ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 111-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.06.09-2025.06.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2025
Ընդունող մարմին
Հրազդան համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
10.06.2025
Ստորագրող մարմին
Համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
10.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.06.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ

 

ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 հունիսի 2025 թվականի N 111-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 31-րդ հոդվածի 1-ին մասի 1.8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով.

 

Հրազդան համայնքի ավագանին ՈՐՈՇՈՒՄ Է՝

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը՝ համաձայն NN 1, 2, 3 հավելվածների:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

10 հունիսի 2025 թ.

ք. Հրազդան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 -2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1.8-րդ կետի,համայնքի ղեկավարը կազմում և համայնքի ավագանու հաստատմանն է ներկայացնում համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` ՄԺԾԾ) նախագիծը:

Հրազդան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին Հրազդան համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է «Տեղական ինքնակառավարման մասին» և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների պահանջներին համապատասխան: 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագրերի ուղենիշային փաստաթուղթ, ուղղվում է տեղական ինքնակառավարման մարմիններին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Այն ակնկալվող եկամուտների և առաջարկվող ծրագրերի ու միջոցառումների համապարփակ թվարկումն է երեք ֆինանսական տարիների համար՝ ՏԻՄ-ի գործունեության յուրաքանչյուր բնագավառում: «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում, ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում: Համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը համայնքի հնգամյա զարգացման ծրագրի դրույթների իրագործման հիմնական գործիքն է, որը հնարավորություն է տալիս առավել իրատեսական և առարկայական դարձնել նախատեսվող ծրագրերը: Եթե համայնքի զարգացման ծրագիրը հաստատվում է մեկ անգամ՝ ավագանու լիազորությունների ամբողջ ժամանակահատվածի` 5 տարվա համար, ապա համայնքի միջնաժամկետ ծախսերի ծրագիրը մշակվում և հաստատվում է յուրաքանչյուր տարի` առաջիկա 3 տարիների համար: Այն հստակեցնում է եռամյա ժամանակահատվածում համայնքի ծախսային քաղաքականությունը տարեկան կտրվածքով` հնարավորություն տալով համայնքի համար միջնաժամկետ հատվածում կառավարելու համայնքի ֆինանսական ռեսուրսները և ստեղծելու պատշաճ ծրագրային հիմքեր առաջիկա տարվա համայնքի բյուջեի նախագծի մշակման համար: Համայնքային ոլորտային գերակայությունները որոշվում են ինչպես համայնքների զարգացման հնգամյա ծրագրերի գերակայությունների, այնպես էլ ՀՀ կառավարության ծրագրերի առաջնահերթ ուղղությունների հիման վրա:Համայնքի եռամյա միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման փուլի ներմուծմամբ համայնքի համար հնարավորություն է ընձեռնվում անցնել եռամյա ֆինանսական ծրագրավորմանը և տեսնել համայնքի բյուջեի մշակման փուլին բնորոշ մեկ տարվա տեսադաշտից ավելի հեռու՝ երեք տարվա հորիզոնով։ Այդ ժամանակահատվածում համայնքի համար ֆինանսական ռեսուրսների հասանելիության, ինչպես նաև այլ գործոնների ազդեցության կանխատեսումները հնարավորություն կընձեռնեն համայնքին մի կողմից՝ մեծացնել համայնքի ֆինանսական ծրագրերի կանխատեսելիությունը, ծրագրերի շարունակականության ապահովման ֆինանսական մեխանիզմների հստակեցումը, իսկ մյուս կողմից՝ բարձրացնել համայնքներում բյուջետային կարգապահությունը և հաշվետվողականությունը։ Առաջիկա երեք տարվա` տեղական ինքնակառավարման մարմինների ՄԺԾԾ մշակման նպատակն է հնարավորություն ստեղծել համայնքների համար կառավարելու ֆինանսական ռեսուրսներն իր միջնաժամկետ հարկաբյուջետային նպատակներին և քաղաքականության գերակայություններին համապատասխան:

Հրազդան համայնքի բնակիչների կարիքները քննարկվել և առանձնացվել են ըստ առանձին խոցելի խմբերի`յուրաքանչյուրի դեպքում դիտարկելով առավել նշանակալիները:Մասնավորապես,դիտարկվել են հետևյալ խմբերը` երեխաներ, երիտասարդներ, տարեցներ, կանայք, հաշմանդամություն ունեցող անձինք,անապահով ընտանիքներ,տեղահանվածներ, պատերազմի մասնակիցներ: Յուրաքանչյուր խմբի համար առանձնացվել է կարիքների երկու խումբ` հիմնական և լրացուցիչ:Հիմնական կաիքներն են`երեխաների համար ժամանցային կենտրոնների բացակայությունը,բուլլինգի առկայությունը,ծնողավարման հմտությունների պակասը,կախվածությունը թմրանյութերից,ալկոհոլից,ծխախոտից,առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ,տարեցների համար ժամանցի,զբաղվածության խնդիր,իրազեկվածության խնդիր,հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական մատչելիության խնդիր,զբաղվածության և հասարակությունում ինտեգրման խնդիր,տեղահանվածների համար ինտեգրման,բնակարանային ապահովման և աշխատանքի տեղավորման խնդիրներ:

ՄԺԾԾ հիմնական նպատակն է ներկայացնել համայնքի ծախսային ռազմավարությունը հաջորդ երեք տարվա բյուջեի ծախսային ծրագրերի ֆինանսական գնահատականը: Ռազմավարությունը ներառում է միջնաժամկետ հատվածում նախատեսված ծրագրերը,առաջարկությունները,լուծումները և թե ինչպես են դրանք նպաստելու տեղական ինքնակառավարման մարմնի նպատակների և խնդիրների իրագործմանը: Պետք է ներկայացնել նաև նախատեսված ծրագրերի ֆինանսական գնահատականը և հիմնավորել դրանք: Եկամուտները շարադրող մասը պետք է պարունակի առաջիկա երեք տարիների համար եկամուտների մասին բովանդակային ու հաշվարկային հիմնավորումներ, եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և նախորդ տարվա համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ` նախորդ երեք տարվա համայնքային բյուջեով եկամուտների քաղաքականության նպատակների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն, երեք տարվա կտրվածքով բոլոր տեսակի եկամուտների ուղղությամբ կանխատեսումների վերաբերյալ:

Ծախսային քաղաքականությունը պարունակում է այն արդյունքները, որոնց համայնքը ցանկանում է հասնել իրականացվելիք ծրագրերի շրջանակներում ծախսեր կատարելու միջոցով, ինչպես նաև այն ծախսային գործոնները, այդ թվում` ակնկալվող տնտեսական և սոցիալական միտումները, որոնք կանխատեսվող ժամանակաշրջանի ընթացքում կազդեն իրագործվող ծախսերի վրա: Հրազդան համայնքի համար առաջիկա տարիներին կարևոր է բնակչության բարեկեցության աճը, ինչպես նաև սոցիալ-տնտեսական ճիշտ քաղաքականության վարման արդյունքում՝ աղքատության հաղթահարումը: ՄԺԾԾ-ն իրենից ենթադրում է գործընթացային ծրագիր, որն էլ ըստ էության իրենից ներկայացնում է քաղաքականությունների ձևակերպում-պլանավորում-բյուջետավարում տեսքով շղթա՝ դառնալով համայնքի բյուջեի կազմման ուղեցույց:

Հրազդան համայնքի եկամուտների կանխատեսման գործընթացը

Հարկեր`

2026-2028 թվականների Հրազդան համայնքի միջնաժամկետ ծախսային ծրագրում առաջիկա երեք տարիների համար համայնքի եկամուտները պլանավորելիս հիմք են հանդիսացել օրենքով սահմանված և նախորդ երեք տարիներին հավաքագրված միջին ցուցանիշները։

Հարկերը հաշվարկելիս հիմք են հանդիսացել համայնքում պարտադիր գանձվող անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի ցուցանիշները, որոնց միասնական բազան արտացոլված է «ՎԻ ԻՔՍ ՍՈՖԹ» ՍՊԸ-ի ծրագրում: Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի՝ անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարները ենթակա են վճարման համայնքի բյուջե: Միևնույն ժամանակ համայնքների բյուջեների նախագծերում տեղական հարկերի մուտքերի կանխատեսման ժամանակ անհրաժեշտ է հիմք ընդունել յուրաքանչյուր հարկատեսակի համար հաշվարկային գումարները, գնահատել պլանավորվող տարվա սկզբի դրությամբ կուտակվելիք ապառքների փոփոխության (մարման և/կամ նոր ապառքների առաջացման) շարժը և հարկային օրենսդրության հնարավոր խախտումների համար հաշվարկվելիք տույժերի և տուգանքների գծով համայնքի բյուջե գանձվելիք գումարների ծավալները: Հարկերի կանխատեսման և հավաքագրման հիմքում դրվում է հավաքագրման հնարավոր իրատեսական մակարդակը: Իրատեսական կանխատեսումների համար անհրաժեշտ է հաշվի առնել նաև նախորդ տարիներին այդ հարկերի գանձելիության մակարդակը: Անշարժ գույքի հարկի կանխատեսումներում անհրաժեշտ է հաշվի առնել, որ անշարժ գույքի հարկով հարկման բազա են համարվում անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանող օրենքով սահմանված կարգով գնահատված՝ հողամասերի և (կամ) դրանց բարելավումների շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքները: Բացի այդ, նույն հարկային օրենսգրքով սահմանվել է, որ 2021 թվականի, հաշվետու տարվա համար անշարժ գույքի հարկը (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) հաշվարկվում է անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքների և ՀՀ հարկային օրենսգրքի 229-րդ հոդվածի 1-ին մասի 2-7-րդ կետերով սահմանված դրույքաչափերի արտադրյալի 25 տոկոսի չափով, 2022 թվականի համար՝ 30 տոկոսի չափով, 2023 թվականի հաշվետու տարվա համար՝ 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝ 50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով և 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով:

Տեղական տուրքեր և վճարներ՝

Տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի եկամուտների հաշվարկման համար պլանային թվերը կազմվել են հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 10-ի 192-Ն «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական տուրքերի 2025 թվականի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանելու մասին» որոշումը:

Պաշտոնական դրամաշնորհներ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան համայնքների բյուջեների վարչական մասի եկամուտների կազմում նախատեսվում են պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները: Պետական բյուջեից հատկացվող ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարները հաշվարկվում են լիազորված պետական մարմնի կողմից` «Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված սկզբունքներին համապատասխան: Նախատեսվում է նաև պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, որոնք տրամադրվում են համապատասխան ծրագրերով` կնքված պայմանագրերի սահմաններում:

Այլ եկամուտներ՝

Հրազդան համայնքի այլ եկամուտներն են համայնքի և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կողմից քաղաքացիաիրավական պայմանագրերի համապատասխան գանձվող վճարները՝ համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի վարձակալության կամ կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարները: Այլ եկամուտ են նաև վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտները, համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատության ծառայությունից օգտվողների համար և համայնքային ենթակայության արտադպրոցական դաստիարակության հաստատության ծառայություններից օգտվողների համար, աղբահանության համար գանձվող տեղական վճարները, միջոցառումների տոմսերի վաճառքից ստացվող գումարները:

 

ՀԱՐԿԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Համայնքի բնակիչը հարկերը մուծելու համար ունի մոտիվացիա` տեսնում է համայնքում կատարված և կատարվող բազմաթիվ բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները:Երեխան հաճախում է բարեկարգ և ժամանանկակից,ջեռուցվող նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատություններ:Ճանապարհները բարեկարգ են, մեքենաները չեն վնասվում:Շենքերի բակերը բարեկարգ են և լուսավորված:Հարկեր հավաքման գործընթացի պատշաճ կազմակերպման համար հարկային պարտավորությունների մասին աշխատակիցները ծանուցում են բնակիչներին զանգերի և ծանուցագրերի միջոցով :Իրականացվում է վարչական վարույթ,այնուհետև երկու անգամ ծանուցելուց հետո դիմում ենք հարկադիր ծառայությանը:

Հրազդան համայնքի ծախսերը

Համայնքի բյուջեի նախագիծ կազմելիս` հիմքում դրվում է համայնքի ՄԺԾԾ-ն՝ տվյալ բյուջետային տարվա հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների պլանավորման հիման վրա:

Համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին բյուջեից հատկացվում է սուբսիդիա՝ իրենց կողմից ներկայացված հաշվարկների հիման վրա։ Համայնքի ղեկավարի, նրա աշխատակազմի և բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատանքի վարձատրության չափերը որոշելիս համայնքի ղեկավարը ղեկավարվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով:

Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2025 թվականին իրականացվում են 2022 թվականից սկսված հետևյալ ծրագրերը.

1. Կոտայքի մարզի Հրազդան համայնքի թիվ 11, թիվ 6, թիվ 8 մանկապարտեզների շենքերի հիմնանորոգման ավարտ: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կունենանք բոլորովին նոր, հարմարավետ ու Էներգաարդյունավետ հաստատություններ` բոլոր չափանիշներին համապատասխան Ծրագրի իրականացման արդյունքում կփոխվի համայնքի երեխաների ուսման որակը, համայնքում կավելանա վերանորոգված ու հարմարավետ նախադպրոցական հաստատությունների թիվը և մանկապարտեզ հաճախող սաների թվի զգալի աճ կունենանք:

2. Հրազդան համայնքի Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքների ավարտ: Նախատեսվող աշխատանքների արդյունքում կվերականգնվի Լեռնանիստ բնակավայրի ջրամատակարարումը` մինչև 18-20 ժամ տևողությամբ, ջրի կորուստը կբացառվի և կբարելավվի բնակիչների կենսամակարդակը: Արդյունքում 550 տնտեսության կենցաղային պահանջմունքները կբավարարվի: Իսկ ջրամատակարարման ցանցը նախնական կսպասարկի համայնքը:

2025թվականին սուբվենցիոն ծրագրերով կսկսենք իրականացնել հետևյալ ծրագրերը`

1. Հրազդան համայնքի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի Պուրակային, թիվ 5-րդ, 8-րդ (հատված), 13-րդ, 14-րդ, 3-րդ (հատված), փողոցներ և 5-րդ փողոց 2-րդ նրբանցք, Կենտրոն թաղամասի ներթաղամասային փողոցներ (Ա.Ալավերդյան փողոց, Կենտրոն թաղ. Թիվ 70Ա շենքից դեպի` Զ. Անդրանիկի պողոտա, Սպորտդպրոցից դեպի Զ. Անդրանիկի պողոտա), Միկրոշրջան թաղամասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 8-րդ, 9-րդ փողոցների, Հարավային թաղամասի Մ.Ավետիսյան, Տ.Պետիկյան, Ա.Խաչատրյան, Պ.Դուրյան փողոցների, Հրազդան խոշորացված համայնքի Միկրոշրջան, Կենտրոն և Հարավային թաղամասերի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատման և Լեռնանիստ բնակավայրի 1-ին փողոցի հիմնանորոգման աշխատանքների իրականացում - 3239217,051 հազար դրամ 2.Հրազդան խոշորացված համայնքի Միկրոշրջան թաղամասում երաժշտական դպրոցի կառուցման աշխատանքների իրականացում - 461627,240 հազար դրամ : Հրազդանի թիվ 9, թիվ 2 և թիվ 7 նախադպրոցական ուսումնական հաստատությունների համար նոր շենքերի կառուցման աշխատանքներ - 2 563400, 0 հազար դրամ :

2. Նախատեսվում է ձեռք բերել բազմաֆունկցիոնալ մեքենա սուբվենցիոն ծրագրով,երկու մեքենա (բազմաֆունկցիոնալ տրակտոր) համայնքի միջոցներով:

3. 2025թվականին բարեկարգվելու և վերանորոգվելու է թիվ 13 մանկապարտեզը:

4. Նախատեսվում է վերանորոգել քաղսի, Սոլակ գյուղերի,Վանատուր թաղամասի կոյուղագծերը, ոռոգման ցանցերը:

Մշտապես արդիական են`

• ճանապարհային տնտեսության, առևտրի և տնտեսական զարգացման, քաղաքաշինության, անշարժ գույքի կադաստրի, գյուղատնտեսության և ջրային տնտեսության, էներգետիկայի և բնապահպանության,կրթության և մշակույթի,ժամանցի,համայնքի սանիտարական վիճակի,կոյուղագծերի մաքրման, գյուղատնտեսության ոլորտներում տարվող աշխատանքները,

• բազմաբնակարան շենքերի սպասարկման, վթարային շենքերի գույքագրման ու ամրացմանն ուղղված ծրագրերի մշակման, նոր շենքերի կառուցման, ապօրինի շինությունների քանդմանն ուղղված միջոցառումների իրականացումը: Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում 2026 թվականին նախատեսված է իրականացնել հետևյալ ծրագրերը.

1. ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի քաղաք Հրազդան Միկրոշրջան թաղամասի 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի, Ջրառատ թաղամասի ներթաղամասային ճանապարհների ասֆալտապատման և ք.Հրազդան Վանատուր թաղամասի օղակաձև խաչմերուկից մինչև Պուրակային փողոցին հատող հատվածի, Զ.Անրանիկի պողոտայի սկզբնամասից մինչև Տիգրան Մեծի փողոցի սկզբնամասի աջակողմյան հատվածներիի մայթերի կառուցման աշխատանքների իրականացում - 681726,39 հազար դրամ ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի փողոցների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ - 30 000.0 հազար դրամ:

2. Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ներհամայնքային ճանապարհների լուսավորության ցանցի կառուցման աշխատանքներ, մասնավորապես` Նոր Գեղի-Լուսակերտ-Արգել խճուղի, Ս․ Շահումյան փողոց:

3. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Հրազդան Կենտրոն թաղամասի թիվ 15 մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներ - 325 000.0 հազար դրամ:

2026 թվականին բնապահպանական ծրագրով նախատեսվում է իրականացնել եղևնիների տնկման աշխատանքներ Հրազդան համայնքի մայթեզրերի հողածածկ հատվածում-9 011 ,100 հազար դրամի սահմաններում:

Հրազդան համայնքի 2026 թվականի բյուջեն կանխատեսվում է 4 592 012,520 հազար դրամի սահմաններում, որից վարչական բյուջեն` 2 990 112,520 հազար դրամի չափով,ֆոնդային բյուջեն` 1601900,0 հազար դրամի չափով: 2026-2028 թվականների բյուջեներում նախատեսված ծրագրերում պլանավորման հիմք ենք ընդունել 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 205 «ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 196 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸՀԱՍԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 197 «ՀՐԱԶԴԱՆԻ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀՈԱԿ-Ի ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ,ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ», 2024 թվականի դեկտեմբերի 10-ի N 198, N 202, N 203, N 200, N 199, N 202, N 201 ավագանու որոշումները: Հաստատված հաստիքային միավորների թիվը կազմում է 1026.14:

2027 թվականի բյուջեն կանխատեսվում է 4680231,078 հազար դրամի սահմաններում,որից վարչական բյուջեն` 3078331,078 հազար դրամի չափով,ֆոնդային բյուջեն` 1601900,0 հազար դրամի չափով: 2027 թվականին նախատեսվում են իրականացնել երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման աշխատանքների 2-րդ փուլ, 2026 թվականին սկսված ճանապարհների հիմնանորոգման աշխատանքների 2-րդ փուլի աշխատանքները, թիվ 2, 7, 9 մանկապարտեզների նոր շենքերի կառուցման աշխատանքների 2-րդ փուլը:Նախատեսվում է նաև սուբվենցիոն ծրագրով իրականացնել համայնքապետարանի վարչական շենքի պատերի ուժեղացման և ամրացման,բակի հիմնանորոգման աշխատանքներ, ծառատնկման, կանաչապատման աշխատանքներ բնապահպանական ծրագրով:

2028 թվականի բյուջեն կանխատեսվում է 3629130.946 հազար դրամի սահմաններում,որից վարչական բյուջե` 2961230.946 հազար դրամի չափով,ֆոնդային բյուջե` 667900.0 հազար դրամի չափով: 2028 թվականին սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում են իրականացնել ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ,խաղահրապարակների կառուցման աշխատանքներ:

 

Համայնքի ղեկավար`

Ս. Միքայելյան

 

Հավելվածներ NN 1, 2, 3

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան