ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0894/04/23 2025 թ. | ||||||
|
Սնանկության գործ թիվ ՍնԴ/0894/04/23 |
|||||||
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ | |
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով «ԹՈՎՄԱՍՅԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2024 թվականի որոշման դեմ՝ ըստ Պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) դիմումի՝ Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
Սնանկության դատարանի (այսուհետ՝ Դատարան) 27.10.2023 թվականի վճռով դիմումը բավարարվել է։
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 24.05.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 27.10.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Սուրեն Գևորգյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասը, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-9-րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սնանկության դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունների կապակցությամբ առկա է նյութաիրավական վեճ, քանի որ Կոմիտեի ներկայացրած սնանկության դիմումից իրազեկվելով որոշումների մասին՝ ինքը 15.05.2023 թվականին հայցադիմումներ է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա և 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումները վերացնելու պահանջների մասին, որոնք ընդունվել են վարույթ (վարչական գործեր թիվ ՎԴ/3683/05/23, թիվ ՎԴ/3658/05/23, թիվ ՎԴ/3654/05/23)։ Ավելին՝ թիվ ՎԴ/3683/05/23 վարչական գործով 15.11.2023 թվականին կայացված վճռով հայցը բավարարվել է՝ Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա որոշումը վերացվել է: Նման պայմաններում Կոմիտեն չէր կարող սնանկության վարույթի համատեքստում վկայակոչել հարկային պարտավորությունների առկայությունը` առանց անբողոքարկելի դարձած վարչական ակտերի գոյության։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունները դարձել են վիճելի, հետևաբար բացակայում է պարտավորության անվիճելիության հիմքը։
Վերաքննիչ դատարանն իր տիրապետման ներքո չի ունեցել Կոմիտեի թիվ 46676-4 Ա, թիվ 47928-4 Ա և թիվ 68238-4 Ա որոշումներն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումները, ծանոթ չի եղել դրանց բովանդակությանը, նյութաիրավական վեճի արդյունքներին, մինչդեռ ենթադրություններ է կատարել դրանց կապակցությամբ։
Բողոքարկվող դատական ակտը հիմնված է ենթադրությունների վրա, թերի և վերացական է պատճառաբանված։
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 24.05.2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ դիմումը մերժել, կամ գործն ուղարկել նոր քննության։
2․1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։
Սույն գործով սնանկության դիմումի հիմքում դրվել են միայն օրենքի ուժով առաջադրված հարկային պարտավորություններ, որոնց վիճարկման վերաբերյալ ապացույց առկա չէ։ Վիճարկվել են միայն դրանց գանձման նպատակով կայացված որոշումները, այն էլ ընթացակարգային խախտման հիմքով, որը պարտավորությունը վիճելի համարելու հիմք չէ։ Հետևաբար առկա չէ պահանջի հիմնավորվածությունը կասկածի տակ դնող փաստարկ, իսկ պարտավորությունների գանձման նպատակով ընդունված վարչական ակտերի՝ ընթացակարգային խախտումների հիմքով վերացումն ինքնին չի հանգեցնում պարտավորության վերացման։
Բացի այդ, 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա և 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումները դարձել են անբողոքարկելի և ներկայացվել են հարկադիր կատարման։ Նշված որոշումների՝ ընթացակարգային խախտումների հիմքով անվավեր ճանաչվելու դեպքում Կոմիտեն զրկվում է հարկային պարտավորությունների գանձման մասին նորից որոշում ընդունելու հնարավորությունից, որոնց հիմքը հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկներն են, ուստի հարկային պարտավորությունների գանձման եղանակը Սնանկության դատարան դիմելն է։
Դիմումը ներկայացնելու պահին առկա են եղել Ընկերությանը սնանկ ճանաչելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախատեսված պահանջները, և դիմումին կցված փաստաթղթերից, մասնավորապես՝ 14․12․2022 թվականի մնացորդների վերաբերյալ տեղեկանքից ու 14․03․2023 թվականի հարկային պարտավորությունների և դրանց առաջացման վերաբերյալ տեղեկանքից ակնհայտ է, որ պարտավորության չափը գերազանցում է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը (18․036․144 ՀՀ դրամ) և թույլ է տրվել 90-օրյա ժամկետով կետանց։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Դիմումի հիմքում Կոմիտեն դրել է Ընկերության կողմից 18.036.144 ՀՀ դրամի չափով անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց թույլ տրված լինելու հանգամանքը՝ որպես փաստական հիմք վկայակոչելով հետևյալը՝ «(...) ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչությունում հարուցվել են վարչական վարույթներ, որոնց արդյունքում կայացվել են հետևյալ գանձման որոշումները՝ 14.06.2024թ. թիվ 46676-4Ա որոշումը՝ 2.196.991 ՀՀ դրամ գանձելու մասին, 21.07.2021թ. թիվ 47928-4Ա որոշումը՝ 4.262.919 ՀՀ դրամ գանձելու մասին, 16.06.2022թ. թիվ 682838-4Ա որոշումը՝ 8.863.988 ՀՀ դրամ գանձելու մասին։ Սույն որոշումները դարձել են անբողոքարկելի և ներկայացվել են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման (...)։ Անբողոքարկելի դարձած վերոնշյալ որոշումների հիման վրա ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցվել են (...) կատարողական վարույթները, որոնք ավարտվել են (...) «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2.1 կետով (...)» (հավելված 1-ին, գ.թ. 2-8).
2) Դատարանի 23.03.2023 թվականի որոշմամբ Կոմիտեի դիմումն ընդունվել է վարույթ, իսկ 30.03.2023 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Վարդևան Պետրոսյանը (հավելված 1-ին, գ.թ. 1, 57).
3) Ընկերությունը վիճարկել է իր սնանկությունը՝ խնդրելով սնանկության դիմումը մերժել այն պատճառաբանությամբ, որ դրա հիմքում դրված՝ Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա և 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումները ՀՀ վարչական դատարանում վիճարկվել են, հայցադիմումներն ընդունվել են վարույթ, ուստի սնանկության դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունը վիճելի է (հավելված 1-ին, գ.թ. 68, 85, 86, 97 (հիմք՝ 10.10.2023 թվականի դատական նիստի ձայնային արձանագրություն)).
4) թիվ ՎԴ/3658/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 22.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ընկերության հայցն ընդդեմ Կոմիտեի՝ 14.06.2021 թվականի՝ «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 46676-4Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ վարչական դատարանի 08.02.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է։ Նշված վճռով միաժամանակ նշվել է, որ «հայցվորը ներկայացրել է բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու մասին միջնորդություն, որով հայտնել է, որ վիճարկվող վարչական ակտի մասին տեղեկացել է 13.05.2023 թվականին՝ թիվ ՍնԴ/0894/04/23 սնանկության գործով ՀՀ սնանկության դատարանի 23.03.2023 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և այդ որոշման հետ ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո», ինչի կապակցությամբ արձանագրվել է հետևյալը՝ «Կոմիտեն 14.06.2021 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 46676-4Ա վարչական ակտն ուժի մեջ մտած լինելու ժամկետի վերաբերյալ որևէ ապացույց, այդ թվում՝ «azdarar.am» կայքում հրապարակված լինելու վերաբերյալ, չի ներկայացրել, ուստի վիճարկվող Կոմիտեի 14.06.2021 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 46676-4Ա վարչական ակտը 13.05.2023 թվականին ստացված լինելու հայցվորի փաստարկների հաշվառմամբ սույն հայցադիմումը սկզբնապես 15.05.2023 թվականին Դատարան ներկայացվելու պայմաններում հայցվորը հայցադիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետը բաց չի թողել, ուստի վերջինիս միջնորդությունն առարկայազուրկ է»։ Դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում առկա տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի 08.02.2024 թվականի վճիռը 12.03.2024 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայք), (court.am կայք).
5) թիվ ՎԴ/3654/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 22.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ընկերության հայցն ընդդեմ Կոմիտեի՝ 16.06.2022 թվականի՝ Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին թիվ 68238-4 Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։ ՀՀ վարչական դատարանի 22.01.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է։ Նշված վճռով միաժամանակ նշվել է, որ «հայցվորը խնդրել է հարգելի համարել և վերականգնել հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց թողնելը հետևյալ հիմնավորմամբ. «(…) Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 16.06.2022 թվականի Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին թիվ 68238-4 Ա որոշման մասին Ընկերությունը պատշաճ կարգով չի իրազեկվել, մասնավորապես՝ այդ որոշումը պատասխանողի կողմից չի ուղարկվել Ընկերությանը, իսկ այդ որոշման գոյության մասին Ընկերությունը տեղեկացել է 13.05.2023թ.՝ թիվ ՍնԴ/0894/04/23 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի 23.03.2023թ. «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և այդ որոշման հետ ուղարկված փաստաթղթերը՝ այդ թվում նաև Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության պետի 16.06.2022 թվականի Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին թիվ 68238-4 Ա որոշումը ստանալուց հետո: (…)»»։ Այս կապակցությամբ ՀՀ վարչական դատարանն արձանագրել է, որ «չնայած այն հանգամանքին, որ վիճարկվող որոշումը մտել է օրինական ուժի մեջ (Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայքում տեղադրվել է 27.06.2022 թվականին), սակայն վերջինիս մասին հայցվորը պատշաճ ծանուցված չի եղել, որպիսի պայմաններում հայցվորը վիճարկվող որոշման մասին տեղեկացել է թիվ ՍնԴ/0894/04/23 սնանկության գործով ՀՀ Սնանկության դատարանի 23.03.2023 թվականի «Դիմումը վարույթ ընդունելու մասին» որոշումը և այդ որոշման հետ ուղարկված փաստաթղթերը ստանալուց հետո՝ 13.05.2023 թվականին, որից հետո օրենքով նախատեսված 2-ամսյա ժամկետում հայցադիմումը ներկայացրել է ՀՀ վարչական դատարան»։ Դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում առկա տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի 22.01.2024 թվականի վճիռը 23.02.2024 թվականին մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայք), (court.am կայք).
6) թիվ ՎԴ/3683/05/23 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 17.05.2023 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Ընկերության հայցն ընդդեմ Կոմիտեի՝ 21.07.2021 թվականի «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 47928-4Ա որոշումը վերացնելու պահանջի մասին։ ՀՀ վարչական դատարանի 15.11.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է։ Դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայքում առկա տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի 15.11.2023 թվականի վճիռը բողոքարկվել է ՀՀ վարչական վերաքննիչ դատարան (հիմք՝ դատական իշխանության պաշտոնական ինտերնետային կայք), (court.am կայք).
7) Դատարանի 06.11.2023 թվականի որոշմամբ Ընկերության սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վարդևան Պետրոսյանը՝ միաժամանակ նույն որոշմամբ դադարեցվել են նրա՝ որպես ժամանակավոր կառավարչի լիազորությունները (հավելված 1-ին, գ.թ. 115, 116)։
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է՝ բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը՝ արդյո՞ք պարտապանին սնանկ ճանաչելու դիմումի հիմքում որպես անվիճելի վճարային պարտավորություն կարող է դրվել օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունն այն դեպքում, երբ նշված գումարները պարտապանից բռնագանձելու վերաբերյալ իրավասու պետական մարմնի որոշումն անբողոքարկելի չի դարձել՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը)։
Մեկնաբանելով շարադրված իրավանորմերը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պարտադիր պայմանը նրա փաստացի անվճարունակությունն է, ինչը ենթադրում է հետևյալ իրավաբանական փաստերի միաժամանակյա առկայությունը՝ պարտապանի վճարային պարտավորության առկայությունը, պարտավորության 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող չափով, վճռի կայացման պահին կետանցը շարունակվելը և պարտավորության անվիճելիությունը (տե՛ս ըստ Սեդրակ Առուստամյանի դիմումի թիվ ՍնԴ/0736/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.01.2023 թվականի որոշումը)։
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով օրենսդիրը սպառիչ կերպով ներկայացրել է այն վավերապայմանները, որոնց առկայության դեպքում միայն անձը պարտատիրոջ պահանջով կարող է ճանաչվել սնանկ: Մասնավորապես՝ այլ պահանջների հետ մեկտեղ, օրենսդիրն ամրագրել է, որ պարտատիրոջ հանդեպ պարտապանի պարտավորությունը պետք է լինի անվիճելի: Հետևաբար անձին սնանկ ճանաչելու հարցի լուծումը և դրա արդյունքում համապատասխան վճիռ կայացնելն անմիջականորեն կախված են պարտավորության անվիճելիությունը հիմնավորող փաստի առկայությամբ (տե՛ս Աշոտ Գրիգորյանն ընդդեմ Սամվել և Տիգրան Օհանյանների թիվ ԵԱՔԴ/2709/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.06.2021 թվականի որոշումը)։
Անդրադառնալով պարտապանին սնանկ ճանաչելու պարտադիր պայման հանդիսացող վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի մեկնաբանմանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունն առկա է այն դեպքում, երբ պարտապանը չի առարկում սնանկ ճանաչելու պահանջի դեմ: Այդուհանդերձ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում են վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն) (տե՛ս «Յունիբանկ» փակ բաժնետիրական ընկերությունն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Ելնելով անձին սնանկ ճանաչելու տարբեր հիմքերի առանձնահատկություններից` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրն անձին սնանկ ճանաչելու յուրաքանչյուր հիմքի համար սահմանել է տարբեր կարգավորումներ: Այսինքն՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության դիմումի հիմքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված որ հիմքն է ընկած, կիրառվում է տվյալ հիմքին բնորոշ օրենսդրական կարգավորումը (տե՛ս ըստ Ֆինանսների նախարարության Կենտրոնի հարկային տեսչության դիմումի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը)։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը դիտարկելով նույն կետի «գ» ենթակետի համատեքստում` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից, կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հակառակ պարագայում, երբ այդպիսի պահանջի հիմքում դրված է համապատասխան օրենքից չբխող հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը, և ապացուցվում է, որ տվյալ պահանջի դեմ պարտապանն ունի առարկելու բավարար հիմքեր, ապա պարտավորությունը դառնում է վիճելի (տե՛ս ըստ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ անդրադարձել է «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպմանը՝ փաստելով, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին: Դա բխում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի տրամաբանությունից, որը սնանկ ճանաչելու հիմք է դիտարկում ոչ թե ընդհանրապես վճարային պարտավորությունը, այլ անվիճելի վճարային պարտավորությունը: Օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ», «գ», «դ» կետերը վերաբերում են վճարային պարտավորության անվիճելիությանը, այլ ոչ թե սնանկության հիմքերին, և նպատակ չեն հետապնդում սնանկության գործը քննող դատարանին ներքաշելու նյութաիրավական վեճի լուծման գործընթացի մեջ:
Սահմանադրական դատարանը 23.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1610 որոշմամբ հավելել է, որ պարտապանը սնանկության վարույթի և ոչ մի փուլում զրկված չէ դատական կարգով պարտատիրոջ դիմումի (սնանկության վարույթի հարուցման փուլում) կամ պահանջի հիմքում ընկած վճիռը, դատավճիռը, վարչական ակտը, գործարքը վիճարկելու հնարավորությունից, ընդ որում՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության վարույթի որ փուլում է պարտապանը վիճարկում պարտատիրոջ պահանջի հիմքերը, սնանկության գործի քննության ընթացքն ստանում է այլ ելք։ Մասնավորապես այն դեպքում, երբ պարտապանը դատական կարգով վիճարկում է վճարային պարտավորության հիմքում դրված վճիռը, դատավճիռը, գործարքը կամ վարչական ակտը պարտապանին սնանկ ճանաչելու հարցի քննության փուլում, այսինքն՝ դատավարական նորմերին համապատասխան ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ապա տվյալ պարագայում պահանջը, ըստ էության, դառնում է վիճելի, որպիսի պայմաններում բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանը կարող է մերժել սնանկության դիմումը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված հիմքը բխում է հարկային, մաքսային օրենսդրության և այլ հանրային իրավական իրավահարաբերություններից ծագող պարտավորություններից, հետևաբար ելնելով դրանց առանձնահատկությունից՝ նշված նորմն անհրաժեշտ է մեկնաբանել համապատասխան իրավահարաբերությունների կարգավորման համատեքստում։ Այսպես.
Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
ՀՀ հարկային օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային պարտավորությունը ծագում է Օրենսգրքով (Նախկին օրենսգիրք) կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:
ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով (Նախկին օրենսգիրք) կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են վարչական մարմնի նախաձեռնությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ վարչական մարմնի նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու հիմքերն են` վարչական ակտ ընդունելու վերաբերյալ օրենքի պահանջը, դրանից բխող անհրաժեշտությունը կամ օրենքով վարչական մարմնին վերապահված հայեցողական լիազորությունը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարչական վարույթը եզրափակվում է վարչական ակտի ընդունմամբ (եզրափակիչ փուլ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմինն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, և ուղղված է անձանց համար իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն: (...)։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (դրամական պահանջներ):
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով նշված իրավանորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ վարչական ակտի ընդունումը պայմանավորված է հանրային իրավունքի բնագավառում որոշակի հասարակական հարաբերություններ կարգավորող իրավական նորմի առկայությամբ, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտին (վարչական մարմնին) լիազորում է արձակել միակողմանի կարգադրություն` ուղղված կոնկրետ անձին առնչվող կոնկրետ հարցի կարգավորմանը: Փաստորեն վարչական վարույթի հարուցման և վարչական ակտի ընդունման անհրաժեշտություն է առաջանում բոլոր այն դեպքերում, երբ հարկավոր է կարգավորել հանրային իրավունքի բնագավառում որևէ կոնկրետ հարց, որն առնչվում է վարչական մարմնի հետ կազմակերպական, աշխատանքային, ներքին ենթակայական կամ որևէ այլ ուղղակի կապի մեջ չգտնվող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին և պարտականություններին: Այսինքն` վարչական ակտի միջոցով համապատասխան իրավաբանական փաստերի առկայության դեպքում իրավական նորմերով սահմանված վերացական հանրային սուբյեկտիվ իրավունքները կամ պարտականությունները ստանում են անհատականացված ուղղվածություն` վերագրվում են կոնկրետ հասցեատերերի` ձեռք բերելով պարտադիր կատարման ենթակա լինելու հատկանիշ (տե՛ս Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Լաուրա Աղոյանի թիվ ՎԴ2/0090/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական մարմնին իր նախաձեռնությամբ վարչական վարույթ հարուցելու և վարչական ակտ ընդունելու լիազորություն վերապահված է նաև ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածով։ Մասնավորապես՝ բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի՝ 200 հազար ՀՀ դրամը գերազանցող հարկային պարտավորության կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից երկու ամսից ավելի ժամանակ անցած լինելու դեպքերում օրենսդիրը հարկային մարմնին լիազորել է իր նախաձեռնությամբ հարուցել չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարույթ։ Տվյալ դեպքում վարչական ակտն ընդունվում է օրենքի ուժով առաջացած հարկային պարտավորությունները գանձելու նպատակով։ Այլ կերպ ասած՝ հարկային պարտավորության գանձման վարչական վարույթը հարուցվում է օրենքի ուժով առաջացած պարտավորությունների հիմքով՝ հետապնդելով առկա պարտավորության գանձման նպատակով վարչական ակտ ընդունելու նպատակ։ Ուստի իրավասու մարմնի կողմից ընդունված վարչական ակտը հարկային պարտավորությունների գանձման` օրենքով սահմանված միջոցն է: Այդուհանդերձ հարկային պարտավորությունները գանձելու համար օրենսդիրը չի սահմանափակվել միայն իրավասու հարկային մարմնի կողմից վարչական ակտ ընդունելու լիազորության իրականացմամբ, այլ նաև նախատեսել է վարչական ակտի անբողոքարկելի դառնալու պարտադիր պայման։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարույթի արդյունքում վարչական ակտ ընդունելով օրենքին համապատասխան հարկեր մուծելու սահմանադրական պարտականությունն ստանում է վարչական ակտի հասցեատիրոջը վերագրված անհատականացված ուղղվածություն՝ դրա անբողոքարկելի դառնալու փաստի ուժով ձեռք բերելով նաև կատարելիության չափանիշ։ Այսինքն՝ վարչական ակտի անբողոքարկելի դառնալու պայմանը կարևորվում է նաև այն տեսանկյունից, որ կապված է վարչական ակտը հարկադիր կատարման ներկայացնելու հնարավորության հետ, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով հարկադիր կատարման ենթակա են անբողոքարկելի վարչական ակտերը («Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 7-րդ կետ)։
ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասին համանման կարգավորում էր պարունակում նաև 14.04.1997 թվականին ընդունված և 01.01.2018 թվականին ուժը կորցրած «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածը։
Վկայակոչված հոդվածի մեկնաբանմանն անդրադարձել է ՀՀ վճռաբեկ դատարանը և արձանագրել, որ դրանով նախատեսված վարչական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները կամովին չկատարվելու դեպքում այդ պարտավորության հարկադիր կատարումը գործող օրենսդրության պայմաններում հնարավոր է իրականացնել միայն համապատասխան անբողոքարկելի վարչական ակտի առկայության դեպքում։ Այլ կերպ ասած` իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածով նախատեսված որոշման հարկադիր կատարման միջոցով իրավասու վարչական մարմինը հնարավորություն է ստանում փաստացի ապահովել հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարների մուտքը պետական կամ համայնքային բյուջե, իսկ նման որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության կամ համայնքի (տե՛ս Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն ընդդեմ Երվանդ Ալեյանի թիվ ՎԴ2/0016/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):
Շարադրված մեկնաբանությունը համադրելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված իրավակարգավորման հետ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ երբ սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրվել են պարտապանի՝ օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտականությունից բխող պարտավորությունները, ապա պարտավորությունների փաստացի կատարված չլինելու հանգամանքի միայն վկայակոչումը չի կարող բավարար լինել պարտավորության անվիճելիությունը հաստատված համարելու համար, քանի որ համապատասխան վարչական մարմինը, հիմք ընդունելով իրավահարաբերության ծագման պահին գործող «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 29.1-րդ հոդվածի իրավակարգավորումը, պետք է կայացներ չվճարված հարկերը բռնագանձելու մասին որոշում: Նշվածը մի կողմից հնարավորություն կտար որոշակիացնելու պարտավորությունների բնույթը, իսկ մյուս կողմից հնարավորություն կընձեռեր վարչական ակտի հասցեատիրոջը հնարավոր անհամաձայնության դեպքում օրենքով սահմանված կարգով վիճարկելու համապատասխան վարչական ակտը: Վերոգրյալից հետևում է, որ այդպիսի որոշման բացակայության պայմաններում հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գործնականում չեն կարող բռնագանձվել հօգուտ պետության, ինչից բխում է, որ առանց նման որոշման կայացման գումարի բռնագանձման իրավասությունը չի կարող իրացվել, հետևաբար առանց այդ որոշման և դրա անբողոքարկելի դառնալու պայմանների առկայության` համապատասխան պետական մարմինը չի կարող վկայակոչել պարտապանի՝ հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտավորության անվիճելիությունը (տե՛ս ըստ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԵՄԴ/0013/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ անդրադարձել է այն դեպքին, երբ իրավասու մարմնի կողմից կայացվել է հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշում և արձանագրել, որ նման որոշման կայացումը դեռևս բավարար չէ, և անձին սնանկ ճանաչելու պարտավորության անվիճելիությունը կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ այդպիսի որոշումը միաժամանակ դարձել է անբողոքարկելի: Հետևաբար սնանկության գործի շրջանակներում իրավասու մարմնի կողմից կայացված՝ հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշում ներկայացված լինելու պարագայում սնանկության գործը քննող դատարանը պետք է գնահատի նաև այդ որոշման անբողոքարկելիությունը՝ համադրելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի իրավակարգավորումները գործի փաստական հանգամանքների հետ։ Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը, մինչդեռ այդ որոշման վիճարկված լինելն արդեն իսկ բացառում է անձին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ պայմանի առկայությունը (տե՛ս ըստ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը)։
Վերահաստատելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը զարգացրել է դրանք՝ հավելելով, որ համապատասխան իրավասու պետական մարմնի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված հիմքով օրենքով սահմանված ժամկետում պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան դիմելու համար պարտադիր պայման է նաև անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունը, որից բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունը։ Ընդ որում՝ քննարկվող հիմքով անձին սնանկ ճանաչելու մասին դիմում քննելիս արդեն իսկ անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունն ինքնին կանխորոշում է պարտապանի վճարային պարտավորության անվիճելիությունը, եթե վերջինս չի ապացուցում դրա դեմ առարկելու բավարար հիմքերի առկայությունը (տե՛ս ըստ Պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ՍնԴ/0066/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.02.2024 թվականի որոշումը)։
Շարադրվածից հետևում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով սահմանված հիմքով պարտապանին սնանկ ճանաչելու դիմում ներկայացնելիս վճարային պարտավորության անվիճելիությունը կարող է հաստատվել իրավասու մարմնի կողմից հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշում կայացված լինելու և դրա՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածով սահմանված կարգով անբողոքարկելի դարձած լինելու պայմանների միաժամանակյա առկայության դեպքում։ Հետևաբար պարտապանն ունի օրենքով սահմանված հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարներից բխող պարտավորության՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետով ներկայացված սնանկության պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր, եթե դատավարական նորմերին համապատասխան ապացուցում է, որ դիմումի հիմքում դրված հարկային պարտավորության գումարները գանձելու վերաբերյալ իրավասու մարմնի որոշումն անբողոքարկելի չի դարձել։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերից հետևում է, որ հարկադրված սնանկության հիմքում դնելով չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա և 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումներն ու դրանց անբողոքարկելի դարձած լինելը՝ Կոմիտեն վկայակոչել է Ընկերության կողմից 18.036.144 ՀՀ դրամի չափով անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց թույլ տրված լինելու հանգամանքը և պահանջել Ընկերությանը ճանաչել սնանկ։
Ընկերությունը վիճարկել է իր սնանկությունը՝ խնդրելով մերժել սնանկության դիմումն այն պատճառաբանությամբ, որ Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա և 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումները վիճարկվել են ՀՀ վարչական դատարանում, հայցադիմումներն ընդունվել են վարույթ, ուստի սնանկության դիմումի հիմքում դրված վճարային պարտավորությունը վիճելի է։
Դատարանի 27.10.2023 թվականի վճռով Կոմիտեի դիմումը բավարարվել է՝ Ընկերությունը ճանաչվել է սնանկ հետևյալ պատճառաբանությամբ՝ «(…) Պարտապանը թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 90-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, անվիճելի է, քանի որ բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, որի վերաբերյալ Կոմիտեի կողմից ներկայացվել են «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 46676-4Ա, թիվ 47928-4Ա, թիվ 68238-4Ա որոշումները, որոնք դարձել են անբողոքարկելի և ներկայացվել են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայություն՝ հարկադիր կատարման: (…) Ինչ վերաբերվում է, Սնանկության դիմումը Դատարանի կողմից վարույթ ընդունելուց հետո, «ԹՈՎՄԱՍՅԱՆ 93» ՍՊԸ-ի կողմից ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելուն՝ «Չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին» թիվ 46676-4Ա, թիվ 47928-4Ա, թիվ 68238-4Ա որոշումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ապա Դատարանը արձանագրում է, որ վերոնշյալ հայցադիմումներով կողմը վիճարկել է ոչ թե պարտավորության չափը, այլ միայն վարչական ակտերի ընդունման ընթացակարգային խախտումները, այսինքն՝ պարտավորության վիճելիության կապակցությամբ բողոք բերողի փաստարկներն ըստ էության հանգում են բացառապես վարչական ակտերի մասին տեղեկանալուն և ՀՀ վարչական դատարան վերոնշյալ հայցերը ներկայացնելուն, ինչը, սակայն, չի կարող գնահատվել որպես պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը առերևույթ կասկածի տակ դնող փաստարկ»:
Վերաքննիչ դատարանը 24.05.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժել է և Դատարանի 27.10.2023 թվականի վճիռը թողել է անփոփոխ։ Իրավաչափ համարելով Դատարանի վերոշարադրյալ եզրահանգումները՝ Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ «(…) Ընկերությունն առարկել է նշված պահանջի դեմ` իր առարկության հիմքում դնելով Կոմիտեի կողմից կայացված որոշումների` ՀՀ վարչական դատարանում վիճարկված լինելու հանգամանքը, սակայն այս հանգամանքը հիմնավորող ապացույցներ չի ներկայացրել, ինչպես նաև պարտավորություններ չունենալու վերաբերյալ հիմնավորումներ չի ներկայացրել, որպիսի պայմաններում Ընկերության կողմից ներկայացված առարկությունների հիմքում վկայակոչված հանգամանքներն ինքնին հիմք չեն պարտավորությունը վիճելի գնահատելու համար: Ընկերությունն ամեն դեպքում պարտավոր էր ներկայացնել պարտավորության վիճարկման հիմքերը հաստատող բավարար փաստարկներ և դրանք հիմնավորող ապացույցներ, որպիսիք չեն ներկայացվել, մինչդեռ Կոմիտեի կողմից ներկայացված պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունենալու փաստն ապացուցելու պարտականությունը կրել է Ընկերությունը` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասը, (…) պարտավորության վիճելիության կապակցությամբ բողոք բերած անձի փաստարկներն ըստ էության հանգում են բացառապես Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա և 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա գանձման որոշումները ՀՀ վարչական դատարանում վիճարկված լինելուն, ինչը, սակայն, չի կարող գնահատվել որպես Կոմիտեի պահանջի հիմնավորվածությունն առերևույթ կասկածի տակ դնող փաստարկ, իսկ հակառակի վերաբերյալ բողոք բերած անձի պնդումներն անհիմն են (…)»։
Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված չեն հետևյալ պատճառաբանությամբ։
Ստորադաս դատարաններն անտեսել են, որ տվյալ դեպքում Կոմիտեն թեև կայացրել է չկատարված հարկային պարտավորությունները գանձելու մասին որոշումներ, այդուհանդերձ բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի հիմքով Ընկերությանը սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ մյուս պայմանի՝ անբողոքարկելի դարձած վարչական ակտի առկայությունը։
Մասնավորապես՝ սնանկության դիմումի հիմքում դրված՝ Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա և 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումները վիճարկվել են ՀՀ վարչական դատարանում, ու Ընկերության կողմից ներկայացված վիճարկման հայցերն ընդունվել են ՀՀ վարչական դատարանի վարույթ։ Թեև այդ որոշումների՝ օրենքով սահմանված կարգով վիճարկված լինելն արդեն բավարար է Ընկերության անվիճելի վճարային պարտավորությունների առկայությունը հերքելու համար, այդուհանդերձ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ թիվ ՎԴ/3658/05/23 և թիվ ՎԴ/3654/05/23 վարչական գործերով ՀՀ վարչական դատարանը համապատասխանաբար 08.02.2024 թվականին ու 22.01.2024 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած վճիռներով անվավեր է ճանաչել 14.06.2021 թվականի թիվ 46676-4Ա ու 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա որոշումները՝ բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու վերաբերյալ միջնորդությունների քննության շրջանակներում միաժամանակ հիմնավորված համարելով վարչական ակտերի մասին սույն սնանկության վարույթից տեղեկացված լինելու մասին Ընկերության փաստարկները։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առանց անբողոքարկելի դարձած վարչական ակտերի գոյության Կոմիտեն չէր կարող վկայակոչել Ընկերության մոտ 18.036.144 ՀՀ դրամի չափով անվիճելի վճարային պարտավորությունների առկայությունը, իսկ ներկայացված առարկությամբ Ընկերությունը հիմնավորել է, որ ունի «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի հիմքով իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ առարկելու բավարար հիմք՝ բողոքարկված վարչական ակտեր, որպիսիք վերագրվող հարկային պարտավորությունները դարձրել են վիճելի:
Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի խախտում թույլ տրված լինելու և այդ խախտմամբ արդարադատության բուն էությունը խաթարված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկը։
Անդրադառնալով վճռաբեկ բողոք բերած անձի նշած՝ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մյուս պայմանի առկայությանը՝ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.
Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետին՝ վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի տեսանկյունից հանգել է այն հետևության, որ «պարտավորության վիճելիության կապակցությամբ բողոք բերած անձի փաստարկներն ըստ էության հանգում են բացառապես Կոմիտեի 21.07.2021 թվականի թիվ 47928-4 Ա, 14.06.2021 թվականի թիվ 46676-4 Ա և 16.06.2022 թվականի թիվ 68238-4 Ա գանձման որոշումները ՀՀ վարչական դատարանում վիճարկված լինելուն, ինչը, սակայն, չի կարող գնահատվել որպես Կոմիտեի պահանջի հիմնավորվածությունն առերևույթ կասկածի տակ դնող փաստարկ, իսկ հակառակի վերաբերյալ բողոք բերած անձի պնդումներն անհիմն են»։ Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը վկայակոչել է թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշումը՝ հիմնավորելով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը։
ՀՀ վճռաբեկ դատարանը, նույնանման փաստական հանգամանքներով թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սնանկության գործով 27.12.2019 թվականի որոշման մեջ անդրադառնալով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետի մեկնաբանությանը, հանգել է այն եզրակացության, որ սնանկության գործի լուծման համար էական նշանակություն ունի հարկ վճարողի կողմից ժամանակին չկատարված հարկային պարտավորության գումարները գանձելու մասին որոշման կայացված լինելու և այդ որոշման անբողոքարկելի դարձած լինելու փաստերի միաժամանակյա առկայությունը: Ընդ որում, կարևորվում է որոշման անբողոքարկելի դարձած լինելու հանգամանքը, մինչդեռ այդ որոշման վիճարկված լինելն արդեն իսկ բացառում է անձին սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ պայմանի առկայությունը:
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ և թիվ ԵԱՔԴ/0076/04/17 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2019 թվականի որոշմամբ արտահայտված վերոշարադրյալ դիրքորոշումը, արձանագրում է, որ վճռաբեկ բողոքի նշված հիմքը նույնպես հիմնավորված է, քանի որ Վերաքննիչ դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «գ» ենթակետը կիրառել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ։
Վերը նշված պատճառաբանությամբ հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում նշված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 24.05.2024 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված՝ անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սնանկության դիմումը մերժվելու կամ գործի վարույթը կարճվելու դեպքերում դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցման պարտականությունը դրվում է սնանկության վերաբերյալ դիմում ներկայացրած անձի վրա, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերի:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ դատական ծախսերի և ժամանակավոր կառավարչի (կառավարչի) վարձատրության փոխհատուցումը կատարվում է պարտապանի հաշվին, եթե`
1) սնանկության գործի վարույթը կարճվել է պարտապանին այլ սնանկության գործով սնանկ ճանաչելու հիմքով.
2) սնանկության մասին դիմում ներկայացվելուց հետո պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով պարտապանը դադարել է անվճարունակ լինելուց, կամ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերացել են, և դիմողը հետ է վերցրել սնանկության մասին դիմումը.
3) դա նախատեսված է դատարանի կողմից հաստատված հաշտության համաձայնությամբ:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա» ենթակետի բովանդակությունից բխում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դատարաններ տրվող իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ բազային տուրքի 1000-ապատիկի չափով։
Նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի բովանդակությունից բխում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սնանկության դատարանի կայացրած վճիռների դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով։
Նույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի բովանդակությունից բխում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով սնանկության դատարանի կայացրած վճիռների դեմ բերված բողոքներով վերաքննիչ դատարանի որոշումների դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով՝ բազային տուրքի 40-ապատիկի չափով։
Թիվ ՍնԴ/1153/04/21 սնանկության գործով 10.02.2023 թվականին կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ և 6-րդ մասերի մեկնաբանությանը՝ արձանագրելով, որ հարկադրված սնանկության դիմումի հիման վրա պարտապանին դատարանի վճռով սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ է հիմնավորել անձի վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 90-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելը, իսկ սնանկության դիմումը մերժելու դեպքում հարկադիր սնանկության դիմում ներկայացնողի կրած դատական ծախսերը փոխհատուցելու և սնանկության ժամանակավոր կառավարչին վճարելու պարտականությունը պարտապանի մոտ ծագում է բացառապես՝
ա) պարտքի լրիվ կամ մասնակի մարման հետևանքով անվճարունակ լինելը դադարելու
կամ
բ) «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հիմքերը վերանալու դեպքում:
Նկատի ունենալով, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ պարտավորության անվիճելիության հիմքը վերացել է սույն սնանկության գործը հարուցելուց հետո, մասնավորապես՝ թիվ ՎԴ/3658/05/23, թիվ ՎԴ/3654/05/23 և թիվ ՎԴ/3683/05/23 վարչական գործերով Ընկերության կողմից ՀՀ վարչական դատարան հայցադիմումներ ներկայացնելու հետևանքով՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի 24.05.2024 թվականի որոշումը բեկանելու ու փոփոխելու՝ սնանկության դիմումը մերժելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է լուծել հետևյալ կերպ.
- հարկադրված սնանկության դիմում ներկայացնելու համար Կոմիտեն վճարել է 1.000.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, որը ենթակա է բռնագանձման Ընկերությունից հօգուտ Կոմիտեի,
- վերաքննիչ բողոք ներկայացնելու համար Ընկերությունը վճարել է 30.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, հետևաբար՝ Վերաքննիչ դատարանում պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված,
- վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Ընկերությունը վճարել է 40.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք, հետևաբար Վճռաբեկ դատարանում պետական տուրքի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն սնանկության գործով դատական ծախսերը ներառում են նաև ժամանակավոր կառավարչի վարձատրությունը:
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցվում են կառավարիչ նշանակելու մասին դատարանի որոշմամբ: Ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարում են սնանկության գործի վարույթը կարճվելու և սնանկության դիմումը մերժվելու դեպքերում: Ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրությունը կատարվում է սնանկ ճանաչված պարտապանի հաշվին:
Մինչև 12.02.2024 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ սնանկության գործի վարույթը կարճվելու, սնանկության դիմումը մերժվելու, ինչպես նաև ժամանակավոր կառավարչի` կառավարիչ չնշանակվելու դեպքերում ժամանակավոր կառավարչի ամսական վարձատրությունը կատարվում է դատարանի կողմից համապատասխան վճիռը (որոշումը) կայացնելու պահին նախորդող վերջին մեկ տարում համապատասխանաբար պարտապանի տնօրենի համար հաշվարկված վարձատրության կամ ֆիզիկական անձ պարտապանի տարեկան եկամտի 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով, իսկ ֆիզիկական անձ պարտապանի` վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չունենալու դեպքում` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարդևան Պետրոսյանն Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ է նշանակվել Դատարանի 30.03.2023 թվականի որոշմամբ, իսկ վերջինիս՝ որպես ժամանակավոր կառավարչի լիազորությունները դադարեցվել են Դատարանի 06.11.2023 թվականի որոշմամբ, հետևաբար Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Վարդևան Պետրոսյանի ամսական վարձատրությունը պետք է կատարվի 30.03.2023 թվականից մինչև 06.11.2023 թվականն ընկած ժամանակահատվածի համար։
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Վարդևան Պետրոսյանի ենթակա է բռնագանձման վերջինիս ամսական վարձատրությունը՝ 30.03.2023 թվականից 06.11.2023 թվականն ընկած ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա համար Դատարանի 06.11.2023 թվականի «Սնանկության կառավարիչ նշանակելու» մասին որոշումը կայացնելուն նախորդող վերջին մեկ տարում Ընկերության տնօրենի համար հաշվարկված վարձատրության 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով։
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել, հետևաբար այլ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 24.05.2024 թվականի որոշումը և փոփոխել այն՝ Պետական եկամուտների կոմիտեի դիմումը՝ «ԹՈՎՄԱՍՅԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջի մասին, մերժել։
2. «ԹՈՎՄԱՍՅԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ Պետական եկամուտների կոմիտեի բռնագանձել 1.000.000 ՀՀ դրամ։
3. «ԹՈՎՄԱՍՅԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից հօգուտ «ԹՈՎՄԱՍՅԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սնանկության գործով ժամանակավոր կառավարիչ Վարդևան Պետրոսյանի բռնագանձել 30.03.2023 թվականից 06.11.2023 թվականն ընկած ժամանակահատվածի համար վերջինիս վարձատրությունը՝ յուրաքանչյուր ամսվա համար Սնանկության դատարանի 06.11.2023 թվականի «Սնանկության կառավարիչ նշանակելու» մասին որոշումը կայացնելուն նախորդող վերջին մեկ տարում «ԹՈՎՄԱՍՅԱՆ 93» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի համար հաշվարկված վարձատրության 1/12-ի չափով, բայց ոչ պակաս, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով։
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
|
Նախագահող |
Գ. Հակոբյան |
|
Զզեկուցող |
Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ս․ ՄԵՂՐՅԱՆ |
|
Է. Սեդրակյան | |
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|