ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 2334-Ա |
«10» հունիսի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.
Երևանի քաղաքապետարան հասցեագրված Ռուբեն Շեղամյանի 2025 թվականի մայիսի 12-ի թիվ Դ-49744-25 դիմումի հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն իրականացվել է վարչարարություն:
2025 թվականի մայիսի 12-ի թիվ Դ-49744-25 դիմումի քննության կապակցությամբ 2025 թվականի մայիսի 29-ին հրավիրվել է լսումներ, որին մասնակցել է դիմումատու Ռուբեն Շեղամյանը:
Ուսումնասիրելով Ռուբեն Շեղամյանի 2025 թվականի մայիսի 12-ի թիվ Դ-49744-25 դիմումը, վարույթի լսումների վերաբերյալ կազմված՝ 2025 թվականի մայիսի 29-ի արձանագրությունը, գնահատելով 2025 թվականի մայիսի 12-ի թիվ Դ-49744-25 և 2025 թվականի հունիսի 5-ի թիվ Դ-60109-25 դիմումներին կից ներկայացված ապացույցներն ու գործին առնչվող փաստական հանգամանքները, պարզվել է հետևյալը.
2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
2025 թվականի մայիսի 12-ի թիվ Դ-49744-25 դիմումում նշված փաստական հանգամանքների և դրան կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 9-ին Երևան քաղաքի Ա.Հովհաննիսյան փողոցի, Գայի պողոտայի և Բաղյան փողոցի խաչմերուկում կայանված՝ Ռուբեն Շեղամյանի սեփականությունը հանդիսացող «Opel Vectra A 1.8 I» մակնիշի «36 DR 525» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է:
Ռուբեն Շեղամյանը, ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորք բաժնի պետի 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ 34/1470 գրությունը, պատահարի վայրում կատարված լուսանկարներն ու «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հունիսի 5-ին տրված թիվ 25-2033՝ հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել «Opel Vectra A 1.8 I» մակնիշի «36 DR 525» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու հետևանքով առաջացած վնասը:
2019 թվականի մայիսի 17-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ PE206642 վկայագրի համաձայն՝ «Opel Vectra A 1.8 I» մակնիշի «36 DR 525» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Ռուբեն Շեղամյանի սեփականությունը:
2025 թվականի մայիսի 12-ի թիվ Դ-49744-25 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից 2025 թվականի մայիսի 18-ին տեղեկացվել է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի ապրիլի 9-ին ժամը 17։00 սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Ա. Հովհաննիսյան-Գայի պողոտա և Բաղյան փողոցների խաչմերուկի մոտ կենսունակ թեղու՝ կոտրված կենսունակ ճյուղը «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից մասնատվել և դուրս է բերվել տարածքից և այդ ընթացքում, տարածքում որևէ վնասված մեքենա չի եղել։
«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի հունիսի 5-ին տրված թիվ 25-2033 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննության տրամադրված «Opel Vectra A 1.8 I» մակնիշի «36 DR 525» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք առաջացել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի պետ Ա.Մուշեղյանի կողմից տրամադրված գրությամբ ամրագրված պատահարի հետևանքով, համապատասխան կառուցվածքներ ու արտացցված եզրեր ունեցող կոշտ առարկաների հետ, որպիսիք հանդիսանում են դեպքի վայրի լուսանկարներում պատկերված, կոտրված ծառի ճյուղերը, անմիջական, վերևից ներքև և ձախից դեպի աջ ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցությունների արդյունքում: Ընդ որում՝ փոխազդեցությունները տեղ են գտել ավտոմեքենան անշարժ վիճակում գտնվելու պայմաններում՝ նշված ծառի ճյուղը չորացած լինելու պատճառով կոտրվելու և անշարժ վիճակում գտնվող ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում:
«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հունիսի 5-ի թիվ 25-2033 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Opel Vectra A 1.8 I» մակնիշի «36 DR 525» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամ:
2025 թվականի հունիսի 5-ի թիվ Դ-60109-25 դիմումին կից ներկայացված թիվ 8556697 վճարման անդորրագրի համաձայն՝ «Ակբա բանկ» բաց բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով 2025 թվականի հունիսի 3-ին Ռուբեն Շեղամյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ԱՓ/53-25 պայմանագրով փորձաքննությունների վճար:
3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:
Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`
ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,
բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:
2025 թվականի մայիսի 12-ի թիվ Դ-49744-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Ռուբեն Շեղամյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորք բաժնի պետի 2025 թվականի ապրիլի 15-ի թիվ 34/1470 գրությունն ու «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի հունիսի 5-ի թիվ 25-2033 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.
ՈՐՈՇԵՑԻ
1. Ռուբեն Շեղամյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի մայիսի 12-ի թիվ Դ-49744-25 դիմումը բավարարել:
2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին.
«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի հունիսի 5-ի թիվ 25-2033 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Opel Vectra A 1.8 I» մակնիշի «36 DR 525» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 323.000 (երեք հարյուր քսաներեք հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Ռուբեն Շեղամյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
| Տ. Ավինյան |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|