Գլխավոր տեղեկություն
Համար
N 686-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.26-2025.06.08 Պաշտոնական հրապարակման օրը 30.05.2025
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.05.2025
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.05.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մայիսի 2025 թվականի N 686-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 1990-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի «Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառումը և կարգը հաստատելու մասին» N 1990-Լ որոշման՝

1) 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4) ապահովել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից սույն միջոցառման շրջանակում ֆինանսական միջոցների փոխանցման նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ համապատասխան պայմանագրերի կնքումը.

5) Հայաստանի բանկերի միության հետ համագործակցելով՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համաձայնագրեր, որոնցով կսահմանվեն միջոցառումից բխող առանձնահատկությունները, այդ թվում՝ միջոցառման շահառուների անհուսալի վարկերի գծով առաջացած տույժերի, տուգանքների և ժամկետանց տոկոսագումարների հնարավոր ներման դեպքերը, չափը, ժամկետներն ու կարգը։».

2) 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին կետով․

«3.1. Սույն որոշման 3-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերում նշված պայմանագրերն ու համաձայնագրերը կնքվում են այն առևտրային բանկերի և վարկային կազմակերպությունների հետ, որոնք սույն որոշման N 1 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի իմաստով հանդիսանում են վարկավորող։»․

3) 4-րդ և 5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Գլխավոր հարկադիր կատարողին՝ ապահովել սույն միջոցառման շրջանակում շահառու ճանաչվելու ժամանակահատվածում անձանց անհուսալի վարկերի մասով՝

1) բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներկայացված հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) պահվող (բռնագանձվող) չափը 20% սահմանելը, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ.

2) գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումների կասեցումը՝ առանց այդ գույքերի նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր։

5. Միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ։».

4) N 1 հավելվածի՝

ա․ 2-րդ կետի 1-ին ենթակետում «որն» բառը փոխարինել «որը դիմում ներկայացնելու օրվա դրությամբ» բառերով,

բ. 2-րդ կետի 2-րդ, 3-րդ և 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) աշխատող՝ գործատուի (այդ թվում` հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի) հետ օրենքով սահմանված կարգով աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտ (բացառությամբ ձեռնարկատիրական եկամտի) ստացող ֆիզիկական անձ.

3) շահառու՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի (Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի) հանդիսացող կամ Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի կարգավիճակ ունեցող աշխատող, որը՝

ա. սույն միջոցառման շահառու ճանաչվելու համար սահմանված կարգով ներկայացրել է դիմում,

բ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկ(եր)ում կամ վարկային կազմակերպություն(ներ)ում ունի միայն անհուսալի վարկ(եր), որի (որոնց) մայր գումարը (անհուսալի վարկերի մայր գումարների հանրագումարը) դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը՝ հաշվարկված դիմելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով),

գ. սույն միջոցառման շահառու դառնալու համար դիմում ներկայացնելու օրվա դրությամբ հանդիսանում է աշխատող՝ ըստ «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունից, Ազգային անվտանգության ծառայությունից, Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) ստացված տեղեկատվության.

5) վարկավորող՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող և լուծարման գործընթացում գտնվող առևտրային բանկ կամ վարկային կազմակերպություն, որը տրամադրել է շահառուի անհուսալի վարկը.»,

գ. 3-րդ կետը «պարտավորության» բառից հետո լրացնել «(պարտավորությունների)» բառով,

դ. 4-6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«4. Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու ամսվան հաջորդող ամսվանից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի (մի քանի անհուսալի վարկի առկայության դեպքում՝ ավելի երկար ժամկետով անհուսալի վարկի) ամբողջական մարումը կամ աջակցության տրամադրման՝ սույն որոշմամբ սահմանված հիմքով դադարեցվելը։

5. Շահառու ճանաչված լինելու ժամանակահատվածում ՀԿԱ ծառայության կողմից շահառուի նկատմամբ վարկավորողի ներկայացրած՝ հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում անհուսալի վարկի մասով՝

1) շահառուի աշխատավարձից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) բռնագանձվող գումարի չափը սահմանվում է 20% (եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ)՝ 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից.

2) շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցվում են՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր։

6. Սույն միջոցառման շրջանակում անձը կարող է ճանաչվել շահառու միայն մեկ անգամ։»,

ե․ 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.

5) N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերի մասով՝ համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումը շահագործելու օրվանից։ Մինչև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սույն որոշման 3-րդ կետով սահմանված ժամկետում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության աշխատակիցը, ում վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, միջոցառման շահառու է ճանաչվում, և նրան միջոցառման շրջանակում աջակցություն է տրամադրվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեներով փոխանակված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման N 2 հավելվածով սահմանված տվյալների հիման վրա։ Եթե մինչև 2025 թվականի մայիսի 31-ը ներառյալ ներկայացված դիմումը մերժվել է անձի՝ անձնավորված հաշվառման համակարգից ստացված տեղեկատվությամբ աշխատող չհանդիսանալու հիմքով, ապա սույն կետի հիման վրա շահառու ճանաչվելու օր է համարվում 2025 թվականի մայիսի 31-ը։

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման շրջանակներում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը։

4. Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշման շրջանակներում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը։

5. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում, իսկ սույն որոշման 4-րդ և 5-րդ կետերում նշված դեպքերում համապատասխան թվային տվյալները փոխանակելու ծրագրային ապահովումը ներդնելուց հետո 2 շաբաթվա ընթացքում, ապահովել սույն որոշմամբ նախատեսված դեպքերում ինքնաշխատ եղանակով իրականացվող գործընթացների ծրագրային ապահովման մշակումն ու ներդրումը:

6. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը, միջոցառման շահառու ճանաչված անձանց համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման N 2 հավելվածի 22-րդ կետի 3-րդ ենթակետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելու ամսվան հաջորդող ամսվա մեկից` այդ հավելվածով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

30.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

մայիսի 29-ի N 686-Լ որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2024 թվականի

դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են շահառուներին անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման (այսուհետ՝ միջոցառում) շրջանակում աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ու հապավումներն ունեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1990-Լ որոշման N 1 հավելվածով սահմանված իմաստները։

3. Միջոցառման շրջանակում աջակցություն ստանալու նպատակով անձը՝

1) առցանց եղանակով դիմում ներկայացնելու դեպքում մուտք է գործում www.e-social.am կայքէջ՝ համապատասխան դաշտերում լրացնելով իր անունը, ազգանունը, հանրային ծառայության համարանիշը (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը), տեղական բջջային հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն, նշում է կատարում միջոցառման շահառու դառնալու համար իր տվյալները մշակելու, օգտագործելու և փոխանցելու վերաբերյալ համաձայնություն տալու, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) աշխատող լինելու մասին.

2) ՄՍ ծառայությունում անձամբ դիմում ներկայացնելու դեպքում ՄՍ ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում տալիս է գրավոր համաձայնություն՝ իր վերաբերյալ սույն կետի 1-ին ենթակետում նշված տվյալները մշակելու համար։

4. Առցանց եղանակով ներկայացված դիմումը հաստատվում է դիմումատուի բջջային հեռախոսահամարի կամ էլեկտրոնային ստորագրությունը կարդացող սարքի կիրառմամբ՝ «Ես Եմ» նույնականացման հարթակի միջոցով, իսկ առձեռն դիմումը՝ դիմումատուի ստորագրությամբ։

5. ՄՍ ծառայությունում անձամբ դիմում ներկայացնելու դեպքում ՄՍ ծառայության աշխատակիցը դիմողին նույնականացնում է անձը հաստատող փաստաթղթով և սույն ծրագրի համար իրեն տրված օգտանվան և գաղտնաբառի կիրառմամբ դիմողի՝ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված տվյալները, ըստ անհրաժեշտության, նաև համապատասխան մարմինների աշխատող լինելու մասին տվյալը, մուտքագրում է, իսկ նույն կետի 2-րդ ենթակետով նախատեսված համաձայնության ստորագրված տարբերակը լուսապատճենում և ներբեռնում է ծրագրային համակարգ՝ կցելով մուտքագրված դիմումին։ Որևէ եղանակով դիմումն ընդունելուց հետո համակարգն ինքնաշխատ եղանակով տվյալների շտեմարանների փոխգործելիության միջոցով իրականացնում է դիմումատուի ներկայացրած տվյալների ստուգում ինքնաշխատ եղանակով ուղարկված հարցմամբ՝ հետևյալ հաջորդականությամբ՝

1) բնակչության պետական ռեգիստրից ստուգվում են դիմումատուի անվան, ազգանվան և հանրային ծառայության համարանիշի (հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարի) համապատասխանությունը, դիմումատուի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու կամ Հայաստանի Հանրապետության ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ ունենալու հանգամանքը.

2) անձնավորված հաշվառման համակարգից ստուգվում է դիմումատուի՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աշխատող լինելու հանգամանքը, եթե շահառուին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.

3) համապատասխան մարմնից (որի աշխատողն է շահառուն՝ համաձայն իր դիմումի) ստուգվում է դիմումատուի՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ աշխատող լինելու հանգամանքը, եթե շահառուին վերաբերող տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված է որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն.

4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների տվյալներով ստուգվում է դիմելու օրվա դրությամբ դիմումատուի մահվան վերաբերյալ տեղեկատվության առկայությունը․

5) վարկային բյուրոյից ստացվում է դիմումատուի վարկային պարտավորությունների վերաբերյալ հետևյալ տեղեկատվությունը՝

ա. առկա է (են) ոչ անհուսալի դասով դասակարգված վարկային պարտավորություն (ներ),

բ. առկա է (են) դիմելու օրվա դրությամբ 3 տարվանից պակաս ժամկետով անհուսալի դասով դասակարգված վարկային պարտավորություն (ներ),

գ․ առկա են միայն անհուսալի վարկ(եր), որի (որոնց) մայր գումարը (անհուսալի վարկերի մայր գումարների հանրագումարը) դիմելու օրվա դրությամբ գերազանցում է 1,000,000 ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը՝ հաշվարկված դիմելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով),

դ․ յուրաքանչյուր անհուսալի վարկի մասով՝ վարկատու կազմակերպությունը (նույնականացուցիչ, անվանում), վարկի արտաքին համարը (վարկի նույնականացուցիչը վարկատուի համակարգում), վարկի արժույթը, մայր գումարը (մնացորդը)՝ արտահայտված ՀՀ դրամով, արտարժութային վարկի դեպքում՝ համարժեք արտարժույթը՝ հաշվարկված դիմելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով։

6. Սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված տեղեկատվությունը տրամադրվում է, եթե դիմումատուն ունի միայն անհուսալի վարկ(եր), որի (որոնց) մայր գումարը (անհուսալի վարկերի մայր գումարների հանրագումարը) դիմելու օրվա դրությամբ չի գերազանցում 1,000,000 ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը՝ հաշվարկված դիմելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով)։

7. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված հաջորդականությամբ ստուգման արդյունքում անհամապատասխանություն հայտնաբերվելու դեպքում դադարեցվում է հաջորդող ստուգումների իրականացումը, և դիմումը մերժվում է։ Սույն կետում նշված ստուգումների հիման վրա դիմումը մերժվում է, եթե՝

1) ներկայացված տվյալները հավաստի չեն (ներկայացված տվյալները չեն համապատասխանում բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալներին).

2) դիմողը Հայաստանի Հանրապետության քաղաքացի (Հայաստանի Հանրապետության երկքաղաքացի) չէ կամ չունի Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր պաշտպանություն ստացած անձի կարգավիճակ.

3) դիմելու օրվա դրությամբ դիմողը չի հանդիսանում աշխատող.

4) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված տվյալների համաձայն՝ առկա է դիմումատուի մահվան պետական գրանցում.

5) ըստ վարկային բյուրոյից ստացած տեղեկատվության՝

ա. առկա է (են) ոչ անհուսալի դասով դասակարգված վարկային պարտավորություն(ներ),

բ. դիմելու օրվա դրությամբ առկա է (են) 3 տարվանից պակաս ժամկետով անհուսալի դասով դասակարգված վարկային պարտավորություն(ներ),

գ․ առկա են միայն անհուսալի վարկ(եր), որի (որոնց) մայր գումարը (անհուսալի վարկերի մայր գումարների հանրագումարը) դիմելու օրվա դրությամբ գերազանցում է 1,000,000 ՀՀ դրամը (համարժեք արտարժույթը՝ հաշվարկված դիմելու օրվա դրությամբ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքով)․

6) դիմողն ունի հաստատված կամ ավարտված կամ կասեցված դիմում․

7) հարակից շտեմարանները ժամանակավորապես հասանելի չեն:

8. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ինքնաշխատ եղանակով ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ չհայտնաբերվելու դեպքում դիմումը բավարարվում է (դիմումին տրվում է «Հաստատված» կարգավիճակ), և անձը ճանաչվում է միջոցառման շահառու։ Այս մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին ինքնաշխատ եղանակով ուղարկվում է ծանուցում։

9. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված ինքնաշխատ եղանակով ստուգումների արդյունքում անհամապատասխանություններ հայտնաբերվելու դեպքում դիմումը մերժվում է (դիմումին տրվում է «Մերժված» կարգավիճակ), և մերժման պատճառների մասին դիմումատուի էլեկտրոնային փոստին ինքնաշխատ եղանակով համակարգն ուղարկում է ծանուցում։

10. Շահառուների շտեմարանը ներառում է դիմում ներկայացրած անձանց վերաբերյալ հետևյալ տվյալները՝

1) անունը, ազգանունը (հայրանունը).

2) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

4) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարեթիվը, դիմումի հերթական համարը.

5) դիմողի հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն․

6) դիմումի կարգավիճակը՝ «Հաստատված» կամ «Ավարտված» կամ «Մերժված» կամ «Կասեցված».

7) դիմումը բավարարելու՝ դիմողին շահառու ճանաչելու (դիմումին «Հաստատված» կարգավիճակ տալու) օրը, ամիսը, տարեթիվը․

8) դիմումը մերժելու (դիմումին «Մերժված» կարգավիճակ տալու) դեպքում՝ մերժման հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը․

9) շահառուին աջակցության տրամադրումը կասեցնելու (դիմումին «Կասեցված» կարգավիճակ տալու) հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը․

10) շահառուին աջակցության տրամադրման կասեցումը վերացնելու և աջակցությունը կրկին տրամադրելու (դիմումին կրկին «Հաստատված» կարգավիճակ տալու) հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը․

11) շահառուին աջակցության տրամադրումը դադարեցնելու (դիմումին «Ավարտված» կարգավիճակ տալու) հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը․

12) շահառուի՝ յուրաքանչյուր անհուսալի վարկի վարկային կոդը․

13) շահառուի՝ անհուսալի վարկի մայր գումարը՝ դիմելու օրվա դրությամբ․

14) շահառուի՝ անհուսալի վարկի մայր գումարի մնացորդը՝ ըստ յուրաքանչյուր վարկավորողի՝ յուրաքանչյուր ամսվա 25-ի դրությամբ․

15) շահառուի համար (կողմից)՝ յուրաքանչյուր ամիս հաշվարկված եկամտային հարկը՝ ըստ անձնավորված հաշվառման համակարգից կամ համապատասխան մարմիններից սույն կարգի 16-րդ կետով սահմանված կարգով ստացված (թարմացված) տվյալների․

16) շահառուի գծով յուրաքանչյուր ամիս անհուսալի վարկի մարմանն ուղղված աջակցության գումարի չափը՝ ըստ յուրաքանչյուր անհուսալի վարկի․

17) շահառու ճանաչվելու մասին ՀԿԱ ծառայությանը տեղեկատվություն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը․

18) աջակցության տրամադրումը դադարեցնելու մասին ՀԿԱ ծառայությանը տեղեկատվություն տրամադրելու օրը, ամիսը, տարեթիվը․

19) վարկավորողի կողմից պետական բյուջե վերադարձված գումարը, պետական բյուջե վերադարձնելու օրը, ամիսը, տարեթիվը, գանձապետական հաշվի համարը, այդ գումարը պետական բյուջեից վարկավորողին փոխանցելու օրը, ամիսը, տարեթիվը։

11.Յուրաքանչյուր ամսվա 1-ին, 7-ին, 14-ին, 21-ին և 25-ին (ոչ աշխատանքային օր լինելու դեպքում տվյալ օրվան հաջորդող աշխատանքային օրը) համակարգն ինքնաշխատ եղանակով ձևավորում է սույն կետի համաձայն՝ նախորդ տվյալները տրամադրելուց հետո շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց (ում դիմումը տվյալները տրամադրելու օրվա դրությամբ ունի համապատասխանաբար «Հաստատված» կամ «Ավարտված» կարգավիճակ) ցուցակը (այսուհետ՝ շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակ) և ինքնաշխատ ուղարկում է ՀԿԱ ծառայության տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին։ Շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը պահվում է համակարգում և համակարգից արտահանվում է «Microsoſt Excel» ծրագրի ձևաչափով։

12. Սույն կարգի 11-րդ կետում նշված՝ շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը ներառում է շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցրած անձի վերաբերյալ հետևյալ տվյալները՝

1) անունը, ազգանունը (հայրանունը).

2) ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

4) յուրաքանչյուր անհուսալի վարկի վարկային կոդը․

5) շահառու ճանաչվելու օրը, ամիսը, տարեթիվը.

6) աջակցության տրամադրումը դադարեցնելու հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը.

7) սույն կետում նշած տվյալներն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը։

13. ՀԿԱ ծառայությունը շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շահառու ճանաչված անձանց անհուսալի վարկ(եր)ի մասով՝

1) վարկավորողի ներկայացրած հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարման ընթացքում շահառուի (պարտապանի) աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից (քաղաքացիաիրավական պայմանագրի շրջանակներում ստացված եկամտից) պահվող (բռնագանձվող) չափը սահմանում է 20%, եթե օրենքով կամ կատարման ենթակա ակտով բռնագանձման առավել նվազ չափ սահմանված չէ.

2) շահառուի գույքերի նկատմամբ իրականացվող բռնագանձումները կասեցնում է՝ առանց դրանց նկատմամբ առկա արգելանքների վերացման, եթե առկա չեն այլ պահանջատերեր։

14. ՀԿԱ ծառայությունը շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում աջակցության տրամադրումը դադարեցված անձանց անհուսալի վարկ(եր)ի մասով՝

1) դադարեցնում է շահառուի համար սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված բռնագանձման չափի կիրառումը և սահմանում է բռնագանձման ընդհանուր կարգով նախատեսված չափը (եթե առկա է բռնագանձման ենթակա գումար).

2) վերացնում է սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված բռնագանձման կասեցումը։

15. Սույն կարգի 13-րդ և 14-րդ կետերով սահմանված գործողությունները ՀԿԱ ծառայությունը կատարում է շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը ստանալուն հաջորդող ամսվա 1-ից, ընդ որում, սույն կարգի 13-րդ կետի դեպքում՝ առավելագույնը 24 ամիս ժամկետով, բայց ոչ ավելի մինչև աջակցության տրամադրման դադարեցումը։

16. Յուրաքանչյուր ամսվա 25-ին ՄՍ ծառայությունը համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով կատարում է սույն կարգի 5-րդ կետում նշված հարցումները՝ այդ օրվա դրությամբ թարմացնելով շահառուների շտեմարանում առկա տվյալները (այդ թվում՝ անձնավորված հաշվառման համակարգից կամ համապատասխան մարմիններից նախորդ ամսվա համար շահառուների համար (կողմից) հաշվարկված եկամտային հարկի գումարները) և միաժամանակ համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով ձևավորում է աջակցություն ստացող շահառուների ցուցակը (այսուհետ՝ վճարման ցուցակ)։ Եթե ըստ թարմացված տվյալների առկա է սույն կարգի 22-րդ կետում նշված՝ աջակցության տրամադրումը դադարեցնելու հիմքերից որևէ մեկը, ապա շահառուի դիմումը ստանում է «Ավարտված» կարգավիճակ, և այդ պահից դադարում է շահառուի գծով աջակցության տրամադրումը։ «Ավարտված» կարգավիճակով դիմումների շահառուների տվյալների մասով համակարգում հետագա հարցումներ չեն իրականացվում։ Վճարման ցուցակը պահվում է համակարգում և համակարգից արտահանվում է «Microsoſt Excel» ծրագրի ձևաչափով՝ ըստ վարկավորողների։ Վճարման ցուցակի հետ միաժամանակ ինքնաշխատ եղանակով ձևավորվում է նաև ֆինանսավորման հայտ-պահանջագիրը, որում ներառվում են ըստ յուրաքանչյուր վարկավորողի՝ վճարման ցուցակ ընդգրկված շահառուների ընդհանուր թիվը և վճարման ենթակա ընդհանուր գումարը։

17. Վճարման ցուցակում ներառվում են հետևյալ տվյալները՝

1) շահառուի (ում դիմումը վճարման ցուցակը կազմելու օրվա դրությամբ ունի «Հաստատված» կարգավիճակ, իսկ եկամտային հարկը 0-ից մեծ է) անունը, ազգանունը (հայրանունը).

2) շահառուի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

3) շահառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

4) շահառուի յուրաքանչյուր վարկավորողի անվանումը.

5) շահառուի յուրաքանչյուր անհուսալի վարկի վարկային կոդը՝ վարկի արտաքին համարը (վարկի նույնականացուցիչը վարկատուի համակարգում).

6) շահառուի անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարի չափը (հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ը), մեկից ավելի անհուսալի վարկերի դեպքում՝ անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարի չափը՝ հաշվարկված համամասնորեն (եկամտային հարկի 100%-ից)` ըստ յուրաքանչյուր անհուսալի վարկի.

7) վճարատեսակը, ամիսը, տարեթիվը, որի համար վճարած եկամտային հարկի հիման վրա կազմվել է վճարման ցուցակը․

8) վճարման ցուցակն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:

18. ՄՍ ծառայությունը վճարման ցուցակը ձևավորելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է վարկավորողներին՝ համակարգ մուտքագրելով ուղարկման օրը, ամիսը, տարեթիվը։ Վճարման ցուցակը վարկավորողներին տրամադրելու օրվան հաջորդող աշխատանքային օրվանից ոչ ուշ ՄՍ ծառայությունն աջակցության գումարները փոխանցում է վարկավորողների բանկային հաշիվներին՝ ըստ համակարգում ինքնաշխատ եղանակով ձևավորված ֆինանսավորման հայտ-պահանջագրի՝ համակարգ մուտքագրելով ֆինանսավորման օրը, ամիսը, տարեթիվը։ Վերջին տեղեկատվությունը համակարգում ի հայտ գալու պահին համակարգն ինքնաշխատ եղանակով յուրաքանչյուր շահառուի էլեկտրոնային փոստին ուղարկում է ծանուցում՝ նշելով տվյալ շահառուի մասով ֆինանսավորված աջակցության գումարը(ները)՝ ըստ յուրաքանչյուր անհուսալի վարկի (նշելով անհուսալի վարկի վարկային կոդը), վարկավորողին փոխանցելու օրը, ամիսը, տարեթիվը։

19. Յուրաքանչյուր անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարը վարկավորողն ուղղում է անհուսալի վարկի մարմանը՝ մինչև աջակցության գումարի ստացման օրվան հաջորդող 2-րդ աշխատանքային օրվա ավարտը։

20. Եթե նույն վարկավորողի մոտ շահառուն ունի մի քանի անհուսալի վարկ, ապա վարկավորողն աջակցության գումարն ուղղում է անհուսալի վարկերի մարմանը՝ ըստ վճարման ցուցակի:

21. Եթե անհուսալի վարկի մարմանն ուղղվող աջակցության գումարը գերազանցում է անհուսալի վարկի ամբողջական մարման համար անհրաժեշտ մեծությունը կամ անհուսալի վարկն ամբողջությամբ մարված է կամ անհուսալի վարկային պարտավորությունը դադարել է, ապա վարկավորողն ավելի փոխանցված գումարը վերադարձնում է պետական բյուջե՝ սույն կարգի 19-րդ կետում նշված ժամկետից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Այս դեպքում վարկավորողը ՄՍ ծառայությանը տրամադրում է և վերջինս համակարգ ներառում է հետևյալ տվյալները՝

1) վարկավորողի անվանումը.

2) շահառուի անունը, ազգանունը (հայրանունը)․

3) շահառուի ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

4) շահառուի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը.

5) վճարատեսակը, պետական բյուջե փոխանցված գումարի չափը,

6) աջակցության գումարը պետական բյուջե վերադարձնելու հիմքը․

7) աջակցության գումարը վարկավորողի կողմից պետական բյուջե փոխանցվելու օրը, ամիսը, տարեթիվը.

8) գանձապետական հաշիվը, որին փոխանցվել է աջակցության գումարը․

9) ամիսը, որի համար փոխանցված գումարը վերադարձվում է պետական բյուջե․

10) սույն տվյալներն ուղարկելու օրը, ամիսը, տարեթիվը:

22. Աջակցության տրամադրումը ինքնաշխատ եղանակով դադարեցվում է (դիմումին տրվում է «Ավարտված» կարգավիճակ), և դրա մասին համակարգի միջոցով ինքնաշխատ եղանակով ծանուցում է ուղարկվում շահառուին, եթե ի հայտ է եկել հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝

1) ըստ վարկային բյուրոյի տրամադրած տեղեկատվության՝ ամբողջությամբ մարվել է անհուսալի վարկը (մարվել են բոլոր անհուսալի վարկերը) կամ դադարել է անհուսալի վարկային պարտավորությունը (դադարել են բոլոր անհուսալի վարկային պարտավորությունները)․

2) լրացել է աջակցության տրամադրման 24-ամսյա ժամկետը․

3) շահառու դառնալու (դիմումին «Ավարտված» կարգավիճակ տրվելու) ամսվան հաջորդող ամսվանից սկսած՝ 24 ամսվա ընթացքում, մինչև անհուսալի վարկի ամբողջական մարումը կամ անհուսալի վարկային պարտավորության դադարումը, շահառուն (շահառուի համար) 3 ամիս անընդմեջ չի հաշվարկ(վ)ել եկամտային հարկ կամ այդ եռամսյա ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս հաշվարկ(վ)ել է 18750 դրամից պակաս եկամտային հարկ․

4) շահառուն ներկայացրել է աջակցության տրամադրումը դադարեցնելու դիմում․

5) դադարել է անձի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը․

6) շահառուն մահացել է․

7) լրացել է միջոցառման իրականացման ժամկետը (2028 թվականի հունվարի 31-ը)։

23. Սույն կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետում նշված եռամսյա ժամկետը անձնավորված հաշվառման համակարգից կամ համապատասխան մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա՝

1) հաշվարկվում է շահառուի կողմից (համար), որպես աշխատողի, առաջին անգամ եկամտային հարկ չհաշվարկելու կամ 18750 դրամից պակաս հաշվարկելու ամսվանից․

2) չի ներառում հղիության և ծննդաբերության արձակուրդում կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու ժամանակահատվածը։ Այս ժամանակահատվածում շահառուին աջակցության տրամադրումը կասեցվում է (դիմումին տրվում է «Կասեցված» կարգավիճակ)։ Կասեցումը վերացվում է, և աջակցությունը կրկին տրամադրվում է (դիմումի «Կասեցված» կարգավիճակը փոխվում է «Հաստատված» կարգավիճակի) հղիության և ծննդաբերության արձակուրդը կամ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդը ավարտվելու (ընդհատվելու) ամսվան հաջորդող ամսվա 1-ից՝ անձնավորված հաշվառման համակարգից կամ համապատասխան մարմիններից ստացված համապատասխան տեղեկատվության հիման վրա։

24. Սույն կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետում նշված 24-ամսյա ժամկետը հաշվարկվում է սույն կարգի 23-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգով։

25. ՄՍ ծառայությունը յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով ձևավորում և վարկավորողին է տրամադրում շահառուների վերաբերյալ նախորդ տվյալները տրամադրելուց հետո շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված կամ աջակցության տրամադրումը կասեցված անձանց ցուցակը, որում ներառվում են սույն կարգի 12-րդ կետում նշված տվյալները, իսկ աջակցության տրամադրումը կասեցված անձանց դեպքում՝ նաև աջակցության տրամադրումը կասեցնելու հիմքը, օրը, ամիսը, տարեթիվը։

26.Շահառուին աջակցության տրամադրումը սույն կարգի 22-րդ կետի 3-րդ ենթակետի հիման վրա դադարեցվելու դեպքում վարկավորողը կարող է վերականգնել սույն միջոցառման շրջանակում ներված պարտավորությունները, եթե այդպիսիք եղել են։

27. ՄՍ ծառայությունը յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը սույն կարգի 11-րդ կետով սահմանված կարգով ձևավորում և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին է տրամադրում նախորդ տվյալները տրամադրելուց հետո շահառու ճանաչված կամ աջակցության տրամադրումը դադարեցված անձանց ցուցակը, որում ներառվում են սույն կարգի 12-րդ կետում նշված տվյալները՝ բացառությամբ այդ կետի 4-րդ ենթակետի։

28.Աջակցության տրամադրումը դադարեցնելու դիմումը ներկայացվում է սույն կարգի 3-րդ կետում նշված կարգով։

29.Միջոցառման շրջանակներում տեղեկատվությունը ՄՍ ծառայության և վարկավորողների միջև փոխանակվում է էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված միջոցներով (Սի-Բի-Էյ-Նեթ ֆինանսական տեղեկատվության փոխանակման համակարգ)։»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Հարությունյան


30.05.2025

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան