ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 հունիսի 2025 թվականի N 817-Ա
ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 57.1-ին կետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել, որ՝
1) եթե «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված ընթացակարգերով կազմակերպված կապիտալ շինարարական ծրագրերի գնման գործընթացների շրջանակում Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կամ Հայաստանի Հանրապետության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի (այսուհետ՝ պատվիրատու) հետ կապալառու ընկերությունը (այսուհետ՝ կապալառու) ունի կնքված մեկից ավելի օբյեկտների շինարարական աշխատանքների կատարման պայմանագիր, ապա սույն որոշման գործողության ընթացքում պատվիրատուն կարող է դիմել կապալառուին՝ առաջարկելով փոխադարձ համաձայնությամբ լուծել այն օբյեկտների մասով պայմանագրերը, որոնց շրջանակում առկա է հետևյալ դեպքերից առնվազն մեկը՝
ա. աշխատանքների կատարման ժամկետները խախտված են 30 օրից ավելի, և դրա արդյունքում կապալառուի նկատմամբ կիրառված են (կիրառվում են) տույժեր,
բ. պատվիրատուի կողմից առնվազն երկու անգամ չեն ընդունվել աշխատանքների արդյունքները,
գ. աշխատանքները կատարվում են այնքան դանդաղ, որ սահմանված ժամկետի կեսին ավարտված չէ այդ ժամանակահատվածում կատարման ենթակա աշխատանքների առնվազն հիսուն տոկոսը,
դ. մինչև կատարողական ակտերի ներկայացումը, շինարարական հրապարակում պատվիրատուն հայտնաբերում և արձանագրում է, որ աշխատանքները կատարվում են ոչ պատշաճ որակի՝ պայմանագրի պահանջներին և շինարարական նորմերին անհամապատասխան.
2) սույն կետի 1-ին ենթակետում նշված առաջարկությունը ներառում է հետևյալ պայմանները՝
ա. պատվիրատուն լուծվող պայմանագրերի (համաձայնագրերի) նկատմամբ հաշվարկված որակավորման ապահովումները վերադարձնում է կապալառուին պայմանագրերը լուծվելուց հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում, իսկ պայմանագրի ապահովումները վերադարձնում է պայմանագրերը լուծելուն հաջորդող օրվանից 365 օրացուցային օրը (երաշխիքային ժամկետ) լրանալուց հետո՝ քսան աշխատանքային օրվա ընթացքում: Լուծվող պայմանագրերի այն դրույթները, որոնք վերաբերում են պայմանագրի ապահովման գործողությանը և շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ եկած կատարված աշխատանքների թերությունների վերացմանը, դրանք համարվում են լուծված երաշխիքային ժամկետի ավարտման օրը,
բ. լուծվող պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակում կապալառուին հատկացված և չմարված կանխավճարների գումարները կապալառուն վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված ժամկետում, իսկ կանխավճարի ապահովումները վերադարձվում են կապալառուին կանխավճարն ամբողջությամբ մարվելուց կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձվելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում,
գ. եթե լուծվող պայմանագրերը ներառված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 3-ի N 1582-Ա որոշմամբ հաստատված հավելվածում, ապա նույն որոշման շրջանակում ներկայացված բանկային երաշխիքի հիման վրա կապալառուից չպահված տույժի գումարները կապալառուն վճարում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ սույն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով նախատեսված ժամկետում, իսկ բանկային երաշխիքը վերադարձվում է կապալառուին գումարը վճարվելուց հետո՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում: Եթե երաշխիք չի ներկայացվել, ապա պահված տույժերի գումարները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
դ. լուծվող պայմանագրերով նախատեսված օբյեկտների շինարարական հրապարակների պահպանությունն ու անվտանգությունն ապահովում է կապալառուն՝ մինչև նոր կապալառուի (կապալառուների) հետ կնքված պայմանագրի շրջանակում աշխատանքները մեկնարկելու օրը, բայց ոչ ավելի, քան պայմանագրի լուծման օրվանից հաշված 90 օրացուցային օր: Լուծվող պայմանագրերով նախատեսված օբյեկտների շինարարական հրապարակները ընդունում և նոր կապալառուին է հանձնում պատվիրատուն: Սույն պարբերությամբ նախատեսված հանձնման գործընթացի ժամկետը չի կարող գերազանցել 10 օրացուցային օրը,
ե. կապալառուի կողմից առաջարկությունն ընդունելու ժամկետը սահմանվում է ծանուցմամբ և չի կարող պակաս լինել հինգ աշխատանքային օրից,
զ. կապալառուները պարտավորվում են պայմանագրերը լուծվելուն հաջորդող երեք տարվա ընթացքում չմասնակցել «Գնումների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «գ», «դ», «ե», «զ» և «է» պարբերություններով նախատեսված պատվիրատուների կարիքների համար կազմակերպվող գնման ընթացակարգերին՝ ներառյալ համատեղ գործունեության կարգով կամ որպես ենթակապալառու կամ կատարող հանդես գալու կամ պայմանագիր կնքած կապալառուին ծառայություններ մատուցելու միջոցով.
3) կապալառուն սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված պայմաններով պայմանագիրը (պայմանագրերը) լուծելու մասին համաձայնագիրը (այսուհետ՝ համաձայնագիր) կնքում, իսկ սույն կետի 2-րդ ենթակետի «բ» և «գ» ենթակետերով նախատեսված դեպքում՝ կանխավճարի և տույժի գումարների վերադարձի անդորրագրերը պատվիրատուին ներկայացնում է սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ե» պարբերության ծանուցման մեջ նշված ժամկետում, որը չի կարող պակաս լինել տասը աշխատանքային օրից: Պատվիրատուն համաձայնագիրը կնքում է սույն ենթակետով նախատեսված անդորրագիրը ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ գանձապետական համակարգի միջոցով ստուգելով կանխավճարի գումարի վերադարձի անդորրագրի իսկությունը: Ընդ որում՝ կնքվող համաձայնագրով նախատեսվում է նաև, որ դրանով նախատեսված կողմերի իրավունքներն ու պարտականություններն ուժի մեջ մտնելու օրվանից առաջարկության մեջ նշված պայմանագրերը համարվում են փոխադարձ համաձայնությամբ լուծված՝ բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «ա» պարբերության 2-րդ նախադասությամբ նշված դրույթների, որոնք համարվում են լուծված երաշխիքային ժամկետից հետո:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահին, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենին և Հայաստանի Հանրապետության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրենին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո քսան աշխատանքային օրվա ընթացքում գնահատել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի՝ որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով նախատեսված պայմանները բավարարելու հանգամանքը և կապալառուներին ներկայացնել առաջարկություններ համաձայնագրեր կնքելու վերաբերյալ՝ դրանք ուղարկելով կապալառուների էլեկտրոնային փոստի հասցեներին.
2) համաձայնագրեր կնքած կապալառուների տվյալները (անվանումը, հարկ վճարողի հաշվառման համարը և նոր գնման ընթացակարգերին մասնակցության արգելքի վերջնաժամկետը) համաձայնագրերը կնքելուն հաջորդող աշխատանքային օրը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն՝ գնումների պաշտոնական տեղեկագրում հրապարակելու նպատակով.
3) «Գնումների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակում կնքված շինարարական աշխատանքների կատարման պայմանագրերը դրանք կնքած անձանց կողմից պարտավորությունները պատշաճ չկատարելու հիմքով միակողմանիորեն լուծելու դեպքում, եթե լուծման որոշումները բողոքարկվում են դատական կարգով, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ պատվիրատուի շահերի պաշտպանության ապահովման նպատակով իրավաբանական ծառայությունների գնման համար միջոցներ հատկացնելու վերաբերյալ:
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին և Հայաստանի Հանրապետության առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակին`
1) մինչև համաձայնագրեր կնքելը պայմանագրերը փոխադարձ համաձայնությամբ լուծելու վերաբերյալ պատվիրատուի առաջարկը ստանալուց հետո լուծվող պայմանագրերի (համաձայնագրերի) շրջանակում անավարտ աշխատանքների ուսումնասիրության և հաշվարկման արդյունքում, եթե առկա են ծավալաթերթ-նախահաշվով այնպիսի աշխատանքներ, որոնք պատշաճ կատարված են և ենթակա են ընդունման, սակայն դրանց դիմաց նախկինում կատարողական փաստաթղթեր չեն ներկայացվել և վճարում չի կատարվել, ապա պատվիրատուն պարտավորվում է պայմանագրով սահմանված կարգով ընդունել այդ աշխատանքները և դրա դիմաց կատարել վճարումներ՝ առանց տույժերի հաշվարկման,
2) սույն որոշման հիման վրա փոխադարձ համաձայնությամբ լուծված պայմանագրի մնացորդային աշխատանքների ծավալներն ավարտելու համար նոր գնման գործընթացի շրջանակներում՝
ա․ հրավերով հրապարակվող գնման գնի հիմքում ընկած ծավալաթերթ-նախահաշվի հաշվարկները կատարել այդ պահին գործող գներով,
բ․ անկախ հայտեր ներկայացրած մասնակիցների քանակից՝ ցածր գնային առաջարկ ներկայացրած մասնակցին հայտարարել ընտրված մասնակից, եթե հրավերի պահանջների նկատմամբ բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների գները չեն գերազանցում հրավերով հրապարակված գնման գնի տասը տոկոսը:
4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «զ» պարբերությամբ նախատեսված պայմանը ներառվում է նույն պարբերությամբ նախատեսված պատվիրատուների կողմից կազմակերպվող գնման ընթացակարգերի հրավերներում, իսկ պայմանին չբավարարող մասնակիցների հայտերը գնահատվում են հրավերի պահանջներին անհամապատասխան և մերժվում են, բացառությամբ այն դեպքի, երբ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ցուցակում ներառված կազմակերպությունը մասնակցի կողմից առաջարկվում է որպես ենթակապալառու կամ կատարող: Այդ դեպքում մասնակցին տրվում է հայտը շտկելու հնարավորություն: Ընդ որում՝ սույն կետում նշված պայմանին չբավարարող հայտի մերժումը, բացառությամբ ենթակապալառուի կամ կատարողի մասով արձանագրված անհամապատասխանությունը չշտկելու դեպքի, չի համարվում գնման ընթացակարգի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում: Սույն կետի պայմանը կիրառվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 5-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարգով ենթակապալառուի կամ կատարողի փոխարինման դեպքում: Կազմակերպության՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ցուցակում ներառվելը դրանում գտնվելու ժամանակահատվածում ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 5-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 119-րդ և 120-րդ կետերով նախատեսված՝ փոխկապակցված անձանց գնումների գործընթացներին մասնակցության իրավունքի սահմանափակման՝ ներառյալ որպես ենթակապալառու կամ կատարող հանդես գալու դեպքում:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը կնքված պայմանագրերի վրա:
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
23.06.2025 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|