ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԼԴ1/1286/02/19 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
04.04.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/1286/02/19

2025 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԼԴ1/1286/02/19

Նախագահող դատավոր`

 Ն Գաբրիելյան

 

 Հ Ենոքյան

 Կ Համբարձումյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Գ. Հակոբյան

զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի ապրիլի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06052022 թվականի որոշման դեմ` ըստ Արմեն Դալլաքյանի հայցի ընդդեմ Աշոտ Գալստյանի, Մխիթար Մաթևոսյանի, երրորդ անձ «Սարջոն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Արմեն Դալլաքյանը պահանջել է իր և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված՝ Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Աշոտ Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել իր ու Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին նոտարական վավերացմամբ կնքված պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում թիվ 1028-ով), ինչպես նաև՝ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06052022 թվականի որոշմամբ Արմեն Դալլաքյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 29.07.2020 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է՝ Արմեն Դալլաքյանի հայցը մասնակիորեն բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել Արմեն Դալլաքյանի ու Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցը մնացած մասով մերժվել է։

Դատավոր Կ. Համբարձումյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Դալլաքյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մխիթար Մաթևոսյանը (ներկայացուցիչ Արմեն Պողոսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 4‑րդ մասերը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, 304-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի 2-րդ մասը։

 

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածին համապատասխան չի պատճառաբանել, թե ինչու Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24022016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը չի հանդիսանում կեղծ ճանաչված գործարքից բխող հետևանք։ Ընդհակառակը, Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24022016 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն ուղղակիորեն պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում Վերաքննիչ դատարանի կողմից առոչինչ ճանաչված գործարքի ու դրա հետևանք հանդիսացող Աշոտ Գալստյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման հետ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրն առնվազն մեկ հետևանք արդեն իսկ նախատեսել է, որը պետք է առկա լինի գործարքն անվավեր ճանաչելու պարագայում, այն է՝ վերադարձնել գործարքի մյուս կողմին գործարքի արդյունքում ամբողջ ստացածը։ Տվյալ դեպքում Աշոտ Գալստյանի հետ կնքված է եղել նվիրատվության պայմանագիր, որով նրա ստացածը հանդիսացել է Ընկերության 50 տոկոս բաժնեմասը։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ անվավեր գործարքը չի հանգեցնում դրան հաջորդող բոլոր գործարքների նկատմամբ անվավերության հետևանքի մեխանիկական կիրառմանը, անտեսել է այն փաստը, որ Աշոտ Գալստյանի կողմից 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ իրավունքը ձեռք է բերվել կեղծ գործարքի արդյունքում, այսինքն` այն գործարքի, որը կողմերը կնքել են՝ չցանկանալով առաջացնել որևէ իրավական հետևանք, ուստի տվյալ բաժնեմասը փաստացի օտարելու իրավունքը պատկանել է իրեն։ Վերաքննիչ դատարանն իր և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը կեղծ գործարք ճանաչելու դեպքում պետք է անվավեր ճանաչեր նաև Աշոտ Գալստյանի ու Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը և Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, քանի որ հիշյալ պայմանագիրը կնքվել է կեղծ գործարքի արդյունքում ձեռք բերված իրավունքի հիման վրա ու հանդիսանում է դրա հետևանքը, իսկ կատարված գրանցումն էլ բխում է այդ պայմանագրից և այդ գործարքի փաստի ամրագրումն է։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր և Աշոտ Գալստյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի հետևանք է դիտարկել Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ու այն ճանաչել անվավեր։ Սույն քաղաքացիական գործով նշված պահանջները քննվել են որպես ածանցյալ պահանջներ, այսինքն՝ ի սկզբանե ակնհայտ է եղել, որ հիմնական պահանջի ելքով կանխորոշված են եղել ածանցյալ պահանջների լուծումները, հետևաբար առոչնչության արդյունքում պետք է բավարարվեին բոլոր ածանցյալ պահանջները։

Վերոգրյալը հիմնավորվում է նաև նախկինում քննված թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27022018 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերով, որոնք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2‑րդ մասի ուժով այլևս ապացուցման կարիք չունեն։ Մասնավորապես՝ վերը նշված դատական ակտով հաստատված փաստերը վկայում են այն մասին, որ սույն քաղաքացիական գործով Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը հանդիսացել է Վերաքննիչ դատարանի կողմից առոչինչ որակված գործարքում ևս մեկ շղթա։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 06052022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժելու մասով բավարարել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության։

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Նվիրատվության պայմանագրի և նոտարական կարգով վավերացված պայմանագրի բովանդակության համեմատական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երկու պայմանագրերում էլ կողմերը, այդ թվում՝ հայցվորը, արտահայտել են նույն կամքը, որն ուղղված էր Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի 50 տոկոսի նկատմամբ սեփականության իրավունքի օտարմանն Աշոտ Գալստյանին։ Վերաքննիչ դատարանը վիճարկվող գործարքի կեղծ լինելու մասին իր դատողությունները կառուցել է բացառապես երկու պայմանագրերի՝ նվիրատվության պայմանագրի և նոտարական կարգով վավերացված պայմանագրի վերլուծության հիման վրա: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը բխում է նրանից, որ նվիրատվության պայմանագրի կեղծ լինելը պետք է որոշել նոտարական կարգով վավերացված պայմանագրով:

Եթե Վճռաբեկ դատարանը գտնի, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է և տվյալ դեպքում պետք է կիրառվեն նվիրատվության պայմանագրի անվավերության բոլոր հետևանքները, ապա պետք է հաշվի առնել, որ անվավերության բոլոր հետևանքների կիրառումը ենթադրում է նաև իր կատարած բոլոր վճարումների վերադարձ։

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության մասնակցի 22.10.2012 թվականի որոշմամբ Ընկերության կանոնադրության մեջ կատարված և 24102012 թվականին գրանցված փոփոխության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը պատկանել է Արմեն Դալլաքյանին (հատոր 2-րդ, գթ. 22, 23).

2) Արմեն Դալլաքյանի (Նվիրատու) և Աշոտ Գալստյանի (Նվիրառու) միջև 23.02.2015 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է բաժնեմասերի նվիրատվության պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանն Աշոտ Գալստյանի սեփականությանն է անհատույց հանձնել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 բաժնեմասերից (100 տոկոս) 25 բաժնեմասը (50 տոկոս) (հատոր 1‑ին, գթ 42).

3) Արմեն Դալլաքյանի (Կողմ-1) և Աշոտ Գալստյանի (Կողմ‑2) միջև 24.02.2015 թվականին կնքվել ու նոտարական կարգով վավերացվել է պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանն Աշոտ Գալստյանին է փոխանցել իրեն պատկանող Ընկերության՝ իր ունեցած 100 տոկոս բաժնեմասից 50 տոկոս բաժնեմասը:

Նույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ բաժնեմասը սեփականության իրավունքով պատկանում է Կողմ-1-ին՝ համաձայն Ընկերության կանոնադրությամբ և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքից 2015-02-24 բեռնված էլեկտրոնային տեղեկանքով, և համաձայն նվիրատուի հայտարարության՝ այն ազատ է երրորդ անձանց իրավունքներից (այլ անձանց վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում) (հատոր 1-ին, գթ. 43, 44).

4) Ընկերության մասնակիցների 24.02.2015 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ կանոնադրության մեջ կատարված և 27022015 թվականին գրանցված փոփոխության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանել է Արմեն Դալլաքյանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ Աշոտ Գալստյանին։ Ընկերության մասնակիցների կազմի փոփոխության պետական գրանցման հիմք է հանդիսացել Ընկերության տնօրեն Սարգիս Դալլաքյանի 25022015 թվականի թիվ 309804 դիմումը, 23.02.2015 թվականին Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրն ու Ընկերության մասնակիցների 24.02.2015 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը (հատոր 2-րդ, գթ. 24, 25, 56, 61-66).

5) Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված պայմանագրի հիմքով Ընկերության մասնակիցների փոփոխության պետական գրանցում չի իրականացվել (անվիճելի փաստ).

6) Աշոտ Գալստյանի (Վաճառող) և Մխիթար Մաթևոսյանի (Գնորդ) միջև 24.02.2016 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որով Աշոտ Գալստյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասերն ամբողջությամբ, իսկ Մխիթար Մաթևոսյանը գնել է նշված բաժնեմասերը (հատոր 1-ին, գթ. 45).

7) Ընկերության մասնակիցների 24.02.2016 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ կանոնադրության մեջ կատարված և 26022016 թվականին գրանցված նոր խմբագրությամբ կանոնադրության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանել է Արմեն Դալլաքյանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ Մխիթար Մաթևոսյանին (հատոր 2‑րդ, գթ 26-33)։ Ընկերության մասնակիցների կազմի փոփոխության պետական գրանցման հիմք է հանդիսացել Ընկերության տնօրեն Սարգիս Դալլաքյանի 24022016 թվականի թիվ 370553 դիմումը, 24.02.2016 թվականին Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու Ընկերության մասնակիցների 24.02.2016 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը (հատոր 2-րդ, գթ 34-41)

8) Արմեն Դալլաքյանի (Վաճառող) և Մխիթար Մաթևոսյանի (Գնորդ) միջև 27.04.2016 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասերն ամբողջությամբ, իսկ Մխիթար Մաթևոսյանը գնել է նշված բաժնեմասերը (հատոր 1-ին, գթ. 46).

9) թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով 27022018 թվականին կայացված վճռի համաձայն՝ Արմեն Դալլաքյանը և Մխիթար Մաթևոսյանը 27.04.2016 թվականին կնքել են նաև «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթուղթ, որի համաձայն՝ «Արմեն Դալլաքյանը Մխիթար Մաթևոսյանին տրամադրում է «Սարջոն» ՍՊ ընկերության բաժնեմասերի 100%-ը, որի դիմաց Մխիթար Մաթևոսյանը ներ է դնում «Սարջոն» ՍՊ ընկերությունում 400.000 ԱՄՆ դոլար, որն իր մեջ ներառում է 139.000 ԱՄՆ դոլար Կոնվերս բանկի ընդհանուր վարկը, 100.000 ԱՄՆ դոլարի մուծվել է մինչև փետրվարի 28‑ը լույսի, գազի և վարկի մուծումները: Եվս 55.000 ԱՄՆ դոլար տրվում է Սարգիս Դալլաքյանին, որպեսզի վճարի Յունիբանկի վարկային պարտավորությունները: 26.000 ԱՄՆ դոլար վճարվել է մարտ, փետրվար ամիսների վարկը: 21.500 ԱՄՆ դոլար տրվել է Արմեն Դալլաքյանին և 15.000 ԱՄՆ դոլարի մեքենա: Եվս 33.000 ԱՄՆ դոլար տրվել է հայտարարության կազմման պահին Արմեն Դալլաքյանին: Մխիթար Մաթևոսյանն Արմեն Դալլաքյանին մնում է պարտք 10.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվում է վճարել մինչև 2016 թվականի օգոստոսի 05-ը: Մխիթար Մաթևոսյանը պարտավորվում է նաև չօտարել հիմնարկի գույքը և ժամանակին կատարել հիմնարկի բոլոր մուծումները: Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը սկսած 28.04.2016 թվականից Մխիթար Մաթևոսյանը իր ներդրած գումարը Արմեն Դալլաքյանից ստանալու դեպքում պարտավորվում է վերադարձնել հիմնարկության 100% բաժնեմասը» (հիմք՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգ).

10) Ընկերության մասնակցի 27042016 թվականի որոշմամբ կանոնադրության մեջ կատարված և 29042016 թվականին գրանցված փոփոխության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը պատկանել է Մխիթար Մաթևոսյանին։ Ընկերության մասնակիցների կազմի փոփոխության պետական գրանցման հիմք է հանդիսացել Ընկերության տնօրեն Արամ Մաթևոսյանի 27042016 թվականի թիվ 381903 դիմումը, 27.04.2016 թվականին Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու Ընկերության մասնակցի 27.04.2016 թվականի որոշումը (հատոր 2-րդ, գթ 49, 50 45-54).

11) թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով Արմեն Դալլաքյանը, 21062016 թվականին դիմելով դատարան ընդդեմ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի, պահանջել է՝

- առոչինչ ճանաչել իր և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը, որպես դրա անվավերության հետևանք`

- անվավեր ճանաչել Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24022016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը,

- առոչինչ ճանաչել 27.04.2016 թվականին իր և Մխիթար Մաթևոսյանի միջև կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու որպես հետևանք`

- անվավեր ճանաչել վերը նշված գործարքների պետական գրանցումները։

Որպես գործարքների անվավերության իրավական հիմք վկայակոչվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ և 306-րդ հոդվածները:

Որպես հայցի փաստական հիմք նշվել է, որ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը կեղծ գործարք է, քանի որ նվիրատուի և նվիրառուի միջև չկա որևէ ազգակցական, արյունակցական կապ, միևնույն ժամանակ նվիրատվության հաջորդ օրը՝ 24022015 թվականին Արմեն Դալլաքյանի ու Աշոտ Գալստյանի միջև կնքված բաժնեմասերի օտարման պայմանագիրը, իր հերթին, վկայում է այն մասին, որ բաժնեմասերի նվիրատվությունը կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության: Ինչ վերաբերում է Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 27042016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրին, ապա վերջինս, հաշվի առնելով նույն օրը՝ 27042016 թվականին կազմված «Հայտարարություն» վերնագրված փաստաթղթի բովանդակությունը, շինծու գործարք է, քանի որ դրանով քողարկվում են կողմերի միջև իրականում առկա փոխառության ու գրավի իրավահարաբերությունները:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 27.04.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվել են առոչինչ` շինծու գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր է ճանաչվել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած և Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը` վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Ընկերության կանոնադրական կապիտալում Արմեն Դալլաքյանին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերի նկատմամբ ճանաչվել է Մխիթար Մաթևոսյանի` որպես գրավառուի իրավունքը, ինչպես նաև 27.04.2016 թվականին Ընկերության մասնակից Արմեն Դալլաքյանի միջև ծագած փոխառության պարտավորություններով` փոխատուի իրավունքը. հայցը մնացած՝ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը շինծու ճանաչելու ու առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17102018 թվականի որոշմամբ Մխիթար Մաթևոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30012019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշման դեմ Մխիթար Մաթևոսյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգ)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կեղծ (առոչինչ) գործարքի անվավերության հետևանքների կիրառման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները։

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության և ՀՀ ֆինանսների նախարարության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ` վիճահարույց (հարաբերական անվավեր) և առոչինչ (բացարձակ անվավեր) (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առոչինչ (բացարձակ անվավեր) են այն գործարքները, որոնք գործարքի սուբյեկտին, նրա կամքին և կամահայտնությանը, գործարքի ձևին կամ բովանդակությանը ներկայացվող պահանջներին համապատասխանելու առումով օրենքով հստակ կանխորոշված արատն ունենալու պատճառով օրենքի ուժով ակնկալվող իրավական հետևանքները չեն առաջացնում՝ անկախ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերից որևէ մեկով դատական կարգով անվավեր ճանաչվելուց։ Վիճահարույց (հարաբերական անվավեր) են այն գործարքները, որոնք թեև պարունակում են գործարքի վավերության պահանջներին համապատասխանելու առումով որոշակի արատ, այդուհանդերձ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետևանքներ) այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավասու անձի հայցով համապատասխան հիմքով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը թե՛ վիճահարույց, և թե՛ առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միևնույն իրավական հետևանքները, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից։ Նշված հոդվածի 2-րդ կետն ամրագրում է անվավեր գործարքի հետևանքները։ Ըստ այդմ, անվավեր գործարքի կողմերը պարտավոր են վերադարձնել գործարքով ստացվածը (երկկողմանի կամ միակողմանի ռեստիտուցիա)։ (․․․) երբ հնարավոր չէ բնեղենով վերադարձնել գործարքով ձեռք բերվածը, ապա պետք է տրվի դրա դրամական փոխհատուցումը (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:

Վերը նշված նորմի վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը կեղծ գործարքների անվավերության հատուկ հետևանքներ չի նախատեսել: Հետևաբար, ըստ էության, պետք է կիրառելի լինեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304‑րդ հոդվածով նախատեսված հետևանքները: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կեղծ գործարքի դեպքում գործարքի փաստացի կատարում, որպես կանոն, տեղի չի ունենում, նմանատիպ դեպքերում վերոգրյալ նորմի կիրառումն ունի առանձնահատկություններ, մասնավորապես` որպես անվավերության հետևանք կարող է լինել նախկին սեփականատիրոջ տիտղոսի վերականգնումը, դատական ակտով գործարքի կեղծ լինելու հանգամանքը հաստատելը, որը կարող է հանգեցնել որպես անվավերության հետևանք այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելուն, օրինակ` իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը (տե՛ս Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ «Նորովի» ՍՊԸ-իթիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վավեր գործարքն իրավաբանական փաստ է, որի հետ օրենքը կապում է քաղաքացիական իրավահարաբերության ծագումը, փոփոխումը կամ դադարումը: Ինչ վերաբերում է առոչինչ գործարքին, ապա օրենսդիրը հստակ նշել է, որ առոչինչ գործարքն անվավեր է ի սկզբանե, այսինքն՝ կատարման պահից չի առաջացնում ակնկալվող իրավական հետևանքները, որպիսի պայմաններում կարելի է փաստել գործարքի բացակայության մասին։ Նշվածի համատեքստում գործարքի՝ որպես իրավաբանական փաստի մասին որևէ խոսք լինել չի կարող, քանզի դրա գոյությունն իրավաբանորեն չի ճանաչվում, հետևաբար դրանով ակնկալվող սուբյեկտիվ իրավունքների իրականացումը և պարտականությունների կատարումը չեն երաշխավորվում պետության կողմից: Այլ կերպ ասած՝ առոչինչ գործարքն օրենսդրի կողմից չի ճանաչվում որպես իրավաբանական փաստ և դրանով պայմանավորված չի կարող հանգեցնել այն քաղաքացիաիրավական հետևանքներին, որոնք կողմերն ակնկալում էին։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ առոչինչ գործարքի կնքման փաստի հետ օրենքը կապում է բացառապես ռեստիտուցիոն բնույթի պարտավորությունների ծագում, որոնք կարող են կապված լինել ինչպես տվյալ գործարքի կնքման և կատարման փաստական հետևանքները վերացնելու՝ գործարքով կողմերից յուրաքանչյուրի ստացածը մյուս կողմին վերադարձնելու, նման գործարքի կնքմամբ պատճառված վնասն օրենքով նախատեսված դեպքերում ու չափով հատուցելու հետ, այնպես էլ այդ գործարքից անմիջականորեն բխող իրավական հետևանքները՝ դրա հիման վրա կատարված սեփականության կամ այլ իրավական տիտղոսի փոփոխությունը վերացնելու, նախկին իրավական վիճակը վերականգնելու հետ։ Այլ կերպ ասած՝ դատարանի կողմից առոչինչ գործարքի կնքման փաստը հաստատված համարելու դեպքում պետք է կիրառվի նման գործարքներից բխող ոչ միայն փաստական հետևանքները վերացնելու, այլ նաև իրավական հետևանքներն անվավեր ճանաչելու կառուցակարգը՝ ապահովելով մինչև իրավունքի խախտումը եղած դրության վերականգնումը։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում փաստել, որ գործարքի անվավերությունն ունի սուբյեկտիվ և օբյեկտիվ սահմաններ։

Գործարքի անվավերության սուբյեկտիվ սահմանները ներառում են գործարքի մասնակիցներին (այն անձանց, որոնք կնքել (կատարել) են անվավեր գործարքը, կամ հօգուտ որոնց կնքվել է այդ գործարքը), ինչպես նաև՝ այն անձանց ու մարմիններին, որոնք օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա իրենց իրավասության սահմաններում օրենքի ուժով պարտավոր են ապահովել գործարքի կողմի սեփականության կամ այլ իրավական տիտղոսի վերականգնումը։

Գործարքի անվավերության օբյեկտիվ սահմանները ներառում են փաստական և իրավական այն հետևանքները, որոնք անմիջականորեն առաջացել են անվավեր գործարքի կնքմամբ, ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ են գտնվում կնքված գործարքի հետ, անմիջականորեն բխել են դրանից ու ենթակա են վերացման՝ մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը հնարավորինս վերականգնելու համար («restitutio in integrum»):

Նշվածի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքի անվավերության ընդհանուր հետևանքը երկկողմանի ռեստիտուցիայի կիրառումն է, որի ուժով գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով: Ընդ որում, ռեստիտուցիայի շրջանակներում պետք է դիտարկել ոչ միայն գործարքով ստացածը փաստացի վերադարձնելու կողմի պարտականությունը, ինչով վերացվում են անվավեր գործարքի կնքման (կատարման) փաստական հետևանքները, այլ նաև տվյալ գործարքի հիմքով այդ գործարքից բխող իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը, սեփականության կամ այլ իրավական տիտղոսի փոփոխությունը վերացնելը՝ այդպիսով վերականգնելով մինչև տվյալ անվավեր գործարքի կնքումը եղած դրությունը։

Նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով անվավեր գործարքի փաստական հետևանքների կիրառման հարցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ անվավեր գործարքի արդյունքում ձեռք բերված գույքի վերադարձին վերաբերող առանձնահատկությունները կարող են ունենալ հետևյալ դրսևորումները`

ա. երբ վերադարձման ենթակա գույքը պահպանել է իր ֆիզիկական ամբողջականությունը,

բ. երբ վերադարձման ենթակա գույքի ֆիզիկական ամբողջականությունը պահպանված չէ։

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ եթե առաջին դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի կիրառումը որևէ բարդություն առաջ չի բերում, և յուրաքանչյուր կողմ բնեղենով վերադարձնում է գործարքով ձեռք բերվածը, ապա այն բոլոր դեպքերում, երբ վերադարձման ենթակա գույքը չի պահպանել իր ֆիզիկական ամբողջականությունը, կարող են ի հայտ գալ հետևյալ իրավիճակները.

1. վերադարձման ենթակա գույքը ֆիզիկապես դադարել է գոյություն ունենալ,

2. վերադարձման ենթակա գույքի ֆիզիկական ամբողջականությունը նվազել է,

3. վերադարձման ենթակա գույքի վրա կատարվել են բաժանելի բարելավումներ,

4. վերադարձման ենթակա գույքի վրա կատարվել են անբաժանելի բարելավումներ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ երբ հնարավոր չէ բնեղենով վերադարձնել գործարքով ձեռք բերվածը, ապա պետք է տրվի դրա դրամական փոխհատուցումը։ ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ նույն կանոնը ենթակա է կիրառման այն դեպքում, երբ գույքի ֆիզիկական ամբողջականությունը նվազում է։ Նման դեպքում գույքի այն հատվածի փոխարեն, որը բնեղենով վերադարձնելն անհնար է, պետք է տրվի դրա դրամական հատուցումը (տե՛ս Սեդրակ Բարսեղյանն ընդդեմ Գագիկ Բարսեղյանի և Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը

Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անվավեր գործարքով ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինություն և որպես հետևանք՝ դրա արժեքը դրամով հատուցելու պարտականություն, կարող է առաջանալ նաև այն դեպքերում, երբ անվավեր գործարքին հաջորդել է մեկ կամ մի քանի այլ գործարք, որոնց արդյունքում անվավեր գործարքով ստացածի նկատմամբ սեփականության տիտղոս է ձեռք բերել այլ՝ անվավեր գործարքի մասնակից չհանդիսացող անձ։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ անվավեր գործարքին հաջորդող բոլոր գործարքները և դրանցից բխող իրավունքների պետական գրանցումներն անվերապահորեն («a priori») անվավեր ճանաչվել չեն կարող։ Նշվածը հավասարապես վերաբերում է նաև դատարանի կողմից կեղծ ճանաչված գործարքներին հաջորդող գործարքներին, որոնք, որպես օտարելու իրավունք չունեցող անձի կողմից կնքված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 305-րդ հոդվածի իմաստով վիճահարույց են, այսինքն՝ վավեր են (առաջացնում են ակնկալվող իրավական հետևանքները) այնքան ժամանակ, քանի դեռ համապատասխան անձի պահանջով անվավեր չեն ճանաչվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Հետևաբար առոչինչ (կեղծ) գործարքին հաջորդող վիճահարույց գործարքն անվավեր կարող է ճանաչվել ոչ թե որպես անվավեր գործարքի հետևանք, այլ համապատասխան հիմքով վիճարկվելու և դատարանի վճռով համապատասխան հիմքով անվավեր ճանաչվելու դեպքում։ Համապատասխանաբար, գործարքը կեղծ ճանաչելն ինքնին չի կարող անվերապահորեն հանգեցնել դրան հաջորդող գործարքն անվավեր ճանաչելուն։

Ամփոփելով վերը շարադրվածը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելիս դատարանները պետք է հաշվի առնեն, որ երկկողմանի ռեստիտուցիան չի կարող կիրառվել որպես հետևանք այն դեպքերում, երբ դատարանը հաստատված է համարել, որ անվավեր (առաջին) գործարքի կատարման արդյունքում վիճելի գույքը կրկին օտարվել է նոր ձեռքբերողներին հաջորդող (երկրորդ, երրորդ) գործարքներով։ Նման իրավիճակներում, հաշվի առնելով հայցի առարկան և հիմքը, դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն կա՛մ անվավեր գործարքով ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինությամբ պայմանավորված դրա արժեքը դրամով հատուցելու հարցը, կա՛մ հաջորդող վիճահարույց գործարքների անվավերությունն ու դրանց նկատմամբ անվավերության հետևանքներ կիրառելու հնարավորությունը, կա՛մ գույքն ուրիշի ապօրինի տիրապետությունից հետ պահանջելու (վինդիկացիայի) վերաբերյալ հայցապահանջը՝ բոլոր դեպքերում նկատի ունենալով, որ կաշկանդված են դատարան ներկայացված հայցի առարկայով և հիմքերով։

Ընդ որում, եթե անվավեր ճանաչված գործարքին հաջորդող գործարքով գույքի օտարումը կատարվել է այն անձի կողմից, որն այն կնքելու իրավունք չուներ (քանի որ գույքը «ձեռք էր բերել» անվավեր գործարքով), սեփականատիրոջ կողմից գույքն ուրիշի ապօրինի տիրապետությունից հետ պահանջելու (վինդիկացիայի) կանոնները պետք է պահպանվեն, մասնավորապես՝ դատական մանրակրկիտ քննության առարկա պետք է դառնան հաջորդող գործարքով գույքը ձեռք բերողի բարեխղճության, գույքը հատուցմամբ կամ անհատույց ձեռք բերելու և վինդիկացիայի ինստիտուտի հետ կապված այլ հարցերը։

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է բաժնեմասերի նվիրատվության պայմանագիր, որով Աշոտ Գալստյանի սեփականությանն է անհատույց հանձնվել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով Արմեն Դալլաքյանին պատկանող 50 բաժնեմասերից (100 տոկոս) 25 բաժնեմասը (50 տոկոս):

Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին կնքվել ու նոտարական կարգով վավերացվել է պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանն Աշոտ Գալստյանին է փոխանցել Ընկերության՝ իր ունեցած 100 տոկոս բաժնեմասից 50 տոկոս բաժնեմասը:

Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որով Աշոտ Գալստյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասերն ամբողջությամբ, իսկ Մխիթար Մաթևոսյանը գնել է նշված բաժնեմասերը:

Այժմ դիմելով դատարան՝ Արմեն Դալլաքյանը պահանջել է իր և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված՝ Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ.

- անվավեր ճանաչել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած և Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Աշոտ Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը,

- անվավեր ճանաչել իր և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին կնքված նոտարական վավերացմամբ պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում թիվ 1028-ով),

- անվավեր ճանաչել Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը,

- անվավեր ճանաչել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած և Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանը 29.07.2020 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «Դատարանը գտնում է, որ Աշոտ Գալստյանի կողմից, որպես բաժնեմասերի սեփականատիրոջ իրավազորությունից օգտվելն այն պարագայում, երբ տվյալ գույքի տնօրինման սահմանափակում չի եղել, չի կարող ինքնին հիմնավորել կեղծ գործարքի առկայությունը: Ավելին` ինչպես արդեն նշվել է, գործարքի մի կողմի դիտավորության առկայությունը բավարար չէ գործարքը կեղծ ճանաչելու համար: Մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց գործարքի մյուս կողմի՝ Աշոտ Գալստյանի՝ իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելու դիտավորության վերաբերյալ: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Հայցվորի փաստարկն այն մասին, որ Աշոտ Գալստյանը, ձեռք բերելով Ընկերության բաժնեմասերը, նպատակ չի ունեցել այդ գույքի նկատմամբ իրականացնելու սեփականատիրոջ իրավազորությունները, հիմնավոր չէ և չի բխում գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրությունից: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջներին համապատասխան և առկա չեն հիմքեր այն կեղծ համարելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար, հետևաբար հայցն անհիմն է և ենթակա է մերժման»։

Վերաքննիչ դատարանը 06.05.2022 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարել է Արմեն Դալլաքյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 29.07.2020 թվականի վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել է հետևյալ պատճառաբանությամբ «() անվավեր գործարքը չի հանգեցնում դրան հաջորդող բոլոր գործարքների նկատմամբ անվավերության հետևանքի մեխանիկական կիրառման, քանի որ անվավեր գործարքը հանգեցնում է անվավերության միայն այնպիսի հետևանքների, որոնք կապված են տվյալ գործարքի անվավերության հետ և անմիջականորեն բխել են դրանից: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների մասով միայն ենթակա է բավարարման այն, որ պետք է անվավեր ճանաչել Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը: Հայցվորի՝ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականի նոտարական վավերացմամբ պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է մերժման, քանի որ այն չի հանդիսանում առոչինչ համարված վերը նշված պայմանագրի իրավաբանական հետևանք: Ավելին՝ դատարանի կողմից հաստատված փաստերի համաձայն՝ դրանից ծագող իրավունքները գրանցման չեն ենթարկվել: Հայցվորի՝ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է մերժման, քանի որ այն ևս չի հանդիսանում առոչինչ համարված վերը նշված պայմանագրի իրավաբանական հետևանք և հայցվորի կողմից հայցադիմումում չի նշվել տվյալ գործարքի անվավերության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված համապատասխան հատկանիշների առկայությունը: Նշվածով պայմանավորված մերժման է ենթակա նաև «Սարջոն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը»։

Նախ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 06.05.2022 թվականի որոշումը վիճարկվում է միայն վերոնշյալ ածանցյալ պահանջները չբավարարելու մասով, հետևաբար 23.02.2015 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի առոչինչ՝ կեղծ լինելու և դրա արդյունքում Աշոտ Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների իրավաչափությանը Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում։

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը։

Բողոք բերած անձը իր և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին կնքված պայմանագրի, Աշոտ Գալստյանի ու Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի անվավերությունը և դրա արդյունքում Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը, պայմանավորել է միայն այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են առոչինչ՝ կեղծ գործարքի կնքման հետևանքներ ու որպես ածանցյալ պահանջ, հիմնական պահանջի բավարարման դեպքում, պետք է պարտադիր կերպով բավարարվեն։

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին կնքված պայմանագիրն ու Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն առանձին իրավաբանական փաստեր են, որոնց հետ օրենքը կապել է քաղաքացիական իրավահարաբերության ծագումը, փոփոխումը կամ դադարումը։

Նշված պայմանագրերի անվավերության հարցը դատարանի կողմից կարող էր քննարկվել միայն իրավասու անձի կողմից օրենքով նախատեսված համապատասխան հիմքերով վիճարկվելու դեպքում, մինչդեռ Արմեն Դալլաքյանի կողմից ներկայացված հայցադիմումի հիմքում այդպիսիք առկա չեն եղել և սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում չեն ներկայացվել, իսկ պայմանագրերի անվավերությունը չէր կարող հանդիսանալ նախորդող նվիրատվության կեղծ գործարքի առոչնչության անվերապահ հետևանք։ Այսինքն՝ վերը նշված գործարքներն անվավեր ճանաչելը չի կարող աներկբայորեն ածանցվել իրենց նախորդող, բայց ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ չգտնվող գործարքի առոչնչությունից, քանի որ այդ պայմանագրերի կնքմամբ գործարքի կողմերն արտահայտել են իրենց կամքը, հետևաբար դրանց՝ օրենքով նախատեսված որոշակի արատ ունենալու իրողությունն առաջին հերթին պետք է վիճարկվի և ճանաչվի դատարանի կողմից։

Անդրադառնալով Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելուն և նույն բաժնեմասերի նկատմամբ Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը վերականգնելու պահանջին՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ այն հայցվորի կողմից ուղղակիորեն ածանցվել է Աշոտ Գալստյանի ու Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը վիճարկելու և անվավեր ճանաչելու պահանջից, գործի քննության ընթացքում հիմնավորվել է տվյալ պահանջի՝ որպես նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու անվերապահ հետևանք, հետևաբար այդ պահանջը ևս մեխանիկորեն չէր կարող բավարարվել։

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերը վկայում են, որ սույն քաղաքացիական գործով Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24022016 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը հանդիսացել է Վերաքննիչ դատարանի կողմից առոչինչ որակված գործարքում ևս մեկ շղթա, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով առոչինչ՝ շինծու գործարքի անվավերության հետևանքներ է կիրառվել միայն Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 27.04.2016 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ, որի առարկան չի համընկնում սույն գործով վիճարկվող պայմանագրերի առարկայի հետ (տե'ս փաստ 11)։ Հետևաբար թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 27.04.2016 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի բավարարման հանգամանքը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ ու կանխորոշել սույն գործով վիճարկվող պայմանագրերի անվավերությունը, քանի որ այդ պայմանագրերի առարկան վերաբերում է թեև նույն Ընկերության, սակայն այլ բաժնեմասերի։ Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ գործարքի անվավերության հարցը քննարկման առարկա կարող էր դառնալ միայն շահագրգիռ անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով վիճարկվելու պարագայում։

 

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով՝ Դատարանի 29.07.2020 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելով և փոփոխելով ու Արմեն Դալլաքյանի հայցը՝ միայն 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, բավարարելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արմեն Դալլաքյանի կողմից վճռաբեկ բողոքի համար պետական տուրքը վճարված լինելու պարագայում պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ վերջինիս վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06052022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված։

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Գ. հակոբյան 

Զեկուցող

Է. Սեդրակյան

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԼԴ1/1286/02/19 քաղաքացիական գործով 04.04.2025 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

04.04.2025 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի ապրիլի 04-ին գրավոր ընթացակարգով քննելով Արմեն Դալլաքյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06052022 թվականի որոշման դեմ՝ ըստ Արմեն Դալլաքյանի հայցի ընդդեմ Աշոտ Գալստյանի, Մխիթար Մաթևոսյանի, երրորդ անձ «Սարջոն» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն)՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը մերժել։ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06052022 թվականի որոշումը թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Էդ Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Արմեն Դալլաքյանը պահանջել է իր և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված՝ Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Աշոտ Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը, անվավեր ճանաչել իր ու Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին նոտարական վավերացմամբ կնքված պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում թիվ 1028-ով), ինչպես նաև՝ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 29.07.2020 թվականի վճռով հայցը մերժվել է։

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06052022 թվականի որոշմամբ Արմեն Դալլաքյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն՝ Դատարանի 29.07.2020 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է՝ Արմեն Դալլաքյանի հայցը մասնակիորեն բավարարվել է՝ անվավեր է ճանաչվել Արմեն Դալլաքյանի ու Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Հայցը մնացած մասով մերժվել է։

Դատավոր Կ. Համբարձումյանը հայտնել է հատուկ կարծիք:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արմեն Դալլաքյանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Մխիթար Մաթևոսյանը (ներկայացուցիչ Արմեն Պողոսյան)»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին և 4‑րդ մասերը, 63-րդ հոդվածի 1-ին մասը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 11-րդ արձանագրության 1-ին հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածը, 304-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 7-րդ և 9-րդ հոդվածները, 20-րդ հոդվածի 2-րդ մասը։

 

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածին համապատասխան չի պատճառաբանել, թե ինչու Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24022016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը չի հանդիսանում կեղծ ճանաչված գործարքից բխող հետևանք։ Ընդհակառակը, Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24022016 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրն ուղղակիորեն պատճառահետևանքային կապի մեջ է գտնվում Վերաքննիչ դատարանի կողմից առոչինչ ճանաչված գործարքի ու դրա հետևանք հանդիսացող Աշոտ Գալստյանի անվամբ կատարված իրավունքի պետական գրանցման հետ։

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ օրենսդիրն առնվազն մեկ հետևանք արդեն իսկ նախատեսել է, որը պետք է առկա լինի գործարքն անվավեր ճանաչելու պարագայում, այն է՝ վերադարձնել գործարքի մյուս կողմին գործարքի արդյունքում ամբողջ ստացածը։ Տվյալ դեպքում Աշոտ Գալստյանի հետ կնքված է եղել նվիրատվության պայմանագիր, որով նրա ստացածը հանդիսացել է Ընկերության 50 տոկոս բաժնեմասը։

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ անվավեր գործարքը չի հանգեցնում դրան հաջորդող բոլոր գործարքների նկատմամբ անվավերության հետևանքի մեխանիկական կիրառմանը, անտեսել է այն փաստը, որ Աշոտ Գալստյանի կողմից 50 տոկոս բաժնեմասի նկատմամբ իրավունքը ձեռք է բերվել կեղծ գործարքի արդյունքում, այսինքն` այն գործարքի, որը կողմերը կնքել են՝ չցանկանալով առաջացնել որևէ իրավական հետևանք, ուստի տվյալ բաժնեմասը փաստացի օտարելու իրավունքը պատկանել է իրեն։ Վերաքննիչ դատարանն իր և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը կեղծ գործարք ճանաչելու դեպքում պետք է անվավեր ճանաչեր նաև Աշոտ Գալստյանի ու Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը և Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, քանի որ հիշյալ պայմանագիրը կնքվել է կեղծ գործարքի արդյունքում ձեռք բերված իրավունքի հիման վրա ու հանդիսանում է դրա հետևանքը, իսկ կատարված գրանցումն էլ բխում է այդ պայմանագրից և այդ գործարքի փաստի ամրագրումն է։

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն իր և Աշոտ Գալստյանի միջև կնքված նվիրատվության պայմանագրի հետևանք է դիտարկել Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն ու այն ճանաչել անվավեր։ Սույն քաղաքացիական գործով նշված պահանջները քննվել են որպես ածանցյալ պահանջներ, այսինքն՝ ի սկզբանե ակնհայտ է եղել, որ հիմնական պահանջի ելքով կանխորոշված են եղել ածանցյալ պահանջների լուծումները, հետևաբար առոչնչության արդյունքում պետք է բավարարվեին բոլոր ածանցյալ պահանջները։

Վերոգրյալը հիմնավորվում է նաև նախկինում քննված թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 27022018 թվականի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված փաստերով, որոնք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 61-րդ հոդվածի 2‑րդ մասի ուժով այլևս ապացուցման կարիք չունեն։ Մասնավորապես՝ վերը նշված դատական ակտով հաստատված փաստերը վկայում են այն մասին, որ սույն քաղաքացիական գործով Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը հանդիսացել է Վերաքննիչ դատարանի կողմից առոչինչ որակված գործարքում ևս մեկ շղթա։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 06052022 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժելու մասով բավարարել, կամ գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության»:

 

2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները նշել է հետևյալը

«Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ։

Նվիրատվության պայմանագրի և նոտարական կարգով վավերացված պայմանագրի բովանդակության համեմատական ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ երկու պայմանագրերում էլ կողմերը, այդ թվում՝ հայցվորը, արտահայտել են նույն կամքը, որն ուղղված էր Ընկերության կանոնադրական կապիտալում բաժնեմասերի 50 տոկոսի նկատմամբ սեփականության իրավունքի օտարմանն Աշոտ Գալստյանին։ Վերաքննիչ դատարանը վիճարկվող գործարքի կեղծ լինելու մասին իր դատողությունները կառուցել է բացառապես երկու պայմանագրերի՝ նվիրատվության պայմանագրի և նոտարական կարգով վավերացված պայմանագրի վերլուծության հիման վրա: Ընդ որում, Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը բխում է նրանից, որ նվիրատվության պայմանագրի կեղծ լինելը պետք է որոշել նոտարական կարգով վավերացված պայմանագրով:

Եթե Վճռաբեկ դատարանը գտնի, որ վճռաբեկ բողոքը հիմնավոր է և տվյալ դեպքում պետք է կիրառվեն նվիրատվության պայմանագրի անվավերության բոլոր հետևանքները, ապա պետք է հաշվի առնել, որ անվավերության բոլոր հետևանքների կիրառումը ենթադրում է նաև իր կատարած բոլոր վճարումների վերադարձ»։

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1) Ընկերության մասնակցի 22.10.2012 թվականի որոշմամբ Ընկերության կանոնադրության մեջ կատարված և 24102012 թվականին գրանցված փոփոխության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը պատկանել է Արմեն Դալլաքյանին (հատոր 2-րդ, գթ. 22, 23).

2) Արմեն Դալլաքյանի (Նվիրատու) և Աշոտ Գալստյանի (Նվիրառու) միջև 23.02.2015 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է բաժնեմասերի նվիրատվության պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանն Աշոտ Գալստյանի սեփականությանն է անհատույց հանձնել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 բաժնեմասերից (100 տոկոս) 25 բաժնեմասը (50 տոկոս) (հատոր 1‑ին, գթ 42).

3) Արմեն Դալլաքյանի (Կողմ-1) և Աշոտ Գալստյանի (Կողմ‑2) միջև 24.02.2015 թվականին կնքվել ու նոտարական կարգով վավերացվել է պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանն Աշոտ Գալստյանին է փոխանցել իրեն պատկանող Ընկերության՝ իր ունեցած 100 տոկոս բաժնեմասից 50 տոկոս բաժնեմասը:

Նույն պայմանագրի 4-րդ կետի համաձայն՝ բաժնեմասը սեփականության իրավունքով պատկանում է Կողմ-1-ին՝ համաձայն Ընկերության կանոնադրությամբ և ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կայքից 2015-02-24 բեռնված էլեկտրոնային տեղեկանքով, և համաձայն նվիրատուի հայտարարության՝ այն ազատ է երրորդ անձանց իրավունքներից (այլ անձանց վաճառված, նվիրված կամ գրավ դրված չէ, արգելանքի տակ չի գտնվում) (հատոր 1-ին, գթ. 43, 44).

4) Ընկերության մասնակիցների 24.02.2015 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ կանոնադրության մեջ կատարված և 27022015 թվականին գրանցված փոփոխության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանել է Արմեն Դալլաքյանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ Աշոտ Գալստյանին։ Ընկերության մասնակիցների կազմի փոփոխության պետական գրանցման հիմք է հանդիսացել Ընկերության տնօրեն Սարգիս Դալլաքյանի 25022015 թվականի թիվ 309804 դիմումը, 23.02.2015 թվականին Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրն ու Ընկերության մասնակիցների 24.02.2015 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը (հատոր 2-րդ, գթ. 24, 25, 56, 61-66).

5) Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին կնքված ու նոտարական կարգով վավերացված պայմանագրի հիմքով Ընկերության մասնակիցների փոփոխության պետական գրանցում չի իրականացվել (անվիճելի փաստ).

6) Աշոտ Գալստյանի (Վաճառող) և Մխիթար Մաթևոսյանի (Գնորդ) միջև 24.02.2016 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որով Աշոտ Գալստյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասերն ամբողջությամբ, իսկ Մխիթար Մաթևոսյանը գնել է նշված բաժնեմասերը (հատոր 1-ին, գթ. 45).

7) Ընկերության մասնակիցների 24.02.2016 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշմամբ կանոնադրության մեջ կատարված և 26022016 թվականին գրանցված նոր խմբագրությամբ կանոնադրության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 50 տոկոսը պատկանել է Արմեն Դալլաքյանին, իսկ մյուս 50 տոկոսը՝ Մխիթար Մաթևոսյանին (հատոր 2‑րդ, գթ 26-33)։ Ընկերության մասնակիցների կազմի փոփոխության պետական գրանցման հիմք է հանդիսացել Ընկերության տնօրեն Սարգիս Դալլաքյանի 24022016 թվականի թիվ 370553 դիմումը, 24.02.2016 թվականին Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու Ընկերության մասնակիցների 24.02.2016 թվականի արտահերթ ընդհանուր ժողովի որոշումը (հատոր 2-րդ, գթ 34-41)

8) Արմեն Դալլաքյանի (Վաճառող) և Մխիթար Մաթևոսյանի (Գնորդ) միջև 27.04.2016 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասերն ամբողջությամբ, իսկ Մխիթար Մաթևոսյանը գնել է նշված բաժնեմասերը (հատոր 1-ին, գթ. 46).

9) թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով 27022018 թվականին կայացված վճռի համաձայն՝ Արմեն Դալլաքյանը և Մխիթար Մաթևոսյանը 27.04.2016 թվականին կնքել են նաև «Հայտարարություն» վերտառությամբ փաստաթուղթ, որի համաձայն՝ «Արմեն Դալլաքյանը Մխիթար Մաթևոսյանին տրամադրում է «Սարջոն» ՍՊ ընկերության բաժնեմասերի 100%-ը, որի դիմաց Մխիթար Մաթևոսյանը ներ է դնում «Սարջոն» ՍՊ ընկերությունում 400.000 ԱՄՆ դոլար, որն իր մեջ ներառում է 139.000 ԱՄՆ դոլար Կոնվերս բանկի ընդհանուր վարկը, 100.000 ԱՄՆ դոլարի մուծվել է մինչև փետրվարի 28‑ը լույսի, գազի և վարկի մուծումները: Եվս 55.000 ԱՄՆ դոլար տրվում է Սարգիս Դալլաքյանին, որպեսզի վճարի Յունիբանկի վարկային պարտավորությունները: 26.000 ԱՄՆ դոլար վճարվել է մարտ, փետրվար ամիսների վարկը: 21.500 ԱՄՆ դոլար տրվել է Արմեն Դալլաքյանին և 15.000 ԱՄՆ դոլարի մեքենա: Եվս 33.000 ԱՄՆ դոլար տրվել է հայտարարության կազմման պահին Արմեն Դալլաքյանին: Մխիթար Մաթևոսյանն Արմեն Դալլաքյանին մնում է պարտք 10.000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվում է վճարել մինչև 2016 թվականի օգոստոսի 05-ը: Մխիթար Մաթևոսյանը պարտավորվում է նաև չօտարել հիմնարկի գույքը և ժամանակին կատարել հիմնարկի բոլոր մուծումները: Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը սկսած 28.04.2016 թվականից Մխիթար Մաթևոսյանը իր ներդրած գումարը Արմեն Դալլաքյանից ստանալու դեպքում պարտավորվում է վերադարձնել հիմնարկության 100% բաժնեմասը» (հիմք՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգ).

10) Ընկերության մասնակցի 27042016 թվականի որոշմամբ կանոնադրության մեջ կատարված և 29042016 թվականին գրանցված փոփոխության համաձայն՝ Ընկերության բաժնեմասերի 100 տոկոսը պատկանել է Մխիթար Մաթևոսյանին։ Ընկերության մասնակիցների կազմի փոփոխության պետական գրանցման հիմք է հանդիսացել Ընկերության տնօրեն Արամ Մաթևոսյանի 27042016 թվականի թիվ 381903 դիմումը, 27.04.2016 թվականին Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու Ընկերության մասնակցի 27.04.2016 թվականի որոշումը (հատոր 2-րդ, գթ 49, 50 45-54).

11) թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով Արմեն Դալլաքյանը, 21062016 թվականին դիմելով դատարան ընդդեմ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի, պահանջել է՝

- առոչինչ ճանաչել իր և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը, որպես դրա անվավերության հետևանք`

- անվավեր ճանաչել Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24022016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը,

- առոչինչ ճանաչել 27.04.2016 թվականին իր և Մխիթար Մաթևոսյանի միջև կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն ու որպես հետևանք`

- անվավեր ճանաչել վերը նշված գործարքների պետական գրանցումները։

Որպես գործարքների անվավերության իրավական հիմք վկայակոչվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ, 304-րդ և 306-րդ հոդվածները:

Որպես հայցի փաստական հիմք նշվել է, որ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը կեղծ գործարք է, քանի որ նվիրատուի և նվիրառուի միջև չկա որևէ ազգակցական, արյունակցական կապ, միևնույն ժամանակ նվիրատվության հաջորդ օրը՝ 24022015 թվականին Արմեն Դալլաքյանի ու Աշոտ Գալստյանի միջև կնքված բաժնեմասերի օտարման պայմանագիրը, իր հերթին, վկայում է այն մասին, որ բաժնեմասերի նվիրատվությունը կնքվել է առանց իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության: Ինչ վերաբերում է Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 27042016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրին, ապա վերջինս, հաշվի առնելով նույն օրը՝ 27042016 թվականին կազմված «Հայտարարություն» վերնագրված փաստաթղթի բովանդակությունը, շինծու գործարք է, քանի որ դրանով քողարկվում են կողմերի միջև իրականում առկա փոխառության ու գրավի իրավահարաբերությունները:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 27.04.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ կիրառվել են առոչինչ` շինծու գործարքի անվավերության հետևանքներ` անվավեր է ճանաչվել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած և Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը` վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը, Ընկերության կանոնադրական կապիտալում Արմեն Դալլաքյանին սեփականության իրավունքով պատկանող բաժնեմասերի նկատմամբ ճանաչվել է Մխիթար Մաթևոսյանի` որպես գրավառուի իրավունքը, ինչպես նաև 27.04.2016 թվականին Ընկերության մասնակից Արմեն Դալլաքյանի միջև ծագած փոխառության պարտավորություններով` փոխատուի իրավունքը. հայցը մնացած՝ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը շինծու ճանաչելու ու առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու մասով, մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17102018 թվականի որոշմամբ Մխիթար Մաթևոսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։ ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 30012019 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 17.10.2018 թվականի որոշման դեմ Մխիթար Մաթևոսյանի բերած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, և Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի 27.02.2018 թվականի վճիռը մտել է օրինական ուժի մեջ (հիմք՝ datalex.am դատական տեղեկատվական համակարգ)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարել անդրադառնալ կեղծ (առոչինչ) գործարքի անվավերության հետևանքների կիրառման առանձնահատկություններին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները։

Սույն գործի փաստերի համաձայն՝ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է բաժնեմասերի նվիրատվության պայմանագիր, որով Աշոտ Գալստյանի սեփականությանն է անհատույց հանձնվել Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով Արմեն Դալլաքյանին պատկանող 50 բաժնեմասերից (100 տոկոս) 25 բաժնեմասը (50 տոկոս):

Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին կնքվել ու նոտարական կարգով վավերացվել է պայմանագիր, որով Արմեն Դալլաքյանն Աշոտ Գալստյանին է փոխանցել Ընկերության՝ իր ունեցած 100 տոկոս բաժնեմասից 50 տոկոս բաժնեմասը:

Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին հասարակ գրավոր ձևով կնքվել է բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիր, որով Աշոտ Գալստյանը վաճառել է Ընկերության կանոնադրական կապիտալում սեփականության իրավունքով իրեն պատկանող 50 տոկոս բաժնեմասերն ամբողջությամբ, իսկ Մխիթար Մաթևոսյանը գնել է նշված բաժնեմասերը:

Այժմ դիմելով դատարան՝ Արմեն Դալլաքյանը պահանջել է իր և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված՝ Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նվիրատվության պայմանագրի նկատմամբ կիրառել առոչինչ՝ կեղծ գործարքի անվավերության հետևանքներ.

- անվավեր ճանաչել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած և Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Աշոտ Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը,

- անվավեր ճանաչել իր և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին կնքված նոտարական վավերացմամբ պայմանագիրը (գրանցված սեղանամատյանում թիվ 1028-ով),

- անվավեր ճանաչել Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը,

- անվավեր ճանաչել տվյալ պայմանագրի առարկա հանդիսացած և Ընկերության կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Դատարանը 29.07.2020 թվականի վճռով հայցը մերժել է՝ պատճառաբանելով, որ «Դատարանը գտնում է, որ Աշոտ Գալստյանի կողմից, որպես բաժնեմասերի սեփականատիրոջ իրավազորությունից օգտվելն այն պարագայում, երբ տվյալ գույքի տնօրինման սահմանափակում չի եղել, չի կարող ինքնին հիմնավորել կեղծ գործարքի առկայությունը: Ավելին` ինչպես արդեն նշվել է, գործարքի մի կողմի դիտավորության առկայությունը բավարար չէ գործարքը կեղծ ճանաչելու համար: Մինչդեռ գործում առկա չէ որևէ ապացույց գործարքի մյուս կողմի՝ Աշոտ Գալստյանի՝ իրավահարաբերության ծագման տպավորություն ստեղծելու դիտավորության վերաբերյալ: Վերոգրյալի հիման վրա Դատարանը գտնում է, որ Հայցվորի փաստարկն այն մասին, որ Աշոտ Գալստյանը, ձեռք բերելով Ընկերության բաժնեմասերը, նպատակ չի ունեցել այդ գույքի նկատմամբ իրականացնելու սեփականատիրոջ իրավազորությունները, հիմնավոր չէ և չի բխում գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ ուսումնասիրությունից: Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը կնքվել է օրենսդրության պահանջներին համապատասխան և առկա չեն հիմքեր այն կեղծ համարելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու համար, հետևաբար հայցն անհիմն է և ենթակա է մերժման»։

Վերաքննիչ դատարանը 06.05.2022 թվականի որոշմամբ մասնակիորեն բավարարել է Արմեն Դալլաքյանի վերաքննիչ բողոքը՝ Դատարանի 29.07.2020 թվականի վճիռը մասնակիորեն բեկանել և փոփոխել է հետևյալ պատճառաբանությամբ «() անվավեր գործարքը չի հանգեցնում դրան հաջորդող բոլոր գործարքների նկատմամբ անվավերության հետևանքի մեխանիկական կիրառման, քանի որ անվավեր գործարքը հանգեցնում է անվավերության միայն այնպիսի հետևանքների, որոնք կապված են տվյալ գործարքի անվավերության հետ և անմիջականորեն բխել են դրանից: Վերոգրյալի հաշվառմամբ՝ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորի կողմից ներկայացված առոչինչ գործարքի անվավերության հետևանքների կիրառման պահանջների մասով միայն ենթակա է բավարարման այն, որ պետք է անվավեր ճանաչել Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը: Հայցվորի՝ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականի նոտարական վավերացմամբ պայմանագիրը անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է մերժման, քանի որ այն չի հանդիսանում առոչինչ համարված վերը նշված պայմանագրի իրավաբանական հետևանք: Ավելին՝ դատարանի կողմից հաստատված փաստերի համաձայն՝ դրանից ծագող իրավունքները գրանցման չեն ենթարկվել: Հայցվորի՝ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջը ենթակա է մերժման, քանի որ այն ևս չի հանդիսանում առոչինչ համարված վերը նշված պայմանագրի իրավաբանական հետևանք և հայցվորի կողմից հայցադիմումում չի նշվել տվյալ գործարքի անվավերության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված համապատասխան հատկանիշների առկայությունը: Նշվածով պայմանավորված մերժման է ենթակա նաև «Սարջոն» ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում 50 տոկոս բաժնեմասերի նկատմամբ Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջը»։

Նախ` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել փաստել, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանի 06.05.2022 թվականի որոշումը վիճարկվում է միայն վերոնշյալ ածանցյալ պահանջները չբավարարելու մասով, հետևաբար 23.02.2015 թվականին կնքված նվիրատվության պայմանագրի առոչինչ՝ կեղծ լինելու և դրա արդյունքում Աշոտ Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների իրավաչափությանը Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում։

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրել է հետևյալը։

Բողոք բերած անձը իր և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին կնքված պայմանագրի, Աշոտ Գալստյանի ու Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի անվավերությունը և դրա արդյունքում Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը՝ վերականգնելով նույն բաժնեմասերի նկատմամբ իր սեփականության իրավունքի պետական գրանցումը, պայմանավորել է միայն այն հանգամանքով, որ դրանք հանդիսանում են առոչինչ՝ կեղծ գործարքի կնքման հետևանքներ ու որպես ածանցյալ պահանջ, հիմնական պահանջի բավարարման դեպքում, պետք է պարտադիր կերպով բավարարվեն։

Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստել է, որ Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 24.02.2015 թվականին կնքված պայմանագիրն ու Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն առանձին իրավաբանական փաստեր են, որոնց հետ օրենքը կապել է քաղաքացիական իրավահարաբերության ծագումը, փոփոխումը կամ դադարումը։

Նշված պայմանագրերի անվավերության հարցը դատարանի կողմից կարող էր քննարկվել միայն իրավասու անձի կողմից օրենքով նախատեսված համապատասխան հիմքերով վիճարկվելու դեպքում, մինչդեռ Արմեն Դալլաքյանի կողմից ներկայացված հայցադիմումի հիմքում այդպիսիք առկա չեն եղել և սույն քաղաքացիական գործի քննության ընթացքում չեն ներկայացվել, իսկ պայմանագրերի անվավերությունը չէր կարող հանդիսանալ նախորդող նվիրատվության կեղծ գործարքի առոչնչության անվերապահ հետևանք։ Այսինքն՝ վերը նշված գործարքներն անվավեր ճանաչելը չի կարող աներկբայորեն ածանցվել իրենց նախորդող, բայց ուղղակի պատճառահետևանքային կապի մեջ չգտնվող գործարքի առոչնչությունից, քանի որ այդ պայմանագրերի կնքմամբ գործարքի կողմերն արտահայտել են իրենց կամքը, հետևաբար դրանց՝ օրենքով նախատեսված որոշակի արատ ունենալու իրողությունն առաջին հերթին պետք է վիճարկվի և ճանաչվի դատարանի կողմից։

Անդրադառնալով Մխիթար Մաթևոսյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելուն և նույն բաժնեմասերի նկատմամբ Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքի պետական գրանցումը վերականգնելու պահանջին՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ այն հայցվորի կողմից ուղղակիորեն ածանցվել է Աշոտ Գալստյանի ու Մխիթար Մաթևոսյանի միջև 24.02.2016 թվականին կնքված բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը վիճարկելու և անվավեր ճանաչելու պահանջից, գործի քննության ընթացքում հիմնավորվել է տվյալ պահանջի՝ որպես նշված պայմանագիրն անվավեր ճանաչելու անվերապահ հետևանք, հետևաբար այդ պահանջը ևս մեխանիկորեն չէր կարող բավարարվել։

Ինչ վերաբերում է բողոք բերած անձի այն փաստարկին, որ թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հաստատված փաստերը վկայում են, որ սույն քաղաքացիական գործով Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 24022016 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասի առուվաճառքի պայմանագիրը հանդիսացել է Վերաքննիչ դատարանի կողմից առոչինչ որակված գործարքում ևս մեկ շղթա, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով առոչինչ՝ շինծու գործարքի անվավերության հետևանքներ է կիրառվել միայն Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 27.04.2016 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ, որի առարկան չի համընկնում սույն գործով վիճարկվող պայմանագրերի առարկայի հետ (տե'ս փաստ 11)։ Հետևաբար թիվ ԼԴ1/1415/02/16 քաղաքացիական գործով Արմեն Դալլաքյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև 27.04.2016 թվականին կնքված Ընկերության 50 տոկոս բաժնեմասերի առուվաճառքի պայմանագրի նկատմամբ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի բավարարման հանգամանքը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ ու կանխորոշել սույն գործով վիճարկվող պայմանագրերի անվավերությունը, քանի որ այդ պայմանագրերի առարկան վերաբերում է թեև նույն Ընկերության, սակայն այլ բաժնեմասերի։ Ընդ որում՝ Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ գործարքի անվավերության հարցը քննարկման առարկա կարող էր դառնալ միայն շահագրգիռ անձի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմքերով վիճարկվելու պարագայում։

 

Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Վճռաբեկ դատարանը գտել է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, վերաքննիչ բողոքը մասնակիորեն բավարարելով՝ Դատարանի 29.07.2020 թվականի վճիռը մասնակիորեն բեկանելով և փոփոխելով ու Արմեն Դալլաքյանի հայցը՝ միայն 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրը և դրա հիման վրա Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասով, բավարարելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար, սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված` Վճռաբեկ դատարանը գտել է, որ այն պետք է թողնել անփոփոխ՝ սույն որոշման պատճառաբանություններով։

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:

Այսպես՝

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ: Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են` (...) 1) օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից, ինչպես նաև այն պայմանագրերից ու գործարքներից, որոնք թեև օրենքով նախատեսված չեն, սակայն դրան չեն հակասում (…):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածի համաձայն` գործարքները քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքները կարող են լինել երկկողմ կամ բազմակողմ (պայմանագիր), ինչպես նաև` միակողմ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիր կնքելու համար անհրաժեշտ է երկու կողմի (երկկողմ գործարք) կամ երեք ու ավելի կողմերի (բազմակողմ գործարք) համաձայնեցված կամքի արտահայտությունը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարքն անվավեր է նույն օրենսգրքով սահմանված հիմքերով դատարանի կողմից այն այդպիսին ճանաչելու ուժով (վիճահարույց գործարք) կամ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` գործարքի անվավերության դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում (ներառյալ, երբ ստացածն արտահայտվում է գույքից օգտվելու, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության մեջ)` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ նախատեսված չեն օրենքով:

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներով արձանագրել է, որ ցանկացած քաղաքացիաիրավական գործարք կարող է դրա մասնակիցների համար առաջացնել ցանկալի իրավական հետևանքներ, եթե այն վավեր է, այսինքն՝ համապատասխանում է օրենքից բխող որոշակի պահանջների ու պայմանների: Այն դեպքում, երբ գործարքը չի համապատասխանում այդ պահանջներին, ապա այն համարվում է անվավեր կա՛մ օրենքով սահմանված հիմքերով դատարանի կողմից անվավեր ճանաչվելու դեպքում (վիճահարույց գործարք), կա՛մ անկախ նման ճանաչումից (առոչինչ գործարք):

Գործարքն անվավեր ճանաչելը և դրա անվավերության հետևանքները կիրառելը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից մեկն է, քանի որ այդպիսի գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում տեղի է ունենում երկկողմանի ռեստիտուցիա, այսինքն՝ անվավեր ճանաչված գործարքի կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է մյուս կողմին վերադարձնել գործարքով իր ամբողջ ստացածը, իսկ ստացածը բնեղենով վերադարձնելու անհնարինության դեպքում` հատուցել դրա արժեքը դրամով, եթե գործարքի անվավերության այլ հետևանքներ օրենքով նախատեսված չեն (տե՛ս Վահագն Կապլանյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ԼԴ/0435/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.12.2015 թվականի որոշումը)։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` կեղծ գործարքը, այսինքն` առերևույթ, առանց համապատասխան իրավական հետևանքներ առաջացնելու մտադրության կնքված գործարքը, առոչինչ է:

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով «կամք» և «կամահայտնություն» հասկացությունների բովանդակությանը, արձանագրել է, որ յուրաքանչյուր գործարք (պայմանագիր) նախևառաջ կամային ակտ է, որն ուղղված է որոշակի իրավական հետևանքներ առաջացնելուն՝ նույն որոշմամբ բացահայտելով նաև «կամք» և «կամահայտնություն» հասկացությունների բովանդակությունը։ «Կամքը» անձի ներքին ցանկությունն է, պահանջը, ձգտումը, մտադրությունը, դիտավորությունը, համաձայնությունը: «Կամահայտնությունը» կամքի արտահայտման արտաքին ձևն է, միջոցը, եղանակը: Այլ կերպ ասած՝ գործարքն այն կնքած անձանց ներքին կամքի և արտաքին կամահայտնության համակցությունն է: Ընդ որում, օրենքով նախատեսված դեպքերում կնքված գործարքում կամքի և կամահայտնության անհամապատասխանությունը կարող է հանգեցնել այդ գործարքի անվավերությանը: Այդպիսի անհամապատասխանությունը կարող է պայմանավորված լինել ինչպես գործարքը կնքած անձանց անձնական հատկանիշներով, այնպես էլ արտաքին ներգործության ազդեցությամբ: (տե՛ս Նելլի Հակոբյանը և մյուսներն ընդդեմ «Համխաչ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/1013/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածը նախատեսում է գործարքների անվավերության երկու տեսակ` վիճահարույց (հարաբերական անվավեր) և առոչինչ (բացարձակ անվավեր)։ Օրենսդիրը թե՛ վիճահարույց, և թե՛ առոչինչ գործարքների համար նախատեսել է անվավերության միևնույն իրավական հետևանքները, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անվավեր գործարքը չի հանգեցնում իրավաբանական հետևանքների, բացառությամբ այն հետևանքների, որոնք կապված են գործարքի անվավերության հետ: Նման գործարքն անվավեր է կնքելու պահից։ Նշված հոդվածի 2-րդ կետն ամրագրում է անվավեր գործարքի հետևանքները։ Ըստ այդմ, անվավեր գործարքի կողմերը պարտավոր են վերադարձնել գործարքով ստացվածը (երկկողմանի կամ միակողմանի ռեստիտուցիա)։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անվավեր գործարքի արդյունքում ձեռք բերված գույքի վերադարձին վերաբերող առանձնահատկությունները կարող են ունենալ հետևյալ դրսևորումները`

ա. երբ վերադարձման ենթակա գույքը պահպանել է իր ֆիզիկական ամբողջականությունը,

բ. երբ վերադարձման ենթակա գույքի ֆիզիկական ամբողջականությունը պահպանված չէ։

Վճռաբեկ դատարանը փաստել է, որ եթե առաջին դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի կիրառումը որևէ բարդություն առաջ չի բերում, և յուրաքանչյուր կողմ բնեղենով վերադարձնում է գործարքով ձեռք բերվածը, ապա այն բոլոր դեպքերում, երբ վերադարձման ենթակա գույքը չի պահպանել իր ֆիզիկական ամբողջականությունը, կարող են ի հայտ գալ հետևյալ իրավիճակները.

1. վերադարձման ենթակա գույքը ֆիզիկապես դադարել է գոյություն ունենալ,

2. վերադարձման ենթակա գույքի ֆիզիկական ամբողջականությունը նվազել է,

3. վերադարձման ենթակա գույքի վրա կատարվել են բաժանելի բարելավումներ,

4. վերադարձման ենթակա գույքի վրա կատարվել են անբաժանելի բարելավումներ։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է, որ երբ հնարավոր չէ բնեղենով վերադարձնել գործարքով ձեռք բերվածը, ապա պետք է տրվի դրա դրամական փոխհատուցումը։ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նույն կանոնը ենթակա է կիրառման այն դեպքում, երբ գույքի ֆիզիկական ամբողջականությունը նվազում է։ Նման դեպքում գույքի այն հատվածի փոխարեն, որը բնեղենով վերադարձնելն անհնար է, պետք է տրվի դրա դրամական հատուցումը (տե՛ս Սեդրակ Բարսեղյանի ընդդեմ Գագիկ Բարսեղյանի, Կարինե Բաղդասարյանի թիվ ԱՐԱԴ2/0077/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը

Վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով կեղծ գործարքի անվավերության հետևանքներին, արձանագրել է, որ օրենսդիրն անվավեր գործարքները դասակարգել է երկու խմբի` վիճահարույց գործարքներ, որոնք անվավեր են դատարանի կողմից այդպիսին ճանաչելու ուժով, և առոչինչ գործարքներ, որոնք անվավեր են օրենքի ուժով` անկախ նման ճանաչումից: Միաժամանակ օրենսդիրը, որպես առոչինչ գործարքների տեսակ, նախատեսել է նաև կեղծ գործարքը: Կեղծ գործարքներն առոչինչ համարելը պայմանավորված է նրանով, որ դրանցում իրականությունը խեղաթյուրվում է դիտավորյալ կերպով` բացասական ազդելով քաղաքացիական շրջանառության բարեխիղճ մասնակիցների շահերի վրա: Կեղծ գործարք կնքվում է այն դեպքում, երբ անհրաժեշտ է ստեղծել իրավահարաբերության առկայության պատրանք` քողարկելու համար գործարքի կնքման իրական շարժառիթները: Այլ կերպ ասած` կեղծ գործարքը ծառայում է որպես միջոց` գործարքին մասնակից չհանդիսացող երրորդ անձի համար իրականությունը դիտավորյալ խեղաթյուրելու համար (օրինակ` պարտավորության կատարումից խուսափելու համար գույքն առերևույթ օտարելը` պարտատիրոջ մոտ գույքի անբավարարության տպավորություն ստեղծելու համար) (տե՛ս Ալբերտ Պետրոսսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանն ընդդեմ «Նորովի» ՍՊԸ-ի թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.07.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը գտել է, որ կեղծ գործարքը համարվում է կամքի արատով գործարք, քանի որ այն չի պարունակում գործարքի կողմերի նպատակադրված կամային ակտը` ներքին կամքը, ուղղված իրավունքների և պարտականությունների ծագմանը, փոփոխմանը կամ դադարմանը: Կեղծ գործարքի դեպքում կողմերը չունեն իրական նպատակ` կնքելու գործարք` իրավունքներ և պարտականություններ առաջացնելով, փոփոխելով կամ դադարեցնելով, նրանց իրական նպատակը իրավահարաբերության պատրանք ստեղծելն է` իրական կամքը թաքցնելու նպատակով:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարել ընդգծել, որ չնայած կեղծ գործարքի կողմերը ձևակերպվող գործարքի որևէ իրավական հետևանք փաստացի առաջացնելու մտադրություն չունեն, այդուհանդերձ, որպեսզի երրորդ անձինք հնարավորություն ունենան վստահելու կեղծ գործարքին, գործարքի կողմերը, որպես կանոն, ստեղծում են փաստացի հարաբերության առկայության պատրանք` այդ թվում ձևականորեն առաջացնելով այն հետևանքները, որոնք պետք է առաջանային, եթե կնքվեր իրական գործարք (այդ թվում նաև` գործարքից բխող իրավունքները պետական գրանցման ենթարկելով): Վերը շարադրվածը վերաբերում է ինչպես գործարքի ձևին, այնպես էլ` բովանդակությանը, կողմերին և դրսևորած կամահայտնությանը: Այլ կերպ ասած` ստեղծվում է տպավորություն, որ գործարքի բոլոր տարրերը պահպանված են:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը կեղծ գործարքների անվավերության հատուկ հետևանքներ չի նախատեսել: Հետևաբար, ըստ էության, պետք է կիրառելի լինեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածով նախատեսված հետևանքները: Այդուհանդերձ, հաշվի առնելով, որ կեղծ գործարքի դեպքում գործարքի փաստացի կատարում, որպես կանոն, տեղի չի ունենում, նմանատիպ դեպքերում վերոգրյալ նորմի կիրառումն ունի առանձնահատկություններ, մասնավորապես` որպես անվավերության հետևանք կարող է լինել նախկին սեփականատիրոջ տիտղոսի վերականգնումը, դատական ակտով գործարքի կեղծ լինելու հանգամանքը հաստատելը, որը կարող է հանգեցնել որպես անվավերության հետևանք այլ ածանցյալ պահանջներ ներկայացնելուն (օրինակ` իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելը) (տե՛ս Ալբերտ Պետրոսյանի սնանկության գործով կառավարիչ Արսեն Չիտչյանի ընդդեմ «Նորովի» ՍՊԸ-ի, երրորդ անձինք «Կենտրոն» նոտարական տարածքի նոտար Մարինե Մանուկյանի և մյուսների թիվ ԿԴ1/0935/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.06.2016 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտված դիրքորոշումները՝ գտնում եմ, որ վավեր գործարքը իրենից ներկայացնում է իրավաբանական փաստ, որի հետ օրենսդրությունը կապում է քաղաքացիաիրավական իրավահարաբերության ծագումը: Իսկ ինչ վերաբերում է առոչինչ գործարքին, ապա օրենսդիրը հստակ նշել է, որ առոչինչ գործարքն անվավեր է ի սկզբանե, այսինքն կարելի է փաստել գործարքի բացակայության մասին։ Նշվածի համատեքստում գործարքի՝ որպես՝ իրավաբանական փաստի մասին որևէ խոսք չի կարող լինել, քանզի դրա գոյությունը իրավաբանորեն չի ճանաչվում, հետևաբար դրա իրականացումը և պահպանումը չեն երաշխավորվում պետության կողմից: Այլ խոսքով, առոչինչ գործարքն օրենսդրի կողմից չի ճանաչվում որպես իրավաբանական փաստ և դրանով պայմանավորած չի կարող հանգեցնել այն քաղաքացիաիրավական հետևանքներին, որոնք կողմերն ակնկալում էին:

Միևնույն ժամանակ գտնում եմ, որ օրենսդիրը կեղծ գործարքների անվավերության հատուկ հետևանքներ չի նախատեսել, ուստի նման պայմաններում պետք է կիրառելի լինեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածով նախատեսված հետևանքները: Հետևաբար, դատարանի կողմից այդպիսի գործարքներն առոչինչ ճանաչելիս պետք է կիրառվի նաև նման գործարքներից բխող հետևանքներն անվավեր ճանաչելու մեխանիզմը։

Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով` հանրության շահերի կամ այլոց հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Սահմանադրության 60-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Ոչ ոք չի կարող զրկվել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով սահմանված դեպքերի:

Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունում, որի 1-ին հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ունի իր գույքից անարգել օգտվելու իրավունք: Ոչ ոքի չի կարելի զրկել իր գույքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կատարվում է ի շահ հանրության և այն պայմաններով, որոնք նախատեսված են օրենքով ու միջազգային իրավունքի ընդհանուր սկզբունքներով:

ՀՀ սահմանադրական դատարանը իր որոշումներով բազմիցս անդրադարձել է սեփականության երաշխավորման և դրա ապահովման հետ կապված իրավահարաբերություններին։ Մասնավորապես ՍԴՈ-1432 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանը արձանագրել է հետևյալը՝

(…) Այսպիսով, ինչպես միջազգային իրավական, այնպես էլ սահմանադրական մակարդակներով հաստատագրված է հանրային իշխանության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել սեփականության իրավունքի անձեռնմխելիության երաշխիքներ, մասնավորապես.

առաջին՝ առանց որևէ խտրականության ճանաչել և պաշտպանել սեփականության իրավունքն անկախ դրա դրսևորման ձևերի, 

երկրորդ՝ երաշխավորել սեփականության իրավունքի պաշտպանությունը` նախադրյալներ ստեղծելով սեփականատիրոջ կողմից օրինական հիմքով իրեն պատկանող գույքի ազատ տիրապետման, օգտագործման և տնօրինման, ինչպես նաև սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման և հավասար իրավական պաշտպանության համար,

երրորդ՝ Սահմանադրությամբ կանխորոշված նպատակով սահմանել սեփականության իրավունքի իրացման ազատության օրենքով թույլատրելի շրջանակը,

չորրորդ՝ երաշխավորել օրենքով սահմանված դեպքերում՝ դատական կարգով անձին սեփականությունից զրկելու, ինչպես նաև հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականությունը հարկադիր օտարելու և նախնական ու համարժեք փոխհատուցում ապահովելու վերաբերյալ սահմանադրաիրավական պահանջների կատարումը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սեփականության իրավունքը սուբյեկտի` օրենքով և այլ իրավական ակտերով ճանաչված ու պահպանվող իրավունքն է` իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրեն պատկանող գույքը:

Տիրապետման իրավունքը գույքը փաստացի տիրապետելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Օգտագործման իրավունքը գույքից դրա օգտակար բնական հատկությունները քաղելու, ինչպես նաև դրանից օգուտ ստանալու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է: Օգուտը կարող է լինել եկամտի, պտուղների, աճի, ծնաճի և այլ ձևերով:

Տնօրինման իրավունքը գույքի ճակատագիրը որոշելու իրավաբանորեն ապահովված հնարավորությունն է:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ սեփականատերն իրավունք ունի իրեն պատկանող գույքի նկատմամբ, իր հայեցողությամբ, կատարել օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն, այդ թվում` իր գույքը որպես սեփականություն օտարել այլ անձանց, նրանց փոխանցել այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները, գույքը գրավ դնել կամ տնօրինել այլ եղանակով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 470-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ առուվաճառքի պայմանագրով կողմերից մեկը (վաճառողը) պարտավորվում է մյուս կողմին (գնորդին) որպես սեփականություն հանձնել (գույք) ապրանք, իսկ գնորդը պարտավորվում է ընդունել այդ ապրանքը և դրա համար վճարել որոշակի գումար (գինը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ առուվաճառքի պայմանագիրն այն իրավական միջոցն է, որն ապահովում է ապրանքադրամական փոխանակության իրականացումը: Նշված պայմանագիրը կնքվում է գույքը սեփականության իրավունքով փոխանցելու նպատակով, ընդ որում` գույքը փոխանցվում է դրամական հատուցմամբ: Առուվաճառքի պայմանագրի առանձնահատկությունն այն է, որ վաճառողը, վաճառելով իրեն սեփականության իրավունքով պատկանող որևէ ապրանք, իսկ գնորդը, դրամական հատուցմամբ գնելով այն, երկուստեք դադարեցնում են իրենց սեփականության իրավունքը համապատասխանաբար ապրանքի և դրամական միջոցների նկատմամբ (տե´ս Ստանիսլավ Հովակիմյանն ընդդեմ Արտաշես Դավթյանի և մյուսների թիվ ԵԿԴ/1791/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա՝ գտնում եմ, որ սեփականատիրոջ կողմից իր գույքի տնօրինման իրավունք ունենալը ենթադրում է, որ բացառապես վերջինս է իրավասու որոշել իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքի ճակատագիրը՝ իր հայեցողությամբ կատարելով օրենքին չհակասող և այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը չխախտող ցանկացած գործողություն այդ գույքի նկատմամբ: Հետևաբար՝ առուվաճառքի իրավահարաբերությունում, որպես վաճառող, բացառապես կարող է հանդես գալ վաճառվող գույքի սեփականատերը, քանի որ միայն գույքի սեփականատերն է իրավասու այդ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը առուվաճառքի պայմանագրի հիման վրա փոխանցել այլ անձի։

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ստորադաս դատարաններրի եզրահանգումների հիմնավորվածությանը արձանագրում եմ հետևյալը

Ինչպես նշվեց, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է գործարքով ամբողջ ստացածը վերադարձնելու պահանջ։ Տվյալ նորմի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ օրենսդիրն առնվազն մեկ հետևանք արդեն իսկ նախատեսել է, որը պետք է առկա լինի գործարքը անվավեր ճանաչելու պարագայում, այն է՝ վերադարձնել գործարքի մյուս կողմից գործարքի արդյունքում ամբողջ ստացածը։ Տվյալ դեպքում, Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև կնքված է եղել նվիրատվության պայմանագիր, որով Աշոտ Գալստյանը ստացել է Ընկերության հիսուն տոկոս բաժնեմասերը, հետևաբար, որպես անվավերության հետևանք այս դեպքում պետք է հանդիսանար Արմեն Դալլաքյանի սեփականության իրավունքի վերականգնումը և նույն բաժնեմասերի նկատմամբ վերջինիս սեփականության իրավունքի պետական գրանցումը։ Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող դատական ակտը մասնակիորեն բեկանվելու հետևանքով Արմեն Դալլաքյանը փաստացի զրկվել է իր սեփականության իրավունքի վերականգնման հնարավորությունից, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից վճիռը մասնակիորեն բեկանվելու և հայցը մասնակիորեն բավարարվելու արդյունքում հայցվորի համար չի ծագել իր սեփականության իրավունքի լիարժեք վերականգման հետևանքը:

Տվյալ դեպքում փաստում եմ, որ առոչինչ գործարքը չի կարող առաջացնել իրավական հետևանքներ, քանզի չի հանդիսանում իրավաբանական փաստ։ Վերաքննիչ դատարանի կողմից Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև 23.02.2015 թվականին կնքված բաժնեմասերի նվիրատվության պայմանագիրն և դրա հիման վրա Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը անվավեր ճանաչելու պարագայում պետք է անվավեր ճանաչվեր նաև Աշոտ Գալստյանի կողմից Ընկերության հիսուն տոկոս բաժնեմասերն առուվաճառքի պայմանագրով Մխիթար Մաթևոսյանին օտարելու գործարքը՝ առուվաճառքի պայմանագիրը, որի դեպքում միայն հնարավոր կլիներ ապահովել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պահանջը։

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև այն հանգամանքը, որ նման պայմանագիր կարող էր և իրավունք ուներ կնքելու բացառապես առուվաճառքի առարկա հանդիսացող գույքի սեփականատերը, մինչդեռ, Աշոտ Գալստյանը տվյալ դեպքում չի հանդիսացել առուվաճառքի պայմանագրի առարկա հանդիսացող՝ Ընկերության հիսուն տոկոս բաժնեմասի սեփականատեր, ինչն արձանագրել է նաև Վերաքննիչ դատարանը՝ Աշոտ Գալստյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի գրանցումը անվավեր ճանաչելով։ Վերոգրյալից հետևում է, որ Վերաքննիչ դատարանն Արմեն Դալլաքյանի և Աշոտ Գալստյանի միջև կնքված նվիրատվության պայմանագիրը դիտելով որպես կեղծ գործարք, ընդունել է, որ Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև առուվաճառքի պայմանագիր կնքելու պահին Աշոտ Գալստյանը չի հանդիսացել Ընկերության հիսուն տոկոս բաժնեմասի սեփականատեր, հետևաբար բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագիրը ևս անմիջականորեն կապված է նվիրատվության պայմանագրի հետ, ուստի այս դեպքում որպես նվիրատվության առոչինչ գործարքի անվավերության հետևանք պետք է անվավեր ճանաչվի նաև Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև կնքված հիսուն տոկոս բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրը, ինչի արդյունքում միայն հնարավոր կլինի ապահովել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված անվավեր գործարքի հետևանքը։

Նշվածով էլ պայմանավորված՝ պետք է անվավեր ճանաչվեր նաև Մխիթար Մաթևոսյանի անվամբ Ընկերության հիսուն տոկոս բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումը, քանի որ այդ իրավունքների գրանցման համար հիմք հանդիսացած պայմանագիրն անվավեր է, և դրանով որպես վաճառող հանդես եկած անձն այդ գույքի սեփականատերը չի հանդիսացել և չէր կարող վաճառել և/կամ ցանկացած այլ կերպ օտարել այդ գույքը։

Ելնելով նշված հանգամանքից՝ հարկ եմ համարում արձանագրել նաև, որ գործարքն առոչինչ լինելու պարագայում դրա նկատմամբ ենթակա են կիրառման անվավերության հետևանքներ, այսինքն` Աշոտ Գալստյանի և Մխիթար Մաթևոսյանի միջև կնքված հիսուն հատ բաժնեմասերի առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելով կողմերը պետք է վերադարձնեն դրա արդյունքում իրենց ստացածն ամբողջությամբ։ Սույն պարագայում կողմերը պարտավոր են վերադարձնել 24022016 թվականի բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով ստացածը։ Տվյալ դեպքում 24022016 թվականի բաժնեմասի առուվաճառքի պայմանագրով Աշոտ Գալստյանը օտարել է 50 հատ բաժնեմաս, վաճառքի գինը յուրաքանչյուր բաժնեմասի դիմաց կազմել է 1000 ՀՀ դրամ։ Հետևաբար կիրառելով երկկողմանի ռեստիտուցիա Աշոտ Գալստյանը պարտավոր է Մխիթար Մաթևոսյանին վերադարձնել 50 հատ բաժնեմասի արժեքը՝ 50000 ՀՀ դրամ։

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում եմ բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ գտնում եմ, որ սույն գործով անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված՝ ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը։

 

Վերոգրյալով պայմանավորված հայտնում եմ իմ հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ։

 

Դատավոր`

Էդ. Սեդրակյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական: