Գլխավոր տեղեկություն
Համար
N 2-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (23.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.16/3(1456) Հոդ.18
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
09.01.2019
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
09.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 հունվարի 2019 թվականի N 2-Ն

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 11.06.25 N 384-Ն)

 

Համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 11-րդ մասի՝

(նախաբանը փոփ. 11.06.25 N 384-Ն)

1․ Սահմանել քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարգը, վերապատրաստողներին ներկայացվող հիմնական չափանիշները, կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները, կարիքները գնահատելու և անհատական ծրագիր կազմելու, ինչպես նաև համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը կազմելու ձևը՝ համաձայն հավելվածի:

(1-ին կետը խմբ. 11.06.25 N 384-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2019 թ. հունվարի 9
Երևան

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2019 թ. հունվարի 9-ի N 2-Ն

որոշման

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ, ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԿԱՐԻՔՆԵՐԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԿԱԶՄԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՁԵՎԸ

(վերնագիրը խմբ. 11.06.25 N 384-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով կանոնակարգվում են քաղաքացիական ծառայողների (բացառությամբ քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների) վերապատրաստման հետ կապված հարաբերությունները:

2. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստումը նրանց մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների հետևողական և շարունակական կատարելագործումն է:

3. Կոմպետենցիան գիտելիքների, ունակությունների, հմտությունների և վարքագծի ամբողջությունն է, որն անհրաժեշտ է պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար։

4. Մասնագիտական գիտելիքը տեղեկությունների, հասկացությունների, մտքերի, փաստերի և հանգամանքների ամբողջությունն է, որն անհրաժեշտ է պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների արդյունավետ իրականացման համար։

5. Կրեդիտը վերապատրաստման դասընթացի կամ հեռավար ուսուցման ծրագրի (մոդուլի) յուրացման համար քաղաքացիական ծառայողին տրվող պայմանական միավորն է:

6. Վերապատրաստման կարիքը քաղաքացիական ծառայողի ունեցած մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների ու նրա կողմից իր պաշտոնի անձնագրով (աշխատատեղի նկարագրով) նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների միջև բացահայտված տարբերությունն է:

7. Քաղաքացիական ծառայողներն իրավունք ունեն և պարտավոր են բարելավել իրենց մասնագիտական գիտելիքներն ու կոմպետենցիաները՝ շարունակական մասնագիտական զարգացման սկզբունքի վրա հիմնված վերապատրաստումներին մասնակցելու միջոցով:

8. «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմինները (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) պարտավոր են ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ վերապատրաստումները կազմակերպելու և այդ վերապատրաստումներին քաղաքացիական ծառայողների մասնակցությունն ապահովելու համար:

9. Մեկանգամյա վերապատրաստմանը մասնակցության առավելագույն ժամկետը 6 ամիս է:

(9-րդ կետը փոփ. 11.02.21 N 106-Ն)

10․ Վերապատրաստումն իրականացվում է յուրաքանչյուր քաղաքացիական ծառայողի համար՝ ըստ անհատական ծրագրի, որը կազմվում է քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց իրականացված վերապատրաստման կարիքների գնահատման հիման վրա։

(10-րդ կետը խմբ. 11.06.25 N 384-Ն)

11. Քաղաքացիական ծառայողը վերապատրաստվում է գլխավոր քարտուղարի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա, իսկ համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարը՝ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ընդունված անհատական իրավական ակտի հիման վրա:

(11-րդ կետը խմբ. 11.02.21 N 106-Ն)

12. Վերապատրաստման հետ կապված ծախսերը կատարվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

13. Համապատասխան մարմիններում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կազմակերպում է գլխավոր քարտուղարը, դատական դեպարտամենտի ղեկավարը, վարչական պաշտոն զբաղեցնող աշխատակազմի ղեկավարը: Անվտանգության խորհրդի գրասենյակում քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կազմակերպում է անվտանգության խորհրդի քարտուղարը: Այն տեսչական մարմնում, որի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկով նախատեսված չէ գլխավոր քարտուղարի պաշտոն, քաղաքացիական ծառայողների վերապատրաստման գործընթացը կազմակերպում է տեսչական մարմնի ղեկավարը (այսուհետ՝ գլխավոր քարտուղար):

14. Համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագիրը (այսուհետ՝ համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիր) հաստատում է գլխավոր քարտուղարը:

(14-րդ կետը փոփ. 11.06.25 N 384-Ն)

15. Համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագիրը վարվում է քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում:

16. Հեռավար ուսուցման ծրագրերը (մոդուլները) վարվում են ՀՀ քաղաքացիական ծառայողների առցանց վերապատրաստման հարթակով (https://elearning.cso.gov.am):

(16-րդ կետը փոփ. 11.06.25 N 384-Ն)

17․ Կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ համապատասխան մարմինը։ Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթները և դրանցից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների ցանկը սահմանվում է սույն հավելվածի N 10 ձևով։

(17-րդ կետը խմբ. 11.06.25 N 384-Ն)

18. Երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում քաղաքացիական ծառայողի լիազորությունները դադարում են:

 

 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԶՄՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

19. Վերապատրաստման կարիքի գնահատմամբ հստակեցվում են քաղաքացիական ծառայողի կողմից յուրացման ենթակա կոնկրետ դասընթացները և դրանց թիվը:

20. Վերապատրաստման կարիքները գնահատվում են քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի գնահատմանը զուգընթաց: Տարեկան կատարողականի գնահատականը երկու կիսամյակների կատարողականների գնահատականների միջին թվաբանականն է: Եթե քաղաքացիական ծառայողը աշխատել է մեկ կիսամյակ, կամ աշխատել է մեկ կիսամյակից պակաս, սակայն ունի գնահատված կատարողական, ապա տարեկան կատարողականի գնահատական է ընդունվում կատարողականի ընթացիկ գնահատականը:

(20-րդ կետը լրաց. 11.06.25 N 384-Ն)

21. Վերապատրաստման կարիքները գնահատվում են հերթականությամբ՝ քաղաքացիական ծառայողի, ապա նրա անմիջական ղեկավարի կողմից և հաստատվում կամ փոփոխվում են գլխավոր քարտուղարի կողմից:

(21-րդ կետը լրաց., փոփ. 11.06.25 N 384-Ն)

21.1. Յուրաքանչյուր տարի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը, իսկ առանձին ստորաբաժանում չունեցող մարմիններում պատասխանատու անձը (այսուհետ՝ պատասխանատու անձ) ուսումնասիրում է համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական վերապատրաստման կարիքները, ամփոփում և մինչև ընթացիկ տարվա հունվարի 20-ը անհրաժեշտ կարիքները մուտքագրում է տեղեկատվական հարթակ։

(21.1-ին կետը լրաց. 11.06.25 N 384-Ն)

22. Քաղաքացիական ծառայողը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում ընտրում է այն մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների վերապատրաստման կարիքները, որոնց ձեռքբերումը կամ կատարելագործումը նպաստելու է իր պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը:

(22-րդ կետը խմբ. 11.02.21 N 106-Ն)

23. Անմիջական ղեկավարը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում ընտրում է այն մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների վերապատրաստման կարիքները, որոնց ձեռքբերումը կամ կատարելագործումը, ըստ անմիջական ղեկավարի, նպաստելու է քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը:

(23-րդ կետը խմբ. 11.02.21 N 106-Ն)

24. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

25․ Քաղաքացիական ծառայողի և նրա անմիջական ղեկավարի ընտրած մասնագիտական գիտելիքների ու կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստման կարիքների կամ դրանց մի մասի չհամընկնելու դեպքում քաղաքացիական ծառայողը կարող է համաձայնել անմիջական ղեկավարի ընտրած վերապատրաստման կարիքների հետ կամ չհամաձայնել։ Անհամաձայնության դեպքում վերջնական որոշումն ընդունում է գլխավոր քարտուղարը:

(25-րդ կետը փոփ. 11.02.21 N 106-Ն, խմբ. 11.06.25 N 384-Ն)

26. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

27. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

28. Գլխավոր քարտուղարը ձեռնարկում է բոլոր միջոցները՝ համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների բավարարմանն ուղղված մասնագիտական գիտելիքների վերաբերյալ դասընթացները (մոդուլները) մշակելու համար:

29․ Համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ նպատակներից բխող մասնագիտական գիտելիքների վերապատրաստման դասընթացները (մոդուլները) տեղեկատվական հարթակում մուտքագրում է համապատասխան մարմնի անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (պատասխանատու անձը), իսկ կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ դասընթացները (մոդուլները)՝ քաղաքացիական ծառայության գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը: Նշված դասընթացները մուտքագրվում են հատկացված կրեդիտների հետ միասին:

(29-րդ կետը խմբ. 11.06.25 N 384-Ն)

30. Քաղաքացիական ծառայողի տարեկան կատարողականի հիման վրա անհատական ծրագրով հաստատվում է տվյալ տարվա համար քաղաքացիական ծառայողին անհրաժեշտ պարտադիր կրեդիտների նվազագույն շեմը (N 3 ձև):

(30-րդ կետը փոփ. 11.06.25 N 384-Ն)

30․1. Եթե քաղաքացիական ծառայողի կատարողականի տարեկան գնահատականը 90 տոկոսից բարձր է, կամ քաղաքացիական ծառայողն աշխատել է մեկ կիսամյակից պակաս և չունի կատարողականի գնահատական, ապա քաղաքացիական ծառայողի համար վերապատրաստման արդյունքով անհրաժեշտ կրեդիտների շեմ չի սահմանվում։ Նշված դեպքերում քաղաքացիական ծառայողը որպես իրավունք կարող է ընտրել կոմպետենցիայի կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առավելագույնը երկու վերապատրաստման ծրագիր։

(30.1-ին կետը լրաց. 11.06.25 N 384-Ն)

31․ Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման կարիքների գնահատումը քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում իրականացվում է՝ հաշվի առնելով տվյալ տարվա համար քաղաքացիական ծառայողին անհրաժեշտ պարտադիր կրեդիտների նվազագույն շեմը և սույն հավելվածի N 8 ձևին համապատասխան՝ պաշտոնների ենթախմբերի մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների համար նախատեսված հարաբերակցությունը (N 4 ձև):

(31-րդ կետը խմբ. 11.06.25 N 384-Ն)

32. Անձնակազմի կառավարման ստորաբաժանումն (պատասխանատու անձը) ամփոփում է քաղաքացիական ծառայողներին տվյալ տարվա համար անհրաժեշտ դասընթացները (մոդուլները) և ուղարկում գլխավոր քարտուղարին:

(32-րդ կետը լրաց. 11.06.25 N 384-Ն)

33. Գլխավոր քարտուղարը կազմում է համապատասխան մարմնի քաղաքացիական ծառայողների վերապատրաստման ծրագրի նախագիծը (N 5 ձև) և մինչև ընթացիկ տարվա փետրվարի 15-ը ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ համաձայնեցման:

(33-րդ կետը փոփ. 11.06.25 N 384-Ն)

34. Քաղաքացիական ծառայության գրասենյակը համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագրի նախագիծն ստանալուց հետո տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում և տալիս է համաձայնություն՝ այն հաստատելու համար։ Համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագրի նախագծի ուսումնասիրության ժամանակ քաղաքացիական ծառայության գրասենյակը կարող է առաջարկել վերանայել այն։

(34-րդ կետը փոփ. 11.06.25 N 384-Ն)

35. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

36. Համապատասխան մարմնի վերապատրաստման ծրագրի հաստատումից հետո քաղաքացիական ծառայողի անձնական էջում ինքնաշխատ եղանակով արտացոլվում է քաղաքացիական ծառայողի վերապատրաստման անհատական ծրագիրը (N 6 ձև):

(36-րդ կետը խմբ. 11.06.25 N 384-Ն)

37․ Վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները և վերապատրաստում իրականացնող մասնագետները (այսուհետ՝ վերապատրաստողներ) կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումներն իրականացնում են քաղաքացիական ծառայության գրասենյակի, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումները՝ գլխավոր քարտուղարի ներկայացրած ժամանակացույցին համապատասխան:

(37-րդ կետը խմբ. 11.06.25 N 384-Ն)

38․ Յուրաքանչյուր դասընթացի ավարտից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերապատրաստողները կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում քաղաքացիական ծառայության գրասենյակ, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում՝ համապատասխան մարմին են ներկայացնում տեղեկանք վերապատրաստման արդյունքների (թեստավորման առաջադրանքներից ստացված տոկոսների) մասին:

(38-րդ կետը խմբ. 11.06.25 N 384-Ն)

39․ Կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում անձնակազմի կառավարման ստորաբաժանումը (պատասխանատու անձը) թեստավորման առաջադրանքներից ստացված տոկոսները մուտքագրում են քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում: Համակարգը քաղաքացիական ծառայողների անհատական ծրագրերում ներառում է տվյալ դասընթացի համար նախատեսված կրեդիտին և մուտքագրված տոկոսին համապատասխան կրեդիտ:

(39-րդ կետը փոփ. 11.02.21 N 106-Ն, խմբ. 11.06.25 N 384-Ն) 

40. Անհատական ծրագրով հաստատված համապատասխան կրեդիտներն ստանալուց հետո քաղաքացիական ծառայողը համարվում է վերապատրաստված:

41. Հավասարազոր պաշտոն զբաղեցնելու համար քաղաքացիական ծառայողին այլ համապատասխան մարմին գործուղելու դեպքում նրա անհատական ծրագիրը փոխանցվում է տվյալ համապատասխան մարմին: Հնարավորության դեպքում տվյալ համապատասխան մարմինը կազմակերպում է քաղաքացիական ծառայողի մասնակցությունն անհատական ծրագրում ընդգրկված անհրաժեշտ վերապատրաստումներին:

42․ Հարգելի պատճառով (հիվանդություն, գործուղում, արձակուրդ և այլն) անհատական ծրագրով հաստատված վերապատրաստումից բացակայած կամ հեռավար ուսուցման դասընթացը չյուրացրած քաղաքացիական ծառայողին հնարավորություն է տրվում մասնակցելու հաջորդ վերապատրաստումներից որևէ մեկին։ Սույն կետով նախատեսված գործընթացը կոմպետենցիաների, ինչպես նաև աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում կազմակերպում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ համապատասխան մարմնի գործունեության հիմնական ոլորտներից բխող գործառույթների իրականացման համար անհրաժեշտ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների դեպքում՝ գլխավոր քարտուղարը: Եթե սույն կետով սահմանված հիմքով վերապատրաստումից բացակայած քաղաքացիական ծառայողի համար տվյալ տարում հնարավոր չի եղել կազմակերպել նշված թեմայով վերապատրաստում, ապա վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալը համարվում է ոչ քաղաքացիական ծառայողի մեղքով: Ոչ քաղաքացիական ծառայողի մեղքով է համարվում նաև վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված այն անհրաժեշտ վերապատրաստումների համար կրեդիտները չստանալը, որոնք չեն կազմակերպվել քաղաքացիական ծառայության գրասենյակի կամ համապատասխան մարմնի կողմից:

(42-րդ կետը խմբ. 11.06.25 N 384-Ն)

43. Վերապատրաստում իրականացվում է նաև քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով քաղաքացիական ծառայողի մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների տիրապետման նոր պահանջների սահմանման դեպքում՝ քաղաքացիական ծառայողի կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի նախաձեռնությամբ:

(43-րդ կետը փոփ. 11.06.25 N 384-Ն)

44. Սույն հավելվածի 43-րդ կետով նախատեսված հիմքի առկայության դեպքում քաղաքացիական ծառայողը կամ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը պաշտոնի անձնագրի հաստատումից հետո 15-օրյա ժամկետում զեկուցագրով դիմում է գլխավոր քարտուղարին՝ պաշտոնի անձնագրով սահմանված նոր պահանջների բավարարման համար վերապատրաստման անհրաժեշտության հիմնավորմամբ:

45. Գլխավոր քարտուղարը կազմակերպում է քաղաքացիական ծառայողի մասնակցությունը պաշտոնի անձնագրով սահմանված նոր պահանջների բավարարմանը միտված թեմայով առաջին վերապատրաստմանը կամ տվյալ տարում՝ նշված թեմայով վերապատրաստման կազմակերպման անհնարինության դեպքում կարիքը նախատեսում է հաջորդ տարվա վերապատրաստման կարիքի գնահատման գործընթացում:

46․ Քաղաքացիական ծառայողն իրավունք ունի պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի համաձայնությամբ մասնակցելու իր զբաղեցրած պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթների և համապատասխան մարմնի գերակա խնդիրների արդյունավետ լուծմանն ուղղված վերապատրաստման դասընթացների:

(46-րդ կետը խմբ. 11.06.25 N 384-Ն)

47. Վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողն ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից՝ քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ, բացառությամբ սույն հավելվածի 48-րդ կետով նախատեսված դեպքի:

48. Հեռավար ուսուցման մոդուլներով վերապատրաստման ընթացքում քաղաքացիական ծառայողը յուրաքանչյուր շաբաթ՝ մեկ օր, ազատվում է ծառայողական պարտականությունների կատարումից քաղաքացիական ծառայության իր զբաղեցրած պաշտոնի, ստաժի և վարձատրության պահպանմամբ:

(48-րդ կետը խմբ. 11.02.21 N 106-Ն, փոփ. 11.06.25 N 384-Ն)

49. Քաղաքացիական ծառայության գրասենյակն իրականացնում է վերապատրաստման արդյունքների ուսումնասիրություն և վերլուծություն, որի հիման վրա համակարգող փոխվարչապետին ներկայացնում է ամենամյա տեղեկատվություն քաղաքացիական ծառայողների վերապատրաստման արդյունքների մասին, ինչպես նաև առաջարկություններ վերապատրաստման գործընթացի կատարելագործման վերաբերյալ:

 

3. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՂՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

50. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով քաղաքացիական ծառայողների վերապատրաստում իրականացնող կազմակերպությունները պետք է համապատասխանեն հետևյալ հիմնական չափանիշներին՝

1) սույն հավելվածի 51-րդ կետով նախատեսված հիմնական չափանիշներին համապատասխանող վերապատրաստում իրականացնող մասնագետների առկայություն և կրթական ծրագրեր և (կամ) խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու առնվազն երեք տարվա փորձ, կամ՝

2) հանրային ծառայության ոլորտում կրթական ծրագրեր և (կամ) խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու առնվազն երկու տարվա փորձ, կամ՝

3) համապատասխան վերապատրաստման ծրագրով նախատեսված թեմայով կրթական ծրագրեր և (կամ) խորհրդատվական աշխատանքներ իրականացնելու և (կամ) միջազգային ծրագրերին մասնակցության առնվազն մեկ տարվա փորձ:

51. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով քաղաքացիական ծառայողների վերապատրաստում իրականացնող մասնագետները պետք է համապատասխանեն հետևյալ հիմնական չափանիշներին՝

1) կրթական և (կամ) խորհրդատվական ծառայություններ մատուցելու առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ, կամ՝

2) հանրային ծառայության ոլորտում կրթական և (կամ) խորհրդատվական ծառայություններ մատուցելու առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, կամ՝

3) համապատասխան վերապատրաստման ծրագրով նախատեսված թեմայով կրթական և (կամ) խորհրդատվական ծառայություններ մատուցելու և (կամ) միջազգային ծրագրերին մասնակցության առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ, կամ՝

4) համապատասխան վերապատրաստման ծրագրով նախատեսված թեմային առնչվող ոլորտում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձառություն:

 

4. ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

(վերնագիրը փոփ. 11.06.25 N 384-Ն)

 

52. Քաղաքացիական ծառայողը վերապատրաստումների արդյունքում ստանում է կրեդիտներ։

53. Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման անհատական ծրագրում ներառված դասընթացները կամ հեռավար ուսուցման մոդուլները ներկայացվում են հատկացված կրեդիտների հետ միասին: Քաղաքացիական ծառայողը վաստակում է նշված դասընթացներով կամ մոդուլներով նախատեսված համապատասխան կրեդիտները՝ տվյալ վերապատրաստման դասընթացը կամ հեռավար ուսուցման մոդուլը թեստավորման միջոցով հաջողությամբ ավարտելուց հետո:

54. Բացի անհատական ծրագրով հաստատված՝ տվյալ տարվա համար քաղաքացիական ծառայողին անհրաժեշտ պարտադիր կրեդիտներից՝ քաղաքացիական ծառայողը կարող է նաև կրեդիտներ ստանալ անհատական ծրագրում չընդգրկված՝ սույն հավելվածի 46-րդ կետով նախատեսված վերապատրաստումներից: Սույն կետով նախատեսված կրեդիտները տրվում են առանց թեստավորման:

(54-րդ կետը փոփ. 11.06.25 N 384-Ն)

55. Վերապատրաստման դասընթացին կամ հեռավար ուսուցման մոդուլին հատկացված կրեդիտները ներկայացվում են ամբողջական թվերով:

56. Վերապատրաստման դասընթացներին կամ հեռավար ուսուցման մոդուլներին կրեդիտներ հատկացվում են՝ հաշվի առնելով դասընթացի կարևորությունը, բարդությունը և ծավալը: Յուրաքանչյուր բաղադրիչով դասընթացին հատկացվում է համապատասխան կրեդիտ (N 7 ձև):

57. Անհատական ծրագրով հաստատված՝ տվյալ տարվա համար քաղաքացիական ծառայողին անհրաժեշտ պարտադիր կրեդիտներից՝ մասնագիտական գիտելիքների և կոմպետենցիաների հարաբերակցությունը որոշվում է ըստ պաշտոնների ենթախմբերի: Որքան բարձր է պաշտոնի ենթախումբը, այնքան գերակշռում են կոմպետենցիաների վերաբերյալ վերապատրաստումները (N 8 ձև):

58. Վերապատրաստման դասընթացի կամ հեռավար ուսուցման մոդուլի ավարտից հետո թեստավորման առաջադրանքների 80 և ավելի տոկոսին ճիշտ պատասխանած քաղաքացիական ծառայողին տրվում է տվյալ դասընթացի համար նախատեսված ամբողջ կրեդիտը: 80 տոկոսից ցածր արդյունքի դեպքում քաղաքացիական ծառայողն ստանում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանների տոկոսին համապատասխան կրեդիտ: Թեստավորման արդյունքում կրեդիտը, ոչ ամբողջ թիվ ստացվելու դեպքում, կլորացվում է մաթեմատիկական եղանակով (եթե դասընթացի համար նախատեսված է 8 կրեդիտ, 80 և ավելի տոկոսին ճիշտ պատասխանելու դեպքում քաղաքացիական ծառայողն ստանում է 8 կրեդիտ, եթե ճիշտ է պատասխանել 60 տոկոսին, ապա ստանում է 5 կրեդիտ (8X60/100=4,8≈5):

59. Եթե անհատական ծրագրով նախատեսված անհրաժեշտ վերապատրաստումների արդյունքում ստացած կրեդիտների հանրագումարը կազմում է անհատական ծրագրով հաստատված կրեդիտների առնվազն 80 տոկոսը, քաղաքացիական ծառայողին տրվում են անհատական ծրագրով հաստատված կրեդիտները (եթե անհատական ծրագրով նախատեսված է 25 կրեդիտ, վերապատրաստումների արդյունքում ստացած կրեդիտների հանրագումարը 20 և ավելի է (այսինքն՝ 80 և ավելի տոկոս), ապա քաղաքացիական ծառայողին տրվում է 25 կրեդիտ):

(59-րդ կետը փոփ. 11.02.21 N 106-Ն)

60. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

61. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

62. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

63. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

64. Սույն հավելվածի 54-րդ կետով նախատեսված վերապատրաստումներին մասնակցության դեպքում գլխավոր քարտուղարը կարող է դիմել գրասենյակ՝ նշված վերապատրաստումները հատկացված կրեդիտների հետ միասին քաղաքացիական ծառայողի վերապատրաստման անհատական ծրագրի «Անհրաժեշտ վերապատրաստումներ» բաժնում ներառելու համար՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը:

(64-րդ կետը խմբ. 11.02.21 N 106-Ն, փոփ. 11.06.25 N 384-Ն)

65. Քաղաքացիական ծառայության գրասենյակն ուսումնասիրում է ներկայացված փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջում լրացուցիչ փաստաթղթեր և, եթե դրանք բխում են քաղաքացիական ծառայողի պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից կամ համապատասխան մարմնի գերակա խնդիրներից, տալիս է համաձայնություն կամ մերժում է այն:

(65-րդ կետը փոփ. 11.06.25 N 384-Ն)

66. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

67. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

68. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

69. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

70. Սույն հավելվածի 65-րդ կետով նախատեսված վերապատրաստումների արդյունքում ստացված կրեդիտներն արտացոլվում են քաղաքացիական ծառայողի անհատական ծրագրի «Անհրաժեշտ վերապատրաստումներ» բաժնում, սակայն դա չի կարող հիմք հանդիսանալ անհատական ծրագրի նույն բաժնում ընդգրկված մյուս վերապատրաստումներից բացակայելու համար:

(70-րդ կետը փոփ. 11.06.25 N 384-Ն)

71. (կետն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

72. Տվյալ տարվա համար անհատական ծրագրով հաստատված կրեդիտներից պակաս կրեդիտներ ստանալու դեպքում՝ դրանք լրացվում են սույն հավելվածի 65-րդ կետով նախատեսված վերապատրաստումների արդյունքում ստացված կրեդիտներից:

(72-րդ կետը փոփ. 11.06.25 N 384-Ն)

 

5. ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԱԾ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ԵՎ ՀԵՌԱՎԱՐ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄՈԴՈՒԼՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

73. Անհատական ծրագրերում ներառված առկա ուսուցման դասընթացներն իրականացվում են դասախոսությունների և գործնական պարապմունքների միջոցով:

74. Հեռավար ուսուցման մոդուլները պետք է ունենան այնպիսի կառուցվածք, որոնց միջոցով կգործարկվի և կկառավարվի դասընթացը: Դասընթացը պետք է բաղկացած լինի բովանդակությունից և ուսումնական նյութից: Բովանդակությունը պետք է բաղկացած լինի գլուխներից, ենթագլուխներից և կետերից, որոնց միջոցով դասընթացն անցնողը կարող է միանգամից տեղափոխվել դասընթացի իր ցանկացած բաժինը: Դասընթացի ուսումնական նյութը կարող է բաղկացած լինել դասընթացի նպատակից, թիրախներից, դասախոսություններից, ազատ ոճով գրված տեքստից, բանաձևերից, նկարներից, բառարաններից, տեսագրություններից, ձայնագրություններից, տեքստային ֆայլերից, հղումներից և այլն:

75. Սույն հավելվածի 73-րդ և 74-րդ կետերով նախատեսված դասընթացներն ու մոդուլները պարունակում են ուսումնական նյութի յուրացումն ստուգող թեստ: Թեստն ընդգրկում է առնվազն 20-40 թեստային առաջադրանք:

 

6. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

(գլուխն ուժը կորցրել է 11.02.21 N 106-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան

 

Ձև N 1

 

Թ Ե Ր Թ Ի Կ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
(ձևն ուժը կորցրել է 11.02.21 N 106-Ն)

 

Ձև N 2

 

 Թ Ե Ր Թ Ի Կ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ
(ձևն ուժը կորցրել է 11.02.21 N 106-Ն)

Ձև N 3

Ս Ա Ն Դ Ղ Ա Կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՏԱՐԵԿԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄԻ

    

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՐՏԱԴԻՐ ԿՐԵԴԻՏՆԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՇԵՄԸ

մասնագիտական
վերապատրաստումներից

կոմպետենցիաներից

Դրական

90-100

Կատարողականի այս արդյունքն ունեցող քաղաքացիական ծառայողների համար չի սահմանվում անհրաժեշտ կրեդիտների շեմ (քաղաքացիական ծառայողը որպես իրավունք կարող է ընտրել կոմպետենցիայի կամ մասնագիտական գիտելիքների վերաբերյալ առավելագույնը երկու վերապատրաստման ծրագիր։)

75-89

15 կրեդիտ

60-74

25 կրեդիտ

Բացասական

<60

35 կրեդիտ

(ձևը խմբ. 11.02.21 N 106-Ն, փոփ. 11.06.25 N 384-Ն)

Ձև N 4

 

__________________________________________________________________

(համապատասխան մարմնի անվանումը)

 

ա ղ յ ու ս ա կ

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ Վերապատրաստման ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ

 

NN
ը/կ

Քաղաքացիական ծառայողի անունը, ազգանունը և զբաղեցրած պաշտոնը

NN
ը/կ

Քաղաքացիական ծառայողի վերապատրաստման կարիքների բավարարմանն ուղղված վերապատրաստման դասընթացները

կոմպետենցիաների վերաբերյալ

հատկացված կրեդիտները

մասնագիտական
գիտելիքների վերաբերյալ

հատկացված կրեդիտները

             
         
         
         
             
         
         
         
             
         
         
         

Ձև N 5

____________________________________________________________

(համապատասխան մարմնի անվանումը)

 

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ

 

Վերապատ- րաստման դասընթացներ

Վերա- պատրաստման եղանակը

Հատկացված կրեդիտները

Վերապատ-

րաստման ենթակա քաղաքացիական ծառայողների թիվը

ՀՀ

պետական բյուջեի միջոցներով

ՀՀ օրենսդրու- թյամբ չարգելված այլ միջոցներով (նշել աղբյուրը)

1

2

3

4

5

6

           

(ձևը խմբ. 11.06.25 N 384-Ն)

 

Ձև N 6

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Ծ Ր Ա Գ Ի Ր

 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ

 

Տվյալ տարվա համար անհրաժեշտ կրեդիտները

Ընտրված դասընթացները

Դասընթացի կրեդիտը

Վերապատ- րաստողը

Վերապատրաստման ժամանակահատվածը

Վերապատրաստման արդյունքում ստացած

կրեդիտը

Դասընթաց 1

 

 

 

 

Դասընթաց 2

 

 

 

 

 

     

(ձևը խմբ. 11.06.25 N 384-Ն)

 

Ձև N 7

 

Կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները

 

1. Դասընթացի կարևորությունը

 

3 կրեդիտ

2 կրեդիտ

1 կրեդիտ

Պետական կարևորության քաղաքականության, ռազմավարության, ծրագրի վերաբերյալ դասընթաց

Գերատեսչական կարևորության քաղաքականության, ռազմավարության, ծրագրի վերաբերյալ դասընթաց

Ստորաբաժանման կամ քաղաքացիական ծառայողի գործառույթներից բխող դասընթաց

2. Դասընթացի բարդությունը

 

3 կրեդիտ

2 կրեդիտ

1 կրեդիտ

Բարդ՝ դիագրամներով, բանաձևերով, հղումներով, իրավիճակային խնդիրներով կազմված դասընթաց

Միջին բարդության՝ պարզ խնդիրներ, հղումներ և աղյուսակներ պարունակող դասընթաց

Ոչ բարդ՝ տեքստային դասընթաց՝ առանց բանաձևերի, դիագրամների և խնդիրների

3. Դասընթացի ծավալը

 

3 կրեդիտ

2 կրեդիտ

1 կրեդիտ

Ծավալուն՝ 50 էջ և ավելի կամ 20 և ավելի ակադեմիական ժամ

Միջին ծավալ՝ 20-49 էջ կամ 8-19 ակադեմիական ժամ

Ոչ ծավալուն՝ մինչև 20 էջ կամ մինչև 8 ակադեմիական ժամ

Օրինակ. Պետական կարևոր քաղաքականությանը վերաբերող (3), միջին բարդության (2), ոչ ծավալուն (1) վերապատրաստման դասընթացին հատկացվում է 6 կրեդիտ:

 

Ձև N 8

 

Մասնագիտական գիտելիքների ԵՎ կոմպետենցիաների հարաբերակցությունՆ ըստ պաշտոնների ենթախմբերի

 

NN
ը/կ

ՊԱՇՏՈՆՆԵՐՆ
ԸՍՏ ԵՆԹԱԽՄԲԵՐԻ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻՑ

ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄՆԵՐ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻՑ

1.

Ղեկավար պաշտոնների 1-ին ենթախումբ

30 տոկոս

70 տոկոս

2.

Ղեկավար պաշտոնների 2-րդ ենթախումբ

30 տոկոս

70 տոկոս

3.

Ղեկավար պաշտոնների 3-րդ ենթախումբ

40 տոկոս

60 տոկոս

4.

Ղեկավար պաշտոնների 4-րդ ենթախումբ

40 տոկոս

60 տոկոս

5.

Ղեկավար պաշտոնների 5-րդ ենթախումբ

40 տոկոս

60 տոկոս

6.

Մասնագիտական պաշտոնների 1-ին ենթախումբ

60 տոկոս

40 տոկոս

7.

Մասնագիտական պաշտոնների 2-րդ ենթախումբ

60 տոկոս

40 տոկոս

8.

Մասնագիտական պաշտոնների 3-րդ ենթախումբ

70 տոկոս

30 տոկոս

9.

Մասնագիտական պաշտոնների 4-րդ ենթախումբ

70 տոկոս

30 տոկոս

10.

Մասնագիտական պաշտոնների 5-րդ ենթախումբ

70 տոկոս

30 տոկոս

11.

Մասնագիտական պաշտոնների 6-րդ ենթախումբ

80 տոկոս

20 տոկոս

12.

Մասնագիտական պաշտոնների 7-րդ ենթախումբ

80 տոկոս

20 տոկոս

13.

Մասնագիտական պաշտոնների 8-րդ ենթախումբ

80 տոկոս

20 տոկոս

Ձև N 9

 

Միջազգային հավաստագրերով վերապատրաստումների համար Կրեդիտների սահմանման հիմնական սկզբունքները

(ձևն ուժը կորցրել է 11.06.25 N 384-Ն)

   

Ձև N 10

 

ՑԱՆԿ

 

Աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների համանման (նույնաբովանդակ) գործառույթներից բխող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ վերապատրաստումների

 

NN

ը/կ

Վերապատրաստում

1.

Մարդկային ռեսուրսներ

2.

Իրավական ապահովում

3.

Ֆինանսաբյուջետային քաղաքականություն և հաշվապահական հաշվառում

4.

Տեղեկատվություն և հասարակության հետ կապեր

5.

Միջազգայի համագործակցություն և արտաքին կապեր

6.

Փաստաթղթաշրջանառություն և արխիվային գործ

7.

Գնումներ, վարչատնտեսական կառավարում

8.

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և թվային կառավարում

9.

Ներքին աուդիտ

10.

Զորահավաքային և զորակոչային աշխատանքների կազմակերպում

(ձևը լրաց. 11.06.25 N 384-Ն)

(հավելվածը փոփ., խմբ. 11.02.21 N 106-Ն, փոփ., խմբ., լրաց. 11.06.25 N 384-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.06.2025, N 384-Ն 09.01.2019, N 2-Ն
11.02.2021, N 106-Ն 09.01.2019, N 2-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան