ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/24965/02/18 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.04.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
09.04.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
09.04.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24965/02/18

2025 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24965/02/18

Նախագահող դատավոր`

 Ն. Կարապետյան

Դատավորներ`

 Մ. Հարթենյան

 Ս. Մատինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով՝

 

նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

2025 թվականի ապրիլի 09-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) հայցի ընդդեմ Հայբիզնեսբանկ ՓԲԸ-ի/ այսուհետ Բանկ, իրավահաջորդն է «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ն/ ՝ պարտավորությունը դադարած համարելու պահանջի մասին, և ըստ Բանկի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ գործին մասնակից չդարձած անձ Հակոբ Սիմոնյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է դադարած համարել Բանկի և իր միջև 27.07.2016 թվականին կնքված՝ Ֆինանսական գործիքներ տրամադրելու թիվ GV06-0029 հիմնական պայմանագրով սահմանված իր բոլոր պարտավորությունները։

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է Ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել 13.265.805,75 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից 5.130.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ որպես վարկի գումարի մնացորդ, 1.760.234,40 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ որպես հաշվարկված տոկոսի գումար, 2.885.767,02 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս, 3.489.804,33 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամը՝ որպես ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ, 5.130.000 ԱՄՆ դոլար ժամկետանց վարկի գումարին հաշվեգրել և բռնագանձել տոկոսներ՝ տարեկան 36 տոկոս տոկոսադրույքով՝ սկսած 17.02.2021 թվականից մինչև պարտավորության կատարման՝ վարկի գումարների փաստացի վճարման օրը, ժամկետանց տոկոսագումարին հաշվեգրել ու բռնագանձել տույժ՝ սկսած 17.02.2021 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, ինչպես նաև տույժ՝ յուրաքանչյուր ուշացված օրվա համար չվճարված տոկոսագումարի 0,2 տոկոսի չափով։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.01.2024 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 19.03.2024 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Հակոբ Սիմոնյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել գործին մասնակից չդարձած անձ Հակոբ Սիմոնյանը (ներկայացուցիչ Էդգար Հակոբյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 18022018 թվականին գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ և 9-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված հիմքի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ 18022018 թվականին գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը գործին մասնակից չդարձած անձանց մասով պետական տուրք վճարելու պարտականության ուղղակի ամրագրում չի պարունակում։ Վերաքննիչ դատարանը, սխալ մեկնաբանելով 18022018 թվականին գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, իր վրա դրել է պետական տուրք վճարելու անհամաչափ պարտավորություն՝ դրանով խախտելով իր արդար դատաքննության և դատարանի մատչելիության իրավունքները։

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «բեկանել» Վերաքննիչ դատարանի 19.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը։

 

 3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3‑րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել մինչև 30102021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը։

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (…) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ‑Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R (95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

Ըստ Եվրոպական դատարանի՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը։ Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն՝ Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (…) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22032007 թվականի վճիռը, կետ 125)։

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արդարադատության մատչելիության իրավունքը սերտորեն փոխկապակցված է դատարան դիմելու իրավունքի ֆինանսական սահմանափակման՝ օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրք վճարելու պարտականության հետ: Պետական տուրքն ընդգրկված է դատական ծախսերի կազմում, որի հասկացությունը, տեսակները, դրույքաչափերը, պետական տուրքը գանձելու, վերադարձնելու, արտոնություններ տրամադրելու կարգը և պայմանները կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Որպեսզի անձը խախտված իրավունքների պաշտպանության համար կարողանա իրացնել դատարան դիմելու հնարավորությունը, նա պետք է նախևառաջ վճարի օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափով պետական տուրք (տե՛ս Հայկ Օհանյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/1115/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.11.2018 թվականի որոշումը):

Վերահաստատելով իր իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ անձն իր իրավունքների դատական պաշտպանության համար պետք է կատարի օրենքով սահմանված դատական ծախսեր, որոնք իրենց մեջ ներառում են նաև հայցադիմումի, դիմումի, ինչպես նաև վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելու համար պետական բյուջե վճարվող պետական տուրքի գումարները: Ընդ որում, պետական տուրքի գանձման օբյեկտների ցանկը և դրույքաչափերը` ըստ պահանջների ու գործը քննող ատյանների, ամրագրված են ու կարգավորվում են «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով (տե՛ս «Հայաստանի խուլերի միավորում» հասարակական կազմակերպությունը և մյուսներն ընդդեմ Վահագն Հովհաննիսյանի և մյուսների թիվ ԵԴ/24249/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Վերաքննիչ դատարանը 19.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Հակոբ Սիմոնյանի բերած վերաքննիչ բողոքը վերադարձրել է հետևյալ պատճառաբանությամբ

- «սույն գործի նկատմամբ կիրառելի է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը 18.02.2018 թվականի խմբագրմամբ, որտեղ վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրք վճարելու պարտավորությունը նախատեսված է բոլորի համար՝ անկախ դատավարական կարգավիճակից։ Այսինքն՝ գործին մասնակից չդարձած անձինք ևս պարտավոր են վճարել պետական տուրք։

Վերաքննիչ դատարանը նախ փաստում է, որ վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 20000 ՀՀ դրամ պետական տուրքի վճարման փաստը հավաստող ապացույց, սակայն չի ներկայացվել պետական տուրքի վճարումը տարաժամկետելու մասին միջնորդություն կամ պետական տուրքի գծով արտոնություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն:
Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ սույն գործով վճարման ենթակա պետական տուրքի գումարը կազմում է 160.920.855,6 ՀՀ դրամ (13.265.805,75 ԱՄՆ դոլար*3%:100=397.974.17, 397.974.17*404.35( վերաքննիչ բողոք ներկայացնելու օրվա դրությամբ գործող փոխարժեք)= 160.920.855,6) ՀՀ դրամ՝ հակընդդեմ հայցի մասով և 10.000 ՀՀ դրամ՝ սկզբնական հայցի մասով
»։

Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության իրավունքի վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե չեն պահպանվել նույն օրենսգրքի 368‑րդ հոդվածի պահանջները։

Մինչև 07012023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ (...

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Մինչև 30102021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքն առանձնահատուկ իրավակարգավորում չի նախատեսել գործին մասնակից չդարձած անձանց կողմից վերաքննիչ և վճռաբեկ բողոք ներկայացնելիս որոշակի չափով պետական տուրք վճարելու վերաբերյալ։ Նշված իրավակարգավորումը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենք է ներմուծվել 30102021 թվականին ուժի մեջ մտած օրենքով, որի համաձայն նախատեսվել է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար գործին մասնակից չդարձած անձանց բողոքներով ենթակա է վճարման բազային տուրքի 20-ապատիկի չափով պետական տուրք, իսկ վճռաբեկ բողոքների համար՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով պետական տուրք։

Նույն օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվել է, որ օրենքը տարածվում է այն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված հայցադիմումների (դիմումների) և դրանց հիման վրա հարուցված գործերի վրա, իսկ 4-րդ մասով նախատեսվել է, որ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված հայցադիմումների (դիմումների) քննության արդյունքով կայացված դատական ակտերի, այդ թվում` հայցադիմումի (դիմումի) ընդունումը մերժելու մասին կամ հայցադիմումը (դիմումը) վերադարձնելու մասին որոշումների բողոքարկման դեպքում կիրառվում են մինչև օրենքն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, ներառյալ` դատարաններում պետական տուրքի գծով սահմանված արտոնությունները։

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտը պարունակում է անցումային դրույթներ, եթե անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին նախատեսվում է տալ հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար անհրաժեշտ է սահմանել համապատասխան նորմեր: Այս դեպքում նորմատիվ իրավական ակտի անցումային դրույթներով սահմանվում են`

1) նորմատիվ իրավական ակտը կամ դրա այն մասերը, որոնց տրվում է հետադարձ ուժ.

2) հետադարձ ուժ տալու իրավակարգավորումների (ժամկետների, պայմանների, անձանց շրջանակի) համար անհրաժեշտ համապատասխան նորմեր:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա, եթե այլ բան նախատեսված չէ Սահմանադրությամբ, օրենքով կամ տվյալ նորմատիվ իրավական ակտով: Նույն հոդվածի 2‑րդ մասով սահմանվում է, որ Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն, իսկ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Նկատի ունենալով այն, որ նորմատիվ իրավական ակտում անցումային դրույթներ ներառելը նպատակ է հետապնդում անձի իրավական վիճակը բարելավող նորմատիվ իրավական ակտին տալու հետադարձ ուժ, կամ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտին հետադարձ ուժ տալու համար սահմանելու համապատասխան անհրաժեշտ նորմեր, որը տվյալ դեպքում սահմանվել է Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով, սակայն չի սահմանել գործին մասնակից չդարձած անձի կողմից վերաքննիչ բողոք բերելու հետ կապված կարգավորումներ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում կիրառելի է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված նորմատիվ իրավական ակտի գործողությունը ժամանակի մեջ կանոնը, այն է՝ նորմատիվ իրավական ակտի գործողությունը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո գործող հարաբերությունների վրա։

Սույն գործով վերաքննիչ բողոքը ներկայացվել է 23022024 թվականին (Հավելված 1, գթ 1), որի ժամանակ գործել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը 30102021 թվականին ուժի մեջ մտած լրացման խմբագրությամբ, որի 9-րդ հոդվածի 10-րդ կետի «դ» ենթակետի կանոնակարգումից բխում է, որ գործին մասնակից չդարձած անձանց բողոքներով վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը ենթակա է գանձման 20000 ՀՀ դրամի չափով։ Վերաքննիչ բողոք ներկայացրած անձի կողմից վերաքննիչ բողոքին կից ներկայացվել է 20.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք վճարելու մասին ապացույց (հավելված 1-ին, գ թ 11)։ Նշված դատավարական փաստերից հետևում է, որ իրավահարաբերության ծագման պահին (վերաքննիչ բողոք բերած անձը դիմել է պետական տուրքի մասին ՀՀ օրենքի իմաստով ծառայություններ ստանալու) գործել է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը 30102021 թվականին ուժի մեջ մտած լրացման խմբագրությամբ, հետևաբար վերաքննիչ բողոք բերելու համար պետական տուրքը ենթակա էր վճարման 20 000 ՀՀ դրամի չափով։

Վերոնշյալ դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի՝ վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին վերը նշված պատճառաբանությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն անհիմն է, քանի որ գործին մասնակից չդարձած անձանց բողոքներով վերաքննիչ բողոքի համար պետական տուրքը ենթակա էր գանձման 20000 ՀՀ դրամի չափով, որպիսի չափով պետական տուրքը գործին մասնակից չդարձած անձ Հակոբ Սիմոնյանը վճարել է:

Ամփոփելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է գործին մասնակից չդարձած անձ Հակոբ Սիմոնյանի` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Այսպիսով` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 19.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 19.03.2024 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող

Ա ՄԿՐՏՉՅԱՆ

Զեկուցող

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ս․ ՄԵՂՐՅԱՆ

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան