ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՎԴ/0062/01/20 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.03.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
14.03.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
14.03.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ


 

ԱՎԴ/0062/01/20

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

14 մարտի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանի բացառիկ վերանայման բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճռով Հարության Արամի Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև ՀՀ քրեական օրենսգիրք) 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակվել է ազատազրկում՝ 5 (հինգ) տարի ժամկետով՝ պատժի կրման սկիզբը հաշվելով 2019 թվականի սեպտեմբերի 20-ից:

Հ.Գրիգորյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով` վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով:

Հ.Գրիգորյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Վճռվել է նաև դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույց ճանաչված՝ Արա Մխիթարյանի հագուստները, դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված 2 արնանման հետքերից 2 բինտե խծուծները, հագուստի 4 կոճակները, զինվորական համազգեստի 1 հատ տարբերանշանը, տուժող Ա.Մխիթարյանի արյան նմուշը ոչնչացնել, Հ.Գրիգորյանի վերնաշապիկը, «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը վերադարձնել ըստ պատկանելության, «Տապան» խանութի տեսագրող սարքը և «Ոսկե ցլիկ» խանութի տեսագրող սարքը վերադարձնել ըստ պատկանելության: Իրեղեն ապացույց ճանաչված «Տապան» խանութի տեսագրող սարքի 1 հատ կոշտ սկավառակը պահել քրեական գործի հետ` քրեական գործը պահելու ամբողջ ժամանակահատվածում: Ապացույց ճանաչված տեսագրությունները, հեռախոսային զանգերի վերծանումները, գաղտնալսված հեռախոսային խոսակցությունների ձայնագրառումները, «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսից արտածված տեղեկությամբ էլեկտրոնային կրիչը, «Այֆոն» մոդելի բջջային հեռախոսից արտածված և տպագրված տեղեկատվությունը պահել քրեական գործի հետ` քրեական գործը պահելու ամբողջ ժամանակահատվածում:

2. Վերոնշյալ դատավճռի դեմ ամբաստանյալ Հ.Գրիգորյանի պաշտպան Լ.Սահակյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ նաև` Վերաքննիչ դատարան) 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ բողոքը մերժել է և ամբաստանյալ Հ.Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 118-րդ հոդվածով Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը թողել անփոփոխ:

3. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումն օրինական ուժի մեջ են մտել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։

4. Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ դատապարտյալ Հ.Գրիգորյանը պայմանական վաղաժամկետ ազատվել է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը՝ 7 (յոթ) ամիս 12 (տասներկու) օրը կրելուց, վերջինս անհապաղ ազատվել է դատական նիստերի դահլիճում:

Տուժողի իրավահաջորդ Սամվել Մխիթարյանի ներկայացուցիչ Զ.Սակովայի և դատախազ Ա.Զաքարյանի հատուկ վերանայման բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ի որոշումը բեկանվել է և դատապարտյալ Հ.Գրիգորյանին թողնվել է կրելու Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճռով նշանակված պատժի մնացած մասը՝ 7 (յոթ) ամիս 12 (տասներկու) օրը։

Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 25-ի որոշմամբ Հ.Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 22-ի որոշման դեմ պաշտպան Լ.Սահակյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:

5. Վերոհիշյալ քրեական գործով տուժող և դեպքից հետո անգիտակից վիճակում գտնվող Արա Մխիթարյանը 2023 թվականի հուլիսի 27-ին մահացել է:

2023 թվականի հուլիսի 27-ին Ա.Մխիթարյանի մահվան փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախաձեռնվել է թիվ 92217623 քրեական վարույթը։

2024 թվականի մայիսի 15-ին որոշում է կայացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով վարույթը կարճելու մասին։

Տուժողի իրավահաջորդ Սամվել Մխիթարյանի կողմից ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Մարտիրոսյանին հասցեագրված դիմումի հիման վրա, որով վերջինս խնդրել էր նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ կցելով թիվ 92217623 քրեական վարույթը կարճելու մասին որոշումը, ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մ.Մարտիրոսյանի՝ 2024 թվականի հունիսի 11-ի որոշմամբ, նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով հարուցվել է նախնական վարույթ և այդ հանգամանքների առթիվ քննություն կատարելու համար նախնական վարույթն ուղարկվել է նախաքննական մարմնին։

6. Արա Մխիթարյանի մահվան վերաբերյալ նոր ի հայտ եկած հանգամանքների քննության արդյունքներով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Մ.Մարտիրոսյանի կողմից 2024 թվականի օգոստոսի 5-ին կազմված եզրակացության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լ.Գրիգորյանը 2024 թվականի օգոստոսի 16-ին ներկայացրել է վճռաբեկ բողոք։

Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ հարուցվել է բացառիկ վերանայման վարույթ և սահմանվել է բողոքի քննության գրավոր ընթացակարգ։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

7. Ըստ բողոքաբերի՝ առկա են նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք անհայտ են եղել ստորադաս դատարաններին դատական ակտը կայացնելիս, և որոնք ինքնին, ինչպես նաև մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալ Հարություն Գրիգորյանի հանցանքի ավելի ծանր լինելը։

Մասնավորապես, բողոքի հեղինակը փաստարկել է, որ տուժող Արա Մխիթարյանը մահացել է գործով դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, ինչը նշանակում է, որ ստորադաս դատարանները չեն իմացել և չէին կարող իմանալ նշված հանգամանքի մասին։ Միևնույն ժամանակ, ստացված դիակի դատաբժշկական փորձաքննության թիվ 0788/9 եզրակացության և դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության թիվ 837/հձ եզրակացության արդյունքում պարզվել է, որ տուժողի մահը գտնվում է պատճառահետևանքային կապի մեջ նշված մարմնական վնասվածքների և դրանց արդյունքում զարգացած հետվնասվածքային բարդությունների հետ։

Այսպիսով, առկա են բավարար հիմքեր վերադաս դատարան բացառիկ վերանայման բողոք ներկայացնելու համար, քանի որ պարզվել է, որ դատապարտյալ Հ.Գրիգորյանի արարքում առկա է ևս մեկ ծանրացնող հանգամանք՝ նախատեսված 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, ինչն ի հայտ է եկել վերջինիս նկատմամբ դատական ակտ կայացնելուց հետո։

8. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը և վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի պատասխանը

9. Տուժող Ա.Մխիթարյանի իրավահաջորդ Սամվել Մխիթարյանի լիազոր ներկայացուցիչ Զ.Սակովան, ներկայացրած վճռաբեկ բողոքի պատասխանում փաստարկել է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը ենթակա է վերանայման նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով, և խնդրել նոր ի հայտ եկած հանգամանքների հիմքով բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը և վարույթը փոխանցել Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

10. Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճռով Հարություն Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով այն արարքի համար, որ նա «խմբի կազմում՝ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխին՝ նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, (...) որպիսի գործողություններն արտահայտվել են հետևյալում:

2019 թվականի սեպտեմբերի 17-ին Արա Մխիթարյանն իր զինակից ընկերներ Մխիթար Մելքոնյանի, Լևոն Հարությունյանի, Ժորա Բաղդասարյանի, ինչպես նաև մի քանի այլ անձանց հետ գնացել է Եղեգնաձոր քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ 27527 զորամասին կից ռեստորան՝ հաց ուտելու, որի ընթացքում օգտագործել են օղի: Դեռ խնջույքը չավարտած Արա Մխիթարյանը դուրս է եկել ռեստորանից և գնացել «Լճակ» ռեստորանային համալիր' խնջույքը շարունակելու համար: Ժամը 22-ի սահմաններում Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանը, Ժորա Բաղդասարյանը վերջինիս պատկանող «Օպել» մակնիշի 99 SV 996 համարանիշի ավտոմեքենայով «Լճակ» ռեստորանային համալիրից վերցնելով Արա Մխիթարյանին գնացել են վերջինիս բնակության վայր՝ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 19-րդ շենքի մոտ՝ նրան տուն ճանապարհելու նպատակով և կանգնած զրուցել են նշված շենքի բակում:

Ժամը 23:30-ի սահմաններում, Հարություն Գրիգորյանն իրեն պատկանող «Մերսեդես Բենզ E 320» մակնիշի 01 RU 070 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով ժամանել է բնակության վայրի՝ Եղեգնաձոր քաղաքի Արսենյան փողոցի 5-րդ շենքի բակ, որտեղ նկատելով հարակից՝ Շահումյան փողոցի 19-րդ շենքի բակում կանգնած, իրար հետ բարձրաձայն զրուցող զինվորական համազգեստով վերը նշված չորս անձանց, իջեցրել է մեքենայի պատուհանի ապակին և սևեռուն հայացքով նայել նրանց ուղղությամբ, որից հետո ավտոմեքենան կայանել է Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի առաջին մուտքի աստիճանահարթակի մոտ: Մինչ Հարություն Գրիգորյանի կողմից ավտոմեքենայից իջնելը, իրենց նման կերպ նայելու պատճառը պարզելու նպատակով, Հարություն Գրիգորյանի ավտոմեքենային է մոտեցել Արա Մխիթարյանը:

Ավտոմեքենայից դուրս գալով և նկատելով Արա Մխիթարյանին իր ավտոմեքենայի մոտ կանգնած՝ Հարություն Գրիգորյանն իր անձի առավելությունը ցույց տալու նպատակով, անտեսելով զինվորականի համազգեստը, նրան դիմել է «Հը արա» արտահայտությամբ: Նշված արհամարհական արտահայտության պարզաբանման նպատակով սկսված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ժամանակ Հարություն Գրիգորյանը և Արա Մխիթարյանը սկսել են քաշքշել միմյանց, իրար հասցեի տվել սեռական բնույթի հայհոյանքներ: Վիճաբանությունը դադարեցնելու և իրենց զինակցին տուն ուղեկցելու նպատակով նրանց են մոտեցել Լևոն Հարությունյանը և Մխիթար Մելքոնյանը, փորձել հետ պահել Արա Մխիթարյանին, սակայն վերջինս չի ենթարկվել նրանց պահանջներին, պնդել է, որպեսզի պարզաբանում ստանա Հարություն Գրիգորյանից իրեն «արա»-ով դիմելու համար: Հարություն Գրիգորյանը շարունակելով Արա Մխիթարյանի հետ վիճաբանությունը՝ մտել է Արսենյան փողոցի թիվ 5-րդ շենքի իր բնակարանի շքամուտք, բարձրացել աստիճաններով վերև, իսկ զինվորականները հետևել են նրան: Այդ ընթացքում Հարություն Գրիգորյանը զանգահարել է իր ընկերներին, այդ թվում եղբորը՝ Զավեն Գրիգորյանին և հայտնելով կատարվածի մասին կանչել հիշյալ շենքի բակ: Որոշ ժամանակ անց մի քանի ավտոմեքենաներով շենքի բակ են եկել Հարություն Գրիգորյանի ընկերները, ավելի ուշ նաև եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որից հետո Հարություն Գրիգորյանը և նշված չորս զինվորականները շքամուտքից դուրս են եկել շենքի բակ, որտեղ նրանց ընդառաջ են գնացել Հարություն Գրիգորյանի կանչով այնտեղ հասած ընկերները: Արա Մխիթարյանը Լևոն Հարությունյանի, Ժորա Բաղդասարյանի և Մխիթար Մելքոնյանի խնդրանքով հեռու է կանգնել շենքի բակ ժամանած տղաների խմբից, իսկ նրա հիշյալ զինակից-ընկերները զրույցի են բռնվել Հարություն Գրիգորյանի ընկերների հետ, որին ներկա է եղել նաև Հարություն Գրիգորյանը: Բակում գտնվելու ընթացքում Հարություն Գրիգորյանը անսպասելի մոտեցել է Արսենյան փողոցի 5-րդ շենքի առաջին մուտքի աստիճանահարթակի մոտ միայնակ և հանգիստ կանգնած Արա Մխիթարյանին և դիտավորությամբ, բռունցքով մեկ անգամ հարվածել է Արա Ախիթարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս վայր է ընկել գետնին, որից հետո Հարություն Գրիգորյանը և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձինք Արա Ախիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու նպատակով, գիտակցելով վերջինիս առողջության համար իրենց գործողությունների վտանգավոր բնույթը, նախատեսելով դրա հետևանքը, միաժամանակ գիտակցելով մեկը մյուսի գործողությունները, և մեկը մյուսի գործողությունները լրացնելով, ընդհանուր միասնական դիտավորությամբ ոտքերով, նաև գործով չպարզված առարկայով բազմաթիվ և անկանոն հարվածներ են հասցրել գետնին ընկած Արա Ախիթարյանի կյանքի համար կենսական նշանակություն ունեցող օրգանին' գլխին, ինչպես նաև իր մարմնով Արա Մխիթարյանին հարվածներից պաշտպանելու համար նրա վրա կռացած Լևոն Հարությունյանի մարմնի տարբեր հատվածներին, որի արդյունքում Արա Մխիթարյանի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որն արտահայտվել է՝ գլխի աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդի և քերծվածքների, ձախ ականջախեցու շրջանի քերծվածքի, ձախ ստորակնակապճային շրջանի քերծվածքի, վերին շրթունքի ձախ կեսի շրջանի արյունազեղման, գլխի՝ աջից և ձախից քունքագագաթային շրջանների փափուկ հյուսվածքների ենթամաշկային արյունահավաքների (հեմատոմաների), գլխուղեղի աջ կիսագնդի ենթակարծրենային (սուբդուրալ) արյունահավաքի, գլխուղեղի աջ քունքային բլթի ենթաոստայնային (սուբարախնոիդալ), ներուղեղային և վերկարծրենային (էպիդուրալ) արյունազեղումների, գլխուղեղի աջ կիսագնդի ծանր աստիճանի սալջարդի, աջից սեպոսկրի մեծ թև անցումով՝ աջ քունքոսկրի խրթեշի գծային կոտրվածքի ձևով, որոնք ուղեկցվել են քունքատենտորիալ կողմնային դիսլոկացիայով, աջ կիսագնդի հիպօքսիկ իշեմիկ վնասմամբ (երկրորդային), առաջնային ուղեղային կոմայով (...)»1։

10.1. Դեպքից հետո Արա Մխիթարյանը տեղափոխվել է «Եղեգնաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն, ապա ընդունվել ՀՀ պաշտպանության նախարարության 14203 զորամաս, վիրահատվել և մինչև դատավճիռ կայացնելու օրը գտնվել է անգիտակից վիճակում2։

11. Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշման համաձայն՝ «(...) Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում Առաջին ատյանի դատարանի բողոքարկված դատական ակտը բեկանելու և պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր առկա չեն, Առաջին ատյանի դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, այսինքն՝ բացակայում են վիճարկվող դատական ակտը բեկանելու հիմքերը (...)»3:

12. 2023 թվականի ապրիլի 27-ից ՀՀ պաշտպանության նախարարության 14203 զորամասի վերակենդանացման բաժանմունքում բուժման մեջ գտնվող զինհաշմանդամ Արա Սամվելի Մխիթարյանի մոտ 2023 թվականի հուլիսի 27-ին ժամը 16։20-ին ԿԿԶՀ-ի վերակենդանացման բաժանմունքում գրանցվել է կենսաբանական մահ4։

13. Դատաբժշկական փորձաքննության թիվ 0788/9 եզրակացության համաձայն` «(...) [Ք]աղ. Ա.Մխիթարյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որը պայմանավորված է՝ 18.09.2019 թ. տարած փակ, բութ գանգուղեղային վնասվածքից հետո զարգացած վիճակով․ գլխուղեղի հետվնասվածքային հիպօքսիկ-իշեմիկ փոփոխություններով; վեգետատիվ վիճակով; շճաթարախային մենինգոէնցեֆալիտով; երկկողմանի արտահայտված շճաթարախաֆիբրինային բրոնխոպնևմոնիայով; թարախային բրոնխիտով; քրոնիկական շճային պլևրիտով; երկկողմանի ինտերստիցիալ նեֆրիտով; քրոնիկ պիելոնեֆրիտով; դիֆուզ ինտերստիցիալ հեպատիտով, որոնցով տառապել է հանգուցյալը կենդանության օրոք, և որոնք էլ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ մահվան անմիջական պատճառի հետ։ Սույն հետևությունը հիմնավորվում է բժշկական փաստաթղթերի և դիակի դատաբժշկական փորձաքննության տվյալների համաձայն՝ 18․09․2019թ․ տարած փակ, բութ գանգուղեղային վնասվածքով, որը պատճառվել է՝ կենդանության օրոք, բութ առարկաներով, կենդանի անձանց մոտ համարվում է առողջությանը ծանր վնաս պատճառող՝ կյանքին վտանգ սպառնացող, իսկ տվյալ դեպքում հանգեցրել է մահվան։ Ըստ համապատասխան հիվանդության պատմագրի տվյալների՝ քաղ. Ա.Մխիթարյանի մահը վրա է հասել՝ 27.07.23թ․ ժամը՝ 1620-ին։ Քաղ. Ա.Մխիթարյանի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել են՝ պարանոցի, որովայնի, վերին վերջույթների, ձախ աճուկային շրջանների հետվիրահատական վերքեր և սպիներ, ինչպես նաև կետային բնույթի վերքեր, որոնք հանդիսանում են բժշկական միջամտությունների հետևանք /վիրահատական միջամտությունների արդյունքում և ներարկումների տեղում/։ Դիակից վերցված արյունը պատկանում է B /Երրորդ/ խմբին (...)»5։

14. Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության թիվ 837/հձ եզրակացության համաձայն՝ «(...) Ըստ փորձաքննությանը ներկայացված բժշկական փաստաթղթերի և գործի վարույթի տվյալների՝ Արա Մխիթարյանն ընդունվել է «Էրեբունի» ԲԿ-ն 18.09.2019թ-ին։ Ընդունվելիս վիճակը գնահատվել է ծանր, իրականացված լիածավալ հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է «Փակ ծանր գանգուղեղային վնասվածք, աջ քունքոսկրի գծային կոտրվածք, գլխուղեղի աջ կիսագնդի ծանր աստիճանի սալջարդ, սուբարախնոիդալ արյունազեղում աջ քունքա-գագաթա-ճակատային շրջաններում, սուր սուբդուրալ հեմատոմա նույն շրջաններում։ Գլխուղեղի աջ կիսագնդի հիպօքսիկ-իշեմիկ վնասում, արտահայտված այտուց /երկրորդային վնասում/։ Արտահայտված քունքատենտորիալ լատերալ դիսլոկացիա /միջին գծի շեղումը՝ 2 սմ/՝ չափավոր արտահայտված դեկոմպենսացիայի շրջան։ Առաջնային ուղեղային կոմա։ Գլխի աջ և ձախ քունքա-գագաթա-ճակատային շրջանների փափուկ հյուսվածքների սալջարդ, ենթամաշկային հեմատոմա, աջից քունքային շրջանում /այտային աղեղից անմիջապես վեր/ օտար մարմնի առկայություն /ըստ ՀՇ տվյալի/։ Վիճակ 18.09.2019թ. տարած գլխի աջ քունքա-գագաթա-ճակատային շրջանում ռեզեկցիոն-կոմպրեսիվ տրեպանացիայից, նույն շրջանի սուր սուբդուրալ; հեմատոմայի հեռացումից հետո։ Արտահայտված երկկողմանի ասպիրացիոն թոքաբորք։ Վիճակ տրախեոստոմայից և թոքերի արհեստական շնչառությունից /ԹԱՇ/ հետո։ Էպիցիստոստոմայի և գաստրոստոմայի տեղադրում 17.10.2019թ.»։ Հիվանդի վիճակը մշտապես գնահատվել է ծանր, ծայրահեղ ծանր, գիտակցության բացակայությամբ, ինչը պայմանավորված է եղել ծանր գանգուղեղային վնասվածքով։ Հետագայում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, «Զինվորի տուն բարեգործական» ՀԿ-ում և «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ում Արա Սամվելի Մխիթարյանի նկատմամբ հետազոտությունները ևս կատարվել են բավարար ծավալով ՝ ճիշտ և ժամանակին, կատարված հետազոտությունների, օբյեկտիվ քննությունների տվյալների հիման վրա կայացված ախտորոշումները ևս եղել են ճիշտ։ Վերոհիշյալ կլինիկաներում Արա Մխիթարյանի հիվանդությունը/ները/ հայտնաբերելու, ախտորոշումը կայացնելու և բուժումները իրականացնելու համար չեն եղել որևէ օբյեկտիվ խոչընդոտող պատճառներ։ Կատարված հետազոտությունները և դրանց հիման վրա կայացված ախտորոշումը եղել են լիովին բավարար Արա Մխիթարյանին 18.09.2019թ. ստացած գանգուղեղային վնասվածքի կապակցությամբ վիրահատության ենթարկելու համար, տվյալ վիրահատությունը չի եղել հակացուցված և կատարվել է կյանքի ցուցումներով։ 26.10.2019թ. կատարված վիրահատությունը «Միջային լապարատոմիա, որովայնի խոռոչի ռևիզիա, սանացիա, գաստրոստոմայի կրկնակի տեղադրում ըստ Վիտցելի, ապենդէկտոմիա, որովայնի խոռոչի դրենավորում» նույնպես եղել է ցուցված, կատարվել է ճիշտ և ժամանակին։

(...) Արա Մխիթարյանին ցուցաբերված բժշկական միջամտությունների, վիրահատության /ների/ ընթացքում թերություններ կամ բացթողումներ, որոնք նրա մահվան հետ գտնվեն պատճառական կապի մեջ՝ չեն դիտարկվում։

(...) Արա Մխիթարյանի հետազոտությունների, ցուցաբերված բուժօգնության ընթացքում բուժաշխատակիցների կողմից իրականացվել են հնարավոր բոլոր բուժական միջոցառումները, սակայն վիճակի հետագա վատթարացումը և մահվան ելքը՝ հնարավոր չէ եղել։

(...) Արա Մխիթարյանի «Զինվորի տուն բարեգործական» ՀԿ և «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ տեղափոխումները եղել է արդարացված՝ ըստ ցուցումների։ Նշված բուժ.հիմնարկություններ տեղափոխման ժամանակ չեն եղել հակացուցումներ, մասնավորապես «Զինվորի տուն բարեգործական» ՀԿ տեղափոխումը պայմանավորված է եղել վերականգնողական բուժումներ իրականացնելու նպատակով, որտեղ իրականացվել են պահպանողական ձևով՝ ՀՇԱ /հենաշարժական ապարատի/ աշխատանքներ, դիրքավորումներ, շրջումներ, մաշկի խնամք, վերտիկալիզացիա, լոգոպեդական աշխատանքներ, կատարվել է նյարդաբանի և սրտաբանի կոնսուլտացիաներ՝ ստացել է համապատասխան բուժումներ։ Իսկ 20.07.2022թ.-ին «Միքայելյանի անվան» ԲԿ-ն տեղափոխվելը պայմանավորված է եղել զույգ ոտնաթաթերի պառկելախոցերի պլաստիկա կատարվելու կապակցությամբ, ինչը ևս եղել է ճիշտ և ժամանակին։ 26.04.2023թ. հիվանդի վիճակում բացասական դինամիկայի և ԿՏ հետազոտությամբ աջ քունքային բլթում պարենխիմատոզ արյունազեղման հայտնաբերման կապակցությամբ՝ շտապ տեղափոխվել է ԿԿԶՀ, որտեղ չնայած կատարված համապատասխան բուժական միջոցառումների՝ հնարավոր չի եղել փրկել Արա Մխիթարյանի կյանքը, պայմանավորված բազմաօրգանային անբավարարության առաջացումով։

(...) ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, «Զինվորի տուն բարեգործական» ՀԿ-ում և «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ում Արա Մխիթարյանին տրված բուժումները համապատասխանել են վերջինիս առողջական վիճակին և այդպիսիք չեն եղել հակացուցված։

(...) ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, «Զինվորի տուն բարեգործական» ՀԿ-ում և «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲԸ-ում Արա Մխիթարյանին ցուցաբերված բժշկական միջամտությունների ընթացքում թերություններ կամ բացթողումներ, որոնք մահվան հետ գտնվեին պատճառական կապի մեջ՝ թույլ չեն տրվել։

(...) Արա Մխիթարյանի բժշկական փաստաթղթերում և դիակի դատաբժշկական փորձաքննությամբ մահվան պատճառի վերաբերյալ հետևություններում էական հակասություններ չեն դիտարկվում (...)»6։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

I. Վերաքննիչ դատարանի որոշման վերանայումը.

15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տուժող Արա Մխիթարյանի մահվան փաստը՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը վերանայելու համար։

16. ՀՀ Սահմանադրության 68-րդ հոդվածի համաձայն՝ «1. Ոչ ոք չի կարող կրկին դատվել նույն արարքի համար:

2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը՝ օրենքին համապատասխան, եթե առկա են նոր կամ նոր երևան եկած հանգամանքներ, կամ գործի քննության ժամանակ տեղ են գտել հիմնարար թերություններ, որոնք կարող էին ազդել գործի արդյունքի վրա»։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիային (այսուհետ՝ նաև Եվրոպական կոնվենցիա) կից թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի համաձայն` «1. Ոչ ոք չպետք է միևնույն պետության իրավազորության շրջանակներում երկրորդ անգամ դատվի կամ քրեական դատավարության կարգով պատժվի այն հանցագործության կապակցությամբ, որի համար նա արդեն վերջնականապես արդարացվել է կամ դատապարտվել այդ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան։

2. Նախորդ կետի դրույթները չեն խոչընդոտում գործի վերանայմանը տվյալ պետության օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան, եթե ի հայտ են եկել նոր կամ նոր բացահայտված փաստեր, կամ նախորդ քննության ժամանակ տեղ են գտել էական թերություններ, որոնք կարող էին ազդել դրա արդյունքի վրա (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ « Անձի վիճակի վատթարացման պահանջի հիման վրա կրկին դատվել չէ՝

(...)

2) հիմնարար խախտման, նոր հանգամանքի կամ նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով օրինական ուժի մեջ մտած եզրափակիչ դատական ակտի (...) վերանայումը` սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում»։

Նույն օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Նոր ի հայտ եկած հանգամանքներով բողոք կարող է բերվել այն դեպքում, երբ՝

1) պարզվել են դատական ակտ կայացնելիս դատարանին անհայտ մնացած այնպիսի հանգամանքներ, որոնք ինքնին կամ մինչև այդ պարզված հանգամանքների հետ ապացուցում են դատապարտյալի անմեղությունը կամ նրա կատարած հանցանքի նվազ ծանր կամ ավելի ծանր լինելը, քան այն, որի համար նա դատապարտվել է (...)»։

16.1. Ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայման ինստիտուտի, այդ թվում՝ նոր երևան եկած հանգամանքների հիմքով, որպես մարդու խախտված իրավունքներն արդար և արդյունավետ դատաքննությամբ վերականգնելու բացառիկ արդարադատական միջոցի սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման, դրա միակերպ ընկալման ու կիրառման խնդիրներին Սահմանադրական դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում7։ Դատական ակտերի վերանայման նոր երևան եկած հանգամանքների համատեքստում Սահմանադրական դատարանը նշել է, որ`

– նոր երևան եկած հանգամանքների հիմքով դատական ակտերի օրինականության և հիմնավորվածության ստուգումն իրավական լուրջ երաշխիք է անձի խախտված իրավունքները վերականգնելու, դատական սխալներն ուղղելու և գործով ճշմարտությունը բացահայտելու ուղղությամբ8,

– այդ հանգամանքներն իրենց բնույթով այնպիսին են, որ չնայած օբյեկտիվորեն գոյություն են ունեցել գործով վերջնական դատական ակտի կայացման պահին, սակայն հայտնի չէին և(կամ) չէին կարող հայտնի լինել թե՛ գործին մասնակցող անձանց և թե՛ դատարանին, կամ հայտնի են եղել գործին մասնակցող անձանց, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել դատարան, կամ որոշ դեպքերում` նորահայտ են9։

16.2. Եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համատեքստում Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ իրավական որոշակիության պահանջները բացարձակ չեն, և քրեական գործերով դրանք պետք է գնահատվեն թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի 2-րդ մասի լույսի ներքո, ինչը հստակորեն թույլատրում է պայմանավորվող պետություններին վերաբացել գործը նոր հանգամանքների առկայության դեպքում կամ երբ տեղ են գտել վարույթի էական թերություններ10։

Ավելին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նշել է, որ «նոր կամ նոր երևան եկած» հանգամանքներ եզրույթը ներառում է նոր ապացույցներ, որոնք վերաբերում են նախկինում գոյություն ունեցող փաստերին11։ Միաժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած մոտեցման համաձայն` վարույթի վերաբացումը հիմնավորող հիմքերն ըստ թիվ 7 արձանագրության 4-րդ հոդվածի, պետք է այնպիսին լինեն, որ կամ հօգուտ անձի կամ ի վնաս վերջինիս ազդեն գործի ելքի վրա12։

16.3. Վճռաբեկ դատարանն անդրադառնալով նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման ինստիտուտին` իր նախադեպային իրավունքի շրջանակներում նշել է, որ այն, լինելով օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտերի վերանայման բացառիկ եղանակ, հնարավորություն է տալիս ուղղել թույլ տրված հնարավոր դատական սխալները, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները։ Նշված նպատակի կենսագործման համար նոր երևան եկած հանգամանքները, ի թիվս այլոց, հիմնականում բնութագրվում են հետևյալ հատկանիշներով

ա) պետք է հայտնի եղած չլինեն դատարանին դատական ակտ կայացնելիս՝ վերջինիս կամքից անկախ պատճառներով,

բ) պետք է գործի համար ունենան էական նշանակություն՝ պայմանավորված գործի ելքի վրա դրանց անմիջական ազդեցության հնարավորությամբ,

գ) պետք է առերևույթ կասկածի տակ դնեն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի իրավաչափությունը։

Նշված հատկանիշներին համապատասխանող նոր երևան եկած հանգամանքները, հանգեցնելով դատական ակտի վերանայման, կարող են իրենց ազդեցությունն ունենալ անձի մեղավորության, մեղսագրված արարքի հանցավորության կամ դրա ծանրության որոշման վրա13։

17 Սույն որոշման 16-16.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների հիման վրա Վճռաբեկ դատարանը կրկին փաստում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 403-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետում որպես նոր ի հայտ եկած հանգամանք՝ ոչ սպառիչ ձևով explicit հղում է պարունակվում դատական ակտ կայացնելիս անհայտ մնացած այլ հանգամանքների վրա, հետևաբար դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո վրա հասած հետևանքները կարող են քրեաիրավական գնահատականի արժանանալ այս կետի ներքո, որի եղանակով պետք է լեգիտիմացվի օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման բացառիկության հատկանիշի և դատական ակտի կայունության սկզբունքի հաղթահարումը14։

18. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Հարություն Գրիգորյանն Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով՝ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին խմբի կազմում՝ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով չպարզված առարկայով Արա Մխիթարյանի գլխին բազմաթիվ հարվածներ հասցնելով` նրա առողջությանը դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս պատճառելու մեջ, և նրա նկատմամբ նշանակվել է պատիժ15:

- Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ16։

- Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումն օրինական ուժի մեջ են մտել 2022 թվականի հոկտեմբերի 10-ին17։

- տուժող Արա Մխիթարյանը 2023 թվականի հուլիսի 27-ին մահացել է18։

- տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի դիմումի հիման վրա, 2024 թվականի հունիսի 11-ին, նոր ի հայտ եկած հանգամանքի հետևանքով հարուցվել է նախնական վարույթ, կատարվել է քննություն և քննության արդյունքներով ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ գործով կայացված դատական ակտերը նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով բեկանելու խնդրանքով19։

19. Նախորդ կետում վկայակոչված փաստական հանգամանքները, ինչպես նաև նոր ի հայտ եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի նյութերը գնահատելով սույն որոշման 16-17-րդ կետերում վկայակոչված դրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հ.Գրիգորյանի և գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց կողմից կյանքին վտանգ սպառնացող, առողջության ծանր վնաս ստանալուց հետո, Արա Մխիթարյանը գտնվել է անգիտակից վիճակում, տարբեր բուժհաստատություններում բուժում է ստացել, և դեպքից մոտ չորս տարի անց՝ 2023 թվականի հուլիսի 27-ին մահացել է: Նոր ի հայտ եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական և հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություններ, որոնց արդյունքում կազմված եզրակացությունների համաձայն՝ առկա է պատճառահետևանքային կապ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին Արա Մխիթարյանին պատճառված մարմնական վնասվածքների և 2023 թվականի հուլիսի 27-ին նրա մահվան միջև: Այսինքն` արձանագրվել է Ա.Մխիթարյանի մահվան և Հ.Գրիգորյանի ու քննությամբ չբացահայտված այլ անձանց գործողությունների միջև պատճառահետևանքային կապի առկայությունը20։

20. Վերոգրյալի հիման վրա և հաշվի առնելով, որ նոր ի հայտ եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում ստացված փորձագիտական եզրակացություններով առերևույթ հաստատվում է Հ.Գրիգորյանի և այլ անձանց կողմից Ա.Մխիթարյանի կյանքին վտանգ սպառնացող առողջությանը ծանր վնաս պատճառելու և նրա մահվան միջև պատճառահետևանքային կապը, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո տուժող Արա Մխիթարյանի մահվան փաստը՝ որպես նոր ի հայտ եկած հանգամանք, հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը վերանայելու համար։

 

II. Ստորադաս դատարանների դատական ակտերի բեկանման հիմքերը.

21. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցին. արդյո՞ք սույն գործով առկա նոր ի հայտ եկած հանգամանքը, որն առերևույթ վկայում է Հ.Գրիգորյանին մեղսագրված արարքի ավելի ծանր լինելու մասին, կարո՞ղ է հիմք հանդիսանալ Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բեկանելու համար։

22. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` «Արդարացման դատավճռի կամ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումների վերանայումը թույլատրվում է քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների ընթացքում։

4. Դատապարտյալի անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը փաստելու պահանջով դատական ակտի բացառիկ վերանայումը ժամկետներով սահմանափակված չէ»: 

22.1. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ուղղակիորեն ամրագրված չէ դատապարտյալի կողմից ավելի ծանր հանցանք կատարելը փաստելու պահանջով մեղադրական դատավճռի վերանայման ժամկետի սահմանափակում՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներով, սակայն դա բխում է վերոնշյալ իրավանորմի բովանդակային վերլուծությունից։ Մասնավորապես, դատապարտյալի շահերից ելնելով, վերջինիս անմեղությունը կամ նրա կողմից ավելի թեթև հանցանք կատարելը փաստելու պահանջով դատական ակտի բացառիկ վերանայումը ժամկետներով սահմանափակված չէ, մինչդեռ, ի վնաս դատապարտյալի դատական ակտի վերանայումը ժամկետներով սահմանափակված է, ինչից բխում է, որ դատապարտյալի կողմից ավելի ծանր հանցանք կատարելը փաստելու պահանջով մեղադրական դատավճռի վերանայումը ևս պետք է սահմանափակված լինի քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներով։

23. ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված արարքը դիտավորյալ հանցագործություն է, որի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը տասը տարի է, ուստի այն ՀՀ քրեական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ դասվում է ծանր հանցագործությունների շարքին:

24. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դեպքը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 18-ին21, իսկ տուժողի մահը վրա է հասել 2023 թվականի հուլիսի 27-ին22, հետևաբար, տվյալ դեպքում ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու տասնամյա ժամկետը չի լրացել։

25. Ուստի, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ սույն գործով առկա նոր ի հայտ եկած հանգամանքը, որն առերևույթ վկայում է Հ.Գրիգորյանին մեղսագրված արարքի ավելի ծանր լինելու մասին, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բեկանելու և վարույթը Առաջին ատյանի դատարան՝ նոր քննության փոխանցելու համար։

Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է նոր ի հայտ եկած հանգամանքի հետևանքով հարուցված վարույթի շրջանակներում առկա փորձագիտական եզրակացությունների և սույն որոշմամբ արձանագրված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ հանգի համապատասխան հետևության։

Անդրադառնալով Հարություն Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են նրա նկատմամբ խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Հ.Գրիգորյանին վերագրված հանցագործության հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը (խմբի կազմում՝ գործով ինքնությունները չպարզված մի խումբ անձանց հետ, ձեռքերով, ոտքերով և գործով դեռևս չպարզված առարկայով բազմաթիվ հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխին` նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, որից հետո, Արա Մխիթարյանը, տևական ժամանակ գտնվելով անգիտակից վիճակում, մահացել է), սպառնացող պատժի խստությունը (պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով), գտնում է, որ Հ.Գրիգորյանը, մինչև գործի նոր քննության ընթացքում խափանման միջոցի հարցի լուծումը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, ինչպես նաև խոչընդոտել դատարանում գործի քննությանը՝ քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով և իր վրա օրենքով դրված պարտականությունները չկատարելով։

Վերոգրյալի հիման վրա, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ կալանքից բացի որևէ այլ խափանման միջոց չի կարող բավարար երաշխիք հանդիսանալ՝ ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը քրեական գործով վարույթի ընթացքում և չեզոքացնելու քրեական գործի քննությանը խոչընդոտելու վտանգը։ Հետևաբար, Հ.Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց պետք է կիրառել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով սույն որոշումն ի կատար ածելու պահից։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 118-րդ, 119-րդ, 264-րդ, 281-րդ, 361-րդ, 363-րդ, 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Հարություն Արամի Գրիգորյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը նոր ի հայտ եկած հանգամանքի հիմքով վերանայել։

2. Վերանայման արդյունքում Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2022 թվականի հունվարի 10-ի դատավճիռը և Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։

3. Հարություն Արամի Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանքը՝ 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով սույն որոշումն ի կատար ածելու պահից։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը։

 

______________________________

1 Տե՛ս, նյութեր, հատոր 20, թերթեր 1-220։

2 Տե՛ս, նյութեր, հատոր 20, թերթեր 1-220։

3 Տե՛ս, նյութեր, հատոր 23, թերթեր 114-127։

4 Տե՛ս, նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթի նյութեր, թերթեր 29-32, 39։

5 Տե՛ս, նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթի նյութեր, թերթեր 43-58։

6 Տե՛ս, նոր ի հայտ եկած հանգամանքների վերաբերյալ նախնական վարույթի նյութեր, թերթեր 69-89։

7 Տե՛ս, Սահմանադրական դատարանի` 2015 թվականի հունիսի 26-ի թիվ ՍԴՈ-1222 որոշումը, կետ 6:

8 Տե՛ս, նույն տեղում։

9 Տե՛ս, նույն տեղում։

10 Տե՛ս, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` Mihalache v. Romania գործով 2019 թվականի հուլիսի 8-ի վճիռը, գանգատ թիվ 54012/10, կետ 129:

11 Տե՛ս, նույն վճիռը, կետեր 131-133:

12 Տե՛ս, նույն տեղում։

13 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Դավիթ Հարությունյանի գործով` 2020 թվականի հունվարի 10-ի թիվ ՍԴ3/0070/01/16 որոշումը, կետ 16:

14 Տե՛ս, Վճռաբեկ դատարանի՝ Վահրամ Մկոյանի գործով 2022 թվականի ապրիլի 8-ի թիվ ԱՐԱԴ1/0025/01/15 որոշումը։

15 Տե՛ս, սույն որոշման 1-ին և 10-րդ կետերը։

16 Տե՛ս, սույն որոշման 11-րդ կետը։

17 Տե՛ս, սույն որոշման 3-րդ կետը։

18 Տե՛ս, սույն որոշման 12-րդ կետը։

19 Տե՛ս, սույն որոշման 5-րդ և 6-րդ կետերը։

20 Տե՛ս, սույն որոշման 13-րդ և 14-րդ կետերը։

21 Տե՛ս, սույն որոշման 10-րդ կետը։

22 Տե՛ս, սույն որոշման 12-րդ կետը:

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան