ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
|
|
ԲԴԽ-34-Ո-Կ-3 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐ ԳԱԳԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ`
ՀԵՏԵՎՅԱԼ ԿԱԶՄՈՎ՝
|
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ |
Ա. Աթաբեկյանի | ||
|
մասնակցությամբ՝ անդամներ |
Ա. Աբրահամյանի Ա. Դանիելյանի Կ. Թումանյանի Ե. Թումանյանցի Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ Ա. Հայրապետյանի Ա. հարությունյանի Էդ. Հովհաննիսյանի Ք. Մկոյանի | ||
|
քարտուղարությամբ՝ |
Շ. Մեսրոպյանի | ||
| 2025 թվականի հունիսի 09-ին |
ք. Երևանում |
դռնբաց նիստում, քննության առնելով Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի՝ «Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ Բարձրագույն դատական խորհրդին դիմելու մասին» 2025 թվականի մայիսի 5-ի N-Կ-2/2025 որոշումը և կից ներկայացված փաստաթղթերը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) 03.03.2025 թվականի N-Կ-2/2025 որոշմամբ Դատավորի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ:
Հանձնաժողովի 05.05.2025 թվականի N-Կ-2/2025 որոշմամբ միջնորդություն է ներկայացվել Բարձրագույն դատական խորհուրդ (այսուհետ նաև՝ Խորհուրդ)՝ Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
Խորհրդի 19․05․2025 թվականի որոշմամբ նշանակվել է դատական նիստ։
Հիմք ընդունելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի նախագահի 19.05.2025 թվականի գրությունը, «Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության տնօրենի 02.06.2025 թվականի թիվ 25 գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 159-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով, 89-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Խորհուրդը 03.06.2025 թվականի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Կոլյայի Պողոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին» թիվ ԲԴԽ-38-Ո-78 որոշմամբ 03.06.2025 թվականից Դատավորի լիազորությունները դադարեցրել է։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ նաև՝ Օրենսգիրք) 147-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ վարույթ հարուցած մարմինը կարճում է կարգապահական վարույթը, եթե՝
(․․․)
5) դադարեցվել կամ դադարել են դատավորի լիազորությունները. (․․․)։
Օրենսգրքի 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը մերժում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը, եթե՝
1) առկա է սույն օրենսգրքի 146-րդ հոդվածի 6-րդ մասով և 147-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված որևէ հիմք. (․․․)։
Տվյալ դեպքում հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Կոլյայի Պողոսյանի լիազորությունները Խորհրդի 03.06.2025 թվականի թիվ ԲԴԽ-38-Ո-78 որոշմամբ 03.06.2025 թվականից դադարեցվել են՝ Խորհուրդը գտնում է, որ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ենթակա է մերժման։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի 6-րդ մասի 5-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 155-րդ հոդվածով, 156-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Բարձրագույն դատական խորհուրդը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, մերժել։
2․ Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ա. Աթաբեկյան Անդամներ` Ա. Աբրահամյան Ա. Դանիելյան Կ. Թումանյան Ե. Թումանյանց Մ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Ա. Հայրապետյան Ա. հարությունյան Էդ. Հովհաննիսյան Ք. Մկոյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հունիսի 2025 թվական: