ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԵԴ/1558/01/21 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

Երևան քաղաքի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության քրեական դատարան,

նախագահող դատավոր՝ ՋՀայրապետյան

ԵԴ/1558/01/21

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարան

նախագահող դատավոր՝

 Լ. Ալավերդյան  

դատավորներ՝

 ԳՀովհաննիսյան

 

 ԿՀովհաննիսյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. ԱՍԱՏՐՅԱՆԻ

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

Լ. Թադևոսյանի

Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ

22 հունվարի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ամբաստանյալ Հրաչ Վարդի Եթարյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 16-ի որոշման դեմ վերջինիս վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

 Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. 2020 թվականի հունվարի 24-ին ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 377-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 90250620 քրեական գործը:

2020 թվականի հունվարի 24-ին Հրաչ Վարդի Եթարյանը ձերբակալվել է։

2020 թվականի հունվարի 25-ին Հրաչ Եթարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նույն օրը ՀԵթարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՀԵթարյանի մեղադրանքը փոխվել է և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով։

2021 թվականի նոյեմբերի 12-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:

2. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի հուլիսի 26-ի դատավճռով Հրաչ Եթարյանը մեղավոր է ճանաչվել 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 538-րդ հոդվածի 3-րդ մասով և նրա նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 3 (երեք) տարի ժամկետով՝ տրասպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ 3 (երեք) տարի ժամկետով։ Նույն օրենսգրքի 79-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա նշանակված պատժին հաշվակցվել է ՀԵթարյանի անազատության մեջ գտնվելու 1 (մեկ) օր ժամկետը և վերջնական պատիժ է նշանակվել՝ ազատազրկում 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով՝ տրասպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ 3 (երեք) տարի ժամկետով։

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի հոկտեմբերի 16-ի որոշմամբ Հրաչ Եթարյանի պաշտպան ԼԱվետիսյանի վերաքննիչ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի վերոգրյալ դատավճիռը թողնելով անփոփոխ։

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ամբաստանյալ Հրաչ Եթարյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.

5. Բողոքի հեղինակը նշել է, որ ստորադաս դատարանները կայացրել են չհիմնավորված և չպատճառաբանված դատական ակտեր։

Մասնավորապես, վկայակոչելով ու վերլուծելով դատական քննության ընթացքում հետազոտված մի շարք ապացույցներ, բողոքաբերը նշել է, որ դրանք ճիշտ չեն գնահատվել, ապացույցների որոշ մասին մյուսների նկատմամբ տրվել է առավել նշանակություն, ինչի արդյունքում իր մեղքը հիմնավորվել է գործին վերաբերելի, թույլատրելի և հավաստի ապացույցների բավարար համակցության բացակայության պայմաններում։

6. Բողոքաբերը նշել է նաև, որ հաշվի առնելով իր անձը բնութագրող տվյալները, պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, ինչպես նաև տուժողի հուղարկավորության հետ կապված ծախսերն իր կողմից կամովին փոխհատուցելը, ստորադաս դատարանները չեն պատճառաբանել, թե ինչու՞ է իր նկատմամբ նշանակվել պատիժ 3 տարի ժամկետով ազատազրկում և լրացուցիչ պատժի առավելագույն չափը:

Բողոքաբերը գտել է, որ վերոթվարկյալ հանգամանքները բավարար են իր նկատմամբ նշանակված ազատազրկում պատիժը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառելու համար։

61 Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ իրեն մեղսագրված արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով որակելով, ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, քանի որ հանցանքի կատարման պահին գործող՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասը հանդիսանում է միջին ծանրության հանցանք, իսկ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, ուստի իր նկատմամբ կիրառվել է մեղադրյալի իրավական վիճակը վատթարացնող օրենք։

7. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

8. Հրաչ Եթարյանին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն արարքի կատարման համար, որ նա «(…) [Հ]անդիսանալով ՀՀ ՊՆ 93353 զորամասի վառելիքի առբերման վաշտի բանվոր-վարորդ, 2020թ. հունվարի 24-ին՝ ժամը 08:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող, իրեն ամրակցված «Կամազ 53228- ԱՏԶ-16» մակնիշի ՊՆ 1945 Մ զինհամարանիշի բենզատար ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Շիրակի փողոցով՝ Արարատյան փողոցի կողմից դեպի Արտաշիսյան փողոցի ուղղությամբ տանող ուղեմասի առաջին գոտով և հասնելով Շիրակի փողոցի թիվ 8 հասցեի դիմացի հատվածում գտնվող չկարգավորվող հետիոտնային անցումին կանգ է առել, այնուհետև չկարգավորվող հետիոտնային անցումով երթևեկելի մասը հատող հետիոտներ Նունե Ալբերտի Սարգսյանի ու Էլեն Կարենի Մխիթարյանի առկայության և վերջիններիս հայտնաբերելու հնարավորություն ունենալու պարագայում, սկսելով երթևեկությունը կատարել է ՀՀ ԶՈւ ավտոմոբիլային ծառայության կանոնակարգի 242-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2007թ.-ի հունիսի 25-ի 955-Ն որոշմամբ հաստատված Ճանապարհային երթևեկության կանոնների 103-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ, այն է՝ այլ տրանսպորտային միջոցների երթևեկության պայմաններում՝ պարտավոր լինելով մեքենավարումը իրականացնել ճանապարհային երթևեկության կանոնների խիստ պահպանմամբ ու ճանապարհը զիջել չկարգավորվող հետիոտնային անցումներով երթևեկելի մասը հատող հետիոտն էլեն Կարենի Մխիթարյանին, չի կատարել [իր պարտականությունը], խոչընդոտել է հետիոտների անցմանն ու վրաերթի և վրաանցման ենթարկել անչափահաս էլեն Կարենի Մխիթարյանին, որի հետևանքով վերջինիս անզգուշությամբ պատճառել է մահ»1։

9. Առաջին ատյանի դատարանը, հետազոտելով քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ մեղադրյալ Հ.Եթարյանի, տուժողի իրավահաջորդ՝ ԿՄխիթարյանի, վկա ՆՍարգսյանի, փորձագետ Ժ.Ծատուրյանի ցուցմունքները, տեսանյութի զննության արձանագրությունը, գործով կատարված փորձաքննությունների եզրակացությունները, դեպքի վայրի զննության արձանագրությունը, «Կամազ 53228-ԱՏԶ-16» մակնիշի ՊՆ 1945 Sq/հ ավտոմոբիլի զննության, քննչական փորձարարության արձանագրությունները և իրեղեն ապացույցները, դատավճռով արձանագրել է հետևյալը. «(...) Դատարանը գտնում է, որ գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան (...) հաստատված համարելու, որ մեղադրյալ Հրաչ Եթարյանի կողմից տրանսպորտային միջոց վարելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, ապացուցված է, նրա արարքը ճիշտ է որակած և համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներին: (...)

(...) Դատարանը գտնում է, որ կատարած արարքի համար ամբաստանյալ Հ.Եթարյանը ենթակա է պատժի: Դատարանը, հաշվի առնելով Հ.Եթարյանի կատարած արարքի` հանրության համար վտանգավորության աստիճանը և բնույթը, նրա անձը բնութագրող, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքները, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, հիմք ընդունելով ՀՀ քրեական օրենսգրքի 7-րդ, 55-րդ, 69-րդ հոդվածների պահանջները, գտնում է, որ գործի փաստական հանգամանքները Դատարանին հնարավորություն են տալիս գալու հետևության, որ Հրաչ Եթարյանի նկատմամբ պատիժ պետք է նշանակել ազատազրկման ձևով՝ 3 տարի ժամկետով: (...)

(...) Դատարանն արձանագրում է, որ մեղադրյալ Հ.Եթարյանը կատարել է տրասնպորտային միջոց վարելու հետ կապված հանցագործություն, որի պարագայում վերջինիս նկատմամբ հարկավոր է հիմնական պատժի հետ մեկտեղ նշանակել նաև ՀՀ քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված լրացուցիչ պատիժ՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելը 3 տարի ժամկետով, ինչը բխում է տվյալ բնույթի հանցագործության կանխման անհրաժեշտությունից: (...)

(...) Հաշվի առնելով Հրաչ Եթարյանի անձը բնութագրող տվյալները, պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայությունը, ծանրացնող հանգամանքների բացակայությունը, պատժի` սոցիալական արդարության վերականգնման և պատժի ենթարկված անձի ուղղվելու նպատակների իրացման հարցը, ինչպես նաև կատարած արարքի բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, հանցագործության կատարման հանգամանքներն ու եղանակը, հետևանքները՝ Դատարանը գտնում է, որ Հրաչ Եթարյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքերը բացակայում են (...)2։

10. Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել է հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանը, մեջբերված իրավադրույթների և նախադեպային իրավունքի լույսի ներքո վերլուծելով սույն գործով ձեռք բերված և Առաջին ատյանի դատարանի կողմից դատաքննությամբ հետազոտված ապացույցները, դրանցից յուրաքանչյուրը գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, ինչպես նաև ստացման աղբյուրի և ձևավորման ընթացքի համատեքստում, այդ ապացույցներից յուրաքանչյուրը համադրելով մյուս աղբյուրներից ստացված տեղեկությունների հետ, հանգում է այն հետևության, որ տվյալ դեպքում առկա է փոխկապակցված ապացույցների այնպիսի բավարար համակցություն, որը, բացառելով հակառակի ողջամիտ հավանականությունը, հիմք է տալիս անվերապահ հետևություն անելու առ այն, որ մեղադրյալ Հրաչ Եթարյանը կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը: (...)

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Հրաչ Եթարյանի նկատմամբ պատիժ նշանակելիս պատշաճ իրավական վերլուծության է ենթարկել գործի կոնկրետ հանգամանքները, հաշվի է առել մեղադրյալի անձը բնութագրող, պատիժը և պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները (Հ.Եթարյանի 65 տարին լրացած է, վերջինս կամովին հոգացել է մահացած տուժողի հուղարկավորության և դրա հետ կապված այլ ծախսերը) և ծանրացնող հանգամանքների բացակայությունը, և նշվածի հետ համադրված՝ գնահատելով նաև Հրաչ Եթարյանի կատարած հանցագործության բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, քրեական օրենսդրությամբ պահպանվող կոնկրետ հասարակական հարաբերության սոցիալական նշանակությունը, արարքի կատարման հանգամանքները, արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով ամրագրված պատժի նպատակների իրացվելիության հարցում եկել է ճիշտ եզրահանգման։ (...)

(...) Անդրադառնալով Բողոքաբերի այն փաստարկին, որ Առաջին ատյանի դատարանը Հրաչյա Եթարյանի նկատմամբ կիրառել է պատիժը խստացնող օրենք, նրա նկատմամբ գործող ՀՀ քրեական օրենսգրքի 583-րդ հոդվածի 3-րդ մասով նշանակել է 3 տարի ժամկետով ազատազրկում, երբ հանցագործության պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է մինչև հինգ տարի ժամկետով ազատազրկում, այսինքն՝ պատիժը սահմանվում է, սկսվում է 3 ամիս ժամկետով ազատազրկումից, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ նախ՝ վիճարկվող ակտով հստակ նշված է, որ մեղադրյալ ՀԵթարյանի նկատմամբ պատիժ է նշանակվում 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիայով, իսկ 2003 թվականի ապրիլի 18-ի ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի սանկցիան հնարավորություն ընձեռնում է նշանակել 3 /երեք/ տարի ժամկետով ազատազրկում։ (...)

(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրյալի կատարած հանցագործության բնույթին ու հանրային վտանգավորության աստիճանին, հանցագործության կատարման հանգամանքներին, նրա անձին, պատաuխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքներին վերաբերող, օբյեկտիվորեն գոյություն ունեցող և Առաջին ատյանի ու Վերաքննիչ դատարանների կողմից դատաքննության ընթացքում փաստական տվյալների ստուգման և գնահատման օրենսդրական պահանջների պահպանմամբ հետազոտված հանգամանքների ամբողջական վերլուծությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 55-րդ հոդվածով նախատեսված պատժի նպատակների իրացվելիության համատեքստում, թույլ է տալիս գալու եզրահանգման, որ տվյալ պարագայում մեղադրյալ Հրաչ Եթարյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը չի համապատասխանի արդարության և պատասխանատվության անհատականացման քրեաիրավական սկզբունքներին, հետևաբար՝ Առաջին ատյանի դատարանի նշանակած պատիժը մեղադրյալ Հրաչ Եթարյանի կողմից իրական (ռեալ) կրելու անհրաժեշտության վերաբերյալ հետևությունը հիշյալ սկզբունքների երաշխավորման տեսանկյունից հիմնավորված է (...)»3:

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող՝ 483-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ «Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով»։

Վերոգրյալից հետևում է, որ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո կայացված դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են 2022 թվականի հուլիսի 1-ից գործող քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար, սույն բողոքի քննությունն իրականացնելիս, որպես Վճռաբեկ դատարանում բողոքի քննության ընթացակարգ, հիմք է ընդունվում 2022 թվականի հուլիսի 1-ից գործող կարգը։ Միևնույն ժամանակ, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Առաջին ատյանի դատարանը Հ.Եթարյանի վերաբերյալ քրեական գործը քննության է առել, իսկ Վերաքննիչ դատարանն Առաջին ատյանի դատարանի դատական ակտի իրավաչափությունը գնահատել է 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների շրջանակներում, ուստի ստորադաս դատարանների հետևությունների իրավաչափության գնահատման համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումները:

12. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. հիմնավորված են արդյո՞ք Հ.Եթարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները:

13. Բողոքի հիմքերի և փաստարկների սահմաններում ստուգման ենթարկելով գործի փաստական հանգամանքների բացահայտման և քրեական օրենքի կիրառման հիմնավորվածությունը, գործը քննելիս և լուծելիս քրեադատավարական օրենքի պահանջների պահպանումը, ինչպես նաև ուսումնասիրության և գնահատման ենթարկելով քրեական վարույթում առկա նյութերը, Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ ստորադաս դատարանները Հ.Եթարյանի մեղավորության վերաբերյալ հանգել են ճիշտ հետևության: Մասնավորապես, Հ.Եթարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների դատական ակտերը բավարար չափով պատճառաբանված և հիմնավորված են, և նրա մեղավորությունը հաստատվել է ստորադաս դատարանների դատական ակտերում թվարկված՝ վերաբերելի և արժանահավատ ապացույցների բավարար ամբողջությամբ, այդ թվում՝ մեղադրյալ Հ.Եթարյանի, տուժողի իրավահաջորդ՝ ԿՄխիթարյանի, վկա ՆՍարգսյանի, փորձագետ Ժ.Ծատուրյանի ցուցմունքներով, տեսանյութի զննության արձանագրությամբ, գործով կատարված փորձաքննությունների եզրակացություններով, դեպքի վայրի զննության արձանագրությամբ, «Կամազ 53228-ԱՏԶ-16» մակնիշի ՊՆ 1945 Sq/հ ավտոմոբիլի զննության, քննչական փորձարարության արձանագրություններով և իրեղեն ապացույցներով4։

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները պատշաճ վերլուծության են ենթարկել գործում առկա ապացույցները, և Հ.Եթարյանի մեղավորության հարցում հանգել ճիշտ հետևության՝ կայացնելով պատճառաբանված դատական ակտեր։

14. Վերոգրյալից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Հ.Եթարյանի մեղավորության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավորված են:

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք իրավաչափ է ՀԵթարյանի կողմից կատարված արարքին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով տրված իրավական գնահատականը։

16. ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ «1. Արարքի հանցավորությունը սահմանող, պատիժը խստացնող կամ հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած անձի վիճակն այլ կերպ վատթարացնող օրենսդրությունը հետադարձ ուժ չունի:

2. Արարքի հանցավորությունը լրիվ կամ մասնակիորեն վերացնող կամ պատիժը մեղմացնող օրենսդրությունն ունի հետադարձ ուժ: Նշված դեպքում այն տարածվում է մինչև դրա ուժի մեջ մտնելը հանցանք կամ քրեական օրենսդրությամբ նախատեսված արարք կատարած այն անձանց վրա, որոնց վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատավարական ակտ։ (…)»։

ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Միջին ծանրության հանցագործություններ են համարվում (…) անզգուշությամբ կատարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում տասը տարի ժամկետով ազատազրկումը»:

Նույն օրենսգրքի 377-րդ հոդվածի համաձայն՝ «1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է միջին ծանրության կամ ծանր վնաս կամ առաջացրել է այլ ծանր հետևանքներ՝

(…)

2. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։ (…)»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ « (…) 3 Միջին ծանրության հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 5 տարի ժամկետով ազատազրկումը։

4 Ծանր հանցանքներ են համարվում սույն օրենսգրքով նախատեսված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում 10 տարի ժամկետով ազատազրկումը»:

ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի համաձայն` «1. Մարտական, հատուկ կամ տրանսպորտային մեքենա վարելու կամ շահագործելու կանոն խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնասի պատճառում կամ խոշոր չափերի գույքային վնաս՝

 (…)

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»:

16.1. Համեմատական վերլուծության ենթարկելով ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասի սանկցիաները, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցանքի սանկցիան սահմանում է ավելի խիստ պատիժ։ Բացի այդ, ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը հանդիսանում է միջին ծանրության հանցագործություն, մինչդեռ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը՝ ծանր հանցանք է։

Նման պայմաններում, ստորադաս դատարանները ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով Հ.Եթարյանին մեղսագրված արարքը որակելով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով՝ հետադարձ ուժ են տվել Հ.Եթարյանի վիճակը վատթարացնող քրեական օրենսդրությանը, ինչով թույլ են տվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի խախտում։ Հետևաբար, ՀԵթարյանին մեղսագրված արարքը պետք է որակել կատարելու պահին գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով։

17 Ինչ վերաբերում է ՀԵթարյանի նկատմամբ նշանակված պատժի և այն պայմանականորեն չկիրառելու հիմքերի բացակայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունների՝ ոչ հիմնավոր լինելու մասին բողոքաբերի փաստարկներին, ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀԵթարյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով պատիժ նշանակելիս և այն պայմանականորեն չկիրառելու նպատակահարմարության հարցը որոշելիս, ստորադաս դատարանները, համադրված վերլուծության և իրենց ամբողջության մեջ պատշաճ գնահատման ենթարկելով սույն գործի փաստական հանգամանքները, այդ թվում նաև՝ Հ.Եթարյանի տարիքը, նրա անձը բնութագրող տվյալները, կատարված հանցագործության բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցագործության արդյունքում վրա հասած հետևանքը, նրա նկատմամբ նշանակել են համաչափ պատիժ և հանգել են հիմնավոր հետևության, որ սույն գործով հնարավոր է հասնել պատժի նպատակների իրագործմանը ազատազրկման ձևով նշանակված պատիժը ռեալ (իրական) կրելու միջոցով:

18. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները ՀԵթարյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասով մեղավոր ճանաչելով, թույլ են տվել նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի խախտում, ինչի արդյունքում ՀԵթարյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի 3-րդ մասը, որը ենթակա չէր կիրառման և չի կիրառվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասը, որը ենթակա էր կիրառման։ Այսինքն, թույլ է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 387-րդ հոդվածով նախատեսված նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում։ Ուստի, անհրաժեշտ է ՀԵթարյանին մեղսագրված արարքը որակել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նշանակված պատիժը թողնել անփոփոխ։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ և 385-387-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հրաչ Վարդի Եթարյանի վերաբերյալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 26-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի հոկտեմբերի 16-ի որոշումը փոփոխել:

2. Հրաչ Վարդի Եթարյանին մեղավոր ճանաչել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով` նրա նկատմամբ, պատժի հաշվակցման կանոններով, վերջնական նշանակված պատիժը՝ ազատազրկումը՝ 2 (երկու) տարի 11 (տասնմեկ) ամիս 29 (քսանինը) օր ժամկետով՝ տրասպորտային միջոց վարելու իրավունքից զրկելով՝ 3 (երեք) տարի ժամկետով թողնելով անփոփոխ։

3 Ստորադաս դատարանների դատական ակտերը մնացած մասով թողնել անփոփոխ։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_______________

1 Տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 40-48։

2 Տե՛ս քրեական գործ, հատոր 5, թերթեր 75-93։

3 Տե՛ս քրեական գործ, հատոր 6, թերթեր 78-94:

4 Տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 2-14, 55-57, 85-87, 94-96, 103-104, 125-128, 140-145, 148-157, 169-174, 183-189, 296, 314-319, 330-336, հատոր 3, թերթեր 144-149, հատոր 5, թերթեր 75-93:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. Թադևոսյան

Ա. ՊՈՂՈՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան