ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 2294-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.06.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 11.06.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
09.06.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
09.06.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.06.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 2294-Ա

«09» հունիսի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԴԻՄՈՒՄԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Որոշմամբ լուծվող հարցի նկարագրությունը.

Երևանի քաղաքապետարան հասցեագրված Արման Խաչիկյանի 2025 թվականի մայիսի 27-ի թիվ Դ-56536-25 դիմումի հիման վրա, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթների համաձայն` իրականացվել է վարչարարություն:

Ուսումնասիրելով Արման Խաչիկյանի 2025 թվականի մայիսի 27-ի թիվ Դ-56536-25 դիմումը, գնահատելով նշված դիմումին կից ներկայացված ապացույցները, ինչպես նաև գործին առնչվող փաստական հանգամանքները` պարզվել է հետևյալը.

2. Որոշումն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

2025 թվականի մայիսի 27-ի թիվ Դ-56536-25 դիմումում նշված փաստական հանգամանքների և դրան կից ներկայացված ապացույցների համաձայն՝ 2025 թվականի մարտի 31-ին Երևան քաղաքի Մալխասյանց փողոցի թիվ 4 հասցեի դիմաց կայանված՝ Արման Խաչիկյանի սեփականությունը հանդիսացող «Toyota Camry 2.5» մակնիշի «01 SX 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ է ընկել, ինչի հետևանքով ավտոմեքենան վնասվել է:

Արման Խաչիկյանը, ներկայացնելով «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի մայիսի 21-ին տրված թիվ 25-1731՝ հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, խնդրել է փոխհատուցել «Toyota Camry 2.5» մակնիշի «01 SX 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու հետևանքով պատճառված վնասը և փորձաքննության նպատակով կատարված ծախսը:

2018 թվականի հունիսի 9-ին տրված՝ տրանսպորտային միջոցի հաշվառման թիվ KI690717 վկայագրի համաձայն՝ «Toyota Camry 2.5» մակնիշի «01 SX 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենան հանդիսանում է Արման Խաչիկյանի սեփականությունը:

2025 թվականի մայիսի 27-ի թիվ Դ-56536-25 դիմումի կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետի կողմից 2025 թվականի մայիսի 30-ին տեղեկացվել է, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Արաբկիր վարչական շրջանի Մալխասյանց փողոցի թիվ 4 հասցեում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատակիցների կողմից 2025 թվականի մարտի 31-ին ժամը 12:00-13:00 ընկած հատվածում տապալված մանրատերև թեղին մասնատվել և դուրս է բերվել տարածքից. տապալված ծառի մասնատման աշխատանքների ժամանակ կազմակերպության աշխատակիցների կողմից վնասված ավտոմեքենա չի նկատվել:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի կողմից 2025 թվականի մայիսի 21-ին տրված թիվ 25-1731 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 1-ին կետի համաձայն՝ փորձաքննության տրամադրված «Toyota Camry 2.5» մակնիշի «01 SX 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա առկա են մեխանիկական բնույթի վնասվածքներ ու հետքեր, որոնք առաջացել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիր բաժնի պետ Ռ.Ներսիսյանի կողմից տրամադրված նյութերում ամրագրված, տեսագրությունում պատկերված պատահարի հետևանքով, համապատասխան կառուցվածքներ ու արտացցված եզրեր ունեցող կոշտ առարկաների հետ, որպիսիք հանդիսանում են դեպքի վայրի լուսանկարներում ու պատահարի տեսագրությունում պատկերված, կոտրված ծառի ճյուղերը, անմիջական, վերևից ներքև ուղղությամբ հարվածային բնույթի փոխազդեցությունների արդյունքում: Ընդ որում՝ փոխազդեցությունները տեղ են գտել ավտոմեքենան անշարժ վիճակում գտնվելու պայմաններում՝ նշված ծառի ճյուղը չորացած ու քայքայված լինելու պատճառով կոտրվելու և անշարժ վիճակում գտնվող ավտոմեքենայի վրա ընկնելու արդյունքում:

«Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի մայիսի 21-ի թիվ 25-1731 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության «Հետևություններ» բաժնի 2-րդ կետի համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված «Toyota Camry 2.5» մակնիշի «01 SX 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմում է 402.000 (չորս հարյուր երկու հազար) ՀՀ դրամ:

2025 թվականի մայիսի 27-ի թիվ Դ-56536-25 դիմումին կից ներկայացված հաշվին փոխանցման մասին քաղվածքի համաձայն՝ «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերության հետ կատարված գործարքով 2025 թվականի մայիսի 26-ին Արման Խաչիկյանի կողմից «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բանկային հաշվին փոխանցվել է 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամ՝ որպես թիվ ԱՓ/47-25 պայմանագրով փորձաքննությունների վճար:

3. Որոշումն ընդունելու հիմնավորումները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույք են համարվում հողամասերը, ընդերքի մասերը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտագործման անհնարինության:

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները՝ գույք` անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա, այդ թվում նաև` կառուցվող շենքերը, շինությունները և հողին ամրակցված այլ գույքը:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1071.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անշարժ գույքի օգտագործման, տիրապետման, տնօրինման, շահագործման կամ կառուցապատման ընթացքում այլ անձանց կամ նրանց գույքին պատճառված վնասի հատուցման պատասխանատվությունը կրում է անշարժ գույքի սեփականատերը, եթե չի ապացուցում, որ վնասը ծագել է անհաղթահարելի ուժի կամ տուժողի դիտավորության հետևանքով:

Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարի 2020 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 6367-2020 գրությամբ տրված պարզաբանման համաձայն՝ օրենքի իմաստով ծառը (անկախ դրա տեսակից) հանդիսանում է, որպես անշարժ գույք, դիտվում է որպես հողամասի պատկանելիք, հետևաբար չի կարող առանձին գրանցվել և սեփականության իրավունքով պատկանում է հողամասի սեփականատիրոջը (քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ մաս):

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վնասներ են` իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն՝ անձի և վարչական մարմնի փոխհարաբերություններում ապացուցման պարտականությունը կրում է`

ա/ անձը` նրա համար բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում,

բ/ վարչական մարմինը` անձի համար ոչ բարենպաստ փաստական հանգամանքների առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1058-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացու անձին կամ գույքին, ինչպես նաև իրավաբանական անձի գույքին պատճառված վնասը լրիվ ծավալով ենթակա է հատուցման այն պատճառած անձի կողմից:

2025 թվականի մայիսի 27-ի թիվ Դ-56536-25 դիմումի հիման վրա իրականացված վարչարարությամբ և դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցներով հիմնավորվում է Արման Խաչիկյանի սեփականությունը հանդիսացող ավտոմեքենան վնասվելու հետևանքով պատճառված վնասը փոխհատուցման ենթակա լինելու հանգամանքը:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության փորձագետի 2025 թվականի մայիսի 21-ի թիվ 25-1731 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածով, 1058-րդ հոդվածի 1-ին մասով և 1071.1 հոդվածի 1-ին մասով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Արման Խաչիկյանի՝ վնասը փոխհատուցելու մասին 2025 թվականի մայիսի 27-ի թիվ Դ-56536-25 դիմումը բավարարել:

2. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` «Ջի Էմ փորձագիտական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի մայիսի 21-ի թիվ 25-1731 հետքաբանական և ապրանքագիտական եզրակացության համաձայն՝ «Toyota Camry 2.5» մակնիշի «01 SX 088» հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վրա ծառի ճյուղ ընկնելու արդյունքում առաջացած վնասվածքների հետևանքով սեփականատիրոջը պատճառված նյութական վնասի չափը կազմող 402.000 (չորս հարյուր երկու հազար) ՀՀ դրամը, ինչպես նաև 80,000 (ութսուն հազար) ՀՀ դրամը, որպես խախտված իրավունքի վերականգնման նպատակով կատարված ծախս, փոխհատուցել Արման Խաչիկյանին:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:

4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

 

Տ. Ավինյան