ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
|
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում |
Սնանկության գործ թիվ ԵԴ/0392/04/18 2025 թ. | ||||||
|
| |||||||
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
|
|
նախագահող |
Գ. Հակոբյան Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ |
|
Ն. Հովսեփյան | ||
|
Ս․ ՄԵՂՐՅԱՆԱ. Մկրտչյան | ||
|
Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ |
2025 թվականի ապրիլի 04-ին
գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2022 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի՝ «Արտյոմ և Վահագն» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 12․04․2022 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.10.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 12.04.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Բանկի կողմից ներկայացված դիմումը՝ մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Դավիթ Սարգսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արթուր Գրիգորյան):
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության ներկայացրած փաստարկը, քանի որ դատական նիստում ուսումնասիրել և հրապարակել է Բանկի 20․04․2018 թվականի սնանկության դիմումը, որի արդյունքում հստակ հիմնավորվել է, որ Բանկի սնանկության դիմումի մեջ ի սկզբանե առկա են եղել լիզինգի գրավոր գործարքի վրա հիմնված պահանջները: Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ընկերության կողմից լիզինգների պայմանագրերն անվավեր ճանաչելու դիմումն ինքն բավարար էր Բանկի սնանկության դիմումը մերժելու համար:
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը պարունակում է ներքին հակասություններ, ինչն այն դարձնում է ոչ պատշաճ և ոչ բավարար պատճառաբանված:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով գործում առկա ապացույցները և, մասնավորապես` շուրջ 85.000.000 ՀՀ դրամի վճարման փաստը, հակընդդեմ հայցի հարուցումը սնանկության դիմումի դատական քննությունից երկուսուկես տարի անց, առանց վերլուծելու և/կամ որևէ կերպ անդրադառնալու հակընդդեմ հայցի հիմնավորվածությանը, ուղղակի բեկանել է Դատարանի վճիռը` լոկ հակընդդեմ հայցի գոյության փաստով: Մինչդեռ Դատարանի վճիռը եղել է ակնհայտ հիմնավոր և պատճառաբանված։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21․10․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։
2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները
Բանկի վճռաբեկ բողոքն անհիմն է և բացակայում է այն վարույթ ընդունելու հիմքերը, իսկ բողոքարկված դատական ակտն օրինական է և հիմնավորված։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով ներկայացված գրավոր առարկություններով Ընկերությունն ամբողջությամբ վիճարկել է Բանկի կողմից ներկայացված սնանկության հիմքերը։
Ընկերության առարկությունների քննարկումը տևել է չորս տարի, որի ընթացքում Ընկերության կողմից ներկայացվել են Բանկի դիմումով Ընկերությանը վերագրվող վճարային պարտավորության վիճելիությունը հավաստող բազմաթիվ ապացույցներ, այդ թվում՝ թիվ ԵԴ/0159/02/18 քաղաքացիական գործով Ընկերության կողմից ներկայացված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ ընդունված հակընդդեմ հայցը, որով Ընկերությունը խնդրել է անվավեր ճանաչել Բանկի և Ընկերության միջև կնքված թվով 17 բեռնատարների և դրանց կցորդների առուվաճառքի պայմանագրերը և որպես անվավերության հետևանք՝ նույն բեռնատարների և կցորդների նկատմամբ Բանկի և Ընկերության միջև կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագիրը։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 29.04.2016 թվականին կնքված թիվ TFL000226 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի համաձայն, Պարտապանին ֆինանսական վարձակալությամբ է տրամադրվել Բանկին սեփականության իրավունքով պատկանող բեռնատարները և դրանց կցորդիչները: Լիզինգի առարկայի (բեռնատարների և դրանց կցորդիչների) ձեռք բերման համար Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորման գումարը կազմել է 75․700․890,00 ՀՀ դրամ, վարձակալության ժամկետը կազմում է 24 ամիս, վարձավճարների, տոկոսների և լիզինգի սպասարկման ժամկետները սահմանվում են համաձայն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածում նշված ժամանակացույցի:
2․ Բանկի և Ընկերության միջև 29․04․2016 թվականին կնքվել է հիմնական միջոցի առուվաճառքի թիվ 000226 պայմանագիր, որով միաժամանակ և՛ վաճառող, և՛ վարձակալ է հանդիսանում Ընկերությունը, իսկ գնորդ՝ Բանկը։ Նույն պայմանագրի 1․1 կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվում է Գնորդին ի սեփականություն հանձնել Պայմանագրի անբաժանելի մաս կազմող Հավելված 1-ում գույքերը (այսուհետ՝ բոլորը միասին՝ Բեռնատարներ) պայմանագրի կնքման օրվանից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, Վարձակալը պարտավորվում է Գնորդի ներկայությամբ ընդունել Բեռնատարները Պայմանագրի 1․3 կետում նշված կարգով, իսկ Գնորդը պարտավորվում է վճարել բեռնատարերի համար՝ Պայմանագրով նախատեսված չափով, կարգով և ժամկետներում։ Նույն պայմանագրի 2․1 կետի համաձայն՝ Պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 75․700․890 /յոթանասունհինգ միլիոն յոթ հարյուր հազար ութ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ։
3․ 03.05.2016 թվականին կնքված թիվ TFL000228 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի համաձայն, Բանկին սեփականության իրավունքով պատկանող բեռնատարները և դրանց կցորդիչները ֆինանսական վարձակալությամբ տրամադրվել են Պարտապանին։ Լիզինգի առարկայի (բեռնատարների և դրանց կցորդիչների) ձեռք բերման համար Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորման գումարը կազմել է 10․093․456,00 ՀՀ դրամ, վարձակալության ժամկետը կազմում է 24 ամիս, վարձավճարների, տոկոսների և լիզինգի սպասարկման ժամկետները սահմանվում են համաձայն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածում նշված ժամանակացույցի։
4․ Բանկի և Ընկերության միջև 03․05․2016 թվականին կնքվել է հիմնական միջոցի առուվաճառքի թիվ 000228 պայմանագիր, որով միաժամանակ և՛ վաճառող, և՛ վարձակալ է հանդիսանում Ընկերությունը, իսկ գնորդ՝ Բանկը։ Նույն պայմանագրի 1․1 կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվում է Գնորդին ի սեփականություն հանձնել Պայմանագրի անբաժանելի մաս կազմող Հավելված 1-ում գույքերը (այսուհետ՝ բոլորը միասին՝ Բեռնատարներ) պայմանագրի կնքման օրվանից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, Վարձակալը պարտավորվում է Գնորդի ներկայությամբ ընդունել Բեռնատարները Պայմանագրի 1․3 կետում նշված կարգով, իսկ Գնորդը պարտավորվում է վճարել բեռնատարերի համար՝ Պայմանագրով նախատեսված չափով, կարգով և ժամկետներում։ Նույն պայմանագրի 2․1 կետի համաձայն՝ Պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 10,093,456 /տասը միլիոն իննսուներեք հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ։
5․ Բանկը պատճառաբանել է, թե պարտապանի ընդհանուր պարտավորությունը ժամկետանց օրերի քանակը 20.04.2018 թվականի դրությամբ կազմում է 112 օր կազմում է 2․108․725 ԱՄՆ դոլար, որից՝ թիվ TFL000228 պայմանագրի գծով՝ 21․578,27 ԱՄՆ դոլար, թիվ TFL000226 պայմանագրի գծով՝ 161․508,03 ԱՄՆ դոլար (հավելված 1-ին, գ․թ․ 3-7):
6․ Ընկերությունն իր առարկությամբ հայտնել է, որ Ընկերության և Բանկի միջև 2016 թվականի ապրիլի 29-ին և մայիսի 3-ին կնքվել են հիմնական միջոցի առուվաճառքի պայմանագրեր և ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրեր, սակայն Բանկի կողմից Ընկերության հաշվին 429.261.472 ՀՀ դրամ փոխանցելու փոխարեն փոխանցվել է 85.794.346 ՀՀ դրամ (հավելված 1-ին, գ․թ․ 144-149)։
7. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.07.2018 թվականի թիվ ԵԴ/13781/02/18 որոշմամբ ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Արտյոմ և Վահագն» ՍՊԸ-ի՝ շարժական գույքերն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված 2-րդ, գ․թ․ 11)։
8. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/13781/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Արտյոմ և Վահագն» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, «Արտյոմ և Վահագն» ՍՊԸ-ի ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ (հավելված 2-րդ, գ․թ․ 26)։
9․ Հակընդդեմ հայցով Ընկերությունը պահանջել է կիրառել կողմերի միջև 28.04.2016 թվականին և 03.03.2016 թվականին կնքված բեռնատարների և կցորդների առուվաճառքի պայմանագրերի` որպես առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ, այն է` անվավեր ճանաչել նշված բեռնատարների և կցորդների նկատմամբ Բանկի անունով տրված սեփականության իրավունքի վկայականները և 29.04.2016 թվականին ու 03.05.2016 թվականին կողմերի միջև կնքված ֆինանսական վարձակալության պայմանագրերը (գ․թ հավելված 2-րդ գ․թ․ 26):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վճարային պարտավորության վերաբերյալ նյութաիրավական վեճի առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորության իրավական հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
Մինչև 01․10․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում։ Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե՛ս «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում են վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն): Նման պայմաններում վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է այն դիտարկել նույն կետի «դ» ենթակետի համատեքստում: Մասնավորապես` այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի առարկությունն ուղղված է պահանջի մի մասի դեմ, իսկ մնացած մասը չի վիճարկվում: Այլ կերպ` չվիճարկվող մասը, եթե այն գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, անվիճելի է դարձնում պարտավորությունն առնվազն այդ մասով (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է, մասնավորապես, այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար, օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը (օրինակ, վկայի պարտավորության կատարումից ընդհանրապես հրաժարվելու հնարավորության մասին, ինչպես որ առկա է եղել վերոնշյալ թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործի պայմաններում): Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե՛ս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ նյութաիրավական վեճի առկայությունը կարող է դրսևորվել բացառապես հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունված լինելու հանգամանքով՝ հիմք ընդունելով պահանջի դեմ առարկելու համար հիմքերի բավարարության պահանջը, քանի որ հայցադիմումը դատարան ներկայացված լինելու փաստը որպես պահանջի դեմ առարկելու բավարար հիմք դիտարկելու դեպքում անհնարին կլինի ապահովել սնանկության վարույթի կայունությունը և բացառել հայցադիմումներ ներկայացնելու միջոցով պարտավորության վիճելիության ձևական ապացույցներ ստեղծելու հնարավորությունը (տե՛ս ըստ դիմումի Սեդրակ Առուստամյանի՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՍնԴ/0736/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.01.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը ոչ թե ցանկացած, այլ վճռի կայացման պահին անվիճելի վճարային պարտավորության առկայությունն է: Ընդ որում, պարտավորության անվիճելիությունը, եթե անգամ այն բխում է գրավոր գործարքից, կարող է կասկածի տակ դրվել, եթե առկա է այնպիսի նյութաիրավական վեճ, որը հնարավորություն է ստեղծում պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ վեճի հիմքից: Ուստի, նյութաիրավական վեճի առկայությունը պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է, եթե պարտապանը ներկայացրել է այնպիսի վեճի առկայությունը հաստատող ապացույցներ, որը հնարավոր է դարձնում պարտատիրոջ պահանջն առհասարակ չկատարելը և այդպիսով պարտատիրոջ պահանջի անվիճելիությունը կասկածի տակ դնելը (տե՛ս ըստ դիմումի Սեդրակ Առուստամյանի՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0736/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.01.2023 թվականի որոշումը):
Վերոգրյալից բխում է, որ դատարանը սնանկության դիմումը բավարարելու հիմքերի առկայությունը պետք է գնահատի վճռի կայացման պահի դրությամբ, և ըստ այդմ յուրաքանչյուր դեպքում դատավարական իրավունքի նորմերով ամրագրված պահանջները չպետք է մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որ անհնարին լինի ապահովել վճռի կայացման պահին պարտապանի փաստացի անվճարունակության պայմանների առկայության օբյեկտիվ և ճիշտ գնահատումը։ Մասնավորապես, այդ պահանջների կիրառմամբ չի կարող ի չիք դառնալ անձի արդար դատաքննության իրավունքը՝ իր գործի արդարացիորեն լուծման, իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն տրամադրված լինելու տեսանկյունից, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով օրենսդիրը սպառիչ կերպով ներկայացրել է այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում միայն պարտատիրոջ պահանջով (հարկադիր սնանկություն) հնարավոր է անձին ճանաչել սնանկ։
Վկայակոչված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պարտադիր պայմանը նրա փաստացի անվճարունակությունն է։ Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածից ուղղակիորեն բխում է, որ փաստացի անվճարունակությունն իրենից ենթադրում է հետևյալ փաստակազմի միաժամանակյա առկայությունը՝
- պարտապանի վճարային պարտավորության առկայությունը,
- պարտավորության 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը,
- պարտավորության նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող չափը,
- վճռի կայացման պահին կետանցը շարունակվելը և պարտավորության անվիճելիությունը:
Պարտապանին սնանկ ճանաչելու համար պարտադիր նախապայմաններից է վճարային պարտավորության անվիճելիությունը: Ընդ որում, գործում է վճարային պարտավորության անվիճելի լինելու կանխավարկածը, քանի դեռ պարտապանը դրա դեմ չի առարկում, կամ առարկում է, բայց դիմողի պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Այլ կերպ՝ ակնհայտ է, որ սնանկ ճանաչելու համար որպես պարտադիր պայման օրենսդրի կողմից սահմանվել է պարտավորությունների անվիճելի լինելը, ինչը ենթադրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի վերաբերյալ կողմերի միջև ոչ թե պետք է ընդհանրապես առկա չլինի նյութաիրավական որևէ վեճ, այլ չպետք է առկա լինի նյութաիրավական այնպիսի վեճ, որը հնարավորություն կարող է ստեղծել պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ․
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և Ընկերության միջև 29.04.2016 թվականին կնքվել է թիվ TFL000226, իսկ 03.05.2016 թվականին՝ թիվ TFL000228 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը։ Համաձայն թիվ TFL000226 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի՝ Բանկի կողմից Ընկերությանը տրամադրված ֆինանսավորման գումարը կազմել է 75․700․890,00 ՀՀ դրամ, վարձակալության ժամկետը՝ 24 ամիս, իսկ թիվ TFL000228 պայմանագրի համաձայն՝ ֆինանսավորման գումարը կազմել է 10․093․456,00 ՀՀ դրամ, վարձակալության ժամկետը՝ 24 ամիս:
29․04․2016 թվականին կնքվել է թիվ 000226, իսկ 03․05․2016 թվականին կնքվել է թիվ 000228 հիմնական միջոցի առուվաճառքի պայմանագիրը, որպիսի պայմանագրերով միաժամանակ և՛ վաճառող, և՛ վարձակալ է հանդիսանում Ընկերությունը, իսկ գնորդ՝ Բանկը։
Պարտավորության գումարը 20.04.2018 թվականի դրությամբ կազմում է 2․108․725 ԱՄՆ դոլար, որից՝ թիվ TFL000228 պայմանագրի գծով՝ 21․578,27 ԱՄՆ դոլար, թիվ TFL000226 պայմանագրի գծով՝ 161․508,03 ԱՄՆ դոլար, մնացած մասը՝ այլ պարտավորություններ:
Բանկը 09․07․2018 թվականին դիմելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջել է Ընկերության` ապօրինի տիրապետումից վերադարձնել Բանկին սեփականության իրավունքով պատկանող՝ Բանկի և Ընկերության միջև 29.04.2016 թվականին կնքված թիվ TFL000226 և 03.05.2016 թվականին կնքված թիվ TFL000228 ֆինանսական վարձակալության պայմանագրերով տրամադրված լիզինգի առարկա հանդիսացող և պայմանագրերի թիվ 1 հավելվածներում նշված գույքերը: Բանկի հայցադիմումը 16.07.2018 թվականի թիվ ԵԴ/13781/02/18 որոշմամբ ընդունվել է վարույթ։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2020 թվականի թիվ ԵԴ/13781/02/18 որոշմամբ Ընկերության հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ։
Դատարանը, Բանկի դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունն ընդունել է, որ Բանկի կողմից Ընկերության հաշվին փոխանցվել է 85.794.346 ՀՀ դրամ, այս փաստի առկայությունն անվիճելի է անկախ լիզինգի պայմանագրի վիճարկման հանգամանքից և ԵԴ/13781/02/18 գործի շրջանակներում պարզման կամ հաստատման ենթակա փաստերից, ինչպես նաև այն, որ վարձակալը՝ Ընկերությունը ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով նախատեսված անվիճելի փաստի առկայության լույսի ներքո պարտավորությունները պատշաճ չի կատարել, որի արդյունքում առկա է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և 60-օրյա ու ավելի ժամկետի կետանց, հաշվանցի հնարավորության բացակայություն, վճռի կայացման պահին նշված կետանցի շարունակականություն, ուստի գտել է, որ վերոնշյալ հանգամանքն արդեն իսկ բավարար է պարտապանին սնանկ ճանաչելու փաստը հաստատված համարելու համար: Վերը նշվածի հաշվառմամբ, Դատարանը, հիմք ընդունելով նաև Բանկի դիրքորոշումները, գտել է, որ պարտապանի կողմից ներկայացված հայցադիմումը և հակընդդեմ հայցը բավարար ապացույցներ չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար՝ նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում, որ Ընկերությունը հնարավորություն կարող է ստանալ պարտքի գումարը, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ընդհանրապես չվճարել Բանկին: Այլ կերպ ասած՝ պարտապանը չի հիմնավորում, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի:
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է, որ գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում մյուս կողմին այդ գործարքով ստացածը վերադարձնելու պարտավորությունը ծագում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ուստի այդ պահից էլ պարտապանի մոտ կառաջանա գործարքով ստացածը վերադարձնելու պարտավորությունը:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և 60-օրյա ու ավելի ժամկետի կետանցի, հաշվանցի հնարավորության բացակայության, վճռի կայացման պահին նշված կետանցի շարունակականության վերաբերյալ Դատարանի եզրահանգումները հիմնավորված չեն:
Այսպիսով Վերաքննիչ դատարանը գտել է, որ լիզինգի պայմանագրերի վրա հիմնված Բանկի պահանջն անվիճելի չէ, քանի որ պարտապանի կողմից վիճարկվում է հենց այդ պայմանագրերի վավերությունը, և դրանք անվավեր ճանաչվելու դեպքում պահանջը չի կարող համարվել հիմնված գրավոր գործարքի վրա, որպիսի պայմաններում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը չէր կարող կիրառվել, իսկ այն կիրառելով Դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծման, այսինքն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտման մասին բողոքաբերի փաստարկները հիմնավորված են:
Վճռաբեկ դատարանը, վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում ամրագրված հատկանիշները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն՝ պայմանով, որ սնանկության պահանջի դեմ պարտապանի առարկությունները պետք է բավարար չափով հիմնավորեն պահանջի անհիմն լինելը: Ընդ որում, նման առարկությունների հիմնավոր լինելու պարագայում վճարային պարտավորության՝ պարտքի չափը պետք է ավելի նվազ լինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից, որպեսզի բացառվի պարտապանի սնանկությունը:
Տվյալ դեպքում Ընկերությունը թիվ ԵԴ/13781/02/18 քաղաքացիական գործով ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով, այն հիմքով, որ առուվաճառքի պայմանագրերի հիման վրա խնդրո առարկա բեռնատարների և կցորդների նկատմամբ չունենալով սեփականության իրավունք՝ Բանկը դրանց նկատմամբ առանց որևէ իրավական հիմքի ձեռք է բերել սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, որից հետո դրանք ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով վարձակալությամբ հանձնել է Ընկերությանը: Այսինքն, ըստ Ընկերության դիրքորոշման՝ խնդրո առարկա առուվաճառքի պայմանագրերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածին համապատասխան, հանդիսանում են շինծու գործարքներ, որոնք առոչինչ են:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հակընդդեմ հայցադիմումը և այն վարույթ ընդունելու մասին որոշումը բավարար հիմքեր չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար՝ նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում, որ Ընկերությունը հնարավորություն կարող է ստանալ պարտքի գումարը, մասնավորապես՝ Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորման գումարը, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ընդհանրապես չվճարել Բանկին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիզինգի առարկա հանդիսացող գույքը ձեռք է բերվել հենց Ընկերությունից՝ 29․04․2016 թվականին կնքված թիվ 000226 և 03․05․2016 թվականին կնքված թիվ 000228 հիմնական միջոցի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա, որոնցով և՛ վաճառող, և՛ լիզինգառու հանդես է եկել Ընկերությունը, իսկ գնորդ՝ Բանկը։ Նույն պայմանագրով Վաճառողը պարտավորվել է Գնորդին ի սեփականություն հանձնել Բեռնատարները և վճարել Բեռնատարերի համար՝ Պայմանագրով նախատեսված չափով, կարգով և ժամկետներում, իսկ Վարձակալը պարտավորվել է ընդունել Բեռնատարները։ Այսինքն՝ ըստ էության կնքվել է հետադարձ լիզինգի պայմանագրեր, քանի որ դրանցով լիզինգատուն պարտավորվել է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռք բերված գույքը:
Բացի այդ՝ պարտապանը չի հիմնավորում, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի՝ նաև նկատի ունենալով այն փաստը, որ Ընկերությունը չի առարկել Բանկի կողմից Ընկերության հաշվին 85.794.346 ՀՀ դրամ փոխանցված լինելու հանգամանքի վերաբերյալ, այլ ընդհակառակը՝ ընդունել է այն: Նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործը՝ նյութաիրավական վեճը, սույն սնանկության գործով չի բացառում պարտավորության անվիճելիության հատկանիշը՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում: Ուստի, միայն այն, որ պարտավորության չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, և դրա պարտապանի հաշվին փոխանցելու վերաբերյալ Ընկերության կողմից ընդունելու փաստի առկայությունը, օրենքով սահմանված 60-օրյա ժամկետի կետանցը, ինչպես նաև մինչև վճռի կայացման պահը նշված կետանցի շարունակականությունը վկայող փաստական կազմի առկայությունը, արդեն իսկ բավարար են սնանկ ճանաչելու մասին դիմումը բավարարելու համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հիշյալ հակընդդեմ հայցադիմումը, այն վարույթ ընդունելու մասին դատական ակտը բավարար ապացույցներ չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, հարուցված քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտով պարտապանը չի կարող ազատվել 29․04․2016 թվականին կնքված թիվ TFL000226 և 03․05․2016 թվականին կնքված թիվ TFL000228 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի հիման վրա առաջացած վճարման պարտականությունից, քանի որ գործարքի անվավերության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը։ Այսինքն՝ 29․04․2016 թվականին կնքված թիվ 000226 և 03․05․2016 թվականին կնքված թիվ 000228 հիմնական միջոցի առուվաճառքի պայմանագրի անվավերության դեպքում ևս Ընկերությունը Բանկի հանդեպ կունենա 85.794.346 ՀՀ դրամ վճարելու պարտականություն։ Այսպիսով հարուցված նյութաիրավական վեճն օբյեկտիվորեն չի կարող ողջամիտ հնարավորություն ստեղծել պարտապանի կողմից ընդհանրապես չկատարելու պարտատիրոջ դիմումի հիմքում մատնանշված պարտավորությունը՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից։
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը:
Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է։
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի «ա» և «բ» կետերի համաձայն՝ դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է դրամական պահանջի գործերով՝ հայցագնի 3 տոկոսի չափով, բայց ոչ պակաս բազային տուրքի տասնապատիկից և ոչ ավելի բազային տուրքի հազարապատիկից, իսկ ոչ դրամական բնույթի պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:
Վճռաբեկ բողոքը բավարարելու՝ Վերաքննիչ դատարանի 21․10․2022 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 12․04․2022 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ընկերությունից հօգուտ Բանկի ենթակա է բռնագանձման 20․000 ՀՀ դրամ, որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և Բանկի կողմից նախապես վճարված պետական տուքրի գումար։ Միաժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի 21․10․2022 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 12․04․2022 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում, Վճռաբեկ դատաարնն գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավել վճարված պետական տուրքը՝ 20․000 ՀՀ դրամը, ենթակա է վերադարձման Բանկին։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 12․04․2022 թվականի վճռին։
2. «Արտյոմ և Վահագն» ՍՊԸ-ից հօգուտ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող Զեկուցող Գ. Հակոբյան Է. Սեդրակյան Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ Ն. Հովսեփյան Ս․ ՄԵՂՐՅԱՆ Ա. Մկրտչյան
Վ․ ՔՈՉԱՐՅԱՆ
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/0392/04/18 քաղաքացիական գործով 04.04.2025 թվականին կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
08.04.2025 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի ապրիլի 04-ին գրավոր ընթացակարգով քննելով «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի (այսուհետ` Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2022 թվականի որոշման դեմ` ըստ Բանկի դիմումի՝ «Արտյոմ և Վահագն» ՍՊԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) սնանկ ճանաչելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2022 թվականի որոշումն ու օրինական ուժ տալ ՀՀ սնանկության դատարանի 12.04.2022 թվականի վճռին։
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա․ Աթաբեկյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:
ՀՀ սնանկության դատարանի (այսուհետ` Դատարան) 12․04․2022 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.10.2022 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 12.04.2022 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է՝ Բանկի կողմից ներկայացված դիմումը՝ մերժվել:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Դավիթ Սարգսյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ընկերությունը (ներկայացուցիչ Արթուր Գրիգորյան)»։
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը։
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը մերժել է Ընկերության ներկայացրած փաստարկը, քանի որ դատական նիստում ուսումնասիրել և հրապարակել է Բանկի 20․04․2018 թվականի սնանկության դիմումը, որի արդյունքում հստակ հիմնավորվել է, որ Բանկի սնանկության դիմումի մեջ ի սկզբանե առկա են եղել լիզինգի գրավոր գործարքի վրա հիմնված պահանջները: Այդուհանդերձ, Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ընկերության կողմից լիզինգների պայմանագրերն անվավեր ճանաչելու դիմումն ինքն բավարար էր Բանկի սնանկության դիմումը մերժելու համար:
Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշումը պարունակում է ներքին հակասություններ, ինչն այն դարձնում է ոչ պատշաճ և ոչ բավարար պատճառաբանված:
Վերաքննիչ դատարանը, անտեսելով գործում առկա ապացույցները և, մասնավորապես` շուրջ 85.000.000 ՀՀ դրամի վճարման փաստը, հակընդդեմ հայցի հարուցումը սնանկության դիմումի դատական քննությունից երկուսուկես տարի անց, առանց վերլուծելու և/կամ որևէ կերպ անդրադառնալու հակընդդեմ հայցի հիմնավորվածությանը, ուղղակի բեկանել է Դատարանի վճիռը` լոկ հակընդդեմ հայցի գոյության փաստով: Մինչդեռ Դատարանի վճիռը եղել է ակնհայտ հիմնավոր և պատճառաբանված։
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21․10․2022 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության»։
2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.
«Բանկի վճռաբեկ բողոքն անհիմն է և բացակայում է այն վարույթ ընդունելու հիմքերը, իսկ բողոքարկված դատական ակտն օրինական է և հիմնավորված։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով ներկայացված գրավոր առարկություններով Ընկերությունն ամբողջությամբ վիճարկել է Բանկի կողմից ներկայացված սնանկության հիմքերը։
Ընկերության առարկությունների քննարկումը տևել է չորս տարի, որի ընթացքում Ընկերության կողմից ներկայացվել են Բանկի դիմումով Ընկերությանը վերագրվող վճարային պարտավորության վիճելիությունը հավաստող բազմաթիվ ապացույցներ, այդ թվում՝ թիվ ԵԴ/0159/02/18 քաղաքացիական գործով Ընկերության կողմից ներկայացված և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթ ընդունված հակընդդեմ հայցը, որով Ընկերությունը խնդրել է անվավեր ճանաչել Բանկի և Ընկերության միջև կնքված թվով 17 բեռնատարների և դրանց կցորդների առուվաճառքի պայմանագրերը և որպես անվավերության հետևանք՝ նույն բեռնատարների և կցորդների նկատմամբ Բանկի և Ընկերության միջև կնքված ֆինանսական վարձակալության (լիզինգ) պայմանագիրը»։
3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.
«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝
1. 29.04.2016 թվականին կնքված թիվ TFL000226 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի համաձայն, Պարտապանին ֆինանսական վարձակալությամբ է տրամադրվել Բանկին սեփականության իրավունքով պատկանող բեռնատարները և դրանց կցորդիչները: Լիզինգի առարկայի (բեռնատարների և դրանց կցորդիչների) ձեռք բերման համար Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորման գումարը կազմել է 75․700․890,00 ՀՀ դրամ, վարձակալության ժամկետը կազմում է 24 ամիս, վարձավճարների, տոկոսների և լիզինգի սպասարկման ժամկետները սահմանվում են համաձայն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածում նշված ժամանակացույցի:
2․ Բանկի և Ընկերության միջև 29․04․2016 թվականին կնքվել է հիմնական միջոցի առուվաճառքի թիվ 000226 պայմանագիր, որով միաժամանակ և՛ վաճառող, և՛ վարձակալ է հանդիսանում Ընկերությունը, իսկ գնորդ՝ Բանկը։ Նույն պայմանագրի 1․1 կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվում է Գնորդին ի սեփականություն հանձնել Պայմանագրի անբաժանելի մաս կազմող Հավելված 1-ում գույքերը (այսուհետ՝ բոլորը միասին՝ Բեռնատարներ) պայմանագրի կնքման օրվանից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, Վարձակալը պարտավորվում է Գնորդի ներկայությամբ ընդունել Բեռնատարները Պայմանագրի 1․3 կետում նշված կարգով, իսկ Գնորդը պարտավորվում է վճարել բեռնատարերի համար՝ Պայմանագրով նախատեսված չափով, կարգով և ժամկետներում։ Նույն պայմանագրի 2․1 կետի համաձայն՝ Պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 75․700․890 /յոթանասունհինգ միլիոն յոթ հարյուր հազար ութ հարյուր իննսուն/ ՀՀ դրամ։
3․ 03.05.2016 թվականին կնքված թիվ TFL000228 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի համաձայն, Բանկին սեփականության իրավունքով պատկանող բեռնատարները և դրանց կցորդիչները ֆինանսական վարձակալությամբ տրամադրվել են Պարտապանին։ Լիզինգի առարկայի (բեռնատարների և դրանց կցորդիչների) ձեռք բերման համար Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորման գումարը կազմել է 10․093․456,00 ՀՀ դրամ, վարձակալության ժամկետը կազմում է 24 ամիս, վարձավճարների, տոկոսների և լիզինգի սպասարկման ժամկետները սահմանվում են համաձայն պայմանագրի անբաժանելի մասը հանդիսացող հավելվածում նշված ժամանակացույցի։
4․ Բանկի և Ընկերության միջև 03․05․2016 թվականին կնքվել է հիմնական միջոցի առուվաճառքի թիվ 000228 պայմանագիր, որով միաժամանակ և՛ վաճառող, և՛ վարձակալ է հանդիսանում Ընկերությունը, իսկ գնորդ՝ Բանկը։ Նույն պայմանագրի 1․1 կետի համաձայն՝ վաճառողը պարտավորվում է Գնորդին ի սեփականություն հանձնել Պայմանագրի անբաժանելի մաս կազմող Հավելված 1-ում գույքերը (այսուհետ՝ բոլորը միասին՝ Բեռնատարներ) պայմանագրի կնքման օրվանից հետո՝ 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում, Վարձակալը պարտավորվում է Գնորդի ներկայությամբ ընդունել Բեռնատարները Պայմանագրի 1․3 կետում նշված կարգով, իսկ Գնորդը պարտավորվում է վճարել բեռնատարերի համար՝ Պայմանագրով նախատեսված չափով, կարգով և ժամկետներում։ Նույն պայմանագրի 2․1 կետի համաձայն՝ Պայմանագրի ընդհանուր գինը կազմում է 10,093,456 /տասը միլիոն իննսուներեք հազար չորս հարյուր հիսունվեց/ ՀՀ դրամ։
5․ Բանկը պատճառաբանել է, թե պարտապանի ընդհանուր պարտավորությունը ժամկետանց օրերի քանակը 20.04.2018 թվականի դրությամբ կազմում է 112 օր կազմում է 2․108․725 ԱՄՆ դոլար, որից՝ թիվ TFL000228 պայմանագրի գծով՝ 21․578,27 ԱՄՆ դոլար, թիվ TFL000226 պայմանագրի գծով՝ 161․508,03 ԱՄՆ դոլար (հավելված 1-ին, գ․թ․ 3-7):
6․ Ընկերությունն իր առարկությամբ հայտնել է, որ Ընկերության և Բանկի միջև 2016 թվականի ապրիլի 29-ին և մայիսի 3-ին կնքվել են հիմնական միջոցի առուվաճառքի պայմանագրեր և ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրեր, սակայն Բանկի կողմից Ընկերության հաշվին 429.261.472 ՀՀ դրամ փոխանցելու փոխարեն փոխանցվել է 85.794.346 ՀՀ դրամ (հավելված 1-ին, գ․թ․ 144-149)։
7. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 16.07.2018 թվականի թիվ ԵԴ/13781/02/18 որոշմամբ ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Արտյոմ և Վահագն» ՍՊԸ-ի՝ շարժական գույքերն ապօրինի տիրապետումից հետ պահանջելու պահանջի մասին, հայցադիմումն ընդունվել է վարույթ (հավելված 2-րդ, գ․թ․ 11)։
8. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2020 թվականի որոշմամբ թիվ ԵԴ/13781/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի ընդդեմ «Արտյոմ և Վահագն» ՍՊԸ-ի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, «Արտյոմ և Վահագն» ՍՊԸ-ի ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ (հավելված 2-րդ, գ․թ․ 26)։
9․ Հակընդդեմ հայցով Ընկերությունը պահանջել է կիրառել կողմերի միջև 28.04.2016 թվականին և 03.03.2016 թվականին կնքված բեռնատարների և կցորդների առուվաճառքի պայմանագրերի` որպես առոչինչ գործարքների անվավերության հետևանքներ, այն է` անվավեր ճանաչել նշված բեռնատարների և կցորդների նկատմամբ Բանկի անունով տրված սեփականության իրավունքի վկայականները և 29.04.2016 թվականին ու 03.05.2016 թվականին կողմերի միջև կնքված ֆինանսական վարձակալության պայմանագրերը (գ․թ հավելված 2-րդ գ․թ․ 26)»:
4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վճարային պարտավորության վերաբերյալ նյութաիրավական վեճի առկայության պայմաններում պարտապանին սնանկ ճանաչելու հնարավորության իրավական հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները։
Մինչև 01․10․2020 թվականը գործող խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
ՀՀ սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: ՀՀ սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերվում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արտահայտել է իրավական դիրքորոշում այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում։ Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը (տե՛ս «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0074/04/09 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.04.2011 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասը կարգավորում է նաև այն դեպքերը, երբ պարտապանը վիճարկում է պարտավորության անվիճելի լինելու փաստը, այլ կերպ ասած` առարկում է իրեն սնանկ ճանաչելու պահանջի դեմ, և այդ առարկությունները վերաբերում են վճարային պարտավորությանը (այլ ոչ թե կետանցին կամ կետանցի շարունակվելուն): Նման պայմաններում վերը հիշատակված հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «անվիճելի վճարային պարտավորություն» եզրույթի բովանդակությունը բացահայտելու համար անհրաժեշտ է այն դիտարկել նույն կետի «դ» ենթակետի համատեքստում: Մասնավորապես` այն պարտավորությունը, որը վիճարկվում է պարտապանի կողմից կամ որի դեմ պարտապանը ներկայացրել է առարկություն, անվիճելի է, եթե այդպիսի առարկությունն ուղղված է պահանջի մի մասի դեմ, իսկ մնացած մասը չի վիճարկվում: Այլ կերպ` չվիճարկվող մասը, եթե այն գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, անվիճելի է դարձնում պարտավորությունն առնվազն այդ մասով (տե՛ս «Յունիբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):
Զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է, մասնավորապես, այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար, օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար: Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը (օրինակ, վկայի պարտավորության կատարումից ընդհանրապես հրաժարվելու հնարավորության մասին, ինչպես որ առկա է եղել վերոնշյալ թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործի պայմաններում): Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից (տե՛ս «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարել հավելել, որ նյութաիրավական վեճի առկայությունը կարող է դրսևորվել բացառապես հայցադիմումը դատարանի կողմից վարույթ ընդունված լինելու հանգամանքով՝ հիմք ընդունելով պահանջի դեմ առարկելու համար հիմքերի բավարարության պահանջը, քանի որ հայցադիմումը դատարան ներկայացված լինելու փաստը որպես պահանջի դեմ առարկելու բավարար հիմք դիտարկելու դեպքում անհնարին կլինի ապահովել սնանկության վարույթի կայունությունը և բացառել հայցադիմումներ ներկայացնելու միջոցով պարտավորության վիճելիության ձևական ապացույցներ ստեղծելու հնարավորությունը (տե՛ս ըստ դիմումի Սեդրակ Առուստամյանի՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին, թիվ ՍնԴ/0736/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.01.2023 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքը ոչ թե ցանկացած, այլ վճռի կայացման պահին անվիճելի վճարային պարտավորության առկայությունն է: Ընդ որում, պարտավորության անվիճելիությունը, եթե անգամ այն բխում է գրավոր գործարքից, կարող է կասկածի տակ դրվել, եթե առկա է այնպիսի նյութաիրավական վեճ, որը հնարավորություն է ստեղծում պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ վեճի հիմքից: Ուստի, նյութաիրավական վեճի առկայությունը պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է, եթե պարտապանը ներկայացրել է այնպիսի վեճի առկայությունը հաստատող ապացույցներ, որը հնարավոր է դարձնում պարտատիրոջ պահանջն առհասարակ չկատարելը և այդպիսով պարտատիրոջ պահանջի անվիճելիությունը կասկածի տակ դնելը (տե՛ս ըստ դիմումի Սեդրակ Առուստամյանի՝ Գուրգեն Խաչատրյանին սնանկ ճանաչելու պահանջի մասին թիվ ՍնԴ/0736/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.01.2023 թվականի որոշումը):
Վերոգրյալից բխում է, որ դատարանը սնանկության դիմումը բավարարելու հիմքերի առկայությունը պետք է գնահատի վճռի կայացման պահի դրությամբ, և ըստ այդմ յուրաքանչյուր դեպքում դատավարական իրավունքի նորմերով ամրագրված պահանջները չպետք է մեկնաբանվեն և կիրառվեն այնպես, որ անհնարին լինի ապահովել վճռի կայացման պահին պարտապանի փաստացի անվճարունակության պայմանների առկայության օբյեկտիվ և ճիշտ գնահատումը։ Մասնավորապես, այդ պահանջների կիրառմամբ չի կարող ի չիք դառնալ անձի արդար դատաքննության իրավունքը՝ իր գործի արդարացիորեն լուծման, իր գործն այնպիսի պայմաններում ներկայացնելու ողջամիտ հնարավորություն տրամադրված լինելու տեսանկյունից, այդ թվում` ապացույց ներկայացնելու, որոնք նրան իր հակառակորդի նկատմամբ չեն դնի էականորեն նվազ բարենպաստ վիճակում (տե՛ս Անկերլն ընդդեմ Շվեյցարիայի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 23.10.1996 թվականի վճիռը, կետ 38):
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով օրենսդիրը սպառիչ կերպով ներկայացրել է այն պայմանները, որոնց միաժամանակյա առկայության դեպքում միայն պարտատիրոջ պահանջով (հարկադիր սնանկություն) հնարավոր է անձին ճանաչել սնանկ։
Վկայակոչված իրավանորմերի և իրավական դիրքորոշումների համատեքստում, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու պարտադիր պայմանը նրա փաստացի անվճարունակությունն է։ Իրավահարաբերության ծագման պահին գործող «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածից ուղղակիորեն բխում է, որ փաստացի անվճարունակությունն իրենից ենթադրում է հետևյալ փաստակազմի միաժամանակյա առկայությունը՝
- պարտապանի վճարային պարտավորության առկայությունը,
- պարտավորության 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանցը,
- պարտավորության նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող չափը,
- վճռի կայացման պահին կետանցը շարունակվելը և պարտավորության անվիճելիությունը:
Պարտապանին սնանկ ճանաչելու համար պարտադիր նախապայմաններից է վճարային պարտավորության անվիճելիությունը: Ընդ որում, գործում է վճարային պարտավորության անվիճելի լինելու կանխավարկածը, քանի դեռ պարտապանը դրա դեմ չի առարկում, կամ առարկում է, բայց դիմողի պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Այլ կերպ՝ ակնհայտ է, որ սնանկ ճանաչելու համար որպես պարտադիր պայման օրենսդրի կողմից սահմանվել է պարտավորությունների անվիճելի լինելը, ինչը ենթադրում է, որ պարտապանին սնանկ ճանաչելու հիմքերի վերաբերյալ կողմերի միջև ոչ թե պետք է ընդհանրապես առկա չլինի նյութաիրավական որևէ վեճ, այլ չպետք է առկա լինի նյութաիրավական այնպիսի վեճ, որը հնարավորություն կարող է ստեղծել պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը։
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ․
Սույն գործի փաստերի համաձայն՝ Բանկի և Ընկերության միջև 29.04.2016 թվականին կնքվել է թիվ TFL000226, իսկ 03.05.2016 թվականին՝ թիվ TFL000228 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերը։ Համաձայն թիվ TFL000226 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրի՝ Բանկի կողմից Ընկերությանը տրամադրված ֆինանսավորման գումարը կազմել է 75․700․890,00 ՀՀ դրամ, վարձակալության ժամկետը՝ 24 ամիս, իսկ թիվ TFL000228 պայմանագրի համաձայն՝ ֆինանսավորման գումարը կազմել է 10․093․456,00 ՀՀ դրամ, վարձակալության ժամկետը՝ 24 ամիս:
29․04․2016 թվականին կնքվել է թիվ 000226, իսկ 03․05․2016 թվականին կնքվել է թիվ 000228 հիմնական միջոցի առուվաճառքի պայմանագիրը, որպիսի պայմանագրերով միաժամանակ և՛ վաճառող, և՛ վարձակալ է հանդիսանում Ընկերությունը, իսկ գնորդ՝ Բանկը։
Պարտավորության գումարը 20.04.2018 թվականի դրությամբ կազմում է 2․108․725 ԱՄՆ դոլար, որից՝ թիվ TFL000228 պայմանագրի գծով՝ 21․578,27 ԱՄՆ դոլար, թիվ TFL000226 պայմանագրի գծով՝ 161․508,03 ԱՄՆ դոլար, մնացած մասը՝ այլ պարտավորություններ:
Բանկը 09․07․2018 թվականին դիմելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` պահանջել է Ընկերության` ապօրինի տիրապետումից վերադարձնել Բանկին սեփականության իրավունքով պատկանող՝ Բանկի և Ընկերության միջև 29.04.2016 թվականին կնքված թիվ TFL000226 և 03.05.2016 թվականին կնքված թիվ TFL000228 ֆինանսական վարձակալության պայմանագրերով տրամադրված լիզինգի առարկա հանդիսացող և պայմանագրերի թիվ 1 հավելվածներում նշված գույքերը: Բանկի հայցադիմումը 16.07.2018 թվականի թիվ ԵԴ/13781/02/18 որոշմամբ ընդունվել է վարույթ։
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Ընկերությունը պահանջել է կիրառել առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 07.12.2020 թվականի թիվ ԵԴ/13781/02/18 որոշմամբ Ընկերության հակընդդեմ հայցն ընդունվել է վարույթ։
Դատարանը, Բանկի դիմումի բավարարման հիմքում դրել է այն հանգամանքը, որ Ընկերությունն ընդունել է, որ Բանկի կողմից Ընկերության հաշվին փոխանցվել է 85.794.346 ՀՀ դրամ, այս փաստի առկայությունն անվիճելի է անկախ լիզինգի պայմանագրի վիճարկման հանգամանքից և ԵԴ/13781/02/18 գործի շրջանակներում պարզման կամ հաստատման ենթակա փաստերից, ինչպես նաև այն, որ վարձակալը՝ Ընկերությունը ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով նախատեսված անվիճելի փաստի առկայության լույսի ներքո պարտավորությունները պատշաճ չի կատարել, որի արդյունքում առկա է նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և 60-օրյա ու ավելի ժամկետի կետանց, հաշվանցի հնարավորության բացակայություն, վճռի կայացման պահին նշված կետանցի շարունակականություն, ուստի գտել է, որ վերոնշյալ հանգամանքն արդեն իսկ բավարար է պարտապանին սնանկ ճանաչելու փաստը հաստատված համարելու համար: Վերը նշվածի հաշվառմամբ, Դատարանը, հիմք ընդունելով նաև Բանկի դիրքորոշումները, գտել է, որ պարտապանի կողմից ներկայացված հայցադիմումը և հակընդդեմ հայցը բավարար ապացույցներ չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար՝ նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում, որ Ընկերությունը հնարավորություն կարող է ստանալ պարտքի գումարը, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ընդհանրապես չվճարել Բանկին: Այլ կերպ ասած՝ պարտապանը չի հիմնավորում, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի:
Վերաքննիչ դատարանը Դատարանի վճիռը բեկանելիս պատճառաբանել է, որ գործարքն անվավեր ճանաչվելու դեպքում մյուս կողմին այդ գործարքով ստացածը վերադարձնելու պարտավորությունը ծագում է դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ուստի այդ պահից էլ պարտապանի մոտ կառաջանա գործարքով ստացածը վերադարձնելու պարտավորությունը:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը գտել է, որ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և 60-օրյա ու ավելի ժամկետի կետանցի, հաշվանցի հնարավորության բացակայության, վճռի կայացման պահին նշված կետանցի շարունակականության վերաբերյալ Դատարանի եզրահանգումները հիմնավորված չեն:
Այսպիսով Վերաքննիչ դատարանը գտել է, որ լիզինգի պայմանագրերի վրա հիմնված Բանկի պահանջն անվիճելի չէ, քանի որ պարտապանի կողմից վիճարկվում է հենց այդ պայմանագրերի վավերությունը, և դրանք անվավեր ճանաչվելու դեպքում պահանջը չի կարող համարվել հիմնված գրավոր գործարքի վրա, որպիսի պայմաններում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը չէր կարող կիրառվել, իսկ այն կիրառելով Դատարանը թույլ է տվել նյութական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որը հանգեցրել է գործի սխալ լուծման, այսինքն՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի խախտման մասին բողոքաբերի փաստարկները հիմնավորված են:
Վճռաբեկ դատարանը, վճարային պարտավորության անվիճելիության հատկանիշի վերաբերյալ վերը նշված մեկնաբանությունների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությանը, արձանագրում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում ամրագրված հատկանիշները պետք է դիտարկել որպես մեկ ամբողջություն՝ պայմանով, որ սնանկության պահանջի դեմ պարտապանի առարկությունները պետք է բավարար չափով հիմնավորեն պահանջի անհիմն լինելը: Ընդ որում, նման առարկությունների հիմնավոր լինելու պարագայում վճարային պարտավորության՝ պարտքի չափը պետք է ավելի նվազ լինի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկից, որպեսզի բացառվի պարտապանի սնանկությունը:
Տվյալ դեպքում Ընկերությունը թիվ ԵԴ/13781/02/18 քաղաքացիական գործով ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով, այն հիմքով, որ առուվաճառքի պայմանագրերի հիման վրա խնդրո առարկա բեռնատարների և կցորդների նկատմամբ չունենալով սեփականության իրավունք՝ Բանկը դրանց նկատմամբ առանց որևէ իրավական հիմքի ձեռք է բերել սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, որից հետո դրանք ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով վարձակալությամբ հանձնել է Ընկերությանը: Այսինքն, ըստ Ընկերության դիրքորոշման՝ խնդրո առարկա առուվաճառքի պայմանագրերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածին համապատասխան, հանդիսանում են շինծու գործարքներ, որոնք առոչինչ են:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված հակընդդեմ հայցադիմումը և այն վարույթ ընդունելու մասին որոշումը բավարար հիմքեր չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար՝ նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում, որ Ընկերությունը հնարավորություն կարող է ստանալ պարտքի գումարը, մասնավորապես՝ Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորման գումարը, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ընդհանրապես չվճարել Բանկին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիզինգի առարկա հանդիսացող գույքը ձեռք է բերվել հենց Ընկերությունից՝ 29․04․2016 թվականին կնքված թիվ 000226 և 03․05․2016 թվականին կնքված թիվ 000228 հիմնական միջոցի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա, որոնցով և՛ վաճառող, և՛ լիզինգառու հանդես է եկել Ընկերությունը, իսկ գնորդ՝ Բանկը։ Նույն պայմանագրով Վաճառողը պարտավորվել է Գնորդին ի սեփականություն հանձնել Բեռնատարները և վճարել Բեռնատարերի համար՝ Պայմանագրով նախատեսված չափով, կարգով և ժամկետներում, իսկ Վարձակալը պարտավորվել է ընդունել Բեռնատարները։ Այսինքն՝ ըստ էության կնքվել է հետադարձ լիզինգի պայմանագրեր, քանի որ դրանցով լիզինգատուն պարտավորվել է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռք բերված գույքը:
Բացի այդ՝ պարտապանը չի հիմնավորում, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի՝ նաև նկատի ունենալով այն փաստը, որ Ընկերությունը չի առարկել Բանկի կողմից Ընկերության հաշվին 85.794.346 ՀՀ դրամ փոխանցված լինելու հանգամանքի վերաբերյալ, այլ ընդհակառակը՝ ընդունել է այն: Նշվածը հաշվի առնելով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քաղաքացիական գործը՝ նյութաիրավական վեճը, սույն սնանկության գործով չի բացառում պարտավորության անվիճելիության հատկանիշը՝ սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում: Ուստի, միայն այն, որ պարտավորության չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, և դրա պարտապանի հաշվին փոխանցելու վերաբերյալ Ընկերության կողմից ընդունելու փաստի առկայությունը, օրենքով սահմանված 60-օրյա ժամկետի կետանցը, ինչպես նաև մինչև վճռի կայացման պահը նշված կետանցի շարունակականությունը վկայող փաստական կազմի առկայությունը, արդեն իսկ բավարար են սնանկ ճանաչելու մասին դիմումը բավարարելու համար։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ հիշյալ հակընդդեմ հայցադիմումը, այն վարույթ ընդունելու մասին դատական ակտը բավարար ապացույցներ չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, հարուցված քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտով պարտապանը չի կարող ազատվել 29․04․2016 թվականին կնքված թիվ TFL000226 և 03․05․2016 թվականին կնքված թիվ TFL000228 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի հիման վրա առաջացած վճարման պարտականությունից, քանի որ գործարքի անվավերության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը։ Այսինքն՝ 29․04․2016 թվականին կնքված թիվ 000226 և 03․05․2016 թվականին կնքված թիվ 000228 հիմնական միջոցի առուվաճառքի պայմանագրի անվավերության դեպքում ևս Ընկերությունը Բանկի հանդեպ կունենա 85.794.346 ՀՀ դրամ վճարելու պարտականություն։ Այսպիսով հարուցված նյութաիրավական վեճն օբյեկտիվորեն չի կարող ողջամիտ հնարավորություն ստեղծել պարտապանի կողմից ընդհանրապես չկատարելու պարտատիրոջ դիմումի հիմքում մատնանշված պարտավորությունը՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից։
Վերը նշվածի հիման վրա Վճռաբեկ դատարանն անհիմն է համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը:
Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար։
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված՝ առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է»։
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա․ Աթաբեկյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 364-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե դատարանը չի կիրառել այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը պետք է կիրառեր, կիրառել է այն օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը, որը չպետք է կիրառեր, սխալ է մեկնաբանել օրենքը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կամ իրավական այլ ակտը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նյութական իրավունքի նորմի խախտումը կամ սխալ կիրառումը վճռի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է գործի սխալ լուծման:
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Տվյալ դեպքում օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի և նույն օրենսգրքի 364-րդ հոդվածի իմաստով՝ նյութական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում՝ դատական ակտի բեկանման հիմք է համարում նյութական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է գործի սխալ լուծման։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով՝ նշելով, որ «Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»։
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար համարելով Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու համար, Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարել է մասնակիորեն, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2022 թվականի որոշումը բեկանել է և օրինական ուժ է տվել Սնանկության դատարանի 12.04.2022 թվականի վճռին։
Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին՝ պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգման գալու համար։
Այսպես՝
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն՝ բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս կամ օրինական ուժի մեջ թողնելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ։
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը որպես Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու շարժառիթ, ըստ էության, նշել է, որ՝
- «Տվյալ դեպքում Ընկերությունը թիվ ԵԴ/13781/02/18 քաղաքացիական գործով ներկայացրել է հակընդդեմ հայցադիմում՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով, այն հիմքով, որ առուվաճառքի պայմանագրերի հիման վրա խնդրո առարկա բեռնատարների և կցորդների նկատմամբ չունենալով սեփականության իրավունք՝ Բանկը դրանց նկատմամբ առանց որևէ իրավական հիմքի ձեռք է բերել սեփականության իրավունքի գրանցման վկայականներ, որից հետո դրանք ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերով վարձակալությամբ հանձնել է Ընկերությանը: Այսինքն, ըստ Ընկերության դիրքորոշման՝ խնդրո առարկա առուվաճառքի պայմանագրերը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածին համապատասխան, հանդիսանում են շինծու գործարքներ, որոնք առոչինչ են»,
- «նշված հակընդդեմ հայցադիմումը և այն վարույթ ընդունելու մասին որոշումը բավարար հիմքեր չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար՝ նկատի ունենալով, որ ներկայացված ապացույցներով չի հիմնավորվում, որ Ընկերությունը հնարավորություն կարող է ստանալ պարտքի գումարը, մասնավորապես՝ Բանկի կողմից տրամադրված ֆինանսավորման գումարը, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ընդհանրապես չվճարել Բանկին: Ընդ որում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ լիզինգի առարկա հանդիսացող գույքը ձեռք է բերվել հենց Ընկերությունից՝ 29․04․2016 թվականին կնքված թիվ 000226 և 03․05․2016 թվականին կնքված թիվ 000228 հիմնական միջոցի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա, որոնցով և՛ վաճառող, և՛ լիզինգառու հանդես է եկել Ընկերությունը, իսկ գնորդ՝ Բանկը։ Նույն պայմանագրով Վաճառողը պարտավորվել է Գնորդին ի սեփականություն հանձնել Բեռնատարները և վճարել Բեռնատարերի համար՝ Պայմանագրով նախատեսված չափով, կարգով և ժամկետներում, իսկ Վարձակալը պարտավորվել է ընդունել Բեռնատարները։ Այսինքն՝ ըստ էության կնքվել է հետադարձ լիզինգի պայմանագրեր, քանի որ դրանցով լիզինգատուն պարտավորվել է վճարի դիմաց լիզինգառուի ժամանակավոր տիրապետմանը և օգտագործմանը հանձնել նրանից սեփականության իրավունքով ձեռք բերված գույքը»,
- «պարտապանը չի հիմնավորում, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի՝ նաև նկատի ունենալով այն փաստը, որ Ընկերությունը չի առարկել Բանկի կողմից Ընկերության հաշվին 85.794.346 ՀՀ դրամ փոխանցված լինելու հանգամանքի վերաբերյալ, այլ ընդհակառակը՝ ընդունել է այն»,
- «հիշյալ հակընդդեմ հայցադիմումը, այն վարույթ ընդունելու մասին դատական ակտը բավարար ապացույցներ չեն պարտավորության վիճելիությունը հիմնավորելու համար այն պատճառաբանությամբ, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 306-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով, հարուցված քաղաքացիական գործի քննության արդյունքում կայացվող դատական ակտով պարտապանը չի կարող ազատվել 29․04․2016 թվականին կնքված թիվ TFL000226 և 03․05․2016 թվականին կնքված թիվ TFL000228 ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրերի հիման վրա առաջացած վճարման պարտականությունից, քանի որ գործարքի անվավերության դեպքում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 304-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա կողմերից յուրաքանչյուրը պարտավոր կլինի մյուս կողմին վերադարձնել գործարքով ամբողջ ստացածը։ Այսինքն՝ 29․04․2016 թվականին կնքված թիվ 000226 և 03․05․2016 թվականին կնքված թիվ 000228 հիմնական միջոցի առուվաճառքի պայմանագրի անվավերության դեպքում ևս Ընկերությունը Բանկի հանդեպ կունենա 85.794.346 ՀՀ դրամ վճարելու պարտականություն։ Այսպիսով հարուցված նյութաիրավական վեճն օբյեկտիվորեն չի կարող ողջամիտ հնարավորություն ստեղծել պարտապանի կողմից ընդհանրապես չկատարելու պարտատիրոջ դիմումի հիմքում մատնանշված պարտավորությունը՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից»:
Կարծում ենք, որ վերը նշվածը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ Վերաքննիչ դատարանի 21.10.2022 թվականի դատական ակտը բեկանելու և Դատարանի 12.04.2022 թվականի վճռին օրինական ուժ տալու համար հետևյալ պատճառաբանությամբ։
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` սեփական նախաձեռնությամբ (կամավոր սնանկության դիմում) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է:
Մինչև 12.10.2020 թվականը գործած խմբագրությամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պարտապանը` դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել`
1) հարկադրված սնանկության դիմումի հիման վրա` եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։ Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`
ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,
բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր, այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),
դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը։
Սահմանադրական դատարանը 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշմամբ արձանագրել է, որ եթե առկա է վճարային պարտավորությունների վերաբերյալ վեճ, ապա պարտապանը պետք է հնարավորություն ունենա այդ վեճը լիարժեք դատական քննության առարկա դարձնել, որից հետո միայն կարող է հարց դրվել նրա անվիճելի վճարային պարտավորությունների կատարման մասին: Սահմանադրական դատարանը նաև նշել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ենթադրում է, որ խոսքը վերաբերում է ոչ թե պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերին, այլ նյութաիրավական վեճի առկայությանը, այն է՝ պարտավորության վիճելիությունը հավաստող հիմքերին:
Բացի այդ, Սահմանադրական դատարանը 23.09.2021 թվականի թիվ ՍԴՈ-1610 որոշմամբ արձանագրել է, որ պարտապանը սնանկության վարույթի և ոչ մի փուլում զրկված չէ դատական կարգով պարտատիրոջ դիմումի (սնանկության վարույթի հարուցման փուլում) կամ պահանջի հիմքում ընկած վճիռը, դատավճիռը, վարչական ակտը, գործարքը վիճարկելու հնարավորությունից, ընդ որում՝ կախված այն հանգամանքից, թե սնանկության վարույթի որ փուլում է պարտապանը վիճարկում պարտատիրոջ պահանջի հիմքերը՝ սնանկության գործի քննության ընթացքն ստանում է այլ ելք, մասնավորապես՝ այն դեպքում, երբ պարտապանը դատական կարգով վիճարկում է վճարային պարտավորության հիմքում դրված վճիռը, դատավճիռը, գործարքը կամ վարչական ակտը պարտապանին սնանկ ճանաչելու հարցի քննության փուլում, այսինքն՝ դատավարական նորմերին համապատասխան ապացուցում է, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ապա տվյալ պարագայում պահանջը, ըստ էության, դառնում է վիճելի, որպիսի պայմաններում բավարար հիմքերի առկայության դեպքում դատարանը կարող է մերժել սնանկության դիմումը:
«Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲԸ-ն ընդդեմ «Սիփան 1» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 01․04․2011 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի վերլուծությունը վկայում է, որ վճարային պարտավորությունները, որոնց կետանց է թույլ տվել պարտապանը, հիմք են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու համար, եթե դրանք անվիճելի են, իսկ նշված դրույթը չի բացառում վճարային պարտավորությունների հիմքում դրված գործարքների վերաբերյալ վեճի քննությունն այլ վարույթի շրջանակներում։ Նման եզրահանգման համար ՀՀ վճռաբեկ դատարանը հիմք է ընդունել նաև այն հանգամանքը, որ նույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասից հետևում է, որ սնանկ ճանաչելու հիմք է ոչ թե վճարային պարտավորության, այլ անվիճելի վճարային պարտավորության առկայությունը։ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետի հիմքով վճարային պարտավորությունների անվիճելի լինելը կասկածի տակ առնելու համար բավարար է ոչ միայն պարտապանի պարտավորության կամ կետանցի բացակայության փաստն ապացուցող հիմքերի առկայությունը, այլ նյութաիրավական վեճի առկայությունը, որն ինքնին պարտավորության վիճելիությունը հավաստող հիմք է: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ «պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր» ձևակերպումը ներառում է նաև պարտավորության հիմքերի հետ կապված նյութաիրավական վեճի առկայությունը:
Մեկ այլ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «Գամմա Կրեդիտ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/0062/04/16 սնանկության գործով 27.12.2017 թվականին կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, զարգացնելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված «անվիճելի վճարային պարտավորությունն» առկա է, մասնավորապես, այն դեպքում, երբ պարտապանն առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը): Հետևաբար, օրենսդիրը կարևորել է, որ վճարային պարտավորության անվիճելիությունը կասկածի տակ դնելու համար պարտապանը պետք է ներկայացնի բավարար ապացույցներ իր առարկության հիմնավորման համար: Նման ապացույցը պետք է լինի այնպիսին, որ առերևույթ կասկածի տակ դնի պարտատիրոջ պահանջի հիմնավորվածությունը, անվիճելիությունը (օրինակ, վկայի պարտավորության կատարումից ընդհանրապես հրաժարվելու հնարավորության մասին, ինչպես որ առկա է եղել վերոնշյալ թիվ ԵԿԴ/0074/04/09 քաղաքացիական գործի պայմաններում): Ընդ որում, եթե անգամ առարկությունը հիմնավոր լինելու պայմաններում այդուհանդերձ առկա է լինում նաև չվիճարկվող պահանջ, որի չափը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը, ապա պարտապանին սնանկ ճանաչելը չի բացառվում:
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ պահանջի դեմ առարկություն ներկայացնելը կարող է վերաբերել պարտավորության հիմքերին, պահանջն արդեն կատարված լինելուն, պահանջի չափին և այլն: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նյութաիրավական վեճի առկայությունը, որը խոչընդոտ չի հանդիսանալու սնանկության վարույթում ներկայացված և օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջի բավարարմանը, այլ կերպ ասած՝ ամեն դեպքում առկա է լինելու նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պահանջ՝ անկախ նյութաիրավական վեճի ելքից, չի կարող արգելք հանդիսանալ պարտավորությունն անվիճելի դիտելու համար: Նման հետևությունը պայմանավորված է նրանով, որ օրենսդրի կողմից պարտավորության անվիճելիությունն ինքնանպատակ չի սահմանվել, և ցանկացած նյութաիրավական վեճի առկայության դեպքում սնանկ ճանաչելու հնարավորությունը բացառելը կարժեզրկի նման նորմի նպատակը, այն է՝ բացառել անձին սնանկ ճանաչելը, մասնավորապես, այնպիսի պարտավորությունների վրա հիմնված պահանջով, որը հետագայում կարող է վերանալ մեկ այլ գործի շրջանակներում կայացված ակտի հիման վրա: Այսինքն՝ նյութաիրավական վեճը պետք է լինի այնպիսին, որ հնարավորություն ստեղծի պարտապանի կողմից ընդհանրապես չկատարել պարտատիրոջ պահանջը՝ անկախ նյութաիրավական վեճի հիմքից:
Ստեփան Դանիելյանի սնանկության գործով կառավարիչ Հովհաննես Սողոմոնյանն ընդդեմ Լևոն Մանասերյանի թիվ ՍնԴ/0882/04/21 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը 03.02.2023 թվականի որոշմամբ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ մինչև եզրափակիչ դատական ակտի կայացումը հայցային վարույթով քաղաքացիական գործի առկայությունն ուղղակի վկայում է վեճի առկայության մասին, հակառակ դեպքում կբացառվեր հայցային վարույթով գործի քննությունը։ Հետևաբար նման պայմաններում քննվող հայցի փաստական հիմքով սնանկ ճանաչելու դիմումի ներկայացումը չի կարող վկայել պահանջի անվիճելիության մասին՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ սնանկ ճանաչելու մասին դիմումի ներկայացումը խոչընդոտ չէ դատարանում հարուցված քաղաքացիական գործի ընթացքի համար։
ՀՀ վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածով նախատեսված տնօրինչականության սկզբունքի կիրառման հաշվառմամբ և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սնանկ ճանաչելու համար պարտավորության անվիճելիության հատկանիշի առկայությունը չի կարող հաստատված համարվել ոչ միայն պարտավորությունը պարտապանի կողմից վիճարկված լինելու, այլ նաև պարտատիրոջ կողմից նույն պարտավորության հիմքով դատարանում հարուցված և չավարտված քաղաքացիական գործի առկայության դեպքում, որպիսի հանգամանքն արդեն իսկ ենթադրում է նյութաիրավական վեճ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բովանդակային առումով սնանկության դիմումի բավարարումն, ըստ էության, անվիճելի վճարային պարտավորության փաստի ճանաչումն է, որի չափը և կետանցը բավարար են պարտապանին սնանկ ճանաչելու համար, սնանկ ճանաչելու դիմումի հիմքում դրված վճարային պարտավորության կապակցությամբ հայցային վարույթով քննվող քաղաքացիական գործի առկայությունը փաստում է նյութաիրավական վեճի մասին՝ անկախ պարտապանի կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու հանգամանքից։
ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տվյալ քաղաքացիական գործի շրջանակներում վճարային պարտավորությունների վերաբերյալ քննվող գործի առկայության պայմաններում այդ վեճի լիարժեք դատական քննության առարկա դառնալուց հետո միայն կարող էր պարտապանի մոտ անվիճելի վճարային պարտավորությունների առկայության մասին հետևություն արվել:
Տվյալ դեպքում դիմելով Դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ՝ դիմումի հիմքում դնելով այն, որ՝
1) Բանկի և Ընկերության միջև 02.07.2014 թվականին կնքված թիվ VP026951ՀՊ «Հիմնական պայմանագիր»-ի հիման վրա կնքվել են թվով հինգ «Վարկ տրամադրելու մասին» լրացուցիչ համաձայնագրեր, որոնց հիման վրա Ընկերությանը տրամադրվել են վարկային գումարներ,
2) կնքվել են նաև ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրեր, որոնց համաձայն՝ Ընկերությանը ֆինանսական վարձակալությամբ տրամադրվել են Բանկին սեփականության իրավունքով պատկանող բեռնատարները և դրանց կցորդիչները, որոնց ձեռք բերելու համար Բանկի կողմից տրամադրվել են ֆինանսավորման գումարներ,
3) Ընկերությունը, խախտելով պայմանագրի դրույթները, սահմանված ժամկետներում չի իրականացրել օգտագործված գումարի և տոկոսագումարի մարումներ, ինչի հետևանքով առաջացել են ժամկետանց պարտավորություններ,
4) Ընկերության ընդհանուր պարտավորությունը 21.03.2018 թվականի դրությամբ կազմում է 2.108.725,00 ԱՄՆ դոլար:
Ընկերությունն առարկել է հիշյալ պարտավորության դեմ՝ նշելով, որ՝
1) իր, «Սպիտակի Հացամթերքի Կոմբինատ» ԲԲԸ-ի, Արտյոմ Մակարյանի, Լուսինե Մելոյանի, Սյուզաննա Գրիգորյանի և «Տիգրան Վ» ՍՊԸ-ի կողմից, մինչ դիմումը Դատարան ներկայացնելը, հայցադիմում է ներկայացվել մեկ այլ դատարան ընդդեմ Բանկի, երրորդ անձինք «ԱՏ ԳՐԵՅՆ» ՍՊԸ-ի և «Նոր Հայկ» ՍՊԸ-ի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին, որով, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 4-րդ կետը, 303-րդ հոդվածի 3-րդ կետը, 304-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերը, 306-րդ հոդվածի 1-ին կետը, խնդրել են որպես առոչինչ գործարքի՝ Բանկի և Ընկերության միջև կնքված վերը նշված հիմնական պայմանագրի, ներառյալ՝ դրա անբաժանելի մասը հանդիսացող բոլոր համաձայնագրերի անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչել Բանկի ու իրենց միջև ի ապահովումն գոյություն չունեցող վարկային պարտավորությունների կնքված գրավի և երաշխավորության բոլոր պայմանագրերը, ներառյալ դրանցում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին բոլոր համաձայնագրերը՝ հայցի հիմքում դնելով այն, որ թեև հիմնական պայմանագրի, ներառյալ՝ դրա անբաժանելի մասը հանդիսացող համաձայնագրերի մեջ Ընկերությունը նշվել է իբրև «Վարկառու», այնուամենայնիվ նա փաստացի վարկառու չի հանդիսացել, քանի որ իրականում Բանկում Ընկերության ունեցած բանկային հաշիվները Բանկն օգտագործել է որպես հիշյալ պայմանագրում և համաձայնագրերում նշված վարկի գումարներն այլ անձանց փոխանցելու տարանցիկ ուղի, որպիսի փաստը, ի թիվս այլ ապացույցների, հաստատվում է Ընկերության բանկային հաշվի քաղվածքներով,
2) նշված հայցադիմումն ընդունվել է վարույթ, բավարարվել է հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին հայցվորների միջնորդությունը և Բանկին արգելվել է հայցվորների հետ կնքված գրավի պայմանագրերի հիման վրա գրավադրված գույքն իրացնել՝ մինչև գործով վերջնական դատական ակտ կայացնելը:
Պարտապանը նշել է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի հիման վրա Ընկերությանը սնանկ ճանաչելու հիմքերը բացակայում են, քանի որ Սահմանադրական դատարանի 25.02.2008 թվականի թիվ ՍԴՈ-735 որոշման 10-րդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում Ընկերությունը Բանկի պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, ինչը նա իրականացնում է թիվ ԵԴ/0159/02/18 քաղաքացիական գործի շրջանակներում:
Հիմք ընդունելով սույն գործի փաստերը, վերը նշված քաղաքացիական գործով ներկայացված հայցադիմումում նշված պահանջը, այդ պահանջի հիմքում պարտապանի կողմից վկայակոչված փաստական հիմքերը, գտնում ենք, որ տվյալ դեպքում բացակայում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «բ» ենթակետում նշված հիմքով սնանկ ճանաչելու համար անհրաժեշտ պայմաններից մեկը՝ վճարային պարտավորությունը տվյալ դեպքում անվիճելի չէ՝ թեկուզև պահանջը հիմնված է գրավոր գործարքների վրա: Տվյալ դեպքում պարտապանն ապացուցել է, որ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի, որպիսի եզրահանգումը պայմանավորված է ինչպես Սահմանադրական դատարանի վերը նշված որոշումներով, այնպես էլ ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված որոշումներով արտահայտված դիրքորոշումներով:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ։
Դատավոր` Դատավոր` Գ. Հակոբյան Ա. Աթաբեկյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական: