ՀՀ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾ ԹԻՎ ԱՎԴ2/0002/11/24 ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.05.12-2025.05.25 Պաշտոնական հրապարակման օրը 13.05.2025
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
17.01.2025
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
17.01.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ


Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի

ընդհանուր իրավասության դատարան,

նախագահող դատավոր՝ Ն. Բեգլարյան

ԱՎԴ2/0002/11/24

 

 

 

Հայաստանի Հանրապետության 

վերաքննիչ քրեական դատարան,

 

նախագահող դատավոր՝

 Ա. Բեկթաշյան

 

ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան),

 

նախագահությամբ`

Հ. Ասատրյանի

մասնակցությամբ դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

 

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լ. Թադևոսյանի

 

Ա. Պողոսյանի

17 հունվարի 2025 թվական

ք. Երևան

գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 12-ի որոշման դեմ Սարգիս Վրեժի Պողոսյանի հատուկ վերանայման վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Վարույթի դատավարական նախապատմությունը.

1. Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)՝ 2024 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ տուժող Սարգիս Պողոսյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ վարույթ հարուցելը մերժվել է։

2. Նշված որոշման դեմ Սարգիս Պողոսյանի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2024 թվականի մարտի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ:

3. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ Ս.Պողոսյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի` 2024 թվականի հունիսի 14-ի որոշմամբ ընդունվել է վարույթ և սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները և պահանջը.

4. Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանի կողմից թույլ է տրվել դատական սխալ՝ նյութական և դատավարական նորմերի էական խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Ըստ բողոքաբերի, մինչդատական ակտի վիճարկման վարույթ չհարուցելու արդյունքում թույլ է տրվել ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային փաստաթղթերով երաշխավորված՝ դատական պաշտպանության իրավունքի խախտում։ Բացի այդ, բողոքի հեղինակի կարծիքով, բողոքում բարձրացված հարցը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար:

Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանները խախտել են ՀՀ Սահմանադրության 61-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-րդ, 301-րդ հոդվածների պահանջները:

Բողոքաբերի պնդմամբ՝ մատնանշելով իր կողմից ներկայացված միջնորդության թերությունները, Առաջին ատյանի դատարանը, այն վերադարձնելու փոխարեն, կայացրել է մինչդատական ակտի վիճարկման վարույթ հարուցելը մերժելու մասին որոշում՝ խախտելով քրեադատավարական նորմերը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից։

5. Վերոգրյալի հիման վրա, բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական և իրավական հանգամանքները.

6. Առաջին ատյանի դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 2-ի որոշման համաձայն՝ «Բողոքի ուսումնասիրությունից երևում է, որ՝

1. Բողոքը չի պարունակում բողոքարկողի հայրանունը։

2. Բողոքը չի պարունակում Բողոքաբերի կողմից որպես բողոքարկվող վարութային ակտ մատնանշած՝ «ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ե.Թորոսյանի՝ 2022 թվականի մայիսի 31-ի թիվ 44172121 քրեական գործով «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումը»։

3. Բողոքին չի կցվել դրա պատճենը բողոքարկվող ակտը կայացրած՝ վարույթի հանրային մասնակցին (ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը) ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ։

(…) [Ա]րձանագրում եմ, որ Բողոքաբերի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված՝ մինչդատական ակտի դատական բողոքարկման վերաբերելի պայմանները։

Ամփոփելով ասվածը՝ գտնում եմ, որ քննարկվող բողոքի կապակցությամբ վարույթի հարուցումը ենթակա է մերժման (…)»1: 

7. Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, արձանագրել է հետևյալը. «(…) սույն վարույթի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Բողոքը չի պարունակում բողոքարկողի հայրանունը։

- Բողոքը չի պարունակում բողոքարկողի կողմից որպես բողոքարկվող վարութային ակտ մատնանշված՝ «ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ե.Թորոսյանի՝ 2022 թվականի մայյիսի 31-ի թիվ 44172121 քրեական գործով «Քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին» որոշումը»։

- Բողոքին չի կցվել դրա պատճենը բողոքարկվող ակտը կայացրած՝ վարույթի հանրային մասնակցին (ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությանը) ուղարկած լինելը հավաստող փաստաթուղթ։

Հաշվի առնելով վերոգրյալը, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ դիմող Սարգիս Պողոսյանի կողմից չեն պահպանվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված՝ մինչդատական ակտի դատական բողոքարկման վերաբերելի պայմանները։

Վերոգրյալի հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ (…) Առաջին ատյանի դատարանը դատական սխալ թույլ չի տվել, գործով, ըստ էության կայացրել է ճիշտ լուծող դատական ակտ, որը բեկանելու կամ փոփոխելու իրավաչափ հիմք չկա (…)»2:

8. Մինչև 2024 թվականի փետրվարի 6-ը գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ մինչդատական ակտի վերաբերյալ վարույթի հարուցումը դատարանը հիմնավորված մերժում էր, եթե պահպանված չէր նույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ։

 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված՝ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածը փոփոխվել է և լրացվել՝ հետևյալ բովանդակությամբ 11-ին և 1.2-րդ մասերով

«1.1 Եթե մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի, ապա համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ դատարանն այն վերադարձնում է բողոքը ներկայացրած անձին։ Դատարանի նշած ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է տրված դրա սկզբնական ներկայացման օրը։

 1.2. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է եռօրյա ժամկետում և անհապաղ ուղարկվում բողոքը ներկայացրած անձին»։

Վերը նշված փոփոխություններն ուժի մեջ են մտել 2024 թվականի փետրվարի 6-ին3։

 

Վճռաբեկ դատարանի հիմնավորումները և եզրահանգումը.

9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման կարգը սահմանող իրավակարգավորումների պայմաններում իրավաչա՞փ է արդյոք դիմող Սարգիս Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը պարունակում է՝

1) իրավասու դատարանի անվանումը.

2) բողոքարկողի անունը, հայրանունը, ազգանունը, ունենալու դեպքում` կարգավիճակը.

3) բողոքը դատարան ներկայացնելու տարին, ամիսը, օրը.

4) առկայության դեպքում` վարույթի համարը.

5) բողոքարկվող վարութային ակտը.

6) բողոքարկվող վարութային ակտի դատախազական բողոքարկման ընթացքը և արդյունքը.

7) սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարութային ակտերի բողոքարկման դեպքում` հիմնավորում այն մասին, որ դատաքննության ընթացքում տվյալ ակտի վիճարկումն անհնար է լինելու կամ բողոքարկողին ակնհայտորեն զրկելու է իր իրավաչափ շահերն արդյունավետ պաշտպանելու իրական հնարավորությունից.

8) բողոքի փաստարկները և պահանջը.

9) բողոքին կցվող նյութերի ցանկը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2024 թվականի փետրվարի 6-ից գործող խմբագրությամբ 302-րդ հոդվածի համաձայն՝ «11 Եթե մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի, ապա համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ դատարանն այն վերադարձնում է բողոքը ներկայացրած անձին։ Դատարանի նշած ժամկետում թերությունները վերացնելու և կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է տրված դրա սկզբնական ներկայացման օրը:

1.2. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է եռօրյա ժամկետում և անհապաղ ուղարկվում բողոքը ներկայացրած անձին:

2. Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ և 300-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջ, կամ երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին։ (...)»:

Բողոքարկված դատական ակտի բեկանման կամ փոփոխման հիմքերը սահմանող՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն՝ «1 Դատական վերանայման արդյունքով բողոքարկված դատական ակտը բեկանվում կամ փոփոխվում է, եթե`

(...)

4) առկա է որևէ փաստական կամ իրավական հանգամանք, որի հետևանքով բողոքարկվող դատական ակտը դարձել է ոչ իրավաչափ:

(...)

5. Բողոքարկվող դատական ակտը ոչ իրավաչափ դարձնող փաստական կամ իրավական հանգամանք է դատական ակտ կայացնելիս դատարանին և կողմերին անհայտ մնացած կամ դատական ակտը հրապարակելուց հետո առաջացած որևէ փաստ կամ ուժի մեջ մտած որևէ իրավական ակտ կամ արտահայտված որևէ իրավական դիրքորոշում: (...)»:

10. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ.

- Առաջին ատյանի դատարանը 2024 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ տուժող Ս.Պողոսյանի բողոքի հիման վրա մինչդատական ակտի վիճարկման վերաբերյալ վարույթ հարուցելը մերժել է4։

- Վկայակոչելով 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված և 2024 թվականի փետրվարի 6-ն ուժի մեջ մտած՝ ՀՀ քրեական դատավարության 302-րդ հոդվածի իրավակարգավորումները, ՍՊողոսյանը 2024 թվականի փետրվարի 21-ին հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։

- Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 12-ի որոշմամբ դիմող Ս.Պողոսյանի բողոքը մերժվել է՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնելով անփոփոխ5։

11. Նախորդ կետում մեջբերված փաստերը վերլուծելով սույն որոշման 9-րդ կետում վկայակոչված իրավակարգավորումների լույսի ներքո, հարկ է արձանագրել, որ թեև Առաջին ատյանի դատարանի որոշման կայացման պահին գործող խմբագրությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն՝ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցումը մերժելու հիմք էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որևէ պահանջի չպահպանումը, սակայն Վերաքննիչ դատարանի կողմից ՍՊողոսյանի վերաքննիչ բողոքը քննության առնելու պահին և ներկայումս գործող իրավակարգավորումների՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի 11-ին հոդվածի համաձայն, մինչդատական ակտի վերաբերյալ բողոքի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որևէ պահանջի անհամապատասխանությունը հիմք է համապատասխան թերությունները մատնանշելով և երեքից վեց օր ժամկետ տրամադրելով՝ բողոքը վերադարձնելու համար, որի վերաբերյալ բողոքաբերը համապատասխան փաստարկներ է ներկայացրել իր վերաքննիչ բողոքում։ Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, անտեսելով այն հանգամանքը, որ Առաջին ատյանի դատարանի բողոքարկվող դատական ակտը հրապարակելուց հետո ի հայտ է եկել այն ոչ իրավաչափ դարձնող իրավական հանգամանք, ղեկավարվելով Վերաքննիչ դատարանի վիճարկվող դատական ակտը կայացնելու պահին արդեն իսկ չգործող իրավակարգավորումներով, վերաքննիչ բողոքը մերժել է։

Հետևաբար Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման կարգը սահմանող իրավակարգավորումների պայմաններում, դիմող Սարգիս Պողոսյանի վերաքննիչ բողոքը մերժելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ։

13. Վերը նշվածի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, դատական ակտ կայացնելիս, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի խախտում, որն էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի հիման վրա, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու և վարույթն Առաջին ատյանի դատարան` նոր քննության փոխանցելու հիմք է: Նոր քննության ընթացքում, Առաջին ատյանի դատարանը պետք է մինչդատական ակտի վիճարկման վարույթի հարուցման հարցը քննարկի գործող իրավակարգավորումների համատեքստում։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361-363-րդ, 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի փետրվարի 2-ի որոշումը և այն անփոփոխ թողելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2024 թվականի մարտի 12-ի որոշումը բեկանել և վարույթը փոխանցել Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:

 

_________________________

1 Տե՛ս վարույթի նյութեր, թերթեր 18-19:

2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 4, թերթեր 78-79:

3 Տե՛ս 2024 թվականի հունվարի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասը։

4 Տե՛ս սույն որոշման 1-ին կետը։

5 Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը։

 

Նախագահող`

Հ. Ասատրյան

Դատավորներ`

Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Լ. ԹԱԴևՈՍՅԱՆ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ա. Պողոսյան

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 մայիսի 2025 թվական: