ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 74-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (23.07.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.07.21-2025.08.03 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2025
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.07.2025
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.07.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«17» հուլիս 2025 թվականի

N 74-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 35-րդ կետը և 31-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը՝

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել ուռուցքաբանի մասնագիտական բնութագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

17.07.2025

Ա. ԱվանեսՅԱՆ

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

առողջապահության նախարարի

2025 թվականի հուլիս «17»-ի
թիվ 74-Ն
հրամանի

 

ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

 1. Ուռուցքաբանն իրականացնում է մասնագիտական գործունեություն ուռուցքաբանության ոլորտում հիվանդանոցային, արտահիվանդանոցային, բնակչության առողջության առաջնային պահպանման, առողջարանային և խնամքի ապահովման ծառայություններում:

2. Ոււռուցքաբան կարող է համարվել այն անձը, ով ունի բարձրագույն բժշկական կրթություն և հետդիպլոմային կրթություն ընդհանուր ուռուցքաբանություն մասնագիտությամբ (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) և բժշկի որակավորում և ում կրթական փաստաթղթերը ճանաչվում են Հայաստանի Հանրապետության կողմից:

3. Ուռուցքաբանը կարող է անցնել նեղ մասնագիտացում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2025 թվականի փետրվարի 17-ի թիվ 23-Ն հրամանի։

 

2. Պաշտոնական գործառույթների իրականացման հնարավորություններ

 

4. Ուռուցքաբանն առողջապահության բնագավառում կարող է ստանձնել հետևյալ պաշտոնները.

1) Հիվանդանոցային բժշկական հաստատության ուռուցքաբան.

2) ԱԱՊ ծառայության ուռուցքաբան.

3) Ուռուցքաբանական բաժանմունքի վարիչ.

4) Ցերեկային ստացիոնարի ուռուցաքաբան.

5) Բժշկական կազմակերպության գործադիր մարմնի ղեկավար (տնօրեն)։

 

3. Մասնագիտական գիտելիքներ, ունակություններ և հմտություններ

 

5. Բժշկական գիտելիքներ. ուռուցքաբանը պետք է.

1) Իմանա մարդու անատոմիա և ֆիզիոլոգիա, այդ թվում.

ա. օրգան-համակարգերի և դրանց նորմալ գործունեության խորը ըմբռնում.

բ. անատոմիական հարաբերությունների իմացություն, որն օգնում է պատկերների մեկնաբանման և վիրաբուժական կամ ճառագայթային բուժման պլանավորման համար.

2) Իմանա ախտաբանական ֆիզիոլոգիա.

ա. hիվանդության մեխանիզմների իմացություն, ներառյալ բորբոքումը, իմունիտետը և բջջային փոխանակությունը.

բ. Ունենա ուռուցքային աճի պատճառ դարձած մոլեկուլային և գենետիկական ուղիների մասին գիտելիքներ.

3) Իմանա ընդհանուր թերապևտիկ բժշկություն.

ա. հաճախ հանդիպող քրոնիկական հիվանդությունների կառավարում՝ հիպերտոնիա, շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ, երիկամային կամ լյարդային անբավարարություն.

բ. սուր վիճակների հայտնաբերում և կայունացում (օրինակ, ինֆեկցիաներ, էլեկտրոլիտային խանգարումներ, անեմիա).

գ. ուղեկցող հիվանդությունների կառավարման հմտություններ, որոնք կարող են ազդել քաղցկեղի կանխատեսման և բուժման որոշումների վրա.

4) Ունենա համապատասխան գիտելիքներ դեղագիտություն ոլորտում.

ա. դեղերի դինամիկայի և կինետիկայի ընդհանուր սկզբունքների իմացություն.

բ. դեղորայքային փոխազդեցությունների իմացություն, հատկապես քաղցկեղի բուժման ժամանակ (քիմիաթերապիա, թիրախային թերապիա).

գ. աջակցող բուժման դեղերի կառավարում՝ հակափսխումային, ցավազրկող, հակամակարդիչ, կորտիկոստերոիդ դեղամիջոցներ.

5) Ունենա համապատասխան գիտելիքներ ինֆեկցիոն հիվանդությունների վերաբերյալ.

ա. վարակների հայտնաբերում և բուժում, հատկապես իմունանբավարարությամբ հիվանդների մոտ (ֆեբրիլ նեյտրոպենիա, սնկային վարակներ).

բ. կանխարգելման և պատվաստումների ռազմավարությունների իմացություն քաղցկեղով հիվանդների համար.

6) Ունենա համապատասխան գիտելիքներ սնուցման և նյութափոխանակության վերաբերյալ.

ա. հիվանդների սննդային վիճակի գնահատում և միջամտություն, ովքեր ունեն քաշի կորուստ, կախեքսիա կամ թերսնուցում.

բ. մետաբոլիկ խանգարումների կառավարում, ինչպիսիք են՝ հիպերկալցիեմիան կամ ուռուցքային լիզիսի համախտանիշը.

7) Ունենա համապատասխան գիտելիքներ հեմատոլոգիայի ոլորտում.

ա. արյան խանգարումների կառավարում՝ անեմիա, թրոմբոցիտոպենիա, նեյտրոպենիա, կոագուլոպաթիաներ.

բ. ունենա համապատասխան գիտելիքներ տրանսֆուզիոն բժշկության ոլորտում՝ արյան փոխներարկումների ցուցումների և բարդությունների վերաբերյալ.

8) Ունենա համապատասխան գիտելիքներ ռադիոլոգիայի և պատկերային ախտորոշման ոլորտում. պատկերային մեթոդների սահմանափակումների իմացություն և դրանց համադրումը կլինիկական և ախտաբանական տվյալների հետ.

9) Իմանա վիրաբուժական և ճառագայթային թերապիայի սկզբունքները.

ա. վիրաբուժական մոտեցումների, բարդությունների և վերականգնման ընդհանուր հասկացություն.

բ. իմանա ճառագայթային թերապիայի հիմունքները և դրա հետ կապված տոքսիկ դրսևորումները.

10) Իմանա պալիատիվ և աջակցող բժշկություն.

ա. ցավի կառավարում (օրինակ, օփիոիդներ, նյարդային արգելափակումներ).

բ. ընդհանուր ախտանիշների կառավարում՝ հոգնածություն, սրտխառնոց, փսխում, փորկապություն, շնչարգելություն.

գ. պալիատիվ խնամք, ներառյալ հաղորդակցության հմտություններն ու էթիկական որոշումների կայացումը.

11) Ունենա համապատասխան գիտելիքներ հոգեբուժության և վարքագծային բժշկության ոլորտում. կարողանա դեպրեսիայի, անհանգստության և հարմարվողական խանգարումների հայտնաբերման դեպքում ուղղորդել քաղցկեղով հիվանդներին համապատասխան նեղ մասնագետի` հոգեբանի և հոգեբույժի մոտ.

12) Ունենա համապատասխան գիտելիքներ էնդոկրինոլոգիայի ոլորտում.

ա. հորմոն արտադրող ուռուցքների և պարանեոպլաստիկ համախտանիշների իմացություն.

բ. թերապիաների հետ կապված էնդոկրին բարդությունների կառավարում (օրինակ, հիպոթիրեոզ).

13) Իմանա անհետաձգելի բժշկության հիմունքները. ուռուցքային անհետաձգելի իրավիճակների հայտնաբերում և կայունացում, այդ թվում.

ա. ողնուղեղի սեղմվածություն.

բ. վերին սիներակային համախտանիշ.

գ. ուռուցքային լիզիսի համախտանիշ.

դ. հիպերկալցիեմիա.

ե. ֆեբրիլ նեյտրոպենիա.

14) Ունենա համապատասխան գիտելիքներ իմունոլոգիայի ոլորտում.

ա. իմունային համակարգի գործառույթի իմացություն և իմունաթերապիայի մեխանիզմներ (օրինակ, ճնշակետային ինհիբիտորներ, car-t բջջային թերապիա).

բ. իմունային կողմնակի ազդեցությունների ճանաչում և կառավարում.

15) Իմանա կանխարգելիչ բժշկություն.

ա. քաղցկեղի սքրինինգային ծրագրերի, ռիսկի գործոնների և ապրելակերպի խորհուրդների վերաբերյալ գիտելիքներ.

բ. գենետիկ նախատրամադրվածության (օրինակ՝ BRCA մուտացիա, Լինչ համախտանիշ) և վերահսկման ռազմավարությունների իմացություն.

6. Բժշկական հատուկ գիտելիքներ. ուռուցքաբանը պետք է.

1) Իմանա քաղցկեղի կենսաբանություն և պաթոգենեզ

ա. քաղցկեղի առաջացման բջջային և մոլեկուլային մեխանիզմների իմացություն.

բ. օնկոգեններ և սուպրեսոր գեներ.

գ. ԴՆԹ-ի վերականգնման մեխանիզմներ և մուտացիաներ.

դ. բջջային ցիկլի կարգավորում և ապոպտոզ.

գ. մետաստազների մեխանիզմներ՝ անգիոգենեզ, ներխուժում և իմունային խուսափում.

ե. գենետիկ և էպիգենետիկ փոփոխություններ, որոնք հանգեցնում են քաղցկեղածին գործընթացի.

2) Իմանա ուռուցքների դասակարգումը և հիստոպաթոլոգիան.

ա. տարբեր ուռուցքների հիստոլոգիական ենթատեսակների և դասակարգման համակարգերի իմացություն (օրինակ, Գլիսոնի սանդղակ շագանակագեղձի քաղցկեղի համար).

բ. ուռուցքային մարկերների և կենսամարկերների ճանաչում (օրինակ, HER2, PD-L1, Ki-67, BRCA).

գ. TNM դասակարգման և քաղցկեղի համար հատուկ փուլավորման ուղեցույցների իմացություն.

3) Իմանա համաճարակաբանություն և ռիսկի գործոնները.

ա. գիտելիքներ քաղցկեղի տարածվածության, հաճախականության և մահացության ցուցանիշների վերաբերյալ՝ գլոբալ և տեղական մակարդակներում.

բ. թիրախային ռիսկի գործոններ՝ շրջակա միջավայր (օրինակ, ծխախոտ, ճառագայթում), գենետիկ նախատրամադրվածություն (օրինակ, ընտանեկան քաղցկեղային համախտանիշներ), կենսակերպ (օրինակ, սննդակարգ, ֆիզիկական անգործություն, ալկոհոլ), կանխարգելման ռազմավարություններ՝ առաջնային (ծխելու դադարեցում) և երկրորդային (սքրինինգային ծրագրեր).

4) Իմանա ուռուցքաբանական ախտորոշման մեթոդները. ախտորոշիչ գործիքների իմացություն.

ա. պատկերային մեթոդներ (ct, mri, pet, ուլտրաձայնային հետազոտություն, մամոգրաֆիա).

բ. էնդոսկոպիկ մեթոդներ (օրինակ, բրոնխոսկոպիա, կոլոնոսկոպիա).

գ. բիոպսիաների և ցիտոլոգիայի մեթոդներ (օրինակ, ասեղային բիոպսիա, կորբիոպսիա).

դ. լաբորատոր թեստերի մեկնաբանում՝ ուռուցքային մարկերներ, արյան ընդհանուր հետազոտություններ.

ե. մոլեկուլային ախտորոշման իմացություն՝ հաջորդ սերնդի սեկվենավորում (NGS), FISH, PCR, հեղուկ բիոպսիա.

5) Իմանա ուռուցքաբանական բուժման մեթոդները. ուռուցքաբանը պետք է տեսական գիտելիքներ ունենա ուռուցքային հիվանդությունների վիրահատական բուժման մեթոդների, վիրահատական բուժման կուրատիվ, պալիատիվ և ցիտոռեդակտիվ մոտեցումների մասին.

6) Իմանա բժշկական ուռուցքաբանություն.

ա. քիմիաթերապիա՝ գործողության մեխանիզմ, դեղաչափում, ռեժիմներ և տոքսիկ դրսևորումներ (օրինակ, միելոսուպրեսիա, նեյրոպաթիա).

բ. թիրախային թերապիա՝ մոլեկուլային ուղիների թիրախավորում (օրինակ՝ EGFR, VEGF).

գ. իմունաթերապիա՝ ճնշակետային ինհիբիտորներ (PD-1, CTLA-4), CAR-T բջջային թերապիա.

դ. հորմոնային թերապիա՝ հորմոնների վրա կախված ուռուցքների բուժում (կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղ).

7) Իմանա ճառագայթային ուռուցքաբանություն.

8) Իմանա արտաքին ճառագայթային թերապիայի, բրախիթերապիայի սկզբունքները և կողմնակի ազդեցությունները․

9) Իմանա Նորագույն ստերեոստաքսիք (SBRT) տեսակների բուժման տեսակները․

10) Ուռուցքաբանական ոլորտներ. ուռուցքաբանը պետք է կարողանա ախտորոշ հետևյալ տեղակայման քաղցկեղները․

ա. սոլիդ ուռուցքներ՝ կրծքագեղձի, թոքի, հաստ աղու, ենթաստամոքսային գեղձի, լյարդի, շագանակագեղձի, ձվարանների, արգանդի պարանոցի, էնդոմետրիումի.

12) Իմանա արյունաբանական չարորակ հիվանդությունների մասին՝ լեյկեմիաներ, լիմֆոմաներ (Հոջկինի և ոչ Հոջկինի), մուլտիպլ միելոմա, և ուղղորդի արյունաբանի մոտ.

15) Համապատասխան գիտելիքներ ունենա մանկական ուռուցքաբանության ոլորտում՝ Ուիլմսի ուռուցք, նեյրոբլաստոմա, Էվինգի սարկոմա, լեյկեմիաներ, հետագա խնամք և վերականգնում, հիվանդների երկարատև վերահսկման ուղեցույցներ, քաղցկեղի բուժման ուշացած հետևանքների կառավարում (օրինակ, սրտի տոքսիկ դրսևորումներ, անպտղություն, երկրորդային քաղցկեղներ).

16) Տեղյակ լինի գիտական հետազոտությունների և կլինիկական փորձարկումների արդյունքներին.

ա. կլինիկական փորձարկումների փուլերի (I-IV) իմացություն.

բ. նոր թերապիաների և ընթացիկ հետազոտությունների մասին իրազեկվածություն.

գ. ապացուցողական բժշկության կիրառություն կլինիկական պրակտիկայում։

 

4. Այլ հմտություններ

 

7. Ուռուցքաբանը պետք է ունենա.

1) հաղորդակցման հմտություններ.

2) վեճերի լուծման հմտություններ.

3) բժշկական օգնության ու սպասարկման ոլորտի օրենսդրության իմացություն:

 

5. Ընդհանուր ունակություններ

 

8. Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ. ռւռուցքաբանը պետք է տիրապետի բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի թիվ 182-Ն որոշման։

9. Տեխնիկական հմտություններ. ռւռուցքաբանը պետք է կարողանա.

1) տիրապետել տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների հիմունքներին` իր մասնագիտական գործունեությունում այն օգտագործելու նպատակով.

2) պահպանել տեղեկատվական անվտանգության կանոնները.

3) իրականացնել բժշկա-վիճակագրական տեղեկատվության վերլուծություն.

4) կատարել համապատասխան բժշկական փաստաթղթավարում.

5) տիրապետել թվային առողջապահության հիմունքներին.

6) աշխատել բժշկական սարքավորումների հետ:

 

6. Միջդիսցիպլինար համագործակցություն, թիմային աշխատանքի հմտություններ և առաջնորդություն

 

10. Ուռուցքաբանը պետք է կարողանա.

1) իրականացնել թիմային աշխատանք և առաջնորդություն․

2) համագործակցել ոլորտի այլ մասնագետների հետ։

 

7․ Ուռուցքաբանի իրավունքները և պարտականությունները

 

11. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքով սահմանված բուժաշխատողների իրավունքները և պարտականությունները տարածվում են ուռուցքաբանի վրա։

 

8.Կոմպետենտությունների մակարդակներն ուռուցքաբանություն մասնագիտությամբ հետբուհական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքում

 

12. Մասնագիտական ուսումնառության (կլինիկական օրդինատուրա, ռեզիդենտուրա) ընթացքոմ ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակները ցույց են տալիս ուսումնառողի ժամանակի կառավարման, խնդիրների լուծման և առանց մշտական հսկողության կամ առաջնորդության ինքնուրույն մասնագիտական գործունեությունն իրականացնելու պատրաստակամությունն ու կարողությունն` ըստ Աղյուսակի:

13. Ախտորոշիչ և բուժական կոմպետենտությունների մակարդակներն են.

1) Մակարդակ 1. Օպտիմալ ախտորոշման կամ բուժական մեթոդի ընտրության և դրա արդյունքների ճիշտ մեկնաբանման կամ հետազոտության և բուժման հետագա մարտավարությունը որոշելու փորձ: Այս մակարդակը չի ենթադրում միջամտության ինքնուրույն կատարում, սակայն ընթացակարգին մասնակցելը կարող է օգտակար լինել:

2) Մակարդակ 2. Բացի 1-ին մակարդակից նաև, գործնական հմտություններ են պահանջվում (բայց ոչ որպես անկախ մասնագետ): Ղեկավարի հսկողության և ղեկավարության ներքո հատուկ ընթացակարգերին աջակցելու փորձը պարտադիր է: Այս մակարդակը ենթադրում է նաև որոշ միջամտություններ ինքնուրույն կատարելու ունակություն, բայց ստանդարտ ցուցումների համար և ոչ բարդ իրավիճակներում:

3) Մակարդակ 3. Բացի 2-րդ մակարդակից, անհրաժեշտ է ինքնուրույն որոշել ցուցումները, կատարել ընթացակարգը, մեկնաբանել դրա արդյունքները և կառավարել հնարավոր բարդությունները (իր ղեկավար՝ բժիշկ մասնագետի հսկողությամբ):

 

Աղյուսակ

 

Բժշկական

միջամտություն

Կոմպետենտության

աստիճան

Կոմպետենտության մակարդակ

 1․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունների դիտորդ կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Դիտորդ

1

2․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտություններին հսկողության ներքո մասնակից կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Ոչ լիարժեք կամ մասնակի կոմպետենտություն

2

3․ Իրականացվող բոլոր բժշկական միջամտությունները հսկողության ներքո ինքնուրույն կատարող կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ

Լիարժեք կոմպետենտություն

3

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան