհուրդը 02․06․2025 թվականի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» թիվ ԲԴԽ-21-Ո-Կ-4 որոշմամբ արձանագրել է հետևյալը. «Ինչ վերաբերում է Դատավորի կողմից կարգապահական վարույթ հարուցած մարմնին իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ հայտնած լինելուն, ապա Խորհուրդը փաստում է, որ ըստ գործի տվյալների՝ պատասխանողներին հասցեագրված գրության վերջում առկա է ներկայացուցիչ Հայկ Արամյանի կողմից արված նշում և ստորագրություն՝ այն ստանալու մասին, իսկ Խորհրդում տեղի ունեցած նիստի ընթացքում Դատավորը նշել է, որ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը դատավարության մասնակիցներին հանձնված լինելու մասին վարույթ հարուցած մարմնին հայտնելու համար հիմք է հանդիսացել այն, որ Գործում առկա է եղել «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը պատասխանողների կողմից ստացած լինելու մասին նշումներ պարունակող ուղեկցական գրություն, ինչից էլ ենթադրել է, որ «Գործը վարույթ ընդունելու մասին» որոշումը ուղարկված է եղել կողմին։ Նման պայմաններում Դատավորի կողմից ներկայացված Բացատրությամբ և նիստի ընթացքում տրված պարզաբանումների համադրության արդյունքում Խորհուրդը գտնում է, որ տվյալ դեպքում չի հիմնավորվում Դատավորի կողմից Բացատրությամբ ակնհայտ անհամապատասխան տեղեկություններ ներկայացված լինելու հանգամանքը:»:
Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ ցանկացած գործունեություն իրականացնելիս և բոլոր հանգամանքներում դատավորը պարտավոր է զերծ մնալ դատական իշխանությունը վարկաբեկող, ինչպես նաև դատական իշխանության անկախության և անաչառության վերաբերյալ հանրության վստահությունը նվազեցնող վարքագիծ դրսևորելուց։
Վերոգրյալից հետևում է, որ Լիազոր մարմինը Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար միջնորդություն ներկայացնելու մասին որոշմամբ որպես Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված վարքագծի կանոնի առանձին խախտում է նշել որոշման ուղարկման հետ կապված Դատավորի կողմից կարգապահական վարույթի շրջանակներում բացատրությամբ ակնհայտ անհամապատասխան տեղեկություններ ներկայացնելը։
Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը՝ գտնում եմ, որ Լիազոր մարմինը կարգապահական վարույթի ընթացքում հայտնաբերած վերոնշյալ ենթադրյալ խախտման մասով դուրս է եկել վարույթ հարուցելու մասին որոշմամբ Դատավորին վերագրված կարգապահական խախտումների՝ արարքների սահմաններից, ենթադրյալ նոր խախտման հայտնաբերման նոր առիթով կարգապահական վարույթ չի հարուցել և չի իրականացրել, որպիսի պայմաններում Օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված վարքագծի կանոնի՝ վերոնշյալ առանձին ենթադրյալ խախտման մասով առկա է Լիազոր մարմնի կողմից կարգապահական վարույթը կարճելու, իսկ Խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը մերժելու հիմք։
Ամբողջ վերոգրյալի հաշվառմամբ՝ գտնում եմ, որ Խորհուրդը 02․06․2025 թվականի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» թիվ ԲԴԽ-21-Ո-Կ-4 որոշմամբ չպետք է ըստ էության քննարկման առարկա դարձներ վերոնշյալ ենթադրյալ կարգապահական խախտման առկայության կամ բացակայության հարցը։
ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ
Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 հուլիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|