ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ՏԴ/0023/01/22 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.01.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Տավուշի մարզի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր` Ս. Մարդանյան

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան,

ՏԴ/0023/01/22

նախագահող դատավոր՝

 Մ.Արղամանյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ավետիսյանի

 

Հ. Գրիգորյանի

Լ. Թադևոսյանի

Ա. պողոսյանի

 

17 հունվարի 2025 թվական

ք. Երևան

 

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշման դեմ մեղադրյալ Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանի պաշտպաններ ՄԹամազյանի, ԱՄանթաշյանի և մեղադրյալ Նվեր Արամի Բեգլարյանի պաշտպան ԶՍակովայի վճռաբեկ բողոքները,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1 2021 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 36162821 քրեական գործը։

2. 2021 թվականի նոյեմբերի 16-ին Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագով։

2021 թվականի նոյեմբերի 16-ին Արշակ Ռազմիկի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագով։

2021 թվականի նոյեմբերի 17-ին Նվեր Արամի Բեգլարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ երկու դրվագով։

2022 թվականի փետրվարի 22-ին Մարզպետ Բեգլարյանին և Արշակ Հարությունյանին առաջադրված մեղադրանքները փոփոխվել ու լրացվել են, և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

2022 թվականի փետրվարի 23-ին Նվեր Բեգլարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել ու լրացվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։

3. 2022 թվականի փետրվարի 28-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)։

2022 թվականի դեկտեմբերի 13-ին Առաջին ատյանի դատարանն իր կայացրած երեք որոշումներով մեղադրյալներ Մարզպետ Բեգլարյանին, Արշակ Հարությունյանին և Նվեր Բեգլարյանին ազատել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների համար քրեական պատասխանատվությունից՝ տուժողների հետ հաշտության հիմքով։

4. Առաջին ատյանի դատարանի հիշյալ որոշումների դեմ դատախազը ներկայացրել է վերաքննիչ բողոքներ, որոնք ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի ապրիլի 3-ի որոշմամբ բավարարել է, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումները բեկանել է և քրեական գործը փոխանցել նույն դատարան՝ նոր քննության։

5. Վերաքննիչ դատարանի հիշյալ որոշման դեմ Մարզպետ Բեգլարյանի պաշտպաններ ՄԹամազյանը, ԱՄանթաշյանը և Նվեր Բեգլարյանի պաշտպան ԶՍակովան բերել են վճռաբեկ բողոքներ, որոնք Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 23-ի որոշմամբ ընդունվել են վարույթ և սահմանվել դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, փաստարկները և պահանջը

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի և հիմնավորումների սահմաններում

6 Մեղադրյալ Մարզպետ Բեգլարյանի պաշտպաններ ՄԹամազյանը և ԱՄանթաշյանը վճռաբեկ բողոքում նշել են, որ վիճարկվող դատական ակտը ենթակա է ամբողջությամբ բեկանման, քանի որ Վերաքննիչ դատարանը առերևույթ թույլ է տվել նյութական օրենքի խախտում, այն է՝ ճիշտ չի կիրառել 2022 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի(այսուհետ՝ նաև ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 82-րդ հոդվածը։ Բողոքաբերները փաստարկել են, որ համանման փաստական հանգամանքների առկայության պայմաններում մեկ այլ քրեական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ ԵԴ/1673/01/21 որոշմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով քրեական հետապնդումը դադարեցրել է և քրեական գործի վարույթը կարճել՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով, որպիսի որոշումը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ։ Այլ կերպ՝ առկա է ստորադաս դատարանների կողմից տարբեր վարույթներով նույնանման հանգամանքների առկայությամբ միմյանց հակասող առնվազն երկու դատական ակտեր, ուստի Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քրեական օրենսգրքի վերաբերելի նորմի միատեսակ կիրառությունն ապահովելու համար։

6.1. Միևնույն ժամանակ, բողոք բերած անձինք իրենց անհամաձայնությունն են հայտնել Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ անձի վիճակը բարելավող օրենքին հետադարձություն տալն ու այն գործով ամբաստանյալի նկատմամբ կիրառելը, նույնիսկ օրինական ուժի մեջ չմտած եզրափակիչ դատավարական ակտի առկայության պայմաններում, թույլատրելի և ընդունելի կարող է դիտարկվել, եթե վիճարկվող դատական ակտում հղում կատարվեր համապատասխան օրենքի, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին 2022 թվականի հունիսի 9-ի օրենքի կոնկրետ նորմի վրա, որը չի կատարվել։ Վերոնշյալի կապակցությամբ բողոքաբերներն ընդգծել են, որ Առաջին ատյանի դատարանը հղում է կատարել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածին, իսկ ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտում ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին 2022 թվականի հունիսի 9-ի օրենքի կոնկրետ նորմի վրա հղում կատարելու անհրաժեշտությանը, պաշտպանները գտել են, որ կոնկրետ նորմին հղում կատարելու անհրաժեշտությունը բացակայում է։

62 Բողոք բերած անձինք ընդգծել են նաև, որ օրենսդիրը մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող իրավակարգավորումներով քանակական առումով որևէ սահմանափակում չի նախատեսել մեղադրյալի կողմից տուժողի հետ հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ քրեական գործի վարույթը կարճելու համար, որն էլ կիրառելի է Մարզպետ Բեգլարյանի նկատմամբ, քանի որ 2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված սահմանափակումն անձի վիճակը վատթարացնող նորմ է, ուստի այդ մասով այն հետադարձ ուժ չի կարող ունենալ։ Հետևաբար, Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով վերոնշյալը, կայացրել է օրինական և պատճառաբանված դատական ակտ։

7 Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձինք խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշումը՝ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ։

8 Նվեր Բեգլարյանի պաշտպան ԶՍակովան ներկայացված վճռաբեկ բողոքում նշել է, որ Վերաքննիչ դատարանը, բեկանելով և վարույթը նոր քննության ուղարկելով, թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի էական խախտում, որն ազդել է գործի ելքի վրա, բացի այդ, բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։

81 Բողոքաբերն ընդգծել է, որ քրեական օրենքի հետադարձության կանոնը ենթադրում է, որ հանցավոր արարքի փաստացի կատարումից հետո ընդունված, արարքի հանցավորությունը և պատժելիությունը վերացնող օրենքը պետք է հետադարձ ուժ ունենա, քանի որ նախկին քրեական օրենսգրքով տուժողի հետ հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը և քրեական պատասխանատվությունից ազատելը հայեցողական իրավունք էր, իսկ նոր քրեական օրենսգրքի պայմաններում՝ իմպերատիվ պահանջ։ Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն փաստարկին, որ այս ինստիտուտը կիրառելի է բացառապես այն պարագայում, երբ անձն առաջին անգամ է կատարում ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք, իսկ վերոնշյալ քրեական գործով բացակայում է նման պայմանը, քանի որ մեղադրյալները մեղադրվում են ենթադրաբար կատարված երկու հանցագործությունների մեջ, բողոքաբերի պնդմամբ անհիմն է, քանի որ ՀՀ նախկին քրեական օրենսգիրքը տուժողի հետ հաշտվելու հիմքով պատասխանատվությունից ազատելու հնարավորությունը նախատեսում էր ոչ թե հանցանքի ծանրությամբ պայմանանավորված, այլ որոշակի հանցատեսակներով, հետևաբար ՀՀ նախկին օրենսդրությամբ ևս նախատեսված է եղել տուժողի հետ մեղադրյալի հաշտության հիմքով քրեական հետապնդման դադարեցումը։ Բացի այդ, բողոք բերած անձի կարծիքով՝ 2022 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի սահմանափակ կիրառումը հանգեցնում է անմեղության կանխավարկածի խախտմանը, ուստի Վերաքննիչ դատարանի կողմից այդպիսի կարծիքի վաղաժամ արտահայտումն ինքնին հակասում է անմեղության կանխավարկածին։

9 Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ՝ մեղադրյալ Նվեր Բեգլարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցնել՝ տուժողների հետ հաշտվելու հիմքով կամ բեկանված մասով վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության՝ սահմանելով նոր քննության ծավալը։

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Մարզպետ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա «(…)[Ու]րիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ՝ նախնական համաձայնության գալով Արշակ Ռազմիկի Հարությունյանի և Նվեր Արամի Բեգլարյանի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, երկաթյա ձողով բացել է (…) Արթուր Օրուջյանին փաստացի պատկանող «Վազ 212140» մակնիշի (…) ավտոմեքենայի դուռը, որից հետո միմյանց փոխլրացնող գործողություններ կատարելով՝ շարժի է գցել նշված ավտոմեքենան և գաղտնի հափշտակել այն և մեքենայի մաս կազմող էլեկտրական ճախարակը՝ Արթուր Օրուջյանին պատճառելով խոշոր չափերի՝ 2.570.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Արշակ Ռազմիկի Հարությունյանի և Նվեր Արամի Բեգլարյանի հետ, 2021 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, երկաթյա ձողով կոտրելով (…) Անգին Ալիխանյանին պատկանող խանութ-սրահի մուտքի դռան երկաթյա կախովի կողպեքը, որից հետո բացելով եվրոպական արտադրության դուռը, ապօրինի մուտք է գործել այնտեղ և միմյանց փոխլրացնող գործողություններ կատարելով՝ գաղտնի հափշտակել է 4.644.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, 1 հատ տեսագրառում կատարող սարք և 1 հատ համակարգչի մոնիտոր՝ Անգին Ալիխանյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (…)»1։

Նվեր Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա «(…) [Ու]րիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Արշակ Ռազմիկի Հարությունյանի և Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանի հետ, 2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, երկաթյա ձողով բացել է (…) Արթուր Օրուջյանին փաստացի պատկանող «Վազ 212140» մակնիշի (…) ավտոմեքենայի դուռը, որից հետո միմյանց փոխլրացնող գործողություններ կատարելով՝ շարժի է գցել նշված ավտոմեքենան և գաղտնի հափշտակել այն և մեքենայի մաս կազմող էլեկտրական ճախարակը՝ Արթուր Օրուջյանին պատճառելով խոշոր չափերի՝ 2.570.000 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, Նվեր Արամի Բեգլարյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Արշակ Ռազմիկի Հարությունյանի և Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանի հետ, 2021 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, երկաթյա ձողով կոտրելով (…) Անգին Ալիխանյանին պատկանող խանութ-սրահի մուտքի դռան երկաթյա կախովի կողպեքը, որից հետո բացելով եվրոպական արտադրության դուռը, ապօրինի մուտք է գործել այնտեղ և միմյանց փոխլրացնող գործողություններ կատարելով՝ գաղտնի հափշտակել է 4.644.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, 1 հատ տեսագրառում կատարող սարք և 1 հատ համակարգչի մոնիտոր՝ Անգին Ալիխանյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (…)»2։

Արշակ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ նա «(…)[Ու]րիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանի և Նվեր Արամի Բեգլարյանի հետ 2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, երկաթյա ձողով բացել է (…) Արթուր Օրուջյանին փաստացի պատկանող «Վազ 212140» մակնիշի (…) ավտոմեքենայի դուռը, որից հետո միմյանց փոխլրացնող գործողություններ կատարելով՝ շարժի է գցել նշված ավտոմեքենան և գաղտնի հափշտակել այն և մեքենայի մաս կազմող էլեկտրական ճախարակը՝ Արթուր Օրուջյանին պատճառելով խոշոր չափերի՝ 2.570. 000 ՀՀ դրամի գույքային վնաս: Բացի այդ, Արշակ Ռազմիկի Հարությունյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանի և Նվեր Արամի Բեգլարյանի հետ, 2021 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում երկաթյա ձողով կոտրելով (…) Անգին Ալիխանյանին պատկանող խանութ-սրահի մուտքի դռան երկաթյա կախովի կողպեքը, որից հետո բացելով եվրոպական արտադրության դուռը, ապօրինի մուտք է գործել այնտեղ և միմյանց փոխլրացնող գործողություններ կատարելով՝ գաղտնի հափշտակել է 4.644.200 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ տարբեր տեսակի հագուստներ, կոշիկներ, 1 հատ տեսագրառում կատարող սարք և 1 հատ համակարգչի մոնիտոր՝ Անգին Ալիխանյանին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս (…)»3։

11 Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Նվեր Բեգլարյանին քրեական պատասխանատվությունից ազատելով, արձանագրել է. «(…) Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Նվեր Արամի Բեգլարյանը համարվում է դատվածություն չունեցող, վերջինիս կողմից կատարված հանցագործությունները հանդիսանում են միջին ծանրության հանցագործություններ, ամբաստանյալի և տուժողների միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն, հաշվի առնելով, որ ամբաստանյալը գիտակցում է, որ տուժողների հետ հաշտության հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կրելու է ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացնող) բնույթ, և չի առարկել նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու դեմ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանին պետք է ազատել 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ր մասի 1-ին և 2-րդ կետերով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին) 2021 թվականի սեպտեմբերի 15-ին և 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին) 2021 թվականի հոկտեմբերի 10-ին կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից՝ տուժողների հետ հաշտության հիմքով (…)»4։

111 Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Մարզպետ Բեգլարյանին քրեական պատասխանատվությունից ազատելով, արձանագրել է. «(…) Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանը համարվում է դատվածություն չունեցող, վերջինիս կողմից կատարված հանցագործությունները հանդիսանում են միջին ծանրության հանցագործություններ, ամբաստանյալի և տուժողների միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն, հաշվի առնելով, որ ամբաստանյալը գիտակցում է, որ տուժողների հետ հաշտության հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կրելու է ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացնող) բնույթ, և չի առարկել նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու դեմ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանին պետք է ազատել 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-ր մասի 1-ին և 2-րդ կետերով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին) 2021 թվականի սեպտեմբերի 15-ին և 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին) 2021 թվականի հոկտեմբերի 10-ին կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից՝ տուժողների հետ հաշտության հիմքով (…)»5։

11.2. Առաջին ատյանի դատարանը, 2022 թվականի դեկտեմբերի 13-ի որոշմամբ Արշակ Հարությունյանին քրեական պատասխանատվությունից ազատելով, արձանագրել է. «(…) Հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, հաշվի առնելով այն, որ ամբաստանյալ Արշակ Ռազմիկի Հարությունյանը համարվում է դատվածություն չունեցող, վերջինիս կողմից կատարված հանցագործությունները հանդիսանում են միջին ծանրության հանցագործություններ, ամբաստանյալի և տուժողների միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն, հաշվի առնելով, որ ամբաստանյալը գիտակցում է, որ տուժողների հետ հաշտության հիմքով քրեական հետապնդման դադարեցումը կրելու է ոչ արդարացնող (ոչ ռեաբիլիտացիոն) բնույթ, և չի առարկել նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու դեմ՝ Դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Արշակ Ռազմիկի Հարությունյանին պետք է ազատել 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին) 2021 թվականի սեպտեմբերի 15-ին և 2003 թվականի օգոստոսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին) 2021 թվականի հոկտեմբերի 10-ին կատարած հանցանքների համար քրեական պատասխանատվությունից՝ տուժողների հետ հաշտության հիմքով (…)»6:

12 Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշման համաձայն՝ «(…) Առաջին ատյանի դատարանի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի կայացրած երեք որոշումներով մեղադրյալներ Մարզպետ Բեգլարյանը, Արշակ Հարությունյանը և Նվեր Բեգլարյանն ազատվել են 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների համար քրեական պատասխանատվությունից՝ տուժողների հետ հաշտության հիմքով և նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշում կայացնելով ղեկավարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով, այսինքն՝ Առաջին ատյանի դատարանը ըստ էության հետադարձ ուժ է տվել 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածին, որը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ՝ հետևյալ պատճառաբանությամբ. Անձի վիճակը բարելավող օրենքին հետադարձություն տալն ու այն գործով ամբաստանյալի նկատմամբ կիրառելը, նույնիսկ օրինական ուժի մեջ չմտած եզրափակիչ դատավարական ակտի առկայության պայմաններում, թույլատրելի և ընդունելի կարող էր դիտարկվել, եթե վիճարկվող դատական ակտում հղում կատարվեր նաև համապատասխան օրենքի, մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին 2022 թվականի հունիսի 9-ի օրենքի կոնկրետ նորմի վրա, որը չի կատարվել։

(…)

Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ նախկին օրենսդրությունը միջին ծանրության հանցանք կատարած անձին տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու հնարավորություն առհասարակ չէր նախատեսում, որպիսի պայմաններում միջին ծանրության հանցանք կատարած անձին տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու կարգավորումը չի կարող ստանալ «մասնակի» կիրառելիություն և կտրված մեկնաբանվել դրա կիրառելիությունը սահմանափակող պայմանից, քանի որ նման մեկնաբանությունը հակասում է նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակին: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն դեպքում օրենսդրի նպատակը հանդիսանում է միայն մեկ հանցանքի՝ առաջին անգամ կատարված հանցանքի համար անձին քրեական պատասխանատվությունից ազատելը:

(…)

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալներին վերագրված արարքներից առաջինը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին)՝ Արթուր Օրուջյանի դրվագով նախատեսված արարքը կատարվել է 2021 թվականի սեպտեմբերի 15-ին, իսկ երկրորդ՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին)՝ Անգին Ալիխանյանի դրվագով նախատեսված արարքը՝ 2021 թվականի հոկտեմբերի 10-ին։ Երկու արարքներն էլ ըստ բնույթի և վտանգավորության աստիճանի միջին ծանրության հանցանքներ են։ Տուժողները երկու արարքների մասով էլ արտահայտել են մեղադրյալների հետ հաշտվելու վերաբերյալ դիրքորոշում, մեղադրյալներն իրենց անմեղությունը չեն վիճարկել, իսկ Առաջին ատյանի դատարանը վիճարկվող որոշման մեջ արձանագրել է, որ տուժողներ Արթուր Օրուջյանի, Անգին Ալիխանյանի և մեղադրյալներ Մարզպետ Բեգլարյանի, Արշակ Հարությունյանի և Նվեր Բեգլարյանի միջև հաշտության վերաբերյալ ձեռք բերված փոխադարձ համաձայնությունը հիմնված է կողմերի ինքնուրույն և ազատ կամահայտնության վրա։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ՀՀ նոր քրեական օրենսգիրքն առաջին անգամ հանցանք կատարած անձ է դիտարկում այն անձին, ով՝

ա. նախկինում հանցանք չի կատարել,

բ. կատարել է, սակայն ազատվել է քրեական պատասխանատվությունից, կամ

գ. որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է:

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ վերը նշված թվարկման «բ» և «գ» կետերը սույն գործին վերաբերելի չեն, քանի որ Մարզպետ Բեգլարյանը, Արշակ Հարությունյանը և Նվեր Բեգլարյանը ենթադրաբար կատարել են երկու հանցագործություն, հետևաբար՝ նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառման իրավաչափությունը պետք է ստուգվի և գնահատվի «ա» կետում նշված պայմանը պահպանված լինելու համատեքստում, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորման կիրառելիությունն ապահովող «առաջին անգամ հանցանք կատարելու» պահանջն առկա չէ այն պարագայում, երբ անձին մեկ քրեական վարույթի շրջանակներում մեղսագրվում է մի քանի հանցանքների կատարում:

Միաժամանակ հարկ է նշել, որ վերը նշվածը չի վերաբերում այն դեպքերին, երբ անձին մեղսագրվում են մի քանի հանցանքներ տարբեր վարույթների շրջանակներում։ Նման պայմաններում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ դատարանը մեղսագրվող արարքներից մեկի մասով կիրառելի չհամարի ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորումը՝ հիմքում դնելով այլ՝ դեռևս քննվող քրեական գործով մեղսագրվող արարք, որով դեռևս չի հաստատվել անձի մեղավորության փաստը և որով հետագայում անձը կարող է արդարացվել, որպիսի պարագայում կխախտվի անմեղության կանխավարկածի սկզբունքը։

Մինչդեռ նշված խնդիրը չի առաջանում մեղսագրված արարքները մեկ վարույթի շրջանակներում քննելու պայմաններում, քանի որ այդ դեպքում անձին մեղսագրված արարքների վերաբերյալ քննությունն իրականացվում է միաժամանակ, արարքներին իրավական գնահատական տրվում է մեկ դատական ակտով, որն օրինական ուժի մեջ է մտնում բոլոր արարքների կապակցությամբ միաժամանակ։ Այսինքն՝ նշված բոլոր արարքներով անձը մեղավոր է ճանաչվում մեկ վարույթի շրջանակներում՝ մեկ դատավճռով։

Վերաքննիչ դատարանը փաստում է նաև, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ հանցանք կատարելու փաստը հիմնավորվում է օրինական ուժի մեջ մտած մեղադրող դատավճռով, թեև քրեական օրենսդրության առանձին ինստիտուտների կիրառման համար բավարար է մեղադրող (օրինական ուժի մեջ չմտած) դատավճռի առկայությունը, օրինակ՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի ընդհատման հարցը պարզելիս։

 (…)

Ամփոփելով վերոգրյալը՝ Վերաքննիչ դատարանը փաստում է, որ մեղադրյալներ Մարզպետ Բեգլարյանին, Արշակ Հարությունյանին և Նվեր Բեգլարյանին միևնույն վարույթի շրջանակներում մեղսագրվում են երկու տարբեր հանցանքների կատարում, հետևաբար 2022 թվականի հուլիսի 1-ից գործող ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսած կարգավորման իմաստով վերջինս երկրորդ հանցագործության կատարման պահին չի հանդիսացել «առաջին անգամ հանցանք կատարած անձ» և վերոնշյալ գործով արտահայտված իրավական դիրքորոշման լույսի ներքո ստուգելով քննարկվող նորմին հետադարձություն տալու և այն մեղադրյալներ Մարզպետ Բեգլարյանի, Արշակ Հարությունյանի և Նվեր Բեգլարյանի նկատմամբ կիրառելու իրավաչափության հարցը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պարտավոր է անդրադառնալ նաև հետևյալ հարցին՝ արդյո՞ք հնարավոր է մեղադրյալներ Մարզպետ Բեգլարյանին, Արշակ Հարությունյանին և Նվեր Բեգլարյանին վերագրված արարքներից միայն մեկով ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի կիրառումը, եթե նույն գործի շրջանակներում եզրափակիչ դատական ակտով փաստվում է տվյալ անձի կողմից նաև այլ (հաջորդող կամ նախորդող) հանցանք ենթադրաբար կատարելու հանգամանքը։

(…) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտում քրեական հետապնդման դադարեցման վերաբերյալ իրավական գնահատականը ճիշտ չէ այն պատճառով, որ անձանց վերագրվող 2 դրվագով հանցագործությունների վերաբերյալ ճիշտ չի կիրառվել գործող ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, որով թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում: Իսկ օրենքը հստակ նշում է նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառման դեպքում Վերաքննիչ դատարանի լիազորությունների շրջանակը, այն է՝ բեկանում է համապատասխան դատական ակտը՝ վարույթը փոխանցելով Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության (…)»7։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով «առաջին անգամ հանցանք կատարած անձ» հասկացության, ինչպես նաև տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի մեկնաբանման կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման և իրավունքի զարգացման խնդիր: Ուստի, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղենիշային նշանակություն ունենալ նույնաբնույթ գործերով միասնական դատական պրակտիկայի ձևավորման համար:

13. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորման կիրառելիությունն ապահովող՝ «առաջին անգամ հանցանք կատարելու» պահանջն առկա չէ այն դեպքում, երբ անձին մեկ քրեական վարույթի շրջանակներում մեղսագրվում է մի քանի հանցանքների կատարում։

ՀՀ գործող քրեական օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացություններ սահմանող նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ «առաջին անգամ հանցանք կատարած` անձ, որը նախկինում հանցանք չի կատարել կամ կատարել է, սակայն ազատվել է քրեական պատասխանատվությունից, կամ որի դատվածությունը սույն օրենսգրքով սահմանված կարգով մարվել կամ վերացվել է»։

Մեջբերված նորմի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի համատեքստում որպես առաջին անգամ հանցանք կատարած է դիտարկվում այն անձը, որը՝

1) նախկինում հանցանք չի կատարել կամ

2) կատարել է, սակայն ազատվել է քրեական պատասխանատվությունից կամ

3) որի դատվածությունը մարվել կամ վերացվել է։

14. Քրեական օրենսդրության համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ քրեական պատասխանատվության և պատժի նշանակման գործընթացում օրենսդիրը կարևորում է՝ հանցանքը կատարվում է առաջին անգամ, թե կայուն հանցավոր վարքագիծ որդեգրած անձի կողմից։

Մասնավորապես, առաջին անգամ հանցանք կատարելու դեպքում քրեական պատասխանատվության և պատժի ենթարկելու հարցում օրենսդրորեն նախատեսվել են որոշակի արտոնյալ կարգավորումներ, որոնք միտված են հնարավորինս մեղմ ներգործության միջոցներով ներազդելու անձի վրա ձեռնպահ մնալ հետագա հանցավոր արարքներ կատարելուց և նրա մոտ ձևավորել իրավաչափ վարքագիծ՝ այդ կերպ նպաստելով վերջինիս վերասոցիալականացմանը։ Այսպես՝ հանցանքն առաջին անգամ կատարելը որոշ դեպքերում հիմք է անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար, առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը չի կարող դատապարտվել ազատազրկման, բացի այդ հանցանքն առաջին անգամ հանգամանքների պատահական զուգորդմամբ կատարելն օրենսդրորեն նախատեսվել է որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը մեղմացնող հանգամանք և այլն։

Միևնույն ժամանակ, ի հակակշիռ վերոնշյալի, հանցանքը դատվածություն ունեցող անձի կողմից կատարելն օրենսդրորեն նախատեսվել է որպես քրեական պատասխանատվությունը կամ պատիժը ծանրացնող հանգամանք, իսկ ռեցիդիվի առկայությունը՝ որպես խիստ պատիժ նշանակելու հիմք։

Օրենսդրի այս մոտեցումը տրամաբանական է, քանզի քրեական հակազդեցության արդարությունն ու անահտականացումն ապահովելու տեսանկյունից կարևոր է տարբերակված մոտեցում ցուցաբերել և միևնույն հարթության վրա չդիտարկել առաջին անգամ հանցանք կատարած անձին և այն անձին, որի նկատմամբ պետությունն արդեն իսկ գործադրել է իր քրեաիրավական գործիքակազմը և ենթարկել քրեական պատասխանատվության ու պատժի։ Այլ կերպ՝ կրկնվող հանցավոր վարքագծի այնպիսի կայուն դրսևորումները, երբ անձը, ի հեճուկս իր նկատմամբ կիրառված քրեաիրավական ներգործության միջոցների, չի կանգնում ուղղման ճանապարհին և շարունակում է իր հանցավոր գործունեությունը, վկայում են հանցավորի անձի առավել բարձր վտանգավորության մասին, ցույց տալիս, որ պետության գործադրած միջոցներն ի զորու չեն եղել ձևավորել իրավահպատակ վարքագիծ, ուստի ողջամտորեն հիմք են նրա նկատմամբ քրեական ներգործությունը խստացնելու համար։

Մինչդեռ, եթե անձի նկատմամբ պետությունը դեռևս չի իրագործել քրեաիրավական ներգործություն, սահմանված կարգով չի արտահայտել իր պարսավանքը կատարված հանցավոր արարքին ու գնահատական տվել դրան, այն կատարող անձին չի ենթարկել քրեական պատասխանատվության և պատժի, իրավական տեսանկյունից տվյալ անձը պետք է դիտարկվի որպես առաջին անգամ հանցանք կատարած՝ անկախ մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների քանակից։ Այլ կերպ՝ նշված դեպքում անձը չի կարող համարվել նախկինում հանցանք կատարած, քանի դեռ պետությունը՝ ի դեմս իրավասու մարմնի՝ դատարանի, մեղադրական դատավճռի կայացմամբ չի հաստատել վերջինիս մեղավորությունը մեղսագրվող հանցավոր արարքում կամ արարքներում։

15. Սույն որոշման նախորդ կետում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված՝ «առաջին անգամ հանցանք կատարած անձի» բնորոշման մեջ առկա՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել» ձևակերպմանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ որպես այդպիսին պետք է դիտարկել այն անձին, որի՝ նախկինում դատապարտման վերաբերյալ տեղեկություններ առկա չեն։ Այլ կերպ՝ եթե անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքը կամ արարքները կատարելու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ առկա չի եղել նախկինում (կոնկրետ գործով մեղսագրվող արարքից/արարքներից առաջ կատարված) հանցանքի կատարումը հավաստող օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ, անձը պետք է դիտվի որպես առաջին անգամ հանցանք կատարած կամ որ նույնն է՝ «անձ, որը նախկինում հանցանք չի կատարել»։ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քանի դեռ պետության անունից անձի նախկինում կատարած արարքին չի տրվել քրեաիրավական գնահատական, վերջինիս մեղքը չի հաստատվել դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով և նա չի ենթարկվել քրեական պատասխանատվության ու պատժի, իրավական տեսանկյունից տվյալ անձը պետք է համարվի որպես առաջին անգամ հանցանք կատարած։

Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը պայմանավորված է նաև անձի անմեղության կանխավարկածը երաշխավորելու անհրաժեշտությամբ, քանզի անձի կողմից նախկինում հանցանք կատարելու հանգամանքը կարող է հաստատվել բացառապես դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով։ Ի հակակշիռ վերոնշյալի՝ անձը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի իմաստով չի համարվի առաջին անգամ հանցանք կատարած, եթե վերջինս նախկինում կատարված հանցանքի համար դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարվելուց հետո, չմարված կամ չվերացված դատվածության պայմաններում, կատարում է նոր հանցանք։

Այսպիսով, ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ անձի կողմից «առաջին անգամ հանցանք կատարելու» պայմանը քննարկելիս էականը ոչ թե անձին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների քանակն է, այլ այն՝ արդյոք ենթադրյալ հանցավոր արարքը կամ արարքները կատարելու օրվա դրությամբ վերջինիս նկատմամբ առկա է եղել նախկինում հանցանքի կատարումը հավաստող դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, թե ոչ։

16. ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա հաշտվել է տուժողի հետ և հատուցել կամ այլ կերպ հարթել է նրան պատճառած վնասը»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի համաձայն՝ «1.Եթե անձն առաջին անգամ է հանցանք կատարել, ապա ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա կատարած արարքը ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք է, և նրա ու տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ։

(…)

5. Նախկինում սույն հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից»:

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն Աշոտ Բաբայանի վերաբերյալ որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) [Հ]աշտության հիմքով անձին քրեական պատասխանատվությունից ազատելը վարույթն իրականացնող մարմնի հայեցողական լիազորությունն է, որի իրացումը ենթադրում է որոշակի նախապայմանների առկայություն: Դրանք են՝

1) անձի կողմից ոչ մեծ ծանրության հանցանք կատարած լինելը,

2) տուժողի և հանցանք կատարած անձի հաշտությունը,

3) պատճառված վնասը հատուցած կամ այլ կերպ հարթած լինելը:

Միևնույն ժամանակ, վարույթն իրականացնող մարմինը կարող է հրաժարվել իր լիազորությունն իրացնելուց այն դեպքում, երբ բացակայում է նշված երեք նախապայմաններից (իրավաչափության պայմաններից) մեկը կամ մի քանիսը:

(…)

Հանցանք կատարած անձի համար հաշտությունը հանցանքի կատարման մեջ իրեն մեղավոր ճանաչելն է, այդ արարքի համար զղջալը, ափսոսանք հայտնելը, իսկ տուժողի համար՝ հանցանք կատարած անձին ներելը: Բացի այդ, հաշտությունը ենթադրում է տուժողի և ենթադրյալ հանցագործի կամավոր և փոխադարձ համաձայնություն միմյանց հետ հաշտվելու վերաբերյալ: Այսինքն` հաշտությունը պետք է լինի ինչպես գործողություն, այնպես էլ փոխադարձ գործողությունների արդյունք:

Հաշտության կամավոր բնույթը ենթադրում է հաշտվելու վերաբերյալ կողմերի ինքնուրույն և ազատ կամահայտնություն:

Հաշտության փոխադարձ բնույթը նշանակում է, որ կողմերից երկուսն էլ պետք է հայտարարեն հաշտության մասին:

Հաշտության կամավոր և փոխադարձ բնույթի բացակայության դեպքում վարույթն իրականացնող մարմինը չի կարող որոշում կայացնել հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Այլ կերպ՝ հաշտությունը երկու կողմերի փոխադարձ կամահայտնությունն է, այն երբեք չի կարող կրել միակողմանի բնույթ, և եթե տուժողը ցանկություն է հայտնում հաշտվելու, իսկ հանցանք կատարած անձը դրա դեմ առարկում է, կամ հակառակը, ապա հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու իրավական հիմքը բացակայում է: Նույն կերպ, հաշտությունը կամավոր և փոխադարձ չի կարող համարվել, հետևաբար՝ այդ հիմքով քրեական գործի վարույթը չի կարող դադարեցվել, եթե հաշտությունը հետևանք է տուժողի նկատմամբ հանցանք կատարած անձի գործադրած ոչ իրավաչափ ներգործության»8:

17. ՀՀ գործող քրեական օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների համաձայն՝ տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից՝ հետևյալ նախապայմանների միաժամանակյա առկայության դեպքում

- անձը կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք, բացառությամբ այն դեպքերի, երբ կատարված հանցանքում առկա են ընտանիքում բռնության հատկանիշներ,

- հանցանքը կատարել է առաջին անգամ,

- անձի և տուժողի միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն։

Հաշտության ինստիտուտի նախկին և ներկայումս գործող կարգավորումների համեմատական վերլուծությունը ցույց է տալիս, որ դրա կիրառելիության շրջանակները ՀՀ գործող քրեական օրենսդրությամբ ընդլայնվել են։ Մասնավորապես, անձը նշված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվում է ոչ միայն ոչ մեծ, այլև միջին ծանրության հանցանք կատարելու դեպքում, բացի այդ, հաշտության կայացումն արդեն իսկ անվերապահ հիմք է անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար, իսկ պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտադիր պայմանն այլևս չի նախատեսվել։

17.1. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ քննարկվող ինստիտուտի գործադրման պարտադիր հիմքը հանցանք կատարած անձի և տուժողի միջև ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված հաշտությունն է, ուստի դա է պատճառը, որ նախկին քրեական օրենսդրությամբ առկա՝ տուժողին պատճառված վնասը հատուցելու կամ այլ կերպ հարթելու պարտադիր պայմանն այլևս չի նախատեսվել։ Վերոնշյալով է պայմանավորված նաև հաշտության դեպքում քրեական պատասխանատվությունից ազատելու իմպերատիվ հիմքի նախատեսումը՝ ի տարբերություն նախկին իրավակարգավորման, երբ քրեական պատասխանատվությունից ազատելու հարցը գտնվում էր վարույթն իրականացնող մարմնի հայեցողության տիրույթում։ Այլ կերպ՝ տուժողի և հանցանք կատարած անձի միջև ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված հաշտության դեպքում, անձը պետք է ազատվի քրեական պատասխանատվությունից։ Ընդ որում, հաշտության՝ վերոնշյալ չափանիշներին բավարարելու հարցը քննարկելիս, շարունակում են կիրառելի լինել Վճռաբեկ դատարանի՝ սույն որոշման 16-րդ կետում մեջբերված՝ Աշոտ Բաբայանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Միաժամանակ, հաշտության ինստիտուտի կիրառման պարտադիր պայման է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքը(ները) առաջին անգամ կատարելը։ Ոչ մեծ և միջին ծանրության հանցանքների հասկացությունները սահմանված են ՀՀ գործող քրեական օրեսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, ինչ վերաբերում է հանցանքն առաջին անգամ կատարված լինելու պայմանին, ապա կիրառելի են սույն որոշման 13-15-րդ կետերում սահմանված չափանիշները։ Մասնավորապես, եթե անձը կատարել է ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կամ հանցանքներ և առկա չեն նշված անձի կողմից նախկինում կատարված հանցանքի համար օրինական ուժի մեջ մտած դատական ակտով դատապարտման վերաբերյալ տեղեկություններ, ապա վերջինս համարվում է առաջին անգամ հանցանք կատարած և տուժողի հետ հաշտության դեպքում ենթակա է քրեական պատասխանատվությունից ազատման։

18. Միևնույն ժամանակ, հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու նորմի շրջանակում նախատեսված է տվյալ նորմի կիրառելիության սահմանափակում։ Մասնավորապես, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նախկինում տվյալ հոդվածով նախատեսված հիմքով քրեական պատասխանատվությունից ազատված անձը չի կարող նույն հիմքով կրկին ազատվել քրեական պատասխանատվությունից:

Օրենսդրի կողմից նշված արգելքի սահմանումը պայմանավորված է չարաշահումները բացառելու, քրեական պատասխանատվության անխուսափելիությունը հետևողականորեն ապահովելու և անպատժելիության մթնոլորտ չստեղծելու անհրաժեշտությամբ, ուստի անձը պետք է գիտակցի, որ իր նկատմամբ խրախուսական նորմի կիրառումից հետո հանցավոր վարքագիծը շարունակելու դեպքում, այլևս չի կարող հավակնել քրեական պատասխանատվությունից նույն հիմքով ազատման։

Ընդ որում, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նշված արգելքը գործում է միայն այն դեպքում, երբ անձը տուժողի հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելուց հետո կրկին հանցանք է կատարում, հակառակ պարագայում, երբ հանցանքը կատարվել է նախքան հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու ակտի կայացումը, տվյալ նորմի կիրառելիությունը չի կարող սահմանափակվել։ Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անձի համար պետք է ակնհայտ լինի, որ պետությունը, մեկ անգամ առանց ռեաբիլիտացնելու «ներելով» իր հանցավոր վարքագիծը և քրեական պատասխանատվությունից ազատելով, հնարավորություն է տալիս անհրաժեշտ դասեր քաղելու և ուղղման ճանապարհին կանգնելու համար, հակառակ պարագայում՝ հանցավոր վարքագիծը շարունակելու դեպքում, վերջինս զրկվում է նույն հիմքով քրեական պատասխանատվությունից ազատվելու հնարավորությունից։

19. Սույն գործի փաստական տվյալների վերլուծությունից հետևում է, որ՝

- Մարզպետ Բեգլարյանին, Արշակ Հարությունյանին և Նվեր Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով9։

- Առաջին ատյանի դատարանը 2022 թվականի դեկտեմբերի 13-ին կայացրած երեք որոշումներով ամբաստանյալներ Մարզպետ Բեգլարյանին, Արշակ Հարությունյանին և Նվեր Բեգլարյանին ազատել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերին) և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետին) նախատեսված հանցանքների համար քրեական պատասխանատվությունից՝ տուժողների հետ հաշտության հիմքով։ Մասնավորապես, Առաջին ատյանի դատարանն ընդգծել է, որ ամբաստանյալները չունեն դատվածություն, վերջիններիս մեղսագրվում են միջին ծանրության հանցագործություններ, նրանց և տուժողների միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն, բացի այդ գիտակցում են, որ տուժողների հետ հաշտության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելը կրելու է ոչ ռեաբիլիտացնող բնույթ, և չեն առարկել նշված հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու դեմ10։

- Վերաքննիչ դատարանը, բեկանելով Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումները և գործը նոր քննության փոխանցելով, նախ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը հետադարձ ուժ է տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածին, որը Վերաքննիչ դատարանի համար ընդունելի չէ, քանի որ անձի վիճակը բարելավող օրենքին հետադարձություն տալն ու այն գործով ամբաստանյալի նկատմամբ կիրառելը թույլատրելի է, եթե նախատեսված է օրենքով, մինչդեռ վիճարկվող դատական ակտում ՀՀ քրեական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին 2022 թվականի հունիսի 9-ի օրենքի որևէ նորմի վրա հղում չի կատարվել։

Միևնույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորման կիրառելիությունն ապահովող՝ «առաջին անգամ հանցանք կատարելու» պահանջն առկա չէ այն պարագայում, երբ անձին մեկ քրեական վարույթի շրջանակներում մեղսագրվում է մի քանի հանցանքների կատարում: Որպես հիմնավորում Վերաքննիչ դատարանը վկայակոչել է վաղեմության ժամկետի ընդհատման վերաբերյալ Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Կարապետյանի գործով կայացված թիվ ԵԷԴ/0071/01/17 որոշման իրավական դիրքորոշումները՝ ընդգծելով, որ անմեղության կանխավարկածի ոտնահարման խնդիր չի առաջանում մեղսագրված արարքները մեկ վարույթի շրջանակներում քննելու պայմաններում, քանի որ նշված բոլոր արարքներով անձը մեղավոր է ճանաչվում մեկ վարույթի շրջանակներում՝ մեկ դատավճռով։ Արդյունքում, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Մարզպետ Բեգլարյանին, Արշակ Հարությունյանին և Նվեր Բեգլարյանին միևնույն վարույթի շրջանակներում մեղսագրվում են երկու տարբեր հանցանքների կատարում, հետևաբար ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսած կարգավորման իմաստով՝ վերջիններս երկրորդ հանցանքի կատարման պահին չեն հանդիսացել «առաջին անգամ հանցանք կատարած անձ»11։

20. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 13-18-րդ կետերում մեջբերված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը Մարզպետ Բեգլարյանին և Նվեր Բեգլարյանին քրեական պատասխանատվությունից ազատելու հարցում եկել է ճիշտ եզրահանգման։ Մասնավորապես, վերջիններիս մեղսագրվում է միջին ծանրության երկու հանցագործություն, նրանք չեն ունեցել դատվածություն նախկինում կատարված հանցանքի համար և նրանց ու տուժողների միջև առկա է հաշտության վերաբերյալ ինքնուրույն և ազատ կամարտահայտության վրա հիմնված փոխադարձ համաձայնություն։

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դատողություններին, որ մեղադրյալներին միևնույն վարույթի շրջանակներում մեղսագրվում են երկու տարբեր հանցանքներ, հետևաբար ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսած կարգավորման իմաստով՝ վերջիններս երկրորդ հանցանքի կատարման պահին չեն հանդիսացել «առաջին անգամ հանցանք կատարած անձ», և Վճռաբեկ դատարանի՝ Սարգիս Կարապետյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն՝ անմեղության կանխավարկածի ոտնահարման խնդիր չի առաջանում՝ մեղսագրված արարքները մեկ վարույթի շրջանակներում քննելու պայմաններում, քանի որ նշված բոլոր արարքներով անձը մեղավոր է ճանաչվում մեկ վարույթի շրջանակներում՝ մեկ դատավճռով, ապա Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ քանի դեռ անձի նկատմամբ պետությունը չի իրականացրել իր քրեաիրավական ներգործությունը, սահմանված կարգով չի արտահայտել իր պարսավանքը կատարված հանցավոր արարքին ու գնահատական տվել դրան, չի ենթարկել քրեական պատասխանատվության և պատժի, իրավական տեսանկյունից տվյալ անձը պետք է դիտարկվի որպես առաջին անգամ հանցանք կատարած՝ անկախ մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքների քանակից։ Այս տեսանկյունից Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործի նյութերում առկա չէ որևէ տվյալ առ այն, որ մեղադրյալներին մեղսագրվող ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու դրությամբ վերջիններիս նկատմամբ առկա է եղել նախկինում հանցանքի կատարումը հավաստող օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտ։

Վերոշարադրյալից արդեն իսկ հետևում է, որ տարբեր են Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված՝ թիվ ԵԷԴ/0071/01/17 քրեական գործի և սույն գործի թե՛ փաստական հանգամանքները, թե՛ կիրառելի իրավական նորմերը և թե՛ իրավական խնդիրը։ Մասնավորապես, Սարգիս Կարապետյանի գործով որոշման շրջանակներում Վճռաբեկ դատարանն անդրադարձել է վաղեմության ժամկետների ընդհատման հիմնախնդրին, մինդեռ սույն գործով իրավական խնդիրը «առաջին անգամ հանցանք կատարած անձ» հասկացության մեկնաբանումն է (որպիսին բացակայում է վաղեմության ժամկետներին վերաբերող դրույթներում), և դրա համատեքստում տուժողի և հանցանք կատարած անձի հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու ինստիտուտի կիրառումը, հետևաբար վկայակոչված որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները սույն գործի նկատմամբ կիրառելի չեն։

Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշոմանը, որ անմեղության կանխավարկածի ոտնահարման խնդիր չի առաջանում մեղսագրված արարքները մեկ վարույթի շրջանակներում քննելու պայմաններում, քանի որ նշված բոլոր արարքներով անձը մեղավոր է ճանաչվում մեկ վարույթի շրջանակներում՝ մեկ դատավճռով։ Վճռաբեկ դատարանի համոզմամբ՝ նշված եզրահանգումն իրավաչափ չէ, քանի որ ՀՀ գործող քրեական օրենսգրքով որպես առաջին անգամ հանցանք կատարած է դիտարկվում այն անձը, որը նախկինում հանցանք չի կատարել, հետևաբար, եթե վարույթն իրականացնող մարմինը քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործի վարույթը կարճելու միջնորդությունը մերժում է այն պատճառաբանությամբ, որ տվյալ անձը չի համարվում առաջին անգամ հանցանք կատարած, այսինքն՝ նախկինում հանցանք է կատարել՝ առանց այդ նախկինում կատարած հանցանքը հավաստող օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայության, անխուսափելիորեն խախտում է անմեղության կանխավարկածը, քանզի կանխակալ կարծիք է արտահայտում անձի մեղավորության հարցի վերաբերյալ։

21. Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Առաջին ատյանի դատարանը հետադարձ ուժ է տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածին, որն անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենք է և դրա՝ հետադարձ ուժով կիրառելու հնարավորություն օրենքով նախատեսված չէ, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված՝ տուժողի և հանցանք կատարած անձի միջև տեղի ունեցած հաշտությունը քրեական պատասխանատվությունից ազատող իմպերատիվ հիմք է, ուստի, Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի վերաբերյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համաձայն, վերոնշյալ նորմին պետք է հետադարձ ուժ տրվի12։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատողությունն առ այն, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգավորման կիրառելիությունն ապահովող՝ «առաջին անգամ հանցանք կատարելու» պահանջն առկա չէ այն դեպքում, երբ անձին մեկ քրեական վարույթի շրջանակներում մեղսագրվում է մի քանի հանցանքների կատարում, իրավաչափ չէ։

22. Ընդհանրացնելով սույն որոշման նախորդ կետերում մեջբերված և վերլուծված փաստական տվյալները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածով նախատեսված հիմքով Մարզպետ Բեգլարյանին և Նվեր Բեգլարյանին քրեական պատասխանատվությունից ազատելու բոլոր հիմքերն ու պայմանները, հետևաբար Վերաքննիչ դատարանի դատական ակտը ենթակա է բեկանման։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում ամրագրված նորմը, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ բողոքարկված դատական ակտի բեկանման հիմքն ակնհայտորեն վերաբերում է նաև դատական ակտը չբողոքարկած մեղադրյալին՝ Արշակ Հարությունյանին, ուստի սույն վարույթով առերևույթ առկա է վճռաբեկ բողոքի սահմաններից դուրս գալու հիմք՝ ի շահ մեղադրյալ Արշակ Հարությունյանի։

23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածը, որը ենթակա էր կիրառման։ Այսինքն՝ թույլ է տրվել նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար։ Միևնույն ժամանակ, Առաջին ատյանի դատարանը, Մարզպետ Բեգլարյանին, Արշակ Հարությունյանին և Նվեր Բեգլարյանին տուժողների հետ հաշտության հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելով, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտեր, ուստի անհրաժեշտ է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի դատական ակտը՝ օրինական ուժ տալով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին կայացրած որոշումներին։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1 Մարզպետ Մաքսիմի Բեգլարյանի, Նվեր Արամի Բեգլարյանի և Արշակ Ռազմիկի Հարությունյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 3-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ի որոշումներին՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

___________________________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 13-14։

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 41-42։

3 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 27-28։

4 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 8, թերթեր 89-93։

5 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 8, թերթեր 94-100։

6 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 8, թերթեր 84-88։

7 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 9, թերթեր 116-132։

8 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Աշոտ Բաբայանի գործով 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԱՔԴ/0157/01/10 որոշման 16-18-րդ կետերը:

9 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։

10 Տե՛ս սույն որոշման 11-11.2-րդ կետերը։

11 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։

12 Տես, mutatis mutandis, Վճռաբեկ դատարանի՝ Միշա Մուրադյանի գործով 2023 թվականի նոյեմբերի 10-ի թիվ ԵԴ/1424/01/21 որոշումը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. Ավետիսյան

 

Հ. Գրիգորյան

 

Լ. Թադևոսյան

 

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական: