ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/10738/02/21 2025 թ. | ||
| Քաղաքացիական գործ թիվ ԿԴ/10738/02/21 | |||
| |||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝
|
նախագահող |
Գ. Հակոբյան | |
| զեկուցող |
Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա․ ՄԿՐՏՉՅԱՆ | |
|
Է. Սեդրակյան | ||
|
Վ. ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «Իլենիա» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2023 թվականի որոշման դեմ Կազմակերպության վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 188.238 ՀՀ դրամ՝ որպես մատակարարված ապրանքի համար չվճարված գումար, նշված գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ սկսած հայցադիմումը դատարան մուտք լինելու օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, բռնագանձել 1.475.420 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնաս, ինչպես նաև 38․074 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 14.02.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.02.2023 թվականի որոշմամբ Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.02.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Ալվինա Սարգսյան)։
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 63-րդ հոդվածը, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6‑րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55‑րդ ու 59-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13‑րդ, 66-րդ, 93‑րդ և 121‑րդ հոդվածները։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանը գործի քննությունն իրականացրել է առանց իր պատշաճ ծանուցումն ապահովելու, ինչի արդյունքում ինքը զրկվել է մրցակցության և հավասարության պայմաններում իր իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության հնարավորությունից, անկախ ու անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունքից։
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Ընկերության կողմից հայցադիմումում որպես պատասխանողի գտնվելու վայր նշված հասցեն հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ որևէ առնչություն չի ունեցել իր գտնվելու վայրի հետ։ Այդ հասցեն նշված է եղել 2018 թվականի հարկային հաշվում, սակայն գործի նյութերում առկա է նաև ավելի ուշ՝ 2019 թվականով թվագրված հարկային հաշիվ, որտեղ նշված է ամբողջովին այլ հասցե։ Ավելին՝ վերաքննիչ բողոքին կից ներկայացված 2020 թվականին դուրս գրված հարկային հաշվում նշված է Կազմակերպության վերջին գտնվելու վայրի հասցեն: Նշվածից ակնհայտ է, որ հայցը ներկայացնելու օրվա դրությամբ հայցվորը հստակ իմացել է, որ հայցադիմումում նշված հասցեն վաղուց կապ չունի պատասխանողի հետ, սակայն ստորադաս դատարաններն անտեսել են այդ հանգամանքը և հիմք են ընդունել ամենավաղ թվագրությամբ հարկային հաշվի տվյալները՝ այն համարելով ծանուցման պատշաճ հասցե։
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցադիմումում պետք է նշվի պատասխանող իրավաբանական անձի գտնվելու վայրի հասցեն, ինչը հասանելի տեղեկատվություն է իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պաշտոնական կայքում: Այդ հասցեով էլ պետք է իրականացվեր պատասխանող իրավաբանական անձի ծանուցումը։
Ստորադաս դատարանները, ունենալով բոլոր հնարավորությունները՝ պարզելու իր պատշաճ ծանուցման հասցեն, այն պարզելու ուղղությամբ որևէ միջոց չեն ձեռնարկել։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 06.02.2023 որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1) Ընկերությունը 21.08.2021 թվականին փոստային ծառայությանը հանձնելու միջոցով հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Կազմակերպության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, որում որպես Կազմակերպության իրավաբանական հասցե նշել է «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20» (հատոր 1-ին, գ․թ․ 2-49)․
2) Դատարանը 14.09.2021 թվականին կայացրել է «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշում և այն ուղարկել է Կազմակերպությանը «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20» հասցեով։ Փոստային առաքանու ստացման(հանձնման) գրանցման հետադարձ ծանուցագրի «Ամսաթիվ և ստորագրություն» դաշտում առկա է ստորագրություն ու «22․10» նշում (հատոր 1-ին, գ.թ. 51-52, 54)․
3) Ընկերությունը 05.10.2021 թվականին փոստային ծառայությանը հանձնելու միջոցով կրկին հայցադիմում է ներկայացրել Դատարան՝ որպես Կազմակերպության իրավաբանական հասցե նշելով «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20» (հատոր 1-ին, գ.թ. 61-99)․
4) Դատարանը 28.10.2021 թվականին կայացրել է «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշում՝ դատական ակտի հրապարակման օր նշանակելով 08.02.2022 թվականը։ Այդ որոշումը Կազմակերպությանն ուղարկվել է «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20» հասցեով։ Փոստային առաքանու ստացման(հանձնման) գրանցման հետադարձ ծանուցագրի «Ամսաթիվ և ստորագրություն» դաշտում առկա է ստորագրություն ու «05․02» նշում (հատոր 1-ին, գ.թ. 56-58, 107-111)․
5) Դատարանը 14.02.2022 թվականին կայացրած վճիռն ուղարկել է Կազմակերպությանը «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20» հասցեով, որը վերջինիս կողմից չի ստացվել, իսկ ծրարը վերադարձել է «տեղափոխված է» նշումով (հատոր 1-ին, գ.թ. 124-127)․
6) 19․05․2021 թվականի դրությամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից կատարված քաղվածքի համաձայն՝ Կազմակերպության գտնվելու վայրն է «ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂ․ / Շ / 18 / 27 ԲՆ․ ԿԵՆՏՐՈՆ 0010 ԵՐԵՎԱՆ ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»։ Նույն քաղվածքի համաձայն՝ 13․03․2019 թվականին գրանցվել է Կազմակերպության իրավաբանական հասցեի փոփոխություն (հատոր 1-ին, գ.թ. 162)․
7) 31․03․2022 դրությամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից կատարված քաղվածքի համաձայն՝ Կազմակերպության գտնվելու վայրն է «ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂ․ / Շ / 18 / 27 ԲՆ․ ԿԵՆՏՐՈՆ 0010 ԵՐԵՎԱՆ ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ»։ Նույն քաղվածքի համաձայն՝ 13․03․2019 թվականին գրանցվել է Կազմակերպության իրավաբանական հասցեի փոփոխություն (հատոր 1-ին, գ.թ. 163)․
8) Ընկերության կողմից 30․08․2018 թվականի թիվ 4397008937 և 28․09․2018 թվականի թիվ 1680632038 դուրս գրված հարկային հաշիվներում որպես Կազմակերպության գտնվելու վայր նշված է «ԿՈՏԱՅՔ ԶՈՎՈՒՆԻ 12 Փ․ 20» հասցեն, 26․12․2018 թվականի թիվ 2559956722, 16․05․2019 թվականի թիվ 3771133477 ու 31․05․2019 թվականի թիվ 5722025767 դուրս գրված հարկային հաշիվներում՝ «ԵՐԵՎԱՆ ԷՐԵԲՈՒՆԻ ԷՐԵԲՈՒՆԻ ԹԱՂԱՄԱՍ ԱՃԵՄՅԱՆ ՆՐԲ․ 4/5 18 ԲՆ․» (հատոր 1-ին, գ․թ․ 14-24), իսկ 26․08․2020 թվականի թիվ 6549039057 և 28․08․2020 թվականի թիվ 4543968119 դուրս գրված հարկային հաշիվներում՝ «ԵՐԵՎԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԿԵՆՏՐՈՆ ԹԱՂԱՄԱՍ ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂ․ 18 27 ԲՆ․» (հատոր 2-րդ, գ․թ․ 12-13)։
4․ Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1‑ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ, 13-րդ, 93-րդ ու 121‑րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով։
Սույն բողոքի քննության շրջանակում Վճռաբեկ դատարանը նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումների համատեքստում անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ գործին մասնակցող իրավաբանական անձանց պատշաճ ծանուցման հարցին:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (այսուհետ` Եվրոպական դատարան) իր նախադեպային որոշումներով արձանագրել է, որ դատավարությունում կողմերի իրավահավասարության սկզբունքը` կողմերի միջև «արդարացի հավասարակշռության» իմաստով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության հիմնական տարրերից մեկն է և պահանջում է, որպեսզի յուրաքանչյուր կողմին տրամադրվի ողջամիտ հնարավորություն` ներկայացնելու իր գործն այնպիսի պայմաններում, այդ թվում` ապացույցներ ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Ankerl v. Switzerland թիվ 17748/91 գանգատով Եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի որոշումը, կետ 38, Krcmar and Others v. Czech Republic թիվ 35376/97 գանգատով Եվրոպական դատարանի 03․03․2000 թվականի վճիռը, կետ 39):
Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի 6‑րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատություն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արդարադատություն իրականացնելիս հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած՝ մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:
Սահմանադրական դատարանն իր որոշմամբ հանգամանորեն անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատական քննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` կարևորելով դրանք որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր՝ հավասարապես ընդգծելով դրանց կարևորությունը դատաընթացակարգային բնագավառներում (քրեական, քաղաքացիական և վարչական): Սահմանադրական դատարանը 27.01.2015 թվականի թիվ ՍԴՈ-1189 որոշմամբ հարկ է համարել ընդգծել, որ շահագրգիռ սուբյեկտների կողմից պատշաճ ծանուցված լինելը՝ վերջիններիս իրավունքների պաշտպանության cօոditiօ siոe qսa ոօո (պայման, առանց որի հնարավոր չէ) կարևոր պայման է, առանց որի հնարավոր չէ երաշխավորել նրանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Ուստիև ծանուցման ինստիտուտի իրավական կանոնակարգումները պետք է կրեն ոչ թե ձևական բնույթ, այլ պետք է ուղղված լինեն սուբյեկտի՝ Սահմանադրությամբ և օրենքներով երաշխավորված իրավունքների պաշտպանությանը։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական գործերով դատավարությունն իրականացվում է օրենքի և դատարանի առջև գործին մասնակցող բոլոր անձանց հավասարության սկզբունքի հիման վրա:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն ապահովում է, որ գործի քննության ընթացքում գործին մասնակցող անձինք ունենան յուրաքանչյուր հարցի վերաբերյալ իրենց դիրքորոշումը ներկայացնելու հավասար հնարավորություն, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական դատավարությունն իրականացվում է գործին մասնակցող անձանց մրցակցության հիման վրա, բացառությամբ նույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները, բացառությամբ գործին մասնակցող անձանց ներկայացուցիչների, նույն օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում են դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության մասնակիցները դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցվում են ծանուցագրի միջոցով, եթե նույն օրենսգրքով ծանուցման այլ կարգ նախատեսված չէ:
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատական ծանուցագիրը`
1) ուղարկվում է պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ.
2) հանձնվում է առձեռն.
3) ուղարկվում է էլեկտրոնային հաղորդակցության միջոցով` նույն օրենսգրքի 97-րդ հոդվածով սահմանված կարգով:
Սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` իրավաբանական անձանց դեպքում դատական ծանուցագիրը պետք է հանձնվի իրավաբանական անձի ծանուցման հասցեում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ գրագրության ընդունման համար պատասխանատու անձին կամ այն անձին, որի նամակագրություն ընդունելու լիազորությունն ակնհայտորեն բխում է այն իրավիճակից, որում գործում է տվյալ անձը (անվտանգության աշխատակից, ընդհանուր բաժնի կամ իրավաբանական ծառայության աշխատակից և այլն)։
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ ծանուցագիրը, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել հետադարձ ծանուցումը (ծանուցման մասին անդորրագիրը), կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է՝
1) ֆիզիկական անձի դեպքում` այդ անձի հաշվառման, աշխատանքի վայրի հայտնի հասցեով և անձի վերջին հայտնի բնակության վայրի համապատասխան համայնքի կամ վարչական շրջանի ղեկավարին, իսկ գործի նյութերում ֆիզիկական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով.
2) իրավաբանական անձի դեպքում՝ այդ անձի մշտապես գործող մարմնի գտնվելու վայրի հասցեով, իսկ գործի նյութերում իրավաբանական անձի այլ հասցեների, այդ թվում՝ էլեկտրոնային փոստի վերաբերյալ տվյալների առկայության դեպքում՝ նաև այդ հասցեներով:
Սույն գործով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 5-րդ մասով սահմանված գործողությունները կատարելու հետ միաժամանակ դատական ծանուցագիրը տեղադրվում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: Նույն մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո 15-րդ օրն անձը համարվում է ծանուցված:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ հետադարձ ծանուցումը պետք է տեղեկություններ պարունակի այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծանուցագիրը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) մասին նույն գլխի կանոնները կիրառելի են դատավարական փաստաթղթերը դատավարության մասնակիցներին ուղարկելու (հանձնելու) նկատմամբ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, իսկ հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի հասցեն։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցման իրավական խնդրին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատական նիստի ժամանակի և վայրի մասին գործին մասնակցող անձանց տեղեկանալու իրավունքը ու դատարանի` նրանց տեղեկացնելու պարտականությունն ուղղակիորեն կապված են Սահմանադրությամբ երաշխավորված օրենքի առջև բոլորի հավասարության համընդհանուր սկզբունքի և դրանից բխող ու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով ամրագրված մրցակցության և կողմերի հավասարության սկզբունքների հետ: Մրցակցային դատավարության սկզբունքը ենթադրում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա գործում եղած կամ լրացուցիչ ներկայացված ապացույցների մասին տեղեկանալու և դրանց մասին մեկնաբանություններ ներկայացնելու հնարավորություն (տե՛ս, օրինակ, Վերգուշ Վարդանյանն ընդդեմ Եղիշ Թորոսյանի թիվ 3-19(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.02.2008 թվականի որոշումը): Նշված սկզբունքներն ամբողջ ծավալով կարող են իրականացվել միայն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձանցից յուրաքանչյուրին ընձեռված է դատական նիստին ներկա գտնվելու հնարավորություն, քանի որ այդպիսի հնարավորությունն է կողմերի դատական պաշտպանության իրավունքի, իրավահավասարության և մրցակցության սկզբունքների ապահովման կարևոր պայմանը: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ գործին մասնակցող անձանց պատշաճ ծանուցումը վերջիններիս նյութական իրավունքների իրացման կարևոր նախապայման է (տե՛ս «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Վահե Բարսեղյանի և Ռոստոմ Բարսեղյանի թիվ ԼԴ/0221/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ գործով կայացված որոշմամբ ընդգծել է, որ ցանկացած դեպքում դատարանը պետք է կատարի դատավարության մասնակիցներին դատական նիստի ժամանակի և վայրի մասին իրազեկելուն ուղղված ակտիվ գործողություններ և պետք է ձեռնարկի օրենսդրությամբ նախատեսված` կոնկրետ իրավիճակում հնարավոր բոլոր ծանուցման միջոցները և եղանակները: (...) անկախ ծանուցման ընտրված եղանակից, ծանուցումը պետք է լինի այնպիսին, որով հնարավոր է ապացուցել դատավարության համապատասխան մասնակիցների` դատական նիստի մասին պատշաճ տեղեկացված լինելու փաստը (տե՛ս Խաչիկ Պողոսյանն ընդդեմ Ժենյա և Հարություն Պողոսյանների թիվ ԵԿԴ/2767/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանվում են իրավաբանական անձի անվանումը, նրա գտնվելու վայրը, ինչպես նաև պարունակվում են համապատասխան տեսակի իրավաբանական անձանց համար` օրենքով նախատեսված այլ տեղեկություններ։ (…)։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 59-րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձի գտնվելու վայրը նրա մշտական գործող մարմնի գտնվելու վայրն է։
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` իրավաբանական անձը, օրենքով սահմանված կարգով, ենթակա է պետական գրանցման։ Պետական գրանցման համար տվյալները` ներառյալ առևտրային կազմակերպությունների ֆիրմային անվանումը, գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում, որը բաց է համընդհանուր ծանոթացման համար։
«Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 3‑րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ ընկերության գտնվելու վայրը, նրա մշտական գործող մարմնի` կանոնադրությամբ սահմանված գործադիր մարմիններից որևէ մեկի գտնվելու վայրն է: Ընկերության գտնվելու վայրով իրականացվում է ընկերության պետական գրանցումը: Ընկերության գտնվելու վայրով փոստի և այլ թղթակցությունների առաքումը համարվում է պատշաճ առաքում:
«Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառվում են հետևյալ տեղեկությունները.
(․․․)․
15) իրավաբանական անձի գտնվելու վայրը (․․․)։
Նույն օրենքի 39-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության դեպքում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի դիմումը՝ իրավաբանական անձի գտնվելու վայրի նոր հասցեի գրանցման մասին: (․․․):
Նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում տրվում են պետական գրանցումը (հաշվառումը) հավաստող, ինչպես նաև տեղեկատվություն տրամադրող իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող միասնական ձևի քաղվածքներ:
Նույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ իրավաբանական անձի մասին ամբողջական տեղեկություններ պարունակող՝ միասնական պետական գրանցամատյանից քաղվածքը պետք է ներառի հետևյալ տեղեկությունները.
(․․․)․
8) իրավաբանական անձի գտնվելու վայրը. (․․․)։
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ վերոնշյալ իրավանորմերը վերլուծելով նշել է, որ իրավաբանական անձի գտնվելու վայր է համարվում իրավաբանական անձի կանոնադրությամբ նշված և իրավաբանական անձանց պետական գրանցման գրանցամատյանում գրառված նրա մշտական գործող մարմնի հասցեն (տե՛ս «ԲՏԱ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սաղդայմոնդ» ՍՊԸ-ի և «Ս.Ա.Ղ.» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/1424/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01․10․2010 թվականի որոշումը)։
Վերոգրյալ իրավական նորմերի և իրավական դիրքորոշումների համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական պաշտպանության դիմող անձը հայցադիմում ներկայացնելիս պարտավոր է իր համար հասանելի, այդ թվում՝ համընդհանուր ծանոթացման համար ազատ (հանրամատչելի) պաշտոնական աղբյուրներից ճշտել և հայցադիմումում ճշգրիտ նշել այն ներկայացնելու օրվա դրությամբ պատասխանող իրավաբանական անձի գտնվելու վայրը՝ ամբողջությամբ կրելով նման վարքագիծ չդրսևորելու անբարենպաստ հետևանքների ռիսկը։ Միևնույն ժամանակ առաջին ատյանի դատարանը դատական նիստի ժամանակի և վայրի, ինչպես նաև օրենքով նախատեսված առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին պատասխանող իրավաբանական անձին ծանուցելիս (ներառյալ դատավարական փաստաթղթերը նրան ուղարկելիս) նրա գտնվելու վայրի վերաբերյալ գործում բավարար տեղեկությունների բացակայության կամ այդ մասին գործում հակասական տվյալների առկայության դեպքում վերջինիս պատշաճ ծանուցումն ապահովելու համար պետք է իրեն հասանելի պաշտոնական աղբյուրների միջոցով ստուգի նրա գտնվելու վայրն ու համապատասխան ծանուցումներն (այդ թվում՝ հայցադիմումը վարույթ ընդունելու, գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին և այլ որոշումները) ուղարկի բացառապես այդ հասցեով՝ չկարևորելով գործի նյութերում պատասխանողի այլ հասցեների առկայության փաստը։ Նման կերպ դատարանն իրացնում է իր՝ օրենքով սահմանված պարտականությունը՝ ապահովելով գործի մասնակից հանդիսացող անձի լսված լինելու իրավունքը, կողմերի հավասարության սկզբունքը, ինչպես նաև երաշխավորում է կողմի դատական պաշտպանության պատշաճ իրականացումը։ Գործում առկա այլ հասցեներով դատական ծանուցումները պետք է ուղարկվեն միայն այն դեպքերում, երբ ծանուցումն իրականացվում է դատավարության մասնակցի կողմից որպես իր ծանուցման հասցե նշած հասցեով կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-6‑րդ մասերով սահմանված կարգով։
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 188.238 ՀՀ դրամ՝ որպես մատակարարված ապրանքի համար չվճարված գումար, նշված գումարի նկատմամբ հաշվարկել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսներ՝ սկսած հայցադիմումը դատարան մուտք լինելու օրվանից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը, բռնագանձել 1.475.420 ՀՀ դրամ՝ որպես պատճառված վնաս, ինչպես նաև 38․074 ՀՀ դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար:
Սույն գործի փաստերի համաձայն՝ Ընկերությունը 21.08.2021 թվականին Դատարան ներկայացված հայցադիմումում որպես Կազմակերպության իրավաբանական հասցե նշել է «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20»։ Չնայած այն հանգամանքին, որ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից կատարված քաղվածքի համաձայն՝ Կազմակերպության գտնվելու վայրն է «ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂ․ / Շ / 18 / 27 ԲՆ․ ԿԵՆՏՐՈՆ 0010 ԵՐԵՎԱՆ ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» հասցեն, Դատարանը «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» 22․10․2021 թվականի որոշումն ուղարկել է Կազմակերպությանը ոչ թե նրա գտնվելու վայրի հասցեով, այլ հայցադիմումում նշված՝ «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20» հասցեով։
Դատարանը 14.02.2022 թվականի վճռով հայցը բավարարել է։ Կազմակերպության կողմից 16․05․2022 թվականին ներկայացվել է վերաքննիչ բողոք այն հիմնավորմամբ, որ զրկված է եղել գործով դիրքորոշում ներկայացնելու հնարավորությունից, քանի որ ո՛չ հայցադիմումը և ո՛չ էլ դատարանի կողմից իրեն ուղարկված որևէ փաստաթուղթ չի ստացել ու ընդհանրապես սույն գործի մասին տեղյակ չի եղել: Դատարանի կողմից իրեն հասցեագրված փաստաթղթերն ուղարկվել են իր հետ տվյալ պահին որևէ առնչություն չունեցող հասցեով, իսկ ծանուցման հետադարձ կտրոնների վրա առկա ստորագրություններն իրենը չեն։ Ծանուցված չլինելով սույն գործի մասին՝ զրկվել է դատաքննությանը մասնակցելու, օրենքով սահմանված իր իրավունքները պաշտպանելու հնարավորություններից։
Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «(...) Դատարանը 14.09.2021թ. կայացրած «Հայցադիմումը վերադարձնելու մասին որոշումը» և 22.10.2021թ. կայացրած «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումը ուղարկել է միևնույն «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20» հասցեով (…) «Իլենիա» ՍՊԸ-ին, որն, ընդ որում, հայցադիմումում որպես Բողոքաբերի գտնվելու վայր նշված հասցեն Հայցվորի կողմից ներկայացված և Բողոքաբերի կողմից հաստատված ապրանքների մատակարարման հարկային հաշիվների վրա նույնպես նշված է որպես «Իլենիա» ՍՊԸ-ի գտնվելու վայր (հասցե): Նշված ծանուցումների ստացման հավաստագրերը առկա են սույն քաղաքացիական գործի նյութերում և դրանց վրա առկա է ստացող անձի ստորագրությունը և ստանալու ամիս-ամսաթիվը», «(…) տվյալ դեպքում վերաքննիչ բողոք բերած անձը չի հիմնավորել փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ այն ոչ պատշաճ անձի հանձնելու փաստը, որի ապացուցման բեռը կրում է հենց բողոք բերած անձը այն դեպքում, երբ սույն քաղաքացիական գործի նյութերում առկա են «Հայցադիմումը վերադարձնելու մասին» և «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումների հետադարձ ծանուցման հավաստագրերը հասցեատիրոջ կողմից ստորագրված լինելու վերաբերյալ ապացույցներ՝ որպիսի պայմաններում գործում է այն կանխավարկածը, որ Բողոքաբերը պատշաճ ծանուցված է եղել սույն քաղաքացիական գործի քննության վերաբերյալ», «Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը ելնում է այն կանխավարկածից, որ փոստային կապի ազգային օպերատորի կողմից իր պայմանագրային և օրենքով նախատեսված պարտականությունները կատարվել են պատշաճ, հետևաբար՝ Բողոքաբերը սույն քաղաքացիական գործի վերաբերյալ եղել է պատշաճ ծանուցված, քանի դեռ հակառակը չի ապացուցվել, մինչդեռ այդպիսի ապացույցներ վերաքննիչ բողոքին կից Բողոքաբերի կողմից չեն ներկայացվել», որոշում է կայացրել վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 14.02.2022 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:
Վերը նշված դիրքորոշումների և վկայակոչված իրավական ակտերի համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ․
Վերաքննիչ դատարանը, մերժելով Կազմակերպության վերաքննիչ բողոքը, անտեսել է, որ գործում առկա 16․05․2019 թվականի թիվ 3771133477, 31․05․2019 թվականի թիվ 5722025767, 26․08․2020 թվականի թիվ 6549039057 և 28․08․2020 թվականի թիվ 4543968119 հարկային հաշիվներում որպես Կազմակերպության գտնվելու վայրի հասցե «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20» հասցեի փոխարեն նշված է բոլորովին այլ հասցե, այսինքն՝ գործով առկա են հակասական տվյալներ պատասխանող իրավաբանական անձի գտնվելու վայրի վերաբերյալ։ Ավելին, Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ հայցադիմումում որպես Կազմակերպության գտնվելու վայրի հասցե նշված «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20» հասցեն չի կարող համարվել վերջինիս ծանուցման հասցե, քանի որ, համաձայն ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից կատարված քաղվածքի, հայցադիմումը Դատարան ներկայացնելու օրվա դրությամբ Կազմակերպության գտնվելու վայրն էր «ՄԱՇՏՈՑԻ ՊՈՂ․ / Շ / 18 / 27 ԲՆ․ ԿԵՆՏՐՈՆ 0010 ԵՐԵՎԱՆ ԵՐԵՎԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» հասցեն։
Նման պայմաններում, երբ ծանուցման հասցեն պատշաճ չէ, ծանուցումներն ստացված լինելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի դատողությունները որևէ նշանակություն չունեն ծանուցումը պատշաճ համարելու տեսանկյունից, քանի որ արդեն իսկ առկա է Դատարանի կողմից թույլ տրված՝ ծանուցումը ոչ պատշաճ հասցեով կատարելու խախտումը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործում պատասխանողի գտնվելու վայրի մասին առկա հակասական տվյալների առկայության պայմաններում ստորադաս դատարանները որևէ միջոց չեն ձեռնարկել Կազմակերպության պատշաճ ծանուցման հասցեն ճշտելու ուղղությամբ։ Մասնավորապես Դատարանը 28.10.2021 թվականի «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումն ուղարկել է հայցադիմումում ու դրան կից ներկայացված հարկային հաշիվներում որպես Կազմակերպության գտնվելու վայր նշված՝ «ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 12փ. 20» հասցեով, մինչդեռ պարտավոր էր գործում պատասխանողի գտնվելու վայրի մասին առկա հակասական տվյալների առկայության պայմաններում իրեն հասանելի պաշտոնական աղբյուրներով պարզել Կազմակերպության իրական գտնվելու վայրը և համապատասխան ծանուցումն ուղարկել բացառապես այդ հասցեով՝ հիմք չընդունելով գործի նյութերում պատասխանողի այլ հասցեների առկայության փաստը։ Մինչդեռ Կազմակերպության պատշաճ ծանուցումն արձանագրելու համար Դատարանը բավարարվել է փոստային առաքանու հետադարձ ծանուցագրի «Ամսաթիվ և ստորագրություն» դաշտում ստորագրության ու «05․02» նշումի առկայությամբ՝ այն պարագայում, երբ հետադարձ ծանուցումը չի պարունակում որևէ տեղեկություն այն անձի վերաբերյալ, որին ծանուցագիրը հանձնվել է:
Վերաքննիչ դատարանը, իր հերթին, Կազմակերպության վրա է դրել փոստային ծառայության կողմից փոստային առաքումը հասցեատիրոջը չհանձնելու կամ այն ոչ պատշաճ անձի հանձնելու փաստը չապացուցելու բացասական հետևանքներն այն պարագայում, երբ գործի նյութերով հաստատվում է, որ «Հայցադիմումը վարույթ ընդունելու և գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» 28.10.2021 թվականի որոշումը Դատարանն ուղարկել է ոչ պատշաճ հասցեով, հետևաբար Կազմակերպությունը որևէ պարագայում չի կարող համարվել պատշաճ ծանուցված։
Վերը նշված հանգամանքները վկայում են այն մասին, որ Կազմակերպության պատշաճ ծանուցման հասցեն պարզելու համար ձեռնարկված միջոցները բավարար չեն եղել, ինչի արդյունքում գործում առկա չեն հավաստի ապացույցներ առ այն, որ Դատարանում գործի քննության ընթացքում Կազմակերպությունը պատշաճ ծանուցվել է գործի քննության մասին, ինչպես նաև ստացել է դատավարական փաստաթղթերը։
Հիմք ընդունելով վերոնշյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ խախտվել է բողոք բերած անձի արդար դատաքննության իրավունքը, և վերջինս պատշաճ չի ծանուցվել իր օրինական շահերին առնչվող գործի, դատավարական փաստաթղթերի ու գործընթացների մասին։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե դատարանը գործը քննել է բողոք բերած անձի բացակայությամբ, որը, նույն օրենսգրքի իմաստով, չի համարվում ծանուցված դատական նիստի ժամանակի և վայրի մասին։
Սույն գործով հաստատված փաստերի առկայության պայմաններում Դատարանի վճիռն անվերապահորեն ենթակա էր բեկանման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործն ամբողջ ծավալով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան նոր քննության ուղարկելու համար:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:
Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.02.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:
2․ Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Գ. հակոբյան Զեկուցող Ս. Մեղրյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ Ա. Մկրտչյան Է. Սեդրակյան Վ. ՔՈՉԱՐՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|