ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
02 հունիսի 2025 թվականի ք. Երևան |
թիվ 70-Ա |
«ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ ՏԵԼԵՊՐՈՋԵՔԹ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) դիմումը և ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով, 2025 թվականի ապրիլի 02-ին, «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության (այսուհետ նաև՝ ցանցային օպերատոր) նկատմամբ հարուցել է թիվ 5 վարչական վարույթը` «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 49-րդ հոդվածի 1-ին մասով ամրագրված պահանջների առերևույթ խախտման հատկանիշներով։
Հանձնաժողովը վարչական վարույթի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության, ձեռք բերված ապացույցների ուսումնասիրության և գնահատման արդյունքում հաստատված է համարել այն փաստը, որ ցանցային օպերատորը տեսալսողական ծրագրերը վերահաղորդել է առանց համապատասխան վերահաղորդման իրավունքը հավաստող փաստաթղթերի՝ պայմանագրերի։
Քննարկվող հարցի համատեքստում կարևոր է համարվել, որ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ, Հանձնաժողովի 08․05․2024 թվականի թիվ 46-Ա, 28․06․2024 թվականի թիվ 68-Ա, 17.01.2025 թվականի թիվ 2-Ա և 14․03․2025 թվականի թիվ 19-Ա որոշումներով արդեն իսկ կիրառվել է վարչական տույժ՝ Օրենքի 57-րդ հոդվածի 6-րդ և 57-րդ հոդվածի 31-րդ մասերով։
Վերոգրյալից ելնելով, արձանագրվել է, որ առկա է ցանցային օպերատորի լիցենզիայի գործողության կասեցման առերևույթ հիմք և խախտումը չվերացնելու դեպքում, նաև լիցենզիայի դադարեցման հիմք, քանի որ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությունը մեկ տարվա ընթացքում սույն օրենքի 57-րդ հոդվածի 31-րդ մասով սահմանված հիմքով երեք անգամ ենթարկվել է վարչական տույժի, որից հետո կրկին նույն տարվա ընթացքում կատարել է Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ վարչական տույժի նշանակման համար հիմք համարվող արարք։
Հանձնաժողովը ղեկավարվելով 58-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության նկատմամբ 2025 թվականի ապրիլի 28-ի թիվ 41-Ա որոշմամբ կիրառել է վարչական տույժ՝ լիցենզիայի գործողության կասեցում 30 (երեսուն) օր ժամկետով։
2025 թվականի ապրիլի 28-ի թիվ 41-Ա որոշումն ուժի մեջ է մտել այն ցանցային օպերատորին պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից, իսկ լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվել որոշումն ուժի մեջ մտնելու պահից՝ 2025 թվականի մայիսի 03-ից: Ստացվում է, որ ցանցային օպերատորի լիցենզիայի կասեցման ժամկետը 03․05․2025 թվականից մինչև 01․06․2025 թվականն է։
Հիմք ընդունելով տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրությունը, ինչպես նաև վերոգրյալ իրավական հիմնավորումները՝ Հանձնաժողովն արձանագրում է.
1․ Ցանցային օպերատորը սահմանված ժամկետում չի վերացրել Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում նշված խախտումները, որպես ապացույց Հանձնաժողով չի ներկայացրել տեսալսողական ծրագրերը վերահաղորդելու վերաբերյալ պայմանագրերը։
2․ Ցանցային օպերատորը Հանձնաժողով չի ներկայացրել նաև տեղեկություն իր կողմից ցանցում վերահաղորդվող տեսալսողական ծրագրերի մասին։
3․ Ցանցային օպերատորը վարչական վարույթի շրջանակներում չի ներկայացրել որևէ բացատրություն, պարզաբանում, չի ներկայացել նաև վարչական վարույթի լսումներին։
4․ Ցանցային օպերատորը Հանձնաժողով չի ներկայացրել 2024 թվականի հասույթի գոյացման բացվածքը և չափի վերաբերյալ տեղեկությունը, ինչի համար Հանձնաժողովի 2025 թվականի մայիսի 13-ի թիվ 52-Ա որոշմամբ ենթարկվել է վարչական տույժի։
Փաստացի, ցանցային օպերատորը 2018 թվականի հուլիսի 20-ից հանդիսանում է Հանձնաժողովի կողմից լիցենզավորված իրավաբանական անձ (սփռման տարածքը՝ Լոռու մարզ, լիցենզիայի սերիան, համարը՝ ԿՀ N 259, գործողության ժամկետը՝ 20.07.2018թ.-20.07.2028թ․) և ունենալով Օրենքի առջև հստակ պարտավորություն, և ավելին բազմաթիվ անգամ ենթարկվելով պատասխանատվության նույն արարքի համար շարունակել է խախտել Օրենքի սահմանած դրույթները։
Հանձնաժողովի հիմնավորումները (պատճառաբանությունը) և եզրահանգումը.
Այսպիսով, սույն գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ուսումնասիրության շրջանակներում Հանձնաժողովն արձանագրում է, որ 2025 թվականի ապրիլի 28-ի թիվ 41-Ա որոշմամբ ցանցային օպերատորի նկատմամբ կիրառված վարչական տույժը՝ լիցենզիայի գործողության կասեցումը կիրառվել է 30 (երեսուն) օր ժամկետով, որը լրանում է 2025 թվականի հունիսի 01-ին։
Օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հեղինակազորման կամ լիցենզիայի գործողությունը կասեցնելուց հետո կարգավորող պետական մարմնի նշած ժամկետում սույն հոդվածի 1-ին մասում նշված խախտումները վերացնելու դեպքում կարգավորող պետական մարմինը վերացնում է կասեցումը:
Կասեցման ժամկետը չի կարող գերազանցել 30 օրը:
Օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ հեղինակազորումը կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվում է, եթե՝
4) սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված խախտումը չի վերացվել.
Վերը նշված փաստական և իրավական հիմնավորումներից ակնհայտ է, որ Հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 28-ի թիվ 41-Ա որոշմամբ լիցենզիայի գործողությունը կասեցվել է երեսուն օր ժամկետով, սակայն ցանցային օպերատորի կողմից չեն վերացվել մատնանշված իրավախախտումները, ինչը հիմք է հանդիսանում «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության լիցենզիայի գործողության դադարեցման:
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն՝ կարգավորող պետական մարմինը` Օրենքի խախտման կամ իր որոշումները չկատարելու դեպքում կիրառում է պատասխանատվության միջոցներ։
Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կարգավորող պետական մարմնի կողմից տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու, ինչպես նաև պետական այլ մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում տեսալսողական մեդիայի բնագավառը կարգավորող օրենսդրության պահանջների խախտման դեպքեր հայտնաբերվելու և դրանց մասին կարգավորող պետական մարմնին գրավոր տեղեկացվելու դեպքում կարգավորող պետական մարմինը կիրառում է հետևյալ վարչական տույժերը.
1) գրավոր նախազգուշացում.
2) տուգանք.
3) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության կասեցում.
4) հեղինակազորման կամ լիցենզիայի գործողության դադարեցում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետը և ղեկավարվելով 55-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Դադարեցնել «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերության 2018 թվականի հուլիսի 20-ին տրված ԿՀ N 259 ցանցային օպերատորի գործունեության լիցենզիան։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՄԱՅ ՆԵՏ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
|
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ |
Տ. ՀակոբՅԱՆ |
|
2025 թ. հունիսի 02 ք. Երևան |