ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
|
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան,նախագահող դատավոր Լ. Ալավերդյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, նախագահող դատավոր` Ա. Բեկթաշյան |
ԼԴ/0004/06/23 |
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),
|
նախագահությամբ` |
Հ. Ասատրյանի | |
|
մասնակցությամբ դատավորներ` |
Ս. ավետիսյանի | |
|
Հ. Գրիգորյանի Լ. Թադևոսյանի Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻ |
|
23 հունվարի 2025 թվական |
ք. Երևան |
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Հովհաննես Սարգսի Չերքեզյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի նոյեմբերի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է թիվ 71142322 քրեական վարույթը։
Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշմամբ թիվ 71142322 քրեական վարույթից ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով անջատվել է նոր՝ թիվ 53101323 վարույթը:
Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հունվարի 13-ի որոշումներով ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է թիվ 53101223 քրեական վարույթը և միացվել թիվ 53101223 քրեական վարույթին։
Լոռու մարզի դատախազի տեղակալ Ռ.Մինասյանի՝ 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ Հ.Չերքեզյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշմամբ Հովհաննես Սարգսի Չերքեզյանը ձերբակալվել է:
Նախաքննության մարմնի՝ 2023 թվականի հունվարի 20-ի որոշմամբ Հ.Չերքեզյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Լուռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2023 թվականի հունվարի 21-ի որոշմամբ Հովհաննես Չերքեզյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով՝ կալանքի սկիզբը հաշվելով 2023 թվականի հունվարի 20-ից:
2. Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մարտի 16-ի որոշմամբ բավարարվել է մեղադրյալ Հ.Չերքեզյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը, և նրան կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգվել է 2 (երկու) ամիս ժամկետով՝ մինչև 2023 թվականի մայիսի 20-ը:
3. Մեղադրյալ Հ.Չերքեզյանի պաշտպան Մ.Դավթյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2023 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակի. բեկանել և փոփոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 16-ի որոշումը, մերժել է Հ.Չերքեզյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը 2 (երկու) ամիս ժամկետով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը և վերջինիս նկատմամբ կիրառել է Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը և գրավը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Պողոսյանը ներկայացրել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի հունիսի 15-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ Վերաքննիչ դատարանը խախտել է խափանման միջոց կալանք կիրառելու վերաբերյալ քրեադատավարական նորմերի պահանջները, թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, որն ազդել է վարույթի ելքի վրա։
5.1. Մասնավորապես, Հ.Չերքեզյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը փոփոխելու, նրա նկատմամբ համակցված խափանման միջոցներ գրավը և բացակայելու արգելքն ընտրելու մասին որոշում կայացնելիս Վերաքննիչ դատարանը, հաշվի չի առել մեղադրյալ Հ.Չերքեզյանին վերագրված հանցանքների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, նրան մեղսագրված հանցանքների կատարման եղանակը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, ինչպես նաև մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով չի անդրադարձել կալանքի հիմքերի առկայության վերաբերյալ քննիչի միջնորդությամբ ներկայացված և Առաջին ատյանի դատարանի կողմից պատշաճ գնահատված փաստարկներին:
Ըստ բողոքաբերի՝ դատարանը հաշվի չի առել, որ դեռևս չեն բացահայտվել ենթադրյալ հանցագործության առարկա հանդիսացող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի, ինքնաձիգի և ռազմամթերք հանդիսացող փամփուշտների ձեռք բերման աղբյուրը:
5.2․ Բողոքաբերը նաև նշել է, որ Վերաքննիչ դատարանը, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածով սահմանված խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքում կայացվող որոշումների բովանդակությանը ներկայացվող պահանջները, մերժել է մեղադրյալ Հ.Չերքեզյանի նկատմամբ կալանքի ժամկետը 2 (երկու) ամիս ժամկետով երկարաձգելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը և միաժամանակ նրա նկատմամբ կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և գրավը:
Բողոքաբերը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը միջնորդությունը մերժելու դեպքում իրավասու չէր կիրառելու այլընտրանքային խափանման միջոցներ, այլ դրանք կարող էր կիրառել միայն միջնորդությունը մասնակի բավարարելու դեպքում։
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշումը, կայացնել դրան փոխարինող դատական ակտ և մեղադրյալ Հ.Չերքեզյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի ժամկետը երկարաձգել 2 (երկու) ամիս ժամկետով:
Վճռաբեկ բողոքի պատասխանը.
7. Մեղադրյալ Հ.Չերքեզյանի պաշտպան Մ.Դավթյանը վճռաբեկ բողոքի պատասխանում նշել է, որ բողոքը հիմնավոր և պատճառաբանված չէ: Ըստ պաշտպանի՝ Վերաքննիչ դատարանը պատշաճ կերպով գնահատման է ենթարկել մեղսագրվող արարքի կատարման եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, հաշվի է առել, որ Հ.Չերքեզյանը նախկինում դատապարտված չի եղել, նրան վերագրվում են միջին ծանրության հանցանքներ, վերջինիս խնամքին են գտնվում երկու մանկահասակ երեխաները, հիվանդ ծնողները, ունի մշտական բնակության վայր։
Բացի այդ, պաշտպանը նշել է, որ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, Հ.Չերքեզյանը ցուցաբերել է պատշաճ վարքագիծ, վարույթն իրականացնող մարմնի կանչով պարտաճանաչ կերպով ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և պատշաճ կերպով կատարել է քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտավորությունները։ Ըստ պաշտպանի՝ Վերաքննիչ դատարանն առերևույթ թույլ չի տվել այնպիսի դատական սխալ, որի հիման վրա դատական ակտը ենթակա կլիներ բողոքարկման։
8. Վերոգրյալի հիման վրա, պաշտպանը խնդրել է մերժել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի հատուկ վերանայման բողոքը՝ անփոփոխ թողնելով Վերաքննիչ դատարանի որոշումը։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
9. Հովհաննես Չերքեզյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել հետևյալ արարքների համար. (...) «Նա խախտելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, այն է՝ չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց պատրաստելու և պահելու թույլտվություն, ինչպես նաև «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ին ընդունված ՀՀ օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջները, այն է՝ չունենալով հրազեն կամ ռազմամթերք ձեռք բերելու և պահելու իրավունք, ինչպես նաև զենքի շրջանառություն իրականացնելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, իր անձնական օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 63.546 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև 1965 թվականի` նախկին ԽՍՀՄ գործարանային արտադրության «АКМ» տեսակի «МЩ6480» համարի, 7,62 մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաձիգ և 21 հատ 7,62 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ու դրանք ապօրինի պահել է Լոռու մարզի Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրի 7-րդ փողոցի 2-րդ փակուղու 3-րդ հասցեում գտնվող, իրեն պատկանող բնակարանում, որոնք 2022 թվականի դեկտեմբերի 7-ին նույն բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել և վերցվել են վարույթն իրականացնող քննիչի կողմից»1։
10. Առաջին ատյանի դատարանն իր դատական ակտը պատճառաբանել է հետևյալ կերպ. «(...) [Դ]ատարանը, ներկայացված նյութերի հիման վրա փաստում է, որ շարունակվում է առկա լինել հիմնավոր կասկած առ այն, որ մեղադրյալ Հովհաննես Սարգսի Չերքեզյանն առնչություն ունի իրեն մեղսագրված ենթադրյալ արարքների փաստական հանգամանքներին:
(…)
Անդրադառնալով քննիչի կողմից առաջին հիմքով նշված պատճառաբանությանը՝ մեղադրյալի փախուստը կանխելուն, դատարանն իրատեսական չի համարում վարույթն իրականացնող մարմնի նշված մտավախությունը՝ ընդգծելով, որ վարույթի հանրային մասնակցի կողմից դատարան չներկայացվեց որևէ փաստական տվյալ, որը կհիմնավորեր կալանավորման իրավաչափության նշված հիմքի առկայությունը:
Անդրադառնալով քննիչի կողմից երկրորդ հիմքով նշված պատճառաբանությանը՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների կատարումն ապահովելուն, դատարանն իրատեսական է համարում այդ մտավախությունը, սակայն փաստում է, որ նշված ռիսկը նվազել է, քանի որ սույն քրեական գործը չի գտնվում սկզբնական փուլում, մեղադրյալն արգելանքի տակ է գտնվում դեռևս 2023թ. հունվարի 20-ից, տևական ժամանակ կատարվել է քննություն, իրականացվել են բավականաչափ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունները:
Անդրադառնալով քննիչի կողմից երրորդ հիմքով նշված պատճառաբանությանն առ այն, որ մեղադրյալը կկատարի նոր հանցանք, Դատարանը գտնում է, որ այդ հիմքը ևս իրատեսական է՝ հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող արարքների բազմադրվագությունը, դրանց հանրային վտանգավորության աստիճանը:
(…)
Դատարանը, ելնելով ներկայացված նյութերից և փաստական տվյալներից, մարդու իրավունքը բովանդակազրկելու անթույլատրելիության սկզբունքից, հասարակության ընդհանուր շահի և անհատի հիմնարար իրավունքների միջև արդարացի հավասարակշռության անհրաժեշտությունից, որը պետք է բխի անձի ազատությունից զրկելու հետ կապված կիրառվող միջոցի և հետապնդվող նպատակների միջև համամասնության ողջամիտ հարաբերակցության անհրաժշտությունից, գնահատելով մեղադրյալին վերագրվող արարքների կատարման բնույթը, դրանց հանրային վտանգավորության աստիճանը, հանգում է եզրակացության, որ նշված հանգամանքների միասնությունը հնարավորություն է տալիս ողջամիտ դատողություններ անելու այն մասին, որ առկա պայմաններում ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցների կիրառումն ի զորու չէ չեզոքացնելու վերը նշված վտանգի բարձր հավանականությունը և առնվազն քննության տվյալ փուլում չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ մեղադրյալ Հովհաննես Չերքեզյանի պատշաճ վարքագիծն ապահովելու համար:
Դատարանը գտնում է նաև, որ քրեական վարույթի սույն փուլում առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառմամբ հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը:
Դատարանն արձանագրում է, որ քննիչի կողմից ներկայացվել են բավարար նյութեր՝ գործի ընթացքն ապահովելու համար վարույթն իրականացնող մարմնի կողմից դրսևորած պատշաճ ջանասիրության և կատարվելիք գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածում թվարկված վերոհիշյալ մեղադրյալի հավանական գործողությունների մասին հետևությունները, որոնք առաջ են բերում անձի ազատության իրավունքի սահմանափակում, հիմնված են գործի նյութերից բխող ողջամիտ ենթադրությունների վրա, ուստի դատարանն արձանագրում է, որ կալանավորման ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության վերաբերյալ առկա են բավարար ապացույցներ, այսինքն, միջնորդությունը հիմնավոր է և ենթակա է ամբողջությամբ բավարարման:
Դատարանը հարկ է համարում նշել, որ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարաձգելու մասին որոշում կայացնելով, դատարանն այդ որոշումը հիմնավորված է համարում ներկայացված նյութերում այնպիսի տեղեկությունների առկայությամբ, որոնք հաստատում են տվյալ փուլում մեղադրյալի նկատմամբ ազատությունից չզրկելու հետ կապված այլ խափանման միջոցների կիրառման անհնարինությունը»2։
11. Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում արձանագրել է հետևյալը. «(...) Անդրադառնալով կալանավորման հիմքերից` Հովհաննես Չերքեզյանի կողմից նոր հանցանք կատարելուն, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի ողջամիտ ենթադրություններ անել մեղադրյալ Հովհաննես Չերքեզյանի կողմից նոր հանցանք կատարելու բարձր հավանականության վերաբերյալ: Ավելին` Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի փաստական նկարագիրն ինքնին բավարար չէ մեղադրյալի կողմից հանցանք կատարելու ռիսկերը բարձր գնահատելու համար:
Վերաքննիչ դատարանի համար հատկանշական է նաև այն հանգամանքը, որ մեղադրյալը նախկինում դատապարտված չի եղել:
Վերաքննիչ դատարանն իրատեսական է համարում Առաջին ատյանի դատարանի այն մտավախությունը, որ մնալով ազատության մեջ` Հովհաննես Չերքեզյանը կարող է խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների կատարումը, սակայն փաստում է, որ այդ ռիսկը նվազել է, քանի որ սույն քրեական գործը չի գտնվում սկզբնական փուլում, մեղադրյալն արգելանքի տակ է գտնվում դեռևս 2023 թվականի հունվարի 20-ից, տևական ժամանակ կատարվել է քննություն, իրականացվել են բավականաչափ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ:
Ստեղծված իրավիճակում, Վերաքննիչ դատարանը չի կարող փաստել, որ մեղադրյալի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառումը չի կարող լինել արդարացված:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի է առնում այն, որ մեղադրյալ Հովհաննես Չերքեզյանին մեղսագրվում են միջին ծանրության հանցանքներ, ինչպես նաև վերջինի խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխա՝ 2011 թվականի օգոստոսի 9-ին ծնված՝ Սարգիս Հովհաննեսի Չերքեզյանը (ունի առողջական խնդիրներ) և 2014 թվականի դեկտեմբերի 12-ին ծնված՝ Ռոզա Հովհաննեսի Չերքեզյանը:
Վերը նշվածը հաշվի առնելով Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանման միջոցներից 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամի չափով գրավը և Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքն ի զորու են չեզոքացնելու հիշյալ հիմքի առկայությունը և ապահովել մեղադրյալ Հովհաննես Չերքեզյանի պատշաճ վարքագիծը:
Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոգրյալ եզրահանգումները, գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 2023 թվականի մարտի 16-ի որոշումը պետք է բեկանել՝ վերացնել թիվ 53101223 քրեական գործով մեղադրյալ Հովհաննես Սարգսի Չերքեզյանին կալանքի տակ գտնվելու ժամկետը երկարաձգելու մասին որոշումն ու նրա նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք և գրավ՝ 1.000.000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամի չափով»3։
12. 2023 թվականի հունիսի 5-ին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ստացվել թիվ ԼԴ1/0021/01/23 քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Սարգսի Չերքեզյանի. նախնական դատալսումների ընթացքում անփոփոխ են թողնվել Հ.Չերքեզյանի նկատմամբ մինչդատական վարույթում կիրառված խափանման միջոցները՝ բացակայելու արգելքը և գրավը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով, ինչպես նաև կայացվել է դատավճիռ, որը գտնվում է բողոքարկման փուլում4:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
13. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշումը Հ.Չերքեզյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը 2 (երկու) ամիս ժամկետով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասով։
14. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք։ Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`
(…)
4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով. (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «1. Վարույթի ընթացքում անձի նկատմամբ հարկադրանքի միջոցները կարող են կիրառվել ոչ այլ կերպ, քան սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով: Վարույթի ընթացքում անձին ազատությունից զրկելը չպետք է պատժի նպատակ հետապնդի:
2. Վարույթն իրականացնող մարմինն անձի նկատմամբ հարկադրանքի միջոց ընտրելիս առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով։ Արգելվում է անձի նկատմամբ ընտրել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով քրեական վարույթի ընթացքում հնարավոր կլինի ապահովել անձի օրինական վարքագիծը»։
Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «(…) [Կ]ալանքի ժամկետը երկարաձգելը (…) թույլատրվում [է] միայն դատարանի որոշմամբ` այն դեպքում, երբ անձի օրինական վարքագիծը չի կարող երաշխավորվել հարկադրանքի այլ միջոցներով»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոցը կարող է կիրառվել, եթե դա անհրաժեշտ է՝
1) մեղադրյալի փախուստը կանխելու համար կամ
2) մեղադրյալի կողմից հանցանք կատարելը կանխելու համար կամ
3) մեղադրյալի կողմից իր վրա սույն օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելու համար»:
Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Խափանման միջոցի տեսակն ընտրելիս հաշվի են առնվում մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող և դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքները (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Կալանքը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է սույն օրենսգրքի 116-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների կատարումն ապահովելու համար»։
15. ՀՀ Սահմանադրական դատարանը թիվ ՍԴՈ-1480 որոշմամբ արձանագրել է, որ հաշվի առնելով անձի անձնական ազատության իրավունքին կալանավորման առավել ինտենսիվ միջամտող բնույթը, վարույթն իրականացնող մարմինը յուրաքանչյուր դեպքում այն ընտրելուց առաջ պարտավոր է պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հիմնավորված կերպով բացառել մնացած բոլոր, ավելի մեղմ խափանման միջոցների ընտրության հնարավորությունը5։
Վճռաբեկ դատարանը մշտապես ընդգծել է անձի ազատության իրավունքի հիմնարար ու անօտարելի բնույթը և հետևողականորեն ամրապնդել ու զարգացրել քրեական դատավարության ընթացքում կալանքը որպես խափանման միջոց կիրառելիս անձի ազատության իրավունքի կամայական կամ անհիմն սահմանափակումը բացառելուն ուղղված երաշխիքները: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ կալանավորման օրինականության և հիմնավորվածության ապահովման տեսանկյունից կարևոր է կալանավորման հիմքերից որևէ մեկի կամ մի քանիսի և կալանավորման պայմանների վերաբերյալ դատական ակտում ողջամիտ հետևությունների առկայությունը` հիմնավորված վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող տեղեկություններով, փաստերով կամ ապացույցներով6:
16. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`
- Հովհաննես Չերքեզյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն արարքների համար, որ նա, չունենալով բժշկական նպատակներով կամ բժշկի նշանակմամբ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու՝ թմրամիջոց պատրաստելու և պահելու թույլտվություն, ինչպես նաև չունենալով հրազեն կամ ռազմամթերք ձեռք բերելու և պահելու իրավունք, ինչպես նաև զենքի շրջանառություն իրականացնելու Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, նախաքննությամբ դեռևս չպարզված հանգամանքներում, իր անձնական օգտագործման համար, առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 63.546 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, ինչպես նաև «АКМ» տեսակի «МЩ6480» համարի, 7,62 մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաձիգ և 21 հատ 7,62 մմ տրամաչափի ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ ու դրանք ապօրինի պահել իրեն պատկանող բնակարանում7,
- Առաջին ատյանի դատարանը, մեղադրյալ Հ.Չերքեզյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը քննության առնելիս, հաստատված է համարել մեղադրյալի կողմից իրեն վերագրվող հանցանքները կատարելու հիմնավոր կասկածը և վարույթն իրականացնող մարմնի կողմից պատշաճ ջանասիրություն դրսևորելը։ Անդրադառնալով քննիչի կողմից առաջին հիմքով նշված պատճառաբանությանը՝ մեղադրյալի փախուստը կանխելուն, Առաջին ատյանի դատարանն իրատեսական չի համարել վարույթն իրականացնող մարմնի նշված մտավախությունը։
Անդրադառնալով քննիչի կողմից երկրորդ հիմքով նշված պատճառաբանությանը՝ մեղադրյալի կողմից իր վրա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով դրված պարտականությունների կատարումն ապահովելուն, Առաջին ատյանի դատարանն իրատեսական է համարել այդ մտավախությունը, սակայն փաստել է, որ նշված ռիսկը նվազել է, քանի որ սույն քրեական գործը չի գտնվում սկզբնական փուլում, մեղադրյալն արգելանքի տակ է գտնվում դեռևս 2023 թվականի հունվարի 20-ից, տևական ժամանակ կատարվել է քննություն, իրականացվել են բավականաչափ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ:
Առաջին ատյանի դատարանն իրատեսական է համարել նաև մեղադրյալի կողմից նոր հանցանքի կատարումը՝ հաշվի առնելով մեղադրյալին մեղսագրվող արարքների բազմադրվագությունը, դրանց հանրային վտանգավորության աստիճանը:
Վերոշարադրյալի հիման վրա, Առաջին ատյանի դատարանը եկել է հետևության, որ քրեական վարույթի տվյալ փուլում առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառմամբ հնարավոր չէ ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը8,
- Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով կալանավորման հիմքերից` Հ.Չերքեզյանի կողմից նոր հանցանք կատարելուն, գտել է, որ քննիչի կողմից Առաջին ատյանի դատարան ներկայացված նյութերում առկա չեն այնպիսի փաստական տվյալներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի ողջամիտ ենթադրություններ կատարել մեղադրյալ Հ.Չերքեզյանի կողմից նոր հանցանք կատարելու բարձր հավանականության վերաբերյալ: Ավելին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ մեղադրանքի փաստական նկարագիրն ինքնին բավարար չէ մեղադրյալի կողմից հանցանք կատարելու ռիսկերը բարձր գնահատելու համար:
Վերաքննիչ դատարանն իրատեսական է համարել Առաջին ատյանի դատարանի այն մտավախությունը, որ մնալով ազատության մեջ` Հ.Չերքեզյանը կարող է խախտել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր վրա դրված պարտականությունների կատարումը, սակայն, ինչպես և Առաջին ատյանի դատարանը, փաստել է, որ այդ ռիսկը նվազել է, քանի որ սույն քրեական գործը չի գտնվում սկզբնական փուլում, մեղադրյալն արգելանքի տակ է գտնվում դեռևս 2023 թվականի հունվարի 20-ից, տևական ժամանակ կատարվել է քննություն, իրականացվել են բավականաչափ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ:
Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ մեղադրյալ Հ.Չերքեզյանի խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները, որոնցից մեկն ունի առողջական խնդիրներ, ինչպես նաև այն, որ Հ.Չերքեզյանը նախկինում դատապարտված չի եղել և նրան վերագրվել են միջին ծանրության հանցանքներ:
Վերոգրյալի հիման վրա, Վերաքննիչ դատարանը եկել է հետևության, որ մեղադրյալ Հ.Չերքեզյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ հնարավոր է ապահովել նրա պատշաճ վարքագիծը, և բեկանել ու փոխոխել է Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի մարտի 16-ի որոշումը. մերժել է Հ.Չերքեզյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը 2 (երկու) ամիս ժամկետով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը և վերջինիս նկատմամբ կիրառել է Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը և գրավը՝ 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով9։
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 14-15-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ գնահատման ենթարկելով վարույթում առկա փաստերը, տեղեկությունները և նյութերը (քրեական վարույթը սկզբնական փուլում չի գտնվում, տևական ժամանակ կատարվել է քննություն, իրականացվել են բավականաչափ անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, մեղադրյալն արգելանքի տակ է գտնվում դեռևս 2023 թվականի հունվարի 20-ից, վերջինիս խնամքին են գտնվում երկու անչափահաս երեխաները, որոնցից մեկն ունի առողջական խնդիրներ, Հ.Չերքեզյանը նախկինում դատապարտված չի եղել, վերջինիս վերագրվել են միջին ծանրության հանցանքներ), իրավաչափ հետևության է հանգել Հ.Չերքեզյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը 2 (երկու) ամիս ժամկետով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելով։
18․ Հետևաբար, Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշումը՝ Հ.Չերքեզյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը 2 (երկու) ամիս ժամկետով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասով, իրավաչափ է։
19. Սույն վարույթով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշումը Հ.Չերքեզյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելքը և 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գրավը կիրառելու մասով։
20. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի համաձայն՝ «(…) 2. Սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները կարող է կիրառել միայն դատարանը: Դատական վարույթում դատարանն իրավասու է կիրառելու նաև սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները:
3. Մինչդատական վարույթում սույն օրենսգրքի 115-րդ հոդվածի 2-րդ մասի 3-8-րդ կետերով նախատեսված այլընտրանքային խափանման միջոցները կարող է կիրառել`
(...)
3) դատարանը` խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը լուծելիս (…)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի համաձայն՝ «1. Խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու միջնորդության քննության արդյունքով դատարանը կայացնում է հետևյալ երեք որոշումներից մեկը․
1) միջնորդությունը մերժելու մասին.
2) միջնորդությունը մասնակի բավարարելու մասին.
3) միջնորդությունն ամբողջությամբ բավարարելու մասին։
2. Դատարանը կայացնում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված որոշումը, եթե՝
(…)
3) հանգում է հետևության, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար միջնորդվող խափանման միջոցի կիրառման անհրաժեշտությունը բացակայում է, իսկ առավել մեղմ խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցության կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցը ենթակա է լուծման վարույթի համապատասխան հանրային մասնակիցների կողմից` իրենց իրավասության սահմաններում. (…)»։
21. Վճռաբեկ դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 122-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի 3-րդ կետի, 288-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 3-րդ մասի 1-ին կետի և 5-րդ մասի համադրված վերլուծության արդյունքում փաստել է, որ մինչդատական վարույթի ընթացքում կալանք կիրառելու կամ դրա ժամկետը երկարաձգելու միջնորդությունը քննելիս, դատարանը, գտնելով որ մեղադրյալի օրինական վարքագիծը հնարավոր է ապահովել այլընտրանքային խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառմամբ, իրավասու է կալանքի փոխարեն կիրառել այլընտրանքային խափանման միջոց կամ դրանց համակցություն միայն այն դեպքում, երբ այդպիսի խափանման միջոցի կամ խափանման միջոցների համակցված կիրառման դեպքում դրա մեջ ներառված խափանման միջոցներից առնվազն մեկի ընտրության լիազորությունը վերապահված է դատարանին։ Նման դեպքերում դատարանը քննիչի միջնորդությունը բավարարում է մասնակի և կիրառում համապատասխան խափանման միջոցը (օրինակ՝ տնային կալանք) կամ դրանց համակցությունը (օրինակ՝ տնային կալանք և գրավ)։ Իսկ այն դեպքերում, երբ դատարանը միջնորդության քննության արդյունքում գտնում է, որ մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովելու համար ոչ միայն միջնորդվող կալանքի, այլև իր իրավասությանը վերապահված խափանման միջոցի ընտրության անհրաժեշտությունը բացակայում է, ապա պետք է մերժի քննիչի միջնորդությունը՝ առավել մեղմ խափանման միջոցի կամ դրանց համակցության կիրառման հարցի լուծումը թողնելով վարույթի համապատասխան հանրային մասնակիցների հայեցողությանը10։
22․ Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Վերաքննիչ դատարանը, Հ.Չերքեզյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը 2 (երկու) ամիս ժամկետով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելով, նրա նկատմամբ համակցված կիրառել է Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք և 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գրավ խափանման միջոցները11։
23․ Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքը գնահատելով սույն որոշման 20-21-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո, Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ Վերաքննիչ դատարանը, հանգելով հետևության, որ մեղադրյալ Հ․Չերքեզյանի վարքագիծը հնարավոր է ապահովել ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցների կիրառմամբ, իրավասու չէր համակցված կիրառել բացակայելու արգելք և գրավ խափանման միջոցները, քանի որ դրանց կիրառման անհրաժեշտության և հնարավորության հարցի լուծումը դուրս է խափանման միջոցների դատական երաշխիքների շրջանակից։
24. Հետևաբար, Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշումը՝ Հ.Չերքեզյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք և 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գրավ կիրառելու մասով իրավաչափ չէ։
25. Ամփոփելով վերոշարադրյալը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Հ.Չերքեզյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի ժամկետը 2 (երկու) ամիս ժամկետով երկարաձգելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը մերժելու մասով, հիմնավոր է։ Միևնույն ժամանակ, Հ.Չերքեզյանի նկատմամբ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու արգելք և 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամի չափով գրավ կիրառելով, Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի՝ հիմք է Վերաքննիչ դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշումն այդ մասով բեկանելու համար:
Սակայն, հաշվի առնելով, որ սույն գործով մինչդատական վարույթն ավարտվել է, և Հ.Չերքեզյանի վերաբերյալ քրեական գործն ըստ էության քննության առնելու համար ուղարկվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, նախնական դատալսումների ընթացքում խափանման միջոցի վերաբերյալ կայացվել է որոշում, ինչպես նաև մեղադրյալի նկատմամբ կայացվել է դատավճիռ (գտնվում է բողոքարկման փուլում)12, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ բողոքարկված դատական ակտը չի կարող բեկանվել, քանի որ սույն որոշումը կայացնելու պահին այն կորցրել է իր իրավական նշանակությունը:
Հետևաբար, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը պետք է թողնել օրինական ուժի մեջ՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։
23. Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ և 171-րդ հոդվածներով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ 361-րդ, 363-րդ, և 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
Մեղադրյալ Հովհաննես Սարգսի Չերքեզյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թվականի ապրիլի 19-ի որոշումը թողնել անփոփոխ՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
_________________
1 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 74-75:
2 Տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 147-153:
3 Տե՛ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 53-62:
4 Տե՛ս www.datalex.am Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ԼԴ1/0021/01/23 քրեական գործը:
5 Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ի թիվ ՍԴՈ-1480 որոշումը։
6 Տե՛ս, մասնավորապես, Վճռաբեկ դատարանի` թիվ ՎԲ-132/07, ԱՎԴ/0022/06/08, ԼԴ/0197/06/08, ԵԿԴ/0580/06/09, ԵԿԴ/0678/06/10, ՏԴ/0052/06/14, ԵԱՔԴ/0386/06/15 և այլ գործերով կայացված որոշումները:
7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը։
8 Տե՛ս սույն որոշման 10-րդ կետը։
9 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը։
10 Տե՛ս Վճռաբեկ դատարանի՝ Արշակ Հակոբյանի գործով 2022 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ ԵԴ/1194/06/21 որոշումը։
11 Տե՛ս սույն որոշման 3-րդ և 11-րդ կետերը։
12 Տե՛ս սույն որոշման 12-րդ կետը։
|
Նախագահող` |
Հ. Ասատրյան |
|
Դատավորներ` |
Ս. Ավետիսյան Հ. Գրիգորյան |
|
Լ. Թադևոսյան Ա. ՊՈՂՈՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|