ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1166/04/19 2025 թ. | ||||||
|
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1166/04/19 |
|||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի մարտի 11-ին
գրավոր ընթացակարգով քննելով Քարօլին Բաղումեանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․05․2022 թվականի որոշման դեմ՝ ըստ Նունուֆար Հովհաննիսյանի դիմումի՝ Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Նունուֆար Հովհաննիսյանը պահանջել է Քարօլին Բաղումեանին ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի 10․09․2019 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
Սնանկության դատարանի 16․09․2019 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գևորգ Գևորգյանը և հրավիրվել է պարտատերերի առաջին ժողով։
Սնանկության դատարանի 13․01․2020 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․01․2020 թվականի որոշմամբ Քարօլին Բաղումեանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27․03․2020 թվականի որոշմամբ գործն ընդունվել է վարույթ։
Դատարանի 21․07․2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
Դատարանի 01․06․2021 թվականի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Գևորգ Գևորգյանը և հրավիրվել է պարտատերերի առաջին ժողով։
Դատարանի 01․02․2022 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06․05․2022 թվականի որոշմամբ Քարօլին Բաղումեանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 01.02.2022 թվականի «Քարօլին Մամիկոնի Բաղումեանի սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քարօլին Բաղումեանը։
Վճռաբեկ բողոքի պատասխաններ են ներկայացրել սնանկության գործով կառավարիչ Գևորգ Գևորգյանը (այսուհետ՝ Կառավարիչ) և Նունուֆար Հովհաննիսյանը (ներկայացուցիչ Տիգրան Խուրշուդյան)։
2. Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 73-րդ, 78-րդ և 79-րդ հոդվածները, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-59-րդ, 61-րդ ու 66-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով Սնանկության դատարանը դեռևս 13․01․2020 թվականին կայացրել է պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշում, որը չի բողոքարկվել, չի բեկանվել, ինչը նշանակում է, որ այդ որոշումն օրինական ուժի մեջ է մտել և պարտադիր է ինչպես Դատարանի, այնպես էլ իր, պարտատերերի ու Կառավարչի համար և ենթակա է պարտադիր կատարման։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ սնանկության գործով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին օրինական ուժի մեջ մտած որոշման բողոքարկումն անթույլատրելի է և հակասում է արդար դատաքննության իրավունքի տարր հանդիսացող իրավական որոշակիության սկզբունքին։
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Սնանկության դատարանը 13․01․2020 թվականին կայացրած և օրինական ուժի մեջ մտած «Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ հաստատել է, որ Նունուֆար Հովհաննիսյանի հանդեպ իր պարտավորությունը կազմում է 3.867.974 ՀՀ դրամ, որպիսի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները ենթակա են հաշվարկման այդ գումարի նկատմամբ ու ոչ 40.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ, իսկ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) նկատմամբ՝ միասին վերցված՝ 1․100․000 ՀՀ դրամ, 6․778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ և 10․167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ։ Նշվածից հետևում է, որ գործի քննության համար նշանակություն ունեցող փաստերը գործին մասնակցող նույն անձանց մասնակցությամբ այլ գործ քննելիս չպետք է կրկին ապացուցվեն:
Վերաքննիչ դատարանը կիրառել է թիվ ԵՇԴ/0133/04/14 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31․08․2018 թվականի որոշումը, մինչդեռ հաշվի չի առել, որ այդ գործի փաստական հանգամանքները նույնական չեն սույն գործի փաստական հանգամանքների հետ՝ միաժամանակ շեղվելով թիվ ԳԴ/0017/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․07․2020 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներից։
Վերաքննիչ դատարանը քննարկման առարկա չի դարձրել այն հանգամանքը, որ Կոմիտեն և Նունուֆար Հովհաննիսյանն առնվազն 2011 թվականից ի վեր դատական ակտի հարկադիր կատարման եղանակով կատարողական վարույթների հիման վրա կարող էին ստանալ իրենց պահանջների բավարարում, որպիսի հնարավորությունից չեն օգտվել։ Ավելին՝ Նունուֆար Հովհաննիսյանի պահանջի հիմքում դրվել են պարտավորության մայր գումարին՝ 40․000 ԱՄՆ դոլարին հաշվարկվող տոկոսները, մինչդեռ պարտքի մնացորդը կազմել է 3․867․974 ՀՀ դրամ, քանի որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից 40․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի դիմաց Երևան քաղաքի Նորքի 11-րդ և 13-րդ փողոցների միջև թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքը 15.180.426,2 ՀՀ դրամ պարտքի դիմաց որպես սեփականություն հանձնել է Նունուֆար Հովհաննիսյանին ու թույլատրվել է նաև այդ գույքի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելը։ Կոմիտեի 16․059,67 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ավելացված պահանջի և Նունուֆար Հովհաննիսյանի 40.677 ԱՄՆ դոլարին համարժեք 20.048.831 ՀՀ դրամի տոկոսագումարի, 670.000 ՀՀ դրամ դատական ծախսերի պահանջների չափերն օրինական չեն, քանի որ ներկայացվել են սխալ հաշվարկներով, արդեն իսկ հաստատված պահանջի բովանդակային տարրի փոփոխությամբ, որի հետևանքով փոփոխվել են դրանց չափերը։
Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել գործում առկա ապացույցները՝ դրանց վերաբերելիության, արժանահավատության տեսանկյունից, ինչպես նաև իրենց համակցության մեջ, իսկ բողոքարկված որոշման պատճառաբանական մասը չի պարունակում կիրառելի իրավունքի վերաբերյալ եզրահանգումներ ու իրավական հիմնավորումներ։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.05.2022 թվականի որոշումը և փոփոխել այն։
2․1 Կառավարչի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Դատարանի 01․02․2022 թվականի որոշումը կայացվել է այն հիմքով, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 24․01․2020 թվականի որոշմամբ բեկանել է Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու մասին Սնանկության դատարանի 10․09․2019 թվականի վճիռը, ինչը հանգեցրել է սնանկության հետագա փուլերի դադարմանը և դրանց արդյունքում կայացված դատական ակտերի վերացմանը։
Թեև Քարօլին Բաղումեանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարանի 06.05.2022 թվականի որոշման դեմ, այդուհանդերձ ընդունել է Դատարանի 01․02․2022 թվականի որոշմամբ հաստատված բոլոր պահանջները, միջոցներ է ձեռնարկել դրանք կատարելու ուղղությամբ և ընդունել է այդ պահանջները կատարելու համար իր կողմից հաստատված ու պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրերը։
Ավելին՝ Քարօլին Բաղումեանը և պարտատերերը ծանուցվել են սնանկության գործը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 89-րդ հոդվածի հիմքով ավարտելու իր մտադրության մասին ու առարկություն չեն ներկայացրել։
2․2 Նունուֆար Հովհաննիսյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Քարօլին Բաղումեանն ընդունել է Դատարանի 01․02․2022 թվականի որոշմամբ հաստատված բոլոր պահանջները, միջոցներ է ձեռնարկել դրանք կատարելու ուղղությամբ և փաստացի ամբողջությամբ կատարել է, ընդունել է (չի վիճարկել) Կառավարչի հաստատած միջանկյալ բաշխման ծրագրերը։
Թիվ ԵՇԴ/0133/04/14 սնանկության գործով 31․08․2018 թվականին կայացված որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները ՀՀ վճռաբեկ դատարանը չի պայմանավորել բացառապես սնանկ ճանաչելու վճիռը նոր կամ նոր երևան եկած հանգամանքներով բեկանելու փաստի հետ։ Սնանկության դատարանի 10․09․2019 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված լինելու պայմաններում դադարել է նաև Սնանկության դատարանի 13․01․2020 թվականի որոշման իրավական գործողությունը։ Նշվածից հետևում է, որ սնանկության վճիռը բեկանվելու դեպքում իրավական հետևանքներ չեն կարող առաջացնել դրա հիման վրա կայացված դատական ակտերը։ Ընդ որում, գործի նոր քննության դեպքերում դատավարական բոլոր գործընթացներն իրականացվում են սկզբնական փուլից։
Բողոք բերած անձի նշած՝ թիվ ԳԴ/0017/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08․07․2020 թվականի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները սույն գործով կիրառելի չեն, քանի որ գործերի փաստական հանգամանքները նույնական չեն։
Թեև թիվ ԵԿԴ/1340/02/09 քաղաքացիական գործով կայացված վճռի կատարման համար հարուցված թիվ 00041914 կատարողական վարույթի շրջանակներում բռնագանձում է տարածվել Երևան քաղաքի Նորքի 11-րդ և 13-րդ փողոցների միջև թիվ 7 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա, այդուհանդերձ ոչ միայն չի կատարվել իր սեփականության իրավունքի պետական գրանցում, այլև այդ գույքի նկատմամբ գրանցվել է բողոք բերած անձի ու Էմիլ Սիմոնյանի ընդհանուր սեփականության իրավունքը։ Այսինքն, թիվ ԵԿԴ/1340/02/09 քաղաքացիական գործով կայացված վճիռը կատարված չէ, հետևաբար 40․000 ԱՄՆ դոլարի նկատմամբ տոկոսներ պետք է հաշվարկել սկսած 03․03․2011 թվականից մինչև անշարժ գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքի գրանցման պահը։
Իր նկատմամբ բողոք բերած անձի պարտավորությունը կազմում է 4․539․574 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության գումարի մնացորդ, 20․048․831 ՀՀ դրամ՝ որպես տոկոսներ, 820․000 ՀՀ դրամ՝ որպես դատական ծախս, ինչպես նաև 623․000 ՀՀ դրամ՝ որպես հետագայում հաստատված նոր դրամական պահանջ, որը նույնպես փաստացի վճարվել է։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Սնանկության դատարանի 10․09․2019 թվականի վճռով Նունուֆար Հովհաննիսյանի հարկադիր սնանկության դիմումը բավարարվել է՝ Քարօլին Բաղումեանը ճանաչվել է սնանկ (հատոր 1-ին, գ․թ․ 118-122)․
2) 21․10․2019 թվականին Սնանկության դատարանում ստացվել է Կոմիտեի դիմումը՝ 6․778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 10․167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 1․000․000 ՀՀ դրամի չափով պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում գրանցելու մասին, իսկ 30․10․2019 թվականին՝ Նունուֆար Հովհաննիսյանի դիմումը՝ 24․034․693 ՀՀ դրամի ու 300․000 ՀՀ դրամի չափով պահանջները գրանցելու մասին (հատոր 2-րդ, գ․թ․ 4, 5, 26, 26ա)․
3) Սնանկության դատարանի 13․01․2020 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության․ Կոմիտեի 100․000 ՀՀ դրամի չափով պահանջը (դատական ծախս), 6․778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 10․167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ու «1․000․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»-ի (21․01․2020 թվականի որոշմամբ վրիպակն ուղղվել է և նշվել է «1․000․000 ՀՀ դրամ») չափով պահանջը գրանցվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, Նունուֆար Հովհաննիսյանի 300․000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, իսկ 6․788․816,95 ՀՀ դրամի չափով պահանջը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում (հատոր 2-րդ, գ․թ․ 155-165, 174)․
4) Դատարանի 27․03․2020 թվականի որոշման բովանդակության համաձայն՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․01․2020 թվականի որոշմամբ Քարօլին Բաղումեանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության (հիմք՝ Դատարանի 27․03․2020 թվականի «Թիվ ՍնԴ/1166/04/19 սնանկության գործը վարույթ ընդունելու մասին» որոշում (հավելված 1-ին, գ․թ․ 1))․
5) Դատարանի 27․03․2020 թվականի որոշմամբ սույն սնանկության գործն ընդունվել է վարույթ (հավելված 1-ին, գ․թ․ 1)․
6) պարտապանին սնանկ ճանաչելու հարցի նոր քննության արդյունքում Դատարանի 21․07․2020 թվականի վճռով Նունուֆար Հովհաննիսյանի հարկադիր սնանկության դիմումը բավարարվել է՝ Քարօլին Բաղումեանը ճանաչվել է սնանկ (հավելված 1-ին, գ․թ․ 7-17)․
7) 05.08.2021 թվականին Դատարանում ստացվել է Նունուֆար Հովհաննիսյանի դիմումը՝ 4․539․574 ՀՀ դրամի, դրա նկատմամբ հաշվարկված՝ 20․048․831 ՀՀ դրամի, 820․000 ՀՀ դրամի և 300․000 ՀՀ դրամի չափով պահանջները գրանցելու մասին, իսկ 17․08․2021 թվականին՝ Կոմիտեի դիմումը՝ 33․005,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 1․000․000 ՀՀ դրամի չափով պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում գրանցելու մասին (հավելված 1-ին, գ․թ․ 21-23, 44-46)․
8) Դատարանի 01․02․2022 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության․ Կոմիտեի 100․000 ՀՀ դրամի չափով պահանջը (դատական ծախս) գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, 33․005,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 1․000․000 ՀՀ դրամի չափով պահանջները, ինչպես նաև Նունուֆար Հովհաննիսյանի 25․408․405 ՀՀ դրամի չափով պահանջը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում (հավելված 2-րդ, գ․թ․ 83-98)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 78-րդ ու 79-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որը, սակայն, հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը դատական ակտի վերջնական և պարտադիր լինելու սկզբունքի համատեքստում հարկ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը․ արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը բեկանվելու ու նոր քննության ուղարկվելու պայմաններում կարող են իրավաբանական հետևանքներ առաջացնել այն դատական ակտերը, որոնք կայացվել են բեկանված վճռի հիման վրա։
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը պարտադիր են դրանց հասցեատերերի համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, ինչպես նաև դատարանի պահանջները կատարման համար պարտադիր են դրանց հասցեատերերի համար (…):
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) 18․03․2016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»-ում1 (1) Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում որպես իրավունքի գերակայության գնահատման չափանիշ դիտարկվում է նաև իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը: Այս սկզբունքը ենթադրում է, որ պետք է հարգել վերջնական դատողությունները, եթե առկա չեն դրանք վերանայելու հիմնավոր պատճառներ (կետ 63):
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականի մարտի 25-26)2 (2) 46-րդ կետը սահմանում է, որ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata սկզբունքը, համաձայն որի՝ ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող՝ դատարանի առջև արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որով ամրագրված է, ի թիվս այլնի, որ իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մի մասն է: Իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, inter alia, որ երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական որոշում, այդ որոշումը չպետք է կասկածի տակ դրվի: Իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է՝ վճիռները վերջնական լինելու սկզբունքի պահպանում (տե՛ս նաև Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի թիվ 22343/08 գանգատով Եվրոպական դատարանի 03․12․2015 թվականի վճիռը, Իրինա Ֆեդոտովան ընդդեմ Ռուսաստանի թիվ 1752/02 գանգատով Եվրոպական դատարանի 19․01․2007 թվականի վճիռը, կետ 21, Նեդջեթ Շահինը և Պերիհան Շահինն ընդդեմ Թուրքիայի թիվ 13279/05 գանգատով Եվրոպական դատարանի 20․11․2011 թվականի վճիռը, կետ 57, Fundatia Bucovina MIission inc.-ն ու Fundatia Bucovina Bucuresti-ն ընդդեմ Ռումինիայի թիվ 1231/04 Եվրոպական դատարանի 25․09․2012 թվականի վճիռը, կետ 11)։
Եվրոպական դատարանն իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում նշել է, որ մրցակցող դատական որոշումների առկայությունը կարող է առաջացնել իրավական անորոշության վիճակ, որը կարող է նվազեցնել հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ, մինչդեռ այդ վստահությունը հստակորեն իրավունքի գերակայության վրա հիմնված պետության էական տարրերից մեկն է (տե՛ս օրինակ՝ Sine Tsaggarakis A.E.E.-ն ընդդեմ Հունաստանի թիվ 17257/13 գանգատով Եվրոպական դատարանի 23․05․2019 թվականի վճիռը)։ Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ կողմը, հիմնվելով դատարանի կողմից նախորդ գործով բարձրացված հարցով արված գնահատականի վրա, որը բարձրացվում է նաև տվյալ գործով, կարող է օրինական սպասում ունենա առ այն, որ դատարանը կհետևի իր նախորդ կարգավորմանը, եթե միայն չկան հիմնավոր հանգամանքներ այդ կարգավորումից շեղվելու համար (տե՛ս Siegle-ն ընդդեմ Ռումինիայի գործով 16․07․2013 թվականի վճիռը, կետ 38, Rozalia Avram-ն ընդդեմ Ռումինիայի գործով 16․12․2014 թվականի վճիռը, կետ 42)։
Եվրոպական դատարանի իրավունքի որոշակիության վերաբերյալ ձևավորած կայուն նախադեպային պրակտիկայի համաձայն՝ իրավունքի որոշակիությունը դրսևորվում է տարբեր ձևերով, մասնավորապես դրա տարրերից մեկն է դատական ակտերի վերջնականությունը և պարտադիրությունը, որը ենթադրում է դատարանի կողմից կայացված վերջնական դատական ակտը կասկածի տակ չդնելու պահանջը (տե՛ս Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի թիվ 28342/95 գանգատով Եվրոպական դատարանի 28․10․1999 թվականի վճիռը, կետ 61)։
Եվրոպական դատարանն արձանագրել է նաև, որ դատական ակտերի պարտադիրությունը և վերջնականությունը ենթադրում է res judicata սկզբունքի հարգում, որը, երաշխավորելով վճիռների վերջնականությունը, նպաստում է ներպետական դատավարության կողմերի կայունության ապահովումը (տե՛ս Գվուդմունդուր Անդրի Ավստաուսոն ընդդեմ Իսլանդիայի թիվ 26374/18 գանգատով եվրոպական դատարանի 01․12․2020 թվականի վճիռը, կետ 238)։
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական որոշակիությունն իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ (տե՛ս Սահմանադրական դատարանի 26.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1586 որոշումը)։ Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը՝ «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res jսdicata), ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի (տե՛ս Սահմանադրական դատարանի 27․05․2008 թվականի թիվ ՍԴՈ-754 որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով իրավական որոշակիության սկզբունքին, արձանագրել է, որ իրավական որոշակիության սկզբունքը, ըստ էության, երաշխավորում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությունը, ինչը, ի թիվս այլ հատկանիշների (անհերքելիություն, բացառիկություն, նախադատելություն), ենթադրում է այդպիսի դատական ակտի պարտադիրությունը: Պարտադիրության հատկանիշն անմիջականորեն բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 14-րդ հոդվածի իրավակարգավորումից և ենթադրում է, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական անձինք և քաղաքացիներն իրենց գործունեության ընթացքում պարտավոր են հաշվի առնել օրինական ուժի մեջ մտած դատական ակտը և իրավունք չունեն տվյալ դատական ակտով կայացված հարցի վերաբերյալ կայացնելու նոր որոշում (տե՛ս Անժելա և Նունե Հարությունյաններն ընդդեմ Բեգլար Մկրտումյանի թիվ ԵԱԴԴ/0913/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28․12․2015 թվականի որոշումը)։
Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները և Եվրոպական դատարանի կայուն նախադեպային իրավունքը, արձանագրում է, որ իրավական որոշակիության սկզբունքի առանցքային տարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ res judicata սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության խաթարման ու ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա։ Res judicata սկզբունքի հիմքում ընկած է իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության և համընդհանուր պարտադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է դատարանների հեղինակությունն ու վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Իրավական պետության հայեցակարգից և դրանից ածանցվող իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահության, այլ կերպ ասած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը, ինչից էլ բխում է ներպետական դատարանների վերջնական դատողությունները հարգելու ու դրանք կասկածի տակ չդնելու կանոնը։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նաև փաստել, որ օրինական ուժը դատական ակտի իրավական որոշակիության արտահայտումն է։ Այդպիսով դատական ակտը ձեռք է բերում օրենքի ուժ՝ սահմանելով խիստ որոշակի վարքագծի կանոններ և դառնալով դրա հասցեատերերի համար պարտադիր։ Բացի այդ, օրինական ուժի մեջ մտնելու պահից է դատական ակտն ստանում վերջնական բնույթ՝ կարգավորելով վիճելի իրավահարաբերությունները, դառնում պարտադիր և ապահովվում պետական հարկադրանքի ուժով։ Հետևաբար, քանի դեռ դատական ակտը չի մտել օրինական ուժի մեջ և չի ստացել վերջնական բնույթ, այն չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանքներ ու պարտադիր լինել դրա հասցեատերերի համար։
Մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:
Մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլով` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին:
Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, հետևաբար նաև պահանջների վերջնական ցուցակն ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար (տե՛ս «Դ.Ֆ. ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ» ՍՊԸ-Ի սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17․07․2015 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով այն հարցին, թե պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը հետագայում, մասնավորապես` նոր կամ նոր երևան եկած հանգամանքների հիմքով բեկանվելու պայմաններում արդյո՞ք ինքնըստինքյան վերացված են համարվում սնանկության վարույթում կայացված այլ դատական ակտերը, մասնավորապես՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշումը, արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ սնանկության վարույթը բաղկացած է մի քանի փուլերից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրներն ու նպատակները, և որոնք, որպես կանոն, եզրափակվում են համապատասխան դատական ակտի կայացմամբ: Այսպես, սնանկության վերաբերյալ դիմումի ընդունելության հարցի քննարկման արդյունքում դատարանը կայացնում է, օրինակ, դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում, որից հետո դատարանն իրականացնում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված գործողությունները՝ ուղղված սնանկության վարույթի հետագա գործողությունների կատարման ապահովմանը: Սնանկ ճանաչելու հարցի լուծման փուլը կարող է ավարտվել պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի կայացմամբ: Առանձին փուլ է նաև պարտատերերի պահանջների հաստատումը, որը նույնպես սնանկության վարույթի առանցքային փուլերից է, և դրա հիման վրա է կատարվում պարտատերերի գրանցված պահանջների բավարարումը:
Վերլուծելով մինչև 15․04․2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի իրավադրույթները, ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է այն հանգամանքը, որ պահանջների հաստատման փուլն սկսվում է միայն պարտապանին սնանկ ճանաչելուց հետո: Հետևաբար, եթե որևէ պատճառով (մասնավորապես՝ նոր կամ նոր երևան եկած հանգամանքի հիմքով) վերանում է սնանկ ճանաչելու հարցի քննության արդյունքում կայացված պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռը, ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ դա ենթադրում է հետագա փուլերի, այդ թվում՝ պահանջների հաստատման փուլի շարունակման անտրամաբանությունը: Այսինքն՝ եթե պարտապանին սնանկ ճանաչելու վճիռն այլևս գոյություն չունի, պարտապանը սնանկ համարվել չի կարող, հետևաբար առարկայազուրկ են դառնում նաև հետագա բոլոր փուլերը:
Ամփոփելով վերոգրյալը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու վճռի վերացումը հանգեցնում է սնանկության հետագա փուլերի դադարմանը և դրանց արդյունքում կայացված դատական ակտերի, այդ թվում՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման վերացման (տե՛ս ըստ Տիգրան Մարտիրոսյանի դիմումի՝ Սուրեն Սադոևին սնանկ ճանաչելու մասին թիվ ԵՇԴ/0133/04/14 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 31․08․2018 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սնանկության վարույթում պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու փուլի առանձնակի կարևորությունը պայմանավորված է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու հանգամանքով, երբ յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը քննության առնելու արդյունքում դատարանն այդ կապակցությամբ իր վերջնական դատողություններն արտացոլում է որոշման մեջ ու հաստատում պահանջների վերջնական ցուցակը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելով սկսվում են սնանկության վարույթում նպատակային տարբեր ուղղվածություն ունեցող հետագա փուլերը, այդ թվում նաև պահանջներ ներկայացնելը և դրանք հաստատելը, որոնք եզրափակվում են պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշում կայացնելով։ Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշում կայացնելու նախադրյալը սնանկ ճանաչելու մասին վճռի առկայությունն է, հետևաբար այդ վճռի բեկանման դեպքում դրան հաջորդած դատավարական գործողությունները, ինչպիսին է նաև պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, այլևս վերանում է և չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք։
Սնանկության գործով պարտապանի դեմ պահանջները ներկայացվում և դատարանի կողմից գրանցվում են բացառապես պարտապանին սնանկ ճանաչելուց հետո, ինչից տրամաբանորեն բխում է, որ եթե առկա չէ պարտապանին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճիռ, ապա «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերով պարտապանի հանդեպ որևէ պահանջ չի կարող գրանցման ենթարկվել: Ավելին՝ եթե անձին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվում է, ապա պարտատերերի պահանջների ցուցակը հաստատելու մասին դատարանի որոշումը ևս վերանում է, քանի որ սնանկ չճանաչված անձի նկատմամբ չեն կարող լինել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գրանցված որևէ պահանջ:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սնանկության դատարանի 10․09․2019 թվականի վճռով Նունուֆար Հովհաննիսյանի հարկադիր սնանկության դիմումը բավարարվել է՝ Քարօլին Բաղումեանը ճանաչվել է սնանկ։
21․10․2019 թվականին Սնանկության դատարանում ստացվել է Կոմիտեի դիմումը՝ 6․778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 10․167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 1․000․000 ՀՀ դրամի չափով պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում գրանցելու մասին, իսկ 30․10․2019 թվականին՝ Նունուֆար Հովհաննիսյանի դիմումը՝ 24․034․693 ՀՀ դրամի ու 300․000 ՀՀ դրամի չափով պահանջները գրանցելու մասին։
Սնանկության դատարանի 13․01․2020 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության․ Կոմիտեի 100․000 ՀՀ դրամի չափով պահանջը (դատական ծախս), 6․778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 10․167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ու «1․000․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»-ի (21․01․2020 թվականի որոշմամբ վրիպակն ուղղվել է և նշվել է «1․000․000 ՀՀ դրամ») չափով պահանջը գրանցվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, Նունուֆար Հովհաննիսյանի 300․000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, իսկ 6․788․816,95 ՀՀ դրամի չափով պահանջը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․01․2020 թվականի որոշմամբ Քարօլին Բաղումեանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։
Պարտապան Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու հարցի նոր քննության արդյունքում Դատարանը 21․07․2020 թվականի վճռով Նունուֆար Հովհաննիսյանի ներկայացրած հարկադիր սնանկության դիմումը բավարարել է։
05.08.2021 թվականին Դատարանում ստացվել է Նունուֆար Հովհաննիսյանի դիմումը՝ 4․539․574 ՀՀ դրամի, դրա նկատմամբ հաշվարկված՝ 20․048․831 ՀՀ դրամի, 820․000 ՀՀ դրամի և 300․000 ՀՀ դրամի չափով պահանջները գրանցելու մասին, իսկ 17․08․2021 թվականին՝ Կոմիտեի դիմումը՝ 33․005,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 1․000․000 ՀՀ դրամի չափով պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում գրանցելու մասին։
Քարօլին Բաղումեանը Նունուֆար Հովհաննիսյանի և Կոմիտեի պահանջների դեմ առարկություն ներկայացրել է նաև այն հիմքով, որ «(…) ինչպես ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, այնպես էլ Նունուֆար Հովհաննիսյանը դատարանի՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին 13.01.2020 թվականի որոշման՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում կրկին նույն պահանջները ներկայացրել են դատարան, ավելին՝ պարտատերերի կողմից ներկայացվել են նախկինում ներկայացված պահանջներից տարբերվող, ավելի մեծ չափի պահանջներ, (…) ներկայացվել է արդեն իսկ հաստատված պահանջի բովանդակային տարրերի փոփոխությամբ, որի արդյունքում փոփոխվել են պահանջների չափերը, իսկ այդ չափով պահանջի հաստատումը խախտում է պարտապանի հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրությունում ամրագրված դրույթները»։
Դատարանը, 01․02․2022 թվականի որոշմամբ անդրադառնալով պարտապանի նշված փաստարկին, արձանագրել է, որ «(…) ՀՀ սնանկության դատարանի 13.01.2020 թվականի՝ «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը չի կարող իրավական հետևանք առաջացնել՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշմամբ Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու մասին ՀՀ սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը բեկանված լինելու հիմքով»։ Արդյունքում Դատարանը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատել է ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության․ Կոմիտեի 100․000 ՀՀ դրամի չափով պահանջը (դատական ծախս) գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, 33․005,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 1․000․000 ՀՀ դրամի չափով պահանջները, ինչպես նաև Նունուֆար Հովհաննիսյանի 25․408․405 ՀՀ դրամի չափով պահանջը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում։
Նշված հարցի կապակցությամբ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը 06․05․2022 թվականի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) Դատարանի կողմից «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին» 13.01.2020 թվականի որոշումը կայացվելուց հետո՝ 24.01.2020 թվականին, բեկանվել է Դատարանի 10.09.2019 թվականի վճիռը, որով Պարտապանը ճանաչվել է սնանկ: Հետևաբար՝ Դատարանի 13.01.2020 թվականի որոշումը ևս համարվել է վերացված:
(…) եթե անձին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության, որի արդյունքում ևս մեկ անգամ կայացվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ, ապա այդ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը պարտավոր է իրականացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով պարտադիր համարվող բոլոր գործողությունները՝ անկախ նրանից՝ գործի նախկին քննության ընթացքում դատարանը կատարել է նման գործողություններ, թե ոչ, քանի որ անձին սնանկ ճանաչելու մասին վճռի բեկանման պահից սնանկության գործի նախկին քննության ընթացքում կատարված բոլոր գործողություններն այլևս չեն առաջացնում իրավական հետևանքներ։ (…)»։
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով վերոշարադրյալ պատճառաբանությունների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը․
Սնանկության դատարանի 13․01․2020 թվականի «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման՝ իր իրավական նշանակությունը կորցրած լինելու մասին իրենց եզրակացության հիմքում ստորադաս դատարանները դրել են Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված լինելու փաստը։
Տվյալ դեպքում, ինչպես իրավացիորեն նշել է Վերաքննիչ դատարանը, եթե անձին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության, որի արդյունքում ևս մեկ անգամ կայացվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ, ապա այդ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը պարտավոր է իրականացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով պարտադիր համարվող բոլոր գործողությունները՝ անկախ նրանից, որ գործի սկզբնական քննության ընթացքում նման գործողությունների արդյունքում կայացրել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշում, քանի որ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի բեկանման պահից սնանկության գործի նախորդ քննության ընթացքում կատարված բոլոր գործողությունները, այդ թվում՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, այլևս վերացել է, այսինքն՝ այլևս ուժի մեջ չէ։ Նշվածի պայմաններում նախկինում կայացրած դատական ակտը՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, չի կարող առաջացնել որևէ իրավական հետևանք, այդ թվում՝ գործի նոր քննության ժամանակ դատարանի համար պարտականություն՝ ապահովելու ողջամիտ հարաբերակցություն վերացված որոշմամբ արտահայտած դատողությունների ու հարցի նոր քննության ժամանակ ներկայացված պահանջների միջև, ինչպես նաև պարզելու ու նոր կայացվելիք որոշման մեջ ներկայացնելու պարտատերերի ներկայացված պահանջների միջև առկա տարբերությունների համար հիմք հանդիսացած պատճառները։
Սույն գործի փաստերի համաձայն՝ Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելուց հետո նոր քննության փուլում պարտատիրոջ կողմից կրկին պահանջ է ներկայացվել, որը ենթակա էր գրացման և հաստատման արդեն դրա հիմքերի ու հիմնավորումների սահմաններում՝ հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը։ Ընդ որում, Դատարանը, գործի նոր քննությունն իրականացնելիս, որևէ կերպ չէր կարող կաշկանդված լինել նախկինում կայացրած դատական ակտի դիրքորոշումներով և եզրահանգումներով, այն պատճառաբանությամբ, որ Սնանկության դատարանի 13․01․2020 թվականի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման կայացման համար հիմք հանդիսացած Սնանկության դատարանի 10․09․2019 թվականի վճիռը՝ Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․01․2020 թվականի որոշմամբ բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։ Այսինքն, սույն սնանկության գործի սկզբնական քննության արդյունքում Սնանկության դատարանի կողմից կայացրած դատական ակտերում արված իրավական եզրահանգումները և կայացրած դիրքորոշումները չեն կարող որևէ ուղենիշային ու իրավական նշանակություն ունենալ և այդպիսով ազդել գործի նոր քննության ընթացքի վրա, քանի որ օժտված չեն կողմերի համար պարտադիր նշանակություն ունեցող դատական ակտի իրավական հատկանիշներով։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում նաև վճռաբեկ բողոքի այն հիմքերը, որոնք կապված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները հաշվարկելու եղանակի և ներկայացված պահանջների չափերն օրինական չլինելու հետ՝ նկատի ունենալով այն, որ որպես նշված հիմքերի հիմնավորում կրկին վկայակոչվել է «արդեն իսկ հաստատված պահանջների» առկայությունը։
Վճռաբեկ բողոքի պատասխաններում բերված փաստարկները հաստատվում են վերը նշված պատճառաբանություններով:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի կողմից վճռաբեկ բողոքում նշված նորմերի խախտումների վերաբերյալ փաստարկները բավարար չեն Վերաքննիչ դատարանի 06․05․2022 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ նման պայմաններում Վերաքննիչ դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ: Հետևաբար` սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վճռաբեկ բողոքը մերժելու և դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1․ Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․05․2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
________________
1 Էլեկտրոնային հղումը՝ https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2016)007-e։
2 Էլեկտրոնային հղումը՝ https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2011)003rev-e։
|
Նախագահող |
Գ. Հակոբյան |
|
Զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ |
|
Է. Սեդրակյան | |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1166/04/19 2025 թ. | ||||||
|
Սնանկության գործ թիվ ՍնԴ/1166/04/19 |
|||||||
| |||||||
ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ՍնԴ/1166/04/19 սնանկության գործով 11․03․2025 թվականին կայացված որոշման վերաբերյալ
«11» մարտի, 2025թ. ք. Երևան
Հայաստանի Հանրապետության
վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 11․03․2025 թվականին քննելով ըստ Նունուֆար Հովհաննիսյանի դիմումի՝ Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․05․2022 թվականի որոշման դեմ Քարօլին Բաղումեանի վճռաբեկ բողոքը, նույն պալատի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06․05․2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ նույն որոշման պատճառաբանություններով։Վճռաբեկ դատարանի դատավորներ Արսեն Մկրտչյանս, Էդգար Սեդրակյանս և Նաիրա Հովսեփյանս, համաձայն չլինելով 11․03․2025 թվականի որոշման (այսուհետ՝ Որոշում) պատճառաբանական և եզրափակիչ մասերի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Հատուկ կարծիքը շարադրելիս հիմք են ընդունվել Որոշման մեջ ներկայացված՝ վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները, վճռաբեկ բողոքի պատասխանների հիմնավորումները, վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը:
2. Հատուկ կարծիքի հիմնավորումները.
Տվյալ դեպքում գտնում ենք, որ բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը պարտապանին սնանկ ճանաչելու վճիռը բեկանվելու և նոր քննության ուղարկվելու դեպքում բեկանված վճռի հիման վրա կայացված դատական ակտերի իրավական հետևանքները պետք է քննարկեր նաև իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում՝ անդրադառնալով պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու որոշման իրավական նշանակությանը։ Այսպես․
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է պիտանի և անհրաժեշտ լինեն Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար: Սահմանափակման համար ընտրված միջոցները պետք է համարժեք լինեն սահմանափակվող հիմնական իրավունքի և ազատության նշանակությանը:
Սահմանադրության 79-րդ հոդվածի համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (…):
Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ՝ Եվրոպական դատարան) Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի վճռով վերահաստատել է իր այն դիրքորոշումը, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվող՝ դատարանի առջև արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանել Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որով ամրագրված է, ի թիվս այլնի, որ իրավունքի գերակայությունը պայմանավորվող պետությունների ընդհանուր ժառանգության մի մասն է: Իրավունքի գերակայության հիմնարար կողմերից մեկն իրավական որոշակիության սկզբունքն է, որով պահանջվում է, inter alia, որ երբ դատարանները որևէ հարցի վերաբերյալ կայացնում են վերջնական որոշում, այդ որոշումը չպետք է կասկածի տակ դրվի: Իրավական որոշակիությունը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է՝ վճիռները վերջնական լինելու սկզբունքի պահպանում (տե՛ս նաև Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի թիվ 22343/08 գանգատով Եվրոպական դատարանի 03․12․2015 թվականի վճիռը, Իրինա Ֆեդոտովան ընդդեմ Ռուսաստանի թիվ 1752/02 գանգատով Եվրոպական դատարանի 19․01․2007 թվականի վճիռը, կետ 21, Նեդջեթ Շահինը և Պերիհան Շահինն ընդդեմ Թուրքիայի թիվ 13279/05 գանգատով Եվրոպական դատարանի 20․11․2011 թվականի վճիռը, կետ 57, Fundatia Bucovina MIission inc.-ն ու Fundatia Bucovina Bucuresti-ն ընդդեմ Ռումինիայի թիվ 1231/04 Եվրոպական դատարանի 25․09․2012 թվականի վճիռը, կետ 11)։
Եվրոպական դատարանն իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում նշել է, որ մրցակցող դատական որոշումների առկայությունը կարող է առաջացնել իրավական անորոշության վիճակ, որը կարող է նվազեցնել հասարակության վստահությունը դատական համակարգի նկատմամբ, մինչդեռ այդ վստահությունը հստակորեն իրավունքի գերակայության վրա հիմնված պետության էական տարրերից մեկն է (տե՛ս օրինակ՝ Sine Tsaggarakis A.E.E.-ն ընդդեմ Հունաստանի թիվ 17257/13 գանգատով Եվրոպական դատարանի 23․05․2019 թվականի վճիռը)։ Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է, որ կողմը, հիմնվելով դատարանի կողմից նախորդ գործով բարձրացված հարցով արված գնահատականի վրա, որը բարձրացվում է նաև տվյալ գործով, կարող է օրինական սպասում ունենա առ այն, որ դատարանը կհետևի իր նախորդ կարգավորմանը, եթե միայն չկան հիմնավոր հանգամանքներ այդ կարգավորումից շեղվելու համար (տե՛ս Siegle-ն ընդդեմ Ռումինիայի գործով 16․07․2013 թվականի վճիռը, կետ 38, Rozalia Avram-ն ընդդեմ Ռումինիայի գործով 16․12․2014 թվականի վճիռը, կետ 42)։
Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի» (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) 18․03․2016 թվականին ընդունած «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկ»-ում Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում որպես իրավունքի գերակայության գնահատման չափանիշ դիտարկվում է նաև իրավական որոշակիությունը, որի դրսևորումներից է res judicata սկզբունքը: Այս սկզբունքը ենթադրում է, որ պետք է հարգել վերջնական դատողությունները, եթե առկա չեն դրանք վերանայելու հիմնավոր պատճառներ (կետ 63):
Վենետիկի հանձնաժողովի «Իրավունքի գերակայության մասին զեկույցի» (ընդունված 2011 թվականի մարտի 25-26) 46-րդ կետը սահմանում է, որ իրավական որոշակիությունը պահանջում է հարգել res judicata սկզբունքը, համաձայն որի՝ ներպետական դատարանների վերջնական դատական ակտերը չպետք է կասկածի տակ դրվեն:
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ իրավական որոշակիությունն իրավական անվտանգության կարևոր բաղադրիչ է, որով, ի թիվս այլնի, ապահովվում է նաև վստահությունը հանրային իշխանության և նրա հաստատությունների նկատմամբ (տե՛ս Սահմանադրական դատարանի 26.03.2021 թվականի թիվ ՍԴՈ-1586 որոշումը)։ Միջազգային իրավունքում հայտնի սկզբունքը՝ «Դատարանը կրկին չի որոշի արդեն որոշված գործը» (res jսdicata), ենթադրում է, որ դատական գործով ընդունված վերջնական որոշումը որպես իրավական որոշակիության արդյունք ենթակա է հարգանքի (տե՛ս Սահմանադրական դատարանի 27․05․2008 թվականի թիվ ՍԴՈ-754 որոշումը)։
Արդյունքում կարելի է արձանագրել, որ իրավական որոշակիության սկզբունքի առանցքային տարրերից մեկը դատական ակտերի կայունության կամ res judicata սկզբունքն է, որի ցանկացած խախտում հանգեցնում է իրավական որոշակիության խաթարման և ազդում իրավունքի գերակայության սկզբունքի վրա։
Res judicata սկզբունքի հիմքում ընկած է իրավական կարգադրագրերի կայունության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի անփոփոխելիության ու համընդհանուր պարտադիրության գաղափարը, որով, ի թիվս այլնի, ապահովվում է դատարանների հեղինակությունը և վստահությունը դատական իշխանության նկատմամբ։
Իրավական պետության հայեցակարգից և դրանից ածանցվող իրավական որոշակիության սահմանադրաիրավական սկզբունքից բխում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահության, այլ կերպ ասած` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի ճշմարտացիության կանխավարկածը, ինչից էլ բխում է ներպետական դատարանների վերջնական դատողությունները հարգելու ու դրանք կասկածի տակ չդնելու կանոնը։
Մինչև 15.04.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենք) 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտատերերն իրենց պահանջները ներկայացնում են դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո` մեկամսյա ժամկետում:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պահանջների ներկայացման համար սահմանված ժամկետից հետո` եռօրյա ժամկետում, պահանջների նախնական ցուցակը կառավարիչը ներկայացնում է դատարան, պարտապանին, առավել մեծ պահանջներ ունեցող 5 պարտատերերին և հրապարակում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում: Եթե հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը նախնական ցուցակի դեմ գրավոր առարկություններ չեն ներկայացնում դատարան, ապա դատավորը եռօրյա ժամկետում առանց նիստ հրավիրելու որոշում է կայացնում պահանջների ցուցակը հաստատելու մասին (վերջնական ցուցակ):
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ եթե իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հրապարակումից հետո` յոթ օրվա ընթացքում, կառավարիչը, պարտապանը և պարտատերերը գրավոր առարկություն են ներկայացնում պահանջների նախնական ցուցակի առաջնահերթության կամ որևէ պարտատիրոջ պահանջի վերաբերյալ, ապա դատավորը առարկությունն ստանալուց հետո՝ 15 օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլով` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով:
Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը և որոշում է կայացնում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը կարող է բողոքարկվել:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը պարտավորեցրել է դատարանին անկախ պահանջի (պահանջների) նկատմամբ առարկության ներկայացումից քննության առնել դատարան ներկայացրած յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը, ապահովվածությունը, որից հետո միայն որոշում կայացնել պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին: Նման օրենսդրական կարգավորումն ինքնանպատակ չէ և նպատակ ունի բացառելու սնանկության վարույթում չհիմնավորված պահանջների ընդգրկումը, քանի որ այդպիսի պահանջների ընդգրկումը կհանգեցնի ինչպես այն պարտատերերի իրավունքների և օրինական շահերի խախտմանը, որոնց պահանջները հիմնավորված են, այնպես էլ՝ պարտապանի և նրա հիմնադիրների (մասնակիցների) իրավունքների և օրինական շահերի խախտմանը: (…) պահանջի օրինականությունը որոշելիս դատարանները պետք է ուշադրություն դարձնեն պարտատիրոջ կողմից պահանջը հիմնավորող հանգամանքների հիմնավորվածությանը` դրանով իսկ ապահովելով պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունը (տե՛ս ըստ «ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿ-ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԽՈՒՄԲ» փակ բաժնետիրական ընկերության դիմումի՝ Սարգիս Գասպարյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԿԴ/0033/04/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02․12․2016 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշումը, հետևաբար նաև պահանջների վերջնական ցուցակն ինքնին, հաշվի առնելով սնանկության վարույթի առանձնահատկությունները, պարտադիր է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու համար (տե՛ս «Դ.Ֆ. ԴԻՍՏՐԻԲՅՈՒՏՈՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով կառավարիչ Խաչիկ Նազարյանն ընդդեմ «ԿՈՏԱՅՔ» գարեջրի գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԿԴ1/1302/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17․07․2015 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ հավելել է նաև, օրենսդիրը սնանկության վարույթի մեկ այլ փուլի՝ պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու գործընթացի համար սահմանել է այլ իրավակարգավորում, որն անկախ է անձին սնանկ ճանաչելու փուլից, այն է՝ դատարանը յուրաքանչյուր պահանջի օրինականության և հիմնավորվածության հիմքում ընկած հանգամանքները պարզում է անձին սնանկ ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած վճռից անկախ՝ առանձին քննություն իրականացնելով յուրաքանչյուր պահանջի վերաբերյալ (տե՛ս ըստ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության դիմումի՝ «Մանչո Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ԿԴ1/0261/04/16 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01․06․2018 թվականի որոշումը)։
Սնանկության վարույթում պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու փուլի առանձնակի կարևորությունը պայմանավորված է սնանկության վարույթի մասնակիցների իրավունքների ծավալը որոշելու հանգամանքով, երբ յուրաքանչյուր պահանջի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը քննության առնելու արդյունքում դատարանն այդ կապակցությամբ իր վերջնական դատողություններն արտացոլում է որոշման մեջ և հաստատում պահանջների վերջնական ցուցակը։ Այս որոշումը չվերացվելու պայմաններում սնանկության վարույթի մասնակիցները, վստահելով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայունությանը և դրանում ներկայացված վերջնական դատողությունների անփոփոխելիությանը, հստակ ու որոշակի պատկերացում են կազմում ոչ միայն իրենց իրավունքների և պարտավորությունների ծավալի, այլև սնանկության վարույթի հետագա ընթացքի մասին՝ միաժամանակ իրավաչափորեն ակնկալելով, որ պարտատերերի՝ արդեն իսկ հաստատված պահանջների կապակցությամբ դատարանի կայացրած վերջնական դատական ակտն առանց հիմնավոր պատճառների չի փոփոխվի։
Հիմք ընդունելով իրավական անվտանգության, օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի նկատմամբ վստահության և հարգանքի պահպանման անհրաժեշտությունը, ինչպես նաև դատարանի հեղինակությունն ու դատական իշխանության նկատմամբ հասարակության վստահությունն ամրապնդելու կարևորությունը՝ գտնում ենք, որ բարձրացված իրավական հարցն անհրաժեշտ է դիտարկել իրավունքի գերակայության և դրա բաղադրատարր հանդիսացող՝ իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում։
Սնանկության վարույթն առանձնահատուկ է այնքանով, որ սնանկ ճանաչելու դիմումի հիման վրա հարուցված գործն ի տարբերություն այլ, օրինակ՝ քաղաքացիական բնույթ ունեցող գործերի՝ չի ավարտվում դիմումի կապակցությամբ կայացված դատական ակտով։ Սնանկ ճանաչելու մասին վճիռ կայացնելով սկսվում են սնանկության վարույթում նպատակային տարբեր ուղղվածություն ունեցող հետագա փուլերը, այդ թվում նաև՝ պահանջներ ներկայացնելը և դրանք հաստատելը, որոնք եզրափակվում են պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշում կայացնելով։
Թեև պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշում կայացնելու նախադրյալը սնանկ ճանաչելու մասին վճռի առկայությունն է, այդուհանդերձ այդ վճռի բեկանման դեպքում դրան հաջորդած և օրինական ուժի մեջ մտած որոշումների իրավական նշանակությունն իսպառ հերքելն ու գործի նոր քննության ընթացքում նույն հարցի քննարկումից նախկինում արված դատողությունները մեկուսացնելը չեն բխում օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի՝ որպես իրավական որոշակիության արդյունքի կայունության res judicata սկզբունքից, ինչը համատեղելի չէ նաև օրինական ուժի մեջ մտած որոշումներում արտացոլված վերջնական դատողությունների հանդեպ հարգանքի, դատական իշխանության նկատմամբ վստահության և հեղինակության ապահովման գաղափարների հետ։
Գտնում ենք, որ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշում կայացված լինելու և օրինական ուժի մեջ մտած լինելուց հետո սնանկ ճանաչելու մասին վճիռը վերադաս դատական ատյանի կողմից բեկանվելու ու հարցը նոր քննության ուղարկվելու դեպքերում, երբ վերստին կայացվում է սնանկ ճանաչելու մասին վճիռ, պահանջների վերջնական ցուցակը հաստատելիս դատարանը պետք է արդար հավասարակշռություն ապահովի նախկինում կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշման միջև։ Մասնավորապես՝ պահանջներից յուրաքանչյուրի օրինականությունը, չափը, առաջնահերթությունը և ապահովվածությունը քննարկելիս դատարանը պետք է հաշվի առնի նաև դրանց կապակցությամբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատարանի վերջնական դատողությունները։ Այսպես՝ հարցի նոր քննության ընթացքում նույն պարտատերերի կողմից նախկինում ներկայացված իրենց պահանջներից էականորեն տարբերվող (օրինակ՝ պահանջի ակնհայտ բարձր չափ կամ այլ առաջնահերթություն) պահանջներ ներկայացվելու դեպքերում դատարանն առնվազն պետք է պարզի առկա տարբերությունների հիմքում ընկած հանգամանքները, որպիսիք հիմնավոր գնահատելու դեպքում միայն շեղվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ներկայացված վերջնական դատողություններից։
Վերոգրյալի ամփոփմամբ կարծում ենք, որ ներկայացված դեպքում պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման իրավական հիմնավորվածությունն ապահովելու, համապատասխանաբար չհիմնավորված պահանջները բացառելու նպատակով դատարանն անկախ առարկություն ներկայացված լինելուց՝ ոչ միայն պետք է ստուգի պահանջների հիմնավորվածությունը, այլև օրինական ուժի մեջ մտած որոշմամբ հաստատված և նոր քննության ընթացքում ներկայացված պահանջների միջև էական տարբերություններ լինելու դեպքում բացահայտի պատճառները՝ որոշման մեջ նշելով հիմնավոր գնահատված այն հանգամանքները, որոնց վկայակոչմամբ շեղվում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտում ներկայացված վերջնական դատողություններից։ Այսինքն՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու վերաբերյալ որոշման մեջ հստակ և որոշակի պետք է արտացոլվեն այն պատճառներն ու դրանց հիմնավորվածության մասին դատարանի եզրակացությունները, որոնց հաշվառմամբ պահանջների միջև ողջամիտ հարաբերակցություն ապահովելու արդյունքում դատարանը պահանջների վերջնական ցուցակը հաստատել է համապատասխան չափերով, առաջնահերթությամբ և ապահովվածությամբ։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն՝ Սնանկության դատարանի 10․09․2019 թվականի վճռով Նունուֆար Հովհաննիսյանի հարկադիր սնանկության դիմումը բավարարվել է՝ Քարօլին Բաղումեանը ճանաչվել է սնանկ։
21․10․2019 թվականին Սնանկության դատարանում ստացվել է Կոմիտեի դիմումը՝ 6․778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 10․167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի և 1․000․000 ՀՀ դրամի չափով պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում գրանցելու մասին, իսկ 30․10․2019 թվականին՝ Նունուֆար Հովհաննիսյանի դիմումը՝ 24․034․693 ՀՀ դրամի ու 300․000 ՀՀ դրամի չափով պահանջները գրանցելու մասին։
Սնանկության դատարանի 13․01․2020 թվականի որոշմամբ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը՝ ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության․ Կոմիտեի 100․000 ՀՀ դրամի չափով պահանջը (դատական ծախս), 6․778,24 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 10․167,36 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի ու «1․000․000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»-ի (21․01․2020 թվականի որոշմամբ վրիպակն ուղղվել է և նշվել է «1․000․000 ՀՀ դրամ») չափով պահանջը գրանցվել են «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, Նունուֆար Հովհաննիսյանի 300․000 ՀՀ դրամի չափով պահանջը գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, իսկ 6․788․816,95 ՀՀ դրամի չափով պահանջը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․01․2020 թվականի որոշմամբ Քարօլին Բաղումեանի վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։
Պարտապանին սնանկ ճանաչելու հարցի նոր քննության արդյունքում Դատարանը 21․07․2020 թվականի վճռով Նունուֆար Հովհաննիսյանի հարկադիր սնանկության դիմումը բավարարել է։
05.08.2021 թվականին Դատարանում ստացվել է Նունուֆար Հովհաննիսյանի դիմումը՝ 4․539․574 ՀՀ դրամի, դրա նկատմամբ հաշվարկված՝ 20․048․831 ՀՀ դրամի, 820․000 ՀՀ դրամի և 300․000 ՀՀ դրամի չափով պահանջները գրանցելու մասին, իսկ 17․08․2021 թվականին՝ Կոմիտեի դիմումը՝ 33․005,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 1․000․000 ՀՀ դրամի չափով պահանջները «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետում գրանցելու մասին։
Քարօլին Բաղումեանը Նունուֆար Հովհաննիսյանի և Կոմիտեի պահանջների դեմ առարկություն ներկայացրել է նաև այն հիմքով, որ «(…) ինչպես ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, այնպես էլ Նունուֆար Հովհաննիսյանը դատարանի՝ պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին 13.01.2020 թվականի որոշման՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում կրկին նույն պահանջները ներկայացրել են դատարան, ավելին՝ պարտատերերի կողմից ներկայացվել են նախկինում ներկայացված պահանջներից տարբերվող, ավելի մեծ չափի պահանջներ, (…) ներկայացվել է արդեն իսկ հաստատված պահանջի բովանդակային տարրերի փոփոխությամբ, որի արդյունքում փոփոխվել են պահանջների չափերը, իսկ այդ չափով պահանջի հաստատումը խախտում է պարտապանի հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ ՀՀ սահմանադրությունում ամրագրված դրույթները»։
Դատարանը, 01․02․2022 թվականի որոշմամբ անդրադառնալով պարտապանի նշված փաստարկին, արձանագրել է, որ «(…) ՀՀ սնանկության դատարանի 13.01.2020 թվականի՝ «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշումը չի կարող իրավական հետևանք առաջացնել՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.01.2020 թվականի որոշմամբ Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու մասին ՀՀ սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը բեկանված լինելու հիմքով»։ Արդյունքում Դատարանը պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատել է ըստ հետևյալ առաջնահերթության և ապահովվածության․ Կոմիտեի 100․000 ՀՀ դրամի չափով պահանջը (դատական ծախս) գրանցվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «դ» հերթում, 33․005,27 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի, 1․000․000 ՀՀ դրամի չափով պահանջները, ինչպես նաև Նունուֆար Հովհաննիսյանի 25․408․405 ՀՀ դրամի չափով պահանջը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «է» հերթում։
Նշված հարցի կապակցությամբ վերաքննիչ բողոքում ներկայացված փաստարկի վերաբերյալ Վերաքննիչ դատարանը 06․05․2022 թվականի որոշմամբ արձանագրել է հետևյալը․ «(…) Դատարանի կողմից «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին» 13.01.2020 թվականի որոշումը կայացվելուց հետո՝ 24.01.2020 թվականին, բեկանվել է Դատարանի 10.09.2019 թվականի վճիռը, որով Պարտապանը ճանաչվել է սնանկ: Հետևաբար՝ Դատարանի 13.01.2020 թվականի որոշումը ևս համարվել է վերացված: (…) եթե անձին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվել և գործն ուղարկվել է նոր քննության, որի արդյունքում ևս մեկ անգամ կայացվել է պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռ, ապա այդ վճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո դատարանը պարտավոր է իրականացնել «Սնանկության մասին» ՀՀ օրենքով պարտադիր համարվող բոլոր գործողությունները՝ անկախ նրանից՝ գործի նախկին քննության ընթացքում դատարանը կատարել է նման գործողություններ, թե ոչ, քանի որ անձին սնանկ ճանաչելու մասին վճռի բեկանման պահից սնանկության գործի նախկին քննության ընթացքում կատարված բոլոր գործողություններն այլևս չեն առաջացնում իրավական հետևանքներ։ (…)»։
Սնանկության դատարանի 13․01․2020 թվականի «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշման՝ իր իրավական նշանակությունը կորցրած լինելու մասին իրենց եզրակացության հիմքում ստորադաս դատարանները դրել են Սնանկության դատարանի 10.09.2019 թվականի վճիռը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բեկանված լինելու փաստը։
Մինչդեռ գտնում ենք, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ պարտապան Քարօլին Բաղումեանն առնվազն ունեցել է օրինական ակնկալիք, որ Նունուֆար Հովհաննիսյանի և Կոմիտեի ներկայացրած պահանջները կհաստատվեն այն չափով և հերթում, ինչպես Սնանկության դատարանի 13․01․2020 թվականի որոշմամբ։ Մինչդեռ Դատարանը 01․02․2022 թվականի որոշմամբ պարտատերեր Նունուֆար Հովհաննիսյանի և Կոմիտեի պահանջները ոչ միայն հաստատել է ավելի բարձր չափերով, այլ նաև այլ առաջնահերթությամբ։ Այսինքն՝ Դատարանը չի ապահովել ողջամիտ հարաբերակցություն դատարանի նախկինում արտահայտած դատողությունների, մասնավորապես՝ պարտապանի մոտ դրանց հիման վրա առաջացած օրինական ակնկալիքի տեսանկյունից, և հարցի նոր քննության ընթացքում ներկայացված պահանջների միջև, ինչպես նաև չի պարզել և որոշման մեջ չի ներկայացրել պարտատերերի ներկայացրած պահանջների միջև առկա տարբերությունների համար հիմք հանդիսացած պատճառներն ու չի գնահատել դրանց հիմնավոր լինելու հարցը, ինչը անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Որոշմամբ նշել է, որ «Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու մասին վճիռը բեկանվելուց հետո նոր քննության փուլում պարտատիրոջ կողմից կրկին պահանջ է ներկայացվել, որը ենթակա էր գրացման և հաստատման արդեն դրա հիմքերի ու հիմնավորումների սահմաններում՝ հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով նախատեսված իրավակարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում կայացրած որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումը։ Ընդ որում, Դատարանը, գործի նոր քննությունն իրականացնելիս, որևէ կերպ չէր կարող կաշկանդված լինել նախկինում կայացրած դատական ակտի դիրքորոշումներով և եզրահանգումներով, այն պատճառաբանությամբ, որ Սնանկության դատարանի 13․01․2020 թվականի պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու մասին որոշման կայացման համար հիմք հանդիսացած Սնանկության դատարանի 10․09․2019 թվականի վճիռը՝ Քարօլին Բաղումեանին սնանկ ճանաչելու մասին, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24․01․2020 թվականի որոշմամբ բեկանվել է և գործն ուղարկվել է նոր քննության։ Այսինքն, սույն սնանկության գործի սկզբնական քննության արդյունքում Սնանկության դատարանի կողմից կայացրած դատական ակտերում արված իրավական եզրահանգումները և կայացրած դիրքորոշումները չեն կարող որևէ ուղենիշային ու իրավական նշանկություն ունենալ և այդպիսով ազդել գործի նոր քննության ընթացքի վրա, քանի որ օժտված չեն կողմերի համար պարտադիր նշանակություն ունեցող դատական ակտի իրավական հատկանիշներով»։
Մինչդեռ տվյալ դեպքում խոսքը ոչ թե գնում է պահանջների քննության նոր փուլում Դատարանի 13․01․2020 թվականի «Պարտատերերի վերջնական ցուցակը հաստատելու մասին» որոշմամբ արտահայտված եզրակացություններով կաշկանդված լինելու և դրանց անվերապահորեն հետևելու մասին, ինչպես նշել է Վճռաբեկ դատարանը՝ այդ որոշման իրավական հատկանիշների գնահատման տեսանկյունից, այլ որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտ՝ դրանում արված վերջնական հետևությունների հետ ողջամիտ հավասարակշռություն ապահովելու անհրաժեշտության մասին՝ առավել ևս, երբ ներկայացվում են նախկինում հաստատված պահանջների համեմատությամբ ավելի բարձր չափով կամ այլ առաջնահերթությամբ պահանջներ։
Արդյունքում գտնում ենք, որ Վերաքննիչ դատարանի կողմից Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները հիմնավորված են, ուստի վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը պետք է դիտեր բավարար ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված իր լիազորությունը կիրառելու՝ Վերաքննիչ դատարանի 06․05․2022 թվականի որոշումը վերացնելու համար: Միաժամանակ նշված իրավական դիրքորոշումների համատեքստում պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը հաստատելու հարցը քննարկելու նպատակով պետք էր գործն ուղարկել Սնանկության դատարան՝ նոր քննության։
|
Դատավորներ |
Ա. ՄԿՐՏՉՅԱՆԷ. ՍԵԴՐԱԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական: