ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախագահող դատավոր՝ Հ. Մանուկյան |
ԱՐԴ/0180/01/23
|
|
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր՝ Լ. Հովհաննիսյան |
|
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ | |
|
Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ Լ. Թադևոսյանի | ||
|
Ա. Պողոսյանի |
|
28 փետրվարի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանի պաշտպաններ Մ.Շխիմյանի և Ա.Պիվազյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի հունիսի 23-ին ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 57113622 քրեական գործը։
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի հուլիսի 18-ի որոշմամբ Հարություն Արսենի Ավետիսյանը ձերբակալվել է:
2022 թվականի հուլիսի 20-ին Հ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2022 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգվել է՝ 1 (մեկ) ամիս ժամկետով:
Նախաքննության մարմինը 2023 թվականի հունիսի 19-ին նոր որոշում է կայացրել՝ Հ.Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:
Հսկող դատախազ Ա.Բարսեղյանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է:
2023 թվականի հուլիսի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանը, դատական նիստում, նախնական դատալսումների ընթացքում, 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 3 (երեք) ամիս ժամկետով, նույն ժամանակահատվածով սահմանափակելով վերջինիս՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, բացառությամբ մերձավոր ազգականների:
3. Հ.Ավետիսյանի պաշտպաններ Մ.Շխիմյանի և Ա.Պիվազյանի հատուկ վերանայման բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հուլիսի 14-ի որոշումը թողնելով անփոփոխ:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշման դեմ մեղադրյալ Հ.Ավետիսյանի պաշտպաններ Մ.Շխիմյանի և Ա.Պիվազյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
5. Բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքը մերժելու և բողոքում ներկայացված որևէ փաստարկի չանդրադառնալու հետևանքով կոպտորեն խախտել է ՀՀ Սահմանադրության 6-րդ, 27-րդ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները, որի արդյունքում կայացրել է չպատճառաբանված դատական ակտ՝ խախտելով ՀՀ Սահմանադրությամբ և քրեադատավարական օրենքով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը:
5.1. Բողոքաբերները վիճարկել են հիմնավոր կասկածի առկայությունը, փաստելով, որ մեղադրական եզրակացության մեջ ընդամենը երեք փաստական հանգամանք է վերաբերելի Հ.Ավետիսյանին, այն էլ անուղղակիորեն:
5.2. Բողոքաբերները նշել են, որ դատարանը կալանավորման հիմքում դրել է գործի քննությանը որևէ եղանակով ներազդելու մտավախությունը, սակայն մեղադրյալը թե գործի նախաքննության փուլում, թե ավարտական փուլում գտնվել է ազատության մեջ՝ չխախտելով իր վրա դրված պարտականությունններից և ոչ մեկը: Մասնավորապես, Հ.Ավետիսյանը, առանց որևէ պատշաճ ծանուցման, բանավոր կանչով ներկայացել է վարույթն իրականացնող մարմին, տվել է ցուցմունքներ, որից հետո մեկ շաբաթ գտնվել է ազատության մեջ, հետո կրկին, բանավոր կանչով ներկայացել է քննիչի մոտ, հետագայում ձերբակալվել, իր անմեղությունը փաստելու նպատակով սեփական նախաձեռնությամբ տվել է ԴՆԹ նմուշներ, մատնահետքեր և այլ հետքեր, որոնք չեն հայտնաբերվել գործին վերաբերող որևէ իրի կամ առարկայի վրա:
5.3. Բողոքաբերները նշել են նաև, որ հսկող դատախազն իր որոշմամբ Հ.Ավետիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացրել էր, այնինչ դատարանը, նախնական դատական նիստում, առանց նոր էական հանգամանք մատնանշելու և այդ հարցը քննության առարկա դարձնելու, կալանավորել է Հ.Ավետիսյանին, ինչը դատավարական կոպիտ էական խախտում է, որը խաթարում է արդարադատության բուն էությունը:
5.4. Բողոքաբերները նշել են նաև, որ պաշտպանության կողմին օրենսդրությամբ նախատեսված պատշաճ կարգով չի հայտնվել գործի ավարտի վերաբերյալ, չեն տրամադրվել քրեական վարույթի բոլոր նյութերը, Հ.Ավետիսյանին մեղադրական եզրակացությունը տրամադրվել է դատական նիստում։
Բողոքաբերների պնդմամբ՝ նշված էական խախտման արդյունքում պաշտպանության կողմը զրկվել է հիմնարար իրավունքից՝ պաշտպանության իրավունքի պատշաճ իրացման հնարավորությունից, իսկ Առաջին ատյանի դատարանը հրաժարվել է դատական նիստը նույնիսկ մեկ օրով հետաձգել:
5.5. Բողոքաբերները նշել են, որ դատարանի ապօրինի գործողությունների դեմ հանդես են եկել դատավորին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությամբ, սակայն դատարանն արձանագրային որոշմամբ, առանց ըստ էության քննության առնելու և խորհրդակցական սենյակ հեռանալու՝ մերժել է այն:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշումը՝ բեկանված մասով կայացնելով դրան փոխարինող դատական ակտ` վերացնելով Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը կամ փոփոխելով այն այլընտրանքային խափանման միջոցով կամ այդպիսի միջոցների համակցությամբ:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Հարություն Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ «(...) [Ն]ա տեղեկություններ և միջոցներ տրամադրելով օժանդակել է մի խումբ անձանց կողմից շատերի (այլ անձանց) կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Վարազդատ Բարոյանին դիտավորությամբ կյանքից զրկելուն (…)»1։
8. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Քրեական գործի նյութերով, մասնավորապես՝ մեղադրական եզրակացությունում նշված ապացույցներով հիմնավորվում է այն կասկածը, որ մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանը ենթադրաբար կարող է կատարած լինել իրեն մեղսագրված հանրորեն վտանգավոր արարքները և կարող է առնչություն ունենալ դեպքին։ Այլ կերպ ասած՝ առկա է հիմնավոր կասկած՝ մեղադրյալի կողմից իրեն մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքը ենթադրաբար կատարելու վերաբերյալ:
Անդրադառնալով մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանի կալանքի հիմքին՝ Դատարանը գտնում է, որ բարձր է հավանականությունն առ այն, որ մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական վարույթին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում, դեռևս պետք է հարցաքննվեն մի շարք վկաներ և տուժող, ուստի վերջինս ազատության մեջ մնալով կարող է ապօրինի ազդեցություն գործադրել նրանց նկատմամբ, խոչընդոտել քրեական վարույթին:
Դատարանն արձանագրում է, որ տվյալ փուլում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված նպատակներին հնարավոր չէ հասնել մեղադրյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառմամբ, քանի որ այլ խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, հետևաբար վարույթի բնականոն ընթացքն ապահովելու համար մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ենթակա է կիրառման կալանքը 3 (երեք) ամիս ժամկետով, նույն ժամանակահատվածով սահմանափակելով վերջինիս՝ այլ անձանց հետ հաղորդակցվելու իրավունքը, բացառությամբ մերձավոր ազգականների (…)»2:
9. Վերաքննիչ դատարանը 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(…) Վերոգրյալ իրավական նորմերի և ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Առաջին ատյանի դատարանի որոշման վերը նշված հիմնավորումներն ամբողջությամբ ընդունելի են Վերաքննիչ դատարանի համար:
Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Հարություն Ավետիսյանի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունները չկատարելու, այդ թվում՝ ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու հավանականությունը բարձր է:
Վերաքննիչ դատարանի նման եզրահանգման հիմքում ընկած են հետևյալ հանգամանքները.
- սույն քրեական վարույթը գտնվում է նախնական դատալսումների փուլում, հետազոտված չեն առանցքային նշանակություն ունեցող ապացույցները, այդ թվում՝ հարցաքննված չեն սույն գործով անցնող վկաները և տուժողը,
- մեղադրյալ Հարություն Ավետիսյանին մեղսագրվող ենթադրյալ հանցագործության բնույթը, վտանգավորության աստիճանը, այդ թվում նաև` հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ենթադրյալ կատարման եղանակը, սպառնացող հնարավոր պատժի խստությունը։
Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերոնշյալ հանգամանքներն էականորեն բարձրացնում են ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Հարություն Ավետիսյանի ոչ իրավաչափ վարքագծի հավանականությունը, միաժամանակ համակցության մեջ թույլ են տալիս ողջամիտ դատողություն անելու այն մասին, որ վարույթի տվյալ փուլում նրա ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է միայն վերջինի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջոցով: Այլ կերպ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի առնելով մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները և առաջնորդվելով նվազագույնի սկզբունքով, եզրահանգում է, որ գործում առկա են փաստական տվյալներ, որոնք բավարար են հիմնավորելու Հարություն Ավետիսյանին տվյալ փուլում անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը և առկա չէ այնպիսի հանգամանք, որի դեպքում կհիմնավորվի առավել մեղմ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությունը: Հետևաբար` կոնկրետ դեպքում, այլընտրանքային խափանման միջոցները պիտանի չեն հետապնդող նպատակին հասնելու համար և ի զորու չեն հակակշռելու Հարություն Ավետիսյանի ոչ իրավաչափ վարքագծի դրսևորման ռիսկը՝ հնարավորություն տալով ապահովելու նրա անձնական ազատության իրավունքի և վերջինիս մասնակցությամբ գործի պատշաճ քննության հանրային շահի միջև արդարացի հավասարակշռությունը:
Ինչ վերաբերում է հատուկ վերանայման բողոքից բխող մյուս փաստարկներին ու դատողություններին, ապա հարկ է արձանագրել, որ սույն որոշմամբ վերը շարադրված իրավական դիրքորոշումները, վերլուծություններն ու դատողություններն իրենց համակցության մեջ արդեն իսկ ամբողջությամբ ներառում են դրանց վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մոտեցումներն ու բարձրացված հարցերի պատասխանները, ուստի լրացուցիչ առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է: Ընդ որում, այդ կապակցությամբ հարկ է նաև փաստել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ թեև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը դատարանին պարտավորեցնում է պատճառաբանել իր որոշումները, սակայն այն չի կարող մեկնաբանվել որպես կողմի ներկայացրած յուրաքանչյուր փաստարկին դատարանի կողմից մանրամասն պատասխան տալու պահանջ (…):
Արդյունքում՝ Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, կայացրել է հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ, ուստի մեղադրյալ Հարություն Ավետիսյանի պաշտպաններ Միքայել Շխիմյանի և Արթուր Պիվազյանի հատուկ վերանայման բողոքը պետք է մերժել, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ թողնել անփոփոխ (…)»3:
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով, և նրա նկատմամբ համակցված կիրառվել են գրավ՝ 10.000.000 (տասը միլիոն) ՀՀ դրամ գումարի չափով և բացակայելու արգելք խափանման միջոցները4:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ են արդյոք ստորադաս դատարանների հետևությունները՝ Հ.Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ:
12. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝«Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»:
Նույն օրենսգրքի 121-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Կալանքից ազատված անձը չի կարող կրկին կալանավորվել նույն մեղադրանքով, եթե չեն հայտնաբերվել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելու պահին»:
12.2. Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով5:
Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ի ապահովումն անձի ազատության և անձնական անձեռնմխելիության հիմնարար իրավունքի՝ օրենսդիրը լրացուցիչ պայմաններ է նախատեսել կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու համար, եթե նրա վերաբերյալ միջնորդությունը մերժվել է կամ վերջինս համապատասխան որոշմամբ ազատվել է կալանքից։ Այսպես, անձը կրկին կարող է կալանավորվել միայն այն դեպքում, երբ ի հայտ են եկել նոր էական հանգամանքներ, որոնք վարույթն իրականացնող մարմնին հայտնի չէին մեղադրյալին կալանքից ազատելիս կամ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժելիս, և որոնք հիմնավորում են կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը։
Քննարկվող դեպքում կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորող նոր էական հանգամանքներ ներկայացնելու օրենսդրական պահանջը ելնում է իրավաչափ այն գաղափարից, որ անձի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի երաշխավորման համատեքստում դատարանի կողմից չի կարող բավարարվել այն միջնորդությունը, որում ներկայացված՝ կալանավորման պայմանների և հիմքերի առկայության վերաբերյալ նույն հիմնավորումներն արդեն իսկ մեկ անգամ բավարար չեն գնահատվել նույն մեղադրանքով նույն անձի քննարկվող իրավունքը սահմանափակելու համար6:
13. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.
- Հ.Ավետիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել տեղեկություններ և միջոցներ տրամադրելով մի խումբ անձանց կողմից շատերի (այլ անձանց) կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար Վարազդատ Բարոյանին դիտավորությամբ կյանքից զրկելուն օժանդակելու համար7։
- Հսկող դատախազ Ա.Բարսեղյանի՝ 2023 թվականի հուլիսի 13-ի որոշմամբ Հ.Ավետիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը վերացվել է8:
- Առաջին ատյանի դատարանը, 2023 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ, առանց նոր էական հանգամանք վկայակոչելու և այդ հարցն անգամ քննարկման առարկա դարձնելու, կրկին կալանավորել է Հ.Ավետիսյանին՝ հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելով մեղադրական եզրակացությունում նշված ապացույցներով, իսկ խափանման միջոց կիրառելու հիմքը հիմնավորել է այն հանգամանքով, որ գործը գտնվում է նախնական դատալսումների փուլում և դեռևս պետք է հարցաքննվեն մի շարք վկաներ ու տուժողը, ուստի մեղադրյալը կարող է խոչընդոտել քրեական վարույթին և ապօրինի ազդեցություն ունենալ նրանց վրա: Միաժամանակ, Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ այլընտրանքային խափանման միջոցները ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը9:
- Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Հ.Ավետիսյանի պաշտպաններ Մ.Շխիմյանի և Ա.Պիվազյանի հատուկ վերանայման բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ10։
14. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-12.2-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, առանց նոր էական հանգամանք վկայակոչելու, որը կարող էր դատախազին հայտնի չլինել Հ.Ավետիսյանին կալանքից նախորդ օրն ազատելիս, վերջինիս կրկին կալանավորել է՝ խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի իրավական պահանջը: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ միջնորդվող խափանման միջոցի հիմնավորվածությունը հաստատող այն փաստական հանգամանքները, որոնց առկայությունը քրեական հետապնդման մարմնի կողմից արդեն իսկ մեկ անգամ գնահատվել էր ոչ բավարար, սույն դեպքում՝ նույն մեղադրանքով Հ.Ավետիսյանի ազատության իրավունքը սահմանափակելու համար, չէր կարող դիտարկվել որպես բավարար փաստակազմ՝ քննարկվող ընթացակարգի շրջանակում Հ.Ավետիսյանի կալանավորման անհրաժեշտությունը հիմնավորելու համար։
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն դեպքում առկա չէ Առաջին ատյանի դատարանի կողմից արձանագրված որևէ նոր էական հանգամանք, որը կարող էր հիմք հանդիսանալ դատախազի որոշմամբ նախորդ օրը կալանքից ազատված Հ.Ավետիսյանին նույն մեղադրանքի հիման վրա կրկին կալանավորելու համար։
15. Ինչ վերաբերում է բողոքաբերների՝ սույն որոշման 5.1.-րդ կետում նշված պնդմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատաքննության փուլում խափանման միջոց կիրառելու հարցը լուծելիս մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքը կատարելու հիմնավոր կասկածին անդրադառնալու անհրաժեշտությունը բացակայում է։
16. Վճռաբեկ դատարանը միաժամանակ գտնում է, որ վերոգրյալի պայմաններում բողոքաբերների՝ սույն որոշման 5.2-րդ և 5.4-րդ կետերում մատնանշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է։
17. Անդրադառնալով բողոքաբերի՝ սույն որոշման 5.5.-րդ կետում վկայակոչված պնդմանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը, առանց առանձին սենյակ հեռանալու, արձանագրային որոշմամբ բացարկի միջնորդությունը մերժելով, թույլ չի տվել քրեադատավարական օրենքի խախտում11:
18. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների հետևությունները՝ Հ.Ավետիսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անհրաժեշտության վերաբերյալ, իրավաչափ չեն:
19. Վերոշարադրյալը հիմք է տալիս փաստելու, որ սույն գործով դատական ակտ կայացնելիս ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի խախտում, ինչը նույն օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ հիմք է վիճարկվող դատական ակտերը բեկանելու համար: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 10-ի որոշմամբ մեղադրյալ Հ.Ավետիսյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոցներով, և նրա նկատմամբ համակցված կիրառվել են գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցները12, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի դատական ակտը եղել է ժամանակավոր և կորցրել է իրավական նշանակությունը: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշումը պետք է թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։ Միևնույն ժամանակ, հիմք ընդունելով արձանագրված խախտման բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ պետք է սույն վարույթով ճանաչել մեղադրյալ Հ.Ավետիսյանի իրավունքի խախտման փաստը։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Ճանաչել մեղադրյալ Հարություն Արսենի Ավետիսյանի իրավունքի խախտման փաստը։
2. Հարություն Արսենի Ավետիսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի օգոստոսի 11-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճտաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
______________________________
1 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 10-12:
2 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 1-ին, թերթեր 92-101:
3 Տե՛ս, վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 48-64:
4 Տե՛ս, «datalex.am» դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԱՐԴ/0180/01/23 քրեական գործը:
5 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:
6 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Վոլոդյա Սուքիասյանի գործով 2022 թվականի մարտի 4-ի թիվ ԵԴ/0591/06/20 որոշումը։
7 Տե՛ս, սույն որոշման 7-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը:
9 Տե՛ս սույն որոշման 8-րդ կետերը։
10 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
11 Տե՛ս, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 270-րդ հոդվածը։
12 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։
Նախագահող` Դատավորներ` Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ Ա. Պողոսյան
Հ. Ասատրյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|